«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 մարտի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 05017145
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
3 մարտի 2017 թ.
թիվ 54-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 272-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով խթանել պետական արժեթղթերի շուկայում կնքված գործարքների վերջնահաշվարկի զարգացումը,
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 175-րդ, 176-րդ, 182-րդ և 194-րդ հոդվածները, 200-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի «Արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարման և պահառության կարգը» կանոնակարգ 5/10-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մարտի 1-ի թիվ 44-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 272-Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարման և պահառության կարգը» կանոնակարգ 5/10-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ 84.1-րդ կետով.
«84.1. Հաշվարկային համակարգի անդամ կարող է լինել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը՝ գանձապետական պահառուի գործառույթների մասով: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համապատասխան միջնորդագրի հիման վրա Կենտրոնական դեպոզիտարիան շնորհում է սահմանափակ իրավասությամբ հաշվի օպերատորի կարգավիճակ՝ գանձապետական պահառուի գործառույթների մասով, որի լիազորությունների շրջանակը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Կենտրոնական դեպոզիտարիայի միջև կնքված պայմանագրով: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վրա՝ որպես գանձապետական պահառուի գործառույթներ իրականացնող, տարածվում են հաշվի օպերատորին վերաբերող դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով, Կենտրոնական բանկի այլ նորմատիվ իրավական ակտերով կամ Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով՝ հաշվի առնելով գանձապետական պահառուի կարգավիճակից բխող առանձնահատկությունները:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Ջավադյան |
2017 թ. մարտի 21 Երևան |