ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԽ-8-Ո-4
2014 թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՋԱՓՆՅԱԿ ԵՎ ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԹՈՒՐ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի |
մասնակցությամբ` ԱԽ անդամներ |
Ս. Չիչոյանի, Ա. Բաբայանի, Մ. Մակյանի, Ռ. Բարսեղյանի, Կ. բաղդասարյանի, Ա. Խաչատրյանի, Ա. Թումանյանի, Վ. Ստեփանյանի, Ս. Օհանյանի |
մասնակցությամբ` դատավոր |
Ա. Սմբատյանի |
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Գ. Մուրադյանի |
քարտուղարությամբ` |
Շ. Վարդանյանի |
2014 թվականի ապրիլի 25-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Սմբատյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.
ՀՀ արդարադատության նախարարի 10.03.2014թ. թիվ 46-Ա հրամանով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Ա. Սմբատյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել քաղաքացի Գարիկ Շելլունցի դիմումը` հասցեագրված ՀՀ արդարադատության նախարարին:
2. Կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի եզրակացությունը.
Ըստ եզրակացության`
«Լուսինե Ղուշչյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Գարիկ Շելլունցի` ամուսնալուծության ու երեխաների բնակության վայրը մոր բնակության վայրը սահմանելու պահանջների մասին, որը Դատարանի 29.08.2012թ. որոշմամբ ընդունվել է վարույթ:
04.09.2012թ. Գարիկ Շելլունցի ներկայացուցիչը Դատարան է ներկայացրել հակընդդեմ հայց (ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի սահմանման և հայրության վիճարկման վերաբերյալ) ընդդեմ Լուսինե Ղուշչյանի, երրորդ անձ` Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի, որով խնդրել է` 1. լուծել Գարիկ Շելլունցի և Լուսինե Ղուշչյանի` Արմավիրի մարզի Վաղարշապատի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմնում 10.11.2004թ. գրանցված ամուսնությունը. 2. որպես երեխայի` Մանվել Շելլունցի բնակության վայր սահմանել հոր` Գարիկ Շելլունցի բնակության վայրը` ք. Երևան, Սիլիկյան թաղամաս 88 քոթեջ հասցեով, և հորը վերապահել երեխայի խնամքը. 3. չեղյալ հայտարարել Աջափնյակ և Դավթաշեն ՔԿԱԳ տարածքային մարմնում Նարեկ Շելլունցի ծննդի վերաբերյալ կատարված թիվ 1373 գրանցման ակտում Գարիկ Շելլունցի` որպես հոր վերաբերյալ գրառումը` դադարեցնելով նրանց միջև առկա ծնող-երեխա իրավահարաբերությունները:
Դատարանի 02.10.2012թ. որոշմամբ հակընդդեմ հայցադիմումն ընդունվել է վարույթ, և որոշվել է քննել սկզբնական հայցի հետ համատեղ:
Գործը դատաքննության նախապատրաստության փուլում Դատարանը, նկատի ունենալով, որ գործի քննության համար անհրաժեշտ է պարզել, թե 04.04.2009թ. ծնված Նարեկ Շելլունցը սերում է արդյոք Գարիկ Շելլունցից թե ոչ, որի համար պահանջվում են հատուկ գիտելիքներ, 11.01.2013թ. կայացրել է որոշում «Դատագենետիկական փորձաքննություն նշանակելու և գործի վարույթը կասեցնելու մասին», որով որոշել է. «Թիվ ԵԱԴԴ/0958/02/12 քաղաքացիական գործով ըստ հայցի Լուսինե Ղուշչյանի ընդդեմ Գարիկ Շելլունցի` ամուսնալուծության պահանջի մասին և Գարիկ Շելլունցի հակընդդեմ հայցը ընդդեմ Լուսինե Ղուշչյանի` ամուսնալուծության, երեխայի բնակության վայր սահմանելու և հայրության վիճարկման պահանջների մասին, նշանակել դատագենետիկական փորձաքննություն: (…)
Պարզաբանման համար փորձագետներին առաջադրել հետևյալ հարցը. Գարիկ Շելլունցը հանդիսանում է արդյոք Նարեկ Շելլունցի կենսաբանական հայրը, թե ոչ:»:
Դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ սկզբնական հայցով հայցվոր Լուսինե Ղուշչյանը հրաժարվել է ներկայանալ փորձաքննության կատարմանը և տրամադրել փորձանմուշ, որի պատճառով փորձաքննությունը չի կատարվել, 22.04.2013թ. կայացրել է որոշում «Կասեցված գործի վարույթը վերսկսելու մասին»:
Դատարանի 23.10.2013թ. որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության:
Դատարանը 12.11.2013թ. հրապարակել է վճիռը, որով վճռել է. «Սկզբնական հայցը բավարարել:
Գարիկ Շելլունցին և Լուսինե Ղուշչյանին /ամուսնությունը 713 համարի տակ գրանցված է 10.11.2004թ. և Վաղարշապատի ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից 10.11.2004թ. տրված է թիվ ԱԱ 008108 ամուսնության վկայական/ ամուսնալուծել:
06.11.2004թ. ծնված Մանվել Շելլունցի և 04.04.2009թ. ծնված Նարեկ Շելլունցի բնակության վայրը սահմանել մոր` Լուսինե Ղուշչյանի բնակության վայրը:
Գարիկ Շելլունցի հակընդդեմ հայցն ամուսնալուծության պահանջով բավարարել` Գարիկ Շելլունցին և Լուսինե Ղուշչյանին ամուսնալուծել, իսկ 06.11.2004թ. ծնված Մանվել Շելլունցի բնակության վայրը իր բնակության վայրով սահմանելու պահանջի մասին` մերժել:
Թիվ ԵԱԴԴ/0958/02/12 քաղաքացիական գործի վարույթն ըստ հակընդդեմ հայցի Գարիկ Շելլունցի ընդդեմ Լուսինե Ղուշչյանի` Աջափնյակ և Դավթաշեն ՔԿԱԳ տարածքային մարմնում Նարեկ Շելլունցի ծննդի վերաբերյալ կատարված թիվ 1373 գրանցման ակտում Գարիկ Շելլունցի` որպես հոր վերաբերյալ գրառումը չեղյալ հայտարարելու, նրանց միջև առկա ծնող-երեխա իրավահարաբերությունները դադարեցնելու պահանջի մասին, կարճել` վեճը դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով: (…)»:
Թիվ ԵԱԴԴ/0958/02/12 քաղաքացիական գործով հակընդդեմ հայցադիմումով ներկայացվել են նաև հետևյալ պահանջները`
1) Աջափնյակ և Դավթաշեն ՔԿԱԳ տարածքային մարմնում Նարեկ Շելլունցի ծննդի վերաբերյալ կատարված թիվ 1373 գրանցման ակտում Գարիկ Շելլունցի` որպես հոր վերաբերյալ գրառումը չեղյալ հայտարարելը,
2) նրանց միջև առկա ծնող-երեխա իրավահարաբերությունները դադարեցնելը:
Հակընդդեմ հայցադիմումով Գարիկ Շելլունցը հայտնել է, որ հրաժարվում է մյուս երեխայի` Նարեկ Շելլունցի նկատմամբ որևէ ծնողական իրավունքներից և պարտականություններից, քանի որ ինքն իրականում չի հանդիսանում Նարեկ Շելլունցի հայրը և որպես նշված հանգամանքը հաստատող ապացույց Դատարան է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոն դատագենետիկական լաբորատորիայի 06.08.2012թ. «Հայրության որոշման» տեղեկանքը, որի համաձայն` «Գարիկ Շելլունցի հայրության ցուցիչը Նարեկ Շելլունցի նկատմամբ կազմում է 0, հայրության հավանականությունը` 0%: Գարիկ Շելլունցի հայրությունը Նարեկ Շելլունցի նկատմամբ բացառվում է»:
Վերոգրյալից հետևում է, որ հակընդդեմ հայցվորի կողմից վիճարկվել է Նարեկ Շելլունցի նկատմամբ իր հայրությունը:
Նշված հանգամանքը գիտակցվել է Դատարանի կողմից, ինչը հաստատվում է դատաքննության նախապատրաստության փուլում Գարիկ Շելլունցից Նարեկ Շելլունցի սերման փաստը պարզելու համար Դատարանի 11.01.2013թ. «Դատագենետիկական փորձաքննություն նշանակելու և գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումից: Սույն որոշման համաձայն` Դատարանը որոշել է թիվ ԵԱԴԴ/0958/02/12 քաղաքացիական գործով ըստ հայցի Լուսինե Ղազանչյանի ընդդեմ Գարիկ Շելլունցի` ամուսնալուծության պահանջի մասին և Գարիկ Շելլունցի հակընդդեմ հայցը ընդդեմ Լուսինե Ղուշչյանի` ամուսնալուծության, երեխայի բնակության վայր սահմանելու և հայրության վիճարկման պահանջների մասին նշանակել դատագենետիկական փորձաքննություն` փորձագետներին առաջադրելով պարզել` հանդիսանում է արդյոք Գարիկ Շելլունցը Նարեկ Շելլունցի կենսաբանական հայրը, թե ոչ: Ինչպես նաև Դատարանի 22.04.2013թ. «Կասեցված քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու մասին» որոշման եզրափակիչ մասից, համաձայն որի` «Դատարանը որոշեց թիվ ԵԱԴԴ/0958/02/12 քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի Լուսինե Ղուշչյանի ընդդեմ Գարիկ Շելլունցի` ամուսնալուծության պահանջի մասին և Գարիկ Շելլունցի հակընդդեմ հայցը ընդդեմ Լուսինե Ղուշչյանի` ամուսնալուծության, երեխայի բնակության վայր սահմանելու և հայրության վիճարկման պահանջների մասին, վերսկսել և գործի քննությունը նշանակել 08.05.2013 թվականին` ժամը 14:45-ին» և 23.10.2013թ. «Գործը դատաքննության նշանակելու մասին» որոշման եզրափակիչ մասից, համաձայն որի` «Դատարանը որոշեց` թիվ ԵԱԴԴ/0958/02/12 քաղաքացիական գործն ըստ հայցի Լուսինե Ղուշչյանի ընդդեմ Գարիկ Շելլունցի` ամուսնալուծության պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Գարիկ Շելլունցի ընդդեմ Լուսինե Ղուշչյանի` ամուսնալուծության, երեխայի բնակության վայր սահմանելու և հայրության վիճարկման պահանջների մասին, նշանակել դատաքննության 30.10.2013թ.` ժամը 16:30-ին (…)»:
Նշված հանգամանքը հաստատվում է նաև 02.10.2012թ. դատական նիստի (ինչպես նաև մյուս նիստերի) արձանագրությամբ, որում Դատարանը սահմանում է, որ հակընդդեմ հայցով առկա է հայրության վիճարկման պահանջ:
Հակընդդեմ հայցվորը իր պահանջի իրավական հիմքում դրել է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 38-րդ, 39-րդ, «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածները:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն` ծննդի պետական գրանցման գրքում երեխայի ծնողների գրառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Նույն օրենսգրքի 39-րդ հոդվածի (Հայրության (մայրության) վիճարկումը) 1-ին մասի համաձայն` սույն օրենսգրքի 38-րդ հոդվածին համապատասխան` ծննդի պետական գրանցման գրքում ծնողների վերաբերյալ կատարած գրառումը կարող է վիճարկվել միայն դատական կարգով որպես երեխայի հայր կամ մայր գրառված անձի կամ, փաստորեն, երեխայի հայր կամ մայր համարվող անձի պահանջով, խնամակալի (հոգաբարձուի), դատարանի կողմից անգործունակ ճանաչված ծնողի խնամակալի, դատարանի կողմից սահմանափակ գործունակ ճանաչված ծնողի հոգաբարձուի, ինչպես նաև չափահաս դարձած երեխայի պահանջով:
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական կացության ակտի առաջնակի կամ վերականգնված գրառման չեղյալ հայտարարելն իրականացնում է չեղյալ հայտարարելու ենթակա քաղաքացիական կացության ակտի պահպանման վայրի ՔԿԱԳ մարմինը` դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:
Այսպիսով, ՔԿԱԳ մարմնի համար քաղաքացիական կացության ակտի գրառման չեղյալ հայտարարելու պարտադիր պայմանը դրա վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռն է: Օրենքը ծննդի պետական գրանցման գրքում ծնողների վերաբերյալ կատարած գրառման վիճարկում (հայրության (մայրության) վիճարկում) սահմանել է միայն դատական կարգով, ինչն էլ կատարվել է հակընդդեմ հայցվորի կողմից` Նարեկ Շելլունցի նկատմամբ, օրենքով սահմանված կարգով իր հայրության վիճարկման վերաբերյալ պահանջ ներկայացնելով դատարան:
Մինչդեռ Դատարանը քաղաքացիական գործի վարույթն ըստ հակընդդեմ հայցի Գարիկ Շելլունցի ընդդեմ Լուսինե Ղուշչյանի` Աջափնյակ և Դավթաշեն ՔԿԱԳ տարածքային մարմնում Նարեկ Գարիկի Շելլունցի ծննդի վերաբերյալ կատարված թիվ 1373 գրանցման ակտում Գարիկ Շելլունցի` որպես հոր վերաբերյալ գրառումը չեղյալ հայտարարելու, նրանց միջև առկա ծնող-երեխա իրավահարաբերությունները դադարեցնելու պահանջների մասին, կարճել է` վեճը դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով:
Այսպիսով, Դատարանը, ծննդի պետական գրանցման գրքում ծնողների վերաբերյալ կատարած գրառման վիճարկման, սույն գործով հայրության վիճարկման պահանջի մասին վարույթը` վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով կարճելով, խախտել է ՀՀ Սահմանադրությամբ, այլ իրավական ակտերով և միջազգային պայմանագրերով երաշխավորված հակընդդեմ հայցվորի դատական պաշտպանության իրավունքը:
Դատարանը վճիռը, որով վարույթը կարճվել է, կայացրել է հետևյալ պատճառաբանությամբ. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության: Տվյալ պարագայում հակընդդեմ հայցով Գարիկ Շելլունցը, վկայակոչելով ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոն դատագենետիկական լաբորատորիայի փորձագետների 06.08.2012թ. հայրության որոշման տեղեկանքը, ըստ որի` Գարիկ Շելլունցի հայրությունը Նարեկ Շելլունցի նկատմամբ բացառվում է, նշում է, որ Նարեկ Շելլունցը իր որդին չէ, և պետք է չեղյալ հայտարարել վերջինիս ծննդյան ակտում իր` որպես հոր վերաբերյալ գրառումը, մատնանշել է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածը, ըստ որի` քաղաքացիական կացության ակտի առաջնակի կամ վերականգնված գրառման չեղյալ հայտարարելն իրականացնում է չեղյալ հայտարարելու ենթակա քաղաքացիական կացության ակտի պահպանման վայրի ՔԿԱԳ մարմինը` դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա: Վերը նշված հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ քաղաքացիական կացության ակտի գրառումը չեղյալ է հայտարարվում ՔԿԱԳ մարմնի կողմից, այն էլ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:
Այսինքն` քննարկվող պարագայում Գարիկ Շելլունցի կողմից դատարան ներկայացված հակընդդեմ հայցով դատարանում քննության ենթակա վեճ առկա չէ, քանի որ համաձայն ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, իսկ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածով այդ գործառույթն իրականացնելու լիազորությամբ օժտված է քաղաքացիական կացության ակտի պահպանման վայրի ՔԿԱԳ մարմինը, ուստի նման պայմաններում թիվ ԵԱԴԴ/0958/02/12 քաղաքացիական գործի վարույթը ըստ Գարիկ Շելլունցի հակընդդեմ հայցի այդ մասով ենթակա է կարճման»:
Սույն գործի շրջանակներում Դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի վկայակոչումն անհիմն է, քանի որ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի համաձայն` ՔԿԱԳ մարմինը քաղաքացիական կացության ակտի գրառումը կարող է չեղյալ հայտարարել միայն դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում, ինչից ելնելով էլ` հակընդդեմ հայցվորը օրենքով սահմանված կարգով դիմել է դատարան:
Դատարանը, եզրահանգելով, որ ՔԿԱԳ մարմնի քաղաքացիական կացության ակտի գրառումը չեղյալ հայտարարելու իրավասությունը (պարտականությունը) սահմանափակված չէ որևէ պայմանով և կարճելով գործի վարույթը, անձին զրկել է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքից:
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք, իսկ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը:
ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիքներից է նաև դատարանի մատչելիության իրավունքի ապահովումը: Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն սահմանված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այդ իրավունքը ճանաչել է որպես 6-րդ հոդվածի անբաժանելի տարր` գտնելով, որ եթե անձը զրկված է դատարանի մատչելիության իրավունքից, ուրեմն իմաստազուրկ է նաև արդար դատաքննության իրավունքը: Այսպես` Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ արդարադատության մատչելիության իրավունքը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված իրավունքների անբաժանելի մասն է: Ընդ որում, այս եզրակացությունը հիմնված է 6-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասության տերմինաբանության վրա, որը մեկնաբանվել է այդ հոդվածի համատեքստում` հաշվի առնելով Կոնվենցիայի նպատակն ու առարկան, ինչպես նաև իրավունքի համընդհանուր սկզբունքները (տե՛ս Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1975թ. փետրվարի 21, գանգատ թիվ 4451/70, կետ 36):
Էյրին ընդդեմ Իռլանդիայի գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիան ուղղված է ոչ թե նրան, որ երաշխավորի տեսական կամ պատրանքային իրավունքներ, այլ որ երաշխավորի կենսագործելի ու արդյունավետ իրավունքներ: Մասնավորապես, դա վերաբերում է դատարանի մատչելիության իրավունքին` հաշվի առնելով այն կարևոր տեղը, որը ժողովրդավարական հասարակությունում ունի արդար դատաքննության իրավունքը (տե՛ս Էյրին ընդդեմ Իռլանդիայի, 1979թ. հոկտեմբերի 9, գանգատ թիվ 6289/73, կետ 24):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշումներում բազմիցս նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունք: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս Կրեուզն ընդդեմ Լեհաստանի, թիվ 28249/95, 2001թ. հունիսի 19, կետ 52, Զ-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 29392/95, 2001թ. մայիսի 10, 91-93-րդ կետեր):
Քաղաքացիական հայցով դատարան դիմելու իրավունքն իրենից ներկայացնում է դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ մասը (տե՛ս Աքսոյն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանի 1996 թվականի դեկտեմբերի 18-ի վճիռը, կետ 92, «Սուրբ եկեղեցիներն» ընդդեմ Հունաստանի գործով Եվրոպական դատարանի 1994թ. դեկտեմբերի 9-ի վճիռը, կետ 80):
Այսպիսով, վերոնշյալ սահմանադրական, օրենսդրական և կոնվենցիոն դրույթների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների վերլուծությունից հետևում է, որ դատական պաշտպանության իրավունքը (որի բաղկացուցիչ մասն է` դատարան դիմելու իրավունքը) ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված անձի հիմնարար իրավունքն է:
Վերոգրյալի հիման վրա գտնում եմ, որ սույն գործով Դատարանը, արդարադատություն իրականացնելիս կարճելով գործի վարույթը, հակընդդեմ հայցվորին զրկել է ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքից:
Նման դիրքորոշում է արտահայտել նաև ՀՀ արդարադատության խորհուրդը 24.08.2012թ. թիվ ԱԽ-15-Ո-20 և թիվ ԱԽ-15-Ո-21 որոշումներում: Ինչպես սույն գործով, այնպես էլ Արդարադատության խորհրդի կողմից քննված գործերի շրջանակներում քաղաքացիական գործի վարույթը կարճվել էր վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:
Արդարադատության խորհուրդը անձի դատական պաշտպանության իրավունքի խախտումը գնահատել է որպես նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում:
Դատարանը վճռի պատճառաբանական մասում նշել է. «Դատարանը, քննության առնելով Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 15.11.2012 թվականի թիվ 28/21-6049 եզրակացությունը, որտեղ միայն Գարիկ Շելլունցի և երեխայի կյանքի ու կենսապայմանների հետազոտություն է կատարվել և երեխայի բնակության վայր սահմանելու վերաբերյալ գրավոր եզրակացություն չի տրվել, ինչպես նաև Աշտարակի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 09.08.2013 թվականի թիվ 12 եզրակացությունը և 01.08.2013 թվականի հետազոտական ակտը, հանգեց հետևության, որ վերջինիս տված եզրակացությունը և Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամի դատարանում հայտնած կարծիքը` երեխաներից Մանվել Շելլունցի բնակության վայրը հոր` Գարիկ Շելլունցի բնակության վայրը սահմանելու վերաբերյալ պատճառաբանված են միայն ծնողների բարոյական արժանիքներով: Դրա հիմքում նրանց կողմից դրվել է Գարիկ Շելլունցի կողմից դատարան ներկայացված ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոն դատագենետիկական լաբորատորիայի փորձագետների 06.08.2012թ. հայրության որոշման տեղեկանքը, համաձայն որի` Գարիկ Շելլունցի հայրության ցուցիչը Նարեկ Շելլունցի նկատմամբ կազմում է 0, հայրության հավանականությունը 0%, Գարիկ Շելլունցի հայրությունը Նարեկ Շելլունցի նկատմամբ բացառվում է, մի փաստաթուղթ, որը դատարանի կողմից որպես հակընդդեմ հայցով հայցվոր Գարիկ Շելլունցի հայցապահանջից երեխայի` Մանվել Գարիկի Շելլունցի բնակության վայրը հոր` բնակության վայրը սահմանելու, Աջափնյակ և Դավթաշեն ՔԿԱԳ տարածքային մարմնում Նարեկ Գարիկի Շելլունցի ծննդի վերաբերյալ կատարված թիվ 1373 գրանցման ակտում Գարիկ Շելլունցի` որպես հոր վերաբերյալ գրառումը չեղյալ հայտարարելու, նրանց միջև առկա ծնող-երեխա իրավահարաբերությունները դադարեցնելու պահանջները հիմնավորող ապացույց չի դիտվել»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը վճիռ կայացնելիս գնահատում է ապացույցները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (…) Վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցն անարժանահավատ համարելու փաստարկները, ինչպես նաև այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս (…):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված մի շարք նախադեպային որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ և 132-րդ հոդվածների կիրառման և դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ «Յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումը: Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածից հետևում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին: Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը»:
ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոն դատագենետիկական լաբորատորիայի 06.08.2012թ. «Հայրության որոշման» տեղեկանքը չի գնահատվել Դատարանի կողմից, Դատարանը չի անդրադարձել դրա թույլատրելիությանը և վերաբերելիությանը: Վճռի պատճառաբանական մասում բացակայում է նշված տեղեկանքը անարժանահավատ համարելու վերաբերյալ որևէ փաստարկ կամ պատճառաբանություն այն մերժելու վերաբերյալ:
Այսպիսով, Դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 131-րդ և 132-րդ հոդվածի 1-ին մասերի խախտումներ:
Միաժամանակ պետք է նշել, որ ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոն դատագենետիկական լաբորատորիայի 06.08.2012թ. «Հայրության որոշման» տեղեկանքը չգնահատելու պայմաններում Դատարանը չէր կարող իրականացնել ապացույցների, մասնավորապես, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացության բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, քանի որ դրա հիմքում դրված է նշված տեղեկանքը:
Դատարանի դատավոր Ա. Սմբատյանը սույն գործի վերաբերյալ ներկայացված բացատրությամբ արտահայտել է այն դիրքորոշումը, որ գործի քննությամբ պարզվել է, որ հակընդդեմ հայցով հայցվորը, երեխայի ծննդյան պահին լինելով երեխայի մոր հետ օրինական ամուսնության մեջ գտնվող անձ, օրենքի ուժով գրառվել է որպես երեխայի հայր և դատարանում ոչ թե վիճարկել է իր հայրությունը երեխայի նկատմամբ, այլ համոզմունք ունենալով այն մասին, որ չի հանդիսանում երեխայի կենսաբանական հայրը, ցանկացել է անմիջապես իր համոզմունքի իրավական հետևանքների վրա հասնելը և պահանջել է չեղյալ հայտարարել Աջափնյակ և Դավթաշեն ՔԿԱԳ տարածքային մարմնում Նարեկ Շելլունցի ծննդի վերաբերյալ կատարված թիվ 1373 գրանցման ակտում Գագիկ Շելլունցի` որպես հոր վերաբերյալ գրառումը, դադարեցնել իր և երեխայի միջև առկա ծնող-երեխա իրավահարաբերությունները:
ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոն դատագենետիկական լաբորատորիայի 06.08.2012թ. «Հայրության որոշման» տեղեկանքը չգնահատելու կապակցությամբ դատավորը նշել է, որ Դատարանը նշված փաստաթուղթը կարող էր գնահատել միայն այն դեպքում, եթե հակընդդեմ հայցով հայցվորը ցանկանար վիճարկել իր հայրությունը երեխայի նկատմամբ:
Միաժամանակ դատավոր Ա. Սմբատյանը բացատրությամբ հայտնել է, որ եթե նույնիսկ Դատարանը ճիշտ չի ընկալել հակընդդեմ հայցով հայցվորի պահանջը և այդ ընկալման շրջանակներում եղել է երեխայի իրավունքների առավելագույնս պաշտպանության ապահովման նկատառումներից, ապա գտնում է, որ իրողությունը չի կարող գնահատվել որպես սույն կարգապահական վարույթով վկայակոչված դատավարական և նյութական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ:
Դատավոր Ա. Սմբատյանի կողմից բացատրությամբ բերված փաստարկները հերքվում են սույն եզրակացությամբ բերված հիմնավորումներով:
Վերոգրյալի արդյունքում գտնում եմ, որ Դատարանի դատավոր Ա. Սմբատյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 131-րդ և 132-րդ հոդվածների 1-ին մասերի, ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի ակնհայտ և կոպիտ խախտումներ:
Նշված խախտումներն ազդել են գործով ճիշտ և օրինական դատական ակտի կայացմանը»:
3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները ՀՀ արդարադատության նախարարի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Դատավոր Ա. Սմբատյանը ՀՀ արդարադատության նախարարին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.
«ՀՀ դատական օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն` դատարաններն արդարադատությունն իրականացնում են Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին և օրենքներին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Թիվ ԵԱԴԴ/0958/02/12 քաղաքացիական գործով վճիռ կայացնելիս Դատարանը ղեկավարվել է բացառապես օրենքով, յուրաքանչյուր ապացույց գնահատել է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ և նշված վճռով ոչ թե կարճել է քաղաքացիական գործի վարույթն ըստ հակընդդեմ հայցի Գարիկ Շելլունցի ընդդեմ Լուսինե Ղուշչյանի հայրության վիճարկման պահանջի մասին` վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով, այլ կարճել է թիվ ԵԱԴԴ/0958/02/12 քաղաքացիական գործի վարույթն ըստ հակընդդեմ հայցի Գարիկ Շելլունցի ընդդեմ Լուսինե Ղուշչյանի` Աջափնյակ և Դավթաշեն ՔԿԱԳ տարածքային մարմնում Նարեկ Շելլունցի ծննդի վերաբերյալ կատարված թիվ 1373 գրանցման ակտում Գարիկ Շելլունցի` որպես հոր վերաբերյալ գրառումը չեղյալ հայտարարելու, նրանց միջև առկա ծնող-երեխա իրավահարաբերությունները դադարեցնելու պահանջի մասին, վեճը դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով:
Դատարանը նման եզրահանգման է եկել` հաշվի առնելով այն իրողությունը, որ գործի քննությամբ պարզվել է, որ հակընդդեմ հայցով հայցվորը, երեխայի ծննդյան պահին լինելով երեխայի մոր հետ օրինական ամուսնության մեջ գտնվող անձ, օրենքի ուժով գրառվել է որպես երեխայի հայր և Դատարանում ոչ թե վիճարկել է իր հայրությունը երեխայի նկատմամբ, այլ համոզմունք ունենալով այն մասին, որ չի հանդիսանում երեխայի կենսաբանական հայրը, ցանկացել է անմիջապես իր համոզմունքի իրավական հետևանքների վրա հասնելը և պահանջել է չեղյալ հայտարարել Աջափնյակ և Դավթաշեն ՔԿԱԳ տարածքային մարմնում Նարեկ Շելլունցի ծննդի վերաբերյալ կատարված թիվ 1373 գրանցման ակտում Գարիկ Շելլունցի` որպես հոր վերաբերյալ գրառումը, դադարեցնել իր և երեխայի միջև առկա ծնող-երեխա իրավահարաբերությունները:
Ըստ գործի փաստերի` Գարիկ Շելլունցի և Լուսինե Ղուշչյանի ամուսնությունն օրենքով սահմանված կարգով գրանցվել է 10.11.2004թ.: Նարեկ Շելլունցը, որի դեպքում հակընդդեմ հայցով հայցվորը համոզմունք ունի, որ չի հանդիսանում նրա կենսաբանական հայրը, ծնվել է 04.04.2009թ.:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը սահմանում են`
1. Երեխայի սերումը մորից (մայրությունը) հաստատվում է երեխայի` բժշկական կազմակերպությունում տվյալ մորից ծնված լինելու փաստը հավաստող փաստաթղթերի, իսկ եթե երեխան ծնվել է բժշկական կազմակերպությունից դուրս` համապատասխան բժշկական փաստաթղթերի, վկաների հայտարարությունների կամ այլ ապացույցների հիման վրա:
2. Միմյանց հետ ամուսնության մեջ գտնվող անձանցից, ինչպես նաև ամուսնալուծությունից կամ ամուսնությունն անվավեր ճանաչելուց հետո կամ երեխայի մոր ամուսնու մահվան պահից երեք հարյուր օրվա ընթացքում երեխա ծնվելու դեպքում երեխայի հայր է ճանաչվում երեխայի մոր ամուսինը (նախկին ամուսինը), եթե այլ բան չի ապացուցվել: Երեխայի մոր ամուսնու (նախկին ամուսնու) հայրությունը հավաստվում է նրանց ամուսնության պետական գրանցումով:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սույն օրենսգրքի 38-րդ հոդվածին համապատասխան` ծննդի պետական գրանցման գրքում ծնողների վերաբերյալ կատարված գրառումը կարող է վիճարկվել միայն դատական կարգով որպես երեխայի հայր կամ մայր համարվող անձի պահանջով, խնամակալի (հոգաբարձուի), դատարանի կողմից անգործունակ ճանաչված ծնողի խնամակալի, դատարանի կողմից սահմանափակ գործունակ ճանաչված ծնողի հոգաբարձուի, ինչպես նաև չափահաս դարձած երեխայի պահանջով:
Նույն օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխա է համարվում տասնութ տարին չլրացած անձը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու (որքան դա հնարավոր է), նրանց հետ համատեղ ապրելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է հակասել երեխայի շահերին: Երեխան ունի նաև իր ծնողներից դաստիարակություն ստանալու, նրա շահերի ապահովության, համակողմանի զարգացման, նրա մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունք: Ծնողների բացակայության, նրանց ծնողական իրավունքներից զրկված լինելու և ծնողական հոգատարությունից զրկվելու այլ դեպքերում ընտանիքում դաստիարակվելու երեխայի իրավունքն ապահովում է խնամակալության և հոգաբարձության մարմինը` սույն օրենսգրքի 17-րդ գլխի նորմերով սահմանված կարգով:
Վերոգրյալ իրավանորմերի փոխկապակցված վերլուծությունից ես, որպես գործը քննող դատարան, հանգել եմ հետևության այն մասին, որ օրենսդիրը, օրինական ամուսնության փաստը բավարար համարելով որպես երեխայի հայր մոր հետ ամուսնության մեջ գտնվող անձին գրառելու, այսինքն` երեխայի հայր համարելու համար, երեխայի իրավունքների և լավագույն շահերի պաշտպանությունն ապահովելու նկատառումներից ելնելով, չէր կարող ելնել այն տրամաբանությունից, որ պարզապես ծննդի պետական գրանցման գրքում ծնողների վերաբերյալ կատարած գրառումը չեղյալ համարելու պահանջի առկայությունը, առանց բուն հայրության փաստը վիճարկելու պահանջի, բավարար համարեր երեխային հայր ունենալու իրավունքից զրկելու համար:
Դատարանը, համենայն դեպս այդպես ընկալելով օրենսդրի տրամաբանությունը, նպատակահարմար է գտել միայն հետևանքների վրա հասնելու պահանջի մասով կարճել քաղաքացիական գործի վարույթը` կողմին թողնելով իրավունքի պաշտպանության ճիշտ եղանակով դատարան դիմելու հնարավորություն` առավելագույնս երաշխավորելով երեխայի իրավունքների և լավագույն շահերի պաշտպանության հնարավորությունը:
Ինչ վերաբերում է ՀՀ արդարադատության նախարարի 10.03.2014թ. թիվ 46-Ա հրամանից քաղվածքի այն հատվածին, որ Դատարանն ակնհայտ և կոպիտ կերպով խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 131-րդ, 132-րդ հոդվածները, քանի որ չի գնահատել ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոն դատագենետիկական լաբորատորիայի փորձագետների 06.08.2012թ. հայրության որոշման տեղեկանքը, ապա ցանկանում եմ նշել, որ Դատարանը նշված փաստաթուղթը կարող էր գնահատել միայն այն դեպքում, եթե հակընդդեմ հայցով հայցվորը ցանկանար վիճարկել իր հայրությունը երեխայի նկատմամբ, մինչդեռ հակընդդեմ հայցով հայցվորը նշված փաստաթղթի հիման վրա ձևավորել է համոզմունք առ այն, որ չի հանդիսանում Նարեկ Շելլունցի հայրը և ցանկացել է իր համար վերջնականորեն պարզ դարձած իրավիճակի իրավական հետևանքներ, ինչի կապակցությամբ Դատարանն արտահայտել է իր իրավական դիրքորոշումը:
Եվ եթե նույնիսկ Դատարանը ճիշտ չի ընկալել հակընդդեմ հայցով հայցվորի պահանջը և այդ ընկալման շրջանակներում եղել է երեխայի իրավունքների առավելագույնս պաշտպանության ապահովման նկատառումներից, գտնում եմ, որ իրողությունը չի կարող գնահատվել որպես ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 131-րդ, 132-րդ հոդվածների ակնհայտ և կոպիտ խախտումներ:
Առաջին ատյանի դատարանի վճռի բողոքարկման օրենսդրական հնարավորությունը երաշխավորում է դատական սխալի վերացումը, ինչի հիմքով սույն դատական ակտը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան»:
4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.
1) Դատարանի վարույթում է գտնվել թիվ ԵԱԴԴ/0958/02/12 քաղաքացիական գործն ըստ հայցի Լուսինե Ղուշչյանի ընդդեմ Գարիկ Շելլունցի (երրորդ անձ` Աշտարակի խնամակալության և հոգաբարձության մարմին)` ամուսնալուծության և երեխաների բնակության վայրը մոր բնակության վայրը սահմանելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Գարիկ Շելլունցի ընդդեմ Լուսինե Ղուշչյանի (երրորդ անձ` Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմին)` ամուսնալուծության, երեխայի` Մանվել Շելլունցի, բնակության վայրը հոր բնակության վայրը սահմանելու, Աջափնյակի և Դավթաշենի ՔԿԱԳ տարածքային բաժնում Նարեկ Շելլունցի ծննդի վերաբերյալ կատարված թիվ 1373 գրանցման ակտում Գարիկ Շելլունցի` որպես հոր վերաբերյալ գրառումը չեղյալ հայտարարելու և նրանց միջև առկա ծնող-երեխա իրավահարաբերությունները դադարեցնելու պահանջների մասին:
2) Դատարանի 12.11.2013թ. վճռով սկզբնական հայցը բավարարվել է:
Գարիկ Շելլունցի հակընդդեմ հայցն ամուսնալուծության պահանջին վերաբերող մասով բավարարվել է, որպես Մանվել Շելլունցի բնակության վայր պատասխանողի բնակության վայրը սահմանելու պահանջին վերաբերող մասով մերժվել, իսկ Նարեկ Շելլունցի ծննդի վերաբերյալ կատարված գրանցման ակտում պատասխանողի` որպես հոր վերաբերյալ գրառումը չեղյալ հայտարարելու և նրանց միջև առկա ծնող-երեխա իրավահարաբերությունները դադարեցնելու վերաբերյալ պահանջի մասով գործի վարույթը կարճվել է:
3) «Դատագենետիկական փորձաքննություն նշանակելու և գործի վարույթը կասեցնելու մասին» 11.01.2013թ. որոշման, «Կասեցված քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու մասին» 22.04.2013թ. որոշման և «Գործը դատաքննության նշանակելու մասին» 23.10.2013թ. որոշման մեջ Դատարանը որպես հակընդդեմ հայցվորի կողմից ներկայացված պահանջ նշել է «հայրության վիճարկումը»:
4) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.04.2014թ. որոշմամբ Դատարանի 12.11.2013թ. վճռի դեմ սկզբնական հայցով պատասխանող, հակընդդեմ հայցվոր Գարիկ Շելլունցի անունից բերված վերաքննիչ բողոքը բավարարվել է` նշված վճիռը Մանվել Շելլունցի բնակության վայրը որոշելուն և գործի վարույթը կարճելուն վերաբերող մասերով բեկանվել, և գործն ուղարկվել է Դատարան` բեկանված մասերով ամբողջ ծավալով նոր քննության:
5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննարկելով Դատարանի դատավոր Ա. Սմբատյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք, իսկ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:
ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիքներից է նաև դատարանի մատչելիության իրավունքի ապահովումը: Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն սահմանված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այդ իրավունքը ճանաչել է որպես 6-րդ հոդվածի անբաժանելի տարր` գտնելով, որ եթե անձը զրկված է դատարանի մատչելիության իրավունքից, ուրեմն իմաստազուրկ է նաև արդար դատաքննության իրավունքը: Այսպես` Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ արդարադատության մատչելիության իրավունքը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված իրավունքների անբաժանելի մասն է: Ընդ որում, այս եզրակացությունը հիմնված է 6-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասության տերմինաբանության վրա, որը մեկնաբանվել է այդ հոդվածի համատեքստում` հաշվի առնելով Կոնվենցիայի նպատակն ու առարկան, ինչպես նաև իրավունքի համընդհանուր սկզբունքները (տե՛ս Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1975թ. փետրվարի 21, գանգատ թիվ 4451/70, կետ 36):
Էյրին ընդդեմ Իռլանդիայի գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիան ուղղված է ոչ թե նրան, որ երաշխավորի տեսական կամ պատրանքային իրավունքներ, այլ որ երաշխավորի կենսագործելի ու արդյունավետ իրավունքներ: Մասնավորապես, դա վերաբերում է դատարանի մատչելիության իրավունքին` հաշվի առնելով այն կարևոր տեղը, որը ժողովրդավարական հասարակությունում ունի արդար դատաքննության իրավունքը (տե՛ս Էյրին ընդդեմ Իռլանդիայի, 1979թ. հոկտեմբերի 9, գանգատ թիվ 6289/73, կետ 24):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշումներում բազմիցս նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունք: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս Կրեուզն ընդդեմ Լեհաստանի, թիվ 28249/95, 2001թ. հունիսի 19, կետ 52; Զ-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 29392/95, 2001թ. մայիսի 10, 91-93-րդ կետեր):
Հիրշհորն ընդդեմ Ռումինիայի գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ դատարան դիմելու իրավունքը բացարձակ չէ և կարող է որոշակի սահմանափակումների ենթարկվել. դրանք թույլատրված են այն կանխադրույթի հիման վրա, որ դիմելու իրավունքն իր բնույթով պահանջում է Պետության կողմից սահմանված կարգավորման առկայություն: Այս առումով Պայմանավորվող պետություններն ունեն հայեցողության որոշակի սահման, թեև Կոնվենցիայի պահանջների պահպանման կապակցությամբ վերջնական որոշումը կայացնում է Եվրոպական Դատարանը: Անհրաժեշտ է հիմնավորել, որ կիրառված սահմանափակումներն անձին վերապահված դիմելու իրավունքն այնպես չեն սահմանափակում կամ նվազեցնում, որ խաթարվի իրավունքի բուն էությունը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի 6-րդ հոդվածի 1-ին մասին, եթե այն օրինական նպատակ չի հետապնդում, և եթե գործադրված միջոցի և հետապնդված նպատակի միջև առկա չէ համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս Հիրշհորն ընդդեմ Ռումինիայի, 2007թ. հուլիսի 26, գանգատ թիվ 29294/02, կետ 50):
Այսպիսով, Խորհուրդն արձանագրում է, որ վերոնշյալ սահմանադրական, օրենսդրական և կոնվենցիոն դրույթների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների վերլուծությունից հետևում է, որ դատական պաշտպանության իրավունքը (որի բաղկացուցիչ մասն է` դատարան դիմելու իրավունքը) ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունք է:
Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ ԵԱԴԴ/0958/02/12 քաղաքացիական գործով պատասխանող Գարիկ Շելլունցը ներկայացրել է հակընդդեմ հայցապահանջ, հիմքում դնելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 38-րդ, 39-րդ և «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածները` Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն ՔԿԱԳ տարածքային բաժնում Նարեկ Շելլունցի ծննդյան վերաբերյալ կատարված գրանցման ակտում Գարիկ Շելլունցի` որպես հոր վերաբերյալ գրառումը չեղյալ հայտարարելու և նրանց միջև առկա ծնող-երեխա իրավահարաբերությունները դադարեցնելու վերաբերյալ:
Դատարանը 12.11.2013թ. կայացված վճռով թիվ ԵԱԴԴ/0958/02/12 քաղաքացիական գործի վարույթն ըստ հակընդդեմ հայցի Գարիկ Շելլունցի ընդդեմ Լուսինե Ղուշչյանի` Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն ՔԿԱԳ տարածքային բաժնում Նարեկ Շելլունցի ծննդյան վերաբերյալ կատարված գրանցման ակտում Գարիկ Շելլունցի` որպես հոր վերաբերյալ գրառումը չեղյալ հայտարարելու և նրանց միջև առկա ծնող-երեխա իրավահարաբերությունները դադարեցնելու պահանջի մասին, կարճել է` վեճը դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն` ծննդի պետական գրանցման գրքում երեխայի ծնողների գրառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Նույն օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սույն օրենսգրքի 38-րդ հոդվածին համապատասխան` ծննդի պետական գրանցման գրքում ծնողների վերաբերյալ կատարած գրառումը կարող է վիճարկվել միայն դատական կարգով որպես երեխայի հայր կամ մայր գրառված անձի կամ, փաստորեն, երեխայի հայր կամ մայր համարվող անձի պահանջով, խնամակալի (հոգաբարձուի), դատարանի կողմից անգործունակ ճանաչված ծնողի խնամակալի, դատարանի կողմից սահմանափակ գործունակ ճանաչված ծնողի հոգաբարձուի, ինչպես նաև չափահաս դարձած երեխայի պահանջով:
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական կացության ակտի առաջնակի կամ վերականգնված գրառման չեղյալ հայտարարելն իրականացնում է չեղյալ հայտարարելու ենթակա քաղաքացիական կացության ակտի պահպանման վայրի ՔԿԱԳ մարմինը` դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:
Վերոգրյալի արդյունքում Խորհուրդն արձանագրում է, որ թիվ ԵԱԴԴ/0958/02/12 քաղաքացիական գործով հակընդդեմ հայցվոր Գարիկ Շելլունցն ըստ էության ներկայացրել է հայրության վիճարկման պահանջ, որի հիմքում դրել է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 38-րդ, 39-րդ և «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածները, մինչդեռ Դատարանը, անտեսելով վերը նշված նորմերը, եզրակացրել է, որ տվյալ պահանջի մասով վեճը ենթակա չէ դատարանում քննության, ինչն էլ հիմք է հանդիսացել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի կիրառմամբ գործի վարույթն այդ մասով կարճելու համար:
Ընդ որում, այն հանգամանքը, որ հակընդդեմ հայցվոր Գարիկ Շելլունցն ըստ էության ներկայացրել է հայրության վիճարկման պահանջ, գիտակցվել է նաև Դատարանի կողմից: Խորհուրդը նման հետևության է գալիս թիվ ԵԱԴԴ/0958/02/12 քաղաքացիական գործով Դատարանի կողմից կայացված որոշ որոշումների ուսումնասիրության արդյունքում, մասնավորապես` 11.01.2013թ. «Դատագենետիկական փորձաքննություն նշանակելու և գործի վարույթը կասեցնելու մասին» որոշում, 22.04.2013թ. «Կասեցված քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու մասին» որոշում և 23.10.2013թ. «Գործը դատաքննության նշանակելու մասին» որոշում:
Նշված որոշումներում Դատարանը որպես հակընդդեմ հայցվորի կողմից ներկայացված պահանջ նշել է «հայրության վիճարկումը»:
Վերոգրյալի հիման վրա Խորհուրդը գտնում է, որ Դատարանը, կարճելով թիվ ԵԱԴԴ/0958/02/12 քաղաքացիական գործի վարույթն ըստ հակընդդեմ հայցի Գարիկ Շելլունցի ընդդեմ Լուսինե Ղուշչյանի` Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն ՔԿԱԳ տարածքային բաժնում Նարեկ Շելլունցի ծննդյան վերաբերյալ կատարված գրանցման ակտում Գարիկ Շելլունցի` որպես հոր վերաբերյալ գրառումը չեղյալ հայտարարելու և նրանց միջև առկա ծնող-երեխա իրավահարաբերությունները դադարեցնելու պահանջների մասով, խախտել է հակընդդեմ հայցվորի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը:
Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ արդարադատություն իրականացնելիս Դատարանի դատավոր Ա. Սմբատյանը, կարճելով գործի վարույթը, թույլ է տվել նյութական և դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի միջնորդությունը բավարարել: Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արթուր Սմբատյանին հայտարարել նախազգուշացում:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ` |
Ռ. Բարսեղյան | |
Կ. Բաղդասարյան | ||
Ա. Թումանյան | ||
Ա. Խաչատրյան | ||
Մ. Մակյան | ||
Ս. Չիչոյան | ||
Վ. Ստեփանյան | ||
Ա. Բաբայան | ||
Ս. Օհանյան |