Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
1 դեկտեմբերի 2016 թվականի N 48
7. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒ ԴՐԱՆՑՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ`
1) բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման փաստաթղթերի մշակման ընթացակարգին` համաձայն N 1 հավելվածի.
2) բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման փաստաթղթերով նախատեսված գործողությունների և միջոցառումների իրականացման արդյունքների մոնիթորինգի ընթացակարգին` համաձայն N 2 հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. դեկտեմբերի 6 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 1-ի նիստի N 48 |
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ընթացակարգով սահմանվում է բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման փաստաթղթերի մշակման ընթացակարգը:
2. Սույն ընթացակարգում օգտագործվող հասկացություններն են`
1) Բնապահպանական խնդիրներ`
ա. շրջակա միջավայրի և մարդու առողջության պահպանության նպատակով շրջակա միջավայրի` մթնոլորտի, ջրային ռեսուրսների, հողի, ընդերքի, (այդ թվում` ստորերկրյա ջրերի), բուսական և կենդանական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների վրա տնտեսական գործունեության վնասակար ներգործությունների հնարավորինս չափով նվազեցման ապահովումը.
բ. կլիմայի գլոբալ փոփոխությունների, օզոնային շերտի քայքայման, մեծ հեռավորությունների վրա օդի, ջրային ռեսուրսների անդրսահմանային աղտոտման, արդյունաբերական վթարների անդրսահմանային ներգործությունների, հողերի դեգրադացիայի (անապատացման, աղակալման, էռոզիայի և այլնի), Հայաստանի Հանրապետության բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում գրանցված տեսակների անհետացման վտանգի հնարավոր կանխարգելման ապահովումը.
գ. վտանգավոր քիմիական նյութերի, այդ թվում` կայուն օրգանական աղտոտիչների, արտադրական և սպառման թափոնների անվտանգ կառավարման ապահովումը.
դ. էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանության, վերականգնման և կայուն օգտագործման ապահովումը.
ե. օտարածին (ինվազիվ և էքսպանսիվ) բուսական և կենդանական տեսակներից ու գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներից կենսաբազմազանության անվտանգության ապահովումը,
զ. վերականգնվող բնական ռեսուրսների վերարտադրությանն անհրաժեշտ ծավալների և բնական հավասարակշռության ապահովումը.
է. չվերականգնվող բնական ռեսուրսների բանական և արդյունավետ օգտագործման ապահովումը.
ը. շրջակա միջավայրի վրա բնական աղետների ազդեցության նվազեցման ապահովումը,
2) Բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորում` Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանությանը, բնապահպանական խնդիրների լուծմանը և էկոլոգիական անվտանգության ապահովմանը նպատակաուղղված գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, գիտական և հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների (այսուհետ` շահագրգիռ կողմեր) մասնակցությամբ ռազմավարական կանխատեսման և ծրագրանպատակային պլանավորման գործընթաց.
3) Ծրագրանպատակային պլանավորում` Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության և էկոլոգիական անվտանգության ապահովման նպատակների, դրանց իրագործմանը նպատակաուղղված ֆինանսավորման աղբյուրների և կատարողների սահմանմամբ միջոցառումների ու գործողությունների համակարգի ձևավորման գործընթաց.
4) Բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման փաստաթուղթ` սույն ընթացակարգի համաձայն մշակված`
ա. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ազգային ռազմավարություն,
բ. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ազգային գործողությունների ծրագիր:
5) Շրջակա միջավայրի պահպանության ռազմավարական ազգային գերակայություններ` էկոլոգիական անվտանգության ապահովման կարևորագույն ուղղություններ, որոնցով իրագործվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքները` անվտանգ շրջակա միջավայրի ապահովման համատեքստում.
6) Շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության գերակայություն շրջակա միջավայրի պահպանության նպատակների հասանելիության նպատակահարմարության և արդյունավետության տեսանկյունից նախընտրելի ուղղություն և գործողություն.
7) Շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության թիրախ` շրջակա միջավայրի արդյունավետ պահպանության և բնական ռեսուրսների բանական օգտագործման համակարգ, որոնք պետական ռազմավարական պլանավորման մասնակիցների կողմից սահմանվում են որպես քանակական և որակական ցուցանիշներով բնութագրվող գործողությունների ուղենիշ կամ վերջնական նպատակ։
II. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
3. Բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման փաստաթղթերը մշակվում են ծրագրանպատակային պլանավորման շրջանակներում ազգային բնապահպանական խնդիրների կանխարգելման և (կամ) լուծման համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության պահպանման ծախսերի ֆինանսավորման և օրենքով չարգելված այլ աղբյուրներից հատկացված ֆինանսական միջոցների հաշվին:
4. Բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման փաստաթղթերն են`
1) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ազգային ռազմավարությունը, որը շրջակա միջավայրի պահպանության ոլորտի նախանշված նպատակների իրագործման հիմնական ուղղությունները և միջոցառումներն ընդհանրական նկարագրող փաստաթուղթ է,
2) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ազգային գործողությունների ծրագիրը, որը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ազգային ռազմավարությունում նախանշված նպատակների իրագործմանն ուղղված կոնկրետ միջոցառումները, դրանց արդյունքները, իրագործման ֆինանսավորման աղբյուրները, կատարողները և ժամկետները մանրամասն նկարագրող փաստաթուղթ է:
5. Բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման փաստաթղթերում ներառված ծրագրերը, գործողությունները և միջոցառումները պետք է համապատասխանեն և (կամ) համահունչ լինեն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությանը, Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ զարգացման տեսլականին, հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրերին և կառավարման պլաններին:
6. Բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման փաստաթղթերում ներառված ծրագրերը, գործողությունները և միջոցառումները հիմք են ծառայում Հայաստանի Հանրապետության միջնաժամկետ ծախսերի ծրագրի և Հայաստանի Հանրապետության առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծերի մշակման շրջանակներում ոլորտային հայտերը կազմելու և դրանք Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելու մեթոդական ցուցումների պահանջներին համապատասխան, բյուջետային գործընթացի շրջանակներում միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտերի և առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմման համար:
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
7. Շրջակա միջավայրի պահպանության ազգային ռազմավարությունը (այսուհետ` ազգային ռազմավարություն) մշակվում է առնվազն 10 տարվա համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության և էկոլոգիական անվտանգության գերակայությունները և լուծման ենթակա խնդիրները:
8. Ազգային ռազմավարությունը հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության և էկոլոգիական անվտանգության ապահովման պետական ծրագրերի մշակման համար:
9. Ազգային ռազմավարությունը մշակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի N2 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած հայեցակարգերի, ռազմավարությունների, ծրագրերի կազմման մեթոդական ուղեցույցին համապատասխան` հետևյալ կառուցվածքով`
1) Ներածություն (ներկայացվում է Հայաստանի սոցիալ-տնտեսական պայմանների նկարագիրը, շրջակա միջավայրի պահպանության բնագավառում առկա հիմնախնդիրները և իրավիճակի գնահատականը, դրանց լուծման համար անհրաժեշտ քաղաքականության մշակման հիմնավորվածությունն ու անհրաժեշտությունը):
2) Շրջակա միջավայրի պահպանության ազգային ռազմավարություն (ներկայացվում է շրջակա միջավայրի պահպանության ազգային ռազմավարության նախորդ ծրագրի իրականացման ընթացքը, ծրագրի կատարման վերլուծությունից արված հետևությունները, նոր ռազմավարական ծրագրի նախապատրաստման անհրաժեշտությունը, նոր ռազմավարության միջճյուղային, միջբնագավառային և այլ մոտեցումները):
3) Շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության իրավական շրջանակներ (ներկայացվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության օրենսդրությունը, օրենսդրության գծով առկա հիմնախնդիրները, օրենսդրության իրագործումն ու իրագործման մեխանիզմները, միջազգային համաձայնագրերի իրականացման գործընթացը, միջազգային օրենսդրության հետ համապատասխանեցման գործընթացը, օրենսդրության զարգացման իրականացումը հանրապետական և համայնքային մակարդակներում):
4) Ինստիտուցիոնալ կառավարում (ներկայացվում է շրջակա միջավայրի պահպանության ինստիտուցիոնալ կառույցները և դրանց հնարավորությունները, համապարփակ կառավարման համար ինստիտուցիոնալ հզորությունների զարգացման ուղիները):
5) Տնտեսական և ֆինանսական մեխանիզմներ (ներկայացվում է շրջակա միջավայրի պահպանության տնտեսական մեխանիզմները, բնապահպանական հիմնադրամները, բնապահպանական գործողությունների համար ֆինանսական ռեսուրսները, շրջակա միջավայրի պահպանության վրա կատարվող ծախսերը, ներառյալ` միջազգային օժանդակությունը և կանաչ աճի ցուցանիշները):
6) Շրջակա միջավայրի կայուն կառավարում (ներառում է հողային ռեսուրսների, կենսառեսուրսների, ջրային ռեսուրսների, վտանգավոր նյութերի և թափոնների, մթնոլորտի պահպանության ու կլիմայի փոփոխության կանխարգելման կառավարումը, էկոհամակարգային ծառայությունների համակարգը, ռիսկերի գնահատումը ու դրանց նվազեցման ուղիները / ներառյալ` վթարներ արտադրական կազմակերպություններում/, քաղաքների շրջակա միջավայրը, բնակավայրերի սանիտարական վիճակը և միջբնագավառային հիմնախնդիրները):
7) Շրջակա միջավայրի միջճյուղային կառավարում (ներկայացվում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը, տնտեսական աճը և ներգործությունը /ծանրաբեռնվածությունը/ շրջակա միջավայրի վրա /էներգետիկա, տրանսպորտ, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնարտադրություն, զբոսաշրջություն և տնտեսության այլ ոլորտներ/, շրջակա միջավայրը և մարդու առողջությունը, միջճյուղային հիմնախնդիրների լուծումը շրջակա միջավայրի կայուն կառավարման համար):
8) Բնապահպանական մոնիթորինգ (ներկայացվում է բնապահպանական մոնիթորինգի առկա խնդիրները, մոնիթորինգի համակարգերի ֆինանսավորումը, մոնիթորինգի տեղեկատվության մատչելիությունը և մոնիթորինգի հզորությունների զարգացումը):
9) Շրջակա միջավայրի աղտոտման նկատմամբ վերահսկողության միջոցներ
10) Միջազգային համագործակցություն բնապահպանության ոլորտում
11) Հանրության իրազեկում և բնապահպանական տեղեկատվության մատչելիություն (ներկայացվում է տեղեկատվության մատչելիության իրավական շրջանակները, լրատվամիջոցների դերի գնահատում, բնապահպանական հասարակական կազմակերպությունների և այլ հիմնական խմբերի ներգրավվածությունը, էկոլոգիական կրթության դերի գնահատումը, էկոլոգիական կրթության և բնապահպանական տեղեկատվության մատչելիության բարելավման համար անհրաժեշտ գործողությունները):
12) Էկոլոգիական գիտական հետազոտություններ (ներկայացվում է առկա հնարավորությունների գնահատումը, լավագույն հասանելի մաքուր (կանաչ) տեխնոլոգիաները, բնապահպանական նորամուծությունները և տնտեսական օգուտները, էկոլոգիական գիտական հետազոտությունները, դրանց զարգացման բնագավառում միջճյուղային համագործակցությունը):
13) Շրջակա միջավայրի պահպանության գործողությունների ազգային նոր ռազմավարական ծրագրի շրջանակները (ներկայացվում է շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության հիմնական ուղղությունները ոլորտային կտրվածքով Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման մեկ կամ մի քանի տարբերակների համար` շրջակա միջավայրի պահպանության բնագավառի հիմնական թիրախային ցուցանիշների նշմամբ, գերակայությունները և լուծման ենթակա առաջնահերթ խնդիրները, որոնց լուծումն ապահովելու է ազգային ռազմավարության հեռանկարային նպատակային (թիրախային) ցուցանիշների հասանելիությունը):
14) Շրջակա միջավայրի պահպանության գործողությունների ազգային նոր ռազմավարական ծրագրի իրականացման ռիսկերի գնահատում (ներկայացվում է ռիսկերի նկարագրությունը, բացասական երևույթի հանդես գալու հավանականությունը, ռիսկերի հնարավոր ազդեցությունը նպատակների, թիրախային և (կամ) արդյունքային ցուցանիշների վրա, ռիսկերի կանխման/հաղթահարման հնարավոր ուղիները):
IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
10.Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործողությունների ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) մշակվում է առնվազն 5 տարվա համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից՝ հիմք ընդունելով սույն ընթացակարգի համաձայն մշակված և հաստատված ազգային ռազմավարությունը:
11. Ծրագիրը մշակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի N 2 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած հայեցակարգերի, ռազմավարությունների, ծրագրերի կազմման մեթոդական ուղեցույցին համապատասխան:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 1-ի նիստի N 48 |
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ընթացակարգով սահմանվում է բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման փաստաթղթերով նախատեսված գործողությունների և միջոցառումների իրագործման արդյունքների մոնիթորինգի իրականացման ընթացակարգը:
2. Բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման փաստաթղթերով նախատեսված գործողությունների և միջոցառումների իրականացման արդյունքների մոնիթորինգը պետական ռազմավարական պլանավորման փաստաթղթով նախատեսված գործողությունների և միջոցառումների կատարման, դրանցում ամրագրված հիմնական թիրախային ցուցանիշների և (կամ) ծրագրային պարտավորությունների կատարման, պլանավորված ժամկետներում դրանց իրագործման հնարավորությունների և ռիսկերի, ծախսված ֆինանսական հատկացումների գնահատման գործընթաց է:
3. Բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման փաստաթղթերով (այսուհետ` Ծրագիր) նախատեսված գործողությունների և միջոցառումների իրականացման արդյունքների մոնիթորինգը (այսուհետ` Մոնիթորինգ) կատարվում է դրանց շրջանակներում իրականացված գործողությունների և (կամ) միջոցառումների արդյունավետությունը գնահատելու համար:
4. Մոնիթորինգը ներառում է` Ծրագրի և (կամ) դրա շրջանակներում իրականացվող միջոցառումների քանակական և որակական ցուցանիշների մասով տվյալների ստացումը, ակնադիտարկումների ու ուսումնասիրությունների միջոցով դրանց հավաքագրումը, մշակումը, գնահատումը և տվյալների հիմնապաշարների (բազայի) վարումը:
5. Մոնիթորինգի իրականացման համար կարող են հիմք հանդիսանալ Ծրագրում ներառված գործողությունների և միջոցառումների կատարման արդյունքներին վերաբերող վերջնական հաշվետվությունները, գիտական ուսումնասիրությունները, պետական հաշվառման արդյունքում ստացված տվյալները, կառավարման պլաններում, այլ փաստաթղթերում և աղբյուրներում ներառված տեղեկատվությունը:
6. Մոնիթորինգի իրականացման խնդիրներն են`
1) Ծրագրում ներառված գործողությունների և միջոցառումների կատարման ընթացքի, դրանց ավարտից հետո դրանցում ամրագրված հիմնական թիրախային ցուցանիշների և (կամ) ծրագրային պարտավորությունների կատարման ուսումնասիրությունն ու գնահատումը` ելնելով ծրագրային նպատակների իրագործելիության և հասանելիության ձեռք բերված մակարդակներից.
2) Ծրագրում ներառված գործողությունների և միջոցառումների կատարման արդյունավետության գնահատումը` շրջակա միջավայրի առողջացման և առկա բնապահպանական հիմնախնդիրների լուծման տեսանկյունից:
II. ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
7. Մոնիթորինգը (ներառյալ՝ բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման փաստաթղթերով նախատեսված գործողությունների և միջոցառումների իրագործման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների և զեկույցների մշակումն ու դրանց հրապարակումը) կազմակերպվում և իրականացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից` շահագրգիռ հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմինների օժանդակությամբ, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության պահպանման ծախսերի ֆինանսավորման և (կամ) օրենքով չարգելված այլ աղբյուրներից հատկացված ֆինանսական միջոցների հաշվին:
8. Ծրագրի Մոնիթորինգն իրականացվում է , այդ թվում`
1) ընթացիկ մոնիթորինգը` Ծրագրի գործողության ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար, բացառությամբ վերջին տարվանից` աճողական կարգով, հաշվետու տարվան հաջորդող տարվա մինչև հունիսի 1-ը,
2) վերջնական մոնիթորինգը` Ծրագրի գործողության ժամանակահատվածի ավարտման տարվան հաջորդող տարվա մինչև դեկտեմբերի 1-ը:
9. Ծրագրի Մոնիթորինգի արդյունքները ներկայացվում են սույն ընթացակարգին համապատասխան մշակվող զեկույցներում և հաշվետվություններում:
10. Ծրագրի Մոնիթորինգի գործընթացին կարող են մասնակցել ծրագրի իրականացման անմիջական պատասխանատուները և շահառուները:
11. Հաշվետվությունները կազմվում են տարեկան կտրվածքով` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա սեպտեմբերի 1-ը:
12. Զեկույցները կազմվում են 5 տարվա կտրվածքով` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա դեկտեմբերի 1-ը:
III. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
13. Հաշվետվությունները և զեկույցները կազմվում են ներառելով հետևյալ ոլորտային գլուխները և բաժինները (ենթաբաժինները)`
1) Մթնոլորտային օդի աղտոտում և օզոնային շերտի քայքայում
2) Կլիմայի փոփոխություն
3) Ջրային ռեսուրսներ
4) Կենսաբազմազանություն
5) Հողային ռեսուրսներ
6) Գյուղատնտեսություն
7) Էներգետիկա
8) Տրանսպորտ
9) Թափոններ
10) Կանաչ աճի ցուցանիշները
11) Համադրում
12) Շրջակա միջավայրի պահպանության կառավարում (իրականացվող բնապահպանական քաղաքականության արդյունավետություն)
13) Հետևություններ և առաջարկություններ:
14) Հավելվածներ:
IV. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԶԵԿՈՒՑՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
14. Հաշվետվությունների և զեկույցների էլեկտրոնային տարբերակները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության պաշտոնական էլեկտրոնային կայքում, այդ թվում`
1) հաշվետվություններինը` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա սեպտեմբերի 1-ը.
2) զեկույցներինը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա դեկտեմբերի 1-ը:
