Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-81
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.03.1992-14.04.1995)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1992/5(1009)
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
03.03.1992
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.03.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.01.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԻՄՔԻ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով կենտրոնացված կապիտալ ներդրումների սահմանափակ հնարավորությունները, ինչպես նաև ելնելով Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա (այդ թվում` Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների) ձեռնարկությունների ու քաղաքացիների մասնակցությամբ անավարտ շինարարության արտադրական նշանակության օբյեկտների հետագա շինարարությունը իրականացնելու անհրաժեշտությունից, որոշում եմ.

1. Թույլատրել պետական կապիտալ շինարարության ծրագրով չնախատեսված անավարտ շինարարության արտադրական նշանակության օբյեկտների հիմքի վրա Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ձեռնարկությունների ու քաղաքացիների մասնակցությամբ ձեռնարկությունների ստեղծումը:

2. Սահմանել, որ անավարտ շինարարության արտադրական նշանակության օբյեկտների հիմքի վրա ստեղծվող ձեռնարկություններում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ձեռնարկությունների ու քաղաքացիների բաժնեմասը չի սահմանափակվում (ներառյալ նշված օբյեկտների վաճառքը):

3. Անավարտ շինարարության արտադրական նշանակության օբյեկտների շինարարության իրականացման համար ներդրվող օտարերկրյա կապիտալը ազատել մաքսատուրքի, ներմուծման համար նախատեսված հարկի և ավելացված արժեքի հարկի վճարումից:

4. Անավարտ շինարարության արտադրական նշանակության օբյեկտների հիմքի վրա ստեղծվող ձեռնարկությունների օտարերկրյա մասնակիցները կարող են`

շահույթի (եկամտի) իրենց բաժնեմասը ստանալ դիվիդենտների կամ արտադրվող (բնամթերային) տեսքով.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերի վճարումից և այլ մուծումներից հետո օտարերկրյա արժույթով արտահանել իրենց ներդրումներից ստացված եկամուտները.

վճարել օբյեկտի արժեքը ազատ փոխարկելի արժույթով կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող արժույթով` Հայաստանի Հանրապետության բանկի կողմից սահմանված կուրսով:

Անավարտ շինարարության արտադրական նշանակության օբյեկտների հիմքի վրա ստեղծված ձեռնարկությունները ազատվում են շահութահարկի վճարումից` շահույթ ստանալուն հաջորդող առաջին երկու տարում: Հաջորդ երկու տարում աղետի գոտում գործող նման ձեռնարկությունների օտարերկրյա մասնակիցները շահութահարկ են վճարում 50 տոկոսի չափով:

5. Անավարտ շինարարության արտադրական նշանակության օբյեկտների հիմքի վրա ստեղծված ձեռնարկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգով օգտվում են սեփականության իրավունքի պաշտպանության բոլոր երաշխիքներից: Նրանց ունեցվածքը չի կարող անհատույց ազգայնացվել կամ բռնագրավվել:

6. Անավարտ շինարարության արտադրական նշանակության օբյեկտների տարածքային հարցերը կարգավորվում են «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հողային օրենսգրքով և հողային հարաբերությունները կարգավորող օրենսդրական այլ ակտերով:

7. Անավարտ շինարարության արտադրական նշանակության օբյեկտի նախնական արժեքը որոշվում է ելնելով փաստացի կատարված ծախսերի ինդեքսավորման չափից, իսկ վերջնական արժեքը` աճուրդի կամ մրցույթի միջոցով:

8. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) մեկամսյա ժամկետում սահմանել անավարտ շինարարության արտադրական նշանակության օբյեկտների հիմքի վրա Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ձեռնարկությունների ու քաղաքացիների մասնակցությամբ ձեռնարկությունների ստեղծման կարգը.

բ) 10-օրյա ժամկետում հաստատել անավարտ շինարարության արտադրական նշանակության այն օբյեկտների ցանկը, որոնց հիմքի վրա Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ձեռնարկությունների ու քաղաքացիների մասնակցությամբ կարող են ստեղծվել ձեռնարկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

3 մարտի 1992 թ.

ՆՀ-81

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.12.2001, ՆՀ-1005 15.01.2002, ՆՀ-81
14.04.1995, ՆՀ-431 14.04.1995, ՆՀ-81
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան