Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 105-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2014-17.05.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.07.15/16(495) Հոդ.179
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.04.2014
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.05.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.05.2021

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 հունիսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014250

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

29 ապրիլի 2014 թ.

թիվ 105-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԱՌԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով նվազեցնել և կանխարգելել ռիսկերը, որոնք կարող են վտանգել Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունությունը, ինչպես նաև բացառել առանց բանկային հաշվի բացման դրամական փոխանցումների իրականացման արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերից (այսուհետ՝ Արագ փոխանցումների համակարգ) մեկի կողմից Հայաստանում գերիշխող դիրք զբաղեցնելու և դրա արդյունքում առաջացող հնարավոր բացասական հետևանքները,

 հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, ինչպես նաև ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող այն առևտրային բանկերը, որոնք մասնակցում են իրենց հետ փոխկապակցված Արագ փոխանցումների մեկ համակարգին կամ փոխկապացկված են այդպիսի Արագ փոխանցման համակարգի օպերատորի հետ (այսուհետ՝ Հայաստանյան մասնակից), ապահովում են առնվազն երկու այլ Արագ փոխանցումների համակարգերում մասնակցությունը: Սույն որոշման իմաստով փոխկապակցված են համարվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված անձինք:

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված պահանջը Հայաստանյան մասնակիցը ապահովում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կողմից Հայաստանյան մասնակցին առաջին փոխկապակցված Արագ փոխանցումների համակարգում կամ Արագ փոխանցումների համակարգի օպերատորի հետ փոխկապակցված Արագ փոխանցումների համակարգում մասնակցության թույլտվության տրամադրման օրվանից երեք ամսվա ընթացքում:

3. Կենտրոնական բանկի կողմից ՀՀ օրենքով սահմանված կարգով Հայաստանյան մասնակցի Արագ փոխանցումների համակարգում մասնակցությունը դադարեցնելու դեպքում, սույն որոշման 1-ին կետով սահմանված պահանջը մասնակիցն ապահովում է Հայաստանյան մասնակցի մասնակցությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշման ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում:

4. Հայաստանյան մասնակցի և Արագ փոխանցումների համակարգի օպերատորի միջև իրավահարաբերությունների դադարման դեպքում (անկախ նրանից թե իրավահարաբերությունը դադարել է կողմերից մեկի նախաձեռնությամբ՝ միակողմանիորեն, թե երկկողմ համաձայնության հիման վրա), սույն որոշման 1-ին կետով սահմանված պահանջը մասնակիցն ապահովում է իրավահարաբերությունները դադարելու օրվանից երեք ամսվա ընթացքում:

5. Սույն որոշման 1-ին կետով սահմանված պարտավորությունը Հայաստանյան մասնակցի կողմից համարվում է կատարված այն դեպքում, երբ Հայաստանյան մասնակիցը մասնակցում է այնպիսի Հայաստանյան վճարահաշվարկային համակարգին, որի հետևանքով հնարավորություն է ստանում իրականացնել դրամական փոխանցումներ առնվազն երկու այլ Արագ փոխանցումների համակարգերի միջոցով: Հայաստանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցությունը դադարելու դեպքում, Հայաստանյան մասնակիցը ապահովում է սույն որոշման 1-ին կետով սահմանված պահանջը՝ մասնակցության դադարեցման օրվանից երեք ամսվա ընթացքում:

6. Սույն որոշման 1-ին կետով սահմանված պարտավորությունը Հայաստանյան մասնակցի կողմից համարվում է կատարված այն դեպքում, երբ սույն որոշմամբ սահմանված երեքամսյա ժամկետում Հայաստանյան մասնակիցը միջնորդություն է ներկայացնում Կենտրոնական բանկ՝ Արագ փոխանցումների համակարգում մասնակցության թույլտվություն ստանալու վերաբերյալ: Այն դեպքում, եթե սույն կետով սահմանված միջնորդության հիման վրա Կենտրոնական բանկի խորհուրդը օրենքով սահմանված կարգով մերժում է Արագ փոխանցումների համակարգում մասնակցության թույլտվության տրամադրումը՝ Հայաստանյան մասնակիցն ապահովում է սույն որոշման 1-ին կետով սահմանված պահանջը Կենտրոնական բանկի խորհրդի կողմից համապատասխան որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

7. Այն դեպքում, երբ առկա են այնպիսի հիմնավոր հանգամանքներ, որոնք Հայաստանյան մասնակցին հնարավորություն չեն տալիս ապահովել սույն որոշմամբ սահմանված պահանջները, Հայաստանյան մասնակիցը Կենտրոնական բանկ է ներկայացնում այդպիսի հանգամանքների առկայությունը հիմնավորող փաստեր: Եթե Կենտրոնական բանկը սույն կետով ներկայացված հանգամանքները համարում է հիմնավոր, ապա Հայաստանյան մասնակցի նկատմամբ սույն որոշմամբ սահմանված պահանջները կարող են չգործել:

8. Սույն որոշումը չի տարածվում այն Հայաստանյան մասնակիցների վրա, որոնք չեն մասնակցում որևէ Արագ փոխանցումների համակարգին, բացառությամբ սույն որոշման 5-րդ կետով սահմանված դեպքի, ինչպես նաև այն Հայաստանյան մասնակիցների վրա, որոնք չեն մասնակցում իրենց հետ փոխկապակցված որևէ Արագ փոխանցումների համակարգին կամ փոխկապացկված չեն որևէ այդպիսի Արագ փոխանցման համակարգի օպերատորի հետ:

9. Սույն որոշմամբ սահմանված պահանջների խախտման համար Հայաստանյան մասնակցի նկատմամբ Կենտրոնական բանկի կողմից կարող են կիրառվել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի սեպտեմբերի 1-ին:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2014 թ. մայիսի 5

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.04.2021, թիվ 53-Ն 17.05.2021, թիվ 105-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան