Գլխավոր տեղեկություն
Համար
N 891-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (14.02.2015-24.03.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.10.09/28(472).1 Հոդ.831
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.08.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.09.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 օգոստոսի 2013 թվականի N 891-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿՏՐՈՆՆԵՐՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1330-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման նկատմամբ հանրային հսկողության մեխանիզմներ ներդնելու, Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքներ ձեռք բերող կամ ծառայություններ ստացող ֆիզիկական անձանց կողմից հարկային վարչարարությանն օժանդակությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով բազմաֆունկցիոնալ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով վիճակահանության կազմակերպման, անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի կազմը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված կարգը կիրառվում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի համաձայն 2013 թվականի հուլիսի 1-ից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների մասով:

3. 2016 թվականի մարտի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշումը:

 (3-րդ կետը փոփ. 22.01.15 N 29-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և կիրառվում է 2013 թվականի օգոստոսի 1-ից հետո ծագող հարաբերությունների նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. օգոստոսի 28

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

օգոստոսի 1-ի N 891-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿՏՐՈՆՆԵՐՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 846-Ն որոշմամբ սահմանված պահանջներին բավարարող, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի համաձայն 2013 թվականի հուլիսի 1-ից կիրառվող բազմաֆունկցիոնալ հսկիչ-դրամարկղային մեքենաների (այսուհետ՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ) միջոցով գեներացվող և այդ մեքենաներով տպագրվող կտրոններով (այսուհետ՝ ՀԴՄ կտրոն) վիճակահանության կազմակերպման, անցկացման և վիճակահանության արդյունքում շահած կտրոններ տիրապետող ֆիզիկական անձանց պարգևավճարների տրամադրման կարգը:

(1-ին կետը լրաց. 07.08.14 N 797-Ն)

2. Սույն կարգում կիրառվող հիմնական հասկացություններն են`

1) ՀԴՄ կտրոններով վիճակահանություն՝ յուրաքանչյուր օրացուցային ամիս անցկացվող հրապարակային միջոցառում, որի ընթացքում շահած կտրոն տիրապետող ֆիզիկական անձանց տրամադրվում են պարգևավճարներ.

2) վիճակահանություն անցկացնող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 891-Ն որոշմամբ հաստատված կազմով վիճակահանություն անցկացնող հանձնաժողով, որի անդամները գործում են հասարակական հիմունքներով.

3) շահող թիվ` սույն կարգին համապատասխան վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի կողմից ՀԴՄ կտրոններով անցկացվող վիճակահանության արդյունքում հայտնի դարձած ութ թվային նիշերից ձևավորված թիվ.

4) վիճակահանությանը մասնակցող թիվ` բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ի աշխատանքային ծրագրի կողմից գեներացված և ժապավենի դիմերեսի վրա տպագրված ութ կամայական թվերի համակցություն: Վիճակահանությանը մասնակցող թիվ միաժամանակ հանդիսանում է տվյալ ՀԴՄ-ի միջոցով գործարքի կատարման պահին կտրոնում նշված գումարով գործարքի կատարումը հիմնավորելու միջոց (կտրոնի վավերականությունը հաստատող թիվ): Հատուկ թիվը գեներացվում է որոշակի ալգորիթմով՝ որոշակի փոփոխական մեծությունների, գործարքի արժեքի և գործարքի իրականացման պահի (րոպե, ժամ, օր, ամիս, տարեթիվ) հիման վրա.

5) շահած կտրոն` ՀԴՄ կտրոն, որի վրա տպագրված վիճակահանությանը մասնակցող թվի` սույն կարգով սահմանված քանակով նիշերը, ձախից աջ սկսվող հաջորդական հերթականությամբ, համընկնում են վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվի համապատասխան նիշերին, և որի մասով պարգևավճար չտրամադրելու` սույն կարգով սահմանված, որևէ հիմք չկա.

6) շահած կտրոն տիրապետող` շահած կտրոնի բնօրինակը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ` հարկային մարմին) հարկային (տարածքային) տեսչություն ներկայացրած ֆիզիկական անձ (Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա պետությունների քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ).

7) պարգևավճարների հիմնադրամ` վիճակահանության արդյունքներով ՀԴՄ շահած կտրոններով յուրաքանչյուր ամսվա ընթացքում տրամադրման ենթակա պարգևավճարների ամբողջություն.

8) պարգևավճար` պարգևավճարների հիմնադրամից սույն կարգին համապատասխան ՀԴՄ կտրոններով վիճակահանության արդյունքներով շահած կտրոնին բաժին ընկնող իրային շահում՝ ավտոմեքենա, այլ գույք կամ իրավունք.

9) այլ գույք կամ իրավունք` սույն կարգով սահմանված դեպքերում վիճակահանության ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների դարձերեսին ֆիրմային անվանումներ, ապրանքային և սպասարկման նշաններ տեղադրելու (տպագրելու) իրավունքի դիմաց պարգևավճարների հիմնադրամի համալրման նպատակով որպես պարգևավճար տրամադրվող գույք (այդ թվում` համակարգչային կամ կենցաղային տեխնիկա կամ համանման այլ գույք) կամ գույքային իրավունք (այդ թվում` ինտերնետ հասանելիության կամ համանման այլ իրավունք):

(2-րդ կետը փոփ. 07.08.14 N 797-Ն)

 

II. ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3. Վիճակահանությունն անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 891-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կազմով ՀԴՄ կտրոններով վիճակահանության կազմակերպման նպատակով վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից` հանրային հեռուստատեսությամբ: Վիճակահանությունն անցկացվում է, եթե ներկա է հանձնաժողովի անդամ պետական պաշտոնատար անձանց 1/2-ը:

4. Սույն կարգին համապատասխան` ՀԴՄ կտրոններով վիճակահանությունը յուրաքանչյուր օրացուցային ամսվա ընթացքում անցկացվում է`

1) մինչև 2016 թվականի փետրվարի 1-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշմանը համապատասխան նախորդ ամսում անցկացված վիճակահանության արդյունքներով որոշված շահող թվով,

2) 2016 թվականի փետրվարի 1-ից հետո` յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթ օրը սույն կարգին համապատասխան անցկացված վիճակահանության արդյունքով որոշված (հայտնի դարձած) շահող թվով:

(4-րդ կետը խմբ. 07.08.14 N 797-Ն, փոփ. 22.01.15 N 29-Ն)

5. Վիճակահանությունն անցկացվում է դրա համար նախատեսված համապատասխան թափանցիկ սարքի կիրառման միջոցով, որի մեջ պետք է լինեն 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 թվերով համարակալում ունեցող անթափանց գնդեր` յուրաքանչյուրից ութական հատ: Սարքի միջոցով գնդերի խառնման արդյունքում սարքից հերթով պատահականորեն դուրս են գալիս թվով ութ գունդ, որոնք առանձնացվում և ցուցադրվում են` բարձրաձայն հայտարարելով գնդերի վրա արտացոլված թվերը: Սարքից դուրս եկած ութ գնդերը դասավորվում են առավել տեսանելի վայրում` ըստ դրանց դուրս գալու հաջորդական հերթականության:

(5-րդ կետը խմբ. 20.02.14 N 202-Ն)

6. Վիճակահանությունն ավարտվում է շահող թվի բոլոր նիշերը (առաջին նիշից սկսած` դրանց հաջորդական հերթականությամբ) հայտնի դառնալով, որի մասին տեղեկատվությունը հանձնաժողովը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղադրում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

7. Վիճակահանության անցկացումից հետո հարկային մարմինն ապահովում է շահած կտրոնների մասին տեղեկությունների ընթացիկ տեղադրումն իր պաշտոնական ինտերնետային կայքում և ՀԴՄ-ների տվյալների բազաներում:

 

III. ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԲԱԶԱՅԻՆ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8. Վիճակահանության պարգևավճարների հիմնադրամը ձևավորվում է՝

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Յուրաքանչյուր տարվա ընթացքում վիճակահանության անցկացման համար պահանջվող միջոցների մեծությունը որոշվում է հանձնաժողովի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազոր մարմին ներկայացված հայտին համապատասխան.

2) հարկային մարմնի և երաշխավորված կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերով վերջիններիս կողմից տրամադրվող այլ գույքից կամ իրավունքից:

(8-րդ կետը փոփ. 07.08.14 N 797-Ն)

9. Յուրաքանչյուր ամսվա ՀԴՄ կտրոնների վիճակահանության ընթացքում շահած կտրոնի դիմաց որպես պարգևավճար տրամադրվում է`

 

վիճակահանությանը մասնակցող թվի նիշերից

ութը կամ յոթը, ձախից աջ, շահող թվի նիշերի հետ,

ըստ հերթականության, համընկնելու դեպքում

 

մեկ ավտոմեքենա

     

վիճակահանությանը մասնակցող թվի նիշերից

վեցը կամ հինգը, ձախից աջ, շահող թվի նիշերի

հետ, ըստ հերթականության, համընկնելու դեպքում

 

մեկ այլ գույք կամ

մեկ իրավունք

 

10. Յուրաքանչյուր օրացուցային ամսվա համար որպես ՀԴՄ վիճակահանության պարգևավճարների բազային հիմնադրամի քանակական մեծություն սահմանվում է`

1) 2013 թվականի օգոստոսից մինչև 2015 թվականի դեկտեմբեր (նշված ամիսները՝ ներառյալ) ընկած ժամանակաշրջանի յուրաքանչյուր ամսվա համար՝ 10 ավտոմեքենա.

2) 2016 թվականի հունվար և հետագա ամիսների համար՝ 15 ավտոմեքենա:

 (10-րդ կետը փոփ. 22.01.15 N 29-Ն)

11. Որևէ ամսում սույն շահումների թիվը պարգևավճարների բազային հիմնադրամի քանակային մեծությունը գերազանցելու դեպքում պարգևավճարներ տրամադրվում են նախորդ ամսվա շահումային բազային հիմնադրամի չտրամադրված գույքի հաշվին, իսկ դրա բացակայության դեպքում՝ գալիք ամսվա համար նախատեսված պարգևավճարների բազային հիմնադրամի գույքի հաշվին:

Որևէ ամսվա համար սահմանված պարգևավճարների բազային հիմնադրամի քանակական մեծությունը չսպառվելու դեպքում այն փոխանցվում է հաջորդ ամսվա պարգևավճարների բազային հիմնադրամ` այդ քանակությամբ ավելացնելով հաջորդ ամսվա վիճակահանության պարգևավճարների բազային հիմնադրամի քանակական մեծությունը:

(11-րդ կետը լրաց. 07.08.14 N 797-Ն)

12. Սույն կարգին համապատասխան` վիճակահանությունների արդյունքներով որպես պարգևավճար ավտոմեքենաների տրամադրումն ապահովում է հարկային մարմինը` յուրաքանչյուր վիճակահանության ամսվան հաջորդող երրորդ ամսվա ընթացքում վիճակահանության հանձնաժողովին ներկայացնելով շահած կտրոններ ներկայացրած ֆիզիկական անձանց մասին տեղեկություններ դրանք հրապարակելու համար:

(12-րդ կետը փոփ., խմբ. 07.08.14 N 797-Ն)

13. Սույն կարգին համապատասխան` վիճակահանությունների արդյունքներով որպես պարգևավճար այլ գույքը կամ իրավունքները տրամադրվում են հարկային մարմնի և երաշխավորված կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի առկայության դեպքում` հարկային մարմնի կողմից նախապես հայտարարված քանակով և ժամանակահատվածում:

(13-րդ կետը փոփ. 07.08.14 N 797-Ն)

14. Սույն կարգի 9-րդ և 13-րդ կետերում նշված՝ որպես պարգևավճար այլ գույքի կամ իրավունքի տրամադրումը շահած կտրոն տիրապետող ֆիզիկական անձանց յուրաքանչյուր վիճակահանության ամսվան հաջորդող երրորդ ամսվա ընթացքում ապահովում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացված մրցույթի արդյունքներով հարկային մարմնի կողմից երաշխավորված և պայմանագիր կնքած կազմակերպությունները (այսուհետ` երաշխավորված կազմակերպություն)՝ հարկային մարմնի կողմից տրամադրված ցուցակների հիման վրա: Յուրաքանչյուր վիճակահանության արդյունքներով շահած անձանց ցուցակները կազմվում են վիճակահանության ամսվան հաջորդող երրորդ ամսվա ընթացքում անցկացվող վիճակահանության օրվան հաջորդող երկօրյա ժամկետում:

