ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՈԿՏՐԻՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածով` որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2007 թ. դեկտեմբերի 25 Երևան |
|
Հավելված ՀՀ Նախագահի2007 թ.ի դեկտեմբերի 25-ի ՆՀ-308-Ն հրամանագրի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՈԿՏՐԻՆ
Ն Ա Խ Ա Բ Ա Ն
Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինը (այսուհետ՝ Դոկտրին) Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության ապահովման ռազմաքաղաքական, ռազմական-ռազմավարական, ռազմատնտեսական և ռազմատեխնիկական հիմունքները ներառող պաշտոնական հայեցակետերի համախումբն է:
Դոկտրինը սահմանում է ռազմական անվտանգության ռազմաքաղաքական հիմնադրույթները, Հայաստանի Հանրապետության պաշտպանական ռազմավարությունը, ռազմական անվտանգության ապահովման համակարգը և համակցում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների՝ պետության ռազմական անվտանգության ապահովմանը նպատակաուղղված գործունեությունը:
Դոկտրինը նախանշում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի (այսուհետ՝ Զինված ուժեր) բարեփոխումների ու արդիականացման ուղղությունները հասարակական կյանքի առանձին ոլորտների զարգացմանը համընթաց` ձևավորելով Հայաստանի Հանրապետության պաշտպանական ռազմավարությունն ու ռազմական շինարարությունը կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում:
Դոկտրինը զարգացնում և մանրամասնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության (այսուհետ` Ռազմավարություն) ռազմական ոլորտին վերաբերող դրույթները: Այն հիմնվում է՝
-
տարածաշրջանային և միջազգային ռազմաքաղաքական իրադրության,
-
ռազմավարական կանխատեսումների,
-
ռազմական անվտանգության ապահովման ընթացիկ ու հեռանկարային խնդիրների,
-
ռազմական անվտանգության համակարգի պահանջների և տնտեսության իրական հնարավորությունների,
-
ռազմական անվտանգության ժամանակակից սպառնալիքների ու մարտահրավերների,
-
զինված հակամարտությունների բնույթի,
-
այս ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների և համագործակցության ընձեռած հնարավորությունների,
-
ռազմական շինարարության և ռազմական արվեստի հայրենական ու օտարերկրյա փորձի վերլուծության վրա:
Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի անվտանգության և նրա ընտրած զարգացման ուղու երաշխավորն ու աջակիցն է: Դա բխում է`
-
ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի` ժամանակակից Ադրբեջանի տարածքում (1980-90թթ. Սումգայիթում, Բաքվում և այլ վայրերում) ազգային զտումների նոր դրսևորումների ենթարկվելու իրողությունից,
-
1988-94թթ. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` օրինական և խաղաղ ճանապարհով ինքնորոշվելու ձգտմանը ռազմական ուժ հակադրելու և նրան պարտադրված պատերազմի մեջ ներքաշելու Ադրբեջանի Հանրապետության քաղաքականությունից,
-
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի Հանրապետության ձգտումներով պայմանավորված՝ մշտապես ֆիզիկական բնաջնջման վտանգի ենթակա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության անվտանգության ապահովման անհրաժեշտությունից,
-
Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ինչպես նաև նրանց բնակչության պատմատարածքային, հոգևոր-կրոնական, էթնիկ-մշակութային նույնությունից,
-
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ինքնորոշվելու փաստի քաղաքական-իրավական անխոցելի հիմքերից,
-
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ որպես ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կայացման անշրջելի իրողությունից,
-
Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության ապահովման խնդիրների փոխկապակցվածությունից ու ընդհանրական ընկալումից:
Դոկտրինն ունի պաշտպանողական բնույթ: Այն նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնարար արժեքների հետևողական պաշտպանությանը, Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության համակարգի (այսուհետ՝ Ռազմական անվտանգության համակարգ) հնարավորությունների, ինչպես նաև փոխգործակցության ընդլայնման միջոցով Ռազմական անվտանգության ապահովմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը:
Դոկտրինի իրավական հիմքերն են՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Ռազմական անվտանգության համակարգին առնչվող` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և օրենքները, Ռազմավարությունը, ինչպես նաև իրավական այլ ակտեր:
Դոկտրինի դրույթները կարող են փոփոխվել ռազմաքաղաքական իրադրության, ռազմական սպառնալիքների ու մարտահրավերների բնույթի, Ռազմական անվտանգության համակարգի շինարարության, զարգացման ու կիրառման պայմանների և Ռազմական անվտանգության համակարգի ապահովման համար անհրաժեշտ այլ գործոնների փոփոխության դեպքում, ինչպես նաև հստակեցվել և պարզաբանվել Հայաստանի Հանրապետության Նախագահի ուղերձներով և հրապարակային ելույթներով:
Դոկտրինի դրույթներն իրագործվում են պաշտպանական ռազմավարության և ռազմական պլանավորման միջոցով:
Բ Ա Ժ Ի Ն I
ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ I
ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության միջավայրը ձևավորում են ներպետական, տարածաշրջանային, արտատարածաշրջանային և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնարար արժեքների վրա ազդող գործոնները:
2. Ռազմական անվտանգության սպառնալիքները Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության վրա բացասաբար ազդող, նրա ինքնիշխան գոյության և կայուն զարգացման համար վտանգներ հարուցող պայմանների, գործոնների և գործողությունների համախումբ են և ունեն արտաքին ու ներքին բնույթ:
3. Ռազմական անվտանգության արտաքին սպառնալիքներ են`
1) Հայաստանի Հանրապետության բնակչության ֆիզիկական գոյության, պետության անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության նկատմամբ այլ պետությունների ձեռնարկած ոտնձգությունները, միջամտությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերին,
2) Լեռնային Ղարաբաղի հակամարտության առկայությունը, Հայաստանի Հանրապետության հանդեպ ռազմական գերազանցության հասնելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի Հանրապետության ձգտումները, այդ նպատակով Հայաստանի Հանրապետության և (կամ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական գործողությունների նախապատրաստումը,
3) անվերահսկելի սպառազինման և վերազինման գործընթացը, սպառազինությունների մրցավազքը, Հայաստանի Հանրապետության սահմանների մոտ զորքերի խմբավորումների ստեղծումը, տեղաբաշխումը, դրանց խոշորամասշտաբ կուտակումները և տեղաշարժը, այդ թվում` զորավարժությունների անվան տակ,
4) Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված դաշինքների ստեղծումը, ամրապնդումն ու ընդլայնումը, մասնավորապես` Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ռազմավարական դաշինքը, վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետությունը շրջափակելու քայլերը, որոնք դիտարկվում են որպես ուժի կիրառում,
5) Հայաստանի Հանրապետությանը սահմանակից պետություններում ներքաղաքական միջավայրի ապակայունացումը, ներքին բախումներն ու ռազմական գործողությունները, ինչպես նաև էթնիկական հակամարտությունները, որոնք կարող են սպառնալ Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգությանը,
6) միջազգային անվտանգության համակարգերի, տարաձայնություններ ունեցող առանձին պետությունների տեսակետների տարբերությունները, դրանց հետևանքով առկա և հնարավոր բաժանարար գծերի ձևավորման միտումները, բարեկամական ռազմաքաղաքական դաշինքների թուլացմանը կամ քայքայմանն ուղղված գործողությունները,
7) Հայաստանի Հանրապետության տնտեսական-տրանսպորտային և հաղորդակցային մեկուսացումը կամ մեկուսացման փորձերը, սահմանակից պետություններով տարանցիկ ուղիների խափանումը,
8) Հայաստանի Հանրապետության դեմ օտարերկրյա կազմակերպությունների, անօրինական զինված խմբավորումների և հատուկ ծառայությունների գործունեությունը,
9) Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների նկատմամբ հայատյացություն և ազգատյացություն սերմանող քարոզչության իրականացումը, Հայաստանի Հանրապետության մասին ապատեղեկատվության տարածմամբ և այլ միջոցներով Հայաստանի Հանրապետության նկատմամբ տեղեկատվական պատերազմի վարումը, կրոնական և էթնիկական ծայրահեղականության հրահրումը,
10) անդրազգային հանցավորությունը, այդ թվում` միջազգային ահաբեկչությունը, զանգվածային ոչնչացման զենքի, դրա բաղադրամասերի և տեխնոլոգիաների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անօրինական տարածումն ու տարանցումը:
4. Ռազմական անվտանգության ներքին սպառնալիքներ են՝
1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգը,
2) պետական կառավարման, մասնավորապես՝ Ռազմական անվտանգության համակարգի արդյունավետության նվազումը,
3) Հայաստանի Հանրապետության տարածքում անօրինական զինված խմբավորումների ստեղծումը և գործունեությունը, զենքի, ռազմամթերքի, ռազմական այլ գույքի, ինչպես նաև շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի կամ առարկաների ապօրինի ներկրումը, կուտակումը,
4) Հայաստանի Հանրապետության և Զինված ուժերի վարկաբեկմանն ուղղված գործողությունները կամ դրանց փորձը,
5) ժողովրդագրական բացասական միտումները, հատկապես՝ սահմանամերձ շրջաններում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների արտագաղթը, դրանք խթանող գործողություններն ու գործոնները,
6) Հայաստանի Հանրապետության տարածքում և սահմանամերձ շրջաններում արտակարգ իրավիճակների առաջացման սպառնալիքը կամ դրանց առաջացումը, ինչպես նաև պատերազմի հետևանքներից բնակչության պաշտպանության և տնտեսության կայունության ոչ լիարժեք ապահովումը,
7) Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության համակարգի ոչ արդյունավետ գործունեությունը և տնտեսական ցուցանիշների անկումը,
8) բարոյահոգեբանական և հայրենասիրական դաստիարակության, պետականության հանդեպ պատշաճ հարգանքի, առողջ ապրելակերպի, ընտանիքի ավանդական դերի և ազգային ինքնության աղավաղումը:
5. Ռազմական անվտանգության սպառնալիքները նվազեցնող գործոններ են`
1) ռազմական անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու ունակ Զինված ուժերը,
2) ռազմական անվտանգության բնագավառում համագործակցության մակարդակի բարձրացման համար նպաստավոր պայմաններ ստեղծող միջազգային ինտեգրման գործընթացները,
3) տարածաշրջանի պետությունների միջև զինված հակամարտությունների ու նոր սպառնալիքների հավանականության նվազեցմանը միտված գործոնները,
4) տարածաշրջանի կայունության ամրապնդմանը նպաստող` Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ), Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ), Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ), Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ), մյուս միջազգային կազմակերպությունների և առանձին պետությունների գործունեությունը:
Գ Լ ՈՒ Խ II
ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
6. Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության ապահովումը պետության կարևորագույն գործառույթներից է և ներառում է սպառնալիքների ու վտանգների ժամանակին բացահայտումն ու գնահատումը, դրանց հասունացման կանխատեսումը, կանխումը, կասեցումն ու չեզոքացումը: Հայաստանի Հանրապետությունն իր ռազմական անվտանգությունն ապահովում է իր բոլոր ուժերի, միջոցների և ռեսուրսների համընդհանուր և ամբողջական կիրառմամբ:
7. Ռազմական անվտանգության ապահովման ազգային երաշխիքը մարտունակ, արդիական սպառազինությամբ զինված, մարտական ու բարոյահոգեբանական բարձր պատրաստվածությամբ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ունակ, ռազմական անվտանգության սպառնալիքների կանխմանն ու չեզոքացմանը պատրաստ Զինված ուժերն է:
8. Ռազմական անվտանգության ապահովման միջազգային երաշխիքը Հայաստանի Հանրապետության կողմից, Ռազմավարության դրույթների հիման վրա, միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ համարժեք պարտավորությունների ստանձնումն է, ինչն արտահայտվում է միջազգային անվտանգության համակարգերի շրջանակներում և առանձին պետությունների հետ դաշնակցային և գործընկերային հարաբերությունների հաստատմամբ ու շարունակական զարգացմամբ:
9. Հայաստանի Հանրապետությունն իր ռազմական անվտանգության ապահովման նպատակով կիրառում է պետության ռազմական անվտանգության համակարգը` պետության ողջ քաղաքական, տնտեսական և ռազմական ներուժի համադրմամբ և կենտրոնացված ու նպատակաուղղված ղեկավարմամբ: Այդ համադրման հիմնական ուղիներն են`
1) պետության պաշտպանական ներուժի զարգացումը, Ռազմական անվտանգության համակարգի ու Զինված ուժերի բարեփոխումները` միտված երկրի պաշտպանունակության ամրապնդմանը, Զինված ուժերի մարտունակության բարձրացմանը, արդիականացմանը, շարունակական զարգացմանը և քաղաքացիական վերահսկման ապահովմանը,
2) պաշտպանության բնագավառում համակողմանի միջազգային համագործակցության խորացումը, միջազգային առաջատար փորձի ձեռքբերումն ու ներդրումը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ու ռազմական հզորացման,
3) ռազմական անվտանգության ապահովման համար միջազգային արդի ռազմական գիտության, ռազմական արվեստի, ռազմատեխնիկական առաջընթացի և գործնական փորձի ձեռքբերումների ուսումնասիրման հիման վրա անհրաժեշտ ուժերի, միջոցների, պաշարների ստեղծումը և նպատակային կիրառումը, ժամանակակից տեղեկատվական համակարգերի ներդրումը,
4) միջազգային և տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադրության զարգացումների վերաբերյալ ստույգ տեղեկատվության ձեռքբերումը, Հայաստանի Հանրապետության ազգային, ռազմաքաղաքական և ռազմական շահերին ու խնդիրներին այդ զարգացումների առնչության հուսալի և արդյունավետ կանխատեսումը, ռազմական սպառնալիքների բացահայտումն ու դասակարգումը, դրանց համարժեք արձագանքման նպատակով անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը, Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ու ռազմական շահերի պաշտպանության և խնդիրների լուծման ապահովումը:
Բ Ա Ժ Ի Ն II
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության պաշտպանական ռազմավարությունը (այսուհետ՝ Պաշտպանական ռազմավարություն) Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության ապահովման համար անհրաժեշտ գործունեության համակարգ է, որը ձևավորում է Հայաստանի Հանրապետության պաշտպանական քաղաքականությունը:
Պաշտպանական ռազմավարությունն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության պետական զարգացման առաջնահերթություններին համարժեք սկզբունքներով, սահմանում է Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության ապահովման անհրաժեշտությունից բխող նպատակներ և հստակեցնում դրանց իրականացման համար Ռազմական անվտանգության համակարգին առաջադրված խնդիրները:
Գ Լ ՈՒ Խ III
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
10. Հայաստանի Հանրապետությունն իր ռազմական անվտանգության ապահովումը դիտարկում է ժողովրդավարական, իրավական, մարդու և քաղաքացու իրավունքների ապահովման ու պաշտպանության վրա հիմնված պետության կառուցման, սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացման և քաղաքացիական հասարակության կայացման համատեքստում:
11. Ռազմական անվտանգության ապահովման գործում Հայաստանի Հանրապետությունն առաջնորդվում է դաշնակցային և գործընկերային իրավահավասար ու բարեկամական հարաբերությունների զարգացման, հակամարտությունների խաղաղ կարգավորման, խաղաղության և կայունության ամրապնդման, ռազմական հավասարակշռության պահպանման, համընդհանուր անվտանգության միջավայրի ձևավորման սկզբունքով:
12. Պաշտպանական ռազմավարությունը հիմնվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնարար արժեքներից բխող պետական շահերի վրա՝ նկատի առնելով միջազգային անվտանգության ապահովման առկա իրողությունները, իր, դաշնակից և գործընկեր պետությունների հավաքական շահերը, ռազմական ոլորտի համընդհանուր սկզբունքները, ինչպես նաև ստանձնած միջազգային պարտավորությունները:
13. Պաշտպանական ռազմավարությունը հիմնվում է նախահարձակ չլինելու սկզբունքի վրա և նախընտրում է ռազմական անվտանգության ապահովման, սպառնալիքների կանխարգելման ու չեզոքացման դիվանագիտական և ոչ ռազմական այլ միջոցներ: Անմիջական զինված հարձակման սպառնալիքի դեպքում Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում իրականացնելու դրա չեզոքացմանը նպատակաուղղված ռազմական գործողություններ:
14. Ռազմական անվտանգության ապահովման համար Հայաստանի Հանրապետությունը կարող է դիմել իր դաշնակից և գործընկեր պետություններին՝ նրանցից իրենց դաշնակցային և գործընկերային պարտավորությունների շրջանակներում անհրաժեշտ օժանդակություն ստանալու նպատակով:
15. Հայաստանի Հանրապետությունը հավանական գործընկերներ է համարում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնարար արժեքներին չհակասող քաղաքականություն իրականացնող բոլոր պետություններին ու անվտանգության կազմակերպություններին և պաշտպանական ռազմավարությունն իրականացնելիս հենվում է նրանց հետ ունեցած ընդհանրությունների վրա:
Գ Լ ՈՒ Խ IV
ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
16. Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության ֆիզիկական անվտանգության համար անհրաժեշտ պաշտպանական ներուժի ապահովման ռազմական նպատակներն են`
1) Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմական անվտանգության սպառնալիքների կանխարգելումն ու չեզոքացումը` օպերատիվ և կարճաժամկետ ու միջնաժամկետ պաշտպանական ծրագրերի ու պլանների մշակմամբ և իրականացմամբ,
2) ճգնաժամերի հաղթահարումը, բնական և տեխնածին աղետների հետևանքների վերացումը,
3) պայքարը միջազգային ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենքի ու դրա բաղադրամասերի, թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության և Հայաստանի Հանրապետության անվտանգությանն սպառնացող այլ հանցագործությունների դեմ,
4) Հայաստանի Հանրապետության ռազմական կարողությունների շարունակական և համակողմանի ամրապնդումն ու զարգացումը,
5) բազմակողմ և երկկողմ հավասարակշռված ռազմական համագործակցության զարգացումը,
6) բազմակողմանի զարգացած սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակության կազմակերպումը,
7) տեղեկատվական անվտանգության ապահովման արդիական համակարգերի մշակումն ու ներդրումը:
17. Ռազմական նպատակներին հասնելու պաշտպանական ռազմավարության խնդիրներն են` հուսալի պաշտպանական կարողության ապահովումը, վերակառուցումն ու արդիականացումը և ռազմական ներգրավումը:
18. Հուսալի պաշտպանական կարողությունը Հայաստանի Հանրապետության անվտանգության միջավայրի իրատեսական գնահատմամբ առկա և հնարավոր սպառնալիքներին ու վտանգներին հակազդելու, դրանց չեզոքացմանն ուղղված ռազմական գործողություններ վարելու Զինված ուժերի կարողությունների ամբողջությունն է: Հուսալի պաշտպանական կարողությունը բաղկացած է՝
1) խաղաղ ժամանակաշրջանի համար՝ երեք հիմնական բաղադրիչներից`
ա. կիրառման պլանավորում, որը ներառում է Զինված ուժերի կառուցվածքը, թվաքանակը, համալրումը, գործող և պահեստային ուժերը, ռեսուրսների կառավարումը, ռազմատեխնիկական և ռազմատնտեսական ապահովումը, ինչպես նաև զորահավաքային քաղաքականությունը,
բ. կանխարգելում և զսպում, որը ներառում է գործող և պահեստային ուժերի օգտագործմամբ Զինված ուժերի համարժեք գործողությունները,
գ. անհրաժեշտ մարտական պատրաստականություն, որը ներառում է Զինված ուժերի պատրաստության պլանավորումը.
2) պատերազմական ժամանակաշրջանի համար՝ Զինված ուժերի մասնակի կամ ամբողջական կիրառում՝ հասնելով իրավիճակի ցանկացած պայմաններում առաջադրված խնդիրների լիակատար լուծմանը:
19. Վերակառուցումը և արդիականացումը Ռազմական անվտանգության համակարգի բարեփոխումների միջոցով Զինված ուժերի առկա կարողությունների և ռազմական նպատակների իրականացման պահանջների համապատասխանեցումն է միմյանց՝ կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում: Վերակառուցումը և արդիականացումը բաղկացած են երեք բաղադրիչներից`
1) ռեսուրսների գնահատում, որը նախատեսում է Զինված ուժերի բոլոր առկա հնարավորությունների, այդ թվում՝ ռազմական, ռազմատեխնիկական և ռազմատնտեսական, գնահատումը, ներկայումս և տեսանելի հեռանկարում Հայաստանի Հանրապետության պետականության զարգացման առաջնահերթություններին և ռազմական անվտանգության ապահովման խնդիրներին դրանց համապատասխանության որոշումը,
2) կարիքների ճշգրտում, որի նպատակը Զինված ուժերի կայուն զարգացումն ապահովելու և ազգային ռազմական նպատակներն իրականացնելու համար պահանջվող կարիքների հստակեցումն է և դրանց բավարարման ձևերի ու եղանակների մշակումը,
3) բարեփոխումներ, որոնք նախատեսվում են պահանջվող ռազմական կարողություններին հասնելու համար: Այս գործընթացը ներառում է կառավարման, օպերատիվ, մարտական և բոլոր տեսակի աջակից կառույցների զարգացումը, որոնք կլինեն առավել արդյունավետ, արդիական, շարժունակ, ճկուն և կունենան բացազատման ու կիրառման բարձր կարողություններ:
20. Ռազմական ներգրավումը միջազգային անվտանգության ապահովմանը նպատակաուղղված անվտանգության տարբեր կառույցների և միջազգային ուժերի գործողություններին Զինված ուժերի մասնակցության ընդլայնումն է, որի նպատակը միջազգային անվտանգության մեջ Հայաստանի Հանրապետության մասնաբաժնի լիակատար ստանձնումն է և միջազգային անվտանգության համակարգերի ներգրավումը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործում: Ռազմական ներգրավումն ունի երեք բաղկացուցիչներ`
1) ռազմական համակողմանի համագործակցություն, որը կծառայեցվի Զինված ուժերի բազմակողմանի հնարավորությունների ստեղծմանը, իսկ Ռազմական անվտանգության համակարգի բարեփոխումների իրականացման գործում կիրառելի կդարձնի այդ համագործակցության ընձեռած հնարավորությունները,
2) փոխգործակցության հնարավորությունների ընդլայնում, որի նպատակը միջազգային համատեղ և միացյալ գործողությունների մասնակցելու ունակ ստորաբաժանումների ստեղծումն է,
3) օպերատիվ համագործակցություն, որի նպատակը Զինված ուժերի համատեղելի ստորաբաժանումների մասնակցությունն է միջազգային կայունության և խաղաղության ամրապնդմանն ուղղված համատեղ բազմազգ գործողություններին:
Գ Լ ՈՒ Խ V
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
21. Հայաստանի Հանրապետությունը միջազգային ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացնում է` ըստ իր ազգային անվտանգության հիմնարար արժեքների և ռազմական անվտանգության ապահովման խնդիրների, ինչպես նաև նպաստում է միջազգային անվտանգության ապահովմանը:
22. Միջազգային ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հիմնական նպատակներն են՝
1) ռազմական անվտանգության համակողմանի ապահովումը և ռազմաքաղաքական դիրքերի ամրապնդումը,
2) տարածաշրջանում Զինված ուժերի հավաքական կարողությունների, ինչպես նաև ռազմական և ռազմաքաղաքական դաշինքների հարաբերական հավասարակշռության պահպանումը,
3) Զինված ուժերի արդիականացման գործում միջազգային փորձի և օժանդակության կիրառումը,
4) Զինված ուժերի կադրերի ուսուցման և վերապատրաստման, սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով ապահովման պահանջների բավարարումը,
5) ռազմական արդյունաբերության համալիրի զարգացումը և վերակառուցումը:
23. Միջազգային ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության առաջնահերթ ուղղություններն են`
1) ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ: Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետությունն ստեղծում է մշտապես գործող համատեղ ուժեր, ինչպիսին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումն է,
2) ակտիվ և գործնական մասնակցությունը Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ծրագրերին, ինչպիսիք են՝
ա. ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակումը,
բ. տարածաշրջանային սկզբունքով հավաքական անվտանգության համակարգի զարգացումը,
գ. ԱՊՀ և ՀԱՊԿ հակաօդային պաշտպանության համակարգի կատարելագործումը,
դ. ռազմատեխնիկական համագործակցությունը,
ե. ռազմական ենթակառուցվածքների զարգացումը,
զ. ռազմական կադրերի պատրաստումը և ռազմական գիտությունը,
է. միջազգային ահաբեկչության և այլ միջազգային հանցագործությունների դեմ պայքարը,
ը. երկկողմ ձևաչափով համագործակցությունը ՀԱՊԿ անդամ պետությունների հետ,
3) երկկողմ ռազմական համագործակցության զարգացումը ԱՄՆ-ի հետ՝ պաշտպանական բարեփոխումների իրականացման, փոխգործակցելի ստորաբաժանումների ստեղծման, միջազգային կայունացման և խաղաղապահ գործողություններին մասնակցության ուղղությամբ,
4) համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության և նրա անդամ գործընկեր պետությունների հետ՝ Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: ՆԱՏՕ-ի հետ հեռանկարային և պատշաճ մակարդակի հարաբերություններ զարգացնելու և փոխգործակցության կարողություններն ընդլայնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը ՆԱՏՕ-ի հետ իրականացնում է «Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը», մասնակցում է ՆԱՏՕ-ի «Պլանավորման և վերանայման գործընթացին» և երկկողմ ռազմական համագործակցության ծրագրեր իրականացնում ՆԱՏՕ-ի անդամ գործընկեր պետությունների հետ,
5) համագործակցությունը տարածաշրջանային և արտատարածաշրջանային այն պետությունների հետ, որոնց քաղաքականությունը չի հակասում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնարար արժեքներին,
6) միջազգային համագործակցությունը հատկապես սպառազինությունների վերահսկման բնագավառում ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի շրջանակներում:
Բ Ա Ժ Ի Ն III
ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Գ Լ ՈՒ Խ VI
ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
24. Ռազմական անվտանգության համակարգը Հայաստանի Հանրապետության պետական լիազորված մարմինների ու պաշտոնատար անձանց, Զինված ուժերի և ռազմարդյունաբերական համալիրի, ռազմական անվտանգության խնդիրների լուծման համար նախատեսված հաստատությունների և կազմակերպությունների ամբողջությունն է: Այն իրականացնում է ռազմական անվտանգության ապահովմանը նպատակաուղղված համալիր գործունեություն, որը ներառում է՝
1) Զինված ուժերը, Հայաստանի Հանրապետության տարածքը, հասարակությունը և տնտեսությունը պաշտպանության նախապատրաստող քաղաքական, ռազմական, տնտեսական, տեղեկատվական, սոցիալական, իրավական և այլ միջոցներ ու միջոցառումներ,
2) ռազմական անվտանգության միջազգային երաշխիքների ապահովման մեխանիզմների կիրառում:
25. Ռազմական անվտանգության համակարգի ղեկավարման և կառավարման համար պատասխանատու պետական մարմինների խնդիրներն ու գործառույթները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով:
26. Պաշտպանության բնագավառում պետական մարմինների գործունեությունը համակարգում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
27. Զինված ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ որպես Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ իր լիազորությունների շրջանակներում: Զինված ուժերի անմիջական ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:
28. Ռազմական անվտանգության համակարգի նյութական պաշարների կուտակումն ու պահպանումը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատած պետական և զորահավաքային պահուստի ստեղծման պլանին և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած զորահավաքային նախապատրաստության ծրագրին համապատասխան:
29. Հայաստանի Հանրապետությունը պաշտպանության նախապատրաստելու՝ Ռազմական անվտանգության համակարգի գործունեությունն իրականացվում է Զինված ուժերը, տարածքը, հասարակությունը և տնտեսությունը նախապատրաստող, ինչպես նաև ռազմական անվտանգության միջազգային երաշխիքների ստեղծման համապետական գործողությունների միջոցով:
30. Զինված ուժերի նախապատրաստումը ներառում է`
1) Զինված ուժերի հետագա կատարելագործումը, անձնակազմով, սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով համալրումը, նյութական պաշարների ստեղծումը,
2) անհրաժեշտ զորամիավորումների, միավորումների և զորամասերի ստեղծումը, դրանց նպատակահարմար տեղաբաշխումը և մարտունակության, մարտական ու զորահավաքային պատրաստականության ապահովումը, օպերատիվ և ռազմավարական պլանավորումը,
3) զորքերի ղեկավարման կազմակերպումը, զորքերի և դրանց ղեկավարման օղակների օպերատիվ, մարտական և զորահավաքային պատրաստությունը,
4) անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստությունը:
31. Հայաստանի Հանրապետության տարածքի նախապատրաստումը ներառում է`
1) տրանսպորտային հաղորդակցության ուղիների զարգացումը,
2) քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների տեխնիկական հնարավորությունների համապատասխանեցումը Զինված ուժերի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ չափանիշներին,
3) նյութական միջոցների պետական պահեստների ու պահեստարանների, քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների ստեղծումը,
4) ղեկավարման և կապի համակարգի, ինչպես նաև էներգաապահովման բազայի զարգացումը,
5) սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգման-վերականգնման կազմակերպությունների ստեղծումն ու ծավալումը,
6) բուժական հաստատությունների նախապատրաստումը,
7) ռազմավարական օբյեկտների պաշտպանության ամրապնդումը:
32. Հասարակության նախապատրաստումը ներառում է`
1) բարոյահոգեբանական կայուն վիճակը, ռազմահայրենասիրական դաստիարակությունը,
2) պահեստազորի վարժանքները, քաղաքացիական պաշտպանության համակարգի զարգացումը,
3) առողջապահության համակարգի կատարելագործումը,
4) հանրության և Զինված ուժերի միջև կապի ապահովումը, որն իրականացվում է հանրային տեղեկատվության հայեցակարգի` պաշտպանական ոլորտին վերաբերող դրույթներին համապատասխան:
33. Տնտեսության նախապատրաստումը ներառում է`
1) պետության ռազմատնտեսական և ռազմատեխնիկական քաղաքականության զարգացումը,
2) զորահավաքային նախապատրաստության ծրագրերի մշակումը,
3) տնտեսության պլանավորման համակարգումը, խաղաղ և պատերազմական ժամանակաշրջանների համար Զինված ուժերին անհրաժեշտ մարդկային, նյութատեխնիկական և ֆինանսական ռեսուրսների ապահովումը,
4) պատերազմական ժամանակաշրջանում քաղաքացիական կապի բոլոր ենթակառուցվածքների կողմից Զինված ուժերի շահերից բխող խնդիրների առաջնահերթ լուծման ապահովումը:
34. Ռազմական անվտանգության միջազգային երաշխիքների ստեղծումը ներառում է`
1) հավաքական անվտանգության համակարգերի շրջանակներում դաշնակցային և գործընկերային հարաբերությունների հաստատումն ու շարունակական զարգացումը,
2) միջազգային ռազմական անվտանգության մասնաբաժնի ստանձնումը:
Գ Լ ՈՒ Խ VII
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԶՈՐՔԵՐԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ
35. Զինված ուժերը Ռազմական անվտանգության համակարգի հիմքը կազմող պետական ռազմական կառույց է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության, պետական սահմանների անձեռնմխելիության և անվտանգության զինված պաշտպանությունը:
Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում է չեզոքություն և գտնվում է քաղաքացիական վերահսկողության ներքո:
36. Զինված ուժերը կազմակերպորեն բաղկացած են ղեկավարման կենտրոնական մարմնից, զորամիավորումներից, միավորումներից, զորատեսակներից և կենտրոնական ենթակայության զորամասերից, իսկ պատերազմական պայմաններում՝ նաև այլ զորքերից: Զինված ուժերի անձնակազմը բաղկացած է գործող անձնակազմից և պահեստազորից:
37. Այլ զորքերն են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը, ինչպես նաև այլ զինված ստորաբաժանումները, որոնց ղեկավարման և կառավարման գործառույթները խաղաղ ժամանակ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են համապատասխան գերատեսչությունները: Պատերազմական ժամանակ այլ զորքերն անցնում են Զինված ուժերի հրամանատարության օպերատիվ ենթակայության ներքո: Այլ զորքերի նյութական միջոցների զորային պաշարների կուտակման պլանավորումը, շարանումը, տեղավորումը և պահպանումն իրականացնում են համապատասխան գերատեսչությունները, իսկ պատերազմական ժամանակաշրջանի օպերատիվ պաշարներինը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:
38. Զինված ուժերի հիմնական գործառույթներն են`
1) ռազմական նպատակներն իրականացնելու համար անհրաժեշտ մարտական կարողությունների ապահովումը,
2) ազգային անվտանգության հիմնարար արժեքների պաշտպանությունը,
3) հնարավոր զինված հարձակման կանխումը, լարվածության օջախի չեզոքացումը, հրադադարի կամ հաշտության պարտադրումը՝ Զինված ուժերի մասնակի կամ լրիվ ծավալմամբ,
4) մասնակցությունը արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներին ու քաղաքացիական պաշտպանության տարհանման, որոնողափրկարարական, փրկարարական, վթարավերականգնողական և մարդասիրական միջոցառումներին,
5) ռազմական սպառնալիքների բացահայտումը և դիմակայումը դրանց,
6) սպառազինության, մարտական տեխնիկայի և նյութական ռեսուրսների անհրաժեշտ մարտական և զորահավաքային հնարավորությունների ապահովումը,
7) օպերատիվ կիրառման և զորահավաքային ծավալման պլանների կատարումը,
8) միջազգային պայմանագրերով սահմանված պարտավորությունների կատարումը, այդ թվում` մասնակցությունը միջազգային մարդասիրական և փրկարարական, խաղաղապահ և կայունացման գործողություններին,
9) դիվերսիոն-հետախուզական և ահաբեկչական գործողությունների կանխումն ու չեզոքացումը,
10) Զինված ուժերում տեղեկատվական անվտանգության ապահովումը և ապատեղեկատվական քարոզչության չեզոքացմանն ուղղված գործողությունների իրականացումը,
11) ռազմական անվտանգության համակարգի այլ խնդիրների իրականացումը:
39. Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաբաշխվում են՝ հաշվի առնելով հետևյալ գործոնները`
1) տվյալ ռազմավարական ուղղությամբ ռազմական սպառնալիքի հավանականությունը և չափերը,
2) հակառակորդի հավանական գործողությունների բնույթը և ուղղությունները,
3) տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադրությունը, հարևան պետությունների և Հայաստանի Հանրապետության փոխհարաբերությունները,
4) Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմավարական, հատուկ նշանակության օբյեկտների տեղաբաշխումը,
5) հատուկ ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների, շրջանների և միջանցքների առկայությունը,
6) անհրաժեշտ տրանսպորտային ուղիների տեղաբաշխումը,
7) տեղանքի պաշտպանիչ ու քողարկման հնարավորությունները և զորքերի շարժունակության ապահովումը,
8) զորքերի բնակեցման և կենսագործունեության ապահովման, սոցիալական և կենցաղային խնդիրների լուծման պայմանները,
9) զորահավաքային հնարավորությունները:
40. Զինված ուժերի օգտագործման հիմքն են կազմում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, միջազգային պայմանագրերը և օրենքները:
41. Զինված ուժերի օգտագործման հիմնական ձևերն են՝
1) ռազմավարական, օպերատիվ, մարտավարական և հատուկ գործողությունները,
2) սահմանադրական կարգին սպառնացող վտանգների վերացման գործողությունները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
3) դաշնակցային պարտավորություններից բխող գործողությունները,
4) միջազգային խաղաղապահ գործողությունները,
5) տարերային աղետների և այլ արտակարգ իրավիճակների ժամանակ անհրաժեշտ գործողությունները:
Գ Լ ՈՒ Խ VIII
ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
42. Ռազմատնտեսական և ռազմատեխնիկական ապահովման խնդիրն է ռազմական անվտանգության համակարգը արդիական ռազմական տեխնիկայով, սպառազինությամբ, նյութական, ֆինանսական և այլ միջոցներով ապահովելը:
43. Ռազմատնտեսական և ռազմատեխնիկական ապահովման սկզբունքներն են՝
1) Հայաստանի Հանրապետության ռազմատնտեսական և ռազմատեխնիկական կարողությունների շարունակական արդիականացումն ու կատարելագործումը՝ պետության հնարավորություններին համապատասխանող ֆինանսական, նյութական և մտավոր ներուժի արդյունավետ ներգրավմամբ և դրանց կուտակման մեխանիզմների կատարելագործմամբ,
2) ռազմական արդյունաբերության համալիրի զարգացումը,
3) սեփական գիտատեխնիկական, տեխնոլոգիական և արտադրական հենքով ռազմական արտադրության կազմակերպումը,
4) ռազմական նշանակության արտադրանքի առանձին տեսակների մշակման, արտադրության և արտաքին շուկաներ դուրս գալու համար նյութատեխնիկական, տեխնոլոգիական, տեղեկատվական հիմքերի ստեղծումը:
44. Ռազմական անվտանգության ռազմատնտեսական և ռազմատեխնիկական ապահովման հիմնական խնդիրներն են՝
1) ռազմատնտեսական և ռազմատեխնիկական ոլորտի վերակազմավորումը և զարգացման ծրագրերի մշակումը,
2) տնտեսության զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային պատրաստության համակարգի պահպանումն ու կատարելագործումը, կառավարման կայուն համակարգի ապահովումը,
3) ռազմական արդյունաբերության հիմնական ճյուղերի արդյունավետ կառավարման համակարգի ստեղծումը,
4) անհրաժեշտ ֆինանսական միջոցների և նյութատեխնիկական պաշարների ապահովումը, դրանց օգտագործման և մատակարարման արդյունավետ պլանավորումը և կառավարումը,
5) Ռազմական անվտանգության համակարգի ենթակառուցվածքների գործունեության արդյունավետ համակարգումը, փոխկապակցված և պլանավորված զարգացումը,
6) Ռազմական անվտանգության համակարգի գիտատեխնիկական, տեխնոլոգիական և արտադրական հիմքերի պահպանումը, կատարելագործումը և ընդլայնումը, նոր սերնդի առավել արդյունավետ պաշտպանական համակարգերի ստեղծումը,
7) սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների և ունեցվածքի նորոգումը, արդիականացումը և թարմացումը, ռազմական ինժեներական կառույցների շինարարության ապահովումը,
8) ռազմատեխնիկական միջոցների չափորոշման և կոդավորման համակարգի կատարելագործումը,
9) կապի և հետախուզության, ռադիոէլեկտրոնային, զորքերի կառավարման, նախազգուշացման և հակազդեցության արդյունավետ միջոցների ստեղծումը,
10) Զինված ուժերի զինծառայողների, քաղաքացիական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պայմանների բարելավումը,
11) ռազմատեխնիկական և ռազմատնտեսական ոլորտներում միջազգային պարտավորությունների կատարումը:
45. Տնտեսության զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային պատրաստության հիմնական ուղղություններն են՝
1) մարդկային ռեսուրսների պատրաստումը և բաշխումը Զինված ուժերում և տնտեսության մեջ,
2) տնտեսության կառավարման համակարգի նախապատրաստումը, ռազմական դրության ժամանակաշրջանում և պատերազմի ժամանակ կայուն գործունեությունը,
3) Զինված ուժերի զորահավաքային ծրագրերի մշակումը,
4) զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների զորահավաքային համակարգի կատարելագործումը,
5) զորահավաքային հնարավորությունների և օբյեկտների զարգացումը,
6) զորահավաքային և պետական պահուստներում նյութական պաշարների կուտակումը, թարմացումը և պահպանումը,
7) զորահավաքի և ռազմական դրության ժամանակ բնակչությանը մթերային և ոչ մթերային ապրանքներով, բժշկական սպասարկման, կապի և տրանսպորտային միջոցներով ապահովող համակարգերի նախապատրաստումը,
8) ռազմական դրության պայմաններում ֆինանսավարկային, հարկային և դրամաշրջանառության համակարգերի՝ հատուկ ռեժիմով գործունեության նախապատրաստումը,
9) տնտեսության և տեղական ինքնակառավարման մարմինների զորահավաքային պատրաստության և ռազմական դրության իրավական ռեժիմի կարգավորման մեխանիզմների ստեղծումը և կատարելագործումը,
10) ռազմական դրության ժամանակ բնակչության կենսունակությանը և կայուն գործունեությանը նպաստող տնտեսության ճյուղերի պահպանումն ու զարգացումը,
11) զորահավաքի և զորահավաքային նախապատրաստության բնագավառների իրավական կարգավորումը, ծրագրավորումը, գիտամեթոդական ապահովումը, կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը, միջազգային համագործակցությունը, պատրաստվածության վիճակի գնահատումը:
Բ Ա Ժ Ի Ն IV
ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ IX
ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
46. Ռազմական անվտանգության համակարգի բարեփոխումների նպատակը քաղաքացիական վերահսկման և պաշտպանական պլանավորման ու կառավարման ժողովրդավարական հիմնարար սկզբունքների վրա հիմնված, արդիական ռազմական պահանջներին համապատասխանող, առավել ճկուն և ժամանակակից ռազմական անվտանգության համակարգի ստեղծումն է, որն ի զորու կլինի արդյունավետորեն ապահովելու Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգությունը, պաշտպանելու ազգային անվտանգության հիմնարար արժեքներն ու ապահովելու Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումը:
47. Ռազմական անվտանգության համակարգի բարեփոխումները պետք է ապահովեն ռազմական անվտանգության ոլորտը կարգավորող օրենսդրության կատարելագործումը, Զինված ուժերում օրինականության ամրապնդումը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով և օրենքներով սահմանված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և ազատությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության ապահովման խնդիրներին համապատասխան այլընտրանքային ծառայության իրավունքի երաշխավորումը:
48. Ռազմական անվտանգության համակարգի բարեփոխումների կարևոր առաջնահերթություններ են Զինված ուժերում գործող ռազմական չափանիշների կատարելագործումը, անվտանգության ապահովման առաջատար համակարգերի և դաշնակից երկրների պաշտպանական համակարգերի ու Զինված ուժերի հետ համատեղելիության և փոխգործակցության, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակներին արագ արձագանքելու կարողությունների զարգացումը՝ ազգային խնդիրներին ծառայեցնելու և միջազգային առաքելություններ իրականացնելու նպատակով:
49. Ռազմական անվտանգության համակարգի բարեփոխումները նախատեսում են այդ համակարգի ռազմավարական վերանայման հիման վրա հայեցակարգային փաստաթղթերի մշակում, անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների և բարեփոխումների գործնական իրականացում:
50. Ռազմական անվտանգության համակարգի ռազմավարական վերանայումը Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության ապահովման համար Զինված ուժերի առկա կարողությունների ու պահանջվող կարիքների հստակեցումն է, ինչպես նաև ներկայումս ու տեսանելի հեռանկարում ռազմաքաղաքական միջավայրի փոփոխմանը դրանց համապատասխանեցումը: Ռազմական անվտանգության համակարգի ռազմավարական վերանայումը նախատեսում է`
1) Դոկտրինի նախանշած ուղղությունների համաձայն Ռազմական անվտանգության համակարգի, այդ թվում` Զինված ուժերի զարգացման ծրագրերի ու հայեցակարգերի մշակում` պաշտպանական բարեփոխումների գործընթացն ուղղորդելով առաջադրված խնդիրների կատարմանը,
2) առկա սպառնալիքների վերագնահատում և երկարաժամկետ հեռանկարում ռազմական ռազմավարության առաջնահերթությունների հստակեցում և հաստատում,
3) ընդհանուր զինապարտության վրա հիմնված պարտադիր զինվորական ծառայության միջոցով Զինված ուժերի համալրման գործող համակարգի պայմաններում պայմանագրային զինվորական ծառայության մասնաբաժնի ավելացում՝ արհեստավարժ ենթասպայական, սերժանտական, իսկ արհեստավարժ հիմունքներով կազմավորվող ստորաբաժանումներում՝ նաև արհեստավարժ շարքային կազմի ընդգրկմամբ,
4) ռազմական սպառնալիքներին դիմակայելու համար Զինված ուժերի ստորաբաժանումներից պահանջվող պատրաստականության վիճակի հստակեցում,
5) Զինված ուժերի կառուցվածքի, պատրաստականության, սպառազինությունների ու տեխնիկայի ձեռքբերման և արդիականացման առաջնահերթությունների, ռազմարդյունաբերական համալիրի և ենթակառուցվածքների զարգացման ուղղությունների, զորահավաքային և պահեստային ուժերի կարիքների սահմանում` նկատի առնելով անվտանգության միջավայրն ու առկա ռեսուրսները,
6) արդիական սպառազինությամբ ու տեխնիկայով զինված, բարձր շարժունակությամբ ու մարտունակությամբ օժտված Զինված ուժերի ստեղծում` անվտանգության սպառնալիքներին արագորեն արձագանքելու, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու և ազգային ու միջազգային տարատեսակ ռազմական առաքելություններ իրականացնելու և խնդիրներ լուծելու կարողությամբ:
51. Ռազմական անվտանգության համակարգի ռազմավարական վերանայման արդյունքում ձևավորված օրենսդրական դաշտի և հայեցակարգային փաստաթղթերի հիման վրա ըստ ոլորտների անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները`
1) Ռազմական անվտանգության համակարգի ղեկավարման ոլորտում՝ ընթացակարգերի և գործառույթների կատարելագործումը` դրանք համապատասխանեցնելով ռազմական անվտանգության համակարգի արդիականացման ծրագրերի տրամաբանությանն ու դրանից բխող խնդիրներին և պահանջներին: Ռազմական անվտանգության համակարգի ղեկավարման ոլորտի բարեփոխումը նախատեսում է`
ա. Զինված ուժերի ղեկավարման համակարգի վերանայում՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահից՝ պաշտպանության նախարար, պաշտպանության նախարարից՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետից՝ Զինված ուժերի կառուցվածքային ստորաբաժանումներ ղեկավարման սկզբունքը,
բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գործառույթների հստակեցում՝ սահմանելով պաշտպանական քաղաքականության մշակման և իրականացման, զորակոչի, պաշտպանական բյուջեի կազմման և Զինված ուժերի կենտրոնացված ապահովման հստակ լիազորություններ,
գ. Զինված ուժերի գլխավոր շտաբի գործառույթների հստակեցում՝ սահմանելով զորքերի ամբողջական, այդ թվում՝ մարտական և թիկունքային ապահովման ստորաբաժանումների օպերատիվ կառավարման, Զինված ուժերի մարտական կիրառման պլանների մշակման, խաղաղ ժամանակ բոլոր տեսակի ուժերի՝ Զինված ուժերի, Սահմանապահ զորքերի, Ոստիկանության զորքերի և այլ զինված ստորաբաժանումների պլանավորման և համադրման հստակ լիազորություններ,
դ. պաշտպանական պլանավորման մարմինների կատարելագործում,
ե. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական ծառայության բաղադրիչի ներդրում:
2) Անձնակազմի կառավարման ոլորտում՝ Զինված ուժերի կադրային պահանջարկի վերլուծության և ռեսուրսների պլանավորման հիման վրա զինվորական և քաղաքացիական անձնակազմի կառավարման արդյունավետ և թափանցիկ մեխանիզմների մշակումն ու զարգացումը: Անձնակազմի կառավարման ոլորտի բարեփոխումը նախատեսում է`
ա. զինվորական և քաղաքացիական անձնակազմի իրավունքների և պարտականությունների հստակ սահմանում,
բ. Զինված ուժերի կադրային պահանջարկի վերլուծություն, կադրային ռեսուրսների ճիշտ պլանավորում, պաշտոնների հստակ նկարագրերի սահմանում՝ ըստ կրթական, մասնագիտական և տարիքային տարբերակման,
գ. անձնակազմի պաշտոնեական առաջխաղացման, վարձատրման, սոցիալական ապահովման, զորացրման հստակ մեխանիզմների սահմանում` միասնական և թափանցիկ համակարգի ձևավորմամբ,
դ. Զինված ուժերի արդյունավետ գործունեությանն ուղղված հաստիքակառուցվածքային փոփոխությունների իրականացում,
ե. պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի համակարգում ուղղակի զինվորական գործառույթներ չիրականացնող ստորաբաժանումների համապատասխան պաշտոնները քաղաքացիական պաշտոններով փոխարինելու միջոցառումների իրականացում:
3) Պահեստազորային ոլորտում՝ ռազմական անվտանգության ապահովման գործում Զինված ուժերի պահեստազորային հնարավորությունների արդյունավետ կիրառման մեխանիզմների ստեղծումը՝ հաշվի առնելով անկայուն միջավայրում գտնվող և ռազմական սպառնալիքի ենթակա Հայաստանի Հանրապետության սահմանափակ զորահավաքային ռեսուրսները և բնակչության թվի համեմատ մեծաքանակ զինված ուժեր ունենալու անհրաժեշտությունը: Պահեստազորային ոլորտի բարեփոխումը նախատեսում է`
ա. ռազմական կարողություններով օժտված պահեստազորային ուժերի կազմավորման և կիրառման մեխանիզմների ստեղծում,
բ. պայմանագրային պահեստազորային համակարգի ներդրում:
4) Ռազմական կրթության ոլորտում՝ Զինված ուժերի համար զինվորական և քաղաքացիական կադրերի պատրաստման և վերապատրաստման ենթակառուցվածքների և ռազմական կարողությունների աստիճանական և նպատակային զարգացումը: Ռազմական կրթության ոլորտի բարեփոխումը նախատեսում է`
ա. ռազմական կրթության և կադրերի պատրաստման համակարգի կատարելագործում և զարգացում՝ օգտագործելով միջազգային առաջավոր փորձը,
բ. սերժանտների, ենթասպաների և սպաների հրամանատարական պատրաստության և շտաբային սպաների վերապատրաստման ուսումնական ծրագրերի արդիականացում՝ ներառելով նաև ժամանակակից մարտահրավերներին արձագանքելու և միջազգային գործողություններին մասնակցելու համար անհրաժեշտ հմտություններ ձևավորող և զարգացնող խաղաղապահության, ահաբեկչության դեմ պայքարի, ճգնաժամերի կառավարման, օտար լեզուների ուսուցման և այլ դասընթացներ,
գ. անձնակազմի մասնագիտական հմտությունների բարձրացման նպատակով համատեղ վարժանքներին և զորավարժություններին մասնակցություն՝ բոլոր զորատեսակների ընդգրկմամբ,
դ. Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների համար արդիական չափանիշների վրա հիմնված տարեկան կրթական և ուսումնական ծրագրերի մշակում և ուսումնական գործընթացի համապատասխանեցում այդ չափանիշներին, գնահատման չափանիշների կատարելագործում,
ե. քաղաքացիական կադրերի՝ ռազմական ոլորտում ծառայության համար անհրաժեշտ վերապատրաստման ծրագրերի և ընթացակարգերի մշակում ու ներդրում,
զ. պահեստազորայինների և զորակոչիկների նախազորակոչային պատրաստության ուսումնական ծրագրերի մշակում և իրականացում:
5) Պաշտպանական պլանավորման և բյուջետավորման ոլորտում՝ Զինված ուժերի քանակական և որակական չափանիշների սահմանման, կարիքների գնահատման, ինչպես նաև այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների պլանավորման առավել թափանցիկ և արդյունավետ համակարգի ստեղծումը: Պաշտպանական պլանավորման և բյուջետավորման ոլորտի բարեփոխումը ներառում է`
ա. պաշտպանական պլանավորման օղակի կատարելագործում՝ պետության սոցիալ-տնտեսական զարգացման մակրոտնտեսական կանխատեսումների հիման վրա ծրագրային-նպատակային մեթոդների կիրառմամբ ռազմական կարիքների գնահատման, պլանավորման և ֆինանսավորման համակարգի ստեղծման համար անհրաժեշտ կարողությունների զարգացում,
բ. համապատասխան բյուջետային քաղաքականության իրականացում, որը, զուգակցվելով ռազմական և ռազմատեխնիկական բնագավառում միջազգային համագործակցության շրջանակներում իրականացվելիք միջոցառումների հետ, կապահովի Զինված ուժերի ֆինանսական և նյութատեխնիկական կարիքների բավարարումը,
գ. հաշվեքննական և հաշվապահական ընթացակարգերի արդիականացում,
դ. ռեսուրսների առավել նպատակային և արդյունավետ օգտագործման ու քաղաքացիական վերահսկողության եղանակների բարելավում:
6) Թիկունքային ապահովման ոլորտում՝ Զինված ուժերի հուսալի, ճկուն, տնտեսապես շահավետ, արագ մատակարարումների և ծառայությունների մատուցման ապահովումը: Թիկունքային ապահովման ոլորտի բարեփոխումը ներառում է`
ա. կենտրոնացված թիկունքային երկարաժամկետ պլանավորման հայեցակարգի և մեխանիզմների մշակում, որն օպերատիվ մակարդակում պետք է իրականացվի ապակենտրոնացմամբ և լինի վերահսկելի,
բ. թիկունքային կառավարման հրահանգների ու տեխնիկական ուղեցույցների լրամշակում և արդիականացում,
գ. մատակարարման համակարգերի մշակում՝ ղեկավարման, ընդունման, պահեստավորման և հատկացման պահանջվող կարողություններով` Զինված ուժերի ստորաբաժանումների համար անհրաժեշտ մատակարարումն ու պահպանումն ապահովելու համար,
դ. պահպանման ծրագրերի մշակում` միջոցները պահպանելու, պահեստավորելու, ձևափոխելու և մարտունակ պահելու անհրաժեշտ հնարավորություններով,
ե. փոխադրման համակարգերի արդիականացում, որոնք ընդհանուր խնդիրներն ու պարտավորությունները կատարելու հարցում առնչվում են ստորաբաժանումների տեղաշարժին, անձնակազմին և նյութական միջոցներին,
զ. Զինված ուժերի ստորաբաժանումների թիկունքային ապահովման ծառայությունների արդիականացում:
7) Փոխգործակցելիության ընդլայնման ուղղությամբ՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դաշնակցային պարտավորությունները և միջազգային անվտանգության ապահովման իր մասնաբաժինը լիարժեքորեն ստանձնելու համար տարբեր անվտանգության համակարգերի և առանձին պետությունների հետ համատեղելի ուժերի, այդ թվում՝ միջազգային անվտանգության և կայունության գործողություններին մասնակցելու կարողությամբ արագ արձագանքման խաղաղապահ բրիգադի կազմավորումը և զարգացումը:
Գ Լ ՈՒ Խ X
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
52. Դոկտրինի սկզբունքներն ու տեսակետները որոշակիացվում և առարկայացվում են ռազմական անվտանգության ապահովմանն առնչվող պլանավորման փաստաթղթերով և համապատասխան իրավական ակտերով:
53. Դոկտրինը կենսագործվում է Ռազմական անվտանգության համակարգի բոլոր միավորների, պետական կառավարման մարմինների, կազմակերպությունների և հասարակության՝ Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության ապահովմանը նպատակաուղղված գործունեության միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
54. Դոկտրինի դրույթներն արտացոլում են Ռազմական անվտանգության համակարգի բարեփոխումների ժամանակաշրջանն ու այդ ժամանակաշրջանին բնորոշ առանձնահատուկ նպատակները: Ռազմական անվտանգության համակարգի բարեփոխումները նախատեսվում է ավարտին հասցնել 2015 թվականին, որից հետո Դոկտրինը սկզբունքային և նպատակային վերանայման կենթարկվի:
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար |
Ա. Գևորգյան |