Գլխավոր տեղեկություն
Համար
N 711-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.07.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.07.01/40(1129) Հոդ.559
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.06.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2015 թվականի N 711-Ն

 

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԲՈՂՈՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ ԵՎ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՑ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ, ՀԵՏԱԳԱ ԸՆԹԱՑՔԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) տեսչական մարմինների գործունեության ոլորտում հանրությունից ստացվող բողոքների ընդունման ընդհանուր կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) տեսչական մարմինների գործունեության ոլորտում տնտեսավարող սուբյեկտներից բողոքների ստացման, հետագա ընթացքի և դրան հետևելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման հիման վրա տեսչական մարմինների կառավարման խորհուրդներն ընդունում են բողոքների ընդունման և հետագա ընթացք տալու կարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 29
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունիսի 18-ի N 711-Ն որոշման

 

Ը Ն Դ Հ Ա Ն ՈՒ Ր  Կ Ա Ր Գ

 

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԲՈՂՈՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են տեսչական մարմինների կողմից հանրությունից ստացված բողոքների ընդունման ընդհանուր կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Տեսչական մարմինը հանրությունից ընդունում և քննության է առնում տնտեսավարող սուբյեկտի գործունեության հետ կապված բողոքները:

3. Բողոքները հասցեագրվում են տեսչական մարմնին:

4. Բողոքները կարող են ներկայացվել առձեռն, էլեկտրոնային եղանակով, փոստով, ինչպես նաև կարող են փոխանցվել այլ պետական մարմիններից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով:

5. Բողոքները պետք է պարունակեն դրանք ներկայացնող անձի (անձանց) վերաբերյալ առնվազն հետևյալ տեղեկատվությունը`

1) անուն, ազգանուն.

2) հասցե.

3) հետադարձ կապի միջոց (էլեկտրոնային փոստ կամ հեռախոսահամար).

4) անձը հաստատող փաստաթղթի տվյալներ:

6. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված բողոքներն ուսումնասիրվում են ըստ դրանց բովանդակության:

7. Անանուն և կեղծ բողոքներին ընթացք չի տրվում:

8. Ուսումնասիրության արդյունքների հիման վրա տեսչական մարմինը դիմումն ստանալու պահից 30-օրյա ժամկետում պատասխանում է բողոք ներկայացնող անձին և որոշում է ընդունում ուսումնասիրության արդյունքում ստացված տեղեկատվությունը տվյալ տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնության հաշվարկում ներառելու վերաբերյալ:

9. Հանրության կողմից տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ բողոքների ներկայացումը հիմք չէ ըստ անհրաժեշտության ստուգումներ անցկացնելու համար` առանց հետագա դիտարկման:

10. Բողոքները վերլուծվում, դիտարկվում և օգտագործվում են ռիսկերի կառավարման համար:

11. Եթե տնտեսավարող սուբյեկտի գործունեության հետ կապված բողոքը պարունակում է տվյալ տնտեսավարողի կողմից օրենսդրության խախտման մասին վկայող տեղեկատվություն, որը համապատասխանում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 2-րդ կետին, ապա տեսչական մարմինը բողոքին ընթացք է տալիս «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

12. Տնտեսավարող սուբյեկտի գործունեության հետ կապված բողոքները վերլուծվում են տեսչական մարմնի կողմից և ամփոփվում համապատասխան ոլորտի ռիսկերը՝ տնտեսավարող սուբյեկտների անհատական ռիսկերը գնահատելու, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնության աստիճանը որոշելու գործընթացում:

13. Տեսչական մարմինը վարում է ստացված բողոքների վերաբերյալ վիճակագրություն և յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո քսանօրյա ժամկետում հաշվետվություն է ներկայացնում իր կառավարման խորհրդին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունիսի 18-ի N 711-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՑ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ, ՀԵՏԱԳԱ ԸՆԹԱՑՔԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են տեսչական մարմինների կողմից տնտեսավարող սուբյեկտներից բողոքների ստացման, հետագա ընթացքի և դրան հետևելու հետ կապված հարաբերությունները:

2. Տնտեսավարող սուբյեկտներից տեսչական մարմնի ծառայողի (ստուգում իրականացնող անձի) գործողությունների կամ անգործության, ստուգում անցկացնելու հետ կապված բողոքներ (այդ թվում՝ ստուգման ակտի բողոքարկում) ներկայացվելու դեպքում տեսչական մարմինը տնտեսավարող սուբյեկտին ուղղորդում է լրացնելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 311-Ն որոշման N 3 հավելվածով հաստատված տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքը:

3. Սահմանված կարգով լրացված դիմում-բողոքը տեսչական մարմինը մեկօրյա ժամկետում ներկայացնում է տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի քննությանը:

4. Դիմում-բողոքն ընդունող տեսչական մարմինը տեղեկացնում է այն ներկայացնող անձին բողոքը տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովին փոխանցելու և դրան հետագա ընթացք տալու կարգի վերաբերյալ:

5. Տեսչական մարմինն իրականացնում է միասնական բողոքարկման հանձնաժողովի կողմից տնտեսավարող սուբյեկտի բողոքը բավարարելու վերաբերյալ ընդունած որոշման վերլուծություն և հաշվի է առնում այն տեսչական մարմնի ծառայողի գործունեության կատարողականի գնահատման գործընթացում, ինչպես նաև տեսչական մարմնի որակի բարելավման միջոցառումներում:

6. Տեսչական մարմինը վարում է ստացված բողոքների վերաբերյալ վիճակագրություն և յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո քսանօրյա ժամկետում հաշվետվություն է ներկայացնում իր կառավարման խորհրդին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան