ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ՍԴ/0111/02/13 2014 թ.
դատարանի որոշում
Նախագահող դատավոր` Ա. Խառատյան
Դատավորներ` |
Ա. Պետրոսյան |
Կ. Չիլինգարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Տ. Պետրոսյանի | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ե. Սողոմոնյանի | ||
|
2014 թվականի դեկտեմբերի 26-ին |
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Արմեն Խուրշուդյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության 13.03.2013 թվականի թիվ 627-Ա հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում և բռնագանձել միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս․ Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 15.11.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 20.02.2014 թվականի որոշմամբ Արմեն Խուրշուդյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 15.11.2013 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 51-րդ, 53-րդ, 219-րդ, 221-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ մի շարք ապացույցներով՝ Ընկերության մարդկային ռեսուրսների մենեջեր Լիաննա Հայրապետյանի 13.03.2013 թվականի զեկուցագրով, Ընկերության մարդկային ռեսուրսների աշխղեկ Մարիաննա Հովհաննիսյանի 12.03.2013 թվականի գրավոր հայտարարությամբ և վերջիններիս՝ դատարանում տրված ցուցմունքներով ապացուցվել է այն փաստը, որ 13.03.2013 թվականի հրամանն արձակելուց մեկ օր առաջ Ընկերության մարդկային ռեսուրսների մենեջեր Լիաննա Հայրապետյանն Արմեն Խուրշուդյանից պահանջել է մինչև հաջորդ օրը գրավոր բացատրագիր ներկայացնել, սակայն վերջինս այն չի ներկայացրել: Կարգապահական տույժի կիրառման կարգը սահմանող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն՝ մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է պահանջի գրավոր բացատրություն, ինչը սահմանված ժամկետում չներկայացնելու պարագայում կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը վերոհիշյալ ապացույցները համարել է անթույլատրելի, սակայն չի պատճառաբանել, թե ինչու:
Վերաքննիչ դատարանն անտեսել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի պահանջն առ այն, որ տեղեկությունը հաստատելու համար բավարար է նշված հոդվածով թվարկված ապացույցներից որևէ մեկի առկայությունը, և տվյալ դեպքում ցուցմունքով կամ միայն վկայի ցուցմունքով փաստական հանգամանքներ հաստատելու արգելքներ չկան:
Վերաքննիչ դատարանը խախտել է վերաքննության սահմանները՝ արձանագրելով, որ Դատարանը քննության առարկա չի դարձրել, թե արդյոք հրամանն արձակելուց մեկ օր առաջ բացատրություն պահանջելը կարող է գնահատվել բացատրություն ներկայացնելու համար ողջամիտ ժամկետի տրամադրում: Վերաքննիչ դատարանի նման եզրահանգումն արդյունք է գործում առկա ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չհետազոտելու: Այսպես, վկաների ցուցմունքներով հաստատվում է, որ Ընկերությունն Արմեն Խուրշուդյանից պահանջել է գրավոր բացատրագիր և այն ներկայացնելու համար տրամադրել է ողջամիտ ժամկետ: Ժամկետի ողջամտության առումով առկա է ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի թիվ ԵԿԴ/0313/02/09 գործով կայացված որոշումը, ըստ որի՝ անգամ աշխատանքից ազատման հրամանն արձակելու միևնույն օրը բացատրագիր պահանջելը բացատրագիր ներկայացնելու համար ողջամիտ ժամկետի տրամադրում է:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.02.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 15.11.2013 թվականի վճռին։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Արմեն Խուրշուդյանը 01.06.2010 թվականից աշխատել է Ընկերության Շահումյանի անվան հանքում` որպես վերապատրաստվող ապարաբարձիչի մեքենավար, իսկ 01.06.2011 թվականից` որպես ապարաբարձիչի մեքենավար (հատոր 1-ին, գ.թ. 6-7):
2) Թիվ 31 ամբարձիչ մեքենայի չափման-ստուգման գործընթացի արձանագրության համաձայն՝ 12.03.2013 թվականին հանձնաժողովի կողմից կատարվել է թիվ 31 ապարաբարձիչ մեքենայի վառելիքի ծախսի չափագրում (հատոր 1-ին, գ.թ. 37):
3) Ընկերության պահակային ծառայության ղեկավարի 13.03.2013 թվականի զեկուցագրի համաձայն՝ Արմեն Խուրշուդյանի կողմից երեք ամիսների ընթացքում ցույց է տրվել 239,18 լիտր ավել դիզվառելիքի ծախս (հատոր 1-ին, գ.թ. 34):
4) Ընկերության 13.03.2013 թվականի թիվ 627-Ա հրամանի համաձայն՝ Արմեն Խուրշուդյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծվել է՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 122-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 5):
5) Ընկերության մարդկային ռեսուրսների աշխղեկ Մարիաննա Հովհաննիսյանի 12.03.2013 թվականի հայտարարության համաձայն՝ Ընկերության մարդկային ռեսուրսների մենեջեր Լիաննա Հայրապետյանն Արմեն Խուրշուդյանից պահանջել է մինչև 13.03.2013 թվականի ժամը 10:00-ը ներկայացնել գրավոր բացատրագիր՝ վերջինիս կարգապահական խախտման վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 63):
6) Ընկերության մարդկային ռեսուրսների մենեջեր Լիաննա Հայրապետյանի 13.03.2013 թվականի զեկուցագրի համաձայն՝ Արմեն Խուրշուդյանի կողմից մինչև 13.03.2013 թվականի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածը չի ներկայացվել գրավոր բացատրագիր (հատոր 1-ին, գ.թ. 64):
7) Վկաներ Ընկերության մարդկային ռեսուրսների աշխղեկ Մարիաննա Հովհաննիսյանը և Ընկերության մարդկային ռեսուրսների մենեջեր Լիաննա Հայրապետյանը դատաքննության ընթացքում ցուցմունք են տվել առ այն, որ Արմեն Խուրշուդյանին 12.03.2013 թվականին առաջարկվել է մինչև 13.03.2013 թվականը բացատրություն ներկայացնել իր կողմից թույլ տրված կարգապահական խախտման վերաբերյալ, սակայն վերջինս սահմանված ժամկետում բացատրություն չի ներկայացրել (հիմք՝ դատական նիստի արձանագրությունը, հատոր 2-րդ, գ.թ. 87-90):
8) Արմեն Խուրշուդյանի վերաքննիչ բողոքում Դատարանի վճիռը բողոքարկվել է հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում․
ա) Դատարանը սխալ է մեկնաբանել և սխալ կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, նույն օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասը, այն է՝ վիճարկվող որոշման համաձայն՝ հայցվորն Ընկերությունից շարունակաբար կատարել է գողություն, որի արդյունքում պատասխանողին հասցվել է նյութական վնաս։ Հայցվորին աշխատանքից ազատելիս Ընկերությունը ղեկավարվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և նույն օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասով։ Հայցվորն Ընկերությունից գողություն չի կատարել, հետևաբար իր հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 13.03.2013 թվականի թիվ 627-Ա հրամանն ակնհայտ ապօրինի է, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի:
բ) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ, 53-րդ հոդվածները, այն է՝ գործի նյութերով չի հաստատվում խախտման մասին հայցվորից գրավոր բացատրություն պահանջելու հանգամանքը:
գ) Դատարանի վճիռը չի հրապարակվել, բողոքարկվող վճիռը հայցվորի ներկայացուցիչը ստացել է 15.11.2013 թվականի աշխատանքային օրվա վերջում՝ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վերաքննության սահմանների և ապացույցների թույլատրելիության կանոնների պարզաբանմանը` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստերն ընդունվում են որպես հիմք, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքում վիճարկվում է այդ փաստը, և վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել: Նման դեպքերում վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստ կամ հաստատված չհամարելու ստորադաս դատարանի հաստատած փաստը, եթե առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացության: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ եթե առաջին ատյանի դատարանը հետազոտված ապացույցների հիման վրա դատական ակտում եզրակացության չի հանգել որևէ փաստի վերաբերյալ, ինչը պարտավոր էր անել, ապա վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստ, եթե առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացության:
Վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի մեկնաբանությանը, նշել է, որ Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի հաստատած փաստերը կարող է որպես հիմք չընդունել միայն այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում վիճարկվում է այդ փաստը, իսկ վերաքննիչ դատարանն էլ հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել (տե՛ս, Վարդուշ Ղազարյանն ընդդեմ Գևորգ Ղազարյանի թիվ ԼԴ/0423/02/08/370/ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը)։
Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի հաստատած փաստը կարող է հիմք չընդունել միայն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
1. երբ վերաքննիչ բողոքում վիճարկվում է այդ փաստը.
երբ վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել.
