Գլխավոր տեղեկություն
Համար
N 203-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.03.2015-25.09.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.03.10/12(1101).1 ՄԱՍ 2 Հոդ.157.3
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.02.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 2015 թվականի N 203-Ն

 

ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԻ ՄԱՍՆԱԳՐԻ, ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՎ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՕԴԱՅԻՆ ՈՒՂՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ, ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1022-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը և Հայաստանի Հանրապետության կառավարության հռչակած օդային փոխադրումների ազատականացմանն ուղղված միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել ավիափոխադրողի մասնագրի, կանոնավոր և ոչ կանոնավոր օդային փոխադրումների իրականացման, օդային ուղու շահագործման թույլտվությունների ստացման համար ներկայացված հայտերի քննարկման հարցերով զբաղվող խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել՝

1) ավիափոխադրողի մասնագրի, կանոնավոր և ոչ կանոնավոր օդային փոխադրումների իրականացման, օդային ուղու շահագործման թույլտվությունների ստացման համար ներկայացված հայտերի քննարկման հարցերով զբաղվող խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի.

2) ավիափոխադրողի մասնագրի, օդային ուղիների շահագործման թույլտվությունների ստացման վերաբերյալ եզրակացությունների տրամադրման գնահատման չափանիշները` համաձայն NN 3 և 4 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. մարտի 10
Երևան

 

 

Հավելված N 1
 ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 26-ի N 203-Ն որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԻ ՄԱՍՆԱԳՐԻ, ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՎ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՕԴԱՅԻՆ ՈՒՂՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

 Նախագահ  - ՀՀ էկոնոմիկայի նախարար
   
 Նախագահի տեղակալ  - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
   
 Անդամ  - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
   
 Անդամ  - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
   
 Անդամ  - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ
   
 Անդամ

 - ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

   
 Անդամ  - «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
   
 Անդամ  - միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
   
 Անդամ  - «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոների ներկայացուցիչ՝ առանց ձայնի իրավունքի (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
 ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 26-ի N 203-Ն որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԻ ՄԱՍՆԱԳՐԻ, ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՎ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՕԴԱՅԻՆ ՈՒՂՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ավիափոխադրողի մասնագրի, կանոնավոր և ոչ կանոնավոր օդային փոխադրումների իրականացման, օդային ուղու շահագործման թույլտվությունների ստացման համար ներկայացված հայտերի քննարկման հարցերով զբաղվող խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ) տալիս է ավիափոխադրողի մասնագրի, կանոնավոր և ոչ կանոնավոր օդային փոխադրումների իրականացման համար օդային ուղու շահագործման թույլտվությունների (բացառությամբ չվացուցակում չընդգրկված ոչ կանոնավոր չվերթների) տրամադրման, դրանց գործունեության կասեցման կամ դադարեցման վերաբերյալ եզրակացություններ:

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն աշխատակարգով:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

 3. Խորհրդի հիմնական խնդիրներն են՝

1) ավիափոխադրողի մասնագրի, կանոնավոր և ոչ կանոնավոր օդային փոխադրումների իրականացման նպատակով օդային ուղու շահագործման թույլտվությունների (բացառությամբ չվացուցակում չընդգրկված ոչ կանոնավոր չվերթների) (այսուհետ` թույլտվություններ) ստացման համար ներկայացված հայտերի ուսումնասիրությունն ու քննարկումը.

2) հայտերի ուսումնասիրության և քննարկման արդյունքում ավիափոխադրողի մասնագրի, թույլտվությունների տրամադրման, դրանց գործողության կասեցման կամ դադարեցման վերաբերյալ համապատասխան եզրակացությունների (դրական կամ բացասական) տրամադրումը:

 

III. ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԻ ՄԱՍՆԱԳՐԻ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

4. Ավիափոխադրողի մասնագրի, թույլտվությունների ստացման համար հայտերը և դրանց կից փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` նախարարություն):

5. Ավիափոխադրողի մասնագիր առաջին անգամ ստանալու, դրա գործողության ժամկետի երկարացման, դրա մեջ փոփոխություններ կատարելու համար հայտատուի կողմից հայտը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի համատեղ հրամանով հաստատված՝ ավիափոխադրողի մասնագրի նկատմամբ ներկայացվող պահանջների ու դրա տալու կարգով սահմանված ձևին համապատասխան, շահագործումն սկսելու օրվանից առնվազն երեսուն աշխատանքային օր առաջ` հայտին կից ներկայացնելով ավիափոխադրողի մասնագրի նկատմամբ ներկայացվող պահանջների ու դրա տալու կարգով նախատեսված փաստաթղթերը:

6. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են ավիափոխադրողի մասնագիր, որևէ օդային ուղիով առաջին անգամ կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով օդային ուղիների շահագործման թույլտվություններ ստանալու համար հայտը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի համատեղ հրամանով հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում օդային ուղիների շահագործման թույլտվությունների տրման պահանջների և պայմանների կանոնակարգով սահմանված ձևին համապատասխան, նախարարություն են ներկայացնում նախատեսված չվերթների մեկնարկից առնվազն քսանհինգ աշխատանքային օր առաջ` հայտին կից ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում օդային ուղիների շահագործման թույլտվությունների տրման պահանջների և պայմանների կանոնակարգով նախատեսված փաստաթղթերը:

7. Համապատասխան երթուղիով օդային ուղիների շահագործման թույլտվության գործողության ժամկետի երկարացման նպատակով Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները նախարարություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի համատեղ հրամանով հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում օդային ուղիների շահագործման թույլտվությունների տրման պահանջների և պայմանների կանոնակարգով սահմանված հայտը՝ ոչ ուշ, քան շահագործման թույլտվության գործողության ժամկետի ավարտից առնվազն քսանհինգ աշխատանքային օր առաջ, անհրաժեշտության դեպքում` նաև ներկայացնելով նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունները:

8. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները չվացուցակի ենթակա (երկու և ավելի) ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվություն ստանալու համար նախարարություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի համատեղ հրամանով հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում օդային ուղիների շահագործման թույլտվությունների տրման պահանջների և պայմանների կանոնակարգով սահմանված հայտ և նույն կանոնակարգով սահմանված փաստաթղթեր՝ չվերթների մեկնարկից առնվազն քսանհինգ աշխատանքային օր առաջ:

9. Օտարերկրյա օդանավ շահագործողները Հայաստանի Հանրապետություն որևէ երթուղիով առաջին անգամ կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով թույլտվություն ստանալու համար նախարարություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի համատեղ հրամանով հաստատված՝ օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետություն կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրման կանոնակարգով սահմանված հայտ և նույն իրավական ակտով սահմանված փաստաթղթեր՝ նախատեսվող չվերթների մեկնարկից առնվազն երեսուն աշխատանքային օր առաջ:

10. Օտարերկրյա օդանավ շահագործողները համապատասխան երթուղիով օդային ուղիների շահագործման թույլտվության գործողության ժամկետի երկարացման նպատակով նախարարություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի համատեղ հրամանով հաստատված՝ օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետություն կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրման կանոնակարգով սահմանված հայտը՝ ոչ ուշ, քան օդային ուղիների շահագործման թույլտվության գործողության ժամկետի ավարտից առնվազն քսանհինգ աշխատանքային օր առաջ, անհրաժեշտության դեպքում նաև ներկայացնելով նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունները:

11. Օտարերկրյա օդանավ շահագործողները Հայաստանի Հանրապետություն որևէ երթուղիով չվացուցակի ենթակա (երկու և ավելի) ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվության համար նախարարություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի համատեղ հրամանով հաստատված՝ օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետություն կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրման կանոնակարգով սահմանված հայտ և նույն կանոնակարգով սահմանված փաստաթղթեր` նախատեսվող չվերթների մեկնարկից առնվազն քսանհինգ աշխատանքային օր առաջ:

12. Հայտերն ընդունված են համարվում հայտին կից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը նախարարություն ներկայացվելու օրը:

13. Հայտերի քննարկման նախապատրաստական աշխատանքները կատարում է նախարարության աշխատակազմի քաղաքացիական ավիացիայի քաղաքականության և տնտեսական կարգավորման վարչությունը, որն իրականացնում է խորհրդի քարտուղարության գործառույթները (այսուհետ` քարտուղարություն):

14. Քարտուղարությունն ուսումնասիրում է ներկայացված հայտին կից փաստաթղթերի փաթեթը՝

1) եթե ներկայացված փաստաթղթերի վերլուծության ընթացքում պարզվում է, որ դրանք թերի են, ապա քարտուղարությունը դրա մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին՝ հայտը մուտքագրվելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում` առաջարկելով հինգ աշխատանքային օրվա ընթացքում լրացնել թերի փաստաթղթերը: Թերությունները չվերացնելու դեպքում հայտի ընդունումը մերժվում է.

2) եթե ներկայացված փաստաթղթերն ամբողջական են, ապա քարտուղարությունը հայտը մուտքագրվելու օրվանից ավիափոխադրողի մասնագրի տրամադրման համար տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում, կանոնավոր և չվացուցակի ենթակա (երկու և ավելի) ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների շահագործման թույլտվությունների տրամադրման և դրանց ժամկետների երկարացման համար տասն աշխատանքային օրվա ընթացքում հայտը` կից փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից կատարված հայտի ուսումնասիրության համապատասխան եզրակացությունների հետ միասին ներկայացնում է խորհրդի նախագահին: Քարտուղարությունը կազմում է խորհրդի նիստի օրակարգի նախագիծը և ուղարկում (էլեկտրոնային եղանակով կամ անհնարինության դեպքում՝ առձեռն) խորհրդի նախագահին և խորհրդի անդամներին.

3) ավիափոխադրողի մասնագրի, Հայաստանի Հանրապետությունում գրանցված և օտարերկրյա օդանավ շահագործողներին կանոնավոր և ոչ կանոնավոր օդային փոխադրումների իրականացման նպատակով օդային ուղու շահագործման թույլտվությունների (բացառությամբ չվացուցակում չընդգրկված ոչ կանոնավոր չվերթների) գործողության կասեցման ու դադարեցման հիմքերի առկայության մասին տեղեկատվության ստացման դեպքում քարտուղարությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է խորհրդի նախագահին:

15. Խորհրդի նախագահը քարտուղարության կողմից ստացված հայտը` կից փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից կատարված հայտի ուսումնասիրության համապատասխան եզրակացությունների հետ միասին, ինչպես նաև օրակարգի նախագիծն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հրավիրում է խորհրդի նիստ:

16. Խորհուրդը ներկայացված հայտի վերաբերյալ տալիս է եզրակացություն (դրական կամ բացասական)՝

1) ավիափոխադրողի մասնագրի տրամադրման, դրանց գործողության ժամկետի երկարացման վերաբերյալ` հինգ աշխատանքային օրվա ընթացքում` հիմնվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 26-ի N 203-Ն որոշման N 3 հավելվածում նշված գնահատման չափանիշների վրա.

2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողներին կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման նպատակով օդային ուղիների շահագործման թույլտվությունների տրամադրման վերաբերյալ` հինգ աշխատանքային օրվա ընթացքում` հիմնվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 26-ի N 203-Ն որոշման N 4 հավելվածում նշված գնահատման չափանիշների վրա.

3) Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողներին կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման նպատակով օդային ուղիների շահագործման թույլտվությունների ժամկետների երկարացման վերաբերյալ` հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

4) Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողներին չվացուցակի ենթակա (երկու և ավելի) ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման նպատակով օդային ուղիների շահագործման թույլտվությունների տրամադրման վերաբերյալ` հինգ աշխատանքային օրվա ընթացքում` հիմնվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 26-ի N 203-Ն որոշման N 4 հավելվածում նշված գնահատման չափանիշների վրա.

5) օտարերկրյա օդանավ շահագործողներին կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության տրամադրման վերաբերյալ` հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

6) օտարերկրյա օդանավ շահագործողներին կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման նպատակով օդային ուղիների շահագործման թույլտվությունների ժամկետների երկարացման վերաբերյալ` հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

7) օտարերկրյա օդանավ շահագործողներին չվացուցակի ենթակա (երկու և ավելի) ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվության տրամադրման վերաբերյալ` հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

8) ավիափոխադրողի մասնագրի, Հայաստանի Հանրապետությունում գրանցված և օտարերկրյա օդանավ շահագործողներին կանոնավոր և ոչ կանոնավոր օդային փոխադրումների իրականացման նպատակով օդային ուղու շահագործման թույլտվությունների (բացառությամբ չվացուցակում չընդգրկված ոչ կանոնավոր չվերթների) գործողության կասեցման ու դադարեցման վերաբերյալ` հինգ աշխատանքային օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 26-ի N 203-Ն որոշման NN 3 և 4 հավելվածներում նշված գնահատման չափանիշներին անհամապատասխանության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի համատեղ հրամանով հաստատված համապատասխան կարգերով սահմանված դեպքերում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացմամբ:

17. Քարտուղարությունը խորհրդի եզրակացությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետ` լիազոր մարմին):

18. Լիազոր մարմինն իր որոշումը ներկայացնում է նախարարություն՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում: Նախարարությունը քարտուղարության միջոցով լիազոր մարմնի կողմից ներկայացված ստորագրված որոշման բնօրինակը նախարարությունում մուտքագրվելու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է հայտատուին:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

19. Խորհրդի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության:

20. Խորհրդի կազմում ընդգրկված են խորհրդի նախագահը, խորհրդի նախագահի տեղակալը և խորհրդի անդամները:

21. Խորհրդի նախագահը`

1) ղեկավարում է խորհրդի աշխատանքը.

2) նշանակում է խորհրդի նիստի անցկացման օրը և ժամը.

3) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը.

4) խորհրդի անդամների միջև բաշխում է աշխատանքը.

5) հաստատում է խորհրդի նիստերի օրակարգերի նախագծերը և ստորագրում արձանագրությունները:

22. Խորհրդի նախագահի` խորհրդի նիստին մասնակցության անհնարինության դեպքում խորհրդի նախագահի տեղակալը փոխարինում է նախագահին:

23. Խորհրդի անդամները՝

1) ներկայացնում են առաջարկություններ խորհրդի նիստի վարման և օրակարգի նախագծի վերաբերյալ.

2) մասնակցում են խորհրդի նիստերին և դրանց ընթացքում ներկայացվող հարցերի ու որոշումների քննարկմանը.

3) մասնակցում են քննարկվող հարցերի քվեարկությանը:

24. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են խորհրդի նախագահը (խորհրդի նախագահի բացակայության դեպքում` խորհրդի նախագահի տեղակալը) և խորհրդի անդամ պետական մարմինների ներկայացուցիչների պարզ մեծամասնությունը: Խորհրդի անդամները նիստերին մասնակցում են անձամբ և իրավունք չունեն իրենց լիազորությունները պատվիրակելու այլ անձանց:

25. Խորհուրդը հաստատում է օրակարգը` նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

26. Խորհուրդը փոփոխում և (կամ) լրացնում է նիստի օրակարգը` նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

27. Խորհրդի նիստերի ընթացքում դրական կամ բացասական եզրակացություն տրամադրելու վերաբերյալ որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի (խորհրդի նախագահի բացակայության դեպքում` խորհրդի նախագահի տեղակալի) ձայնը վճռորոշ է:

28. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Նիստի արձանագրությունն ստորագրում են խորհրդի նախագահը և նիստին ներկա քարտուղարը: Խորհրդի այն անդամը, ով համաձայն չէ խորհրդի ընդունած որոշման հետ, կարող է ներկայացնել իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և ներառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:

29. Խորհրդի նիստերին մասնակցելու համար կարող են հրավիրվել տեղական կամ միջազգային փորձագետներ կամ մասնագետներ, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի լիազոր ներկայացուցիչներ:

30. Խորհրդի կողմից իրականացված գործունեության մասին տեղեկատվությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում:

31. Խորհրդի աշխատանքները կազմակերպում է քարտուղարությունը, որը՝

1) կազմակերպում է խորհրդի նիստերի անցկացումը և այդ նպատակով խորհրդի անդամներին էլեկտրոնային փոստով (անհնարինության դեպքում` առձեռն) տրամադրում է օրակարգի նախագիծը, քննարկվելիք փաստաթղթերը (նյութերը) և ծանուցում նիստի անցկացման ամսաթվի ու ժամի մասին` նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ.

2) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

3) արձանագրում է նիստերը.

4) նիստերի՝ ստորագրված, սկանավորված արձանագրությունների օրինակներն էլեկտրոնային փոստով (անհնարինության դեպքում` առձեռն) տրամադրում է խորհրդի բոլոր անդամներին.

5) ապահովում է խորհրդի որոշումների նախագծերի պատրաստումը.

6) առկայության դեպքում՝ գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

7) խորհրդի նախագահի կամ խորհրդի նախագահի տեղակալի, խորհրդի անդամների հանձնարարությամբ՝ հայտերի ուսումնասիրության ու քննարկման համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով իրականացնում է համապատասխան հարցումներ.

8) իրականացնում է սույն աշխատակարգի երրորդ բաժնով սահմանված համապատասխան գործառույթները:

32. Խորհրդի նիստի արձանագրության մեջ նշվում են`

1) արձանագրության վերնագիրը և նիստի հերթական համարը.

2) նիստի անցկացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և վայրը.

3) նիստին ներկա անդամների անունները.

4) օրակարգում ընդգրկված հարցերը.

5) օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակներում կատարված առաջարկությունները և առարկությունները.

6) խորհրդի որոշումները:

 

V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

33. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

34. Խորհրդի գործունեության դադարումից հետո խորհրդի գործունեությանը վերաբերող փաստաթղթերը և մյուս նյութերը ենթակա են պահպանման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3
 ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 26-ի N 203-Ն որոշման

 

Գ Ն Ա Հ Ա Տ Մ Ա Ն  Չ Ա Փ Ա Ն Ի Շ Ն Ե Ր

 

ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԻ ՄԱՍՆԱԳՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Խորհուրդը հայտատուին ավիափոխադրողի մասնագրի տրամադրման վերաբերյալ եզրակացությունը (դրական կամ բացասական) տալիս է հետևյալ գնահատման չափանիշների առկայության դեպքում՝

1) ավիափոխադրողի մասնագիր ստանալու համար հայտ ներկայացնող իրավաբանական անձի (այսուհետ՝ հայտատու) հիմնական առևտրային գործունեության իրականացման վայրը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը.

2) հայտատուն պետք է ունենա լիազոր մարմնի կողմից տրված՝ գործող օդանավ շահագործողի վկայական.

3) հայտատուի հիմնական գործունեությունը պետք է լինի կա՛մ միայն օդային հաղորդակցությունների իրականացումը, կա՛մ օդային հաղորդակցությունների իրականացումը՝ օդանավի ցանկացած այլ առևտրային շահագործման կամ օդանավի վերանորոգման և տեխնիկական սպասարկման հետ մեկտեղ.

4) հայտատուի կազմակերպչական կառուցվածքը պետք է հնարավորություն տա կիրառելու սույն գնահատման չափանիշներով սահմանված պահանջները.

5) հայտատուն պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ապահովագրության պահանջների կիրառումը.

6) հայտատուն պետք է ունենա սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված ֆինանսական հնարավորությունները.

7) հայտատուն պետք է համապատասխանի սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված բարի համբավի պահանջներին:

2. Ավիափոխադրողի մասնագրի տրամադրման վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով խորհուրդն իրականացնում է հայտատուի ֆինանսական հնարավորությունների հետևյալ գնահատումները՝

1) արդյո՞ք, շահագործման մեկնարկի օրվանից 24 ամսվա ընթացքում, իսկ ոչ կանոնավոր ուղևորային օդային փոխադրումների դեպքում` հայտում նշված ժամկետի ընթացքում հայտատուն կարող է կատարել իրական կանխատեսումներով հաստատված և իր բիզնես պլանով ստանձնած ընթացիկ ու ապագա պարտավորությունները.

2) արդյո՞ք, շահագործման մեկնարկի օրվանից 3 ամսվա ընթացքում, իսկ ոչ կանոնավոր ուղևորային օդային փոխադրումների դեպքում` հայտում նշված ժամկետի ընթացքում հայտատուն ի վիճակի է բավարարել համաձայն իր բիզնես ծրագրի և իրատեսական կանխատեսումներով սպասվելիք գործառնական և ամրագրված ծախսերը` առանց հաշվի առնելու իր գործունեությունից ստացված ցանկացած եկամուտ.

3) սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված ֆինանսական հնարավորությունների գնահատման նպատակով հայտատուն պետք է ներկայացնի բիզնես ծրագիր՝ առնվազն առաջիկա երեք տարվա գործունեության համար, իսկ ոչ կանոնավոր ուղևորային օդային փոխադրումների դեպքում՝ հայտում նշված ժամկետի ընթացքում.

4) հայտատուի ներկայացրած բիզնես ծրագրին կից պետք է ներկայացվի հետևյալ տեղեկատվությունը՝

ա. հայտատուի` ցանկացած այլ առևտրային գործունեության հետ ֆինանսական կապերի վերաբերյալ, որում հայտատուն ուղղակի կամ անուղղակի ներգրավված է,

բ. կազմակերպության կառավարչական հաշվառման վերջին ֆինանսական հաշվետվությունը և, հնարավորության դեպքում, նախորդ ֆինանսական տարվա աուդիտորական հաշվետվությունները,

գ. հաջորդ երեք տարվա համար պլանավորված հաշվեկշիռը՝ ներառյալ եկամուտ-ծախս հաշիվը,

դ. վառելիքի, սակագների և դրույքների, աշխատավարձերի, վերանորոգման, ամորտիզացման, փոխարժեքի տատանման, օդանավակայանային վճարների, աերոնավիգացիոն վճարների, վերգետնյա սպասարկման սակագների, ապահովագրության և այլն, փոխադրում/եկամուտ կանխատեսումների համար պլանավորված ծախսերի և եկամուտների հիմքերը, փոխադրում/եկամուտ կանխատեսումները,

ե. հայտը ներկայացնելու պահից մինչև հաղորդակցությունների մեկնարկն ընկած ժամանակահատվածում առաջացած գործունեությունն սկսելու համար անհրաժեշտ ծախսերի մասին տվյալներ, ինչպես նաև այդ ծախսերի մարմանն ուղղված միջոցների վերաբերյալ հաշվետվություն,

զ. առկա և նախատեսվող ֆինանսավորման աղբյուրների մասին տեղեկություններ,

է. բաժնետերերի մասին տեղեկություններ՝ ներառյալ քաղաքացիությունը և տնօրինման տակ գտնվող բաժնեմասերի տեսակները, և իրավաբանական անձի կանոնադրությունը,

ը. գործունեության իրականացման առաջին երեք տարվա համար պլանավորված դրամական հոսքերի մասին հաշվետվությունը և իրացվելիության պլանը,

թ. օդանավի ձեռքբերման (ներառյալ՝ լիզինգի) ֆինանսավորման մասին տեղեկատվություն, լիզինգի պարագայում` պայմանագրի պայմանները և ժամկետները:

3. Սույն հավելվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները չեն կիրառվում այն հայտատուների նկատմամբ, որոնք դիմում են ավիափոխադրողի մասնագիր ստանալու՝ այնպիսի հաղորդակցությունների իրականացման նպատակով, որոնց դեպքում օդանավի առավելագույն թռիչքային քաշը 10 տոննայից ցածր է, և (կամ) այն ունի ոչ ավելի, քան 20 նստատեղ: Այդպիսի հայտատուները պետք է հավաստիացնեն, որ իրենց զուտ ֆինանսական միջոցները կազմում են առնվազն 100 հազար եվրո կամ դրան համարժեք դրամ, կամ պահանջի դեպքում պետք է ապահովեն անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված գնահատման չափանիշների, մասնավորապես, 4-րդ ենթակետի «ա»-«թ» պարբերություններով սահմանված տեղեկությունների գնահատման նպատակով:

4. Սույն հավելվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված գնահատման չափանիշները կիրառվում են 3-րդ կետում նշված այն հայտատուների նկատմամբ, որոնք նախատեսում են իրականացնել կանոնավոր օդային հաղորդակցություններ, կամ որոնց շրջանառությունը գերազանցում է տարեկան երեք միլիոն եվրոն կամ դրան համարժեք դրամը:

5. Ավիափոխադրողի մասնագրի տրամադրման վերաբերյալ եզրակացություն տալիս՝ խորհուրդն իրականացնում է նաև հետևյալ գործոնների գնահատումը՝

1) Հայաստանի Հանրապետության տնտեսության խթանումը՝ ներառյալ զբոսաշրջությունը.

2) թռիչքի մեկնման վայրում և նպատակակետում այլ տրանսպորտային հաղորդակցությունների առկայությունը.

3) օդային հաղորդակցությունների ակնկալվող կայունությունը և երաշխիքների առկայությունը հաղորդակցությունների շարունակականության առնչությամբ.

4) օդային հաղորդակցությունների համար սպառողների տարբեր պահանջների առնչությամբ ընդունված մոտեցումները.

5) օդանավի աղմուկից պաշտպանվելու գործոնները (շահագործող օդանավերից առաջացող աղմուկի համեմատություն).

6) սպառողներին առաջարկվող ծառայությունների համար գին-շահ հարաբերակցությունը.

7) ծրագրի ազդեցությունը մրցակցության վրա, այդ թվում՝ հաշվի առնելով նոր շահագործողների մուտքը շուկա և շահագործողների դիվերսիֆիկացիան՝ օդային փոխադրումներ իրականացնողների միջև մրցակցությունը խթանելու նպատակով.

8) ծրագրի ազդեցությունը երթուղիների և տարածաշրջանային համակցումների ընդլայնման վրա (նոր երթուղիների բացում, նոր (այլընտրանքային) օդանավակայանների օգտագործում ու համակցելիության բարելավում և այլն)՝ նոր երթուղիների, չվերթների հաճախականությունների ավելացման ու (կամ) չվերթների և համակցումների ժամերի բարելավման միջոցով.

9) օդային հաղորդակցությունների մասին միջկառավարական համաձայնագրերի դրույթները և այլ պետությունների հետ բանակցությունների արդյունքում ստորագրված փոխըմբռնման հուշագրերը կամ արձանագրությունները:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 4
 ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 26-ի N 203-Ն որոշման

 

Գ Ն Ա Հ Ա Տ Մ Ա Ն  Չ Ա Փ Ա Ն Ի Շ Ն Ե Ր

 

ՕԴԱՅԻՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով օդային ուղու շահագործման թույլտվության տրամադրման վերաբերյալ եզրակացություն տրամադրելիս իրականացնում է հետևյալ չափանիշների գնահատումը՝

1) իրական և հնարավոր պարտավորությունների կատարման ապահովման հնարավորությունների գնահատում.

2) օդային ուղու շահագործման ծրագրի համապատասխան տնտեսական հիմնավորման գնահատում.

3) Հայաստանի Հանրապետության տնտեսության խթանման հնարավորությունների գնահատում.

4) սպառողների շահերի՝ պաշտպանության տեսանկյունից գնահատում.

5) ուղևորների սպասարկման պայմանների, ինչպես նաև առաջարկվող սպասարկումների գնահատում.

6) բանկային երաշխիքի, այն է՝ յուրաքանչյուր օդային ուղու երկկողմանի շահագործման համար (մեկնում-ժամանում) չվերթն ապահովող անհրաժեշտ գումարի առկայություն.

7) այլ չափանիշների գնահատումներ, որոնք ըստ խորհրդի կարող են կարևոր լինել և նպաստել օդային ուղու շահագործման թույլտվություն ստանալու գործընթացին:

2. Ոչ կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով օդային ուղու շահագործման թույլտվության ստացման վերաբերյալ եզրակացություն տրամադրելիս՝ իրականացնում է հետևյալ չափանիշների գնահատումը՝

1) իրական և հնարավոր պարտավորությունների կատարման ապահովման հնարավորությունների գնահատում.

2) փոխադրման նպատակի գնահատում.

3) այլ չափանիշների գնահատումներ, որոնք ըստ խորհրդի կարող են կարևոր լինել և նպաստել օդային ուղու շահագործման թույլտվություն ստանալու գործընթացին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.08.2015, N 1003-Ն 25.09.2015, N 203-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան