Գլխավոր տեղեկություն
Համար
N 293-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.04.2015-14.01.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.07.15/23(297) Հոդ.204
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.06.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 hունվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005230

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

8 հունիսի 2005 թ.

 N 293-Ն

 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Մասնագիտացված անձանց կողմից հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթղթերի տրամադրման կարգը»` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի հոկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից հաճախորդներին տրամադրվող անդորրագրերի և դրանց պարտադիր վավերապայմանների մասին» թիվ 259 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի օգոստոսի 1-ից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2002 թ. հունիսի 10
Երևան

 

 

 

Հավելված 1
 

 

 Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2005 թվականի հունիսի 8-ի
թիվ 293-Ն որոշմամբ

 

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առք ու վաճառքի կանխիկ գործառնություններ իրականացնող մասնագիտացված անձանց կողմից արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթղթերը (այսուհետև` անդորրագիր) հաճախորդներին տրամադրելու կարգը և ձևը, ինչպես նաև անդորրագրերի նվազագույն վավերապայմանները:

(1-ին կետը փոփ. 17.04.07 N 120-Ն)

2. Սույն կարգի իմաստով մասնագիտացված անձ են համարվում «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված անձինք՝ բացառությամբ արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացնողների:

(2-րդ կետը լրաց. 17.04.07 N 120-Ն)

3. (3-րդ կետը փոփ. 12.09.06 N 536-Ն, ուժը կորցրել է 17.04.07 N 120-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՆԴՈՐՐԱԳՐԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

4. Մասնագիտացված անձանց կողմից հաճախորդներին տրամադրվող արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հաստատող անդորրագիրը առնվազն պետք է պարունակի հետևյալ վավերապայմանները (տեղեկատվությունը).

ա) մասնագիտացված անձի անվանումը (մասնաճյուղերի կողմից իրականացվող գործարքների դեպքում նաև մասնաճյուղի անվանումը),

բ) մասնագիտացված անձի (մասնաճյուղերի կողմից իրականացվող գործարքների դեպքում` մասնաճյուղի) գտնվելու վայրը,

գ) մասնագիտացված անձի լիցենզիայի համարը,

դ) հարկ վճարողի հաշվառման համարը,

ե) հերթական համարը,

զ) համակարգչի գրանցման համարը,

է) գործարքի կատարման ամսաթիվը և ժամը,

ը) գործարքի տեսակը («արտարժույթի առք» կամ «արտարժույթի վաճառք»),

թ) գործարքի փոխարժեքը ՀՀ դրամով,

ժ) գնված գումարը (գումարը թվերով և բառերով), արժույթը (արտարժույթի կոդ),

ժա) վաճառված գումարը (գումարը թվերով և բառերով), արժույթը (արտարժույթի կոդ),

ժբ) հաճախորդի անունը, ազգանունը (իրավաբանական անձանց ներկայացուցիչների համար նաև կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը և կազմակերպության դրոշմակնիքը),

ժգ) հաճախորդի անձը հաստատող փաստաթղթի տվյալները,

ժդ) հաճախորդի ստորագրությունը,

ժե) կատարողի/աշխատակցի ստորագրությունը և/կամ մասնագիտացված անձի դրոշմակնիքը:

5. Սույն կարգի 4-րդ կետի «ժբ», «ժգ» և «ժդ» ենթակետերով սահմանված տեղեկատվության առկայությունը անդորրագրերի վրա պարտադիր է չորս հարյուր հազար դրամ գումարը գերազանցող առք ու վաճառքի գործառնությունների համար, իսկ փոխանակման կետերի և վարկային կազմակերպությունների կողմից իրականացվող արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների դեպքում` մեկ հարյուր հազար դրամ գումարը գերազանցող գործառնությունների համար: Ընդ որում սույն կարգի 4-րդ կետի «ժդ» ենթակետի պահանջը կհամարվի բավարարված նաև այն դեպքում, եթե բացակայում է անդորրագրի ձևաթերթիկի «հաճախորդի ստորագրություն» դաշտը, սակայն անդորրագրի վրա առկա է հաճախորդի ստորագրությունը:

(5-րդ կետը փոփ.12.09.06 N 536-Ն, խմբ. 12.03.15 թիվ 49-Ն)

6. Սույն կարգի 4-րդ կետում նշված վավերապայմաններից բացի մասնագիտացված անձինք կարող են իրենց ներքին ակտերով սահմանել անդորրագրերի լրացուցիչ վավերապայմաններ:

6'. Չի թույլատրվում արժութային գործարքը բաժանել երկու կամ ավելի մասերի՝ սույն կարգով նախատեսված պահանջներից խուսափելու կամ դրանք չկատարելու նպատակով: Արժութային վերահսկողություն իրականացնելու ընթացքում բաժանված գործարքները կարող են դիտարկվել որպես մեկ գործարք:

(6'-ին կետը լրաց. 12.09.06 N 536-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԱՆԴՈՐՐԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ

 

7. Մասնագիտացված անձը պարտավոր է հաճախորդին տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի յուրաքանչյուր գործարքի կատարման վերաբերյալ անդորրագիր:

8. Անդորրագրերը պետք է կազմվեն էլեկտրոնային եղանակով` համակարգիչների կամ հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով: Ընդ որում, սույն կարգի 4-րդ կետի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է» ենթակետերով սահմանված տվյալների առկայությունը անդորրագրում մասնագիտացված անձի համակարգչային ծրագիրը կարող է ապահովել ավտոմատ կերպով (ենթակա չէ մուտքագրման արտարժույթի առք ու վաճառքի յուրաքանչյուր գործառնություն իրականացնելիս): Անդորրագրի հերթական համարը, համակարգչի գրանցման համարը, գործարքի կատարման ամսաթիվը և ժամը պետք է ֆիքսվեն համակարգչի կողմից և ենթակա չլինեն փոփոխման:

9. Արտարժույթի առք ու վաճառքի գործարքի փոխարժեքը ՀՀ դրամով կարող է մուտքագրվել համակարգ կամ փոփոխվել միայն մասնագիտացված անձի լիազորված աշխատակցի կողմից, ընդ որում` բանկերի, օտարերկրյա բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի և վարկային կազմակերպությունների դեպքում սույն կետով նշված լիազորված աշխատակիցը չպետք է հանդիսանա հաճախորդին սպասարկող աշխատակից:

10. Արտարժույթի առք ու վաճառքի գործարքը իրականացնելիս մասնագիտացված անձի աշխատակցի կողմից անհրաժեշտ տվյալները մուտքագրվում են համակարգ և այնուհետև անդորրագիրը տպվում է երկու օրինակից:

11. Անդորրագրի մեկ օրինակը պետք է տրամադրվի հաճախորդին:

12. Արտարժույթի առք ու վաճառքի կանխիկ գործառնությունների իրականացման ժամանակ անդորրագրի օրինակը պետք է տրամադրվի հաճախորդին նախքան վաճառված կանխիկի տրամադրումը, կամ առնվազն կանխիկի հետ միաժամանակ:

13. Անդորրագրի երկրորդ օրինակը պահպանվում է լիցենզավորված անձի մոտ թղթային և (կամ) էլեկտրոնային տարբերակով` լազերային կրիչի վրա` 3 տարի ժամկետով` բացառությամբ փոխանակման կետերի և արժութային դիլերների: Փոխանակման կետերի և արժութային դիլերների մոտ անդորրագրերի երկրորդ օրինակը պահպանվում է թղթային և (կամ) էլեկտրոնային տարբերակով` լազերային կրիչի վրա` 1 տարի ժամկետով:

(13-րդ կետը փոփ. 06.06.06 N 226-Ն, խմբ. 18.09.07 N 295-Ն)

(հավելվածը փոփ. 06.06.06 N 226-Ն, փոփ., լրաց. 12.09.06 N 536-Ն, 17.04.07 N 120-Ն, խմբ. 18.09.07 N 295-Ն, 12.03.15 թիվ 49-Ն)

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան