040.0193.02.03.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 2002 թվականի N 193
քաղ. Երևան
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԹԱՐԳՄԱՆՉԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը՝ թարգմանիչների որակավորման ստուգման համար ապահովել համապատասխան փորձագետներով:
3. Սահմանել, որ մինչև 2002 թվականի մայիսի 1-ը նոտարներն իրավունք ունեն որպես թարգմանիչ ընտրելու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից որակավորման վկայական չստացած թարգմանիչներին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 2-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է | |
նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու |
1. Նոտարական գործողությունների կատարման ժամանակ հայերենին չտիրապետող անձանց սպասարկել, ինչպես նաև փաստաթղթերի՝ հայերենից օտար լեզվով կամ օտար լեզվից հայերեն թարգմանություն իրականացնել ցանկացող անձանց թարգմանչի որակավորման վկայականները (այսուհետև՝ վկայական) տրվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետև՝ նախարարություն) կողմից իրականացվող թարգմանչի որակավորման ստուգում (այսուհետև՝ ստուգում) անցնելուց հետո:
Սույն կարգի համաձայն տրվում է նաև ժեստերի լեզվի թարգմանչի որակավորումը:
(1-ին կետը փոփ. 02.10.14 N 1067-Ն)
2. Վկայականներ ստանալու համար կարող են դիմել գործունակ այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և համապատասխան օտար լեզվին տիրապետելու մասին վկայական (դիպլոմ)՝ բացի ժեստերի լեզվի թարգմանչի վկայական ստանալու համար դիմածներից:
(2-րդ կետը փոփ. 02.10.14 N 1067-Ն)
3. Վկայական ստանալու և ստուգման համար դիմողը նախարարություն է ներկայացնում ՝
ա) դիմում, որտեղ պետք է նշվեն՝
դիմողի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում).
այն լեզուն (լեզուները), որով (որոնցով) դիմողն իրականացնելու է թարգմանությունը.
դիմողի բնակության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).
դիմողի գործունեության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).
բ) 2 գունավոր լուսանկար՝ 4 x 6 չափսի.
գ) անձը հաստատող փաստաթուղթ.
դ) բարձրագույն կրթության և համապատասխան լեզվին տիրապետելու մասին վկայականների (դիպլոմներ) պատճենները:
Սույն կետի «ա», «բ» և «դ» ենթակետերում նշված փաստաթղթերից կազմված՝ դիմողների անձնական գործերը վերցվում են հաշվառման և պահվում նախարարությունում:
(3-րդ կետը փոփ. 02.03.17 N 205-Ն)
4. Ստուգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետև՝ նախարար) կողմից ստեղծված հանձնաժողովը (այսուհետև՝ հանձնաժողով):
5. Հանձնաժողովը՝
ա) կազմակերպում է դիմողների ստուգման աշխատանքները.
բ) ընտրում է թարգմանության համար նախատեսվող տեքստերը, որոնք ենթակա չեն հրապարակման.
գ) որոշում է ստուգման վայրը, ժամանակը և դրա մասին հայտնում դիմողներին.
դ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և կարգավորում ստուգող ու բողոքարկման հանձնաժողովների գործունեությանն առնչվող հարցերը.
ե) քննում է դիմողների բողոքները՝ կապված ստուգման կազմակերպման հետ.
զ) ընդունում է ստուգման կազմակերպման հետ կապված այլ որոշումներ.
է) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ լիազորություններ:
6. Դիմողների որակավորումը որոշելու համար ստուգվում են հայերենին և համապատասխան օտար լեզվին (լեզուներին) տիրապետելու նրանց գիտելիքները:
7. Ստուգումները կազմակերպվում են առնվազն տարեկան մեկ անգամ: Ստուգման անցկացման օրվա, ժամի և տեղի մասին դիմողին պատշաճ ձևով տեղեկացվում է ստուգումից առնվազն 7 օր առաջ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով կարող են կազմակերպվել արտահերթ ստուգումներ:
(7-րդ կետը փոփ. 10.02.05 N 151-Ն, փոփ., լրաց. 07.04.11 N 344-Ն)
7.1. Ոչ ուշ, քան ստուգումն անցկացնելուց քսան օր առաջ նախարարությունը հրապարակում է հայտարարություն որակավորման ստուգում անցկացնելու մասին: Հայտարարությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում և նախարարության www.moj.am պաշտոնական ինտերնետային կայքէջում:
(7.1-ին կետը լրաց. 02.03.17 N 205-Ն)
8. Ստուգումն անցկացվում է դռնբաց:
(8-րդ կետը փոփ. 02.03.17 N 205-Ն)
9. Դիմողի գիտելիքների ստուգման նպատակով նրան թարգմանության համար տրվում են հայերեն և համապատասխան օտար լեզուներով տեքստեր: Դիմողն իրավունք ունի թարգմանությունները կատարելիս օգտվելու բառարաններից և համակարգչային տեխնիկայից՝ առանց համացանցից օգտվելու հնարավորության:
(9-րդ կետը լրաց. 02.03.17 N 205-Ն)
10. Ժեստերի լեզվի թարգմանչի որակավորումն ստուգվում է հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:
(10-րդ կետը փոփ. 02.10.14 N 1067-Ն)
11. Թարգմանությունների ճշտությունն ստուգում են նախարարության «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից առաջադրված՝ համապատասխան լեզվին տիրապետելու մասին փաստաթուղթ ունեցող մասնագետների ցանկից հանձնաժողովի կողմից ընտրված փորձագետները: Փորձագետի բացակայության դեպքում նախարարությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն՝ թարգմանությունների ճշտությունն ստուգելու նպատակով փորձագետների թեկնածուներ տրամադրելու համար:
(11-րդ կետը խմբ. 02.03.17 N 205-Ն)
11.1. Հայաստանի Հանրապետությունում որոշակի լեզվից թարգմանչի բացակայության դեպքում նախարարի թույլտվությամբ կարող է անցկացվել նշված լեզվից արտահերթ ստուգում:
(11.1-ին կետը լրաց. 10.02.05 N 151-Ն, 02.03.17 N 205-Ն)
11.2. Հայաստանի Հանրապետությունում որոշակի լեզվից փորձագետի բացակայության դեպքում տվյալ դիմողին հանձնաժողովի կողմից կարող է տրվել տեղեկանք` հիմք ընդունելով դիմողի կողմից ներկայացված համապատասխան լեզվին տիրապետելու մասին փաստաթղթերը
(11.2-րդ կետը լրաց. 10.02.05 N 151-Ն)
12. Փորձագետների փորձագիտական աշխատանքի դիմաց վճարում են դիմողները՝ հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և չափով:
12.1. Փորձագետներին թարգմանություններն ուղարկվում են անանուն:
(12.1-ին կետը լրաց. 02.03.17 N 205-Ն)
13. Ստուգման արդյունքները գնահատում է փորձագետը: Ստուգման արդյունքները գնահատվում են 20 միավոր համակարգով: Դրական են համարվում 17 և բարձր միավորները:
13.1. Յուրաքանչյուր առաջադրանք գնահատվում է 2 միավորով: Յուրաքանչյուր էական սխալի դեպքում աշխատանքից պակասեցվում է 1 միավոր: Յուրաքանչյուր ոչ էական սխալի դեպքում պակասեցվում է 0.5 միավոր: Էական են համարվում այն սխալները, այդ թվում՝ բառերի կամ նախադասությունների բացթողումները, որոնք կհանգեցնեն տեքստի բովանդակային փոփոխության կամ տարընկալման, քերականական, կետադրական, տեքստի ընկալման վրա ազդող շարահյուսական սխալների:
(13.1-ին կետը լրաց. 02.03.17 N 205-Ն)
14. Ստուգման ընթացակարգը չի կարող տևել մեկ ամսից ավելի, որը չի ներառում բողոքարկման գործընթացը:
15. Ստուգումների արդյունքների մասին դիմողին պատշաճ ձևով իրազեկվում է ոչ ուշ, քան ստուգման մասին փորձագիտական եզրակացությունը նախարարություն մուտք լինելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:
(15-րդ կետը լրաց. 02.03.17 N 205-Ն)
16. Ստուգմանը չներկայացած դիմողները զրկվում են տվյալ ստուգմանը մասնակցելու իրավունքից: Նրանք իրավունք ունեն մասնակցելու հաջորդ ստուգմանը:
Ստուգմանը մասնակցելուց հրաժարված դիմողներին վերադարձվում է նրանց կողմից փորձաքննության համար կատարված վճարը և ներկայացված փաստաթղթերը՝ բացի դիմումից:
17. Ստուգման արդյունքները կարող են բողոքարկման հանձնաժողով բողոքարկվել ստուգման արդյունքների ստացումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
(17-րդ կետը փոփ. 02.03.17 N 205-Ն)
18. Բողոքարկման հանձնաժողովն իրավունք չունի իջեցնելու դիմողի գնահատականը:
Եթե բողոքարկման հանձնաժողովը բավարարում է դիմողի բողոքը, ապա այդ որոշման հիման վրա դիմողի ստացած միավորները համապատասխանաբար ավելացվում են:
19. Դրական միավորներ ստացած անձանց ստուգման մասին փորձագիտական եզրակացությունը նախարարությունում մուտքագրվելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում նախարարության կողմից տրվում է որակավորման ստուգումն անցնելու մասին տեղեկանք (այսուհետ` տեղեկանք):
(19-րդ կետը խմբ. 10.02.05 N 151-Ն, փոփ. 12.01.06 N 10-Ն, խմբ. 02.03.17 N 205-Ն)
19.1. Տեղեկանքի հիման վրա թարգմանչին տրվում է թարգմանչի որակավորման վկայական՝ այն նոտարի կողմից, ով վստահություն է հայտնել թարգմանչին:
(19.1-ին կետը լրաց. 02.03.17 N 205-Ն)
19.2. Որակավորման վկայական ստանալու համար թարգմանիչը նոտարին պետք է ներկայացնի`
1) դիմում, որտեղ պետք է նշվեն`
ա. թարգմանչի ազգանունը, անունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում),
բ. այն լեզուն (լեզուները), որով (որոնցով) դիմողն ստացել է տեղեկանք,
գ. դիմողի բնակության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում),
դ. դիմողի գործունեության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).
2) յուրաքանչյուր վկայականի համար՝ երկու գունավոր լուսանկար` 4 x 6 չափսի.
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) տեղեկանքի պատճենը:
(19.2-րդ կետը լրաց. 02.03.17 N 205-Ն)
19.3. Սույն կարգի 19.2-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում թարգմանչին տրվում է որակավորման վկայական, որի մասին նոտարը նոտարական պալատի միջոցով ծանուցում է ուղարկում նախարարություն:
(19.3-րդ կետը լրաց. 02.03.17 N 205-Ն)
20. Վկայականում նշվում են`
ա) վկայական տվող մարմնի անվանումը.
բ) վկայականի համարը.
գ) վկայականը տալու օրը, ամիսը, տարեթիվը.
դ) ստուգում անցած անձի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում).
ե) այն լեզուն, որով վկայական ստացած անձն իրավունք ունի կատարելու թարգմանությունները.
զ) այն նոտարի կամ նոտարների անունները, ազգանուններն ու նոտարական տարածքները, որոնք թարգմանչին ընտրել են:
Վկայականի վրա փակցվում է ստուգում անցած անձի լուսանկարը: Վկայականը վավերացվում է թարգմանչին ընտրած նոտարի ստորագրությամբ և նրա կնիքով: Վկայականի ձևը հաստատվում է նախարարի կողմից:
(20-րդ կետը խմբ. 10.02.05 N 151-Ն, 12.01.06 N 10-Ն, փոփ., լրաց. 02.03.17 N 205-Ն)
21. Սույն կարգի համաձայն տեղեկանք տալով` նախարարությունը նոտարներին տեղեկացնում է միայն անձի որակավորման ստուգման փաստի մասին: Նոտարը պարտավոր չէ որպես թարգմանիչ ընտրել իրեն դիմած` տեղեկանք ստացած անձին:
(21-րդ կետը խմբ. 10.02.05 N 151-Ն)
22. Նոտարի կողմից տրված վկայականը չի կարող օգտագործվել այլ նպատակով, որի մասին նշում է կատարվում վկայականում:
(22-րդ կետը փոփ. 12.01.06 N 10-Ն)
23. Նախարարության կողմից վարվում է՝ տեղեկանք, ինչպես նաև վկայական ստացած անձանց էլեկտրոնային գրանցամատյան, որտեղ պետք է նշվեն՝
1) տեղեկանքի, վկայականի համարները.
2) տեղեկանքը, վկայականը տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.
3) ստուգում անցած, ինչպես նաև վկայական ստացած անձանց ազգանունը, անունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում).
4) այն լեզուն (լեզուները), որով (որոնցով) տեղեկանք ստացած, ինչպես նաև վկայական ստացած անձն իրավունք ունի կատարելու թարգմանություններ.
5) տեղեկանք ստացած, ինչպես նաև վկայական ստացած անձի բնակության և գործունեության վայրերը.
6) այն նոտարի կամ նոտարների անունները, ազգանունները, ովքեր ընտրել են թարգմանչին.
7) տեղեկություններ տեղեկանքի, ինչպես նաև վկայականի վերաձևակերպման և գործողության դադարեցման մասին։
(23-րդ կետը փոփ. 12.01.06 N 10-Ն, խմբ. 02.03.17 N 205-Ն)
24. Վկայականը տրվում է մեկ օրինակով։ Դրա կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում անձը դրա մասին դիմում է ներկայացնում նոտարին և տալիս հայտարարություն զանգվածային լրատվության միջոցներով։
Նոտարը կորած վկայականի կրկնօրինակը դիմողին տալիս է զանգվածային լրատվության միջոցով հայտարարության հրապարակման օրվանից 15 օր հետո՝ 3 օրվա ընթացքում։
(24-րդ կետը փոփ. 12.01.06 N 10-Ն)
25. Վկայականն օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում անձը նոտարին է ներկայացնում դիմում՝ վկայականի կրկնօրինակն ստանալու համար։
Նոտարը ոչ պիտանի դարձած վկայականի կրկնօրինակն անձին տալիս է նրա կողմից դիմումը ներկայացվելու օրվան հաջորդող երրորդ օրը։
(25-րդ կետը փոփ. 12.01.06 N 10-Ն)
26. Վկայականի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը։
27. Վկայական ստացած անձի անվան, ազգանվան փոփոխման դեպքում նա պարտավոր է այդ փոփոխության կատարման օրվանից սկսած 2 աշխատանքային օրվա ընթացքում դիմել նոտարին՝ վկայականում համապատասխան փոփոխություն կատարելու կամ նոր վկայական տալու համար։
Յուրաքանչյուր լեզվից որակավորման ստուգում անցնելու դեպքում թարգմանչին տրվում է նոր վկայական:
(27-րդ կետը փոփ. 12.01.06 N 10-Ն, փոփ., խմբ. 02.03.17 N 205-Ն)
28. Վկայականը տրվում է անժամկետ։
28.1. Վկայական ստացած անձանց ցանկը, այն լեզուն (լեզուները), որով (որոնցով) վկայական ստացած անձն իրավունք ունի կատարելու թարգմանություններ, վերջինիս գործունեության վայրը, այն նոտարների անունները, ազգանունները, ովքեր ընտրել են թարգմանչին, ինչպես նաև սույն կետով նախատեսված տեղեկությունների փոփոխությունները հրապարակվում են նախարարության պաշտոնական կայքէջում:
(28.1-ին կետը լրաց. 02.03.17 N 205-Ն)
29. Վկայական չստացած անձը նոր ստուգում անցնելու համար կարող է դիմել սույն կարգին համապատասխան։
30. Վկայական ստացած անձը նոտարական գործողությունների համար կարող է թարգմանություններ կատարել միայն որպես անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպության աշխատող կամ նոտարի աշխատող։
(30-րդ կետը փոփ. 12.01.06 N 10-Ն)
30.1. Վկայականը պետք է փակցվի այն ստացած անձի գործունեության իրականացման վայրում:
(30.1-ին կետը լրաց. 02.03.17 N 205-Ն)
31. Վկայականի գործողությունը դադարեցվում է հանձնաժողովի որոշմամբ՝ օրենքով նախատեսված դեպքերում:
(31-րդ կետը լրաց. 10.02.05 N 151-Ն, խմբ. 02.03.17 N 205-Ն)
32. Վկայականի գործողության դադարեցման վերաբերյալ հարցի քննարկման մասին վկայական ստացած անձին պատշաճ ձևով իրազեկվում է քննարկումից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օր առաջ՝ տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեի), օրվա ու ժամի մասին։
Հարցի քննարկմանը վկայական ստացած անձի չմասնակցելը հիմք չի հանդիսանում հարցը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե վկայական ստացած անձը չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետներում, որը կարող է բավարարվել, եթե նա հարգելի պատճառով չի կարող մասնակցել քննարկմանը։
Նշված հարցը քննարկվում է դռնբաց։
(32-րդ կետը փոփ. 02.03.17 N 205-Ն)
33. Վկայականի գործողության դադարեցման դեպքում նախարարություն է վերադարձվում վկայականը, որը կցվում է ստուգում անցած անձի անձնական գործին։
(33-րդ կետը փոփ. 12.01.06 N 10-Ն)
34. Վկայականի գործողության դադարեցման մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով։
(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 12.01.06 N 10-Ն, փոփ., լրաց. 07.04.11 N 344-Ն, փոփ. 02.10.14 N 1067-Ն, փոփ., լրաց., խմբ. 02.03.17 N 205-Ն)