ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ5/0136/05/13 |
Վարչական գործ թիվ ՎԴ5/0136/05/13 2014 թ. |
Նախագահող դատավոր՝ Ա․ Առաքելյան |
Դատավորներ՝ |
Ա. Աբովյան |
Գ․ Ղարիբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի մասնակցությամբ դատավորներ Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ Վ. ԱԲԵԼՅԱՆԻ Ս. Անտոնյանի Վ. Ավանեսյանի Ա. Բարսեղյանի Մ. Դրմեյանի Գ. Հակոբյանի Է. Հայրիյանի Ե. Սողոմոնյանի
2014 թվականի նոյեմբերի 28-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «ՎԱ-ԱՐՏ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 20.02.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արթիկի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) ընդդեմ Ընկերության` 3.196.290 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 3.196.290 ՀՀ դրամ, որից 3.196.099 ՀՀ դրամ՝ հաստատագրված վճարի, 110 ՀՀ դրամ՝ բնապահպանական վճարի գումար, ինչպես նաև 63.925 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Էդ. Նահապետյան) (այսուհետ` Դատարան) 16.08.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 20.02.2014 թվականի որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գյումրու տարածքային հարկային տեսչության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 16.08.2013 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել՝ հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասը, 27-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը 15.03.2013 թվականի տեղեկանքի տվյալները գնահատել է որպես թյուրիմացություն, սակայն հաշվի չի առել, որ տեղեկանքը տալիս Տեսչությունն արտատպում է անձնական հաշվի այդ պահին առկա տվյալները: Տեղեկանքում նշված է, որ դրանում առկա տեղեկությունները բերված են ըստ հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տեղեկությունների: Այսինքն՝ տեղեկանքն ընդամենը քարտի տվյալ պահին առկա տեղեկությունների արտացոլումն է, ինչը նշանակում է, որ 15.03.2013 թվականի դրությամբ հաստատագրված վճարի մասով անձնական հաշվի քարտում որևէ պարտավորություն նշված չի եղել, Տեսչությունը խախտումը հայտնաբերել է դրանից հետո: Ինչ վերաբերում է գործում առկա անձնական հաշվի քարտին, ապա այն էլեկտրոնային եղանակով վարվող հաշվարկ է, որում հնարավոր է ցանկացած ժամանակ փոփոխություններ կատարել, ուստի այն սույն գործով թույլատրելի ապացույց չէ: Տեսչությունը դատարան չի ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 25.07.2003 թվականի թիվ 03/20-Ն հրամանով հաստատված կարգի համաձայն գրիչով լրացված անձնական հաշվի քարտը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Տեսչության կողմից 21.06.2012 թվականին էլեկտրոնային եղանակով Ընկերությանն է ուղարկվել «Հիշեցում-ծանուցում», որտեղ 18.06.2012 թվականի դրությամբ հաստատագրված վճարի գծով պարտքի մասին խոսք չկա:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցի հիմքում դրված 2007 թվականի օգոստոս ամսվա հաստատագրված վճարի գումարը չվճարելու խախտումը Տեսչությունը հայտնաբերել է 2013 թվականին, այսինքն՝ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետը լրանալուց հետո, հետևաբար Ընկերության համար հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.02.2014 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցը՝ 3.196.099 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով, մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Ընկերության կողմից 31.07.2007 թվականին Տեսչությանը ներկայացվել է հայտարարություն ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի վերաբերյալ (1-ին հատոր, գ.թ. 5)։
2) Համաձայն Տեսչության կողմից 21.06.2012 թվականին էլեկտրոնային եղանակով Ընկերությանն ուղարկված «Հիշեցում-ծանուցման»՝ 18.06.2012 թվականի դրությամբ Ընկերությունն ունի չմարված պարտավորություն 81,00 ՀՀ դրամի չափով՝ «Այլ» վճարատեսակի գծով (1-ին հատոր, գ.թ. 27):
3) Համաձայն Տեսչության կողմից 15.03.2013 թվականին Ընկերությանը տրամադրված թիվ 021307 տեղեկանքի՝ Ընկերությունը 15.03.2013 թվականի դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով պարտավորություններ չունի, ունի դեբետային մնացորդ՝ 4.088.624 ՀՀ դրամի չափով (1-ին հատոր, գ.թ. 28):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը չկիրառելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյոք հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ կարող են առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո:
Գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։
Նույն օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որը ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի։ Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է։ Վերաբերելի ապացույցը թույլատրելի է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
Նույն օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով։ Ընդ որում, փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, ինչպես նաև պարզում է այս կամ այն ապացույցի վերաբերելիության հարցը:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` հարկային պարտավորությունը ներառում է հարկերի (այդ թվում` թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված), ինչպես նաև հարկային օրենսդրությունը և Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումը:
Հարկային պարտավորությունը դադարում է դրա կատարման, հարկի վերացման, հարկից ազատելու արտոնության սահմանման, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում, իսկ ֆիզիկական անձի համար` նաև նրա մահվան դեպքում, եթե օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի համաձայն՝ հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո:
Առաջնորդվելով հարկատուների իրավունքների գործնականում արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությամբ՝ օրենսդիրը սահմանել է նաև, որ հարկային օրենսդրությամբ հնարավոր է նախատեսել հարկային պարտավորության դադարման այլ դեպքեր: Մասնավորապես՝ հարկային իրավահարաբերություններում կանխատեսելիությունն ապահովելու նպատակով նույն օրենքի 30.1-րդ հոդվածում օրենսդիրը սահմանել է հարկային պարտավորության դադարեցման լրացուցիչ հիմք: Այն դեպքերում, երբ հարկային օրենսդրության խախտումը հայտնաբերվում է կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո, հարկային պարտավորությունը համարվում է դադարած, ուստի անձն ազատվում է համապատասխան հարկային պատասխանատվությունից:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում վերահաստատել վերոնշյալ նորմերի վերաբերյալ իր արտահայտած այն դիրքորոշումը, որ հարկատուի մոտ հարկային պարտավորություններ չեն առաջանում, եթե վերջինիս կողմից թույլ տրված հարկային օրենսդրության խախտումը դրան հաջորդող երեք տարիների ընթացքում հարկային մարմնի կողմից չի հայտնաբերվել (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Շահումյանի հարկային տեսչությունն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Գայանե Ադյանի թիվ 3-1150 (ՏԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2007 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերության կողմից 31.07.2007 թվականին Տեսչությանը ներկայացվել է հայտարարություն ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի վերաբերյալ։
Տեսչության կողմից 21.06.2012 թվականին էլեկտրոնային եղանակով Ընկերությանն ուղարկված «Հիշեցում-ծանուցման» համաձայն՝ 18.06.2012 թվականի դրությամբ Ընկերությունն ունի չմարված պարտավորություն 81,00 ՀՀ դրամի չափով՝ «Այլ» վճարատեսակի գծով: Տեսչության կողմից 15.03.2013 թվականին Ընկերությանը տրամադրված թիվ 021307 տեղեկանքի համաձայն՝ Ընկերությունը 15.03.2013 թվականի դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով պարտավորություններ չունի, ունի դեբետային մնացորդ՝ 4.088.624 ՀՀ դրամի չափով:
Սույն գործով Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Տեսչության կողմից դատարան ներկայացված հայցապահանջի գումարը կազմում է ընդհանուր առմամբ 3.196.290 ՀՀ դրամ, որից հաստատագրված վճարի գծով պահանջը ներկայացվել է 3.196.099 ՀՀ դրամի չափով, իսկ բնապահպանական վճարի գծով՝ 110 ՀՀ դրամի չափով։ Հաստատագրված վճարի 1.785.738 ՀՀ դրամ ապառքն առաջացել է դեռևս 2007 թվականի օգոստոս ամսվա ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեության համար հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի վերաբերյալ հայտարարությամբ, իսկ այդ գումարը սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկվել է օրական տույժ՝ 1.410.361 ՀՀ դրամի չափով։ Այսինքն՝ 2007 թվականի օգոստոս ամսվա համար հաստատագրված վճարի ապառք, ըստ գործով ձեռք բերված ապացույցների, Ընկերությունը չի ունեցել։ Տեսչությունը 21.06.2012 թվականին Ընկերությանն էլեկտրոնային եղանակով ուղարկել է «Հիշեցում-ծանուցում», որտեղ նշվել է, որ 18.06.2012 թվականի դրությամբ Ընկերության կողմից չմարված պարտավորությունը կազմում է ընդամենը 81,00 ՀՀ դրամ։ Բացի այդ, Տեսչությունը 15.03.2013 թվականին Ընկերությանը տրամադրել է պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք, ըստ որի՝ 15.03.2013 թվականի դրությամբ Ընկերությունը որևէ հարկատեսակի գծով պարտավորություն չունի, ունի դեբետային մնացորդ (գերավճար)՝ ընդհանուր 4.088.624 ՀՀ դրամի չափով։ Այսինքն՝ նշված փաստական հանգամանքները վկայում են այն մասին, որ մինչև 15.03.2013 թվականը հարկային մարմնում 2007 թվականի օգոստոս ամսվա հաստատագրված վճարի չկատարված պարտավորություն հաշվառված չի եղել։ Եթե հայցի հիմք հանդիսացող ենթադրյալ խախտումը՝ 2007 թվականի օգոստոս ամսվա հաստատագրված վճարը, սահմանված ժամկետում նույնիսկ վճարված չլիներ էլ, ապա միևնույն է, դա հարկային մարմնի կողմից հայտնաբերվել է միայն 2013 թվականի մարտի 15-ից հետո՝ շուրջ վեց տարի անց։ Հետևաբար քննարկվող հարկային պարտավորությունների մասով պետք է կիրառվի «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը, որի ուժով Ընկերության մոտ չեն կարող առաջանալ վեճի առարկա հանդիսացող հաստատագրված վճարի և բնապահպանական վճարի գծով հարկային պարտավորություններ:
Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը բավարարելով, պատճառաբանել է, որ Դատարանն իր եզրահանգումների հիմքում չպետք է դներ միայն 15.03.2013 թվականի տեղեկանքը, այլ գործում առկա բոլոր ապացույցները պետք է գնահատեր իրենց համակցության մեջ: Մասնավորապես՝ 31.07.2007 թվականի ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի վերաբերյալ հայտարարության համաձայն՝ Ընկերությունը հայտնել է, որ գազալցումն իրականացնելու է երկու խողովակների միջոցով։ Ընկերության հաստատագրված վճարի անձնական հաշվի քարտի ուսումնասիրությունից պարզվել է, որ 2007 թվականի օգոստոս ամսվա համար վճարման ենթակա հաստատագրված վճարը հաշվարկվել է երկու խողովակի համար` 1.800.000 ՀՀ դրամի չափով, սակայն վճարումը կատարված է մեկ խողովակի հաշվարկով` 900.000 ՀՀ դրամի չափով։ Այսինքն՝ հարկային մարմինը տեղյակ է եղել և հայտնաբերել է, որ վճարումը 2007 թվականի օգոստոս ամսվա համար կատարվել է միայն մեկ խողովակի հաշվարկով։ Ավելին, 15.03.2013 թվականի տեղեկանքով որևէ կերպ չի հերքվում հարկային պարտավորություն ունենալու և վճարման ենթակա գումարը չվճարելու փաստերը։ Հարկային մարմնի կողմից 15.03.2013 թվականի տեղեկանքում պարտավորության չնշելը գնահատվել է որպես թյուրիմացություն, ինչը չի կարող բերել պարտավորության վերացման կամ դադարման։
Ինչ վերաբերում է բնապահպանական վճարի գծով 110 ՀՀ դրամ պարտավորության առաջացմանը, ապա Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ բնապահպանական վճարի գծով անձնական հաշվի քարտի ուսումնասիրությունից պարզվել է, որ 2010 թվականի առաջին եռամսյակից սկսած՝ հաշվարկվել է եռամսյակային վճար` 200-ական դրամի չափով։ Կատարված ընդամենը 1.300 ՀՀ դրամ գերավճարի հաշվից վճարի չափը պակասեցվել է, և 2012 թվականի չորրորդ եռամսյակում ապառքի գումարը կազմել է 100 ՀՀ դրամ, որի վրա հաշվարկվել է տույժ 12 ՀՀ դրամի չափով, ինչի հետևանքով բռնագանձման է առաջադրվել ընդամենը 110 ՀՀ դրամ։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Տեսչությունը սույն գործով պահանջել է հաստատագրված վճարի գծով պարտավորությունները չկատարելու համար Ընկերությունից բռնագանձել 3.196.099 ՀՀ դրամ, իսկ բնապահպանական վճարի գծով՝ 110 ՀՀ դրամ: 21.06.2012 թվականին Տեսչությունն էլեկտրոնային եղանակով Ընկերությանն է ուղարկել «Հիշեցում-ծանուցում», որտեղ նշել է, որ 18.06.2012 թվականի դրությամբ Ընկերությունն ունի չմարված պարտավորություն 81,00 ՀՀ դրամի չափով՝ «Այլ» վճարատեսակի գծով: Բացի այդ, Տեսչությունը 15.03.2013 թվականին Ընկերությանը տրամադրել է պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք, որտեղ նշել է, որ Ընկերությունը 15.03.2013 թվականի դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով պարտավորություններ չունի, ունի դեբետային մնացորդ՝ 4.088.624 ՀՀ դրամի չափով: Այսինքն՝ 15.03.2013 թվականի դրությամբ Տեսչությունը երկու անգամ մատնանշել է, որ Ընկերությունը հաստատագրված վճարի գծով որևէ պարտավորություն չունի, ինչը չի կարող որակվել իբրև թյուրիմացություն:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ հաստատագրված վճարի գծով Ընկերության պարտավորությունները դեռևս 2007 թվականին հայտնաբերվելու հանգամանքը հիմնավորվում է Ընկերության անձնական հաշվի քարտի ուսումնասիրությամբ, ապա այն անհիմն է, քանի որ դատարան չի ներկայացվել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 25.07.2003 թվականի թիվ 03/20-Ն հրամանով հաստատված հարկային տեսչություններում հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի վարման առանձին հարցերի վերաբերյալ կարգի (այսուհետ՝ Կարգ) 2.6-րդ կետի պահանջներին համապատասխան գրիչով լրացված անձնական հաշվի քարտը: ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 25.07.2003 թվականի թիվ 03/20-Ն հրամանով հաստատված Կարգի 2.6-րդ կետի համաձայն՝ քարտը լրացվում է կապույտ կամ սև գույնի գրիչով (բացառությամբ 2.5-րդ կետում նշված դեպքից): Քարտում որևէ թիվ սխալ գրելու դեպքում, եթե դա հայտնաբերվում է մինչև հաջորդ տողում գրառում կատարելը, ապա գիծ է քաշվում այդ թվի վրա, սխալի կողքը քարտ վարողը ստորագրում է (նշելով անուն, ազգանունը) և այդ տողի գրառումները կատարում է հաջորդ տողում: Նշված իրավակարգավորման լույսի ներքո հիմնավոր է բողոք բերած անձի այն փաստարկը, որ անձնական հաշվի քարտի էլեկտրոնային տարբերակը թույլատրելի ապացույց չէ, քանի որ դրանում հնարավոր է ցանկացած ժամանակ փոփոխություններ կատարել:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից հաստատագրված վճարի գծով 2007 թվականին կատարված հարկային օրենսդրության խախտումն օրենքով սահմանված ժամկետում պարտավոր էր հայտնաբերել Տեսչությունը, մինչդեռ վերջինս խախտումը հայտնաբերել է 2013 թվականին, հետևաբար «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի համաձայն Ընկերության համար հաստատագրված վճարի գծով հարկային պարտավորություն չի կարող առաջանալ:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար՝ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, Ընկերությանն ազատելով նաև բնապահպանական վճարի գծով 110 ՀՀ դրամի չափով պարտավորությունից, թույլ է տվել դատական սխալ, քանի որ այդ պարտավորության առկայությունն Ընկերությունը չի վիճարկել: Նման պայմաններում նշված գումարը ենթակա է բռնագանձման Ընկերությունից, և այդ մասով Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր են:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 20.02.2014 թվականի որոշումը հաստատագրված վճարի և պետական տուրքի բռնագանձման մասերով և այդ մասերով այն փոփոխել. հայցը՝ 3.196.099 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, մերժել։ Որոշումը՝ մնացած մասով, թողնել անփոփոխ:
2. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արթիկի տարածքային հարկային տեսչությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 95.883 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.06.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
«ՎԱ-ԱՐՏ» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 1.500 ՀՀ դրամ՝ որպես բնապահպանական վճարի գծով հայցադիմումի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ |
Վ. ԱԲԵԼՅԱՆ | |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Է. Հայրիյան | |
Ե. Սողոմոնյան |