ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2016 թվականի |
թիվ 27 |
քաղ. Սանկտ Պետերբուրգ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքն օպտիմալացնելու նպատակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Խորհրդի նիստերը, որպես կանոն, անցկացվում են ամիսը մեկ անգամ, ամսվա երկրորդ ուրբաթ օրը։ Անհրաժեշտության դեպքում, Խորհրդի նիստից առաջ կարող են անցկացվել Խորհրդի նիստի օրակարգի հարցերով փորձագիտական խմբերի առերես նիստեր։».
բ) 31-րդ կետում «Խորհրդի նիստերին ուսումնասիրվում են» բառերը փոխարինել «Խորհուրդն ուսումնասիրում է» բառերով,
գ) 38-րդ և 39-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«38. Խորհրդի որոշումները ձևակերպվում են մեկ օրինակից (բացառությամբ տեսաժողովի ընթացքում և հեռակա քվեարկության միջոցով ընդունվող որոշումների) ձևաթղթերի վրա՝ Հանձնաժողովում ներքին փաստաթղթաշրջանառության կանոններով սահմանվող ձևով։
39. Խորհրդի որոշումն ստորագրվում է Խորհրդի անդամների կողմից նիստի ընթացքում։
Խորհրդի որոշումների հավելվածների վերջին էջերը վավերացվում են Խորհրդի նախագահի և Կոլեգիայի նախագահի ստորագրություններով։».
գ) II բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթաբաժնով՝
«7. Հեռակա քվեարկության միջոցով Խորհրդի ակտերի ընդունում
451. Խորհրդի ակտը կարող է ընդունվել առանց նիստեր անցկացնելու (Խորհրդի անդամների համատեղ ներկայության՝ օրակարգում ներառված հարցերի քննարկման և դրանց մասով քվեարկման համար)՝ հեռակա քվեարկության միջոցով։
452. Հարցերի ցանկը, որոնց մասով առաջարկվում է հեռակա քվեարկության միջոցով ընդունել Խորհրդի ակտեր, (այսուհետ՝ հեռակա քվեարկության համար նախատեսված ցանկ) կազմում է Կոլեգիայի նախագահը այն հարցերից, որոնց վերաբերյալ ակտերի նախագծերը հաստատվել են Կոլեգիայի կողմից և որոնց մասով բացակայում են Կոլեգիայի նիստերին ներկայացվող՝ անդամ պետությունների դիտողությունները։
453. Հեռակա քվեարկության միջոցով Խորհրդի ակտեր ընդունելու դեպքում դրանք ձևակերպվում են Խորհրդի անդամների թվին համապատասխանող օրինակների թվով։
454. Հեռակա քվեարկության արդյունքների ամփոփման օրվանից ոչ ուշ, քան 30 օրացուցային օր առաջ (նշելով ամսաթիվը) Կոլեգիայի նախագահը հեռակա քվեարկության համար նախատեսված ցանկն ուղարկում է Խորհրդի նախագահին և Խորհրդի անդամներին՝ կից ներկայացնելով Խորհրդի ակտերի նախագծերի օրինակները ու սույն կանոնակարգի 22-րդ կետին համապատասխան ձևակերպված փաստաթղթերի և նյութերի փաթեթները, ինչպես նաև Կոլեգիայի նիստին ներկայացված այն փաստաթղթերը, որոնք պարունակում են ուսումնասիրվող հարցի վերաբերյալ անդամ պետության դիրքորոշումը։ Խորհրդի ակտերի նախագծերի ուղարկվող բոլոր օրինակների, այդ թվում՝ հավելվածների յուրաքանչյուր էջի դարձերես մակագրվում է Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանման այն աշխատակցի կողմից, որը պատասխանատու է Հանձնաժողովի գործունեության կազմակերպական ապահովման համար։
455. Եթե մինչև հեռակա քվեարկության արդյունքների ամփոփման օրը Հանձնաժողովը Խորհրդի անդամներից առնվազն մեկի կողմից չի ստացել Խորհրդի ակտի ստորագրված օրինակ՝ հեռակա քվեարկության համար նախատեսված ցանկում ներառված հարցի վերաբերյալ, այդ ակտը համարվում է չընդունված։
456. Հեռակա քվեարկության ժամանակ Խորհրդի ակտի ստորագրումը չի թույլատրվում, եթե դրանում և (կամ) դրա հավելվածներում կատարվել են փոփոխություններ (լրացումներ, վերապահումներ, պայմաններ և այլն)։ Եթե Հանձնաժողովն ստացել է Խորհրդի ակտի թեկուզ մեկ ստորագրված օրինակ՝ դրանում և (կամ) դրա հավելվածներում կատարված փոփոխություններով (լրացումներով, վերապահումներով, պայմաններով և այլն), ապա այդ ակտը համարվում է չընդունված։
Հեռակա քվեարկության համար նախատեսված ցանկում ներառված հարցի վերաբերյալ, Խորհրդի ակտի նախագծի հետ կապված՝ Խորհրդի անդամի անհամաձայնության դեպքում համապատասխան անդամ պետության՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության լիազոր մարմինն առանց ստորագրելու վերադարձնում է Խորհրդի ակտի նախագիծը՝ կից ներկայացնելով դիտողություններ և առաջարկություններ։
457. Հեռակա քվեարկության միջոցով չընդունված ակտի ընդունման մասին հարցը ներառվում է Խորհրդի անցկացվելիք նիստի օրակարգում (առերես կամ տեսաժողովի միջոցով)։
458. Հեռակա քվեարկության միջոցով Խորհրդի ակտի ընդունման ամսաթիվը հեռակա քվեարկության արդյունքների ամփոփման ամսաթիվն է։
Այդպիսի ակտի ընդունման վայր համարվում է Հանձնաժողովի գտնվելու վայրը։
459. Հանձնաժողովը հեռակա քվեարկության արդյունքների ամփոփման օրվանից ոչ ուշ, քան 5 օրացուցային օրվա ընթացքում անդամ պետություններին տեղեկացնում է հեռակա քվեարկության արդյունքների մասին։»
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: