Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1357
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.03.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.03.22/17(1292) Հոդ.268
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
14.03.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.03.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2017

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

14 մարտի 2017 թ.

 

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԵՎ ՆԱՐԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 339-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի ներկայացուցիչ Մ. Վարդանյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի և նույն վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Կարեն Մկրտչյանի և Նարինե Ավետիսյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Կարեն Մկրտչյանի և Նարինե Ավետիսյանի՝ 2016 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ` օրենսգիրք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել՝ 1998 թվականի հուլիսի 28-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ին:

Օրենսգրքի՝ «Հայցային վաղեմության ժամկետը կասեցնելը» վերտառությամբ 339-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում է.

«1. Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե`

6) ներկայացվել է վճարման կարգադրությունը` այն դատարան հանձնելու պահից մինչև առարկություն ներկայացնելու պահը»:

Օրենսգրքի վիճարկվող դրույթն օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասում լրացվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» 07.07.2005 թվականին ընդունված ՀՕ-155-Ն ՀՀ օրենքով:

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

2012 թվականի նոյեմբերին «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն (այսուհետ` Կազմակերպություն) դիմողներից 2.896.850 ՀՀ դրամ գումար գանձելու մասին վճարման կարգադրություն արձակելու պահանջի վերաբերյալ դիմում է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` դատարան):

23.11.2012 թվականին դատարանի որոշմամբ վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը մերժվել է:

05.03.2013 թվականին Կազմակերպությունը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ դիմողների՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ: Դիմողները ներկայացրել են հակընդդեմ հայց և հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն:

11.10.2013 թվականին դատարանի վճռով Կազմակերպության հիշյալ հայցը և դիմողների հակընդդեմ հայցը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ անցել են հայցային վաղեմության ժամկետները:

11.11.2013 թվականին Կազմակերպությունը դատարանի վճռի դեմ` սկզբնական հայցի մերժման մասով ներկայացրել է վերաքննիչ բողոք:

27.02.2014 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է, վճիռը` սկզբնական հայցի մերժմանը վերաբերող մասով, բեկանվել է, գործն ուղարկվել է դատարան՝ նոր քննության:

Վերաքննիչ դատարանի 27.02.2014 թվականի որոշման դեմ դիմողները բերել են վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի (այսուհետ` Վճռաբեկ դատարան) 16.04.2014 թվականի որոշմամբ վերադարձվել է:

07.11.2014 թվականին դատարանի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` հետևյալ պատճառաբանությամբ. «… Նույն օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ ենթակետի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե՝ ներկայացվել է վճարման կարգադրությունը` այն դատարան հանձնելու պահից մինչև առարկություն ներկայացնելու պահը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վաղեմության ժամկետի կասեցման համար հիմք ծառայած հանգամանքը դադարելու օրվանից շարունակում է ժամկետի ընթացքը: Ժամկետի մնացած մասը երկարաձգվում է մինչև վեց ամիս, իսկ եթե հայցային վաղեմության ժամկետը հավասար է վեց ամսվա կամ պակաս է վեց ամսից՝ մինչև վաղեմության ժամկետը:

Վերոգրյալի հաշվառմամբ, դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից հայցային վաղեմության ժամկետը բաց չի թողնվել, քանի որ հայցվորը դատարան է մուտքագրել վճարման կարգադրություն արձակելու դիմում: Դիմումը մերժելուց հետո, սահմանված ժամկետում հայցադիմումով դիմել է դատարան»:

08.12.2014 թվականին դիմողները դատարանի 07.11.2014 թվականի վճռի դեմ ներկայացրել են վերաքննիչ բողոք:

