«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 դեկտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 60514557
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
8 դեկտեմբերի 2014 թ. ք. Երևան |
N 1149-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 18-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 18-Ն որոշմամբ սահմանված հավելվածի՝
1) 65.2-րդ կետի առաջին պարբերությունը «Հանձնաժողովի անդամներին,» բառերից հետո լրացնել «իրականացնել տեսանկարահանում և (կամ) ձայնագրում,» բառերով.
2) 81-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«81. Հանձնաժողովի որոշմամբ ատեստավորմանը ներկա գտնվելու իրավունք ունեն մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների (այսուհետ` Լրատվության միջոց) ներկայացուցիչներ, ինչպես նաև հրավիրված դիտորդներ:
Ատեստավորմանը ներկա գտնվել և լուսաբանել կարող են յուրաքանչյուր Լրատվության միջոցը ներկայացնող մեկ լրագրող, մեկ լուսանկարիչ կամ տեսաձայնագրման մեկ օպերատոր: Ատեստավորմանը ներկա գտնվելու համար Լրատվության միջոցն ատեստավորումից մեկ օր առաջ գրավոր, իսկ դրա անհնարինության դեպքում` բանավոր, դիմում է ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմ` նշելով այն ներկայացուցչի տվյալները, ով ներկա է գտնվելու ատեստավորմանը:
Ատեստավորմանը ներկա գտնվող Լրատվության միջոցի ներկայացուցիչն իրավունք ունի.
ա) ատեստավորում անցկացնելու սենյակում կատարել լուսանկարում, տեսանկարահանում.
բ) ատեստավորում անցկացնելու սենյակից դուրս, ատեստավորումից առաջ կամ հետո, քաղաքացիական ծառայողների, Հանձնաժողովի անդամների հետ անցկացնել հարցազրույցներ և ճեպազրույցներ.
գ) քաղաքացիական ծառայողների վերաբերյալ ատեստավորման փաթեթում ներառված տվյալների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվություն ստանալ ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմից:
Ատեստավորմանը ներկա գտնվող Լրատվության միջոցի ներկայացուցիչը պարտավոր է.
ա) չխախտել ատեստավորման բնականոն ընթացքը, չխանգարել ատեստավորման մասնակիցներին, որևէ ձևով չմիջամտել Հանձնաժողովի աշխատանքներին.
բ) չխախտել քաղաքացիական ծառայողների անձնական կյանքի և տվյալների անձեռնմխելիության իրավունքը, ատեստավորման հարցազրույցի փուլի ընթացքում լուսանկարման, ձայնագրման կամ տեսանկարահանման միջոցով չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են հանգեցնել սույն կարգի 65.1-ին կետի հինգերորդ պարբերությամբ սահմանված պահանջի խախտման:
Լրատվության միջոցի ներկայացուցչի կողմից սահմանված պահանջները խախտելու դեպքում, Հանձնաժողովը կազմում է արձանագրություն և իր որոշմամբ կարող է դադարեցնել Լրատվության միջոցի ներկայացուցչի աշխատանքը, ընդհուպ դուրս հրավիրել սենյակից: Մինչ համապատասխան որոշում կայացնելը` Հանձնաժողովը կասեցնում է ատեստավորումը:
Հասարակական միավորումների ներկայացուցիչները Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:
Հասարակական միավորումն առնվազն յոթ աշխատանքային օր առաջ ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող համապատասխան աշխատակազմ ներկայացնում է դիմում, որտեղ հստակ շարադրվում են այն խնդիրները, որոնց բացահայտումը հանդիսանում է առաքելության նպատակը: Յուրաքանչյուր դիտորդ ատեստավորման ընթացքում առաջնորդվում է բացառապես նշված խնդիրների բացահայտմամբ` պահպանելով քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:»:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ |
Մ. Բադալյան |