ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2017 թվականի N 1267-Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանված պաշարների և արտադրված ածխաթթու գազի հաշվառման նպատակով ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի, գազաչափերի տեղադրման և կնքման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանված պաշարների և արտադրված ածխաթթու գազի ծավալների վերաբերյալ տվյալների արձանագրման կարգը և ժամկետները` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի N 97-Ն որոշմամբ սահմանված կարգով տեղադրված ու կնքված ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերը, գազաչափերը կարող են շահագործվել առանց վերակնքման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հոկտեմբերի 16 Երևան |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԱԾԽԱԹԹՈՒ ԳԱԶԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐԱՀԱՇՎԻՉ (ՋՐԱՉԱՓԻՉ) ՍԱՐՔԵՐԻ, ԳԱԶԱՉԱՓԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԿՆՔՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանված պաշարների և արտադրված ածխաթթու գազի հաշվառման նպատակով ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի, գազաչափերի տեղադրման և կնքման հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանում իրականացնող (այդ թվում` արտադրված ածխաթթու գազի համար) ընդերքօգտագործողները (այսուհետ` արդյունահանողներ) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների հաշվառումը վարում են սույն կարգին համապատասխան տեղադրված և կնքված ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերով և գազաչափերով: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի և գազաչափերի կնքման համար լիազոր պետական մարմիններն են հարկային մարմինը և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):
3. Հանքային ջրերի հանքավայրերի շահագործումն իրականացվում է հորատանցքերի և աղբյուրների ջրառների միջոցով:
4. Հորատանցքերով հանքային ջրերի հանքավայրերի շահագործումը, ելնելով հանքավայրի կոնդիցիոն չափորոշիչներից, ջրի ու անջատվող ածխաթթու գազի հարաբերակցությունից և օգտագործման նպատակից, կարող է իրականացվել գազանջատիչով (այսուհետ` գազանջատիչ) և առանց գազանջատիչի:
5. Գազանջատիչը տեղադրվում է հորատանցքի մոտ, տեխնոլոգիական գործընթացով պայմանավորված՝ տեխնոլոգիապես հնարավոր ամենամոտ հատվածում: Գազանջատիչից մինչև հորատանցքն ընկած հատվածում, բացի միացման խողովակից, որևէ այլ խողովակի առկայությունը կամ որևէ այլ խողովակի միացման հնարավորությունը պետք է բացառվի:
6. Հանքային ջրի հորատանցքը կամ աղբյուրը միայն մեկ նպատակով շահագործելիս` արդյունահանողն անմիջապես հորատանցքից կամ աղբյուրի ջրառի խողովակից կամ գազանջատիչից դուրս եկող ջրախողովակով (այսուհետ` առաջնային խողովակ) արտամղվող հանքային ջրի ծավալը հաշվառում է ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքի (այսուհետ` առաջնային ջրաչափ) ցուցմունքով: Ընդ որում`
1) առաջնային ջրաչափը պետք է տեղադրված լինի առաջնային խողովակի վրա, աղբյուրի ջրառ կառույցից կամ հորատանցքից կամ գազանջատիչից հետո տեխնոլոգիական գործընթացով պայմանավորված` տեխնոլոգիապես հնարավոր այն ամենամոտ հատվածում, որպեսզի հնարավոր լինի չափել առաջնային խողովակով արտամղվող հանքային ջրի ամբողջ ծավալը.
2) աղբյուրի ջրառ կառույցից կամ հորատանցքից կամ գազանջատիչից հետո մինչև առաջնային ջրաչափն ընկած հատվածում պետք է բացառվի առաջնային խողովակին միացված որևէ խողովակի առկայությունը կամ առաջնային խողովակին որևէ խողովակի միացման հնարավորությունը.
3) առաջնային ջրաչափը պետք է տեղադրված լինի առաջնային խողովակի տեսանելի հատվածում և պետք է լինի հասանելի` դրա կնքման և առաջնային խողովակով արտամղված ջրի ծավալների արձանագրման համար:
7. Հանքային ջրի հորատանցքը (աղբյուրը) միաժամանակ մեկից ավելի նպատակներով շահագործելիս արդյունահանողը սույն կարգի 6-րդ կետին համապատասխան տեղադրված առաջնային ջրաչափից հետո առաջնային խողովակին միացված հանքային ջրի արդյունահանման յուրաքանչյուր նպատակի համար առանձնացված խողովակով (այսուհետ` առանձնացված խողովակ) արտամղվող հանքային ջրի ծավալը հաշվառում է ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքի (այսուհետ` առանձնացված ջրաչափ) ցուցմունքով: Ընդ որում`
1) առանձնացված ջրաչափը պետք է տեղադրված լինի առաջնային ջրաչափից հետո, առաջնային խողովակին միացված յուրաքանչյուր առանձնացված խողովակի վրա, տեխնոլոգիական գործընթացով պայմանավորված` առանձնացված խողովակի միացման տեղին տեխնոլոգիապես հնարավոր ամենամոտ այն հատվածում, որ հնարավոր լինի չափել առանձնացված խողովակով արտամղվող հանքային ջրի ամբողջ ծավալը.
2) առաջնային ջրաչափից մինչև խողովակների առանձնացման տեղը (հանգույցը) կամ մինչև առաջին առանձնացված խողովակն ընկած հատվածում կամ առանձնացված խողովակների միջև ընկած հատվածներում պետք է բացառվի առաջնային կամ առանձնացված խողովակին միացված որևէ (առանց սույն կարգին համապատասխան ջրաչափի) խողովակի առկայությունը կամ առաջնային կամ առանձնացված խողովակին որևէ խողովակի միացման հնարավորությունը.
3) խողովակների առանձնացման տեղից (հանգույցից) կամ յուրաքանչյուր առանձնացված խողովակի միացման տեղից մինչև առանձնացված ջրաչափն ընկած հատվածում պետք է բացառվի առաջնային կամ առանձնացված խողովակին միացված որևէ (առանց սույն կարգին համապատասխան ջրաչափի) խողովակի առկայությունը, ինչպես նաև առաջնային կամ առանձնացված խողովակներին որևէ խողովակի միացման հնարավորությունը.
4) առանձնացված ջրաչափերը պետք է տեղադրված լինեն խողովակների տեսանելի հատվածներում և լինեն հասանելի դրանց կնքման ու առանձնացված խողովակներով արտամղված ջրի ծավալների արձանագրման համար:
8. Ածխաթթու գազ ստանալու նպատակով գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի (խողովակների) վրա ածխաթթու գազ ստանալու սարք (սարքեր) տեղադրված կամ միացված լինելու դեպքում արդյունահանողը գազանջատիչից դուրս եկող յուրաքանչյուր գազի խողովակով արտամղվող ածխաթթու գազի ծավալը հաշվառում է գազաչափով: Ընդ որում`
1) գազանջատիչից դուրս եկող յուրաքանչյուր գազի խողովակի վրա գազաչափը պետք է տեղադրված լինի գազանջատիչից հետո մինչև ածխաթթու գազ ստանալու սարքն ընկած` տեխնոլոգիական գործընթացով պայմանավորված` տեխնոլոգիապես հնարավոր ամենամոտ այն հատվածում, որպեսզի հնարավոր լինի չափել գազ ստանալու յուրաքանչյուր խողովակով արտամղված ածխաթթու գազի ամբողջ ծավալը.
2) գազանջատիչից հետո մինչև գազաչափն ընկած հատվածում պետք է բացառվի գազի խողովակին միացված որևէ խողովակի առկայությունը կամ որևէ խողովակի միացման հնարավորությունը.
3) գազաչափը պետք է տեղադրված լինի խողովակի տեսանելի հատվածում և պետք է լինի հասանելի դրա կնքման ու գազի խողովակով արտամղվող ածխաթթու գազի ծավալների արձանագրման համար:
9. Եթե հանքային ջրի հորատանցքի (աղբյուրի) տեխնիկական պայմանների ապահովման համար նախատեսված է ջրահեռացում, ապա յուրաքանչյուր ջրահեռացման խողովակի վրա պետք է տեղադրված լինի ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարք (այսուհետ` տեխնիկական ջրաչափ):
10. Տեղադրվող (տեղադրված) առաջնային, առանձնացված և տեխնիկական ջրաչափերի և գազաչափերի (այսուհետ` նաև չափման միջոցներ) միացումներն ու չափերը պետք է համապատասխանեն տեխնոլոգիական փուլերի առանձնահատկություններին: Չափման միջոցները պետք է ունենան օրենքով սահմանված կարգով ստուգաչափման (չափագիտական վկայագրման) դրական արդյունքներ, որոնք պետք է վավերացված լինեն ստուգաչափման դրոշմի արտատիպով չափման միջոցի վրա և (կամ) անձնագրի վրա և (կամ) պետք է տրված լինի ստուգաչափման մասին վկայական:
11. Տեղադրվող չափման միջոցները պետք է կապարակնքվեն լիազոր մարմնում արդյունահանողի գրավոր դիմումի մուտքագրմանը հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում: Տեղադրված չափման միջոցները պետք է պարտադիր կնքված լինեն հարկային և լիազոր մարմնի կողմից: Չափման միջոցները հարկային մարմնի կողմից կնքվում են օրենքով սահմանված կապարակնքման կարգով նախատեսված կապարակնիքներով, իսկ լիազոր մարմնի կողմից` օրենքով սահմանված կարգով բնօգտագործման փաստացի ծավալները գրանցող սարքերի և սարքավորումների ցուցմունքները փաստելու դեպքում սահմանված ձևի կապարակնիքներով: Հարկային կամ լիազոր մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձին հատկացվում է անհատական կապարակնիք:
12. Կապարակնքումն իրականացվում է չափման միջոց մուտք գործող և դուրս եկող խողովակների, ինչպես նաև չափման միջոցի վրա երկտակ փաթաթվող և պինդ ձգված վիճակում իրար միացող մետաղալարի (կամ համարժեք լարի, ժապավենի) երկու ծայրերի հանգուցատեղում կապարակնիքով կապարադրոշմելու միջոցով` այնպես, որ չափման միջոցն ապամոնտաժելիս կապարակնիքը խախտվի (պոկվի, վնասվի): Կապարակնքումն իրականացվում է արդյունահանողի (կազմակերպության դեպքում` գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի) կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ: Արդյունահանողի (կազմակերպության դեպքում` գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի) կամ նրա ներկայացուցչի` կապարակնքմանը ներկա լինելուց հրաժարվելու դեպքում կազմվում է կապարակնքմանը ներկա լինելուց հրաժարվելու մասին արձանագրություն, և կապարակնքումն իրականացվում է առանց արդյունահանողի (կազմակերպության դեպքում` գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի) կամ նրա ներկայացուցչի ներկայության: Կապարակնքումն ավարտելու պահին հարկային և համապատասխան լիազոր մարմնի պաշտոնատար անձինք կազմում են կապարակնքման մասին ակտ, որտեղ նշում են`
1) կապարակնքումն իրականացնող պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, կապարակնքման իրավասությունն ստանալու հրամանի (կարգադրության) համարը, ամսաթիվը, կապարակնքման օրը, ժամը, վայրը և կապարակնիքների համարները.
2) ջրաչափը կապարակնքելու դեպքում` դրա առաջնային ջրաչափ կամ առանձնացված ջրաչափ կամ տեխնիկական ջրաչափ հանդիսանալը.
3) առաջնային կամ տեխնիկական ջրաչափ կապարակնքելու դեպքում` դրա հեռավորությունը գազանջատիչից և տեղադրված ջրաչափի բարձրությունը հողի մակերևույթից.
4) առանձնացված ջրաչափը կապարակնքելու դեպքում` հանքային ջրի արդյունահանման նպատակը, ջրաչափի հեռավորությունն առանձնացված խողովակի և առաջնային խողովակի միացման տեղից և տեղադրված ջրահաշվիչի բարձրությունը հողի մակերևույթից.
5) գազաչափը կապարակնքելու դեպքում` տեղադրված գազաչափի հեռավորությունը` ինչպես գազանջատիչից, այնպես էլ ածխաթթու գազ ստանալու սարքից, տեղադրված գազաչափի բարձրությունը հողի մակերևույթից.
6) կապարակնքվող չափման միջոցի ստուգաչափման մասին վկայականի տվյալներով չափման միջոցի անվանումը, գործարանային համարը, տեսակը, չափման տիրույթը, ճշտության դասը, կարգը (սխալանքը) և արտադրողը.
7) կապարակնքման պահին չափման միջոցի հաշվառքի ցուցիչի տվյալները` համապատասխան չափման միավորներով.
8) արդյունահանողի (կազմակերպության դեպքում` գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի) կամ նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, բնակության վայրը, պաշտոնը:
13. Կապարակնքման մասին ակտն ստորագրվում է կապարակնքումն իրականացնող պաշտոնատար անձանց և արդյունահանողի (կազմակերպության դեպքում` գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի) կամ նրա ներկայացուցչի կողմից: Կապարակնքման մասին ակտը կազմվում է երեք օրինակից, որի մեկ օրինակը տրվում է արդյունահանողին (կազմակերպության դեպքում` գործադիր մարմնի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին) կամ նրա ներկայացուցչին, որը պարտավոր է ապահովել կապարակնիքների պահպանությունը: Կապարակնքման մասին ակտի մեկ օրինակը պահվում է հարկային մարմնում, մյուս օրինակը` լիազոր մարմնում: Արդյունահանողի (կազմակերպության դեպքում` գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի) կամ նրա ներկայացուցչի` կապարակնքման մասին ակտն ստորագրելուց հրաժարվելու դեպքում կապարակնքման մասին ակտում դրա վերաբերյալ կատարվում է համապատասխան նշում, և կապարակնքման մասին ակտի մեկ օրինակն արդյունահանողին է ուղարկվում պատվիրված նամակով` ակտը կազմելու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում: Ստուգաճշտման լաբորատորիայի կողմից տրված ստուգաճշտման վկայականի հիման վրա հարկային և լիազոր մարմնի կողմից արդյունահանողի տեղադրած չափման միջոցը կապարակնքվում է: Ստուգաճշտման լաբորատորիայի կողմից չափման միջոցը հետագա օգտագործման համար ոչ պիտանի լինելու մասին ծանուցագիր տրված լինելու դեպքում արդյունահանողը կապարակնքման համար տեղադրում է սույն կարգի 10-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխանող չափման միջոց, որը կապարակնքվում է հարկային և լիազոր մարմնի կողմից՝ սույն կարգին համապատասխան:
14. Ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանված պաշարների և արտադրված ածխաթթու գազի հաշվառումը սույն կարգով սահմանված պահանջների խախտումներով վարելն օրենսգրքի 216-րդ հոդվածի իմաստով համարվում է բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների հաշվառման կարգի խախտում:
15. Կապարակնքված չափման միջոցների կապարադրոշմները կարող են պոկվել`
1) սույն կարգին համապատասխան` հարկային կամ լիազոր մարմնի կողմից չափման միջոցի տվյալների արձանագրման ժամանակ կապարակնիքի (կապարակնիքների) խախտման արձանագրման դեպքում` հարկային կամ լիազոր մարմնի նախաձեռնությամբ.
2) արդյունահանողի նախաձեռնությամբ` տեխնոլոգիական գործընթացով պայմանավորված` վթարների կամ վերամիացումների կամ վերանորոգումների ժամանակ.
3) չափման միջոցի աշխատանքի ճշտության վերաբերյալ արդյունահանողի մոտ կամ հարկային կամ լիազոր մարմնում կասկած առաջանալու (այդ թվում` սույն որոշմանը համապատասխան չափման միջոցների արձանագրված տվյալների արդյունքում հաշվառքի ցուցմունքից բխող` չափման միջոցի կասկածելի հաշվեկշռի) դեպքում, նրանց նախաձեռնությամբ` օրենքով սահմանված կարգով չափման միջոցն ստուգաճշտման ներկայացնելու նպատակով.
4) արդյունահանողի նախաձեռնությամբ` օրենքով սահմանված կարգով պետական չափագիտական հսկողության համար սահմանված միջստուգաչափական ժամանակամիջոցում չափման միջոցն ստուգաչափման ներկայացնելու նպատակով.
5) արդյունահանողի կամքից անկախ՝ առանց որևէ մեկի միջամտության, արտակարգ իրավիճակների (մասնավորապես` երկրաշարժ, ջրհեղեղ, սողանքներ, պտտահողմեր և այլն), կապարակնիքի մետաղալարի կոռոզիայի դեպքերում:
16. Սույն կարգի 15-րդ կետով նախատեսված դեպքերում կազմվում են ապակապարակնքման մասին ակտեր երեք օրինակից, որտեղ նշվում են սույն կարգի 12-րդ կետում նշված տեղեկությունները: Ակտի մեկ օրինակը պահվում է հարկային մարմնում, մեկ օրինակը` լիազոր մարմնում, իսկ մյուս օրինակը տրվում է արդյունահանողին: Ընդ որում`
1) սույն կարգի 15-րդ կետի 1-ին և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում կապարակնքումը կատարվում է կապարադրոշմը (պահպանված լինելու դեպքում) պոկելուց կամ արտակարգ իրավիճակների հետևանքների վերացումից անմիջապես հետո.
2) սույն կարգի 15-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում արդյունահանողի կողմից հարկային և լիազոր մարմին ներկայացված դիմումների հիման վրա` տեխնոլոգիական գործընթացով պայմանավորված վերամիացումների կամ վերանորոգումների դեպքում` եռօրյա, իսկ վթարների դեպքում` մեկօրյա ժամկետում հարկային և լիազոր մարմնի` կապարակնքում իրականացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց կողմից համատեղ արդյունահանողի (կազմակերպության դեպքում` գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի) կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ պոկվում է կապարադրոշմը` դրա մասին երեք օրինակից կազմելով ապակապարակնքման մասին ակտ, որում սույն կարգի 12-րդ կետում նշված տեղեկություններից բացի` նշվում է նաև չափման միջոցը կապարակնքման ներկայացնելու վերջնական ժամկետը.
3) սույն կարգի 15-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում, երբ կապարադրոշմները նախատեսվում է պոկել հարկային կամ լիազոր մարմնի նախաձեռնությամբ`
ա. հարկային կամ լիազոր մարմնի նախաձեռնության մասին պաշտոնապես ծանուցվելու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում հարկային և լիազոր մարմնի` կապարակնքում իրականացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց կողմից համատեղ պոկվում են կապարադրոշմները, երեք օրինակից կազմելով ապակապարակնքման մասին ակտ, որտեղ նշվում են սույն կարգի 12-րդ կետում նշված տեղեկությունները,
բ. արդյունահանողի բնականոն աշխատանքը չընդհատելու նպատակով հարկային կամ լիազոր մարմնի (նախաձեռնողի) կողմից արդյունահանողին ժամանակավոր օգտագործման համար տրամադրվում է օրենքով սահմանված կարգով ստուգաչափման (չափագիտական վկայագրման) դրական արդյունքներ ունեցող չափման միջոց, իսկ արդյունահանողին առաջարկվում է ապակապարակնքված չափման միջոցը ներկայացնել ստուգաճշտման,
գ. եթե արդյունահանողը (կազմակերպության դեպքում` գործադիր մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը) կամ նրա ներկայացուցիչը հրաժարվում է ստորագրել ապակապարակնքման ակտը կամ չափման միջոցը ներկայացնել ստուգաճշտման, ապա չափման միջոցն օրենքով սահմանված կարգով վերցվում է հարկային կամ լիազոր մարմնի կողմից` ստուգաճշտման ներկայացնելու նպատակով՝ կազմելով համապատասխան արձանագրություն երեք օրինակից, որում նշվում է դրանց վերադարձման ժամկետը: Արձանագրության մեկ օրինակը պահվում է հարկային մարմնում, մյուս օրինակը` լիազոր մարմնում: Արձանագրության մեկ օրինակն ապակապարակնքման ակտի մեկ օրինակի հետ միասին տրվում է արդյունահանողի (կազմակերպության դեպքում` գործադիր մարմնի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին) կամ նրա ներկայացուցչին: Ապակապարակնքման ակտերը և արձանագրությունները արդյունահանողի (կազմակերպության դեպքում` գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի) կամ նրա ներկայացուցչի կողմից ստորագրումից հրաժարվելու դեպքում դրա մասին ակտում և արձանագրությունում կատարվում են համապատասխան նշումներ և արդյունահանողին են ուղարկվում պատվիրված նամակով,
դ. ստուգաճշտման լաբորատորիայի կողմից տրված ստուգաճշտման վկայականի հիման վրա հարկային և լիազոր մարմնի կողմից համատեղ արդյունահանողի տեղադրած չափման միջոցը կապարակնքվում է: Ստուգաճշտման լաբորատորիայի կողմից չափման միջոցը հետագա օգտագործման համար ոչ պիտանի լինելու մասին ծանուցագիր տրված լինելու դեպքում արդյունահանողը կապարակնքման համար տեղադրում է սույն կարգի 10-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխանող չափման միջոց, որը սույն կարգին համապատասխան` հարկային և լիազոր մարմնի կողմից համատեղ կապարակնքվում է.
4) սույն կարգի 15-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում, երբ կապարադրոշմները պետք է պոկվեն արդյունահանողի նախաձեռնությամբ, ապա այն կատարվում է միայն արդյունահանողի կողմից օրենքով սահմանված կարգով ստուգաչափման (չափագիտական վկայագրման) դրական արդյունքներ ունեցող չափման միջոց տեղադրելու և կնքման ներկայացնելու դեպքում.
5) սույն կարգի 15-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքում արդյունահանողի կողմից հարկային և լիազոր մարմին ներկայացված դիմումների հիման վրա դրանց ստացմանը հաջորդող տասնօրյա ժամկետում հարկային և լիազոր մարմնի` կապարակնքում իրականացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց կողմից համատեղ պոկվում են կապարադրոշմները` դրա մասին երեք օրինակից կազմելով ապակապարակնքման ակտ, եթե հաշվառման գործընթացը չընդհատելու նպատակով արդյունահանողը տեղադրում է օրենքով սահմանված կարգով ստուգաչափման (չափագիտական վկայագրման) դրական արդյունքներ ունեցող չափման միջոց, որը հարկային և լիազոր մարմնի կողմից համատեղ կապարակնքվում է սույն կարգին համապատասխան: Ստուգաճշտման լաբորատորիայի կողմից տրված ստուգաճշտման վկայականի հիման վրա հարկային և լիազոր մարմնի կողմից համատեղ արդյունահանողի տեղադրած չափման միջոցը կապարակնքվում է: Ստուգաճշտման լաբորատորիայի կողմից չափման միջոցը հետագա օգտագործման համար ոչ պիտանի լինելու մասին ծանուցագիր տրված լինելու դեպքում արդյունահանողը կապարակնքման համար տեղադրում է սույն կարգի 10-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխանող չափման միջոց, որը հարկային և լիազոր մարմնի կողմից համատեղ կապարակնքվում է սույն կարգին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 2 |
ԿԱՐԳ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐ
ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԱԾԽԱԹԹՈՒ ԳԱԶԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանված պաշարների և արտադրված ածխաթթու գազի ծավալների վերաբերյալ տվյալների արձանագրման հետ կապված հարաբերությունները:
2. Հարկային մարմնի և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (այսուհետ` լիազոր մարմնի) կողմից ստորերկրյա հանքային ջրի և արտադրված ածխաթթու գազի ծավալների` հաշվիչ (չափիչ) սարքերի տվյալները կարող են արձանագրվել`
1) յուրաքանչյուր հաշվետու ամսվա կտրվածքով` տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը, հաշվետու եռամսյակի կտրվածքով` տվյալ եռամսյակի վերջին աշխատանքային օրը, հաշվետու տարվա կտրվածքով` տվյալ տարվա վերջին աշխատանքային օրը.
2) բնօգտագործման վճարի հաշվարկման բազայի չափաքանակների (սահմանափակումների) ստուգումների ընթացքում.
3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով իրականացվող համալիր հարկային ստուգումների և չափագրումների ընթացքում:
3. Հարկային կամ լիազոր մարմնի կողմից սույն կարգի 2-րդ կետում նշված դեպքերում ու ժամկետներում արձանագրվում են`
1) արդյունահանողի կողմից առաջնային, առանձնացված և տեխնիկական խողովակների վրա տեղադրված առաջնային, առանձնացված և տեխնիկական ջրաչափերի տվյալները.
2) գազի խողովակի (խողովակների) վրա ածխաթթու գազ ստանալու սարք (սարքեր) տեղադրված կամ միացված լինելու դեպքում` տեղադրված գազաչափի (գազաչափերի) տվյալները:
4. Արդյունահանողը պարտավոր է ապահովել հարկային կամ լիազոր մարմնի պաշտոնատար անձանց անարգել հասանելիությունը (ծառայողական վկայականի առկայության դեպքում) ջրաչափերին և (կամ) գազաչափերին, բոլոր սարքերին, կառուցվածքներին, որոնք տեղադրված են արդյունահանողի տարածքում կամ նրա սեփականությունն են: Հարկային կամ լիազոր մարմնի կողմից ջրաչափի և (կամ) գազաչափի տվյալներն արձանագրվում են արդյունահանողի աշխատանքային օրերին և ժամերին` առանց խոչընդոտելու նրա բնականոն աշխատանքը:
5. Հարկային կամ լիազոր մարմնի պաշտոնատար անձը (անձինք) ջրաչափերի և գազաչափերի տվյալներն արձանագրում են արդյունահանողի (կազմակերպության դեպքում` գործադիր մարմնի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին) կամ նրա ներկայացուցչի հետ կազմվող համատեղ ակտով` երեք օրինակից: Ակտում արձանագրվում են`
1) տվյալներն արձանագրող յուրաքանչյուր պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, տվյալների արձանագրման օրը, ժամը, վայրը.
2) առաջնային, առանձնացված և տեխնիկական ջրաչափերի կապարակնիքների համարները, վերջին կապարակնքման օրը, ժամը, կապարադրոշմների խախտված լինելը կամ չլինելը.
3) տվյալների արձանագրման պահին ջրաչափերի կամ գազաչափերի հաշվառքի ցուցիչների տվյալները` համապատասխան չափման միավորներով.
4) արդյունահանողի (կազմակերպության դեպքում` գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի) կամ նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը:
6. Համատեղ ակտն ստորագրվում է տվյալներն արձանագրող պաշտոնատար անձի (անձանց) ու արդյունահանողի (կազմակերպության դեպքում` գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի) կամ նրա ներկայացուցչի կողմից և կնիքի առկայության դեպքում կնքվում է: Ակտի մեկ օրինակը տրվում է արդյունահանողին, իսկ տվյալների արձանագրման մասին ակտն ստորագրելուց հրաժարվելու դեպքում ակտում դրա մասին կատարվում է համապատասխան նշում, և ակտի մեկ օրինակն արդյունահանողին է ուղարկվում պատվիրված նամակով: Տվյալները լիազոր մարմնի կողմից ակտում արձանագրվելու դեպքում ակտի մեկ օրինակը պահպանվում է լիազոր մարմնում, իսկ մյուս օրինակը տրամադրվում է հարկային մարմնին: Տվյալները հարկային մարմնի կողմից արձանագրվելու դեպքում ակտի մեկ օրինակը պահվում է հարկային մարմնում, իսկ մյուս օրինակն ուղարկվում է լիազոր մարմին:
7. Սույն կարգով նախատեսված տվյալների արձանագրման ժամանակ կապարադրոշմների խախտման հայտնաբերման դեպքում հարկային կամ լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից կազմվում է կապարակնիքների խախտման մասին արձանագրություն: Արձանագրության հիման վրա կապարադրոշմները պոկվում են, և ջրաչափը կամ գազաչափը կապարակնքվում է սույն որոշմանը համապատասխան:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |