ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2016 թվականի N 742-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` նախարարություն) պրոբացիայի պետական ծառայությունը (այսուհետ` ծառայություն) նախարարության առանձնացված ստորաբաժանում է:
2. Ծառայությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Ծառայությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Իր գործունեության ընթացքում ծառայությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքներով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:
4. Ծառայությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Ծառայությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Ծառայության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Արշակունյաց 63:
7. Ծառայությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:
II. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
8. Ծառայության նպատակներն են`
1) քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի հնարավոր անօրինական վարքագծի կանխման ու դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունների կատարման ապահովման միջոցառումների իրականացումը` այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն ապահովելու միջոցով.
2) հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ դատական ակտով նշանակված պատժի և հարկադրանքի այլ միջոցների կատարման միջոցով սոցիալական արդարության վերականգնումը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը, իսկ պրոբացիայի անչափահաս շահառուների նկատմամբ` նաև նրանց ֆիզիկական ու հոգեկան բնականոն զարգացման ապահովումը, նրանց դաստիարակումը և այլ անձի բացասական ազդեցությունից պաշտպանությունը.
3) հասարակության անվտանգության ապահովումը` կրկնահանցագործության կանխարգելման և կրճատման միջոցով.
4) պրոբացիայի շահառուի և տուժողի (տուժողի իրավահաջորդի) հաշտեցումը.
5) քրեական արդարադատության իրականացմանն աջակցությունը:
9. Ծառայության խնդիրներն են`
1) քրեական վարույթի ընթացքում «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կատարումը.
2) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և դատարանի կիրառած հարկադրանքի այլ միջոցների կատարումը.
3) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և այլընտրանքային խափանման միջոցների կատարման անհատական պլանավորումը` գնահատելով ռիսկերն ու հաշվի առնելով պրոբացիայի շահառուի կարիքները.
4) պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ պրոբացիայի շահառուի մասին խորհրդատվական զեկույցների տրամադրումը.
5) պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ սահմանված վերահսկողության իրականացումը.
6) պրոբացիայի շահառուի և տուժողի (տուժողի իրավահաջորդի) միջև հաշտարարության իրականացումը:
III. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
10. Ծառայությունը`
1) ապահովում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կատարումը.
2) ապահովում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված անվտանգության միջոցների կատարումը.
3) ապահովում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված` ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը.
4) տրամադրում է պրոբացիայի շահառուի վերաբերյալ խորհրդատվական զեկույցներ, ներկայացնում հաշվետվություններ և միջնորդություններ.
5) իրականացնում է վերահսկողություն պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ.
6) իրականացնում է հաշտարարություն.
7) իրականացնում է վերասոցիալականացման միջոցառումներ.
8) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
IV. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
11. Ծառայության գործունեությունը կազմակերպում և ընդհանուր վերահսկողություն է իրականացնում նախարարը: Ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է ծառայության ղեկավարը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան։ Իր գործունեության ընթացքում ծառայության ղեկավարն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքներով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:
12. Ծառայության ղեկավարը հաշվետու է նախարարին, ծառայության գործունեությունը համակարգող` նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին։
13. Ծառայության ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է ծառայության ղեկավարի տեղակալներից մեկը` ծառայության ղեկավարի առաջարկությամբ:
14. Ծառայության ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինող անձին նշանակում է նախարարը:
15. Ծառայության ղեկավարը`
1) ապահովում է ծառայության բնականոն գործունեությունը և պատասխանատու է ծառայության առջև դրված խնդիրների լուծման համար.
2) ապահովում է «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև նախարարի հրամանների և ցուցումների կատարումը.
3) իր իրավասության սահմաններում ընդունում է հրամաններ, որոշումներ, տալիս է ցուցումներ.
4) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս ծառայության անունից, ներկայացնում նրա շահերը, տալիս է լիազորագրեր` ծառայության անունից հանդես գալու համար.
5) օրենքով, այլ իրավական ակտերով և հիմնադրի սահմանած կարգով տնօրինում է ծառայությանն ամրացված գույքը.
6) ծառայության անունից ներկայացնում է հաշվետվություններ.
7) ներկայացնում է ծառայությունն այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում.
8) իր իրավասության սահմաններում քննում է պրոբացիայի ծառայողների որոշումների, գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքները, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում, վերացնում, անվավեր, չեղյալ կամ ուժը կորցրած է ճանաչում ծառայության պաշտոնատար անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող, այլոց իրավունքները խախտող կամ սահմանափակող հրամանները, որոշումներն ու ցուցումները.
9) ներկայացնում է միջնորդություն ծառայությունում քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձին խրախուսանքի կամ կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
10) նախարարին ներկայացնում է առաջարկություններ ծառայությանն առնչվող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
11) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
16. Ծառայության ղեկավարի տեղակալը`
1) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառում ծառայության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները, կատարում աշխատանքների վերլուծություն.
2) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
3) իրեն հանձնարարված բնագավառում համակարգում է զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
4) ծառայության ղեկավարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառում տիրող վիճակի մասին.
5) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառում պետական կառավարման մարմնի ղեկավարի և ծառայության ղեկավարի` սահմանված կարգով ընդունված իրավական ակտերի պահանջների պատշաճ և ժամանակին կատարումը.
6) ծառայության ղեկավարին ներկայացնում է միջնորդություն ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կամ խրախուսանքի միջոց կիրառելու վերաբերյալ.
7) իր իրավասության սահմաններում ընդունում է որոշումներ, տալիս ցուցումներ.
8) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
V. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
17. Օրենքով ծառայությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը։
18. Ծառայությունն ունի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներ։ Ծառայության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, ովքեր պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
19. Ծառայության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ |
Գ. Դումանյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
1. Ծառայության մարմիններ`
1) կենտրոնական մարմին
2) Երևանի քաղաքային մարմին
3) մարզային մարմիններ
2. Կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ`
1) կազմակերպամեթոդական բաժին
2) հաշվառման և վիճակագրության բաժին
3) առաջին բաժին
4) ընդհանուր բաժին
5) նյութատեխնիկական մատակարարման և շահագործման բաժին
3. Երևանի քաղաքային մարմնի տարածքային ստորաբաժանումներ`
1) առաջին բաժին
2) երկրորդ բաժին
3) երրորդ բաժին
4. Մարզային մարմիններ`
1) Արագածոտնի մարզային մարմին
2) Արարատի մարզային մարմին
3) Արմավիրի մարզային մարմին
4) Գեղարքունիքի մարզային մարմին
5) Լոռու մարզային մարմին
6) Կոտայքի մարզային մարմին
7) Շիրակի մարզային մարմին
8) Սյունիքի մարզային մարմին
9) Վայոց ձորի մարզային մարմին
10) Տավուշի մարզային մարմին
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ |
Գ. Դումանյան |