ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2015 թվականի N 522-Ա
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ Հայաստանի ՀանրապետութՅան ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿոՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Համաձայնություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 29 Երևան |
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, այսուհետ՝ Ռուսական Կողմ և Հայաստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ՝ Հայկական Կողմ, միասին այսուհետ՝ Կողմեր,
երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման նպատակով,
«Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» 2003թ. հունվարի 17-ի համաձայնագրի իրականացումն ապահովելու նպատակով,
«Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին 2013թ. հունիսի 25-ի պայմանագրի» իրականացումն ապահովելու նպատակով՝
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Վարկի գումարը և նպատակը
1. Ռուսական Կողմը Հայկական Կողմին տրամադրում է մինչև 200 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար՝ համաձայն Հավելված N 1-ում նշված ցանկի (այսուհետ՝ Վարկ): Ցանկը կարող է փոփոխվել Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև փոխադարձ գրավոր համաձայնությամբ: Վարկի գծով պարտքի հաշվառումը կատարվում է ԱՄՆ դոլարով:
2. Հայկական Կողմը Վարկն օգտագործում է ռուսական ռուբլիով հաշվարկված արտադրանքի մատակարարման վերաբերյալ պայմանագրերից (այսուհետ՝ Պայմանագրեր) յուրաքանչյուրի արժեքի մինչև 90 տոկոսի ֆինանսավորման համար, որոնք կնքվում են սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան Պայմանագրերում նշված ռուսական և հայկական կազմակերպությունների միջև (այսուհետ՝ Լիազորված կազմակերպություններ):
3. Կանխավճարային վճարումները կազմում են յուրաքանչյուր Պայմանագրի արժեքի 10 տոկոսից ոչ պակասը և իրականացվում են Հայկական Կողմից հօգուտ ռուսաստանյան Լիազորված կազմակերպությունների ռուսական ռուբլիով:
Հոդված 2
Վարկի օգտագործումը
1. Հայկական Կողմը Վարկն օգտագործում է 2015-2017թ.թ. ընթացքում:
2. Վարկի յուրաքանչյուր գումարի օգտագործման ամսաթիվ (այսուհետ՝ Օգտագործման ամսաթիվ) է համարվում՝
մեկ տարուց ավելի արտադրական ցիկլով արտադրանքի մատակարարումների դեպքում՝ արտադրության ցիկլի յուրաքանչյուր փուլի ավարտը հավաստող ակտի կամ այլ փաստաթղթի ամսաթիվը, որով հաստատվում է արտադրանքի մատակարարումը և որը նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության կողմից ֆինանսավորման համար ընդունված Պայմանագրերի պայմաններով՝ համաձայն սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածով սահմանված կարգի,
այլ արտադրանքի մատակարարումների դեպքում՝ վերնագրի [կոնոսամենտի], ավիացիոն ապրանքագրի, արտադրանքի մատակարարումը հաստատող այլ փաստաթղթի ամսաթիվը և որը նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության կողմից ֆինանսավորման համար ընդունված Պայմանագրերի պայմաններով՝ համաձայն սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածով սահմանված կարգի:
3. Վարկի օգտագործման գումարը համապատասխանում է Վարկի հաշվին արտադրանքի մատակարարման համար ռուսաստանյան Լիազորված կազմակերպությունների կողմից հայկական Լիազորված կազմակերպություններին ռուսական ռուբլիով ներկայացված հաշիվների գումարին՝ հաշվարկված ԱՄՆ դոլարով Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի կողմից Օգտագործման ամսաթվից երկու օրացուցային օր առաջ սահմանված փոխարժեքով:
4. Վարկի հաշվին արտադրանքի մատակարարման համար հաշվարկների ժամանակ կիրառվում է հաշվարկների ակրեդիտիվների ձևը:
5. Վարկի օգտագործման ժամկետը լրանալիս Հայկական Կողմը 30 օրացուցային օրվա ընթացքում Ռուսական Կողմի օգտին իրականացնում է կոմիսիոն վճարում Հայկական Կողմից Վարկի չօգտագործված գումարի 1 տոկոսի չափով: Նշված վճարումը կատարվում է ռուսական ռուբլիով Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի կողմից վճարման ամսաթվից երկու օրացուցային օր առաջ սահմանված ռուսական ռուբլու նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքով, կամ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև համաձայնությամբ՝ ԱՄՆ դոլարով և ենթակա չէ Ռուսական Կողմից փոխհատուցման:
Հոդված 3
Վարկի մարումը
Հայկական Կողմը Վարկի փաստացի օգտագործված գումարը (այսուհետ՝ հիմնական պարտք) մարում է 10 տարվա ընթացքում հավասարաչափ կիսամյակային վճարումներով, յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ին և օգոստոսի 15-ին, ընդ որում, Վարկի մարման գծով առաջին վճարումը կատարվում է 2018թ. փետրվարի 15-ին:
Հոդված 4
Վարկի տոկոսները
1. Վարկի նկատմամբ տոկոսները հաշվարկվում են տարեկան 3,0 տոկոս տոկոսադրույքով (այսուհետ՝ տոկոսներ):
2. Տոկոսները հաշվարկվում են ամենօրյա կտրվածքով՝ սկսած Վարկի յուրաքանչյուր գումարի օգտագործման ամսաթվից մինչև հիմնական պարտքի վերջնական մարման ամսաթիվը ներառյալ և Հայկական Կողմից վճարվում են յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ին և օգոստոսի 15-ին: Տոկոսների գծով վերջին վճարումը կատարվում է հիմնական պարտքի գծով վերջին վճարման հետ միաժամանակ:
3. Տոկոսները հաշվարկվում են՝ ելնելով 360-օրյա տարում լրացած օրերի փաստացի քանակից (հիմք 365/360):
Հոդված 5
Ժամկետանց պարտք
1. Այն դեպքում, երբ սույն Համաձայնագրի 3-րդ և 4-րդ հոդվածներում նշված հիմնական պարտքի և (կամ) տոկոսների մարմանն ուղղված ցանկացած վճարում չի կատարվել համապատասխան վճարման ամսաթվին հաջորդող 10 օրացուցային օրվա ընթացքում, ապա այդպիսի պարտքը համարվում է ժամկետանց (այսուհետ՝ Ժամկետանց պարտք) և դրա վրա հաշվագրվում են տոկոսներ սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետում նշված վարկի դրույքի 150 տոկոսի չափով (այսուհետ՝ Ժամկետանց պարտքի տոկոսներ)՝ սկսած վերոնշյալ վճարման համապատասխան ամսաթվից մինչև դրա ամբողջական իրականացումը ներառյալ:
2. Այն դեպքում, երբ Ժամկետանց պարտքը և (կամ) Ժամկետանց պարտքի տոկոսները չմարվեն Ժամկետանց պարտքի առաջացումից 60 օրացուցային օրվա ընթացքում, Ռուսական Կողմն իրավունք ունի միակողմանիորեն դադարեցնել վարկի հետագա օգտագործումը:
3. Այն դեպքում, երբ Ժամկետանց պարտքը և (կամ) Ժամկետանց պարտքի տոկոսները չեն վճարվել 180 օրացուցային օրվա ընթացքում, սույն Համաձայնագրի համաձայն չմարված պարտքի ողջ գումարը, ներառյալ հիմնական պարտքը, տոկոսները և Ժամկետանց պարտքի տոկոսները համախմբվում են (այսուհետ՝ Համախմբված պարտք): Ռուսական Կողմն իրավունք ունի Համախմբված պարտքը հայտարարել ենթակա անհապաղ մարման:
4. Սույն հոդվածի 1-ին կետում մնշված դրույքի գծով տոկոսները հաշվագրվում են Համախմբված պարտքի վրա Համախմբված պարտքի ի հայտ գալու ամսաթվից մինչև դրա լիակատար մարման ամսաթիվը ներառյալ (այսուհետ՝ Համախմբված պարտքի տոկոսներ):
5. Ժամկետանց պարտքի տոկոսները և Համախմբված պարտքի տոկոսները հաշվագրվում են ամենօրյա հիմքով և հաշվարկվում են՝ ելնելով 360-օրյա տարում լրացած օրերի փաստացի քանակից (հիմք 365/360):
Հոդված 6
Վճարումների բաշխումը և իրականացման կարգը
1. Վարկի գծով բոլոր վճարումները, որոնք սույն Համաձայնագրի համաձայն ենթակա են կատարման Հայկական Կողմից, կատարվում են հօգուտ Ռուսական կողմի ռուսական ռուբլիով Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի կողմից յուրաքանչյուր վճարման ամսաթվից երկու օրացուցային օր առաջ սահմանված ռուսական ռուբլու նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքով, կամ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև համաձայնությամբ՝ ԱՄՆ դոլարով՝ «Банк Развития и внеэнеэкономической деятельности (Внешэкономбанк)» պետական կորպորացիայի վճարման ուղեցույցներին համապատասխան: Սույն Համաձայնագրով Հայկական Կողմից վճարային պարտավորությունների կատարման ամսաթվեր են համարվում «Внешэкономбанк»-ի կողմից նշված հաշվի վրա համապատասխան միջոցների գումարների փոխանցման ամասաթվերը:
2. Վարկի գծով բոլոր գումարները, որոնք ենթակա են վճարման Հայկական Կողմից սույն Համաձայնագրին համապատասխան, որևէ կերպ չեն հարկվում և վճարվում են առանց որևէ սահմանափակումների, նվազեցումների, մասհանումների կամ փոխհատուցման պահումների:
3. Հայկական Կողմից Ռուսական Կողմին Վարկի գծով բոլոր վճարումները բաշխվում են հետևյալ հերթականությամբ.
համախմբված պարտքի տոկոսների վճարում,
համախմբված պարտքի մարում,
ժամկետանց պարտքի տոկոսների մարում,
ժամկետանց պարտքի մարում,
վարկի գծով տոկոսների մարում,
հիմնական պարտքի մարում:
Հոդված 7
Լիազորված բանկեր
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում հաշվառման և իրականացման և հաշվարկների վարման նպատակով Ռուսական Կողմից լիազորված «Внешэкономбанк»-ը և Հայկական Կողմից լիազորված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ՝ Լիազորված բանկեր) սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան 60 օրացուցային օրվա ընթացքում կնքում են սույն Համաձայնագրի շրջանակներում հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագիր:
2. Կողմերի կողմից լիազորված բանկերը ձեռնարկում են իրենցից կախված բոլոր միջոցները սույն Համաձայնագրի շրջանակներում հաշվառման իրականացման և հաշվարկների վարման ժամանակին կատարման համար:
Հոդված 8
Պայմանագրերի հաստատումը
1. Ռուսաստանյան և հայկական լիազորված կազմակերպությունները միմյանց միջև կնքում են պայմանագրեր, որոնցում որոշվում են սույն Համաձայնագրի շրջանակներում արտադրանքի մատակարարումների ծավալները, ժամկետները և գինը: Պայմանագրերն ընդունվում են ֆինանսավորման Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությւան կողմից հաստատվելուց հետո:
2. Պայմանագրերը ֆինանսավորման ընդունելու մասին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության դիմումները, որոնք կազմված են սույն Համաձայնագրի Հավելված N 2-ով սահմանված ձևով, ուղարկվում են Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարություն:
3. Պայմանագրերը ֆինանսավորման ընդունելու մասին Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության հաստատումները կամ պայմանագրերը ֆինանսավորման ընդունելը Ռուսաստանի Դաշնության կողմից հիմնավոր կերպով մերժումները՝ կազմված սույն Համաձայնագրի Հավելվածներ N 3-ով և 4-ով սահմանված ձևով, ուղարկվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
4. Պայմանագրերում փոփոխությունները կատարվում են ռուսաստանյան և հայկական լիազորված կազմակերպությունների կողմից սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածում նշված Կողմերի լիազորված մարմինների հետ գրավոր համաձայնեցմամբ:
Հոդված 9
Կողմերի լիազորված մարմինները
Կողմերի՝ Սույն Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու լիազորված մարմիններն են.
Ռուսական Կողմից՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը և Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը,
Հայկական կողմից՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:
Հոդված 10
Գաղտնիությունը
Կողմերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները սույն Համաձայնագրի հետ կապված տեղեկատվության և գրագրության գաղտնիության ապահովման նպատակով:
Հոդված 11
Վաղաժամկետ մարումը
Հայկական Կողմն իրավասու է վաղաժամկետ մարելու փաստացի օգտագործված Վարկի ցանկացած գումար ինքնարժեքով և առանց լրացուցիչ տուրքերի պայմանով, որ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համապատասխան ծանուցումը ստացվել է այդպիսի վաղաժամկետ մարման ամսաթվից ոչ պակաս, քան 90 օրացուցային օր առաջ:
Հոդված 12
Վեճերն ու տարաձայնությունները
1. Կողմերի միջև սույն Համաձայնագրից բխող կամ դրա իրականացման հետ կապված վեճերն ու տարաձայնությունները կարգավորվում են Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
2. Տարաձայնությունները, որոնք Սույն Համաձայնագրի շրջանակներում պայմանագրերի գծով պարտավորությունների կատարման ընթացքում կարող են ծագել ռուսական և հայկական լիազորված կազմակերպությունների միջև, կարգավորվում են այդ կազմակերպությունների կողմից ինքնուրույնաբար՝ համաձայն պայմանագրերում նախատեսված պայմանների և ընթացակարգերի:
Հոդված 13
Փոփոխությունները
Սույն Համաձայնագրում փոփոխությունները կատարվում են Կողմերի համաձայնությամբ և ձևակերպվում են գրավոր:
Հոդված 14
Հավելվածները
Սույն Համաձայնագրի Հավելվածներ N 1-4-ը համարվում են դրա անբաժանելի մասը:
Հոդված 15
Ուժի մեջ մտնելը
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու վերաբերյալ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից և գործում է մինչև Կողմերի կողմից դրա դրույթներից բխող բոլոր պարտավորությունների կատարումը:
Կատարված է ք. __________-ում «____» _______________ 2015թ. երկու օրինակով, յուրաքանչյուրը ռուսերեն և հայերեն լեզուներով, ընդ որում, երկու տեքստերը հավասարազոր են: Որևէ տարընթերցումների դեպքում օգտագործվում է ռուսերեն տեքստը:
Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից |
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից |
Հավելված № 1
«Ռուսաստանի Դաշնության Կառավարության և
Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև
Հայաստանի Հանրապետության
Կառավարությանը արտահանման վարկ տրամադրելու
վերաբերյալ» Համաձայնագրի
«___» ________2015թ.
ՑԱՆԿ
Հայաստանի Հանրապետությանը մատակարարվող ռուսական արտադրության ռազմատեխնիկական նշանակության արտադրանքի
ԳԱՂՏՆԻ
«Ըստ լրացման»
Ծանոթագրություն
Ցանկը կարող է ճշգրտվել սույն Համաձայնագրի հոդված 9-ին համապատասխան արտադրանքի մատակարարման համար պատասխանատու Կողմերի լիազորված մարմինների միջև փոխադարձ համաձայնությամբ:
Հավելված № 2
«Ռուսաստանի Դաշնության Կառավարության և
Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև
Հայաստանի Հանրապետության
Կառավարությանը արտահանման վարկ տրամադրելու
վերաբերյալ» Համաձայնագրի
«___» ________2015թ.
Ռուսաստանի Դաշնության
ֆինանսների նախարարություն
ԴԻՄՈՒՄ
պայմանագրի ֆինանսավորման վերաբերյալ
Սույնով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, գործելով Հայաստանի Հանրապետության Կառավարության անունից, առաջարկում է ընդունել ֆինանսավորման «___»________20__ թ. N _______ պայմանագիրը ____________ ռուսական ռուբլու չափով՝ կնքված (ռուսական իրավասու կազմակերպության ամբողջական անվանումը և գտնվելու վայրը) և (հայկական իրավասու կազմակերպության ամբողջական անվանումը և գտնվելու վայրը) միջև` համաձայն «Ռուսաստանի Դաշնության Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև Հայաստանի Հանրապետության Կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» 2015թ. _________-ի համաձայնագրի:
Խնդրում ենք հաստատել Ռուսական Կողմի համաձայնությունը` վերոնշյալ պայմանագիրը ֆինանսավորելու ըստ նշված Համաձայնագրի:
Ամսաթիվ
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարարություն
Հավելված № 3
«Ռուսաստանի Դաշնության Կառավարության և
Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև
Հայաստանի Հանրապետության
Կառավարությանը արտահանման վարկ տրամադրելու
վերաբերյալ» Համաձայնագրի
«___» ________2015թ.
Ռուսաստանի Դաշնության
ֆինանսների նախարարություն
ՀԱՍՏԱՏՈՒՄ
պայմանագրի ֆինանսավորման վերաբերյալ
Հղում կատարելով Հայաստանի Հանրապետության կառավարության անունից գործող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսավորման պայմանագրի ընդունման մասին «___»________20____ թ-ի № ___ դիմումը` Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը, գործելով Ռուսաստանի Դաշնության Կառվարության անունից, սույնով հաստատվում է, որ __________20__ թ-ի №____ պայմանագիրը ____________ ռուսական ռուբլու չափով, կնքված (ռուսական իրավասու կազմակերպության ամբողջական անունը և գտնվելու վայրը) և (հայկական իրավասու կազմակերպության ամբողջական անվանումը և գտնվելու վայրը) միջև, ընդունվում է ֆինանսավորման` համաձայն «Ռուսաստանի Դաշնության Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև Հայաստանի Հանրապետության Կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» 2015թ. _________-ի համաձայնագրի:
Ամսաթիվ
Ռուսաստանի Դաշնության
ֆինանսների նախարարություն
Հավելված № 4
«Ռուսաստանի Դաշնության Կառավարության և
Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև
Հայաստանի Հանրապետության
Կառավարությանը պետական արտահանման
վարկ տրամադրելու
վերաբերյալ» Համաձայնագրի
«___» ________2015թ.
Ռուսաստանի Դաշնության
ֆինանսների նախարարություն
Մ Ե Ր Ժ ՈՒ Մ
պայմանագիրը ֆինանսավորելուց
Վկայակոչելով Հայաստանի Հանրապետության կառավարության անունից գործող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսավորման պայմանագրի ընդունման մասին «___»________20____ թ-ի N _____ դիմումը` Ռուսաստանի Դաշնության Կառվարության անունից գործող Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը, սույնով տեղեկացնում է, որ (մերժման պատճառը) «___»________20____ թ-ի N____ պայմանագիրը ____________ ռուսական ռուբլու չափով, կնքված (ռուսական իրավասու կազմակերպության ամբողջական անվանումը և գտնվելու վայրը) և (հայկական իրավասու կազմակերպության ամբողջական անվանումը և գտնվելու վայրը) միջև չի ընդունվում ֆինանսավորման` համաձայն «Ռուսաստանի Դաշնության Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև Հայաստանի Հանրապետության Կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» 2015թ. _________-ի համաձայնագրի:
Ամսաթիվ
Ռուսաստանի Դաշնության
ֆինանսների նախարարություն