ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2015 թվականի N 1130-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 9-րդ և 35-րդ հոդվածի 2-րդ մասերը, «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ, «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասերը, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34.1-ին, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 35-րդ հոդվածներն ու 1994 թվականի ապրիլի 15-ին Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների կնքած «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
2) որոշման N 1 հավելվածի՝
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության միջոցով վճարվող կենսաթոշակը, կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը և կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի, պատվովճարի, ամենամսյա պարգևավճարի, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի և սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների գումարները վճարելուն առնչվող հարաբերությունները, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:»,
բ. 3-րդ կետը «կենսաթոշակի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև պատվովճարի, ամենամսյա պարգևավճարի, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի և սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների» բառերով,
գ. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար կենսաթոշակառուն (անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում նրա օրինական ներկայացուցիչը) այցելում է բանկ և իր անվամբ բացում բանկային հաշիվ: Կենսաթոշակառուի պահանջով նրան տրամադրվում է բանկային հաշվի համարը հավաստող տեղեկանք՝ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը ներկայացնելու համար: Տեղեկանքում նշվում է կենսաթոշակառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթուղթը, բանկային հաշվի բացման ամսաթիվը և բանկային հաշվի համարը:»,
դ. 6-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետով.
«6.1. Սույն կարգի 6-րդ կետում նշված դիմումին կից կարող է ներկայացվել նաև սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկանքը:»,
ե. 10-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին և 10.2-րդ կետերով.
«10.1. Բանկը բանկային հաշվի պայմանագիր կնքելու համար կենսաթոշակառուից պահանջվող փաստաթղթերի ցանկը տեղադրում է բանկի պաշտոնական կայքում:
10.2. Բանկը փաստաթղթերի ընդունման պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում կնքում է կենսաթոշակառուի հետ բանկային հաշվի պայմանագիր, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ բանկի ներքին իրավական ակտերով այլ տեղեկատվություն ու դրա հետ կապված այլ ժամկետներ չեն պահանջվում, և բանկային հաշվի պայմանագիր կնքելու օրը տրամադրում է կենսաթոշակ նշանակող մարմին ներկայացվելիք տեղեկանքը:».
3) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված՝ լիազոր մարմնի և բանկի միջև կնքվող կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևի (N 2 հավելվածում) 1.1.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.1.1. կենսաթոշակ` ծառայության միջոցով վճարվող կենսաթոշակի, նաև կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի և կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարներ, պատվովճարի, ամենամսյա պարգևավճարի, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի և սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների գումար.».
4) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված՝ լիազոր մարմնի և վճարահաշվարկային կազմակերպության միջև կնքվող կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևի (N 3 հավելվածում) 2.3.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.3.2. կենսաթոշակը կենսաթոշակառուին տրամադրելու նպատակով կենսաթոշակառուի բնակության վայրի հասցե այցելել առնվազն 2 անգամ (եթե առաջին այցելության արդյունքում հնարավոր չի եղել կենսաթոշակը տրամադրել կենսաթոշակառուին).»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հոկտեմբերի 7 Երևան |