Ե Ր Ր Ո Ր Դ Բ Ա Ժ Ա Ն Մ ՈՒ Ն Ք
ՂԱՍԱԲՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՈՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատ թիվ 23566/05)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
2014 թվականի նոյեմբերի 13
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմաններում: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Ղասաբյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Երրորդ բաժանմունք) Պալատը, հետևյալ կազմով՝
Ջոզեփ Կասադեվալ [Josep Casadevall]՝ Նախագահ,
Ալվինա Գյուլումյան,
Յան Շիկուտա [Ján Šikuta],
Լուիս Լոպես Գերրա [Luis López Guerra],
Քրիստինա Պարդալոս [Kristina Pardalos],
Յոհաննես Սիլվիս [Johannes Silvis],
Վալերիու Գրիցկո [Valeriu Griţco]՝ դատավորներ, և
Մարիալենա Ցիրլի [Marialena Tsirli]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ.
2014 թվականի հոկտեմբերի 21-ի դռնփակ նիստում կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն ամսաթվին.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Վարույթը հարուցվել է 2005 թվականի հունիսի 28-ին՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ պրն Լևոն Ղասաբյանի, տկն Գոհար Ղասաբյանի, պրն Արսեն Ղասաբյանի և տկն Լիլիթ Գրիգորյանի («դիմումատուներ») կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության բերված գանգատի (թիվ 23566/05) հիման վրա:
2. Դիմումատուներին ներկայացրել է Երևանում գործող փաստաբան պրն Ա. Գրիգորյանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությանը («Կառավարություն») ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:
3. 2007 թվականի դեկտեմբերի 3-ին գանգատն ուղարկվել է Կառավարություն։
4. 2011 թվականի նոյեմբերի 15-ին Դատարանը որոշեց Կառավարության միակողմանի հայտարարության հիման վրա, Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի (ա) ենթակետի համաձայն, գանգատի մի մասը հանել քննության ենթակա գործերի իր ցանկից, իսկ գանգատի մյուս մասը թողնել առանց քննության։
5. 2012 թվականի հուլիսի 10-ին Դատարանն ընդունեց որոշում՝ գանգատը քննության ենթակա գործերի իր ցանկում վերականգնելու վերաբերյալ՝ Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն։
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
6. Դիմումատուները ծնվել են համապատասխանաբար 1945, 1981, 1971 և 1972 թվականներին և բնակվում են Երևանում։
7. Դիմումատու Լևոն Ղասաբյանին (այսուհետ՝ առաջին դիմումատու) սեփականության իրավունքով պատկանում էր քաղ. Երևան, Բուզանդի փող. 25 հասցեում գտնվող, 57 քառակուսի մետր մակերես ունեցող բնակարանը։ Մնացած երեք դիմումատուները՝ առաջին դիմումատուի ընտանիքի անդամները, որոնք բնակվում էին այդ նույն բնակարանում, պնդում են, որ նրանք տվյալ բնակարանի նկատմամբ ունեցել են օգտագործման իրավունք։
8. 2002թ. օգոստոսի 1-ին Կառավարությունն ընդունեց թիվ 1151-Ն որոշումը, որով հաստատեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի վարչական սահմանում պետության կարիքների համար քաղաքաշինական նպատակներով վերցվող անշարժ գույքի օտարման գոտիները` 345,000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով: Բուզանդի փողոցը ներառված էր օտարման գոտիներում ընդգրկված փողոցների ցանկում: Կառուցապատման ծրագրերի իրականացման գործընթացը կառավարելու նպատակով ստեղծվել էր հատուկ մարմին՝ Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը (այսուհետ՝ Գրասենյակ)։
9. 2004 թվականի դեկտեմբերի 1-ին Գրասենյակի պահանջով առաջին դիմումատուի բնակարանը գնահատվել է գնահատող կազմակերպության կողմից։ Բնակարանի շուկայական արժեքը սահմանվել է 23,640 ամերիկյան դոլար (ԱՄՆ դոլար)։
10. 2005 թվականի հունվարի 14-ի գրությամբ Գրասենյակն առաջին հայտատուին տեղեկացրել է, որ նրա բնակարանը ենթակա է օտարման, որ այն գնահատվել էր 23,640 ԱՄՆ դոլար, և որպես փոխհատուցում՝ նրան առաջարկել է այդ գումարը։ Որպես ֆինանսական խրախուսանք՝ նրան առաջարկվել է հավելյալ գումար՝ 14,827.01 ԱՄՆ դոլարի չափով, եթե նա պայմանագիրը կնքեր հինգ օրվա ընթացքում:
11. 2005 թվականի հունվարի 18-ի գրությամբ առաջին դիմումատուն հայտնել է պայմանագիր կնքելու վերաբերյալ իր համաձայնությունը, սակայն չի համաձայնել առաջարկվող փոխհատուցման գումարի չափի շուրջ։
12. 2005 թվականի հունվարի 20-ին Գրասենյակն առաջին դիմումատուի դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով պարտավորեցնել նրան կնքելու պայմանագիր՝ իր բնակարանը պետության կարիքների համար հանձնելու վերաբերյալ, և վտարել նրան ու նրա ընտանիքի անդամներին։
13. 2005 թվականի մարտի 3-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Գրասենյակի հայցը՝ կարգադրելով առաջին դիմումատուին պայմանագիր կնքել 23,640 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով, և վտարել նրան ու նրա ընտանիքի անդամներին։
14. 2005 թվականի մարտի 15-ին առաջին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Մյուս երեք դիմումատուները պնդել են, որ իրենք ապարդյուն փորձել են ճանաչվել որպես վարույթի կողմ՝ չնայած այն հանգամանքին, որ նրանք խնդրո առարկա բնակարանի նկատմամբ ունեցել են օգտագործման իրավունք, և ընդհանուր իրավասության դատարանը կարգադրել է իրենց վտարումը:
15. 2005 թվականի ապրիլի 12-ին քաղաքացիական վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի հիման վրա բավարարել է Գրասենյակի հայցը, իսկ առաջին դիմումատուի հայցը՝ մերժել։
16. 2005 թվականի ապրիլի 27-ին դիմումատուները համատեղ վճռաբեկ բողոք են ներկայացրել։
17. 2005 թվականի մայիսի 26-ին վճռաբեկ դատարանը քննել է բողոքը միայն առաջին դիմումատուին վերաբերող մասով և որոշում է ընդունել այն մերժելու վերաբերյալ։
18. Չհստակեցված ամսաթվին դիմումատուին վճարվել է սահմանված գումարը։
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
19. Համապատասխան ներպետական դրույթների համառոտ նկարագրությանը ծանոթանալու համար տե՛ս «Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը (թիվ 27651/05, §§ 23-25, 2009 թվականի հունիսի 23)։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
20. Դիմումատուները բողոք են ներկայացրել թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի և Կոնվենցիայի 8-րդ հոդվածի շրջանակներում առ այն, որ իրենց բնակարանից զրկելը օրենքով սահմանված չի եղել։ Դատարանը գտնում է, որ նրանց գանգատը պետք է քննվի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի լույսի ներքո, որը, այնքանով, որքանով վերաբերում է սույն գործին, սահմանում է հետևյալը՝
«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից՝ բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով»։
Ա. Ընդունելիություն
21. Դատարանը նշում է, որ սույն բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3‑րդ կետի (ա) ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի:
Բ. Գործի ըստ էության քննություն
22. Դիմումատուները պնդել են, որ իրենց գույքից զրկելը չի կատարվել օրենքով նախատեսված պայմանների համաձայն, քանի որ այդ ամենը կատարվել է Սահմանադրության 28-րդ հոդվածով ամրագրված երաշխիքների խախտմամբ։
23. Կառավարությունն ընդունեց, որ դիմումատուներ Գոհար Ղասաբյանը, Արսեն Ղասաբյանն ու Լիլիթ Գրիգորյանը թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով ունեցել են գույք՝ բնակարանի օգտագործման իրենց իրավունքի ուժով։ Նրանք, այնուհետև, ընդունել են, որ դիմումատուների բնակարանի օտարումը չի իրականացվել օրենքով սահմանված պայմանների համաձայն, և դա թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում է։
24. Դատարանը վերահաստատում է, որ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի առաջին և ամենակարևոր պահանջն այն է, որ գույքից անարգել օգտվելուն պետական մարմինների կողմից ցանկացած միջամտություն պետք է լինի օրինական. առաջին պարբերության երկրորդ նախադասությամբ գույքից զրկելը թույլատրվում է միայն «այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով», իսկ երկրորդ պարբերությամբ սահմանվում է, որ պետություններն իրավասու են իրականացնելու վերահսկողություն գույքի օգտագործման նկատմամբ` կիրարկելով «օրենքներ»: Ավելին, իրավունքի գերակայությունը, լինելով ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկը, ներհատուկ է Կոնվենցիայի բոլոր հոդվածներին (տե՛ս Հունաստանի նախկին թագավորը և մյուսներն ընդդեմ Հունաստանի [Former King of Greece and Others v. Greece] [GC], թիվ 25701/94, § 79, ՄԻԵԿ 2000-XII): Դատարանն այնուհետև վերահաստատում է, որ «այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով» արտահայտությամբ առաջին հերթին պահանջվում է համարժեքորեն հասանելի և բավականաչափ հստակ ներպետական իրավական դրույթների առկայություն և կիրառության ապահովում (տե՛ս Լիթգոուն և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության [Lithgow and Others v. the United Kingdom], 1986 թվականի հուլիսի 8, § 110, շարք «Ա», թիվ 102):
25. Դատարանը նշում է, որ Հայաստանի դեմ մի շարք գործերի շրջանակում այն արդեն քննել է նմանատիպ բողոքներ ու փաստարկներ և եկել է եզրահանգման, որ գույքից զրկելը չի կատարվել «այն պայմաններում, որոնք նախատեսված են օրենքով» (տե՛ս, օրինակ՝ վերևում նշված Մինասյանը և Սեմերջյանը [Minasyan and Semerjyan], §§ 69-77, Հովհաննիսյանը և Շիրոյանն ընդդեմ Հայաստանի [Hovhannisyan and Shiroyan v. Armenia], թիվ 5065/06, §§ 42-47, 2010 թվականի հուլիսի 20, Թունյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի, թիվ 22812/05, §§ 35-39, 2012 թվականի հոկտեմբերի 9, և Դանիելյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի [Danielyan and Others v. Armenia], թիվ 25825/05, §§ 35-39, 2012 թվականի հոկտեմբերի 9)։ Դատարանը սույն գործով տվյալ եզրահանգումից հրաժարվելու որևէ պատճառ չի տեսնում։
26. Համապատասխանաբար, խախտվել է թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ԵՎ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27. Երկրորդ, երրորդ և չորրորդ դիմումատուները բողոքարկել են, որ իրենց չեն ներգրավել որպես օտարման վերաբերյալ վարույթի կողմ, և որ իրենց անօրինական ձևով վտարել են իրենց տնից։ Նրանք վկայակոչել են Կոնվենցիայի 6-րդ և 8-րդ հոդվածները, որոնք, այնքանով, որքանով վերաբերում են սույն գործին, սահմանում են հետևյալը՝
Հոդված 6
«Յուրաքանչյուր ոք, իր քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները որոշելու ընթացքում, ... ունի արդար ... դատաքննության իրավունք»։
Հոդված 8
«Յուրաքանչյուր ոք ունի իր ... բնակարանի ... նկատմամբ հարգանքի իրավունք:
Չպետք է լինի պետական մարմինների կողմից որևէ միջամտություն այդ իրավունքի իրականացմանը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:
28. Կառավարությունը վիճարկել է այդ հայտարարությունները։
29. Հաշվի առնելով գործի փաստերը, կողմերի դիրքորոշումներն ու դիմումատուներին բնակարանից զրկելու մասով թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը խախտված համարելու մասին իր որոշումը՝ Դատարանը համարում է, որ այն քննել է սույն գանգատում բարձրացված հիմնական իրավական հարցը։ Հետևաբար, այն եզրակացնում է, որ երկրորդ, երրորդ և չորրորդ դիմումատուների գանգատներով առանձին վճիռ կայացնելու անհրաժեշտություն չկա՝ համաձայն Կոնվենցիայի 6-րդ և 8-րդ հոդվածների (տե՛ս mutatis mutandis, Կամիլ Ուզունն ընդդեմ Թուրքիայի [Kamil Uzun v. Turkey], թիվ 37410/97, § 64, 2007 թվականի մայիսի 10)։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՎ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30. Դիմումատուները նաև մի շարք այլ պահանջներ են ներկայացրել՝ համաձայն Կոնվենցիայի 6-րդ, 8-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի։
31. Իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը հաշվի առնելով և այնքանով, որքանով այդ բողոքները գտնվում են իր դատազորության ներքո՝ Դատարանը գտնում է, որ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների առերևույթ խախտման որևէ դեպք։ Այսպիսով հետևում է, որ գանգատի այս մասը պետք է մերժվի ակնհայտ անհիմն լինելու պատճառով՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆ
32. Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսվում է՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, արդարացի փոխհատուցում տրամադրել տուժած կողմին»։
Ա. Վնաս
33. Դիմումատուները պնդել են, որ, որպես փոխհատուցում, իրենք պետք է ստանան բնակարանի շուկայական արժեքին համարժեք գումար, ինչն իրենց խոստացվել էր Կառավարության՝ չիրագործված միակողմանի հայտարարությամբ։ Խնդրո առարկա բնակարանի մակերեսը կազմել է 117.7 քառակուսի մետր, և մեկ քառակուսի մետրի միջին շուկայական արժեքը կազմել է 3,000 ԱՄՆ դոլար։ Դիմումատուները հետագայում ոչ նյութական վնասի փոխհատուցման համար պահանջել են 140,000 եվրո։
34. Կառավարությունն առարկություն է ներկայացրել նյութական վնասի փոխհատուցումը հաշվարկելու համար առաջարկված մեթոդի դեմ և նշել, որ նման փոխհատուցումը պետք է հիմնված լինի բացահայտված խախտման, այլ ոչ թե Կառավարության` միակողմանի հայտարարության մեջ արված առաջարկի վրա։ Կառավարությունն այնուհետև, պնդել է, որ ոչ նյութական վնասի համար պահանջվող գումարը չափազանց մեծ է եղել:
35. Դատարանը համաձայնել է Կառավարության հետ այն հարցում, որ նյութական վնասը պետք է հաշվարկվի բացահայտված խախտման հիման վրա: Այն նշում է, որ համանման իրավիճակում նախկինում տրամադրել է նյութական վնասի փոխհատուցում (տե՛ս Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի [Minasyan and Semerjyan v. Armenia] (արդարացի փոխհատուցում), թիվ 27651/05, §§ 17-21, 2011 թվականի հունիսի 7), որը Դատարանը գտնում է ամբողջությամբ կիրառելի սույն գործում։ Կիրառելով միևնույն մոտեցումը և տալով գնահատական իր տրամադրության տակ առկա բոլոր նյութերի հիման վրա՝ Դատարանը կրած նյութական վնասը գնահատում է 40,000 եվրո։ Ավելին, քանի որ օգտագործման իրավունքի արժեքն այդ պահի դրությամբ համարժեք է եղել բնակարանի՝ դրա նկատմամբ իրավունք ունեցող անձի համապատասխան մասնաբաժնի շուկայական արժեքին (նույն տեղում, § 20), Դատարանը որոշում է այս գումարը տրամադրել բոլոր դիմումատուներին համատեղ (տե՛ս նաև վերոհիշյալ Թունյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի և Դանիելյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի գործերը)՝ մերժելով նրանց պահանջի մյուս մասը։ Այնուհետև, այն որոշում է յուրաքանչյուր դիմումատուին տրամադրել ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ 6,000 եվրոյի չափով։
Բ. Ծախսեր և ծախքեր
36. Դիմումատուները չեն ներկայացրել ծախսերի և ծախքերի փոխհատուցման որևէ պահանջ, իրավաբանական ծառայությունները նրանց տրամադրվել են անվճար հիմունքներով։
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույք
37. Դատարանը նպատակահարմար է գտնում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոս:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է դիմումատուներին բնակարանից զրկելու վերաբերյալ պահանջն ընդունելի,
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում։
3. Վճռում է, որ երկրորդ, երրորդ և չորրորդ դիմումատուների` Կոնվենցիայի 6-րդ և 8-րդ հոդվածների շրջանակներում ներկայացրած գանգատներով առանձին վճիռ կայացնելու անհրաժեշտություն չկա, և գանգատի մնացած մասը հայտարարում է անընդունելի,
4. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, վճիռն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում, պետք է վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվին գործող փոխարժեքով.
(i) նյութական վնասի դիմաց՝ 40,000 եվրո (քառասուն հազար եվրո) բոլոր դիմումատուներին համատեղ՝ գումարած գանձման ենթակա բոլոր հարկերը,
(ii) ոչ նյութական վնասի դիմաց՝ 6,000 եվրո (վեց հազար եվրո) յուրաքանչյուր դիմումատուի՝ գումարած գանձման ենթակա բոլոր հարկերը,
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է վճարվի վերը նշված գումարի պարզ տոկոս՝ պարտավորությունների չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության առավելագույն տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
5. Մերժում է դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր կերպով ծանուցվել է 2014 թվականի նոյեմբերի 13-ին՝ Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն։
Մարիալենա Ցիրլի [Marialena Tsirli] Քարտուղարի տեղակալ |
Ջոզեփ Կասադեվալ [Josep Casadevall] Նախագահ |