(14-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 07.08.14 N 797-Ն)

15. Հարկային մարմնի կողմից սույն կարգով նախատեսված` որպես պարգևավճար տրամադրվող ավտոմեքենաները ձեռք են բերվում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

(15-րդ կետը փոփ. 07.08.14 N 797-Ն)

16. Պարգևավճարների հիմնադրամը կարող է համալրվել հարկային մարմնի կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների` որոշակի խմբաքանակների կտրոնների դարձերեսներին ֆիրմային անվանումներ, ապրանքային և սպասարկման նշաններ տեղադրելու իրավունքի ձեռքբերման համար անցկացվող մրցույթի արդյունքներով երաշխավորված կազմակերպության կողմից` սույն կարգի 9-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերին համապատասխան՝ շահած կտրոն տիրապետողներին տրամադրվող պարգևավճարների հաշվին:

(16-րդ կետը փոփ. 07.08.14 N 797-Ն)

 

IV. ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

 17. Տվյալ ամսվա ընթացքում շահած անձինք մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը ներկայանում են հարկային մարմնի հարկային (տարածքային) տեսչություն՝ պարգևավճարի ձևակերպման համար: Շահած կտրոն տիրապետող անձինք ներկայացնում են անձնագիր (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշմամբ սահմանված` անձը հաստատող այլ փաստաթուղթ, այսուհետ` անձը հաստատող փաստաթուղթ), շահած կտրոնի բնօրինակը, անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Հարկային մարմինը ֆիզիկական անձից դիմումն ստանալուց հետո սույն կարգի 12-րդ կետում նշված ժամկետում իրականացնում է սույն կարգի 9-րդ կետին համապատասխան` որպես պարգևավճար ավտոմեքենաների տրամադրումը: Անչափահաս ֆիզիկական անձանց պատկանող շահած կտրոնի համար պարգևավճար տրամադրվում է նրանց օրինական ներկայացուցիչներին` սույն կետով պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու դեպքում: Սույն կետում նշված ժամկետի ավարտից հետո պարգևավճար ստանալու համար դիմումներ չեն ընդունվում:

(17-րդ կետը փոփ. 07.08.14 N 797-Ն)

18. Շահող թվի նիշերին վիճակահանությանը մասնակցող թվի նիշերի համընկնման դեպքում տրամադրվում է նիշերի առավելագույն համընկնման համար նախատեսված՝ մեկ պարգևավճար:

19. Պարգևավճար չի տրամադրվում, եթե ներկայացվում է`

1) հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն, որի վրա բացակայում է այն տրամադրած կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը) կամ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) հարկ վճարողի հաշվառման համարը կամ ՀԴՄ-ի գրանցման համարը կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի` ֆիսկալացված լինելու մասին նշումը կամ գործարքի ընդհանուր գումարը կամ գործարքի կատարման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը կամ գործարքի կատարման ժամը.

2) վնասված կամ մաշված այնպիսի կտրոն, որի վրա անընթեռնելի է դիմերեսի վիճակահանությանը մասնակցող թիվը (առնվազն մեկ նիշ) կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն տրամադրած կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը) կամ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) հարկ վճարողի հաշվառման համարը կամ ՀԴՄ-ի գրանցման կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի` ֆիսկալացված լինելու մասին նշումը կամ գործարքի ընդհանուր գումարը կամ գործարքի կատարման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը կամ գործարքի կատարման ժամը.

3) վիճակահանության անցկացմանը հաջորդող ամսվան չվերաբերող հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններ.

4) հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնի պատճենը:

20. Սույն կարգով սահմանված պարգևավճարները տրամադրվում են հարկային մարմին ներկայացված ՀԴՄ կտրոնների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված պահանջներին համապատասխանության ուսումնասիրության արդյունքներով:

(հավելվածը խմբ. 20.02.14 N 202-Ն, լրաց., փոփ., խմբ. 07.08.14 N 797-Ն, փոփ. 22.01.15 N 29-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

օգոստոսի 1-ի N 891-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացուցիչ

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

«Հայաստանի վաճառականների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Սպառողների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ (համաձայնությամբ)

(հավելվածը խմբ. 07.08.14 N 797-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան