ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին (կցվում է):
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Գ. Սահակյան |
22 մայիսի 2014 թվականի, քաղ. Երևան ԱԺՈ-115-Ն |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ծ Ր Ա Գ Ի Ր Ը
Քաղ. Երևան
2014 թ.
Ն Ա Խ Ա Բ Ա Ն
Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված` նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որպես իր գործունեության գերակայություն հռչակում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն՝ նրա ազատության երաշխավորումը, անվտանգության և բարեկեցության բարձրացման ապահովումը: Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերն առավելապես ուղղվելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացու` ստեղծագործ աշխատանքով իր հայրենիքում իր ապագան կերտելուն: Հայրենիքը յուրաքանչյուր հայի համար դառնալու է ապահով հանգրվան և սեփական կարողությունների, աշխարհի տարբեր ծագերում կուտակած փորձի ու գիտելիքների առավելագույնս դրսևորման հնարավորության երկիր: Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուրի համար պետք է դառնա արժանավայել կյանքով ապրելու հնարավորությունների երկիր:
Այս իմաստով ընդգծվում է սահմանադրական բարեփոխումների կարևորությունը` ելնելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից: Անհրաժեշտ նախադրյալներ պետք է ստեղծվեն սահմանադրական կայունության ամրապնդման, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության գերակայության և սահմանադրականության հաստատման համար:
Միայն հավասար պայմաններ և իրական մրցակցություն ապահովող միջավայրն է, որ հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության քաղաքացու մեջ արմատավորելու հավատն իր երկրում վաղվա օրվա, հպարտության զգացում հայրենիքի նկատմամբ: Միայն հասարակության կողմից արդարացիորեն ընկալվող տնտեսական համակարգն է ունակ ապահովելու ներդրումների աճ, ապագայի նկատմամբ հավատով լեցուն, համարձակ կառուցողական քայլերի նախաձեռնում: Նման տնտեսական միջավայրի հրամայականը Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է իրագործի թե՛ երկարաժամկետ հեռանկարում՝ սահմանադրական բարեփոխումների միջոցով աջակցելով բնականոն քաղաքական փոփոխությունների պայմաններում կայուն տնտեսական միջավայրի պահպանմանը, թե՛ անմիջապես՝ տնտեսական միջավայրի առկա խեղաթյուրումների դեմ կտրուկ և հետևողական քայլեր ձեռնարկելու միջոցով:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապահովելու է կանոնների՝ բոլորի համար նույնությամբ կիրառումը և այն, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը բաց լինի թե՛ հայրենական և թե՛ օտար ներդրողների համար: Օտարերկրյա հայտնի ընկերությունների ներգրավումը Հայաստանում լինելու է մեր առաջնահերթություններից: Այս ջանքերը ոչ միայն նպաստելու են հայրենի տնտեսության արտահանման ներուժի ավելացմանը՝ ի հաշիվ օտարերկրյա գործընկերների ավանդական շուկաների օգտագործման, այլև՝ որպես պարզ և հստակ ազդանշան բոլորի համար՝ Հայաստանում տնտեսական ազատ և մրցունակ միջավայրի վերաբերյալ:
Հետզհետե ավելի բարդացող տարածաշրջանային զարգացումների համապատկերում կայուն տնտեսական զարգացման նպատակադրումը կարող է լուծվել միայն ներքին համախմբման, գործունեության արդար պայմաններ պահպանող հասարակական և իշխանական ինստիտուտների կողմից: Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է աջակցի գործարարին՝ իր գործիքներով լինի անգամ մեկ աշխատատեղ ստեղծող, մեկ նմուշ նոր արտադրանք տվող քաղաքացու կողքին, պետք է նրա համար ապահովի գործարարությամբ զբաղվելու հավասար և բարենպաստ պայմաններ: Իշխանությունների և հասարակության համատեղ ջանքերով ձեռք բերվող տնտեսական աճը հնարավորություն կտա ձեռնամուխ լինելու Հայաստանի Հանրապետությունում առկա սոցիալական հիմնախնդիրների լուծմանը:
Սոցիալական հիմնահարցերի շարքում առանձնանում է տնտեսական աճի հետ անմիջականորեն շաղկապված նոր աշխատատեղերի ստեղծումը: Միայն կայուն աշխատանքն է, որ մեր քաղաքացիներին հնարավորություն կտա լիովին իրացնելու իրենց սոցիալական իրավունքներն ու երաշխիքները, որոնց շարքում հարկ է նշել արժանապատիվ վարձատրությունը:
Բարեկեցիկ կյանք ապահովող վաստակ ունենալու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապահովելու է աշխատավարձերի համակարգված աճ: Այս աճը լինելու է հետևողական և համաչափ՝ միտված եղած աշխատատեղերը պահպանելուն և նորերի ստեղծումը խթանելուն:
Պետական համակարգի աշխատավարձերի համակարգված և հետևողական աճին զուգահեռ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ջանքեր կգործադրի տնտեսության մասնավոր հատվածում ևս աշխատավարձերի աճ ապահովելու համար՝ թե՛ նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացման, թե՛ անհրաժեշտ տնտեսական ենթակառուցվածքների ստեղծման և պահպանման, աշխատանքի արտադրողականության բարձրացման միջոցով:
Հայաստանի Հանրապետության կառավարության այս միջոցառումները չեն տարածվելու միայն պետական կազմակերպությունների և խոշոր ընկերությունների վրա: Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամեն ջանք գործադրելու է անհատ ձեռներեցների, գյուղացիական տնտեսությունների գործունեության պայմանների անշեղ բարելավման միջոցով նրանց եկամուտների շարունակական աճն ապահովելու համար: Այս առումով կարևոր են լինելու փոքր և միջին բիզնեսի կարգավիճակի հստակեցման ու գործիքների ամբողջ զինանոցով՝ հարկային արտոնություններից մինչև պարզեցված վարչարարություն, նրանց գործուն աջակցություն ցուցաբերելու հետևողական ջանքերը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հատկապես կարևորելու է գյուղի և գյուղացու կյանքի բարելավման խնդիրը: Այստեղ թե՛ ավելացվելու են առկա գործիքներով գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվող աջակցության ծավալները, թե՛ մեկնարկելու է կարևորագույն ենթակառուցվածքային ծրագիր՝ հանրապետության մարզերում գյուղատնտեսության կենսունակությունը լրջորեն բարելավելու համար: Մասնավորապես, 2014-2017 թվականների ընթացքում էական աշխատանքներ կկատարվեն ջրամբարաշինության բնագավառում՝ սկսելով չորս կարևորագույն ջրամբարների նախագծման և շինարարության համակարգված աշխատանքները: Այս ծրագիրը հնարավորություն կտա ոչ միայն թեթևացնելու Սևանի բեռը, այլև զգալիորեն բարելավելու հողագործական աշխատանքների արդյունավետությունը: Այս ծրագիրը համակցելով գյուղատնտեսական սուբսիդավորման գրեթե կրկնապատկվող ծավալների հետ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գյուղատնտեսությամբ զբաղվող մեր քաղաքացիների համար պայմաններ կստեղծի եկամուտների շարունակական աճի համար:
Տնտեսական ենթակառուցվածքների ստեղծումն ու պահպանումը զուգակցելով տնտեսավարողների համար հավասար պայմանների ստեղծման հետ, հնարավորություն կտան Հայաստանի Հանրապետությանը 2014-2017 թվականներին ընդլայնելու տնտեսության ներքին ռեսուրսների վրա հիմնված արտահանման տնտեսական ներուժը, տնտեսությունն ամրապնդելու կայունացման փուլում և նախադրյալներ ստեղծելու հետագա՝ ավելի հավակնոտ և բեկումնային աճի համար:
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Արտաքին աշխարհի էական անորոշությունները սահմանափակում են արտաքին տնտեսությունից ռեսուրսների ներհոսքի հնարավորությունը: Առաջիկա երեք տարվա ընթացքում տնտեսության ներքին ռեսուրսների վրա հիմնված զարգացումը Հայաստանի տնտեսական աճի ապահովման համար կունենա առաջնային նշանակություն։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այս պայմաններում ակնկալում է արտահանման ծավալների նպատակադրված ավելացմանը հասնել հիմնականում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շնորհիվ, որը ենթադրում է ներքին ռեսուրսների համակարգված և արդյունավետ օգտագործում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն ծրագրի իրականացմամբ 2014-2017 թվականների ընթացքում նպատակադրում է՝
● զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջնաժամկետ` 5 տոկոս աճի միջոցով.● նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացում՝ մինչև 65000 դրամի.
● աղքատության կրճատման ապահովում՝ 10 տոկոսային կետով:
Հայաստանի Հանրապետության կառավարության գործողությունների արդյունքային ցուցանիշները գնահատվել են առկա միտումների հիման վրա: Արտաքին ցնցումների դրսևորումները և Հայաստան ներթափանցման ուղիներն ու ազդեցությունները նկարագրված են սույն ծրագրի վերջին մասում:
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
2.1. ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ
2.1.1. Պաշտպանությունը
Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված ռազմաքաղաքական իրավիճակը և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները պահանջում են ունենալ մարտունակ, մշտապես կատարելագործվող, ռազմական գիտության արդի ձեռքբերումներն արդյունավետ կիրառող զինված ուժեր:
Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության գործողություններն ուղղված են լինելու Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, պաշտպանության, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորմանն ու ապահովմանը, առկա և հավանական սպառնալիքների բացահայտմանը, գնահատմանը, կանխմանը, կասեցմանն ու չեզոքացմանը, զինված ուժերի համարժեք զարգացմանը: Գործունեության հիմքում դրվելու է «առկա ռեսուրսներով առավելագույն արդյունքի հասնելու» պաշտպանության ռազմավարական սկզբունքը:
Այս նպատակների իրագործման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է`
● մարտական հերթապահության և մարտական խնդիրների լիարժեք ու արդյունավետ կատարման նպատակով շարունակել զինված ուժերի մարտական պատրաստականության և պատրաստության, ղեկավարման համակարգի կատարելագործման, զորային օղակի բարեփոխման, կազմի օպտիմալացման, համալրման, մարտական, նյութատեխնիկական և բարոյահոգեբանական ապահովման ընթացակարգերի բարելավումը.
● շարունակել զինված ուժերի` ժամանակակից սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և հատուկ միջոցներով համալրումը` առաջնահերթությունը տալով հայրենական ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը և խրախուսելով այն` ապահովելով համագործակցությունը դաշնակից ու գործընկեր պետությունների հետ.
● ռազմակրթական ոլորտն ապահովել ժամանակակից կրթական ու մեթոդական ծրագրերով, սպայական և ենթասպայական մասնագետներ պատրաստելու և բանակը համալրելու նպատակով կայացնել բարձրագույն, հետբուհական ու միջին մասնագիտական կրթություն ապահովող ազգային ռազմակրթական համակարգը.
● շարունակել զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, կրտսեր հրամանատարական օղակում արհեստավարժ ենթասպայական կազմի զինծառայողներին ընդգրկելու աշխատանքները.
● զարգացնել արժանիքների վրա հիմնված ծառայողական առաջխաղացման մրցակցային հնարավորությունները.
● դրական հիմքով զինվորական ծառայությունից արձակվողներին, զինված ուժերից զորացրվողներին ապահովել վերապատրաստման կամ արտոնյալ ուսման հնարավորություններով` քաղաքացիական մասնագիտություն ձեռք բերելու, աշխատանք գտնելու և քաղաքացիական կյանքին արագ հետինտեգրվելու նպատակով.
● զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինվորական հաշմանդամների, զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների համար ապահովել պատշաճ սոցիալական ապահովության և մատչելի ու որակյալ առողջապահական ծառայությունների մատուցումը` ներառյալ քաղաքացիական բժշկական հաստատությունների հետ համագործակցության մեխանիզմների ներդրումը, բարձրացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքների և փոխհատուցումների մասին տեղեկատվության հասանելիության մակարդակը.
● արդյունավետ տեղեկատվական անվտանգության համակարգի փուլային ստեղծման նպատակով կատարելագործել տեղեկատվական սպառնալիքների հայտնաբերման, գնահատման, կանխատեսման ձևերն ու մեթոդները, Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների միջև տեղեկույթի փոխանակման մեխանիզմները, ապահովել տեղեկատվական հակազդման ծրագրային մասնագիտական հարցերի վերլուծության և դրանցից բխող խնդիրների առաջադրման բավարար կարողություններ.
● ուսումնական ծրագրերի վերանայման ու փոփոխման, իրազեկվածության բարձրացման, կանխարգելիչ գործողությունների արդյունավետության բարձրացման և դրանց կատարման նկատմամբ վերահսկողական մեխանիզմների կատարելագործման միջոցով զարգացնել զինված ուժերում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների երաշխավորվածությունն ու պաշտպանությունը.
● պաշտպանության համակարգում բարեվարքության ամրապնդման, զինվորական կառավարման էթիկայի բարելավման, թափանցիկության, հաշվետվողականության և զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության ապահովման նպատակով զինվորական կառավարման ու զինվորական առաջնորդության վերաբերյալ արդի տեսությունների հիման վրա ներդնել արդյունավետ կառավարման ճկուն մեխանիզմներ.
● շարունակել զինված ուժերի միջազգային համատեղ և միացյալ ուժերի ու համակարգերի, փոխգործունակ ստորաբաժանումների զարգացումն ու վարժանքը, ապահովել միջազգային անվտանգության ապահովման գործողություններին շարունակական մասնակցությունը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռեսուրսներին ու կարողություններին համահունչ:
Անվտանգության համակարգերի բարեփոխման շարունակականությունն ու ժամանակակից պահանջներին համապատասխանեցումը, արտաքին մարտահրավերների կանխարգելմանն ու համարժեք արձագանքի ապահովմանն ուղղված քայլերը ներառելու են քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, տեղեկատվական, անհրաժեշտության դեպքում՝ ռազմական և այլ համալիր միջոցառումներ:
2.1.2. Արտաքին հարաբերությունները
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետամուտ է լինելու միջազգային ասպարեզում պետության շահերի պաշտպանությանը, արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, տարածաշրջանային կայունության, անվտանգության և զարգացման ապահովմանը, տնտեսական զարգացման համար անհրաժեշտ արտաքին բարենպաստ պայմանների ու երաշխիքների ստեղծմանը, տարածաշրջանային և միջազգային գործընթացներում Հայաստանի Հանրապետության ներգրավվածության ու դիրքերի ամրապնդմանը:
Այս առումով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է՝
● Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը.
● Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը.
● Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցության և ռազմավարական հարաբերությունների առավել խորացումն ու ընդլայնումը.
● Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության ամրապնդումը.
● եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը.
● անմիջական հարևանների` Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունների առավել զարգացումը.
● ԱՊՀ անդամ երկրների հետ փոխշահավետ հարաբերությունների խորացումը.
● հայ-թուրքական հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորումը.
● Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի և Ասիայի այլ երկրների, Աֆրիկայի պետությունների հետ համագործակցության զարգացումը.
● Կանադայի և Հարավային Ամերիկայի երկրների հետ համագործակցության զարգացումը.
● Մերձավոր Արևելքի ավանդական գործընկեր երկրների հետ փոխգործակցության զարգացումը.
● Եվրասիական տնտեսական միությանը և վերջինիս բաղադրիչ մաս հանդիսացող Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին անդամակցությունը.
● ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության շարունակական խորացումը.
● Եվրոպական միության հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում, ԵՄ-ի հետ համագործակցության խորքային բնույթ արտահայտող իրավական նոր շրջանակի ձևավորումը.
● ԱՊՀ շրջանակներում ընթացող գործընթացներին ակտիվ մասնակցությունը.
● ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում և այլ միջազգային կազմակերպություններում առավել ակտիվ ներգրավվածությունը և Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը.
● ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակումը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հետևողական իրականացումը.
● միջազգային և տարածաշրջանային տնտեսական ու ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացումը.
● Հայաստանի տնտեսական անվտանգության ապահովումը, հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, զարգացումն ու դիվերսիֆիկացումը, հայրենական արտադրանքի արտահանման համար նոր շուկաների բացահայտումը և արտաքին ներդրումների խրախուսումը.
● մշակութային համագործակցության խթանումը, հայկական մշակութային ժառանգության պահպանումը.
● միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության դիրքորոշումներն ավելի լսելի և ընկալելի դարձնելուն ուղղված քայլերի իրականացումը.
● արտերկրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու շահերի պաշտպանությունը։
2.1.3. Սփյուռքը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է Հայաստան-Սփյուռք գործակցության դինամիկ զարգացումը, հայության բոլոր հատվածների համախմբումը` հայոց պետության հզորացման, հայապահպանության և հայ ինքնության ամրապնդման գործում:
Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կշարունակի`
● համախմբել Հայաստանի՝ որպես համայն հայության հայրենիքի և սփյուռքի կարողություններն ու ջանքերը՝ ուղղված պետությունների և միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանը, հետևանքների վերացմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և համազգային նշանակություն ունեցող այլ խնդիրների լուծմանը.
● ապահովել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման քաղաքականության իրականացման համար պատասխանատու մարմինների արդյունավետ և համակարգված գործունեությունը` այդ մարմինների գործառույթների տարանջատման, մասնագիտական կարողությունների զարգացման, դրանց գործունեության համակարգման և այդ մարմինների միջև արդյունավետ համագործակցության միջոցով.
● կատարելագործել Հայաստան-Սփյուռք գործակցության առանձին խնդիրների օրենսդրական կարգավորումը, ընթացակարգերի ներդրումը և կիրարկումը, մշակել ու ներդնել համահայկական կազմակերպությունների և սփյուռքի տեղական կառույցների հետ գործակցության նոր կառուցակարգեր.
● որդեգրել տարբերակված մոտեցումներ` հաշվի առնելով տարածաշրջանների առանձնահատկություններն ու առաջնահերթությունները և ներդնել նպատակային ծրագրեր՝ ուղղված հայության տարբեր հատվածների, համայնքների կարիքների բավարարմանը, հիմնախնդիրների լուծմանը, նրանցում առկա ներուժի օգտագործմանը, ինչպես նաև մշակել արտակարգ իրավիճակներում հայտնված սփյուռքահայերին աջակցության հայեցակարգ.
● աջակցել սփյուռքի ինքնակազմակերպմանը համայնքային տարբեր կառույցների ստեղծման միջոցով, համայնքների համախմբմանը հայկական ինքնության շուրջ, միջհամայնքային կապերի ամրապնդմանը.
● ապահովել երկքաղաքացիության ինստիտուտի արդյունավետ կիրարկումը, շարունակել ընդլայնել հայրենադարձության գործընթացի իրավական հիմքերը, ներդնել գործուն ու արդյունավետ կառուցակարգեր` հայրենիք վերադարձող սփյուռքահայերի, այդ թվում` սիրիահայերի հասարակությանն ինտեգրումն արագացնելու համար, միջոցներ ձեռնարկել Հայաստանի տնտեսության մեջ սփյուռքահայերի առավելագույնս ներգրավման, ներդրումների խրախուսման և ծավալների մեծացման նպաստավոր միջավայր ստեղծելու համար.
● աջակցել սփյուռքահայ երիտասարդների այցելությունների կազմակերպմանը Հայաստանի Հանրապետություն և ԼՂՀ.
● մշակել և իրականացնել բռնի կրոնափոխ եղած, ծպտյալ հայերին, նրանց՝ ազգային արմատներին վերադարձնելու, ինչպես նաև մշակութային և ճանաչողական ծրագրեր.
● իրականացնել կրթամշակութային, գիտահետազոտական ծրագրեր` սփյուռքի երիտասարդության շրջանում մայրենի լեզվի ուսուցման, կիրառման, արևմտահայերենի պահպանման ու զարգացման համար, ինչպես նաև ազգային արժեհամակարգի պահպանման և վերարտադրության նպատակով աջակցել սփյուռքի հայկական դպրոցների համար ուսումնական ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների ստեղծմանը, սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստմանը, սփյուռքահայ երիտասարդությանը հատկացվող կրթաթոշակների թվի ավելացմանը.
● կազմակերպել Հայաստանում և սփյուռքում մասնագիտական, այդ թվում` գիտական, կրթական, տնտեսական համաժողովներ, հավաքներ, քննարկումներ: Հայկական կազմակերպությունների հետ համատեղ շարունակել մշակութային փառատոների, ձեռնարկների, մարզական խաղերի միջոցով երիտասարդության ազգային ոգին բարձրացնելու և հայրենիքը ճանաչելի դարձնելու գործընթացը.
● աջակցել հանրային հեռուստատեսության արբանյակային հեռարձակումներում հայապահպանական և ուսուցողական ծրագրերի ընդլայնմանը, այդ ծրագրերի որակի ու բովանդակության բարելավմանը՝ ավելացնելով համագործակցությունն այլ հեռուստաալիքների հետ.
● շարունակել վիրահայության շրջանում, այդ թվում` Ջավախքի հայկական համայնքներում հայապահպանությանը, մայրենի լեզվի ու մշակույթի պահպանմանը նպաստող ծրագրերի իրականացումը.
● Հայաստան-Սփյուռք գործակցությունը նպատակաուղղել հայ ժողովրդի շահերի պաշտպանությանը, հայկական արժեքների քարոզմանը, հայոց պատմության կեղծարարների դեմ հակազդեցության, Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարին: Սփյուռքում գործող տարածաշրջանային հանձնախմբերի և համայնքային կառույցների հետ համատեղ շարունակել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համապատասխան ծրագրերի մշակումը և իրականացումը:
2.2. ԱՐԴԱՐԱՑԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
2014-2017 թվականներին Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական զարգացման քաղաքականության հիմնական նպատակը բնակչության համար արժանավայել աշխատանքի ապահովումն է ու կայուն տնտեսական զարգացմանն ուղղված աշխատուժի ընդլայնված մասնակցությունը: Նոր աշխատատեղերի շարունակական ստեղծումն այսուհետև կգլխավորի կառուցվածքային և ոլորտային քաղաքականությունների նպատակների փաթեթը:
Տնտեսական զարգացման քաղաքականության հիմնական ուղղություններից է լինելու պետություն-մասնավոր հատվածի համագործակցության սկզբունքի համաձայն, մասնավորապես, երկկողմ պարտավորությունների սահմանման միջոցով ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավմամբ, միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող հայկական ընկերությունների կայացմանը նպաստելը։ Պետություն-մասնավոր հատվածի համագործակցության մրցունակ ու զարգացման տանող յուրաքանչյուր ծրագրին ցուցաբերվելու է անհատական մոտեցում և աջակցություն:
2.2.1. Գործարար և ներդրումային միջավայրը
Երկրում տնտեսական առաջընթացի ապահովման գրավականը բարձր գործարար ակտիվության և կայուն ներդրումային հոսքեր ներգրավելու համար նպաստավոր միջավայրի ձևավորումն է: Այս նպատակի իրականացման առանցքային երաշխիքը նոր տնտեսաիրավական հարաբերությունների կառուցումն է` գործարար համայնքի շրջանում պետության նկատմամբ իրապես առկա վստահության ամրապնդումը: Մասնավոր հատվածի հետ պետությունը կկառուցի գործընկերային հարաբերություններ` նրանց համար երաշխավորելով գործունեության հավասար պայմաններ:
Այս առումով քաղաքականության ուղղությունները կլինեն`
բարենպաստ գործարար միջավայրի ձևավորումը` որպես ներդրումների ներգրավման գրավական՝
● ներդրումների ներգրավման, ներդրումային ծրագրերի իրականացման և գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից վարչարարական խոչընդոտների վերացման կամ առնվազն նվազագույնի հասցնելու հստակ քայլերի և միջոցների ձեռնարկում.
● ներդրումային օրենսդրության վերանայման նախաձեռնություն, ներդրումների պաշտպանության և պետական երաշխիքների համակարգի ուժեղացում, պետություն-մասնավոր հատված գործընկերությունը կարգավորող օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմքերի կատարելագործման նախաձեռնում.
● գործարար միջավայրի վրա կարգավորումների ազդեցությունների և կարգավորումներից բխող վարչարարության գնահատման «վարչարարական խոչընդոտների գնահատման ծախսերի վրա հիմնված մեթոդի» ներդրում Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի վրա կարգավորման ազդեցությունների գնահատման համակարգում.
● պետություն-մասնավոր հատված երկխոսությունն արդյունավետ իրագործելու, գործարար համայնքի ներկայացուցիչների գործունեության խոչընդոտները բացահայտելու նպատակով վերջիններիս հետ հետադարձ կապի ապահովում.
● գործունեության համապատասխան տեսակներով զբաղվելու համար նախատեսված թույլտվությունների և լիցենզիաների ցանկի էական կրճատում` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք առնչվում են անձանց իրավունքներին ու պետության պաշտպանությանը, պետության անվտանգության, մարդու կյանքի և առողջության ապահովմանը.
պոտենցիալ ներդրումների ներգրավման համար հնարավորությունների իրացումը՝
● ներմուծման փոխարինման հնարավորությունների բացահայտում և համապատասխան ծրագրերի իրականացման խթանման մեխանիզմների ներդնում.
● ներդրումների ներգրավման խրախուսում նաև տնտեսության այնպիսի ոչ ավանդական ոլորտներում, որոնք ունեն մշտապես արդիականանալու, էներգախնայող և բարձր արտադրողական տեխնոլոգիաներ, ինչպես նաև բարձր որակավորում պահանջող աշխատուժ ներգրավելու ունակություն.
● հատուկ տնտեսական գոտիների ձևավորում` որոշակի աշխարհագրական տարածաշրջաններում (հատկապես համեմատաբար ցածր կենսամակարդակ ունեցող և սահմանամերձ մարզերում) այդպիսի կարգավիճակ ձեռք բերելու հնարավորության ստեղծման միջոցով նպաստելով այդ տարածքներում աշխատատեղերի ստեղծմանը և հարևան երկրների ներդրումային պոտենցիալի օգտագործմանը` հաշվի առնելով նաև Եվրասիական տնտեսական միությանը և վերջինիս բաղադրիչ մաս հանդիսացող Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին անդամակցության հեռանկարները.
● ներդրումների տեսանկյունից գրավիչ պետական անշարժ գույքի քարտեզագրում, չօգտագործվող արտադրական և գյուղատնտեսական նշանակության հողերի օտարման և (կամ) ներդրողներին գրավիչ պայմաններով տրամադրելու մեխանիզմների մշակում.
● տարածքային առանձնահատկությունների, տարածքներում սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակի և ներուժի վրա հիմնված խրախուսման միջոցների տրամադրում.
● ռազմավարական ներդրումային ծրագրերի իրականացման համար ինստիտուցիոնալ խթանների սահմանում` հիմնված ներդրումների ծավալի, ստեղծվելիք նոր աշխատատեղերի թվի, ինչպես նաև արտահանման մեծ ցանցի առկայության չափանիշների վրա.
● վերազգային կորպորացիաների հետ համագործակցության իրականացում, վերազգային կորպորացիաների ցանցերում հայկական կազմակերպությունների դիրքավորման հնարավորությունների բացահայտում.
● ինստիտուցիոնալ բարեփոխումների, կայուն և կանխատեսելի օրենսդրական դաշտի միջոցով հասնել առավել նպաստավոր գործարար միջավայրի ձևավորմանը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կնախաձեռնի Համահայկական ներդրումային հիմնադրամի ստեղծումը, որը կգործի համադրելի կառույցների լավագույն օրինակով: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ կնպաստի ներդրումային բանկերի ստեղծմանը:
Հայաստանի ներդրումային հեղինակության բարելավումը, վստահելի գործընկերոջ համբավի ամրապնդումը՝
● Հայաստանի՝ որպես ներդրումների երկիր ճանաչելիության բարձրացում` միջազգային ներդրումային համաժողովների, առանձին մարզերի և ոլորտների միջազգային ճանաչման ու դրական հեղինակության ձևավորման միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև հեղինակավոր ֆինանսական և գործարար լրատվամիջոցներով առաջմղմանը վերաբերող քարոզարշավների իրականացման միջոցով.
● տարածաշրջանային և տնտեսական համագործակցության հարթակներում, պայմանավորված Հայաստանի համար Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի շուկաների առավել մատչելիությամբ, երկրի ներդրումային գրավչությունների ակտիվ ներկայացում, պոտեցիալ ներդրողների համար տեղեկատվական և ճանաչողական միջոցառումների կազմակերպում.
● վարկանիշային գնահատումներ իրականացնող միջազգային հեղինակային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության դիրքի բարելավման նպատակով համապատասխան միջոցների ձեռնարկում.
տեսչական բարեփոխումների իրականացումը՝
● տեսչական գործառույթների և ստուգումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նոր օրենսդրության ներկայացում և դրան համահունչ ստուգում իրականացնող մարմինների (տեսչությունների) օպտիմալացում.
● ստուգում իրականացնող մարմիններում տեղեկատվության փոխանակման և կառավարման կենտրոնացված էլեկտրոնային համակարգի ներդնում.
● իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից պետական մարմիններ ներկայացվող հաշվետվությունների բեռի էական նվազեցում, այդ մարմինների հետ էլեկտրոնային կառավարման գործիքների կիրառմամբ փոխգործակցության առավել խորացում.
● տեսչություններում ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ամբողջական ներդնում.
● նոր համակարգի արդյունավետ ներդրման համար համապատասխան մարմիններում կարողությունների ստեղծում և զարգացում.
որակի ազգային ենթակառուցվածքի զարգացումը՝
● կշարունակվի միջազգային չափորոշիչներին որակի ազգային համակարգի ներդաշնակեցման գործընթացը` նպաստելով առավել մրցունակ և որակյալ արդյունքի թողարկմանը, տեղական արտադրողի և արտահանողի համար առավել նպաստավոր առևտրային պայմանների ձևավորմանը, սպառողների համար առավել անվտանգ ու որակյալ սպառման ապահովմանը:
2.2.2. Տնտեսության հիմնական ճյուղերը
2.2.2.1. Գյուղատնտեսությունը և գյուղը
Գյուղի և գյուղատնտեսության խնդիրների միասնական դիտարկումը Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությունն է: Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակադրում է՝ բարձրացնելով գյուղատնտեսության արդյունավետությունը, գյուղում զուգահեռաբար ստեղծել կյանքի հարմարավետ պայմաններ յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար, այն գիտակցումով, որ չի կարող լինել զարգացող գյուղատնտեսություն առանց հարմարավետ գյուղի: Առանձնակի ուշադրություն է դարձվելու բարձրլեռնային և սահմանամերձ շրջաններին:
Այս առումով`
● իրականացվելու են գյուղատնտեսության հիմնական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման միջոցառումներ, այդ թվում՝ սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում հացահատիկային մշակաբույսերի մշակման սուբսիդավորման միջոցով.
● շարունակվելու են գյուղատնտեսությունում օգտագործվող հիմնական ռեսուրսների` հանքային պարարտանյութի, դիզելային վառելանյութի, տարբեր մշակաբույսերի բարձր վերարտադրության սերմերի մատչելիության մակարդակի բարձրացման ծրագրերը` գների մասնակի սուբսիդավորման և ապրանքային վարկերի միջոցով, ինչպես նաև ընդլայնվելու են սերմնաբուծության համակարգի զարգացմանը ցուցաբերվող պետական աջակցության ծրագրերը.
● ավելացվելու են ժամանակակից ջերմոցային տնտեսությունների տարածքները, որի արդյունքում էապես կմեղմվի մի շարք գյուղատնտեսական մթերքների գների սեզոնային տատանումը, ինչպես նաև կավելանա դրանց արտահանման ծավալը, և կստեղծվեն նոր աշխատատեղեր.
● փոքր և միջին գյուղացիական տնտեսություններին, հատկապես կոոպերատիվներին տրամադրվելու է դրամաշնորհային աջակցություն` վերամշակող արտադրությունների հիմնման ծախսերի մինչև 50 տոկոսի չափով.
● անասնապահության ճյուղի զարգացման նպատակով իրականացվելու են գյուղատնտեսական կենդանիների տոհմային հատկանիշների բարելավման և մթերատվության բարձրացման ծրագրեր` տոհմային երինջների ներկրմամբ և սելեկցիայի ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Ծրագրեր կիրականացվեն տավարի մսի արտադրության ծավալի ավելացման համար՝ նպատակ ունենալով բարձրացնելու տավարի մսի ինքնաբավության մակարդակը.
● իրականացվելու են գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման, պետական աջակցությամբ իրականացվող անասնաբուժական կանխարգելիչ և ախտորոշիչ համակարգի բարելավման ու անասնաբուժական սպասարկման մեխանիզմների կատարելագործման ծրագրեր.
● պարտադիր սպանդանոցային մորթի անցման նախադրյալների ձևավորման նպատակով խթանվելու է նոր սպանդանոցների ստեղծումը, և ընդլայնվելու է ցանցը.
● ձկնաբուծության ոլորտում աստիճանաբար ներդրվելու են ջրի խնայողության ժամանակակից լավագույն տեխնոլոգիաներ, այդ թվում՝ Արարատյան դաշտավայրի ձկնաբուծական ընկերությունների համար մատչելի ֆինանսական ռեսուրսների ներգրավման հնարավորության ապահովման միջոցով: Ավելանալու են արտադրության և արտահանման ծավալները.
● բնական կերահանդակների համաչափ և արդյունավետ օգտագործման նպատակով շարունակվելու են իրականացվել միջոցառումներ լեռնային արոտների ջրարբիացման, ճանապարհների վերականգնման, բնական կերահանդակների համատեղ օգտագործման, արոտների վերականգնման և բարելավման համար.
● ապահովվելու է գյուղատնտեսական տեխնիկայի ու տեխնոլոգիայի շարունակական արդիականացումը: Ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկան և սարքավորումները ձեռք են բերվելու մատչելի ֆինանսավորման և սպասարկման ճկուն մեխանիզմների ներդրման շնորհիվ.
● ավելացվելու են գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծավալները, ինչպես նաև մշակվելու են գյուղացիական տնտեսությունների ուղղակի սուբսիդավորման նոր մեխանիզմներ.
● կատարելագործվելու է գյուղատնտեսության ոլորտի խորհրդատվության համակարգը` նպաստելով գյուղատնտեսությամբ զբաղվողների աշխատանքի արտադրողականության աճին.
● իրականացվելու են միջոցառումներ բուսաբուծական և անասնապահական մթերքների իրացման համակարգի բարելավման և կատարելագործման, մասնավորապես՝ գյուղատնտեսական մեծածախ շուկաների կամ լոգիստիկ կենտրոնների համակարգի աստիճանական ձևավորման համար: Առանձնակի ուշադրություն կդարձվի գյուղատնտեսական մթերք արտադրողների և վերամշակողների փոխշահավետ պայմանագրային հարաբերությունների հաստատմանը: Այդ նպատակով կներդրվի տեղական գյուղատնտեսական հումքի գնումների համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր, որի համար նախապայման պետք է լինի տրամադրվող վարկերի ամբողջ գումարի չափով գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողների հետ կնքված հումքի գնման պայմանագրերի առկայությունը.
● տեղական արտադրությունը խթանելու նպատակով կմշակվեն մեխանիզմներ պետական կարիքների համար ձեռք բերվող մթերքը տեղական արտադրողներից գնելու համար.
● ներդրվելու են սննդամթերքի անվտանգության միջազգային չափանիշներին համապատասխանության նկատմամբ վերահսկողական մեխանիզմներ, որպեսզի հայկական մթերք սպառողը վստահ լինի, որ այն անվտանգ է և բարձրորակ.
● միջոցառումներ են իրականացվելու մասնատված հողակտորների համատեղ օգտագործման, կոոպերացիայի խթանման համար, մասնավորապես՝ պետական աջակցության ծրագրերի իրականացման գործընթացում առաջնությունը տրվելու է կոոպերատիվներին.
● քայլեր են ձեռնարկվելու գյուղատնտեսությունում համատարած հաշվառում իրականացնելու նպատակով.
● ստեղծվելու են նախադրյալներ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի աստիճանական ներդրման համար.
● բնության կողմից հասցվող հնարավոր վնասները նվազեցնելու նպատակով շարունակաբար ներդրվելու են հակակարկտային ժամանակակից համակարգեր, և ընդլայնվելու է դրանց աշխարհագրությունը.
● գյուղատնտեսական և այլ նշանակության հողատարածքները, շենքերն ու շինությունները, ինժեներական կառուցվածքները ողողումներից, ջրածածկումից, հողատարման երևույթներից զերծ պահելու նպատակով իրականացվելու են գետերի ջրերի վնասակար ներգործության կանխման և վերացման միջոցառումներ:
Միջոցառումների այս համախումբը նպաստելու է նաև Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության կարևորագույն ուղղություններից է հանդիսանալու նաև հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառի բարելավումը՝ համապատասխան պետական ծրագրերի իրականացման միջոցով:
Գյուղում կյանքի որակի բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերն ուղղվելու են՝
● գյուղական աղքատության կրճատմանը.
● մատուցվող պետական ծառայությունների որակի կտրուկ բարձրացմանը.
● գյուղական համայնքների կարողությունների զարգացմանը` հնարավորինս հասանելի դարձնելով խմելու ջուրը, գազը, էլեկտրաէներգիան, հեռախոսակապը, համացանցը, բժշկական ծառայությունները.
● գյուղական ճանապարհների ու տրանսպորտային ժամանակակից ցանցերի բարելավմանը:
2.2.2.2. Արդյունաբերական քաղաքականությունը
Որպես բարձր արտադրողականություն ունեցող և տնտեսության մյուս ճյուղերի համար շարժիչ ճյուղ՝ առավել շեշտադրված կիրականացվի արդյունաբերական քաղաքականությունը` տնտեսության կառուցվածքում դրա տեսակարար կշռի ավելացման և տնտեսական աճին դրա նպաստն ավելացնելու նպատակով: Ճյուղի զարգացման խնդիրները լուծելու և որոշումներ կայացնելու միակ ձևաչափը կհամարվի ճյուղում գործող կազմակերպությունների հետ երկխոսությունը: Արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրագործումը կշարունակվի առկա գործիքակազմի ընդլայնմամբ, ինչպես նաև կհամալրվի նոր ու արդիական գործիքակազմով, մասնավորապես՝
● աջակցող կառույցների օպտիմալացում և ակտիվ ներդրումային քաղաքականություն իրականացնելու համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ համակարգի ձևավորում, մասնավորապես, ներդրումների և արտահանման խթանման կառույցի ստեղծում և կայացում.
● Հայաստանի մի քանի խոշոր (այդ թվում` պոտենցիալ) առևտրային գործընկեր երկրներում հայկական առևտրային տների ստեղծմանն աջակցություն.
● սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը փուլ առ փուլ վերացնելու քայլերի իրականացում, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի շրջանակներում հիմնական միջոցների և հումքի ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման հետաձգման գործիքի վերանայում՝ շեմի աստիճանական իջեցմամբ.
● արտերկրում հայկական ապրանքների առաջմղման խոչընդոտների բացահայտում և միջազգային համաձայնագրերում անհրաժեշտ լրացումների նախաձեռնում.
● լոգիստիկ կենտրոնների հիմնադրման և գործարկման խթանում.
● ռազմատնտեսական համալիրի մասով նպատակային ծրագրերի իրականացում` գիտատար և հեռանկարային ճյուղերի զարգացման նպատակով արտերկրի հետ համագործակցության խորացման հնարավորությունների առավելագույն իրացմամբ.
● գլոբալ տեխնոլոգիական ընկերությունների կողմից տեղական ընկերություններին տրված պատվերների շրջանակում նորարարական աշխատանքների իրականացման դեպքում դրամաշնորհների տրամադրում` նախագծի ծախսերի մինչև 50 տոկոսի չափով, ինչպես նաև նորարարությունների արտոնագրման ծախսերի համաֆինանսավորում։
2.2.2.3. Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականությունը
Երկրում սոցիալական համերաշխության, քաղաքական կայունության և տնտեսական աճի ապահովման երաշխավորված միջոցը զարգացած փոքր և միջին ձեռնարկատիրության առկայությունն է: Զբաղվածության ապահովման և, դրանով իսկ, աղքատության հաղթահարման խնդիրներն արմատական լուծումներ են ստանում միայն հասարակության միջին խավը ձևավորող փոքր և միջին ձեռնարկությունների միջոցով: Հայաստանի Հանրապետության կառավարության համար հրատապ է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խոչընդոտների վերացումը` շարունակաբար բացահայտելով և ներդնելով աջակցության առավել արդյունավետ մեխանիզմներ:
Այդ առումով կիրականացվի`
● փոքր ու միջին ձեռնարկությունների դասակարգման հստակեցում՝ թիրախային աջակցության ծրագրերի իրականացման նպատակով.
● առավել ակտիվ և հետևողական գործելակերպի որդեգրում՝ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերի պաշտպանության և գործունեության պայմանները բարելավող օրենսդրական նախաձեռնությունները կյանքի կոչելու գործում.
● սկսնակ գործարարների համար առանձնահատուկ աջակցություն.
● փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին ուղղված պետական աջակցության նոր ուղղությունների ներդրում.
● էականորեն ցածր ծախսատարություն ու ժամանակատարություն պահանջող վարչարարության, հատկապես` հարկային վարչարարության, պարզեցված սխեմաների սահմանում և ապահովում.
● ֆինանսների հասանելիության և մատչելիության բարձրացման նպատակով համակարգային քայլերի ձեռնարկում, հատկապես մարզերում սկսնակ գործարարների համար բացառիկ ճկուն մոտեցումների կիրառում.
● խորհրդատվական, կրթական, տեղեկատվական, ինչպես նաև շուկայավարման և կառավարման հարցերում աջակցության համար ֆինանսական ռեսուրսների շարունակաբար ընդլայնում` մարզերում և, հատկապես, սահմանամերձ գոտիներում գործող փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար` առաջնահերթ գերակշռությամբ.
● փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների գործունեության միջազգայնացում, մասնավորապես, այդ սուբյեկտներին աջակցություն` գործող խոշոր (այդ թվում` վերազգային) բիզնես կառույցներին և ցանցերին ինտեգրում.
● կանանց ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորությունների ընդլայնում.
● փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքագրման և մշակման ինստիտուցիոնալ հնարավորությունների ձևավորում:
2.2.2.4. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը
Տեղեկատվական տեխնոլոգիաները տնտեսության մեջ արտադրողականության, հասարակության և անձի կյանքում հարմարավետության, բոլոր մակարդակներում կառավարման արդյունավետության բարձրացման հիմնական կրողներն են: Ոլորտի զարգացման պետական քաղաքականությունը նպատակադրում է ինչպես նշված, այնպես էլ տնտեսական այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են արտահանման ֆիզիկական սահմանափակումների հաղթահարումը, մեծ հավելյալ արժեքի ստեղծումը, բարձր որակավորմամբ աշխատուժի ներգրավումը, բարձրարժեք ծառայությունների մատուցումը: Իրականացվող քաղաքականությունը նպաստելու է նաև նոր, ներքին պահանջարկի վրա հիմնված կազմակերպությունների ընդլայնմանը, որոնց գործունեության արդյունքներն առավելապես ուղղվում են Հայաստանի Հանրապետության տնտեսության արդիականացմանը և կարիքների բավարարմանը:
● «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունում` նպաստելով ոլորտում տարեկան 30-60 նոր ընկերությունների ձևավորմանը, տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության ՏՏ-ի ոլորտի մրցունակության բարձրացմանը.
● Հայաստանի սահմանամերձ գյուղերում անլար (WiFi) ինտերնետի հասանելիության կետերի տեղադրման ծրագրի իրականացում, որի արդյունքում արդեն 2015 թվականին կապահովվի ինտերնետ հասանելիությունը լրացուցիչ շուրջ 340 սահմանամերձ և բարձրլեռնային գյուղական համայնքներում.
● տեղի ուսումնական հաստատությունների ներգրավմամբ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հիմնման ծրագրի իրականացում` արդյունքում ապահովելով տարեկան 300 տեխնոլոգիական բարձրորակ մասնագետների պատրաստում և վերապատրաստում, տարեկան մոտավորապես 20 թիմերի և ընկերությունների համար միաժամանակյա ինկուբացիոն հնարավորությունների ձևավորում, տարեկան շուրջ 20 թիմերի և ընկերությունների համար բիզնես աջակցության և խորհրդատվական ծառայությունների տրամադրում.
● Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հիմնում, որի գործարկման առաջին իսկ տարում ակնկալվում է տեղի ուսումնական հաստատությունների ներգրավմամբ ստեղծել 2 կրթական-հետազոտական լաբորատորիա` ՏՏ-ի և ինժեներինգի ուղղվածությամբ, 200 աշխատատեղ և շուրջ 20 թիմեր ու ընկերություններ.
● ԱՄՆ-ում հայկական ՏՏ-ի և ԲՏ-ի վաճառքի ներկայացուցչության ստեղծման ծրագրի իրականացում.
● կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացում, որի թվում IBM նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հիմնում, «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի ծրագրի իրականացում, Հայ-հնդկական ՏՀՏ-ի ուսումնական կենտրոնի ծրագրի իրականացում, «mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի» ծրագրի իրականացում, Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիայի (ANEL) ծրագրի իրականացում, որի արդյունքում ակնկալվում է տարեկան մոտավորապես 800-900 մասնագետների, շուրջ 800 ուսանողների, 2000 բարձրորակ ինժեներների վերապատրաստում և մինչև 20 թիմերի ձևավորում.
● Երևանի Ջրվեժ թաղամասում Ինժեներական քաղաքի հիմնման ծրագրի իրականացում, որի արդյունքում նախատեսվում է ժամանակակից ենթակառուցվածքների հիմնում` ճարտարագիտության ոլորտում ներդրումների խթանման և տեղական ու միջազգային շուկաներում բարդ տեխնոլոգիական լուծումների առաջադրման նպատակով.
● Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում Հայկական հետազոտական և բիզնես աքսելերատորի (ARBA) ստեղծման ծրագրի իրականացում, որի արդյունքում կապահովվի ծրագրավորման ոլորտում արդիական կրթական միջավայրի ստեղծումը, բարձրորակ մասնագետների պատրաստումն ու վերապատրաստումը.
մտավոր սեփականության պաշտպանությունը և ազգային ինովացիոն համակարգի զարգացումը
● գիտության արդյունքների առևտրայնացման խթանումը գիտությունից տնտեսություն կամ գիտությունից հանրային ոլորտ անցման բոլոր փուլերում՝ շեշտադրելով այդ արդյունքների ուղղորդումը ներքին ներուժի և ռեսուրսների ավելացմանն ու արդյունավետ օգտագործմանը.
● Հայաստանում ինովացիոն տնտեսության ձևավորման մեկնարկային ռազմավարության հայեցակարգով նախատեսված համակարգաստեղծ նախաձեռնությունների իրականացմանն աջակցություն.
● կրթություն-գիտություն-տնտեսություն կապերի ընդլայնման մեխանիզմների կատարելագործում, գիտության արդյունքների նկատմամբ տնտեսության պահանջարկի խթանում և մասնավոր ներդրումների ներգրավման խրախուսում.
● ինովացիոն գործունեության խթանման, ինովացիոն նախաձեռնությունների առաջմղման ինստիտուցիոնալ հիմքերի և ենթակառուցվածքի զարգացում, բնագավառում միջազգային համագործակցության ակտիվացմանն աջակցություն.
● Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամի ստեղծման ծրագրի իրականացում, որի արդյունքում նախատեսվում է տարեկան 3-5 նորաստեղծ, սկսնակ և սկզբնական մակարդակներում գտնվող ՏՏ-ի, տեխնոլոգիական կամ նորարարական ընկերությունների վենչուրային ֆինանսավորում.
● Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների ծրագրի իրականացում, որի արդյունքում նախատեսվում է մրցութային կարգով ընտրված ծրագրերի՝ մինչև 50 տոկոսի չափով համաֆինանսավորում.
● մտավոր սեփականության օբյեկտների իրավական պահպանության համակարգի շարունակական արդիականացում և ներդաշնակեցում միջազգային չափորոշիչներին, դրանց առևտրայնացման և տնտեսության արդիականացման կարիքներին ծառայեցնելու արդիական համակարգերի ձևավորում.
● մտավոր սեփականության պաշտպանության համակարգերի և գործառույթների հետագա կատարելագործումը՝ հիմնված միջազգային լավագույն փորձի և սերտ համագործակցության վրա:
2.2.2.5. Զբոսաշրջությունը
Զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության նպատակների իրականացումն ապահովվելու է համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի մրցունակության բարձրացման միջոցառումների ծրագրի իրականացմամբ` ապահովելով Հայաստան զբոսաշրջային այցելությունների տարեկան առնվազն 5 տոկոս աճ.
ինստիտուցիոնալ բարեփոխումներ
● զբոսաշրջության զարգացման հայեցակարգի, ոլորտը կարգավորող օրենսդրության կատարելագործում` հաշվի առնելով աճող զբոսաշրջային այցելությունների պատշաճ սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման կարիքները, ծառայությունների որակի, ինչպես նաև բարենպաստ գործարար ներդրումային միջավայրի ապահովման անհրաժեշտությունը.
● միջազգային զբոսաշրջային շուկայի համար Հայաստանի հասանելիության բարձրացման նպատակով`
- սահմանային անցման գործընթացի դյուրացում, մասնավորապես, մի շարք գործընկեր երկրների քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմի սահմանման նախաձեռնում.
- տրանսպորտային մատչելիության բարձրացում, բաց երկնքի քաղաքականության արդյունավետ իրականացում՝ ներգրավելով համաշխարհային ճանաչում ունեցող, ինչպես նաև «բյուջետային» ավիափոխադրողների, արդյունքում նաև ավելացնելով ավիացիոն փոխադրումների ուղղություններ.
● վիճակագրության կատարելագործում, ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ «Զբոսաշրջության սատելիտային հաշիվ» համակարգի ներդրում.
● Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի` ՀԶԶՀ (հայկական զբոսաշրջային արդյունքի մարքեթինգի և խթանման մասնագիտացված կառույց) հիմնում.
ենթակառուցվածքների զարգացում, համաչափ տարածքային տնտեսական զարգացում
● միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ համայնքներում տնտեսական և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրի իրականացում.
● համայնքներում (հատկապես՝ գյուղական) զբոսաշրջային տների ցանցի ընդլայնում, այդ նպատակով տեղի բնակչության հետ սեմինար քննարկումների և ուսուցման կազմակերպում, զբոսաշրջության նշանակության մասին վերջիններիս իրազեկվածության բարձրացում, վերապատրաստման դասընթացների կազմակերպում.
● համայնքներում զբոսաշրջության զարգացում, տեղական ավանդույթների վերականգնում, զբոսաշրջային ներուժի բացահայտում, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացում, նոր զբոսաշրջային երթուղիների ձևավորում և միջազգային ու ներքին շուկայում պատշաճ ներկայացում, այդ թվում՝ ավանդական տոնակատարությունների, փառատոների կազմակերպման միջոցով.
մարքեթինգային քաղաքականության առավել ակտիվացում
● Հայաստանի ազգային բրենդի, դրա ռազմավարության մշակում և իրականացում.
● ազգային բրենդի ռազմավարությանը համապատասխան՝ համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի առավել ակտիվ մարքեթինգ և խթանում, դրանց ուղղվող միջոցների ավելացում.
մարդկային ռեսուրսների զարգացում
● հեղինակավոր միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ Երևանում զբոսավարների միջազգային կրթական կենտրոնի հիմնում և գործունեության ապահովում.
● պետական և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի հետ համագործակցությամբ ոլորտը պահանջարկին համապատասխանող կադրերով ապահովման գործընթացի շարունակական իրականացում.
միջազգային համագործակցություն
● ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության, ԱՊՀ-ի զբոսաշրջության խորհրդի, ոլորտի այլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես նաև դրանց անդամ պետությունների հետ երկկողմ ու բազմակողմ համագործակցության առավել ակտիվացում.
● Իրանի ու Վրաստանի հետ համատեղ տարածաշրջանային զբոսաշրջային արդյունքի ձևավորում, համաշխարհային շուկայում ներկայացում և խթանում:
2.2.2.6. Առևտրի և ծառայությունների ոլորտի քաղաքականությունը
Առևտրի և ծառայությունների ոլորտի զարգացման քաղաքականությունը նպատակադրելու է առևտրի առավել մատչելի ու որակյալ և հանրության բոլոր շերտերի համար հասանելի ծառայությունների դաշտի ընդլայնում, մասնավորապես՝
● աջակցություն առևտրի նոր տեսակների, հատկապես էլեկտրոնային առևտրի զարգացման համար պարզեցված և հասանելի համակարգի ընդլայնմանը.
● առևտրի, ծառայությունների և առևտրային հարաբերությունների կարգավորման և կանոնակարգման պարզեցում՝ էականորեն կրճատելով ոլորտի զարգացման վարչարարական խոչընդոտները.
● առևտրի իրականացման վայրերի և առևտրի օբյեկտների տարածքային օպտիմալ տեղաբաշխման նոր և համակարգված մոտեցումների ձևավորում՝ համադրելով այն տարածքային ու համայնքային զարգացման պահանջների, փոքր ու միջին ձեռնարկությունների պահպանման ու ընդլայնման հրամայականի հետ.
● առևտրի, ծառայությունների և հանրային սննդի կազմակերպման ու մատուցման առավել քաղաքակիրթ և որակյալ մակարդակի հասնելու խթանումն ու խրախուսումը:
2.2.2.7. Ընդերքօգտագործումը
Ընդերօգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը միտված կլինի հետևյալ միջոցառումների իրականացմանը՝
● աջակցություն ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացման նպատակով առավել շահութաբեր, տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող և էներգախնայող արտադրատեսակների արտադրման համար ընտրված արտադրատեսակների արտադրության կազմակերպմանը.
● օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման ընթացքում բարձր արդյունավետություն ապահովող տեխնոլոգիաների կիրառության խթանում, ինչն ընդերքի բարձր արտադրողական և համալիր օգտագործման հնարավորություն կընձեռի՝ շրջակա միջավայրի վրա ունենալով նվազագույն բացասական ազդեցություն.
● ընդերքօգտագործման ոլորտում արդյունավետության բարձրացման, տեղեկատվության թափանցիկությունն ու հասանելիությունը և օտարերկրյա ներդրումները խթանելու համար կիրականացվի օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների անձնագրերի (քարտեզներ և երկրաբանական փաստագրման առաջնային նյութեր) թվայնացում, իսկ թվայնացված տեղեկությունը կհրապարակվի համապատասխան կայքում:
2.2.3. Միջազգային ինտեգրացիան և արտաքին տնտեսական քաղաքականությունը
Հայաստանի տնտեսության համար միջազգային ինտեգրման խորացումն ապահովում է արտաքին շուկաների հասանելիության բարձրացման, ներդրումային հոսքեր ներգրավելու հնարավորությունների ընդլայնման, արդիական տեխնոլոգիաների փոխանցման նպատակների իրագործումը: Արտաքին տնտեսական հարաբերությունների հիմքում գործարարության համար առևտրի կարգավորման նպաստավոր պայմանների ապահովումն է` արտաքին համագործակցության համար համապատասխան իրավապայմանագրային դաշտի ստեղծման և գլոբալ համակարգերին ինտեգրման միջոցով: Հայաստանի Հանրապետության կառավարությունը խորացնելու է ակտիվ և նախաձեռնողական արտաքին տնտեսական քաղաքականությունը, բոլոր գործընկերների հետ փոխլրացնող հարաբերությունների ձևավորումը՝ առավելագույնս օգտվելով տնտեսական ինտեգրման հնարավորություններից, մասնավորապես՝
● Եվրասիական տնտեսական միությանը և վերջինիս բաղադրիչ մաս հանդիսացող Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության միջոցառումների հետևողական իրականացում՝ ապահովելով ներդաշնակեցում մաքսային վարչարարության, տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, ֆիտոսանիտարական և անասնաբուժական, տրանսպորտի ու ենթակառուցվածքների, սակագնային և ոչ սակագնային կարգավորման, առևտրի քաղաքականության, ֆինանսական քաղաքականության, արդյունաբերության ու ագրոարդյունաբերական համալիրի, բնական մենաշնորհների, էներգետիկայի, ծառայությունների և ներդրումների, մտավոր սեփականության պաշտպանության, աշխատանքային, արժութային քաղաքականության ու ֆինանսական շուկաների ուղղություններով.
● Եվրամիության հետ ակտիվ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնում բոլոր հնարավոր ոլորտներով և ուղղություններով` ձեռնամուխ լինելով հարաբերությունների և ինտեգրման նոր ձևաչափի ձևավորմանն ու հետագա համագործակցության ուղղությունների ամրապնդմանը.
● արտահանման դիվերսիֆիկացման և խթանման նպատակով նպաստավոր պայմանների ձևավորում` ապահովելով արտահանման նոր շուկաների հասանելիությունը.
● առևտրական ներկայացուցչի ինստիտուտի զարգացման և Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների աշխարհագրության ընդլայնում, ինչը կնպաստի տարբեր երկրների հետ Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը.
● ԱՊՀ անդամ գործընկեր երկրների հետ ակտիվ համագործակցության շարունակում, ԱՊՀ մի շարք անդամ երկրների հետ ստորագրված բազմակողմ ազատ առևտրի համաձայնագրի կիրարկման համար միջոցների ձեռնարկում.
● տարածաշրջանային գործընկեր պետությունների հետ, հատկապես՝ Վրաստանի և Իրանի, համագործակցության ակտիվացում՝ ապահովելով հայկական ապրանքների համար այդ երկրներ մուտք գործելու առավել բարենպաստ պայմաններ.
● երկկողմ միջկառավարական հանձնաժողովների շրջանակներում աշխատանքների ակտիվացում և ձեռք բերված պայմանավորվածությունների առավել հետևողական իրականացում` նպաստելով առևտրատնտեսական համագործակցության բնագավառում ծագած խնդիրների արդյունավետ լուծմանը.
● միջազգային ֆինանսական կառույցների և դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության ակտիվացում և օրակարգի ուղղորդում երկրի տնտեսական զարգացման հիմնախնդիրների լուծմանը, տնտեսության արդիականացմանն ու ներդրումային գրավչության բարձրացմանը:
2.2.4. Բյուջետային համակարգը
Բյուջետային համակարգը և դրա կառավարումը կարևոր են թե՛ արդյունավետ ծախսային քաղաքականության, թե՛ իշխանությունների հանրային հաշվետվողականության առումով:
Քանի որ զարգացող տնտեսությունը դեռևս կարիք ունի աջակցության, իսկ տնտեսության հարկաբյուջետային խթանման հնարավորությունները սահմանափակված են պարտքի կայունության խնդրով, հարկաբյուջետային քաղաքականության գերխնդիրը դրանց խելամիտ հաշվեկշռումն է։ Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության կառավարությունը բյուջետային քաղաքականության առավել կարևոր ուղղություններ է համարում՝
● միջազգային շուկաներում անորոշության մեծացման պայմաններում տնտեսական իրավիճակին համապատասխան հարկաբյուջետային ցուցանիշների ծրագրավորումը և ճկուն հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը.
● հիմնականում ներքին ռեսուրսների օգտագործման վրա հիմնված հարկաբյուջետային քաղաքականության վարումը և դրամավարկային քաղաքականության հետ արդյունավետ կոորդինացման միջոցով թիրախային արդյունքների ապահովումը:
Մասնավորապես` պետական ծախսերի ֆինանսավորումը փոխառու միջոցներով իրականացվելու է շահավետ պայմաններով ներգրավված ներքին և արտաքին վարկերի ու փոխառությունների հաշվին։ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պակասուրդի արդյունավետ կառավարման շնորհիվ պետական պարտքը կպահպանվի տնտեսության զարգացման համար անվտանգ միջակայքում։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է պետական միջոցներն արդյունավետ, նպատակային և թափանցիկ ծախսելը: Այս առումով`
● ծախսերն իրականացվելու են սահմանված երկարաժամկետ-միջնաժամկետ ծախսային գերակայություններին համապատասխան: Բյուջետային ռեսուրսները վերաբաշխվելու են դեպի առավել բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերը.
● ստեղծվելու են անհրաժեշտ նախադրյալներ լիարժեք ծրագրային բյուջետավորման անցման համար՝ սկսած 2018 թվականից.
● լիարժեք գործելու է գնումների առցանց ավտոմատ համակարգը, որը հասարակությանն ու տնտեսավարողներին հնարավորություն է տալու հսկելու գնումների մասին հայտարարությունները և բոլոր ընթացակարգերը` նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը.
● պետական գնումների համակարգի արդյունավետության ավելացման նպատակով շարունակվելու է ապրանքների և ծառայությունների գների մշտադիտարկումը՝ կանխելով չհիմնավորված բարձր գներով հնարավոր գնումները.
● բյուջետային գործընթացների թափանցիկության և կատարման ընթացքի նկատմամբ բարձրացվելու է մասնագիտական ու հանրային հսկողության աստիճանը.
● շարունակվելու է ֆինանսական կառավարման և հսկողական համակարգերի բարելավումը, մասնավորապես՝ ներքին աուդիտի համակարգի ամբողջական ներդրումը, ֆինանսական պատասխանատվության ինստիտուտի հզորացումը.
● բարձրացվելու է պետական մարմինների բյուջետային ինքնուրույնության ու պատասխանատվության աստիճանը:
2.2.5. Ֆինանսական միջնորդությունը
Տնտեսական զարգացման համար էական է ֆինանսական միջնորդության ավելացումը, որը հնարավորություն է տալիս ներքին խնայողություններն ուղղորդելու արդյունավետ ներդրումներին: Ստվերային տնտեսության կրճատումը, ներքին խնայողությունների ձևավորումն ու ուղղորդումը ֆինանսական համակարգ հնարավորություն կտան առավել բազմազան դարձնելու և զարգացնելու ֆինանսական գործիքներն ու շուկաները՝ միաժամանակ ֆինանսական ռեսուրսներն ավելի հասանելի դարձնելով ներդրումների համար: Այս ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունն աջակցելու է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին և ֆինանսական միջոցներն ուղղորդելու է տնտեսության որակական կառուցվածքի բարելավմանը:
Առաջնորդվելով այս սկզբունքներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարության գործողությունների արդյունքում`
● ընդլայնվելու է ֆինանսական ծառայությունների շրջանակը, և բարձրացվելու է դրանց հասանելիությունը, ներդրվելու են նոր ֆինանսական գործիքներ, մասնավորապես էլեկտրոնային բանկային (e-banking) և բջջային բանկային (mobile-banking) ծառայությունների ոլորտում.
● իրականացվելու են իրական հատվածի համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության էական բարձրացմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում` ֆոնդային բորսայում ցուցակված ընկերությունների համար սահմանելով առավել բարենպաստ կարգավորման դաշտ.
● պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկումը նպաստելու է խնայողությունների ավելացմանը, առավել երկարաժամկետ վարկային ռեսուրսների ստեղծմանը և ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հարցում ֆինանսական համակարգի դերի մեծացմանը.
● իրականացվելու են ֆինանսական շուկայում նոր մասնակիցների մուտքի ապահովման աշխատանքներ, որի արդյունքում նոր մասնակիցները հասարակությանը կմատուցեն ոչ միայն նոր ծառայություններ, այլև կստեղծեն նոր աշխատատեղեր.
● խրախուսվելու է վարկային և ապահովագրական կազմակերպությունների դերի հետագա աճը, ինչպես նաև արժեթղթերի շուկայի աշխուժացումը.
● աշխատանքներ են իրականացվելու մի քանի ուղենշային կազմակերպությունների կողմից բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման և կորպորատիվ պարտատոմսերի թողարկման նպատակով.
● իրականացվելու են միջոցառումներ հիփոթեքային շուկայի զարգացման, հիփոթեքային վարկերի վաճառքից բխող իրավունքների գրանցման գործընթացների պարզեցման և հիփոթեքային վարկերի հասանելիության ավելացման համար։
Այս միջոցառումների իրականացման արդյունքում նախատեսվում է տարեցտարի բարձրացնել տնտեսության իրական և ֆինանսական հատվածների ինտեգրման աստիճանը:
2.2.6. Քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը
Քաղաքաշինության բնագավառի զարգացումը պահանջում է քաղաքաշինական խնդիրների համալիր լուծում: Այդ առումով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝
● կբարելավվի քաղաքաշինության ոլորտում գործարար միջավայրը՝ կառուցապատման թույլտվությունների ստացման ընթացակարգերի օպտիմալացման և էլեկտրոնային համակարգերի ներդրման միջոցով.
● կմշակվեն հանրապետության բնակավայրերի (առաջնահերթության կարգով` քաղաքային համայնքների, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման տարածքների ու զբոսաշրջային կենտրոնների) քաղաքաշինական բնութագրերի բարելավմանը, ազգային ճարտարապետության հոգևոր ու մշակութային ավանդույթների պահպանմանն ու վերարտադրությանն ուղղված զարգացման ծրագրեր.
● կիրականացվի մայրաքաղաքի և, հատկապե՛ս, նրա կենտրոնի կառուցապատման օրենսդրական կանոնակարգումը` ձևավորված ճարտարապետական դիմագծի միասնականությունը, կենսամիջավայրի գեղագիտական հատկանիշների կատարելագործումն ապահովելու նպատակով.
● կմշակվեն պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ ճարտարապետական համալիրների և առանձին կառույցների իրականացմանն ուղղված ներդրումային նախաձեռնություններ, դրանց կառուցապատման հայեցակարգեր և նախագծեր.
● կմշակվեն և կիրականացվեն տարածական պլանավորման փաստաթղթերի լիարժեք բազայի ձևավորմանն ուղղված քաղաքաշինական ծրագրեր երկրի տարաբնակեցման համակարգի հավասարակշռման, տարածաշրջանային զարգացման անհամամասնությունների հաղթահարման, բնակավայրերի կայուն զարգացման, քաղաքաշինական համակարգերի անվտանգության, հուսալիության ու կայունության ապահովման նպատակով.
● կմշակվեն նոր կառուցվող և վերակառուցվող շենքերի ու շինությունների էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացման միջոցառումներ.
● կմշակվի բազմաբնակարան շենքերի անձնագրավորման միջոցառումների ծրագիր, որի իրականացման արդյունքում կստեղծվի հիմնական տեղեկատվական ու կոնստրուկտիվ բնութագրերի վերաբերյալ հավաքագրված տվյալների միասնական համակարգչային բազա, ինչը թույլ կտա համապատասխան վերլուծությունների արդյունքում խմբավորել առկա խնդիրներն ըստ առաջնահերթության և մշակել շենքերի ու շինությունների պահպանմանը, վերակառուցմանը և անվտանգ շահագործմանը նպատակաուղղված՝ հիմնավորված ծրագրային առաջարկներ.
● կկարգավորվեն բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման ու շահագործման բնագավառում առկա խնդիրները և կիրականացվեն ինստիտուցիոնալ բարեփոխումները, կբարելավվի կոմունալ ծառայությունների որակը.
● կմշակվեն քաղաքաշինության բնագավառում ժամանակակից և միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին համահունչ տեխնիկական նորմատիվ, ինչպես նաև շինարարության գնագոյացման փաստաթղթերը.
● կխստացվի պայքարն ապօրինի շինարարության դեմ.
● կմշակվի և կներդրվի ոլորտում գործող լիցենզավորված ընկերությունների կողմից իրականացվող շինարարության վերաբերյալ հաշվետվողականության, ինչպես նաև պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակման գործուն համակարգ.
● կավարտվի Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում 2008 թվականին մեկնարկած բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը.
● կիրականացվեն ուսումնասիրություններ հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների շահագործման հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման վերաբերյալ, և արդյունքների հիման վրա կմշակվեն դրանց կարգավորման վերաբերյալ առաջարկությունները.
● կապահովվի միջազգային դոնոր կազմակերպությունների և մասնավոր հատվածի ընկերությունների հետ համագործակցության շրջանակներում մշակված` թափոնների տեղադրման ժամանակակից աղբավայրերի ստեղծման ծրագրերի իրականացմանը մասնակցությունը:
2.2.7. Տարածքային համաչափ զարգացումը
Տարածքային զարգացման անհամաչափության հաղթահարումը կարևոր է երկրի ներուժն առավելագույնս արդյունավետ օգտագործելու, ինչպես նաև երկրի կայուն ու անվտանգ առաջընթացի համար: Հայաստանի Հանրապետության կառավարության գործողություններն այս ոլորտում իրականացվելու են հետևյալ ուղղություններով՝
● պետական աջակցության տարբեր ձևերի կիրառմամբ, պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ, նպատակային ծրագրերի մշակմամբ և իրագործմամբ խրախուսվելու են սոցիալ-տնտեսական առումով առանձնահատուկ նշանակություն ունեցող համայնքների զարգացման տեմպերի արագացումը և ներդրումային ակտիվությունը.
● մշակվելու է տարածքային համաչափ զարգացման նոր գործիքակազմ, մասնավորապես՝ համայնքներում իրականացվող ներդրումների արդյունավետության բարձրացման նպատակով ձևավորվելու է տարածքային զարգացման հիմնադրամ.
● նախաձեռնվելու են արդյունաբերական ձեռնարկությունների կլաստերների ձևավորումը, արդյունաբերական հարթակների ստեղծումը և այդ ուղղությամբ մասնավոր ներդրումային ծրագրերի ուղղորդումն ու խթանումը.
● Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպաստելու է համայնքներում մրցակցային առավելությունների վրա հիմնված տնտեսական զարգացման տարբեր մոդելների ներդրմանը.
● գնահատվելու է մարզերի տնտեսական զարգացման ներուժը, և իրականացվելու է զարգացման առավել լայն հեռանկարներ ու հնարավորություններ ունեցող տարածքների բացահայտումը, գնահատված մրցակցային առավելությունների հիման վրա մշակվելու և իրականացվելու են նպատակային զարգացման ծրագրեր.
● առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու սահմանամերձ համայնքներին, իրականացվելու են աջակցության նոր նպատակային ծրագրեր:
2.2.8. Ենթակառուցվածքները
Երկրի մրցունակության բարձրացումը պահանջում է ենթակառուցվածքներում ներդրումների շարունակական իրականացում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակադրում է տնտեսական աճին միտված և պետություն-մասնավոր հատված սերտ գործընկերության վրա հիմնված ենթակառուցվածքների զարգացումը: Արդիական ենթակառուցվածքներ ունենալու նպատակով մեծապես կարևորվում են տեղեկատվական տեխնոլոգիաների համատարած ներդնումն ու կիրառումը, որոնք էականորեն բարձրացնում են կառավարման արդյունավետությունն ու սպասարկման որակը:
2.2.8.1. Էներգետիկան
Էներգետիկայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը միտված կլինի հետևյալ միջոցառումների իրականացմանը՝
● երկրի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացում.
● օրենսդրական խթանների ձևավորման նախաձեռնում նորագույն և բարձր տեխնոլոգիաների ներդրման համար, վերականգնվող էներգետիկայի նպատակային զարգացմանն ուղղված քաղաքականության վարում, այդ թվում` առկա հիդրոներուժի, արևային և հողմային էներգիայի օգտագործման ընդլայնում և արդյունավետության բարձրացում.
● գեոթերմալ էներգետիկայի ներդրման ու զարգացման միջոցառումների մշակում և իրականացում.
● էներգախնայողության միջոցառումների ներդրմանը նպաստող քաղաքականության վարում.
● էներգահամակարգի հետևողական վերազինում` բարձրացնելով էլեկտրաէներգիայի որակական ցուցանիշները և մատակարարման հուսալիությունը.
● Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցում, որը Հայաստանի Հանրապետությունից հարևան երկրներով էլեկտրաէներգիայի տարանցիկ մատակարարման և արտահանման հնարավորություն կստեղծի.
● Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ կատարվող շարունակական աշխատանքների իրականացում, որի կառուցապատման մեկնարկը կլինի 2018 թվականին.
● շարունակական աշխատանքների իրականացում Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի անվտանգության աստիճանի բարձրացման և գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ.
● էլեկտրամատակարարման շղթայում կորուստների՝ ըստ տեղամասերի հաշվառման համակարգի ներդրում:
2.2.8.2. Ջրամատակարարումը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է բնակչությանը կայուն, հուսալի և անվտանգ ջրամատակարարման, ջրի որակի ապահովման, շուրջօրյա ջրամատակարարման աստիճանական ապահովման, համակարգի շահագործման հուսալիության և արդյունավետության բարձրացման, տրամադրվող պետական օժանդակության քաղաքականության իրականացումը, ինչպես նաև քաղաքների ու խոշոր բնակավայրերի կոյուղացման համակարգի վերակառուցումը և հեռացվող կեղտաջրերի մաքրման կայանների կառուցումը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է՝
● հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերի կայուն, հուսալի և անվտանգ ջրամատակարարում, ջրամատակարարման տևողության աստիճանական ավելացում, մատակարարվող խմելու ջրի որակի ապահովում, գյուղական բնակավայրերում կենտրոնացված ջրամատակարարման սպասարկման ընդգրկվածության ավելացում, ծառայությունների որակի բարձրացում.
● կենտրոնացված կարգով ծառայություններից չօգտվող համայնքներում ուսումնասիրությունների իրականացում և ներդրումային ծրագրերի նախապատրաստում.
● բնակավայրերում ջրամատակարարման և ոռոգման ներդրումային ծրագրերի իրականացում.
● կեղտաջրերի մաքրման կայանների կառուցում, ինչպես նաև հանրապետության բնակավայրերում ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ռազմավարության մշակում.
● ջրամատակարարման ոլորտում կառուցվածքային և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացմամբ ունիվերսալ սակագնային քաղաքականության ներդրում.
● նոր ջրամբարների (Կապսի, Եղվարդի, Վեդու և Մաստարայի) շինարարական աշխատանքների մեկնարկմամբ ջրային ռեսուրսների կուտակման և ամբարման նախադրյալների ստեղծում, ինչպես նաև սակավաջրության հիմնահարցի լուծման միջոցառումների իրականացում.
● նոր տեխնոլոգիաների ներդրմամբ ջրի խնայողական ռեժիմով օգտագործման խթանում, այդ թվում՝ կաթիլային և անձրևացման եղանակով ոռոգման համակարգերի ներդրման խթանում.
● 2017 թվականին ավարտել Արփա-Սևան թունելի առանձին վթարված հատվածների վերականգնման ծրագիրը.
● առկա ենթակառուցվածքների արդիականացում, առանցքային հիդրոտեխնիկական կառուցվածքների պատշաճ պահպանման, նորոգման և ամրապնդման աշխատանքների իրականացում, ինքնահոս համակարգերի, հեռացնող ջրանցքների և ջրատարների կառուցում ու վերականգնում ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով.
● համակարգում առկա և նոր գործարկվող հզորությունների պատշաճ շահագործում ու պահպանում.
● ոռոգման ոլորտում կառուցվածքային բարեփոխումների իրականացում, մասնակցային կառավարման ամրապնդում, ջրօգտագործողների հետ առավելագույնս թափանցիկ և նոր որակի հարաբերությունների ներդրում:
2.2.8.3. Տրանսպորտային ենթակառուցվածքները
Տրանսպորտի կայուն և արդյունավետ զարգացումը դիտարկվում է որպես անհրաժեշտ պայման՝ երկրի տնտեսական աճի բարձր տեմպերի, ազգային անվտանգության և պաշտպանունակության ապահովման, բնակչության կենսապայմանների բարձրացման, ինչպես նաև համաշխարհային տնտեսությանը Հայաստանի ինտեգրման և մրցունակության համար։
Առաջնահերթություն կտրվի ճանապարհային ցանցի առավել ինտենսիվ, ինչպես նաև կենսական նշանակություն ունեցող հատվածներում իրականացվող ներդրումներին։ Այսպես՝
● կշարունակվի, միջազգային չափանիշներին համապատասխան, «Հյուսիս-հարավ» առաջին արագընթաց ճանապարհի կառուցումը, որը կունենա տարածաշրջանային նշանակություն` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հարավային հատվածի տրանսպորտային սխեմաների լուծումներին.
● պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում կմշակվեն «Հարավային երկաթուղի» նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումներն ու նախագծանախահաշվային փաստաթղթերը.
● շարունակական ջանքեր կգործադրվեն դեպի Ռուսաստանի Դաշնություն ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ.
● կավելացվի Երևանի ավտոճանապարհների և հանգույցների շինարարության ծավալը, ինչի արդյունքում կթեթևանա Երևան քաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը: Այլ քաղաքներում ևս ավելացվելու է ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի իրականացման տեմպը.
● կշարունակվեն ճանապարհային տնտեսության ակտիվների կառավարման կատարելագործումը, կարողությունների զարգացումը, հաշվետվողականության և մոնիթորինգի (աուդիտի) համակարգի ներդրումը.
● կավելացվի միջպետական, հանրապետական և տեղական նշանակության (այդ թվում՝ գյուղական համայնքներն սպասարկող) ավտոճանապարհների ու տրանսպորտային օբյեկտների պահպանման ու հիմնանորոգման նպատակով հատկացվող պետական ներդրումների ծավալը.
● կնորացվի և կարդիականացվի հասարակական տրանսպորտը: Խթանվելու է միջպետական, միջքաղաքային ու ներքաղաքային տրանսպորտի կառավարման համակարգի վերափոխումը, որը կմեծացնի նաև սոցիալական ծառայությունների հասանելիությունը և աշխատուժի շարժունակությունը, այդ թվում՝ հաշմանդամների և այլ սակավաշարժուն խմբերի համար.
● կիրականացվի առավել ազատականացված «բաց երկնքի» քաղաքականություն՝ ծառայությունների որակի բարձրացման, սակագների նվազեցման և ավիափոխադրումների ծավալների ավելացման նպատակով.
● ավիացիայի ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով կիրականացվի այս բնագավառում քաղաքականության մշակման, իրագործման և տեխնիկական լիարժեք ապահովման գործառույթների ինստիտուցիոնալ տարանջատում.
● ներդրումային գրավչության բարձրացման նպատակով ավիափոխադրողների համար կապահովվի բոլոր կարգավորիչ և թույլտվության գործառույթների առավելագույն թափանցիկությունը պետություն-մասնավոր հատված համագործակցության միջոցով.
● շարունակաբար կընդլայնվեն քաղաքացիական ավիացիայի ոլորտում երկկողմանի միջազգային հարաբերությունները.
● կապահովվեն հավասար մրցակցային պայմաններ Հայաստանի Հանրապետությունից և դեպի Հայաստանի Հանրապետություն օդային փոխադրում իրականացնող հայկական և օտարերկրյա ավիափոխադրողների համար.
● կշարունակվեն արդիականացվել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը և նրա ենթակառուցվածքները ուղևորների օդանավակայանային սպասարկման ներկայիս մակարդակը պահպանելու և բարձրացնելու նպատակով.
● քաղաքացիական ավիացիայի թռիչքային և ավիացիոն անվտանգության մակարդակները կհամապատասխանեցվեն եվրոպական և միջազգային ստանդարտներին:
2.2.8.4. Հեռահաղորդակցությունը
Հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպաստելու է ծառայությունների աշխարհագրության ընդլայնմանն ու նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ առաջարկվող ծառայությունների բազմազանությանը և միջազգային չափանիշներին համապատասխան բարձր որակի ապահովմանը։ Էլեկտրոնային առևտրի կազմակերպման նպատակով կստեղծվի համապատասխան ենթակառուցվածք:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է Հայաստանի Հանրապետության տարածքում ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների հասանելիության ավելացման և հեռարձակման թվայնացման քաղաքականությունը: Հեռահաղորդակցության ու փոստային կապի ոլորտներում որակյալ ծառայություններ մատուցելու համար ներդրվելու են միջազգային լավագույն չափորոշիչներ:
Կիրականացվեն աշխատանքներ սեփական արբանյակի թողարկման և այն Հայաստանին հատկացված գեոստացիոնար ուղեծրում տեղակայելու ուղղությամբ:
Կշարունակվեն հաճախականային սպեկտրի կարգավորման և դասակարգման աշխատանքները՝ հստակեցնելով կառավարական նշանակության հաճախականային շերտերը և հաճախականությունները, արդյունքում ազատ տիրույթներն արդյունավետ օգտագործելու նպատակով ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծումից հետո տրամադրվելու է հեռուստատեսային մասնավոր մուլտիպլեքսորներին և բարձր տեխնոլոգիաներով աշխատող համակարգերին: Կկատարելագործվի ռադիոմոնիթորինգի համակարգը:
2.3. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունն ուղղված է լինելու մարդու սահմանադրական իրավունքների և ազատությունների առավել արդյունավետ պաշտպանությանը:
Այս բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է՝
● նպաստել դատարանների անկախությանը և ապահովել արդյունավետ գործունեության երաշխիքներ: Համապատասխան իրավակարգավորումներ նախատեսելու միջոցով բարձրացնել դատական իշխանության ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետությունը.
● դատարանի գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար պայմաններ ստեղծելու նպատակով նպաստել դատարանների բեռնաթափմանը և գործառութային մասնագիտացումը խորացնելուն.
● օրենսդրական կարգավորման միջոցով նպաստել դատավորների կարգապահական պատասխանատվության ընթացակարգերի արդյունավետության ու թափանցիկության բարձրացմանը, ներդնել դատավորների գնահատման և առաջխաղացման օբյեկտիվ չափանիշներ ու ընթացակարգեր.
● նախատեսել ողջամիտ ժամկետում գործերի քննությունն ապահովող օրենսդրական կարգավորումներ, այդ թվում՝ ծանրաբեռնվածության գնահատման արդյունավետ համակարգեր ներդնելու միջոցով.
● խթանել արբիտրաժային և միջնորդ-հաշտարարության մշակույթը: Առևտրային արբիտրաժի և միջնորդ-հաշտարարության որակն ապահովելու նպատակով նպաստել գործուն և համապարփակ կառուցակարգերի ներդրմանը: Միաժամանակ սահմանել սպառողների շահերի պաշտպանության կառուցակարգեր՝ ուղղված արբիտրաժի միջոցով վեճերի լուծումը պարտադրելու կանխարգելմանը: Մշակել միջնորդ հաշտարարության իրականացման օրենսդրական հիմքերը: Խթանել միջնորդ հաշտարարների էթիկայի և հաշտարարության իրականացման ընթացակարգային տիպային կանոնների մշակումը, միջնորդ-հաշտարարների մասնագիտական պատրաստման ծրագրերի ներդրումը.
● հստակեցնել տնտեսական հանցագործությունների համար քրեական պատասխանատվություն սահմանող նորմերը` ապահովելով քրեական, վարչական և քաղաքացիական պատասխանատվության հավասարակշռված օրենսդրական կարգավորումներ.
● համապատասխան իրավակարգավորումների միջոցով ամրապնդել քրեական վարույթի ընթացքում անձի իրավունքների պաշտպանության երաշխիքները, մասնավորապես, ուժեղացնել և հստակեցնել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակները, ընդլայնել պաշտպանության կողմի իրավունքները.
● համապատասխան իրավակարգավորումների միջոցով վերանայել դատավարական հարկադրանքի միջոցների, հատկապես ձերբակալման և կալանքի կիրառման իրավաչափության պայմաններն ու ընթացակարգերը, ընդարձակել ազատությունից զրկելու հետ չկապված այլընտրանքային խափանման միջոցների և պատիժների շրջանակը.
● կրկնահանցագործությունը կրճատելու, հանցանք կատարած անձանց հոգեբանական աջակցման և սոցիալական ինտեգրումը խթանելու նպատակով ստեղծել պրոբացիոն ծառայություն.
● շարունակել ժամանակակից քրեակատարողական հիմնարկների կառուցումը` ազատազրկված անձանց պահման պայմանները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և ազատազրկման վայրերում մարդու իրավունքների պաշտպանության բարձր մակարդակ ապահովելու նպատակով.
● նոտարիատում ինքնակառավարման համակարգի և էլեկտրոնային նոտարիատի լիարժեք ներդրմամբ նպաստել նոտարիատի կարողությունների ամրապնդմանը: Ներդնել նոտարների գույքային պատասխանատվության առավել արդյունավետ համակարգ.
● բարելավել դատական փորձաքննությունների ոլորտում իրավական կարգավորումները, բարձրացնել դատական փորձաքննությունների կատարման արդյունավետությունը և ամրապնդել փորձագիտական հիմնարկների կարողությունները.
● շարունակաբար բարձրացնել մասնագիտական և հատուկ ուսուցման, ինչպես նաև վերապատրաստման արդյունավետությունը: Ներդնել արդյունավետ կառավարման համակարգեր: Ամրապնդել Արդարադատության ակադեմիայի կարողությունները՝ ուսումնական նյութերի մշակման, հեռավար ուսուցման ներդրման ու շարունակական կատարելագործման ուղղություններով.
● ապահովել հանրային պաշտպանների հասանելիությունը մարզերում, բարձրացնել հանրային պաշտպանների կողմից մատուցվող ծառայությունների որակը, ներդնել հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների կողմից անվճար հիմունքներով իրավաբանական օգնություն տրամադրվելու համակարգ.
● բարելավել դատարանների համապարփակ էլեկտրոնային կառավարման համակարգը, մասնավորապես՝
- հնարավոր դարձնել էլեկտրոնային եղանակով դատարան դիմելը,
- ապահովել էլեկտրոնային գործ ստեղծելու հնարավորությունը,
- մեկնարկել դատական արխիվի թվայնացումը.
● ապահովել դատական իշխանության, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության և նոտարիատի վիճակագրական համապարփակ տվյալների հրապարակայնությունն ու հասանելիությունը հանրությանը.
● ընդլայնել համայնքային ոստիկանության մոդելը, ավելացնել հենակետերի թիվը.
● իրականացնել ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման միջոցառումներ, ճանապարհային երթևեկության ոլորտում պատասխանատվություն նախատեսող իրավախախտումների համար ապահովել սահմանված վարչական տուգանքների համաչափությունը զանցանքի վտանգավորությանը: Վերանայել այս բնագավառում պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հակակոռուպցիոն քաղաքականությունը կիրականացնի կոռուպցիայի դեմ պայքարի նոր վերաիմաստավորված տեսլականի հիման վրա, որը նախ և առաջ միտված է հանրային կառավարման համակարգում բարեխիղճ և պատասխանատու պաշտոնյայի տեսակի ձևավորման միջոցով կոռուպցիայի մակարդակի ու տարածվածության նվազեցմանը, հանրային վստահության բարձրացմանը, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման ավելի արդյունավետ և գործուն միջոցների կիրառմանը:
Նախանշված նպատակին հասնելու գործում Հայաստանի Հանրապետության կառավարությունը քայլեր կձեռնարկի գործնականորեն կիրառելի կառուցակարգերի մշակման և ներդրման ուղղությամբ:
Մասնավորապես`
● կմշակվեն և կներդրվեն «չհիմնավորված հարստացման», շահերի բախման, անհամատեղելի գործունեության և այլ սահմանափակումների բացահայտումն ու չեզոքացումը, ինչպես նաև էթիկայի կանոններով սահմանված պահանջների խախտման համար ներգործության միջոցների կիրառումն ապահովող գործուն կառուցակարգեր.
● կբարելավվի հանրային ծառայողների ու պաշտոնատար անձանց ակտիվների ու շահերի հայտարարագրման (ֆինանսական բացահայտման) համակարգը:
Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երաշխիքներից մեկը Հայաստանի Հանրապետության կառավարությունը համարում է կոռուպցիոն վարքագծի համար պատասխանատվության միջոցներ սահմանելը և նման վարքագծի դրսևորումներն արդյունավետ քննելը: Կգործարկվեն կոռուպցիոն բնույթի իրավախախտումների քննության արդյունավետությունն ապահովող կառուցակարգեր:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պարտավոր կլինի հայտարարագրերի չներկայացման, վարքագծի կանոնագրքերի պահանջների, ներառյալ՝ շահերի բախման կանոնների «չհիմնավորված հարստացման» դեպքերի, անհամատեղելի գործունեության և այլ սահմանափակումների խախտում թույլ տված հանրային ծառայողների ու պաշտոնատար անձանց նկատմամբ իրավական ներգործության միջոցներ կիրառելու առաջարկություններ ներկայացնել իրավասու անձանց կամ մարմիններ:
Կոռուպցիայի կանխարգելման գործում Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է հանրային կառավարման մարմինների կառուցվածքային և գործառնական բարեփոխումները, կառավարման համակարգի արդիականացման միջազգային լավագույն փորձի հիման վրա շարունակաբար կատարելագործելու է էլեկտրոնային կառավարման համակարգերը, բարելավելու է հանրային ծառայությունների որակը, բարձրացնելու է իշխանության մարմինների և հանրային ինստիտուտների գործունեության թափանցիկությունը, ընդլայնելու է կառավարման մատչելիությունն ու հաշվետվողականությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կապահովի բաց տեղեկատվության լիարժեք հասանելիությունը, կայուն կապի ձևավորումը և շարունակական երկխոսությունը քաղաքացիական հասարակության, իշխանության մարմինների ու հանրային ինստիտուտների միջև:
2.4. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ
Սոցիալական քաղաքականության առանցքում դրվելու է մարդկային կապիտալը` միտված Հայաստանի Հանրապետության քաղաքացու ներուժի լիարժեք և ամբողջական դրսևորմանը:
2.4.1. Սոցիալական պաշտպանության քաղաքականությունը
Սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության խնդիրն է լինելու քաղաքացիների սոցիալական իրավունքի լիարժեք ու ամբողջական իրացման պայմանների ստեղծումը, սոցիալական արդարության սկզբունքի վրա հիմնված` սոցիալական պաշտպանության կարիք ունեցող` անմրցունակ խմբերի համար առաջնահերթությունների սահմանումը, իրականացվող ծրագրերի ու մատուցվող ծառայությունների որակի, արդյունավետության ու հասցեականության բարձրացումը, նոր, ժամանակակից այլընտրանքային ծառայությունների ներդրումը, բնակչության կայուն ու արդյունավետ զբաղվածության ապահովումը, արժանապատիվ աշխատանքի պայմանների ստեղծումը և ոլորտում սոցիալական երաշխիքների համակարգի զարգացումն ու ընդլայնումը:
Սոցիալական պաշտպանության քաղաքականության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծրագրում է իրականացնել՝
● աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմների հստակեցում, գործնականում այդ հարաբերությունների կատարելագործում, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ամրագրված պահանջներին համապատասխանեցում.
● աշխատողների արժանապատիվ աշխատանքի իրավունքի ապահովում` աշխատանքի արտադրողականության և արդյունավետության աճին համապատասխանող իրական աշխատավարձի մակարդակի հետևողական բարձրացմամբ. միջազգային պայմանագրերով նախատեսված` նվազագույն աշխատավարձի սահմանման մեխանիզմների հետևողական ներդրում և կիրառման ապահովում.
● սոցիալական գործընկերության զարգացում ու խորացում, մասնավորապես, ճյուղային, տարածքային ու կազմակերպությունների մակարդակում.
● պետական նպաստների համակարգի օպտիմալացում և համապատասխանեցում միջազգային պայմանագրերով նախատեսված պահանջներին՝ ապահովելով նպաստների չափի աստիճանական բարձրացում՝ բնակչության առաջնային եկամուտների (կենսաթոշակ և աշխատավարձ) առաջանցիկ աճի պայմանով.
● մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի, ծննդյան միանվագ և ժամանակավոր անաշխատունակության նպաստների համակարգերի ներդաշնակ զարգացում` ապահովելով առավել նպատակային աջակցություն.
● ընտանիքների անապահովության գնահատման հասցեականության բարձրացում` ապահովելով այդ համակարգի հիման վրա իրականացվող ծրագրերի հաջորդականություն` գնահատելով տրամադրվող սոցիալական աջակցության ազդեցությունն ընտանիքի անապահովության մակարդակի վրա.
● աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակից և միտումներից բխող զբաղվածության պետական ճկուն կարգավորման իրականացում` հստակ թիրախավորված ծրագրերի ներդրմամբ որպես առաջնահերթություն՝ աշխատաշուկայում անմրցունակ անձանց կայուն զբաղվածության ապահովում.
● սոցիալական իրավունքների արդյունավետ իրացման նպատակով ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի կայացում` սոցիալապես անապահով անձին (ընտանիքին) որակյալ և մատչելի, իր կարիքներին համարժեք, «մեկ պատուհանի» սկզբունքով սոցիալական համալիր ծառայությունների տրամադրման ապահովում` սոցիալական աշխատանքի առավել ժամանակակից մեթոդների կիրառման միջոցով.
● միջգերատեսչական համագործակցության ապահովում` տեղական մակարդակում, սոցիալական պաշտպանության, առողջապահական, կրթական կազմակերպությունների, ոստիկանության տեղամասային տեսուչների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև մասնավոր հատվածի միջև.
● սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարության մեծացում.
● նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց սոցիալապես խոցելի ավանդատուներին օգնության տրամադրման շարունակական ծրագրերի իրականացում.
● սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց կացարանի խնդրի լուծման նպատակով սոցիալական բնակարանային ֆոնդի հետևողական ձևավորում, կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման հասցեական ծրագրերի իրականացում.
● արցախյան պատերազմի ազատամարտիկների խնդիրների վերհանման և լուծման ծրագրեր, այդ թվում՝ զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային ապահովմանն ուղղված շարունակական աշխատանքներ.
● Հայրենական մեծ պատերազմի վետերաններին աջակցության նոր ծրագրեր.
● պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացում ու խորացում, սոցիալապես խոցելի խավերի համար լրացուցիչ սոցիալական ծառայությունների մատուցում, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ինստիտուտի արմատավորում.
● բնակչության սոցիալապես խոցելի և հաշմանդամություն ունեցող անձանց հասցեական և նպատակային ծառայությունների մատուցում.
● բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքների իրականացում՝ միայնակ տարեցների կյանքի որակի բարելավում, արժանապատիվ կենսապայմանների ապահովում և նրանց տրամադրվող խնամքի ու սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների համակարգի ներդրում.
● հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման նպատակով հաշմանդամության սոցիալական մոդելի ներդրում, հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար իրավունքների և հնարավորությունների, ինչպես նաև մատչելի պայմանների ապահովում հասարակական կյանքի բոլոր բնագավառներում.
● հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային ծառայությունների մատչելիության ապահովման ծրագրերի խթանում.
● հաշմանդամների վերականգնման արդյունավետության բարձրացման ուղղությամբ միջոցառումներ.
● ընտանիքի միասնական քաղաքականության համակարգի ներդրման, երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի աստիճանական զարգացման, երեխաների խնամքն անմիջականորեն ընտանիքում իրականացնելու առաջնահերթության, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների ստեղծման, նրանց իրավունքների պաշտպանությանն ու հասարակությանը նրանց ինտեգրմանն ուղղված ծրագրեր.
● կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման արդյունավետ մեխանիզմների ներդրման, ինչպես նաև ընտանեկան բռնության և թրաֆիքինգի երևույթի կանխարգելման ծրագրեր.
● շարունակական ծրագրեր՝ կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը նվազեցնելու ուղղությամբ.
● կենսաթոշակների շարունակական աճ, բազմաստիճան կենսաթոշակային համակարգի լիարժեք գործարկում, որը պետության, գործատուների և աշխատող քաղաքացիների մասնակցությամբ աստիճանաբար ապահովելու է աղքատության գծից բարձր կենսաթոշակ` կենսաթոշակի իրավունք ձեռք բերած յուրաքանչյուր անձի համար և աշխատանքային կորցրած եկամուտների նկատմամբ համապատասխան փոխհատուցում ապահովող կենսաթոշակ` աշխատող անձանց համար.
● կենսաթոշակառուներին մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացման շարունակական աշխատանքներ, այդ թվում` «Էլեկտրոնային կենսաթոշակ» համակարգի միջոցով, նպաստելով կենսաթոշակառուի և ծառայություններ մատուցող օղակների միջև շփումների նվազեցմանը.
● սոցիալական պաշտպանության ոլորտի ամբողջական ինքնաշխատ տեղեկատվական համակարգի, սոցիալական պաշտպանության իրավունքների իրացման համար դիմումների միասնական էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ներդրում և շահագործում` ապահովելով կոռուպցիոն ռիսկերի նվազեցում և սոցիալական քաղաքականության հասցեականության բարձրացում.
● «ընտանեկան կապիտալի» ծրագրի շարունակական կիրառմամբ ծնելիության խթանում:
2.4.2. Առողջապահությունը
Ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է լինելու հանրային առողջապահական ծառայությունների հզորացմանը, հիվանդությունների կանխարգելմանը, առողջ կենսակերպի համար պայմանների ստեղծմանը: Ոլորտում իրականացվող ծրագրերը շարունակելու են շեշտադրել առողջապահական ծառայությունների որակի, մատչելիության, հասանելիության ապահովումը: Առողջության առաջնային պահպանման, մոր և մանկան առողջապահական, վերարտադրողական առողջության պահպանման ծառայությունները լինելու են պետության առաջնահերթությունը: Այս առումով Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
հանրային առողջապահական ծառայությունների հզորացման ոլորտում ապահովելու է`
● հանրային առողջապահության միասնական պետական քաղաքականության մշակումը և իրականացումը, օրենսդրական դաշտի բարելավումը.
● վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման պատճառների և պայմանների ուսումնասիրությունը և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացումը, հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակներին արձագանքելու գործընթացի բարելավումը.
● համընդհանուր լաբորատոր ցանցի ստեղծումը և լաբորատոր համակարգի շարունակական զարգացումը.
● առողջ ապրելակերպի քարոզչությունը և խթանելու է առողջության պահպանումը.
● աշխատողների առողջության պահպանման հիմնական կանոնների ու նորմերի սահմանումը և կիրառումը.
արտահիվանդանոցային և հիվանդանոցային առողջապահական ծառայությունների որակի, մատչելիության, հասանելիության ապահովման ոլորտում
բժշկական օգնության կազմակերպման որակ
● բժշկական ծառայությունների որակի կառավարման նպատակով փուլ առ փուլ ներդնելու է ապացուցողական բժշկության վրա հիմնված բժշկական օգնության տրամադրման չափորոշիչները, ապահովելու է հիվանդությունների ճշգրիտ և վաղ ախտորոշումը, որակյալ բուժումը, ինչպես նաև վերականգնողական շրջանի պատշաճ վարումը.
● հիմնանորոգելու, կառուցելու և սարքավորումներով հագեցնելու է միջազգային չափանիշներին համապատասխան արյունաբանական կենտրոն, ներառյալ` ոսկրածուծի փոխպատվաստման ծառայությունը, ինչպես նաև կառուցելու և սարքավորումներով հագեցնելու է ուռուցքաբանության կենտրոնը, որը ժամանակակից գիտական մեթոդներով նորագոյացությունների հայտնաբերման, ախտորոշման և որակյալ բուժման հնարավորություն կընձեռի.
● շարունակելու է մարզային բժշկական հաստատությունները (առողջության պահպանման առաջնային օղակի և հիվանդանոցային) վերանորոգելու, վերակառուցելու և վերազինելու ծրագրի իրականացումը` հանրապետության ամբողջ տարածքում հասանելի դարձնելով ժամանակակից բժշկական ծառայությունները.
● շարունակելու է հատուկ ուշադրություն դարձնել ոլորտի հաստատությունների` նորագույն սարքավորումներով վերազինման գործընթացին.
● իրականացնելու է առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքներ.
բժշկական օգնության մատչելիության ապահովում
● շարունակելու է առողջապահության ֆինանսավորման նոր մեխանիզմների մշակումը և կատարելագործումը, վերանայելու է պետական պատվերի տրամադրման ընթացակարգը, աստիճանաբար ընդլայնելու է բժշկական ապահովագրության մեխանիզմների կիրառման շրջանակները բնակչության որոշակի խմբերի համար.
● կարևորելու է բնակչության անապահով և սոցիալապես առավել խոցելի խմբերի համար բժշկական ծառայությունների մատչելիության բարձրացման խնդիրը.
● վերանայելու է առողջության առաջնային պահպանման գործառույթ իրականացնող բժշկի (տեղամասային թերապևտ, մանկաբույժ, ընտանեկան բժիշկ) գործառույթները` դրանք առավելագույնս ուղղելով հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը` կատարելագործելով առողջության առաջնային պահպանման համակարգի ֆինանսավորման մեխանիզմները.
● ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի կողմից իրականացնելու է հիվանդությունների վաղ հայտնաբերման և ախտորոշման նպատակով սկրինինգային ծրագրեր.
● փուլ առ փուլ երաշխավորելու է սրտի անհետաձգելի վիրահատությունը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար.
մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների բարելավման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
● նպաստելու է ծնելիության ցուցանիշների բարելավմանը` ուղղորդված առողջապահական ծրագրային միջոցառումների իրականացման միջոցով ապահովելու է մոր և մանկան առողջության առաջնային պահպանման համակարգում կանխարգելիչ ծրագրային ուղղությունների ուժեղացումը.
● իրականացնելու է երեխաների սնուցման վիճակի բարելավմանն ուղղված համալիր միջոցառումներ.
● բարելավելու է մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում տրամադրվող բուժօգնության որակը, մատչելիությունն ու հասանելիությունը, ընդլայնելու է մատուցվող ծառայությունների փաթեթը, իրականացվող նորածնային սկրինինգ ծրագրերը, իրականացնելու է անպտղության կանխարգելման և այդ խնդրի հաղթահարմանն ուղղված ծրագրերը.
առողջապահական կադրային ներուժի ապահովման ոլորտում
● հետևողականորեն իրականացնելու է աշխատանքներ բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական բարելավման ուղղությամբ, այդ թվում` արտերկրի առաջատար կլինիկաներում վերապատրաստումների կազմակերպման և շարունակական մասնագիտական զարգացման համակարգի ներդրման միջոցով.
● ներդնելու է մեխանիզմներ առկա առողջապահական կադրային ներուժի տարածքային օպտիմալ բաշխման, մարզային առողջապահական կազմակերպությունները որակյալ կադրերով ապահովելու և բժշկի աշխատանքը մարզում հնարավորինս խրախուսելու համար.
● իրականացնելու է աշխատանքներ բուժաշխատողների պաշտպանվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ` նրանց համար ներդնելով սոցիալական և իրավական պաշտպանվածության երաշխիքներ.
● բարձրացնելու է մասնագիտական հասարակական կազմակերպությունների դերն առողջապահության ոլորտի աշխատուժի որակավորման, հսկողության, շարունակական մասնագիտական զարգացման ապահովման ոլորտներում.
դեղերի անվտանգության, արդյունավետության և որակի ապահովման ոլորտում`
● ապահովելու է անվտանգ, արդյունավետ, որակյալ և մատչելի դեղերի առկայությունը Հայաստանի Հանրապետությունում` դեղային ազգային քաղաքականության մշակման, դեղերի շրջանառության բոլոր փուլերի կանոնակարգման, այս ոլորտի պետական վերահսկողության բարելավման, հայրենական արտադրության դեղերի մրցունակության ապահովման և տեղական դեղարտադրության խրախուսման միջոցով.
● բարձրացնելու է պետական կարիքների համար դեղորայքի գնումների գործընթացի արդյունավետությունը.
● ներդնելու է առողջապահական ծառայությունների, դեղերի և դեղամիջոցների ծավալների, գների և ֆինանսական հոսքերի հաշվառման համակարգ.
● բարելավելու է սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց դեղապահովումը, ներդնելու է մեխանիզմներ սոցիալական առանձին խմբերի համար դեղորայքի մատչելիության ապահովման նպատակով:
2.4.3. Կրթությունը և գիտությունը
Մրցունակ պետություն նշանակում է մրցունակ կրթական և գիտական համակարգ, որը պետք է ապահովի ոչ միայն գիտելիքի հաղորդումը, այլև գիտելիքի հետ աշխատելու ունակությունը: Ըստ այդմ`
նախադպրոցական և միջնակարգ ընդհանուր կրթություն`
● ընդլայնվելու է նախադպրոցական կրթության հասանելիությունը.
● մեկնարկելու է առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու փուլային ծրագիրը.
● երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից պետք է անցում կատարվի երաշխավորված անվճար տասներկուամյա (ներառյալ` մասնագիտական) կրթությանը.
● կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող բոլոր խոցելի խմբերի երեխաներին ընձեռվելու է որակյալ` առնվազն հիմնական կրթություն ստանալու հնարավորություն.
● ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար ընդլայնվելու է որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորությունը.
● կրթության որակի բարելավման նպատակով վերանայվելու են կրթակարգը և չափորոշիչները.
● ներդաշնակեցվելու և օպտիմալացվելու են հանրակրթական առարկայական ծրագրերը` միաժամանակ բարելավելով համապատասխան դասագրքերի բովանդակային որակը.
● ավելանալու են հայալեզու էլեկտրոնային կրթական ռեսուրսների ծավալները.
● ապահովվելու է Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից ծրագրի շարունակականությունը.
● «Ազգային երգ ու պար» առարկայի ներդրում` հանրակրթական ուսումնական հաստատություններում.
● աջակցություն է ցուցաբերվելու միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը.
● մանկավարժների շարունակական վերապատրաստման քաղաքականության ներքո ստեղծվելու է «Կրթության գերազանցության ազգային կենտրոն» հիմնադրամը, որն ապահովելու է ուսուցիչների մասնագիտական կարողությունների հետևողական բարձրացման ինստիտուցիոնալ կառուցակարգ.
● մշակվելու և իրականացվելու է ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարություն.
● աջակցություն է ցուցաբերվելու «Հայոց լեզվի օլիմպիական շարժում» մրցույթի կազմակերպմանը.
● խրախուսվելու են աշակերտների և ուսանողների այցելությունները ԼՂՀ.
նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն`
● նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ապահովվելու է համացանցի ամբողջական և որակյալ ծածկույթը.
● բարելավվելու է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազան` նոր տեխնիկական միջոցների և սարքավորումների ձեռք բերմամբ.
բարձրագույն կրթություն`
● բուհերը պետք է դառնան ժամանակակից հասարակության հենքը` աստիճանաբար միավորելով գիտությունը, դասավանդումը և նորարարական արտադրությունը, այդ թվում` ժամանակակից լաբորատորիաների ստեղծմամբ.
● մասնագիտական կրթությունը հասանելի դարձնելու նպատակով տարեցտարի ընդլայնվելու են սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների համար սոցիալական և ֆինանսական աջակցության ծրագրերը.
● վերանայվելու է ընդունելության քննությունների համակարգը` դյուրացնելով դիմորդների մուտքը բուհ, սակայն խստացվելու են առաջադիմության և ավարտական հմտություններին վերաբերող պահանջները.
● բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցին անդամակցելու և բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ռեգիստրում գրանցվելու, ինչպես նաև որակի ապահովման եվրոպական չափորոշիչների համաձայն բուհերի հավատարմագրման միջոցով ապահովվելու է Հայաստանում շնորհված որակավորումների միջազգային ճանաչումը.
● կրթության որակի բարձրացման նպատակով, բուհերի հավատարմագրման արդյունքներից կախված, ներդրվելու են պետական ֆինանսավորման մեխանիզմներ.
● եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ինտեգրման սկզբունքների իրականացում, մասնավորապես, բուհական ինքնավարության ընդլայնում` թափանցիկության, հաշվետվողականության և ուսանողակենտրոն ուսուցման գործիքների ներդրում.
● բարելավվելու է հանրակացարանային ցանցը` եվրոպական համալսարանական ավանների ձևաչափով.
● հզորացվելու են կրթական կազմակերպությունների կարողությունները` ապահովելով սովորողների ուսման և կրթական վերջնարդյունքի մշտադիտարկումը.
գիտություն`
● բարելավվելու է գիտական աստիճանաշնորհման համակարգը` հստակեցնելով գիտական աստիճանաշնորհման չափանիշները.
● առաջնային ուշադրություն է դարձվելու հայագիտության զարգացմանն ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում.
● բուհերում ուժեղացվելու է գիտահետազոտական բաղադրիչը, ներդրվելու են գիտության ֆինանսավորման ժամանակակից մեթոդներ, առաջնային ուշադրություն է դարձվելու հայագիտության զարգացմանն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում.
● Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, համալսարանների և գիտատեխնիկական լաբորատորիաների հետ համատեղ շարունակվելու են իրականացվել պետական ներդրումներ` նորարարության և հետազոտության համար ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծման նպատակով.
● աջակցություն է ցուցաբերվելու գիտնականների` վերջին տարիներին գրանցած հաջողությունների հետագա զարգացմանը.
● ներդրվելու են նոր մեխանիզմներ գիտնականների սոցիալական պաշտպանվածության բարձրացման գործում.
● ընդլայնվելու է երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ծավալը.
● ստեղծվելու են նպաստավոր պայմաններ` գիտական պետական կազմակերպությունների և մասնավոր հատվածի միջև առավել սերտ ու փոխշահավետ համագործակցության համար.
● ապահովվելու է միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններից հանրապետության գիտական պետական կազմակերպությունների և բուհերի ազատ օգտվելու հնարավորությունը.
● իրականացվելու են Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման միջոցառումներ։
2.4.4. Բնապահպանությունը
Բնապահպանական և տնտեսական օգուտների ու վնասների գնահատման միջոցով հավասարակշռված բնապահպանական միջավայրի ապահովումը, մարդու առողջության պահպանումը և կյանքի որակի բարձրացումը բնապահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության առանցքն են:
Այս նպատակով նախատեսվում է`
● ապահովել շրջակա միջավայրի պահպանությունը և բնական ռեսուրսների (այդ թվում` ընդերքի) բանական օգտագործումը.
● ներդնել թափոնների հաշվառման համակարգ.
● հիմնանորոգել կեղտաջրերի մաքրման կայանները և կառուցել նորերը.
● ապահովել Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակումը և ջրօգտագործման հաշվառման ավտոմատ կառավարման համակարգի ստեղծումն ու ներդրումը` ստորերկրյա ջրային հաշվեկշռի վերականգնման և վերականգնվող ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման նպատակով.
● շարունակել Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և պահպանության միջոցառումների իրականացումը.
● ապահովել անտառապատման և անտառավերականգնման ծավալների հետագա աճը, անտառների ապօրինի հատումների կանխումը, անապատացման դեմ պայքարը, կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության պահպանումը, մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության կանխարգելմանը, կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականությանը, ինչպես նաև օզոնային շերտի պահպանմանն ուղղված քայլերի, ջրի և անտառի ազգային ծրագրերի ամբողջական իրականացումը.
● ընդլայնել բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգը և կատարելագործել դրանց կառավարման մեխանիզմները, ապահովել բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման ազգային ծրագրի ամբողջական իրականացումը.
● մշակել և կիրառել նոր մոտեցումներ հասարակության բնապահպանական իրազեկության բարձրացման և էկոլոգիական կրթության ու դաստիարակության հարցերում.
● ապահովել բնական միջավայրի աղտոտման, այդ թվում` ռադիոակտիվ աղտոտման կանխարգելումը, վտանգավոր քիմիական ու ռադիոակտիվ նյութերի և թափոնների կառավարումը, այդ թվում` աղբահանությունը, բնական և մարդածին ազդեցությունների կանխատեսման և (կամ) կանխարգելման համակարգի զարգացումը, ներառյալ` գոյություն ունեցող մշտադիտարկումների ցանցի կատարելագործումն ու ընդլայնումը.
● բնապահպանական տեսակետից նախընտրելի տեխնոլոգիաների և ծրագրերի ֆինանսավորման, բնապահպանության ոլորտում կառավարման կատարելագործման նպատակով արդիականացնել բնապահպանական քաղաքականության իրականացման հիմնական սկզբունքները, մշակել կանաչ տնտեսության ներդրման մոտեցումները, խրախուսել մասնավոր ու հանրային հատվածների համագործակցության մեխանիզմների և նորերի ներդրման շարունակական զարգացումը.
● իրականացնել շրջակա միջավայրի ճառագայթային մշտադիտարկում (մոնիթորինգ) և վերահսկողություն` բնակչությանը ռադոն ռադիոակտիվ գազի ճառագայթումից պաշտպանելու նպատակով:
2.4.5. Մշակույթը
Մշակութային քաղաքականությունն ուղղված է լինելու հոգևոր, բարոյական, ազգային հարուստ ավանդույթների, արժեհամակարգային ընդհանրության վրա խարսխված միասնական մշակութային միջավայրի ձևավորմանը, պատմամշակութային ժառանգության պահպանմանը և ժամանակակից մշակութային զարգացումներին պետության և հանրության լիիրավ մասնակցությանը, անհատի ստեղծագործական կարողությունների խթանմանը և ձևավորմանը, ազգային ինքնության և քաղաքացիական բարձր գիտակցությամբ ու հայրենասիրությամբ օժտված հասարակության զարգացման գործընթացների ապահովմանը.
մշակութային ժառանգության պահպանության և ազգային ավանդույթների վերարտադրման նպատակով`
● կատարելագործվելու է օրենսդրական դաշտը պատմամշակութային հուշարձանների պահպանության և թանգարանների ոլորտներում.
● շարունակվելու է Հայաստանի և արտերկրի հայկական մշակութային արժեքների և պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման, հաշվառման, միասնական տեղեկատվական էլեկտրոնային շտեմարանների ձևավորման գործընթացը.
● ներդրվելու են պատմամշակութային ժառանգության արդյունավետ կառավարման մեխանիզմներ.
● մեկնարկելու է ուսումնասիրված հնավայրերի ամրակայման և հանրության համար մատչելիության ապահովման ծրագիրը.
● արդիականացվելու են թանգարանային ցուցադրությունները, ընդլայնվելու են ցուցադրական հարթակները.
● խթանվելու է ստեղծագործական արդյունաբերությունը (հուշանվերների պատրաստում, ազգային խոհանոցի տարածում, ազգային տարազի կիրառում, կիրառական արվեստի ճյուղերի զարգացում).
ազգային հենքի վրա ժամանակակից արվեստի զարգացման, մշակութային արտադրանքի տարածման, ստեղծագործող երիտասարդության ներուժի բացահայտման և ստեղծագործական գործընթացների խթանման նպատակով`
● պետական պատվերով ստեղծված երաժշտության, ֆիլմերի, թատերական ներկայացումների, հեռուստահաղորդումների, գրքերի և ժամանակակից արվեստի տարբեր ոլորտներում պետական աջակցությամբ իրականացվող փառատոների, մրցույթների, ստուգատեսների միջոցով տարածվելու են ազգային և համամարդկային արժեքները.
● ապահովվելու են մշակութային արտադրանքի ստեղծման և ծառայությունների մատուցման մրցակցային պայմաններ.
● աջակցություն է ցուցաբերվելու ժամանակակից արվեստի զարգացմանը նպաստող ծրագրերին և նոր ցուցադրություններին.
● խթանվելու են համատեղ կինոարտադրության, թատերական և հրատարակչական ծրագրերը.
● ստեղծվելու է ժամանակակից հայ լուսանկարչության էլեկտրոնային հավաքածու.
● խրախուսվելու են դեբյուտային ստեղծագործական ծրագրերը, արվեստի փորձարարական և նորարարական ձևերը.
● հատուկ ուշադրություն է դարձվելու օպերային, բալետային և երգչախմբային արվեստի զարգացմանը.
● սիմֆոնիկ նվագախմբերը համալրվելու են նոր երաժշտական գործիքներով.
գեղարվեստական կրթության համակարգի զարգացման, մանուկների և պատանիների գեղագիտական դաստիարակության ապահովման ու խթանման նպատակով`
● վերանայվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության մասով.
● կարևորվելու է մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության շարունակականությունը` հանրակրթական ծրագրերում ազգային ավանդույթների ու մշակույթի դասընթացների ներմուծմամբ, ազգային և համաշխարհային մշակութային արժեքներին, ժողովրդական արվեստի լավագույն նմուշներին, դասական և ժամանակակից արվեստին հաղորդակցման ապահովմամբ, ստեղծագործական ունակությունների բացահայտմամբ և զարգացմամբ.
● իրագործվելու է մշակութային և կրթական ծրագրերի ներդաշնակեցումը` «մշակութային կազմակերպություն-դպրոց» ուղիղ կապի համակարգի ձևավորմամբ.
● ապահովվելու է շնորհալի երեխաների ստեղծագործական ունակությունների խթանմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացումը.
● խթանվելու է մանուկների համար ստեղծագործական ծրագրերի և բեմադրությունների իրականացումը.
● մշակութային նպատակային ծրագրերի միջոցով աջակցություն է ցուցաբերվելու սահմանափակ կարողություններով երեխաների սոցիալական ինտեգրմանը.
մշակութային կրթության շարունակականության, համակարգի կատարելագործման և ոլորտի` արհեստավարժ կադրերով համալրման նպատակով`
● սահմանվելու են բնագավառի մասնագիտական որակավորման չափորոշիչները.
● ապահովվելու է մշակութային կրթության փուլերի շարունակականությունը.
● շարունակվելու է մշակույթի ոլորտի աշխատողների սոցիալական պաշտպանվածության բարելավումը.
մշակութային ծառայությունների ապակենտրոնացման և համաչափության ապահովման նպատակով`
● ընդլայնվելու է մշակութային ծառայությունների շարժական համակարգերի (շարժական կինոթատրոն, գրադարան, թանգարան, գրախանութ և այլն) կիրառումը.
● շարունակվելու է մարզերում իրականացվող հյուրախաղային ծրագիրը և հանրապետական փառատոների` դեպի մարզեր ապակենտրոնացման քաղաքականությունը.
● առաջնահերթ աջակցություն է ցուցաբերվելու մարզերում ստեղծագործող մշակութային միավորումներին.
մշակութային ենթակառուցվածքների արդիականացման, մշակութային ծառայությունների որակի բարելավման ու մատչելիության նպատակով`
● ապահովվելու են մշակութային ծառայությունների բազմազանությունը և հասանելիությունը սոցիալական բոլոր խավերի համար.
● շարունակվելու է տեղեկատվական նոր տեխնոլոգիաների կիրառումը մշակութային ծառայությունների ոլորտում.
● զարգացվելու են մշակութային ժամանակակից ենթակառուցվածքները և համապատասխանեցվելու են միջազգային չափանիշներին.
● ընդլայնվելու է «պետություն-մասնավոր հատված» համագործակցությունը.
արտերկրում հայկական մշակույթի տեղորոշման և հանրահռչակման նպատակով`
● ընդլայնվելու են երկկողմ և բազմակողմ կապերն արտասահմանյան երկրների հետ.
● իրականացվելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համակարգված ծրագրեր. ցեղասպանության հիմնախնդիրները հանրայնացվելու են արվեստի միջոցով, հայ մշակույթի ներկայացմամբ ու համաշխարհային հնչեղություն ունեցող մշակութային խոշոր նախագծերի իրականացմամբ ապահովվելու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի շարունակականությունը.
● ցուցահանդեսների, համաժողովների, փառատոների, թարգմանական նախագծերի և այլ միջոցներով արտերկրում ներկայացվելու են հայկական մշակութային ժառանգությունը և ժամանակակից արվեստը.
● խրախուսվելու են հայերենից օտար լեզուներով թարգմանական հրատարակությունները.
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայաստանի Հանրապետության կառավարության փոխգործակցության ապահովման, հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման, ազգային ինքնության պահպանման նպատակով`
● շարունակվելու են Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու սեփականությունը և ազգային մշակութային ժառանգության բաղկացուցիչ մասը հանդիսացող մշակութային հաստատությունների (թանգարաններ, գրադարաններ, արխիվներ, հավաքածուներ) պահպանությանն ու հարստացմանն ուղղված գործընթացները.
● շարունակվելու են պատմական, հոգևոր, մշակութային արժեքների` պատմամշակութային հուշարձանների պահպանությանը, հետազոտմանն ու հանրայնացմանն ուղղված աշխատանքները.
● իրականացվելու են հայ ընտանիքի բարոյական նորմերի պահպանմանը, մատաղ սերնդին անցանկալի ազդեցություններից զերծ պահելուն և հայեցի դաստիարակությանն ուղղված ծրագրեր.
ազգային փոքրամասնությունների էթնիկ ինքնության պահպանման և մշակույթի լիարժեք դրսևորման նպատակով`
● ապահովվելու են լրացուցիչ պայմաններ ազգային փոքրամասնությունների էթնիկ մշակույթի ներկայացման համար.
● աջակցություն է ցուցաբերվելու ազգային փոքրամասնությունների լեզուներով գրքերի և պարբերական մամուլի հրատարակմանը:
2.4.6. Ժողովրդագրությունը, երիտասարդությունը, սպորտը և միգրացիոն գործընթացների կարգավորումը
2.4.6.1. Ժողովրդագրությունը
Ժողովրդագրական քաղաքականության նպատակն իրականացվող միջոցառումների շնորհիվ ժողովրդագրական բացասական միտումների կանխումը, իրավիճակի կայունացումն ու բարելավումն է, որն արտահայտվելու է ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի շրջանակներում` ունենալով հետևյալ հիմնական ուղղությունները.
● ծնունդների նյութական խրախուսումը.
● բազմազավակ ընտանիքների` որպես հասարակության կարևորագույն օղակի, աջակցության ծրագրերի մշակումն ու իրականացումը.
● երիտասարդ ընտանիքների աջակցությունը` երիտասարդ ընտանիքների ձևավորման գործընթացների վրա նպատակային ներազդման միջոցով.
● ներգաղթի խրախուսման պայմանների ստեղծմանը և հայրենադարձների ինտեգրմանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացումը.
● հասարակական ու միջազգային կազմակերպությունների և անհատների ներգրավում ժողովրդագրական հիմնախնդիրների լուծմանը և հրատապ ծրագրերի իրականացմանը.
● իրականացվող ծրագրերի և միջոցառումների մոնիթորինգի և գնահատման միջոցով դրանց արդյունավետության, նպատակայնության և հասցեականության շարունակական մեծացումը:
Ընտանիքները պետական աջակցության շրջանակներում, որպես զարգացման երաշխիք, ստանալու են 1 մլն դրամ` երրորդ և չորրորդ երեխայի և 1.5 մլն դրամ` հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ: Ժողովրդագրական հիմնախնդիրների լուծման և հրատապ ծրագրերի իրականացման օժանդակության նպատակով կներդրվեն մի շարք գործուն մեխանիզմներ:
2.4.6.2. Երիտասարդությունը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը քայլեր կձեռնարկի երիտասարդ մարդու սոցիալական կայացման, նրա ստեղծագործ ներուժը` ի շահ հասարակության առավել լիարժեք օգտագործման համար սոցիալ-տնտեսական, իրավաքաղաքական, հոգևոր-մշակութային, կազմակերպական պայմաններ և երաշխիքներ ստեղծելու ուղղությամբ:
Պետական երիտասարդական քաղաքականության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը կիրականացվի հետևյալ հիմնական ուղղություններով։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
● երիտասարդների շրջանում մասնակցային գործընթացների խթանման նպատակով կշարունակի խրախուսել Հայաստանում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների գործունեությունը, առանձնապես կկարևորվի երիտասարդության ոլորտում միջպետական, միջազգային կապերի ամրապնդումը: Մեթոդական և կազմակերպչական օժանդակություն կցուցադրվի մարզպետներին առընթեր նորաստեղծ երիտասարդական խորհուրդների ինստիտուցիոնալ զարգացմանը.
● երիտասարդ ընտանիքների սոցիալ-տնտեսական և զբաղվածության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ շարունակաբար բարելավելու է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի պայմանները` նպաստելով առավել շատ երիտասարդ ընտանիքների ընդգրկվածությանը ծրագրին, աջակցելու է երիտասարդների շրջանում գործարար նախաձեռնություններին` իրականացնելով մարզաբնակ երիտասարդ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման նպատակով բիզնես վարկերի տրամադրման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը, ընդլայնելու է երիտասարդ գիտնականներին ուղղված ծրագրերը: Գործուն քայլեր կիրականացնի բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող մարզաբնակ երիտասարդների խնդիրների լուծման ուղղությամբ.
● կմշակի մեխանիզմներ` ուղղված ոչ ֆորմալ կրթության ճանաչելիությանը` որպես արդյունավետ գործիք, ուղղված երիտասարդության շրջանում առկա գործազրկության կրճատմանը.
● կշարունակի իրականացնել միջոցառումներ` միտված երիտասարդության շրջանում հոգևոր-մշակութային արժեքների զարգացմանը և ռազմահայրենասիրական դաստիարակությանը:
2.4.6.3. Ֆիզիկական կուլտուրան և սպորտը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակներ է համարում`
● տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունն ու ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու մատչելիությունը.
● նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների շրջանում ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի դերի կարևորումը և տարբեր մարզաձևերով մարզվելու կողմնորոշման ձևավորումը.
● բարձրակարգ մարզիկների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի ու մարզիկների արդյունավետ մասնակցության ապահովումը.
● մարզական խմբակներում և մարզադպրոցներում ընդգրկվածության ընդլայնումը` դրանք հասանելի ու մատչելի դարձնելու միջոցով.
● հաշմանդամային սպորտին, մարզական-հասարակական կազմակերպություններին պետական աջակցությունը.
● ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականացումն ապահովելու նպատակով ֆինանսավորման նոր մոդելի կիրառումը, մարզադպրոցների նյութատեխնիկական և ֆինանսավորման ապահովվածության մակարդակի բարձրացումը, մարզադպրոցների` որպես լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցող հաստատությունների կարգավիճակի վերանայումը, մարզական հերթափոխի պատրաստման նկատմամբ նոր պահանջներ ներկայացնելը, մարզադպրոցների կառավարման մոդելի վերանայումը և արդիականացումը:
Այս համատեքստում իրականացվելու են օլիմպիական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստմանը, բնակչության ֆիզիկական դաստիարակության ապահովմանը, Հայաստանի Հանրապետությունում գործող մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների և ղեկավար անձնակազմի աշխատավարձի բարձրացմանը, նրանց վերապատրաստմանը, ֆիզկուլտուրային-առողջարարական զանգվածային, հանրապետական և մարզային միջոցառումների անցկացմանը, հաշմանդամային սպորտին, մարզական հասարակական կազմակերպություններին պետական աջակցությանը, մարզադպրոցների` անհրաժեշտ մարզագույքով ապահովմանն ուղղված ծրագրեր:
2.4.6.4. Միգրացիոն գործընթացների կարգավորումը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետամուտ է լինելու միգրացիոն գործընթացների կարգավորմանը։
Ըստ այդմ`
● կիրականացվեն քայլեր միգրացիայի ոլորտը կանոնակարգող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը միջազգային չափանիշներին, այդ թվում` Մաքսային միությունում և միասնական տնտեսական տարածքում, Եվրամիությունում ընդունված մոտեցումներին և սկզբունքներին համապատասխանեցնելուն ուղղված.
● 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած` առավել կարիքավոր փախստականների բնակարանային ապահովման հիմնախնդրի լուծման նպատակով կիրականացվի քարտեզագրում` նրանց թիվը և բնակության վայրերը ճշգրտելու համար, ինչպես նաև համապատասխան միջոցներ կձեռնարկվեն փախստականների խնդիրները փուլ առ փուլ լուծելու համար.
● ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կմշակվի և կներդրվի ինտերնետային տեղեկատվական համակարգ, որը հնարավորություն կտա արտերկրներում գտնվող մեր քաղաքացիներին Հայաստան վերադարձի հարցերի վերաբերյալ էլեկտրոնային կապի ուղիներով ստանալու համապատասխան տեղեկատվություն, այդ թվում` իրենց հուզող հարցերն անմիջականորեն ուղղելու Հայաստանի պետական կառավարման մարմիններին.
● ուղենիշ ունենալով միգրացիայի ոլորտում վիճակագրական ցուցանիշների ԵՄ-ում ընդունված մոտեցումները` առաջիկա տարիներին հանրապետությունում կձևավորվի միգրացիոն հոսքերի հաշվառման տեղեկատվական համակարգը: Վերջինիս ներդրման արդյունքում կմշակվեն և կհրապարակվեն միգրացիոն վիճակագրական ցուցանիշների ամփոփ տարեգրքեր.
● հանրապետությունից սկիզբ առնող անօրինական միգրացիոն հոսքերի նվազեցումը կշարունակի մնալ Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում: Շեշտը կդրվի անկանոն միգրացիայի, այդ թվում` թրաֆիքինգի վտանգի և հետևանքների մասին բնակչության իրազեկվածության ապահովման վրա:
2.5. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Ինստիտուցիոնալ բարեփոխումները հանդիսանալու են տնտեսական աճին նպաստող հիմնական երաշխիքներից մեկը: Հասարակության զարգացման հիմնարար գործոններից մեկն արդյունավետ ինստիտուտների, դրանց քաղաքական, տնտեսական, սոցիալական հարաբերությունները կարգավորող կայուն համակարգի առկայությունն է: Ինստիտուտներն ազդում են ֆիզիկական, մարդկային կապիտալում և տեխնոլոգիաներում ներդրումների արդյունավետ տեղաբաշխման, առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործման, հետևաբար տնտեսական ներուժի առավելագույնս օգտագործման և աճի վրա: Այս ոլորտի բարեփոխումը պետք է ուղղվի այնպիսի ինստիտուտների կայացմանը, որոնք ապահովում են բոլորի համար հավասարապես գործող կանոններ և չեն առաջացնում լրացուցիչ ծախս տնտեսության մասնակիցների համար: Արդյունավետ ինստիտուտները խթան են ստեղծում մարդկանց կարողությունների լիարժեք իրագործման համար: Այս ոլորտի բարեփոխումը կարևորվում է նաև այն հանգամանքով, որ ինստիտուտները ոչ միայն ուրվագծում են տնտեսության աճի ներուժը, այլև պայմանավորում տարբեր անձանց և սոցիալական խմբերի միջև տնտեսական օգուտի արդար բաշխումը:
2.5.1. Պետական կառավարման համակարգի բարեփոխումը
Պետական կառավարման ոլորտում, վարչարարության արդյունավետության բարձրացմանը զուգահեռ, հսկողական գործառույթներից անցում է կատարվելու դեպի անձանց որակյալ, մրցունակ պետական ծառայություն մատուցելը: Ժամանակն է, որ մատուցվեն մասնավոր ծառայություններին համադրելի որակով պետական ծառայություններ։ Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է`
● պետական քաղաքականությամբ ամրագրված սկզբունքներին համապատասխան` հետևողականորեն կատարելագործել պետական պաշտոնյաների վարձատրության` ներդրված միասնական և արդարացի համակարգը.
● օպտիմալացնել պետական համակարգի ծախսերը.
● պետական աշխատանքը գրավիչ դարձնելու նպատակով շարունակել սոցիալական երաշխիքների ներդրման քաղաքականությունը, մասնավորապես, նպաստավոր պայմաններ ստեղծելով պետական ծառայողների համար մատչելի պայմաններով հիփոթեքային վարկերի հասանելիության համար, միաժամանակ բարելավել մասնագետների ընտրության, վերապատրաստման և որակավորման գործընթացները.
● հստակեցնել պետական կառավարման մարմինների գործառույթները. մասնավորին պատվիրակել գործակալական, սպասարկման կամ մասնագիտական այն ծառայությունները, որոնք կարող են առավել արդյունավետ իրականացվել մասնավորի կողմից.
● վերացնել այն գործառույթները, որոնք ստեղծում են բյուրոկրատական անհարմարություն ու քաշքշուկ` բիզնեսի և քաղաքացիների համար: Ուժեղացնելով պետության կարգավորիչ դերը` կանոնների սահմանման առումով նվազագույնի հասցնել միջամտությունը տնտեսավարողի գործերին.
● բացառել հանրային կառավարման ոլորտում աշխատողների սեփական բիզնես շահերը.
● պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով մշակել և իրականացնել պետական գույքի կառավարման միասնական քաղաքականություն.
● ավարտին հասցնել կենսաչափական կողմնորոշիչ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրումը, որը կդյուրացնի բոլոր քաղաքացիների համար հանրապետության ամբողջ տարածքում էլեկտրոնային ծառայություններից օգտվելը.
● շարունակել էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման աշխատանքը` առաջնահերթ համարելով այն ոլորտները, որտեղ դրանց կիրառումն առավել արդյունավետ է` բնակչության և գործարարների կողմից ժամանակային ծախսերի կրճատման, կառավարման թափանցիկության ու վերահսկելիության ավելացման առումով.
● իրականացնել աշխատանքներ բիզնեսի կողմից տարբեր տեսակի հաշվետվությունների միասնականացման նպատակով.
● նոտարական ծառայությունների ոլորտում ներդնել էլեկտրոնային համակարգ` նպատակ ունենալով ծառայությունները մատուցել «Մեկ պատուհան» սկզբունքով.
● իրականացնել հանրային ռեգիստրների հետագա բարեփոխում` որպես անձանց գույքային իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմ` ապահովելով միասնական սպասարկման կենտրոնների կողմից մի շարք հանրային ռեգիստրների` «Մեկ պատուհան» սկզբունքով ծառայությունների մատուցումը.
● Հայաստանի Հանրապետության արխիվային գործի բնագավառում իրականացնել բարեփոխում, այդ թվում` ներդնել արխիվային ծառայության մատուցման էլեկտրոնային համակարգ:
2.5.2. Տեղական ինքնակառավարումը
Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը միտված է պետության բոլոր մակարդակներում արդյունավետ կառավարման ներուժի զարգացմանը, մասնավորապես, ուղենիշային են հանդիսանալու Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի «Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում» 2014 թվականի զեկույցի երաշխավորագրից բխող դրույթները:
Ըստ այդմ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է`
● բարձրացնել համայնքների ֆինանսական հնարավորությունները` ապահովելով նրանց բյուջեների մուտքերի կայունությունը, այդ թվում` ընդունել տեղական տուրքերի և վճարների հայեցակարգը, մշակել և ընդունել հայեցակարգի կիրարկմանն անհրաժեշտ իրավական ակտերը, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի շեմի հետևողական բարձրացմամբ պայմանավորված` համայնքներին տրամադրել համապատասխան ֆինանսական օժանդակություն.
● շարունակել ապակենտրոնացման գործընթացը, ավելացնել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների տեսականին` միաժամանակ համայնքներում բարձրացնելով դրանց որակը.
● իրականացնել համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերը.
● համայնքների խոշորացման գործընթացին զուգընթաց` վերանայել տեղական ինքնակառավարման բնագավառի օրենսդրությունը, մշակել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենք.
● ապահովել համայնքի ղեկավարի կողմից ընդունվող որոշումների ու գործունեության նկատմամբ արդյունավետ վերահսկողության մեխանիզմներ.
● բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությունը.
● շարունակել ավագանու ինստիտուտի կատարելագործմանն ու դերի բարձրացմանն ուղղված քայլերը, ավագանու ձևավորման գործընթացում ավելացնել քաղաքական բաղադրիչը.
● մշակել ֆինանսական համահարթեցման նոր համակարգի ներդրման օրենսդրական հիմքերը` սահմանելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրամադրվող դոտացիաների առավել արդյունավետ մեխանիզմ, որի արդյունքում տրամադրվող դոտացիաները կդառնան ավելի հասցեական.
● նախաձեռնել տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի` Հայաստանի Հանրապետության կողմից վերապահումով ստորագրված դրույթների ամբողջական կիրառման գործընթացը.
● շարունակել միջազգային կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցությունը` տեղական ինքնակառավարման ոլորտի հետագա զարգացմանն ուղղված գործողությունները.
● խրախուսել կանանց ակտիվ մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմիններում.
● իրականացնել տեղական մակարդակում որոշումների ընդունմանը և հանրային կառավարմանը քաղաքացիների մասնակցության խթանումն ապահովող միջոցառումներ.
● խթանել տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման նպատակով տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացումը, համայնքներում տեղեկատվական հասարակության ձևավորումը։
2.5.3. Հարկային և մաքսային համակարգերը
Հարկային և մաքսային համակարգերը պետք է գործեն` ելնելով արդարության սկզբունքից, պետք է համապատասխան կարողություններ ունենան ստվերային տնտեսության կրճատման համար և լինեն միջազգայնորեն մրցունակ` նպաստելով գործարար միջավայրի բարելավմանը: Այս առումով հարկային և մաքսային համակարգերի կատարելագործման կարևոր ուղղություններն են լինելու`
● տնտեսության զարգացման հայեցակարգին համապատասխան քաղաքական և հասարակական լայն շերտերի ներգրավմամբ հարկային օրենսգրքի մշակումը, որի ընդունմամբ կայուն և կանխատեսելի միջավայր կապահովվի ինչպես գործարարների, այնպես էլ համակարգի համար.
● հարկային հսկողության արդյունավետության բարձրացումը` ռիսկայնության գնահատման համակարգի թափանցիկության բարձրացմամբ, ռիսկային տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ տարբերակված մոտեցումների կիրառմամբ.
● պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության շրջանակի ընդլայնումը` հարկային խախտման մասին տեղեկության փոխանակման նպատակով, ինչպես նաև թափանցիկ և ընկալելի չափանիշների վրա հիմնված բաեխիղճ հարկատուների ռեեստրի վարմամբ.
● մաքսային համակարգի տեխնիկական և մասնագիտական կարողությունների շարունակական ընդլայնումը, եվրոպական երկրներում կիրառվող սահմանների համալիր կառավարման համակարգի լավագույն սկզբունքներին համահունչ պետական սահմանի անցման կետերում մաքսային ընթացակարգերի մշակումը և ներդրումը` հաշվի առնելով նաև «Մեկ կանգառ/մեկ պատուհան» սկզբունքը.
● բարեխիղճ տնտեսավարող սուբյեկտների համար պարզեցված մաքսային ընթացակարգերի կիրառման համակարգի մշակման և ներդրման աշխատանքի իրականացումը` անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմք ստեղծելով «Լիազորված տնտեսավարող օպերատորների» համակարգի ներդրման և կիրառման համար.
● փոքր ու միջին բիզնեսի համար պարզեցված հարկային դաշտի ապահովումը և փաստաթղթաշրջանառության կարգավորման միջոցով հարկային բեռի շարունակաբար տեղափոխումը դեպի խոշոր հարկատուներ.
● հարկային վարչարարության պարզեցումը, էլեկտրոնային հաշվետվական համակարգի կատարելագործումը` նպատակ ունենալով ապահովելու էլեկտրոնային եղանակով հաշվետվությունը ներկայացնելու լայնամասշտաբ կիրառումը.
● հարկ վճարողի շահերի պաշտպանությունը և նրա սպասարկման որակի բարձրացումը, որով հարկման հարաբերություններում կընդլայնվեն ինքնագնահատման համակարգի կիրառման մոտեցումները: Այդ նպատակով շարունակաբար ընդլայնվելու են հարկ վճարողների սպասարկման կենտրոնների գործունեությունը և մատուցվող ծառայությունների շրջանակները.
● ստվերի դեմ պայքարի մեխանիզմների կիրառումը` հարկերի վճարումից խուսափելու, ապօրինության և ստվերային շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրի ներդրմամբ, ինչպես նաև տնտեսավարողների կողմից թափանցիկ գործունեության ծավալումը խթանող միջոցառումների իրականացմամբ, մասնավորապես, բորսայում ցուցակված ձեռնարկություններն ապահովելով ավելի մատչելի ռեսուրսներով: Այդ նպատակով առանձնակի կարևորվելու է վերլուծական կարողությունների բարելավումը և եկամուտների պոտենցիալի գնահատման մեխանիզմների հզորացումը.
● պետական կառավարման այլ մարմինների, տնտեսավարող սուբյեկտների և հասարակության հետ մաքսային մարմինների փոխհամագործակցության զարգացումը` ապահովելով փոխվստահության և տեղեկատվության արագ ապահովման բարձր մակարդակ.
● հարկային և մաքսային մարմինների տեխնիկական ապահովվածության մակարդակի, ինչպես նաև այդ մարմինների միջև տեղեկատվության փոխանակման մեխանիզմների բարելավումը` ստեղծելով տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ արդյունավետ հսկողություն իրականացնելու գործուն տեղեկատվական համակարգ.
● սահմանային անցակետերի և ուղեկալների, առաջին հերթին մաքսային տեղամասերի` ժամանակակից պահանջներին համապատասխան արդիականացումը.
● Մաքսային միության տարածքով փոխադրվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության իրականացման նպատակով մաքսային համակարգում տեղեկատվական-ծրագրային միջոցների ներդրում.
● հարկային և մաքսային հարցերով միջազգային համագործակցության ընդլայնում:
2.5.4. Մրցակցության պաշտպանության համակարգը
Գործարար կարողությունների ազատ դրսևորումն ու ներդրումների աճն անհնար են առանց արդար մրցակցային դաշտի առկայության: Հայաստանի Հանրապետությունում գերիշխող դիրքը պարբերաբար չարաշահող խոշոր բիզնեսի կողմից մրցակցության խաթարումը տնտեսության կայուն աճի խոչընդոտներից է: Առանց մրցակցության ոլորտի արմատական փոփոխության` անհնար է Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական ծրագրի արդյունավետ իրագործումը: Այս առումով Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է`
● էապես ուժեղացնել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրավասությունն ու գործիքակազմը` հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա.
● իրականացնել հսկողություն մենաշնորհային և գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների գործունեության նկատմամբ և կանխարգելել չարաշահումը` անպատիժ չթողնելով ոչ մի հակամրցակցային գործողություն.
● վերացնել շուկա մուտք գործելու խոչընդոտներն ինչպես ներքին արտադրողի, այնպես էլ ներմուծողի համար` ապահովելով հավասար մրցակցային պայմաններ բոլորի համար.
● հայտնաբերել և կանխարգելել անբարեխիղճ տնտեսավարողների կողմից սպառողների շահերը վնասելու փորձերը.
● շարունակել կրճատել պետության այնպիսի գործառույթները, որոնք կարող են վնասել ազատ շուկայական մրցակցային հարաբերությունների բնականոն զարգացմանը.
● խստացնել վերահսկողությունը համակենտրոնացումների նկատմամբ.
● առանցքային շեշտադրումներ անել սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ներդրման ուղղությամբ:
2.5.5. Արտակարգ իրավիճակների կանխարգելումը
Արտակարգ իրավիճակում բնակչության պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության, սեյսմիկ պաշտպանության, հրդեհային և տեխնիկական անվտանգության, հիդրոօդերևութաբանության ու մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության և պետական ռեզերվների ձևավորման ու կառավարման բնագավառներում իրականացվող` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերը նպատակաուղղված են լինելու աղետից ու հնարավոր պատերազմի հետևանքներից մարդու կյանքին, առողջությանը, ունեցվածքին և շրջակա միջավայրին հասցվող վնասի նվազեցմանն ու բացառմանը: Գիտակցելով, որ հանրապետությունը պետք է կայուն զարգանա, աղքատությունը նվազեցվի և մյուս առաջնահերթությունները պետք է անխուսափելիորեն իրականացվեն աղետի ռիսկերի կառավարման համատեքստում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է`
● բազմակողմանիորեն բացահայտել ու գնահատել ռիսկերը, զարգացնել աղետի վաղ ազդարարման համակարգը.
● նվազեցնել ռիսկային գործոնները, մշակել և իրականացնել գիտատեխնիկական ու նպատակային ծրագրեր.
● զարգացնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի հնարավորությունները և ապահովել ժամանակակից մարտահրավերներին արձագանքելու պատրաստականությունը.
● զարգացնել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հնարավորությունները` այն դարձնելով արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության մասնագետների պատրաստման ու վերապատրաստման տարածաշրջանային և մերձավորարևելյան կենտրոն.
● ապահովել մարդուն հրատապ օգնություն ցուցաբերելու համապետական համակարգի «911» դիսպետչերական ծառայության կայացումը` այն հաշվով, որպեսզի մարդն օգնության համար դիմի և ստանա միջազգային չափանիշներին համահունչ բազմակողմանի աջակցություն.
● կատարելագործել և զարգացնել պետական փրկարարական համակարգը` այն համապատասխանեցնելով ընդունված ժամանակակից պահանջներին, զուգահեռաբար պետական փրկարարական կառույցի շուրջ ձևավորելով հասարակական և կամավորական փրկարարական ուժեր.
● կատարելագործել և զարգացնել պետական նյութական պահուստի համակարգը.
● շենքերի, շինությունների նախագծման, բնակավայրերի տարաբնակեցման և զարգացման ծրագրերում հաշվի առնել ինչպես դրանց հնարավոր անվտանգ վայրի ընտրությունը, այնպես էլ սեյսմիկ անվտանգությունը.
● ապահովել հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծումը, կայուն գործունեությունը և հետևողական զարգացումը.
● վերականգնել Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի գործունեությունը` այն դարձնելով համաշխարհային մակարդակի գիտական կենտրոն.
● վերագործարկել Ստեփանավանի և Կապանի օդանավակայանները.
● ապահովել Ճգնաժամային կառավարման կենտրոնում սերվերային կենտրոնի ստեղծումը` սերվերային կենտրոնը դարձնելով հանրապետությունում տեղեկատվության և տվյալների պահպանման պահեստային կենտրոն.
● իրականացնել սողանքային կառավարման միասնական համակարգի ներդրումը` հնարավորինս նվազեցնելով սողանքների առաջացումը և հնարավոր վնասները.
● ապահովել հանրապետության տարածքում գործող հակակարկտային համակարգերի կառավարումը մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններից` ռադիոլոկացիոն դիտարկումների հիման վրա` զարգացնելով և կատարելագործելով ռադիոլոկացիոն կայանների ներուժը.
● ապահովել հատուկ, կարևորագույն և ռազմավարական նշանակության օբյեկտներից Ճգնաժամային կառավարման կենտրոն հրդեհի և այլ արտակարգ իրավիճակների առաջացման տագնապի ազդանշանի փոխանցման ինքնաշխատ համակարգերի ներդրումը.
● ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի չափանիշներին համապատասխան ստեղծել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ստորաբաժանման` հայկական միջին քաղաքային որոնողափրկարարական թիմ և 2015 թվականի INSARAG չափանիշներին համապատասխան անցկացնել միջազգային որակավորում:
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՌԻՍԿԵՐԸ
Համաշխարհային տնտեսությունում առկա զարգացումները ցույց են տալիս, որ, չնայած զարգացած աշխարհի` Եվրոպայի, Ճապոնիայի և ԱՄՆ-ի տնտեսության վերականգնման վերջերս դրսևորված միտումներին, դեռևս առկա չեն տնտեսության խորքային խնդիրների լուծման հստակորեն ձևավորված մոտեցումներ: Այլ երկրներում տնտեսական զարգացման ռիսկերը հիմնականում կդրսևորվեն` առաջատար երկրներում զարգացման հնարավոր սցենարներից ածանցվելով։
Համաշխարհային տնտեսությունում չլուծված հիմնախնդիրների հետ մեկտեղ տարածաշրջանում մեծացել են ռազմական հակամարտությունների և հաճախ դրանց հետ զուգակցվող ներքաղաքական կայունության վտանգները: Վերջին ժամանակահատվածում հատկապես սրված հարաբերություններն ԱՊՀ տարածաշրջանում, միաժամանակ արագացող ինտեգրման պայմաններում, էապես բարձրացրել է անորոշության մակարդակը: Գործոնների նման համադրումն էական ռիսկեր է առաջացնում տնտեսական աճի ապահովման համար:
Ինչպես ցույց տվեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, համաշխարհային տնտեսության վատթարացումը չի կարող անմասն թողնել ցանկացած, հատկապես բաց տնտեսություն ունեցող երկրի։ Այս առումով Հայաստանում ևս արտաքին տնտեսական միջավայրի վատթարացումը կարող է որոշակի ճշգրտումներ մտցնել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերի իրագործման համար անհրաժեշտ ռեսուրսներում և գործընթացներում` վտանգելով թիրախային ցուցանիշների հասանելիությունը։
Համաշխարհային տնտեսական աճի բացասական դրսևորումները Հայաստանի տնտեսության վրա կարող են ազդել հետևյալ ուղիներով.
- գործընկեր երկրներում տնտեսական աճի տեմպերի դանդաղումը կհանգեցնի մեր երկրի` արտահանման ենթակա ապրանքների նկատմամբ պահանջարկի անկման, ինչպես նաև մետաղների գների անկման, հետևաբար Հայաստանի արտահանման աճի տեմպերի դանդաղումը կզսպի ՀՆԱ-ի աճի տեմպերը.
- Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերը` կախված թե՛ գլոբալ տնտեսության բացասական զարգացումներից, թե՛ տարածաշրջանային հակադրությունների սրացումից, թե՛ տարածաշրջանային ինտեգրացիայի ծրագրված տեմպի փոփոխությունից, կարող են էապես դանդաղել: Արդյունքում, դեպի Հայաստան ներհոսող կապիտալ ներդրումները, գործոնային եկամուտները և տրանսֆերտները կկրճատվեն` հանգեցնելով նաև ՀՆԱ-ի ծրագրում ներկայացված աճի սցենարից ավելի ցածր մակարդակի ձևավորմանը:
Նշված ռիսկերի նյութականացման և ՀՆԱ-ի նպատակադրվածից ցածր ցուցանիշների ձևավորման դեպքում կկրճատվեն Հայաստանի Հանրապետության կառավարության ռեսուրսները ծրագրային թիրախներն ապահովելու գործում: Ընդ որում, ՀՆԱ-ի կանխատեսվածից ցածր մակարդակի ձևավորման չափը կախված կլինի ինչպես այն բանից, թե նշված ռիսկերից որոնք կիրականանան, այնպես էլ դրանց դրսևորման չափից:
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱԲԱՆ
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
2.1. ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ
2.1.1. Պաշտպանությունը
2.1.2. Արտաքին հարաբերությունները
2.1.3. Սփյուռքը
2.2. ԱՐԴԱՐԱՑԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
2.2.1. Գործարար և ներդրումային միջավայրը
2.2.2. Տնտեսության հիմնական ճյուղերը
2.2.2.1. Գյուղատնտեսությունը և գյուղը
2.2.2.2. Արդյունաբերական քաղաքականությունը
2.2.2.3. Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականությունը
2.2.2.4. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը
2.2.2.5. Զբոսաշրջությունը
2.2.2.6. Առևտրի և ծառայությունների ոլորտի քաղաքականությունը
2.2.2.7. Ընդերքօգտագործումը
2.2.3. Միջազգային ինտեգրացիան և արտաքին տնտեսական քաղաքականությունը
2.2.4. Բյուջետային համակարգը
2.2.5. Ֆինանսական միջնորդությունը
2.2.6. Քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը
2.2.7. Տարածքային համաչափ զարգացումը
2.2.8. Ենթակառուցվածքները
2.2.8.1. Էներգետիկան
2.2.8.2. Ջրամատակարարումը
2.2.8.3. Տրանսպորտային ենթակառուցվածքները
2.2.8.4. Հեռահաղորդակցությունը
2.3. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԸ
2.4. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ
2.4.1. Սոցիալական պաշտպանության քաղաքականությունը
2.4.2. Առողջապահությունը
2.4.3. Կրթությունը և գիտությունը
2.4.4. Բնապահպանությունը
2.4.5. Մշակույթը
2.4.6. Ժողովրդագրությունը, երիտասարդությունը, սպորտը և միգրացիոն գործընթացների կարգավորումը
2.4.6.1. Ժողովրդագրությունը
2.4.6.2. Երիտասարդությունը
2.4.6.3. Ֆիզիկական կուլտուրան և սպորտը
2.4.6.4. Միգրացիոն գործընթացների կարգավորումը
2.5. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
2.5.1. Պետական կառավարման համակարգի բարեփոխումը
2.5.2. Տեղական ինքնակառավարումը
2.5.3. Հարկային և մաքսային համակարգերը
2.5.4. Մրցակցության պաշտպանության համակարգը
2.5.5. Արտակարգ իրավիճակների կանխարգելումը
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՌԻՍԿԵՐԸ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|