2. վերաքննիչ բողոքում առաջին ատյանի դատարանի հաստատած փաստերը չվիճարկվելու պարագայում վերաքննիչ դատարանը դրանք պետք է ընդունի որպես հիմք և իր նախաձեռնությամբ չի կարող քննարկել, առավել ևս՝ կասկածի տակ դնել այդ փաստերի հավաստիությունը:
Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, Ընկերության մարդկային ռեսուրսների աշխղեկ Մարիաննա Հովհաննիսյանի 12.03.2013 թվականի հայտարարությամբ, Ընկերության մարդկային ռեսուրսների մենեջեր Լիաննա Հայրապետյանի կողմից Ընկերության տնօրենին հասցեագրված 13.03.2013 թվականի զեկուցագրով և նշված անձանց տված ցուցմունքներով հաստատված է համարել, որ 12.03.2013 թվականին՝ աշխատանքից ազատելու հրամանն արձակելուց մեկ օր առաջ, Ընկերության մարդկային ռեսուրսների մենեջեր Լիաննա Հայրապետյանն Արմեն Խուրշուդյանից պահանջել է մինչև հաջորդ օրն իր կատարած կարգապահական խախտման վերաբերյալ գրավոր բացատրագիր ներկայացնել, սակայն սահմանված ժամկետում վերջինս այն չի ներկայացրել: Անդրադառնալով նշված փաստի հաստատման նպատակով Ընկերության վկայակոչած ապացույցներին, մասնավորապես՝ վկաների ցուցմունքների գնահատմանը, Դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում բացակայում են վկաների ցուցմունքներն անթույլատրելի կամ ոչ վերաբերելի ճանաչելու մասին օրենսդրի կողմից սահմանված հիմքերը:
Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը բեկանելով, պատճառաբանել է, որ Դատարանը քննության առարկա չի դարձրել այն հարցը, թե արդյոք հրամանն արձակելուց մեկ օր առաջ բացատրություն պահանջելը կարող է գնահատվել բացատրություն ներկայացնելու համար ողջամիտ ժամկետի տրամադրում և, բացի այդ, «իրավաչափ չէ բացատրություն պահանջելու փաստը հաստատված համարել միայն նույն Ընկերության աշխատակցի բանավոր ցուցմունքով»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը չի քննարկել գրավոր բացատրություն ներկայացնելու համար գործատուի սահմանած ժամկետի ողջամիտ լինելու հարցը, քանի որ հայցվորը վիճարկել է ոչ թե ժամկետի ողջամտությունը, այլ իրենից բացատրություն պահանջված լինելու փաստը: Վերոհիշյալ ժամկետի ողջամտության հարցի վերաբերյալ որևէ փաստարկ չի ներկայացվել նաև վերաքննիչ բողոքով:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի պահանջները, դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից՝ անհիմն կերպով քննարկման առարկա դարձնելով բացատրություն ներկայացրելու համար սահմանված ժամկետի ողջամտության հարցը:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանը բացատրություն պահանջելու փաստի հաստատմանն ուղղված ապացույցների թույլատրելիության վերաբերյալ հանգել է անհիմն հետևության՝ հետևյալ պատճառաբանությամբ․
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:
Այդ տեղեկությունները հաստատվում են`
1) գրավոր և իրեղեն ապացույցներով.
2) փորձագետների եզրակացություններով.
3) վկաների ցուցմունքներով.
4) գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վերոնշյալ հոդվածների վերլուծության հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե'ս Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, զարգացնելով նշված դիրքորոշումը, մեկ այլ որոշման շրջանակներում արձանագրել է, որ յուրաքանչյուր դեպքում որևէ ապացույցի թույլատրելիության հարցը լուծելիս դատարանները պետք է ղեկավարվեն հետևյալ կանոններով.
1) գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել բացառապես օրենքով նախատեսված ապացույցներով.
Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից, որով սպառիչ սահմանված է ապացուցման միջոցների շրջանակը: Մասնավորապես՝ գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել միայն գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների և գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:
2) Օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված թույլատրելիության նշված կանոնը ենթադրում է ապացույցի դատավարական ձևի համապատասխանությունն օրենքի պահանջներին` աղբյուրի, ստացման եղանակի, պայմանների, ինչպես նաև ապացույցի ձևակերպման տեսանկյունից:
ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ վերոնշյալ կանոնի համատեքստում ապացույցի թույլատրելիությունը պետք է դիտարկվի ոչ միայն դատավարական, այլ նաև նյութաիրավական օրենսդրության նորմերը պահպանված լինելու առումով:
3) Գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված թույլատրելիության վերոնշյալ կանոնի բովանդակությունից հետևում է, որ այն դեպքերում, երբ օրենքում կամ իրավական ակտում ուղղակիորեն նշված չէ այն ապացույցը, որով թույլատրվում է հաստատել այս կամ այն փաստը, ապա վերջինս կարող է հաստատվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ցանկացած ապացույցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված թույլատրելիության վերոնշյալ կանոնը մեկնաբանվում է հետևյալ կերպ.
- գործի հանգամանքները կարող են հաստատվել բացառապես օրենքով նախատեսված ապացույցներով, այլ ապացույցների կիրառումը բացառվում է, կամ.
- գործի հանգամանքները կարող են հաստատվել օրենքով նախատեսված ապացույցներով (անհրաժեշտ ապացույց), սակայն այլ ապացույցների վարույթ ներգրավելու հնարավորությունը սահմանափակված չէ:
Ապացույցների թույլատրելիության նշված կանոնի մասնավոր դրսևորումներից է նաև այս կամ այն ապացույցի օգտագործման արգելքը, որը նշանակում է, որ ի հավաստում գործի լուծման համար նշանակություն ունեցող որևէ հանգամանքի չի կարող ներկայացվել որևէ կոնկրետ ապացույց, եթե նյութական օրենսդրությունն արգելում է դրա օգտագործումը (տե՛ս «ՋԻ ԷՅՋ ՍԹՈՐԻՋ ԷՆԹԵՐՓՐԱՅԶՍ» ՍՊԸ-ն ընդդեմ Սևակ Արզարունու, Արտյոմ Մարտիրոսյանի թիվ ԵԿԴ/2593/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը): Ընդ որում, Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նաև նշել է, որ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածը կիրառելիս պետք է ցույց տա, թե որ հոդվածով է արգելված ապացույցի նման տեսակով նման փաստի հաստատումը (տե՛ս Վարդիթեր Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքապետարանի և մյուսների թիվ ԱՎԴ/0235/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):
Վերը նշված իրավական դիրքորոշումներից բխում է, որ նման արգելք սահմանված չլինելու դեպքում գործի հանգամանքները կարող են հաստատվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով նախատեսված ապացույցների բոլոր տեսակներով:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն՝ մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածին` իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածում նշված նորմը կրում է իմպերատիվ (պարտադիր) բնույթ, որի համաձայն` գործատուի կողմից աշխատողից խախտման մասին գրավոր բացատրություն պահանջելը պարտադիր է մինչև կարգապահական տույժի կիրառումը (տե՛ս Ալբերտ Ջանիբեկյանն ընդդեմ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/2998/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2013 թվականի որոշումը):
Վերը նշված վերլուծության լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության աշխատակիցներ Ընկերության մարդկային ռեսուրսների աշխղեկ Մարիաննա Հովհաննիսյանի և Ընկերության մարդկային ռեսուրսների մենեջեր Լիաննա Հայրապետյանի՝ գործի քննության ընթացքում որպես վկա տված ցուցմունքները սույն գործով թույլատրելի ապացույցներ են, և Ընկերության մարդկային ռեսուրսների աշխղեկ Մարիաննա Հովհաննիսյանի 12.03.2013 թվականի հայտարարության, Ընկերության մարդկային ռեսուրսների մենեջեր Լիաննա Հայրապետյանի 13.03.2013 թվականի զեկուցագրի հետ համակցության մեջ բավարար են հաստատված համարելու մինչև կարգապահական տույժի կիրառումն Արմեն Խուրշուդյանից կարգապահական խախտման վերաբերյալ բացատրություն պահանջելու փաստը` նկատի ունենալով, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածը չի պարտավորեցնում գործատուին աշխատողից խախտման մասին բացատրություն պահանջել բացառապես գրավոր ձևով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Միաժամանակ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը, բացատրություն ներկայացնելու համար տրամադրված ժամկետի ողջամիտ լինելու և բացատրություն պահանջելու փաստի հաստատմանն ուղղված ապացույցների թույլատրելիության հարցերի քննարկման արդյունքում գալով այն եզրահանգման, որ Դատարանի վճիռը ենթակա է բեկանման, այլևս չի անդրադարձել վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված Վճռաբեկ դատարանի լիազորությունը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ վերաքննիչ բողոքի մյուս հիմքերը քննության առնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.02.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 02.07.2014 թվականի որոշմամբ հետաձգված և վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գանձման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Տ. Պետրոսյան | |
Վ. Աբելյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Ե. Սողոմոնյան |