ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵԱՔԴ/0067/11/16 |
ԵԱՔԴ/0067/11/16 |
Նախագահող դատավոր՝ Գ. Մելիք-Սարգսյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. ԱՎԵՏԻՍյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
ա. պողոսՅԱՆԻ | |
Հ. Ասատրյանի | ||
ե. դԱՆԻԵԼյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
Մ. Պետրոսյանի | |
մասնակցությամբ` | ||
դիմողի ներկայացուցիչ |
Դ. Գյուրջյանի |
2017 թվականի ապրիլի 12-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի սեպտեմբերի 20-ի որոշման դեմ դիմող Վարտգեզ Լիվանի Գասպարիի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը
1. ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լ.Մելքոնյանի՝ 2016 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ Վարտգեզ Լիվանի Գասպարին թիվ 15804115 քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագով:
Նախաքննության մարմնի վերոհիշյալ որոշումը Վ.Գասպարիի պաշտպան Դ.Գյուրջյանը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազություն: ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Գ.Գևորգյանը 2016 թվականի մարտի 14-ի թիվ 12/12/1684 -16 գրությամբ հայտնել է պաշտպան Դ.Գյուրջյանին, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող թիվ 15804115 քրեական գործով Վ.Գասպարիին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ բողոքը մերժվել է` անհիմն լինելու պատճառաբանությամբ: Վերոհիշյալ գրությունը Դ.Գյուրջյանը ստացել է 2016 թվականի մարտի 17-ին:
2016 թվականի մայիսի 13-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել թիվ 15804115 քրեական գործով Վ.Գասպարիի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` հանցակազմի բացակայության հիմքով:
2. 2016 թվականի ապրիլի 21-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) է մուտքագրվել Վ.Գասպարիի պաշտպան Դ.Գյուրջյանի բողոքը՝ նախաքննության մարմնի՝ 2016 թվականի փետրվարի 1-ի՝ Վ.Գասպարիին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման, այդ որոշման դեմ բերված բողոքի կապակցությամբ դատախազության կողմից գրությամբ պատասխանելու դեմ:
Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հունիսի 27-ի որոշմամբ պաշտպան Դ.Գյուրջյանի բողոքը մերժվել է` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:
3. Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ որոշման դեմ Դ.Գյուրջյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2016 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ մերժվել է:
4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ դիմող Վարտգեզ Գասպարիի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի հունվարի 18-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
5. Վ.Գասպարիի պաշտպան Դ.Գյուրջյանի կողմից փոստային ծառայության միջոցով Առաջին ատյանի դատարան ուղարկված և դատարանի գրասենյակում 2016 թվականի ապրիլի 21-ին մուտքագրված բողոքի փոստային ծրարի դիմային երեսի վրա փոստային ծառայության որևէ կնիք (փոստային դրոշմ) առկա չէ: Նույն ծրարի դարձերեսին առկա է փոստային երկու դրոշմ, որոնցից մեկը պարունակում է նշում այն մասին, որ այն դրվել է 2016 թվականի ապրիլի 19-ին, իսկ մյուսը՝ 2016 թվականի ապրիլի 20-ին: Հիշյալ ծրարի դիմային երեսի վրա առկա է RR206284093AM համարով գծիկավոր կոդը (տե՛ս Նյութեր, թերթ 5):
6. Գործում առկա փոստային անդորրագրի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ RR206284093AM համարով գծիկավոր կոդը կրող փոստային ծրարը «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանն է հանձնվել 2016 թվականի ապրիլի 18-ին (տե՛ս Նյութեր, թերթ 107):
7. Առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ արձանագրել է. «(...) Դատական վարույթի նյութերի ուսումնասիրությունից պարզվում է, որ Դավիթ Գյուրջյանը դատախազի գրությունը ստացել է 17.03.2016 թվականին, հետևաբար այն բողոքարկելու ժամկետը վերջանում է 17.04.2016 թվականին, քանի որ ապրիլի 17-ը եղել է ոչ աշխատանքային օր /կիրակի/, ապա ժամկետի վերջին օրը հաշվվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ 18.04.2016 թվականը, այնինչ բողոքը փոստին է հանձնվել բողոքարկման ժամկետը լրանալուց հետո՝ 19.04.2016 թվականին:
(...)
(...) [Դ]ատարանն արձանագրում է, որ իրավասու չէ իրականացնել թիվ 15804115 քրեական գործով մեղադրյալ Վ.Գասպարիի պաշտպան Դ.Գյուրջյանի կողմից ներկայացված բողոքի ըստ էության քննություն և այն ենթակա է մերժման ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով որոշումները բողոքարկելու համար նախատեսված ժամկետը չպահպանելու հիմքով» (տե՛ս Նյութեր, թերթեր 48-50):
8. Վերաքննիչ բողոքում դիմողի ներկայացուցիչ Դ.Գյուրջյանը մասնավորապես նշել է հետևյալը. «Ըստ Դատարանի, բողոքը հանձնվել է փոստային ծառայությանը 19.04.2016թ., սակայն այս հանգամանքը չի համապատասխանում իրականությանը, ինչը հավաստվում է սույն բողոքին կից ներկայացվող (...) փոստային անդորրագրի պատճենով, որի վրա արտատպված է համապատասխան ծրարի (...) փոստային բաժանմունք հանձնելու օրը՝ 18.04.2016թ.:
(...) Դատարանը սխալ է հաշվարկել բողոքի ներկայացման ժամկետը՝ աղավաղելով փաստական հանգամանքները, արդյունքում խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ մասն ու 290-րդ հոդվածի 3-րդ մասը» (տե՛ս Նյութեր, թերթեր 57-60):
9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն. «(...) Սույն գործի ուսումնասիրությունից երևում է, որ պաշտպան Դավիթ Գյուրջյանը դատախազի գրությունն ստացել է 17.03.2016թ., հետևաբար այն բողոքարկելու ժամկետը վերջանում է 17.04.2016 թվականին, քանի որ ապրիլի 17-ը եղել է ոչ աշխատանքային օր /կիրակի/, ապա ժամկետի վերջին օրը հաշվվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը` 18.04.2016 թվականը, այնինչ բողոքը փոստին է հանձնվել բողոքարկման ժամկետը լրանալուց հետո` 19.04.2016 թվականին:
(...)
(...) Վերաքննիչ դատարանը եկավ հետևության, որ [Առաջին ատյանի] դատարանի (...) որոշումն օրինական և հիմնավորված է, ուստի այն բեկանելու և վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքեր չկան» (տե՛ս Նյութեր, թերթեր 87-92):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
10. Բողոքի հեղինակը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, հաստատելով Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հունիսի 27-ի դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը, թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որը հանգեցրել է գործով սխալ ելքի:
Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածը և 173-րդ հոդվածի 4-րդ մասը: Ի հիմնավորումն իր փաստարկների՝ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարան է ներկայացրել փոստային անդորրագրի պատճենը՝ որպես ապացույց այն բանի, որ Առաջին ատյանի դատարանին հասցեագրված բողոքը պարունակող ծրարը փոստային ծառայությանն է հանձնվել 2016 թվականի ապրիլի 18-ին: Չնայած դրան, Վերաքննիչ դատարանը մերժել է ներկայացված վերաքննիչ բողոքը՝ պատճառաբանելով, որ Առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ եզրահանգման առ այն, որ ծրարը փոստային ծառայությանն է հանձնվել 2016 թվականի ապրիլի 19-ին: Դրանով իսկ Վերաքննիչ դատարանը հանգել է գործով ձեռք բերված ապացույցի վրա չհիմնված սխալ հետևության:
11. Վճռաբեկ բողոքի հեղինակը գտնում է նաև, որ Վ.Գասպարիին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումն ակնհայտ ապօրինի է և չհիմնավորված: Մասնավորապես, նախաքննության մարմինը որպես Վ.Գասպարիի կողմից հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու հատկանիշներ պարունակող է գնահատել այնպիսի գործողություններ, որոնք Վ.Գասպարին կատարել է բացառապես իր՝ որպես դիտորդի լիազորությունների իրականացման շրջանակում: Բողոքաբերն ընդգծել է, որ Վ.Գասպարիին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման հիմնազուրկ և ապօրինի լինելու մասին է խոսում նաև այն, որ քրեական գործի վարույթն ի վերջո կարճվել է:
12. Վճռաբեկ բողոք բերած անձը նշել է նաև, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, նախաքննության մարմնի որոշման դեմ բերված բողոքին գրությամբ պատասխանելով, կայացված որոշումը չտրամադրելով և ըստ էության ստուգման չենթարկելով նախաքննության մարմնի որոշման օրինականությունը՝ խախտել է Վ.Գասպարիի պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը: Այդպիսով, դատախազությունը դրսևորել է ապօրինի անգործություն և փաստացի հրաժարվել իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով և 103-րդ հոդվածի 10-րդ մասով դրված պարտականության կատարումից:
13. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.09.2016թ. որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ նախաքննության մարմնի կայացրած որոշմամբ և այդ որոշման դեմ բերված բողոքի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության կողմից որոշում չկայացնելու և գրությամբ պատասխանելու (անգործության) արդյունքում թույլ տված Վ.Գասպարիի իրավունքների և ազատությունների խախտումը ճանաչելու և դատախազության անգործության մասով այդ խախտումը վերացնելու՝ դատախազության պարտականության մասին:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
14. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված են արդյո՞ք պաշտպան Դ.Գյուրջյանի բողոքը ժամկետանց գնահատելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն.
«1. [Ք]ննիչի, դատախազի, (…)` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:
(…)
3. Բողոքը կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան` այն մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել, բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից` մեկ ամսվա ընթացքում:
(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն.
«(…)
2. Ժամկետները հաշվելիս նկատի չեն առնվում այն ժամն ու օրը, որից սկսվում է ժամկետների ընթացքը:
3. (…) Ժամկետն ամիսներով կամ տարիներով հաշվելիս ժամկետը վերջանում է վերջին ամսվա համապատասխան օրը, իսկ եթե տվյալ ամիսը չունի համապատասխան թիվ, ժամկետը վերջանում է այդ ամսվա վերջին օրը: Եթե ժամկետի լրանալը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի վերջին օրը հաշվվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը: (…)
4. Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ, (…): Բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին հանձնելու ժամանակը որոշվում է փոստային դրոշմով (…):
(…)»:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը կապի կազմակերպությանը տրված փաստաթղթերը համարվում են ժամկետին տրված»:
Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը նախատեսելով անձի դատական պաշտպանության իրավունքը, միևնույն ժամանակ սահմանել է դրա իրականացման ժամանակային սահմանափակում: Ընդ որում, որպես նշված իրավունքի ապահովման երաշխիք՝ օրենսդիրը սահմանել է նաև հիշյալ սահմանափակման կիրառման հստակ կանոններ: Այսպես, դատական պաշտպանության դիմելու ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը, իսկ բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին հանձնելու ժամանակը որոշվում է փոստային դրոշմով:
Միևնույն ժամանակ, գործնականում կարող են առաջանալ իրավիճակներ, երբ փաստաթուղթը փոստին հանձնելու ժամանակը հնարավոր չէ որոշել փոստային դրոշմով (օրինակ՝ դրա բացակայության, անընթեռնելի լինելու և այլ դեպքերում): Նման պայմաններում վարույթն իրականացնող մարմինը, անձի իրավունքների պաշտպանության արդյունավետությունն ապահովելու նկատառումներից ելնելով, պարտավոր է այն պարզելուն ուղղված միջոցներ ձեռնարկել: Մասնավորապես, քննարկվող դեպքերում փաստաթուղթը փոստին հանձնելու օրը կարող է պարզվել փոստային անդորրագրի, «Հայփոստ» ՓԲԸ-ի կայքէջի, համապատասխան հարցում կատարելու և այլ միջոցներով:
16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վարտգեզ Գասպարիին որպես մեղադրյալ ներգրավելու մասին նախաքննության մարմնի՝ 2016 թվականի փետրվարի 1-ի որոշումը Վ.Գասպարիի պաշտպան Դ.Գյուրջյանը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազություն, որին ի պատասխան 2016 թվականի մարտի 14-ի գրությամբ նրան հայտնել են, որ Վ.Գասպարիին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ բողոքը մերժվել է` անհիմն լինելու պատճառաբանությամբ: Հիշյալ գրությունը Դ.Գյուրջյանը ստացել է 2016 թվականի մարտի 17-ին (տե՛ս սույն որոշման 1-ին կետը):
Փոստին հանձնելու միջոցով Դ.Գյուրջյանը բողոք է ուղարկել Առաջին ատյանի դատարան, որի գրասենյակում բողոքը մուտքագրվել է 2016 թվականի ապրիլի 21-ին (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը): Բողոքի փոստային ծրարի դիմային երեսի վրա փոստային ծառայության որևէ դրոշմ առկա չէ: Նույն ծրարի դարձերեսի վրա առկա է փոստային ծառայության երկու դրոշմ, որոնցից մեկը պարունակում է նշում այն մասին, որ այն դրվել է 2016 թվականի ապրիլի 19-ին, իսկ մյուսը՝ 2016 թվականի ապրիլի 20-ին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ արձանագրել է, որ Դ.Գյուրջյանը դատախազի գրությունը ստացել է 2016 թվականի մարտի 17-ին, հետևաբար այն բողոքարկելու ժամկետը վերջանում է նույն տարվա ապրիլի 17-ին, սակայն քանի որ ապրիլի 17-ը եղել է ոչ աշխատանքային օր, ժամկետի վերջին օրը դրան հաջորդող առաջին աշխատանքային օրն է՝ ապրիլի 18-ը, այնինչ բողոքը փոստին է հանձնվել ապրիլի 19-ին: Արդյունքում` Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել պաշտպան Դ.Գյուրջյանի բողոքը մերժելու մասին` բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 2-րդ և 7-րդ կետերը):
Հիշյալ որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքում Դ.Գյուրջյանը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի այն պնդումը, թե բողոքը հանձնվել է փոստային ծառայությանը 2016 թվականի ապրիլի 19-ին՝ իրականությանը չի համապատասխանում: Դ.Գյուրջյանը փաստարկել է, որ իր բողոքին կից ներկայացվող փոստային անդորրագրի պատճենով ապացուցվում է, որ բողոքը փոստային բաժանմունք է հանձնվել 2016 թվականի ապրիլի 18-ին (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Միևնույն ժամանակ Դ.Գյուրջյանը բողոքին կից ներկայացրել է փոստային անդորրագիր, որի համաձայն RR206284093AM համարով գծիկավոր կոդը կրող փոստային ծրարը «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանն է հանձնվել 2016 թվականի ապրիլի 18-ին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Վերաքննիչ դատարանն իր հերթին, որևէ անդրադարձ չկատարելով բողոքաբերի փաստարկներին, արձանագրել է, որ Դ.Գյուրջյանի բողոքը փոստին է հանձնվել բողոքարկման ժամկետը լրանալուց հետո` 2016 թվականի ապրիլի 19-ին: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը, կրկնելով Առաջին ատյանի դատարանի որոշման հիմնավորումները, գտել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական և հիմնավորված է, այն բեկանելու և վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքեր չկան (տե՛ս սույն որոշման 3-րդ և 9-րդ կետերը):
17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ փոստային ծրարի դիմային երեսին առհասարակ առկա չէ փոստային դրոշմ, այնինչ, փոստային բաժանմունք մուտքագրվող ծրարի հենց այդ հատվածում է դրվում առաքման ենթակա ծրարը փոստին հանձնվելու օրվա նշումով փոստային դրոշմը: Բողոքը փոստին հանձնելու ժամանակը արձանագրող փոստային դրոշմի բացակայության պայմաններում, այդ բողոքը փոստին հանձնելու ժամանակը պարզելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու փոխարեն Առաջին ատյանի դատարանը ծրարը փոստին հանձնելու ամսաթիվ է համարել ծրարի դարձերեսին առկա՝ ծրարը փոստային ծառայության բաշխիչ կենտրոն մուտքագրվելու դրոշմի ամսաթիվը՝ 2016 թվականի ապրիլի 19-ը: Արդյունքում` Առաջին ատյանի դատարանը Դ.Գյուրջյանի բողոքը համարել է ժամկետանց (1 օր ուշ փոստին հանձնված) և քննարկման առարկա չի դարձրել բողոքում բերված հիմքերն ու հիմնավորումները:
Ի տարբերություն Առաջին ատյանի դատարանի՝ Վերաքննիչ դատարանն իր տիրապետության տակ ունեցել է Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքի պարունակությամբ ծրարը 2016 թվականի ապրիլի 18-ին փոստային ծառայությանը հանձնված լինելու մասին ապացույց, այն է՝ համապատասխան փոստային անդորրագիրը, սակայն անտեսելով դա՝ ոչ իրավաչափ հետևություն է արել բողոքը ժամկետանց լինելու մասին, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը:
Ավելին՝ ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ ժամկետները հաշվելիս նկատի չի առնվում այն օրը, որից սկսվում է ժամկետների ընթացքը, որի հետևանքով եկել են սխալ եզրահանգման առ այն, որ բողոքարկման ժամկետի վերջին օրը ապրիլի 17-ն է, սակայն այն ոչ աշխտանքային օր լինելու պատճառով բողոք բերելու վերջին օր պետք է դիտարկել ապրիլի 18-ը: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում բողոք բերելու վերջնաժամկետը լրացել է 2016 թվականի ապրիլի 18-ին, այլ ոչ թե 17-ին:
18. Սույն որոշման 16-17-րդ կետերում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-րդ կետում մեջբերված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պաշտպան Դ.Գյուրջյանի բողոքը ժամկետանց գնահատելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:
Արդյունքում՝ ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի խախտում:
Նկատի ունենալով, որ Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից Դ.Գյուրջյանի բողոքն ըստ էության քննարկման առարկա չի դարձվել՝ Վճռաբեկ դատարանն իրավասու չէ անդրադառնալ բողոքաբերի մնացած փաստարկներին (տե՛ս սույն որոշման 11-12-րդ կետերը):
Սույն գործով ստորադաս դատարանների կողմից թույլ տրված քրեադատավարական օրենքի խախտումն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների համաձայն, հիմք է Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի որոշումները բեկանելու և գործը Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության ուղարկելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմող Վարտգեզ Լիվանի Գասպարիի վերաբերյալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հունիսի 27-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի սեպտեմբերի 20-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Ավետիսյան Դատավորներ` Ե. Դանիելյան Ս. Օհանյան
Ա. Պողոսյան
Հ. Ասատրյան
Լ. Թադևոսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|