ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տարածքում հասարակական կարգի, հատուկ նշանակության օբյեկտների պահպանման, բեռնափոխադրումների և հաղորդակցության ճանապարհների անվտանգության ապահովման, ինչպես նաև աղետների դեպքում փրկարար աշխատանքներ կատարելու նպատակով, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգում ստեղծել ներքին զորքեր:
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի անձնակազմում ծառայությունը հավասարեցնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայությանը:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերը համալրել ժամկետային զինվորական ծառայության զորակոչված զորակոչիկներով:
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերը ղեկավարելու նպատակով ստեղծել հատուկ կառուցվածք` իր նյութատեխնիկական և ռազմական մատակարարման համակարգով:
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերն իրենց գործունեությունն իրականացնում են հանրապետության բյուջեի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան ակտեր և մինչև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի մասին համապատասխան օրենսդրական ակտերի ընդունումը հաստատել դրանց ժամանակավոր կանոնադրությունը:
6. Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին` միջոցառումներ իրականացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներկայացրած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված հայտերով գարնանային և աշնանային զորակոչերի ժամանակ ներքին զորքերը զորակոչիկներով համալրելու նպատակով:
7. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
21 հունիսի 1992 թ. ՆՀ-115 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|