ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 նոյեմբերի 2014 թվականի N 1262-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1779-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի «Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկերը և դրանք մաքսային մարմիններին տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 1779-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ կետով.
«9. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքին համապատասխան` հայտարարատուի կողմից մաքսային վճարների ապահովման, ինչպես նաև հայտարարատուի և մաքսային մարմինների միջև անհամաձայնությունների առաջացման դեպքում վերջիններիս կողմից` օրենսգրքով սահմանված ժամկետներում ապրանքների բացթողման ապահովման համար հայտարարատուի կողմից կարող են ներկայացվել բանկային կամ ապահովագրական, կամ վարկային կազմակերպությունների տրամադրած երաշխիքը ներկայացնելը հավաստող համապատասխան փաստաթղթեր:».
2) N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.
«3. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքին համապատասխան` ապրանքների ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրի ճշգրտման նպատակով մաքսային մարմինները հայտարարատուից կարող են պահանջել հետևյալ լրացուցիչ տեղեկությունները`
ա) ապրանքի բաղադրության վերաբերյալ տվյալներ պարունակող (այդ թվում` այդ ապրանքում որոշակի նյութերի և տարրերի պարունակության վերաբերյալ) փաստաթղթեր, եթե այդ նյութերի և տարրերի պարունակության մասին տեղեկությունները նախատեսված են ԱՏԳ ԱԱ-ի համապատասխան խմբի կամ դիրքի նկարագրով,
բ) ապրանքի վերամշակման գործընթացի փուլերի և եղանակի մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթեր (տեխնոլոգիական սխեմաներ, տեխնոլոգիական ուղեցույցներ կամ տեխնոլոգիական գործընթացը նկարագրող այլ փաստաթղթեր), եթե այդ ապրանքի դասակարգման հայտանիշը` ըստ ԱՏԳ ԱԱ-ի խմբի կամ դիրքի նկարագրի, պայմանավորված է ապրանքի մշակման եղանակով կամ աստիճանով,
գ) ապրանքի օգտագործման (գործողության) սկզբունքի և տեխնիկական բնութագրերի մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթեր (տեխնիկական փաստաթղթեր, մասնավորապես, գծագրեր, բլոկ սխեմաներ, տեխնիկական անձնագիր, շահագործման ուղեցույց, տեխնոլոգիական սխեմաներ, օգտագործողի ձեռնարկ և այլն), եթե այդ ապրանքի դասակարգման հայտանիշը` ըստ ԱՏԳ ԱԱ-ի խմբի կամ դիրքի նկարագրի, պայմանավորված է կշռով, չափերով, հզորությամբ, արտադրողականությամբ և այլ բնութագրիչ մեծություններով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2014 թ. նոյեմբերի 17
վարչապետՀ. Աբրահամյան
Երևան