03.02.2015 թվականին Վերաքննիչ դատարանի որոշմամբ հիշյալ վերաքննիչ բողոքը բավարարվել է. դատարանի 07.11.2014 թվականի վճիռը մասամբ` հայցը բավարարելու մասով բեկանվել է և փոփոխվել. հայցը մերժվել է, իսկ վճիռը մնացած մասով թողնվել է ուժի մեջ` հետևյալ պատճառաբանությամբ. «…Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վճարման կարգադրություն արձակելու պահանջով դատարան դիմում ներկայացնելն ինքնին բավարար չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցնելու համար, քանզի քննարկվող դրույթը նախատեսում է նաև իրավական հետևանք, մասնավորապես՝ պատասխանողի կողմից դատարանին գրավոր առարկություն ներկայացնելը:

Այսինքն՝ սույն նորմի իմաստով հայցային վաղեմության ժամկետի ընթացքի կասեցման ժամանակահատվածն ավարտվում է այն ժամանակ երբ Դատարան ներկայացված դիմումի վերաբերյալ արձակում է վճարման կարգադրություն և պատասխանողի կողմից դատարանին գրավոր առարկություն ներկայացնելու պահին։

Այլ կերպ ասած հայցային վաղեմության ժամկետի ընթացքի կասեցումը վերոնշյալ նորմով նախատեսված հիմքով, հնարավոր է միայն դատարանի կողմից վճարման կարգադրություն արձակելու և, համապատասխանաբար պատասխանողի կողմից դատարանին գրավոր առարկություն ներկայացնելու դեպքում»։

Վերաքննիչ դատարանի 03.02.2015 թվականի որոշման դեմ Կազմակերպությունը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշմամբ բավարարվել է մասնակիորեն. Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանվել է և գործն ուղարկվել նույն դատարան՝ նոր քննության` հետևյալ պատճառաբանությամբ. «… անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով նախատեսված կարգավորմանը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ վերջինիս բովանդակության վերլուծությունից միանշանակորեն ակնհայտ է դառնում, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե համապատասխան պահանջի վերաբերյալ ներկայացվել է վճարման կարգադրություն արձակելու մասին դիմում: Ըստ այդմ, կասեցման ժամանակահատվածն իր մեջ ընդգրկում է վճարման կարգադրությունը դատարան հանձնելու պահից (կասեցման ժամանակահատվածի մեկնարկի պահ) մինչև դրա կապակցությամբ առարկություն ներկայացնելու պահն ընկած ժամանակահատվածը (կասեցման ժամանակահատվածի հնարավոր առավելագույն վերջնաժամկետ): Այսինքն` հայցային վաղեմության ժամկետի կասեցման համար արդեն իսկ բավարար հիմք կարող է հանդիսանալ միայն վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումի ներկայացումը դատարան:

Այսպիսով, վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից արված` «դատարան հանձնելու պահից մինչև առարկություն ներկայացնելու պահը» ձևակերպումը վերաբերում է հայցային վաղեմության ժամկետի կասեցման ժամանակահատվածին` դրա հոսքը սկսված և ավարտված համարելու պահերին, այլ ոչ թե պայմանավորում է բուն կասեցման հիմքի առկայությունը: … Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ դիմումի քննությունն այլ ընթացք է ստանում և առարկության ներկայացման պահն օբյեկտիվորեն վրա չի հասնում, ապա հայցային վաղեմության ժամկետի կասեցումն ուժի մեջ է լինում մինչև դատարանի կողմից որոշակի գործողությունների ձեռնարկումը, մասնավորապես` վճարման կարգադրության արձակումը, վճարման կարգադրություն արձակելու դիմումի` ամբողջությամբ կամ մասնակի մերժումը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարան վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումի ներկայացման փաստն ինքնին արդեն իսկ բավարար և անհրաժեշտ հիմք է հայցային վաղեմության ժամկետի կասեցման համար, իսկ պատասխանողի կողմից գրավոր առարկություն ներկայացնելու փաստը պայմանավորում է կասեցման ժամանակահատվածի ավարտը, ընդ որում` այն դեպքում, երբ վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը մերժվել է դատարանի կողմից, կասեցման ժամանակահատվածն ավարտվում է մերժման մասին համապատասխան որոշման կայացմամբ: Այլ կերպ ասած, առարկություն ներկայացնելը կամ վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումի մերժումը, ըստ էության, հանդիսանում են կասեցման ժամանակահատվածի տևողության վերջնաժամկետը որոշելու հիմքեր»:

20.05.2016 թվականին Վերաքննիչ դատարանի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է, և դատարանի՝ 07.11.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Վերաքննիչ դատարանի 20.05.2016 թվականի որոշման դեմ դիմողները ներկայացրել են վճռաբեկ բողոք, որի վարույթ ընդունումը մերժվել է Վճռաբեկ դատարանի 17.08.2016 թվականի որոշմամբ:

 

3. Դիմողները գտնում են, որ վիճարկվող դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 1-ին, 61-րդ, 63-րդ և 79-րդ հոդվածներին:

Վիճարկվող դրույթի՝ ՀՀ Սահմանադրության 1-ին և 79-րդ հոդվածներին ենթադրյալ հակասությունը հիմնավորելու համար վկայակոչելով իրավական որոշակիության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք իրավական դիրքորոշումներ, դիմողները գտնում են, որ վիճարկվող դրույթի ձևակերպումը բավարար չափով հստակ և որոշակի չէ, երկիմաստ է և իրավակիրառ պրակտիկայում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Մասնավորապես, ըստ դիմողների, պարզ չէ, թե հայցային վաղեմության ժամկետը կասեցվում է վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը դատարան ներկայացնելիս, թե դրա դեմ առարկություն ներկայացնելիս:

Որպես իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող դրույթի տարաբնույթ մեկնաբանությունների օրինակներ՝ դիմողները ներկայացնում են իրենց գործով Վերաքննիչ դատարանի 03.02.2015 թվականի որոշումը, որի շրջանակներում Վերաքննիչ դատարանը վճարման կարգադրություն ներկայացնելը համարում է ոչ բավարար «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցնելու համար, քանզի քննարկվող դրույթը նախատեսում է նաև իրավական հետևանք, մասնավորապես` պատասխանողի կողմից դատարանին գրավոր առարկություն ներկայացնելը», և նույն գործով Վճռաբեկ դատարանի՝ 17.07.2015 թվականի որոշումը, համաձայն որի` վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումը դատարան ներկայացնելու փաստն ինքնին արդեն իսկ բավարար և անհրաժեշտ հիմք է հայցային վաղեմության ժամկետի կասեցման համար, իսկ պատասխանողի կողմից գրավոր առարկություն ներկայացնելու փաստը պայմանավորում է կասեցման ժամանակահատվածի ավարտը:

Վիճարկվող դրույթի՝ ՀՀ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին ենթադրյալ հակասությունը հիմնավորելու համար վկայակոչելով դատական պաշտպանության իրավունքի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի համապատասխան իրավական դիրքորոշումները՝ դիմողները գտնում են, որ հայցային վաղեմության ժամկետի կասեցման հետ կապված հարաբերությունների ոչ հստակ կարգավորվածությունը զրկում է անձին իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության և իր գործի արդար դատաքննության իրավունքներից:

 

4. Պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված դրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, մասնավորապես՝ իրավական օրենքին ներկայացվող իրավական որոշակիության, օրենքում օգտագործվող ձևակերպումների հստակության, բավարար մատչելիության, համապատասխան սուբյեկտների կողմից իրենց վարքագիծն օրենքի կարգադրագրերի պահանջներին համապատասխանեցնելու գործնական, ռեալ հնարավորության և օրենքի պահանջներին չհետևելու դեպքում հնարավոր բացասական իրավական հետևանքների առաջացման կանխատեսելիության պահանջներին:

Իր դիրքորոշումը հիմնավորելու համար պատասխանողը ներկայացնում է վիճարկվող դրույթի սեփական մեկնաբանությունը, ըստ որի՝ օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ձևակերպումից ակնհայտ է, որ վճարման կարգադրություն ներկայացնելու հայցային վաղեմության ժամկետի կասեցման հիմքի դեպքում «այն դատարան հանձնելու պահից մինչև առարկություն ներկայացնելու պահը» ձևակերպումը ոչ թե վերոգրյալ հիմքի առկայության պայման է, այլ տվյալ հիմքի գործելու դեպքում հայցային վաղեմության ժամկետի կասեցման ժամանակահատված: Պատասխանողի կարծիքով՝ առարկություն չներկայացնելու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ վճարման կարգադրություն ներկայացնելու դեպքում խնդրո առարկա հիմքի չկիրառման համար, քանզի պարտատիրոջ կողմից վճարման կարգադրություն ներկայացվելու դեպքում պարտապանը պաշտոնապես տեղեկացվում է իր նկատմամբ դատական կարգով քաղաքացիաիրավական պահանջի մասին, և առարկություն ներկայացնելը կամ չներկայացնելն իր հայեցողության սահմաններում է:

Վկայակոչելով իրավական որոշակիության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք իրավական դիրքորոշումներ՝ պատասխանողը գտնում է, որ գործնականում օրենքի որևէ դրույթի՝ միմյանց հակասող մեկնաբանությունների առկայության դեպքում, որպես կանոն, իրավական դրույթների տարըմբռնումների նկատմամբ միասնական դիրքորոշումն ապահովվում է ՀՀ վճռաբեկ դատարանի՝ օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու սահմանադրական գործառույթի շրջանակներում:

Միաժամանակ, վկայակոչելով Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման մեջ ամրագրված համապատասխան իրավական դիրքորոշումները, դրանց հիման վրա արձանագրելով, որ դիմողները, ձևականորեն բարձրացնելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ամենայն հավանականությամբ բարձրացնում են այդ դրույթի՝ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ բողոքարկման ոչ ենթակա դատական ակտով իրենց նկատմամբ կիրառված դրույթի իրավաչափության հարց, պատասխանողը միջնորդում է կարճել գործի վարույթը:

 

5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ըստ էության դիմողները բարձրացնում են վիճարկվող դրույթի ենթադրյալ անորոշության և դրանով պայմանավորված` տվյալ դրույթի կիրառման հակասական պրակտիկայի խնդիր: Ընդ որում, վիճարկվող դրույթի ենթադրյալ անորոշությունը դիմողները ներկայացնում են ինչպես ՀՀ Սահմանադրության 1-ին և 79-րդ հոդվածներով ամրագրված իրավակարգավորումների, այնպես էլ իրենց դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների երաշխավորման անհրաժեշտության համատեքստում:

ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ վերոհիշյալ սահմանադրաիրավական դրույթից հետևում է, որ սահմանադիրը Սահմանադրության 79-րդ հոդվածում ամրագրված իրավական որոշակիության սկզբունքը տարածում է հիմնական իրավունքներ և ազատություններ սահմանափակող օրենքների վրա: ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված` անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները ենթակա չեն սահմանափակման` բացառությամբ հրապարակային քննության իրավունքի, որն օրենքով սահմանված դեպքերում և կարգով կարող է սահմանափակվել:

ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող դրույթի ենթադրյալ անորոշությունը սույն գործի քննության շրջանակներում ենթակա է քննարկման ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավակարգավորման, ինչպես նաև իրավական որոշակիության վերաբերյալ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում: Նման մոտեցումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի, մասնավորապես, ՍԴՈ-630, ՍԴՈ-753, ՍԴՈ-1270 որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումներով, որոնցից բխում է, որ Սահմանադրական դատարանն իրավական որոշակիության սկզբունքը դիտարկում է որպես ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված՝ իրավական պետության և հատկապես վերջինիս կարևորագույն հատկանիշներից` իրավունքի գերակայության գլխավոր պահանջներից մեկը, և հիշյալ սահմանադրաիրավական սկզբունքի գործողությունը տարածվում է բոլոր օրենքների վրա` անկախ այն հանգամանքից, թե վերջիններս ունեն հիմնական իրավունք սահմանափակող, թե հիմնական իրավունքի իրացումը կարգավորող բնույթ:

Սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցը հարկ է քննարկել ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածով ամրագրված իրավակարգավորման համատեքստում` անդրադառնալով վիճարկվող դրույթի շրջանակներում դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների արդյունավետ իրացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու սահմանադրաիրավական պահանջի կատարման հարցին:

 

6. Հաշվի առնելով դիմողների դիրքորոշումները` սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակներում Սահմանադրական դատարանը կարևորում է հետևյալ հարցադրումները.

