ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2014 թվականի N 1203-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 410 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 20-ի «Բռնադատվածների կամ նրանց առաջին հերթի ժառանգների կողմից բնակարանային անհատական շինարարության նպատակով կամ անավարտ բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու, ինչպես նաև բնակարան ձեռք բերելու կամ վերանորոգելու համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ ստանալու համար քաղաքացիների դիմումները հաշվառելու, քննարկելու, ինչպես նաև հայտ ներկայացնելու և վարկ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 410 որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 20-ի N 410 որոշման հիման վրա` բռնադատվածներին կամ նրանց առաջին հերթի ժառանգներին տրամադրված վարկերի գծով ինդեքսավորման ենթակա գումարները և մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ժամկետանց պարտավորությունների դիմաց հաշվարկված տույժերը զիջել ամբողջ ծավալով, իսկ վարկառուների կողմից ինդեքսավորման և ժամկետանց պարտավորությունների դիմաց վճարված գումարները հաշվառել որպես վարկի հիմնական գումարի մարում:
3. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ վարկային պարտավորությունների գծով հաշվարկված տոկոսագումարները կապիտալիզացվում են, և այդ գումարները վարկառուների կողմից ենթակա են վճարման` հավասարաչափ, կիսամյակային կտրվածքով` վարկի հիմնական գումարի մարման հետ միասին:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` վարկառուների հետ կնքված վարկային պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ` վարկային պարտավորությունները վերահաշվարկելով սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. նոյեմբերի 5 Երևան |