ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԱՐԱԴ/0059/06/13 |
Գործ թիվ ԱՐԱԴ/0059/06/13 |
|
Նախագահող դատավոր՝ Գ. Մելիք-Սարգսյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Օհանյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
քարտուղարությամբ |
Մ. Ավագյանի |
2014 թվականի մայիսի 31-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի դեկտեմբերի 25-ի որոշման դեմ մեղադրյալ Արսեն Դերենիկի Հունանյանի պաշտպան Մ.Սարգսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2013 թվականի հոկտեմբերի 14-ին նախաքննության մարմնի կողմից որոշում է կայացվել Արսեն Դերենիկի Հունանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Նույն օրը մեղադրյալ Ա.Հունանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշում է կայացվել:
2. Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2013 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ բավարարվել է նախաքննության մարմնի միջնորդությունը և Ա.Հունանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամանակով:
3. Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ մեղադրյալ Ա.Հունանյանի պաշտպան Մ.Սարգսյանի կողմից 2013 թվականի դեկտեմբերի 18-ին բերված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:
4. Վերաքննիչ դատարանի որոշման դեմ մեղադրյալ Ա.Հունանյանի պաշտպան Մ.Սարգսյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2014 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Ա.Հունանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումը պաշտպանության կողմին հանձնված (պատշաճ ձևով ուղարկված) լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործի նյութերում առկա չէ: Գործի նյութերում առկա է միայն հիշյալ դատական ակտը ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արագածոտնի մարզային քննչական բաժնի պետին ուղարկելու վերաբերյալ դատավորի ուղեկցական գրության պատճենը (տե՛ս նյութեր, թերթ 52):
Ա.Հունանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 14-ի որոշման եզրափակիչ մասում նշված է, որ որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` 5-օրյա ժամկետում, սակայն նշված չէ, թե որ պահից է սկսվում բողոքարկման 5-օրյա ժամկետի ընթացքը (տե՛ս նյութեր, թերթ 50-51):
6. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 14-ի որոշման դեմ 2013 թվականի դեկտեմբերի 18-ին բերված վերաքննիչ բողոքում մեղադրյալ Ա.Հունանյանի պաշտպան Մ.Սարգսյանը նշել է, որ բողոքարկվող դատական ակտը պաշտպանության կողմը ստացել է 2013 թվականի դեկտեմբերի 18-ին (տե՛ս նյութեր, թերթ 57-60):
7. Մեղադրյալ Ա.Հունանյանի պաշտպան Մ.Սարգսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի պահանջներով` ընդհանուր իրավասության դատարանը 14.10.2013թ. որոշմամբ սահմանել է բողոքարկման հնգօրյա ժամկետ:
Ընդհանուր իրավասության դատարանի կողմից սույն գործի շրջանակներում որոշումը կայացվել է 14.10.2013թ., իսկ պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել 18.12.2013թ.` պատճառաբանելով, որ ինքը բողոքարկվող որոշումն ստացել է 18.12.2013թ.: Մեղադրյալի նկատմամբ դեռևս 14.10.2013թ. որոշում է կայացվել հետախուզում հայտարարելու մասին:
Մինչդեռ, վերաքննիչ քրեական դատարանն արձանագրում է, որ պաշտպանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան չի ներկայացրել իր կողմից հիշյալ որոշումը 18.12.2013թ. ստանալը հավաստող որևէ փաստաթուղթ:
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381 հոդվածի 2-րդ մասի պահանջների` «Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը (…) ժամկետանց է (…), Վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության»:
Վերը նշվածից ելնելով` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պաշտպանի վերաքննիչ բողոքը` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 14.10.2013թ. որոշման դեմ` ժամկետանց է, ուստի այն պետք է թողնել առանց քննության» (տե՛ս նյութեր, թերթ 67-68):
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
8. Բողոքի հեղինակի պնդմամբ` Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 14-ի որոշման դեմ 2013 թվականի դեկտեմբերի 18-ին բերված վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելով` Վերաքննիչ դատարանը խախտել է Ա.Հունանյանի՝ ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ և 47-րդ հոդվածներով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 6-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ և 17-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները:
Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ Ա.Հունանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումը, ի խախտումն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասի, մեղադրյալին չի ուղարկվել: Այս կապակցությամբ բողոքաբերը նշել է, որ պատշաճ ծանուցման պարտականության իմաստով դատարանը պարտավոր է ոչ միայն կողմերին պատշաճ ձևով հանձնել (ուղարկել) կայացված դատական ակտը, այլև պարզաբանել այդ ակտի բողոքարկման ժամկետներն ու կարգը:
9. Անդրադառնալով իր կողմից Առաջին ատյանի դատարանի դատական ակտը ստանալու ժամկետին՝ բողոք բերած անձը նշել է, որ այն ստացել է մեղադրյալ Ա.Հունանյանի վերաբերյալ քրեական գործով որպես պաշտպան ներգրավվելուց հետո` 2013 թվականի դեկտեմբերի 18-ին, և այդ փաստը հիմնավորող ապացույցը գտնվում է քրեական գործի նյութերում: Այս կապակցությամբ բողոքաբերը վկայակոչել է Տ.Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0066/11/12 որոշումը և նշել, որ եթե Վերաքննիչ դատարանը ղեկավարվեր ոչ միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, այլ նաև Վճռաբեկ դատարանի` վերոնշյալ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներով, ապա սույն գործով Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու հնգօրյա ժամկետը կհաշվեր ոչ թե բողոքարկվող որոշման հրապարակման, այլ այդ որոշումը բողոքաբերի կողմից ստանալու օրվանից:
10. Վերոշարադրյալ փաստարկների հիման վրա՝ բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումը հակասո՞ւմ է արդյոք Տ.Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0066/11/12 որոշմանը:
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` «Վերաքննիչ բողոք բերվում [է] առաջին ատյանի դատարանի՝ կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները՝ հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը՝ հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում»:
Մեջբերված քրեադատավարական դրույթը Վճռաբեկ դատարանը ՀՀ սահմանադրական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի ՍԴՈ-1052 որոշման համատեքստում վերլուծության է ենթարկել Տ.Հովհաննիսյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում առկա՝ «հրապարակման պահից» բառակապակցությունը պետք է մեկնաբանվի որպես դատական ակտն ստանալու պահը, և ժամկետների հաշվարկման ելակետ պետք է համարել որոշումը շահագրգիռ անձին հանձնելու պահը:
(…) առաջին ատյանի դատարանի՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման ժամկետի հաշվարկն սկսվում է դատական ակտը շահագրգիռ անձին հանձնելու և ոչ թե այն դատական նիստերի դահլիճում հրապարակելու պահից» (տե՛ս Տիգրան Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0066/11/12 որոշման 23-24-րդ կետերը):
13. ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով»:
ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները, այդ թվում` օրենքի մեկնաբանությունները, պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե`
(…)
2) վերանայվող դատական ակտը առերևույթ հակասում է վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված որոշումներին,
(…)»:
Մեջբերված իրավադրույթները Վճռաբեկ դատարանը համակարգային վերլուծության է ենթարկել Լ.Բաբայանի գործով որոշման մեջ՝ իրավական դիրքորոշում ձևավորելով այն մասին, որ «(…) Վճռաբեկ դատարանի որոշումները պարտադիր են ստորադաս դատարանների համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ: Այս ընդհանուր կանոնից բացառություն են այն դեպքերը, երբ ստորադաս դատարանը ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ Վճռաբեկ դատարանի դատական ակտի հիմնավորումները կիրառելի չեն քննվող գործի փաստական հանգամանքների նկատմամբ (տե՛ս Լուսինե Բաբայանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԵԿԴ/0093/11/11 որոշման 11-րդ կետը):
14. Ա.Սիմոնյանի գործով որոշման մեջ զարգացնելով Լ.Բաբայանի գործով ձևավորված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «(...) ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի) հիման վրա վճռաբեկ դատարանի` նախկինում կայացված որոշման կիրառելիության հարցը լուծելիս դատարանը պետք է ղեկավարվի Ս.Այվազյանի գործով որոշման 26-րդ կետում ամրագրված չափանիշներով, քանի որ դրանք վերաբերելի են ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, այնպես էլ վճռաբեկ դատարանի՝ նախկինում կայացված որոշումների կիրառելության հարցի լուծման շրջանակներին» (տե՛ս Անահիտ Սիմոնյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵԿԴ/0055/11/13 որոշման 15-րդ կետը):
Ս. Այվազյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշման 26-րդ կետի համաձայն՝ «(...) ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի) հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտը ոչ կիրառելի ճանաչելիս դատարանները չեն կարող բավարարվել կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունների պարզ համադրմամբ: Յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքների համակցությամբ եզակի է, ուստի դատարանը պետք է յուրաքանչյուր դեպքում պարզի, թե կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունները որքանով են էական: Հակառակ պարագայում ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում) ամրագրված իրավանորմը կդառնա անկիրառելի:
Դրա հետ մեկտեղ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի կիրառելության հարցը լուծելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև այն, թե տվյալ դատական ակտի հիմնավորման բովանդակությունը կազմող ինչպիսի դրույթ է ենթակա կիրառման: Եթե այդ դրույթն իր բնույթով առավել ընդհանրական է, ապա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել փոքր ընդհանրություն: Եվ ընդհակառակը՝ եթե դրույթն իր բնույթով առավել կոնկրետ է, ապա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքերի առավել մեծ ընդհանրություն» (տե՛ս Սեյրան Այվազյանի գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի մայիսի 23-ի թիվ ՎԲ-17/08 որոշման 26-րդ կետը):
15. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումը պաշտպանության կողմին պատշաճ ձևով ուղարկված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործի նյութերում առկա չէ (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 14-ի որոշման դեմ 2013 թվականի դեկտեմբերի 18-ին բերված վերաքննիչ բողոքում մեղադրյալ Ա.Հունանյանի պաշտպան Մ.Սարգսյանը նշել է, որ բողոքարկվող դատական ակտը պաշտպանության կողմը ստացել է 2013 թվականի դեկտեմբերի 18-ին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Վերոնշյալ հանգամանքների առկայության պարագայում, սակայն, Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 14-ի որոշման դեմ մեղադրյալ Ա.Հունանյանի պաշտպան Մ.Սարգսյանի կողմից 2013 թվականի դեկտեմբերի 18-ին բերված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
16. Սույն որոշման 15-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-14-րդ կետերում շարադրված և, համապատասխանաբար, Լ.Բաբայանի և Ա.Սիմոնյանի գործերով կայացված որոշումներում ձևավորված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումը հակասում է Տ.Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0066/11/12 որոշմանը:
Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ եզրահանգումը հիմնված է այն հանգամանքի վրա, որ Տ.Հովհաննիսյանի գործով կայացված դատական ակտի հիմնավորման բովանդակությունը կազմող դրույթը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն իր բնույթով առավել ընդհանրական է և դրա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել փոքր ընդհանրություն: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն և Տ.Հովհաննիսյանի գործերի փաստական հանգամանքների ընդհանրությունն այն է, որ երկու դեպքում էլ վերաքննիչ դատարանը սխալ է հաշվել առաջին ատյանի դատարանի՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման ժամկետի սկիզբը և արդյունքում սահմանափակել է անձի դատական պաշտպանության իրավունքը: Նշված փաստական հանգամանքների համընկնումը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս պնդելու, որ Տ.Հովհաննիսյանի գործով որոշման հիմնավորումները (այդ թվում՝ օրենքի մեկնաբանությունները) սույն գործով որոշում կայացնելիս Վերաքննիչ դատարանի համար պարտադիր են եղել: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով Տ.Հովհաննիսյանի գործով որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումները, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը պաշտպանության կողմին օրենքով սահմանված կարգով հանձնված չլինելու հանգամանքը մեկնաբանել է ի վնաս մեղադրյալի և Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ մեղադրյալ Ա.Հունանյանի պաշտպան Մ.Սարգսյանի կողմից 2013 թվականի դեկտեմբերի 18-ին բերված վերաքննիչ բողոքը, ժամկետանց լինելու պատճառաբանությամբ, թողել է առանց քննության:
17. Անդրադառնալով բողոքի հեղինակի այն փաստարկին, որ պատշաճ ծանուցման պարտականության իմաստով դատարանը պարտավոր է ոչ միայն կողմերին պատշաճ ձևով հանձնել (ուղարկել) կայացված դատական ակտը, այլև պարզաբանել այդ ակտի բողոքարկման ժամկետներն ու կարգը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը)՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Տ.Հովհաննիսյանի գործով որոշման համաձայն՝ «(...) գործն ըստ էության չլուծող դատական ակտ կայացնելիս առաջին ատյանի դատարանը պետք է դրա եզրափակիչ մասում պարզաբանի, թե որ պահից սկսած և ինչ ժամկետում կարող է այդ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերվել: (…) առաջին ատյանի դատարանի կողմից վերոնշյալ պարզաբանումներ չտալը հանգեցնում է անձի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտման, քանի որ զուտ ձևական խոչընդոտներով (օրինակ՝ անձին դատական ակտի բողոքարկման ժամկետի սկզբի վերաբերյալ չտեղեկացնելով) սահմանափակվում է առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու՝ անձին ընձեռված հնարավորությունը» (տե՛ս Տիգրան Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0066/11/12 որոշման 13-րդ կետը):
Մինչդեռ սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումը չի բովանդակում իրազեկում այդ դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու ժամկետի սկզբի վերաբերյալ (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Վերաքննիչ դատարանն էլ, իր հերթին, անուշադրության է մատնել նշված հանգամանքը և պատշաճ գնահատականի չի արժանացրել Առաջին ատյանի դատարանի կողմից Ա.Հունանյանի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտման փաստը:
18. Սույն որոշման 12-17-րդ կետերում շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 14-ի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի կողմից առանց քննության թողնելը հանգեցրել է Ա.Հունանյանի արդար դատական քննության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների խախտման: Այլ խոսքով՝ խախտվել են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջները:
19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց՝ օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում, որն ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և հանգեցրել չհիմնավորված որոշման կայացման: Ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա՝ սույն գործով Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Արսեն Դերենիկի Հունանյանի պաշտպան Մնացական Սարգսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Ս. Օհանյան | |
Հ. Ասատրյան | ||
Ս. Ավետիսյան | ||
Ե. Դանիելյան | ||
Ա. Պողոսյան |