6.1. արդյո՞ք վիճարկվող դրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածից բխող իրավական որոշակիության սկզբունքին այնքանով, որքանով բավարար չափով որոշակի է և հնարավորություն է տալիս իրավունքի սուբյեկտներին ընկալել օրենսդրի պահանջը, կանխատեսել դրա հետևանքները և իրենց վարքագիծը համապատասխանեցնել վիճարկվող դրույթով ամրագրված պահանջին,

6.2. արդյո՞ք իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում առկա են վիճարկվող դրույթի տարաբնույթ մեկնաբանություններ,

6.3. արդյո՞ք վիճարկվող դրույթի՝ իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում դրան տրված մեկնաբանությամբ, բովանդակությունը համահունչ է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածին:

Վերոնշյալ 6.1. կետում ամրագրված հարցադրման կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթը բովանդակում է հայցային վաղեմության ժամկետի կասեցման հիմքերից մեկը` վճարման կարգադրություն ներկայացնելու հիմքը, և այդ հիմքով հայցային վաղեմության ժամկետի կասեցման ժամանակահատվածը` կասեցման սկիզբը և ավարտը:

Վերոհիշյալ համատեքստում հատկանշական է վիճարկվող դրույթում «ներկայացվել է վճարման կարգադրություն» արտահայտությունը, քանի որ, ի տարբերություն վիճարկվող դրույթի, օրենսգրքի այլ կարգավորումների շրջանակներում օրենսդիրը կիրառում է «ներկայացնել վճարման կարգադրություն արձակելու դիմում» արտահայտությունը: Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող դրույթի շրջանակներում հիշյալ արտահայտությանը հաջորդող «այն դատարան հանձնելու պահից» արտահայտությունից, ինչպես նաև վճարման կարգադրություն արձակելու քաղաքացիադատավարական ինստիտուտի ընդհանուր տրամաբանությունից հետևում է, որ օրենսդիրը որպես հայցային վաղեմության ժամկետի ընթացքի կասեցման հիմք դիտարկում է անձի կողմից դատարան վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հանգամանքը:

Ինչ վերաբերում է վիճարկվող դրույթի` իրավական որոշակիության սահմանադրական պահանջին համապատասխանելու հարցին, օրենսգրքի համակարգային վերլուծությունը վկայում է այն մասին, որ օրենսդիրը որպես հայցային վաղեմության ընթացքի կասեցման սկիզբ դիտարկում է կասեցման հիմք հանդիսացող հանգամանքի ի հայտ գալը: Այսպես, օրինակ, օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ամրագրված հիմքով կասեցման ժամանակահատվածն սկսվում է հայցի ներկայացմանն արգելք հանդիսացող արտակարգ և տվյալ պայմաններում անկանխատեսելի հանգամանքի ի հայտ գալու պահից, նույն հոդվածի նույն մասի 2-րդ կետով ամրագրված հիմքով կասեցման ժամանակահատվածն այն պահից, երբ հայցվորը կամ պատասխանողը կգտնվի ռազմական դրության փոխադրված զինված ուժերի կազմում, նույն հոդվածի նույն մասի 3-րդ կետով ամրագրված հիմքով կասեցման ժամանակահատվածը` պարտավորությունների կատարման հետաձգում սահմանող իրավական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից և այլն:

Օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված իրավակարգավորմամբ օրենսդիրը սահմանում է, որ վաղեմության ժամկետի կասեցման համար հիմք ծառայած հանգամանքը դադարելու օրվանից շարունակվում է ժամկետի ընթացքը, ինչից հետևում է, որ օրենսդիրը որպես հայցային վաղեմության ժամկետի ընթացքի կասեցման ժամանակահատվածի ավարտ դիտարկում է վաղեմության ժամկետի կասեցման համար հիմք ծառայած հանգամանքի դադարելու օրը:

Սակայն օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված իրավակարգավորման վերլուծությունը վկայում է այն մասին, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի կասեցման հիմքերի շրջանակներում վճարման կարգադրություն արձակելու դիմում ներկայացնելու և հաշտարարության մասին համաձայնության հիման վրա հաշտարարության գործընթացն սկսվելու հիմքերի համար օրենսդիրը սահմանել է կասեցման հատուկ ժամանակահատված: Այսպես, հիշյալ դրույթների վերլուծությունը վկայում է այն մասին, որ վճարման կարգադրություն ներկայացնելու դեպքում հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է այն դատարան հանձնելու պահից մինչև առարկություն ներկայացնելու պահը, իսկ հաշտարարության մասին համաձայնության հիման վրա հաշտարարության գործընթաց սկսվելու դեպքում` հաշտարարության գործընթացն սկսվելու պահից մինչև հաշտարարության ավարտը: Այսինքն՝ Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ վիճարկվող դրույթը բավարար չափով որոշակի է և հնարավորություն է տալիս իրավունքի սուբյեկտներին ընկալել օրենսդրի պահանջը, կանխատեսել դրա հետևանքները և իրենց վարքագիծը համապատասխանեցնել վիճարկվող դրույթով ամրագրված պահանջին:

Վերոնշյալ 6.2. կետում ամրագրված հարցադրման կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողները որպես վիճարկվող դրույթի հակասական և իրարամերժ իրավակիրառ պրակտիկայի օրինակ ներկայացնում են վերաքննիչ և վճռաբեկ դատարանների կողմից նույն գործով վիճարկվող դրույթին տրված տարատեսակ մեկնաբանությունները:

Սահմանադրական դատարանը դիմողների հիշյալ դիրքորոշումը հիմնավոր չի համարում այն պատճառաբանությամբ, որ Վճռաբեկ դատարանի և Վերաքննիչ դատարանի՝ նույն քաղաքացիական գործի շրջանակներում վիճարկվող դրույթին տրված տարաբնույթ մեկնաբանությունները չեն կարող վկայել այն մասին, որ առկա է այդ դրույթի կիրառման հակասական պրակտիկա: Նման դիրքորոշման համար հիմք է հանդիսանում այն, որ Վճռաբեկ դատարանը, ելնելով օրենքի միատեսակ կիրառումն ապահովելու իր սահմանադրական գործառույթից, վերացրել է Վերաքննիչ դատարանի կողմից նույն քաղաքացիական գործով վիճարկվող դրույթին տրված մեկնաբանությունը՝ այդ դրույթին հաղորդելով միասնական իրավական բովանդակություն և ապահովելով այդ դրույթի միասնական իրավակիրառ պրակտիկան:

Վերոնշյալ 6.3. կետում ամրագրված հարցադրման կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիտարկվող քաղաքացիական գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանի կողմից վիճարկվող դրույթին տրված իրավական բովանդակությունը հանգում է հետևյալին.

- հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե համապատասխան պահանջի վերաբերյալ ներկայացվել է վճարման կարգադրություն արձակելու մասին դիմում,

- կասեցման ժամանակահատվածն ընդգրկում է վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումը դատարան հանձնելու պահից (կասեցման ժամանակահատվածի մեկնարկի պահ) մինչև դրա կապակցությամբ առարկություն ներկայացնելու պահն ընկած ժամանակահատվածը (կասեցման ժամանակահատվածի հնարավոր առավելագույն վերջնաժամկետ),

- հայցային վաղեմության ժամկետի կասեցման համար արդեն իսկ բավարար հիմք կարող է հանդիսանալ միայն վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումի ներկայացումը դատարան,

- վիճարկվող դրույթում «դատարան հանձնելու պահից մինչև առարկություն ներկայացնելու պահը» ձևակերպումը վերաբերում է հայցային վաղեմության ժամկետի կասեցման ժամանակահատվածին` դրա հոսքը սկսված և ավարտված համարելու պահերին, այլ ոչ թե պայմանավորում է բուն կասեցման հիմքի առկայությունը,

- այն դեպքերում, երբ դիմումի քննությունն այլ ընթացք է ստանում և առարկության ներկայացման պահն օբյեկտիվորեն վրա չի հասնում, ապա հայցային վաղեմության ժամկետի կասեցումն ուժի մեջ է լինում մինչև դատարանի կողմից որոշակի գործողությունների ձեռնարկումը, մասնավորապես` վճարման կարգադրության արձակումը, վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումի ամբողջությամբ կամ մասնակի մերժումը:

 

7. Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողների համար անբարենպաստ իրավական հետևանքներ առաջացրել է Վճռաբեկ դատարանի կողմից վիճարկվող դրույթին տրված միայն այն մեկնաբանությունը, համաձայն որի՝ այն դեպքերում, երբ դիմումի քննությունն այլ ընթացք է ստանում և առարկության ներկայացման պահն օբյեկտիվորեն վրա չի հասնում, ապա հայցային վաղեմության ժամկետի կասեցումն ուժի մեջ է լինում մինչև դատարանի կողմից որոշակի գործողությունների ձեռնարկումը, մասնավորապես` վճարման կարգադրության արձակումը, վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումի ամբողջությամբ կամ մասնակի մերժումը: Վճռաբեկ դատարանի հիշյալ իրավական դիրքորոշումը վերաբերելի է հայցային վաղեմության ժամկետի ընթացքի կասեցման այն դեպքերին, երբ կասեցման ժամանակահատվածի ավարտը` պատասխանողի կողմից առարկություն ներկայացնելու պահը, օբյեկտիվորեն վրա չի հասել:

Վերը նշված իրողության կապակցությամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ թեպետ օրենսդիրը, հայցային վաղեմության ժամկետի կասեցման ավարտ դիտարկելով առարկություն ներկայացնելու պահը, չի սահմանել առարկություն ներկայացնելու պահը վրա չհասնելու դեպքում հայցային վաղեմության ժամկետի կասեցման ժամանակահատվածի ավարտի վերաբերյալ որևէ իրավակարգավորում, այդուհանդերձ, նշված իրավակարգավորման բացակայությունը չի կարող վկայել այն մասին, որ օրենսդիրն առարկություն չներկայացնելը դիտարկում է որպես հայցային վաղեմության ժամկետի կասեցման հիմքի բացակայություն, այսինքն` առարկություն ներկայացնելու պահն օբյեկտիվորեն վրա չհասնելու հանգամանքը չի վկայում այն մասին, որ վճարման կարգադրություն արձակելու դիմումը դատարան ներկայացնելը հայցային վաղեմության ժամկետի կասեցման հիմք չէ:

Օրենսգրքի համակարգային վերլուծությունը վկայում է այն մասին, որ հայցային վաղեմության ժամկետը և դրա կասեցման վերաբերյալ իրավանորմերը հիմնված են պարտատիրոջ և պարտապանի շահերի հավասարակշռման և իրենց դատական պաշտպանության իրավունքի իրացման համար հավասար հնարավորություններ նախատեսելու անհրաժեշտության վրա: Հետևաբար, այն տեսակետը, որ առարկություն ներկայացնելու պահի օբյեկտիվորեն վրա չհասնելն անհնարին է դարձնում վճարման կարգադրություն արձակելու մասին դիմում ներկայացնելու հիմքով հայցային վաղեմության ժամկետի կասեցումը, հիմնավոր չէ, քանի որ տվյալ դեպքում հաշվի չեն առնվի պարտատիրոջ կամ հայցվորի շահերը, քանի որ այդ պարագայում չի բացառվում պատասխանողի կողմից առարկություն չներկայացնելու դիտավորությունն այն հաշվով, որ հայցային վաղեմության ժամկետը չկասեցվի, և հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով հայցը մերժվի:

Բացի դրանից, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Անցումը հայցային վարույթի» վերտառությամբ 204.7-րդ հոդվածի համաձայն` սահմանված ժամկետում վճարման կարգադրության վերաբերյալ դատարանում առարկություն ստացվելու դեպքում կարգադրությունը վերանում է, և այդ դեպքում պահանջը կարող է ներկայացվել ընդհանուր հայցային վարույթի կարգով: Հետևաբար, հիշյալ դրույթից, ինչպես նաև վճարման կարգադրության վերաբերյալ քաղաքացիական և քաղաքացիադատավարական այլ կարգավորումներից բխում է, որ օրենսդիրը վճարման կարգադրություն արձակելու մասին դիմում ներկայացնելը դիտարկում է անձի խախտված իրավունքի հայցով պաշտպանությանն այլընտրանքային միջոց: Նշվածից բխում է, որ պարտատիրոջ կողմից դատարան համապատասխան դիմում ներկայացնելը վկայում է այն մասին, որ նա ձեռնարկել է իր իրավունքի պաշտպանությանն ուղղված որոշակի միջոցներ, և այդ միջոցները ձեռնարկելու ժամանակահատվածի մասով պարտատիրոջ իրավունքի պաշտպանության համար նախատեսված հայցային վաղեմության ժամկետը ենթակա է կասեցման` անկախ այն հանգամանքից՝ արդյոք մյուս կողմը ներկայացրել է առարկություն, թե՝ ոչ:

Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի դիտարկվող մեկնաբանությամբ վերացվում է այն ենթադրյալ իրավական անորոշությունը, որը պայմանավորված է առարկություն ներկայացնելու պահն օբյեկտիվորեն վրա չհասնելու դեպքում վճարման կարգադրություն արձակելու մասին դիմում ներկայացնելու հիմքով հիշյալ ժամկետի ընթացքի կասեցման վերաբերյալ իրավակարգավորումների բացակայությամբ, և ուղղված է քննության առարկա հարաբերությունների շրջանակներում պարտապանի և պարտատիրոջ շահերի հավասարակշռմանն ու իրենց դատական պաշտպանության իրավունքի իրացման համար հավասար հնարավորությունների ապահովմանը, ինչպես նաև վիճարկվող դրույթի շրջանակներում անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների արդյունավետ իրացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու սահմանադրաիրավական պահանջի կատարմանը:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ առարկություն ներկայացնելու պահը վրա չհասնելու դեպքում հայցային վաղեմության ժամկետի կասեցման ժամանակահատվածի ավարտի վերաբերյալ համապատասխան իրավակարգավորման բացակայությունը չի կարող վկայել այն մասին, որ վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմում ներկայացվելով հայցային վաղեմության ժամկետը կասեցվում է ընդմիշտ կամ անորոշ ժամկետով: Քաղաքացիական և քաղաքացիադատավարական կարգավորումներից բխում է, որ ցանկացած կասեցված դատավարական ժամկետ շարունակվում է կասեցման հիմքը վերանալուց հետո: Տվյալ դեպքում, թեպետ օրենսդիրը որպես կասեցման հիմքը վերացնող հանգամանք է դիտարկել առարկություն ներկայացնելը, այդուհանդերձ, նման իրավակարգավորումը չի բացառում կասեցման հիմքը վերացնող այլ հանգամանքների հնարավորությունը: Տվյալ դեպքում որպես նման հանգամանք է հանդես գալիս վճարման կարգադրություն արձակելու գործով վեճի ըստ էության լուծումը:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ այս տեսանկյունից ևս Վճռաբեկ դատարանի դիտարկվող մեկնաբանությամբ վերացվում է այն ենթադրյալ իրավական անորոշությունը, որը պայմանավորված է առարկություն ներկայացնելու պահն օբյեկտիվորեն վրա չհասնելու դեպքում վճարման կարգադրություն արձակելու մասին դիմում ներկայացնելու հիմքով հիշյալ ժամկետի ընթացքի կասեցման վերաբերյալ իրավակարգավորումների բացակայությամբ:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի դրույթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

14 մարտի 2017 թվականի

ՍԴՈ-1357