ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Գործ թիվ ԵԿԴ/0120/01/12 |
ԵԿԴ/0120/01/12 |
Նախագահող դատավոր՝ Լ. Թադևոսյան |
Դատավորներ՝ |
Ա. Խաչատրյան |
Ա. Դանիելյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Դանիելյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Ս. Ավետիսյանի | ||
|
Ա. Պողոսյանի | |
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ |
Կ. Աբրահամյանի | |
մասնակցությամբ ամբաստանյալ |
Ս. Ղազարյանի | |
պաշտպան |
Վ. Զուռնաչյանի | |
տուժողի ներկայացուցիչ |
Հ. Գևորգյանի |
2013 թվականի սեպտեմբերի 13-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սամսոն Սերյոժայի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի ապրիլի 15-ի որոշման դեմ ամբաստանյալ Ս.Ղազարյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2012 թվականի հունվարի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 13100912 քրեական գործը:
2012 թվականի հունիսի 5-ին Սամսոն Սերյոժայի Ղազարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով:
2012 թվականի հունիսի 15-ին Ս.Ղազարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
2012 թվականի հունիսի 20-ին Ս.Ղազարյանին առաջադրված մեղադրանքը կրկին փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
2012 թվականի հուլիսի 9-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի փետրվարի 13-ի դատավճռով Ս.Ղազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 213-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Ս.Ղազարյանը դատապարտվել է ազատազրկման` 4 (չորս) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, 213-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման` 1 (մեկ) տարի ժամկետով: «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի հիման վրա Ս.Ղազարյանն ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժի կրումից:
Տուժողի ներկայացուցիչ Հ.Գևորգյանի քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության` վերջինիս իրավունք վերապահելով քաղաքացիական դատավարության կարգով դիմել դատարան:
3. Ամբաստանյալ Ս.Ղազարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի փետրվարի 13-ի դատավճիռը:
4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի ապրիլի 15-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ս.Ղազարյանը:
Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հունիսի 19-ի որոշմամբ ամբաստանյալ Ս.Ղազարյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակից` տուժող Մ.Գաբրիելյանի ներկայացուցիչ Հ.Գևորգյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով մերժել ամբաստանյալ Ս.Ղազարյանի վճռաբեկ բողոքը, քանի որ ստորադաս դատարանների դատական ակտերը հիմնավորված և պատճառաբանված են:
2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Ամբաստանյալ Ս.Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող չափով չհաշվառված եկամուտ ստանալու դիտավորությամբ, 2006 թվականի նոյեմբեր ամսին Մեխակ Սարգսի Գաբրիելյանին է տվել 45.139.200 ՀՀ դրամին համարժեք 120.000 ԱՄՆ դոլար գումար, որի դիմաց նույն ժամանակահատվածից սկսած մինչև 2011 թվականի մարտ ամիսն ստացել է ՀՀ կենտրոնական բանկի սահմանված 1% տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող ամսական 3.5%, ապա 5%, այնուհետև` 10%-ի չափով տոկոսային հավելավճարներ, որոնք ընդհանուր կազմել են 70.253.600 ՀՀ դրամին համարժեք 190.725 ԱՄՆ դոլար:
Ավելին, Մեխակ Գաբրիելյանից ամբողջ մայր գումարն ու տոկոսագումարները մարված լինելու պարագայում, խարդախությամբ Մ.Գաբրիելյանից գումար հափշտակելու դիտավորությամբ, իր մոտ ունենալով, ըստ էության իր բնույթով առոչինչ, չոչնչացված ստացականը (այն համարվում է փոխառության պայմանագիր), գումարի բռնագանձման հայցով 06.06.2011թ. դիմել է դատարան` պահանջելով Մ.Գաբրիելյանին վճարել արդեն իսկ վճարված 60.000 ԱՄՆ դոլար գումարն ու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված մայր գումարի չափով` 1200 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի գումարի տոկոսներ, իսկ դատական վճռի բավարարում ստանալով` գումարի բռնագանձումը տարածել է Մ.Գաբրիելյանի գույքի վրա, դրանով իրավունք ձեռք բերել վերջինիս 60.000 ԱՄՆ դոլար գումարի և 1200 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ, որի հետևանքով Մ.Գաբրիելյանն ընկել է նյութական ծանր կացության մեջ» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 41):
6. Գործի նյութերում առկա է հետևյալ բովանդակությամբ ստացական. «Ես, Մեխակ Գաբրիելյանս, Սամսոն Ղազարյանից ստացա 70.000 (յոթանասուն հազար) ամերիկյան դոլար, որը պարտավորվում եմ վերադարձնել մեկամսյա ժամկետում» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 65):
7. Գործում առկա է հետևյալ գրությունը. «Ես, Մեխակ Գաբրիելյանս, առ 14.08.2010թ. Սամսոն Ղազարյանին պարտք եմ մնացել 60.000 (վաթսուն հազար) դոլար ամերիկյան» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 34):
8. Գործում առկա` Մ.Գաբրիելյանին ուղղված հիշեցում նախապահանջն ունի հետևյալ բովանդակությունը. «Սույնով հիշեցնում եմ, որ Դուք 14.08.2010 թվականի դրությամբ ըստ Ձեր իսկ կողմից գրված պարտավորության պարտք եք ինձ 60.000 (վաթսուն հազար) ԱՄՆ դոլար: Առ այսօր Ձեր կողմից ոչ մի քայլ չի ձեռնարկվել պարտավորության գումարը մարելու ուղղությամբ: Առաջարկում եմ Ձեզ մինչև սույն թվականի հունիսի 1-ը մարել պարտավորության գումարը կամ առաջարկություն ներկայացնել այդ գումարի մարման վերաբերյալ համաձայնեցնելով ինձ հետ, հակառակ դեպքում ես ստիպված եմ լինելու միջոցներ ձեռնարկել պարտավորության գումարը բռնագանձելու ուղղությամբ` օրենքով սահմանված կարգով: Պարտատեր` Սամսոն Սերյոժայի Ղազարյան» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 32):
9. Ս.Ղազարյանի ներկայացուցիչ Յ.Մարտիրոսյանը 2011 թվականի հունիսի 6-ին հայցադիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` խնդրելով պատասխանող Մ.Գաբրիելյանից հօգուտ հայցվոր Ս.Ղազարյանի բռնագանձել պարտավորության գումարը` 60.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսագումարը` սկսած պարտավորության կատարման խախտման պահից (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 11):
10. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի նոյեմբերի 8-ի վճռի համաձայն` Ս.Ղազարյանի ներկայացուցչի հայցն ամբողջությամբ բավարարվել է, պատասխանող Մ.Գաբրիելյանից հօգուտ հայցվոր Ս.Ղազարյանի բռնագանձվել է 60.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` որպես հայցվորին վերադարձման ենթակա փոխառության գումար, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված 60.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի նկատմամբ հաշվարկվող տոկոսների գումարը (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 71):
11. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի նոյեմբերի 8-ի վճռի դեմ Մ.Գաբրիելյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2012 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը 2012 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ Մ.Գաբրիելյանի վճռաբեկ բողոքը վերադարձրել է (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 203):
12. Տուժող Մ.Գաբրիելյանի Առաջին ատյանի դատարանի դատաքննական ցուցմունքների համաձայն` «(…) 2011թ. մարտի 18-ին Ս.Ղազարյանի հետ նրա ավտոմեքենայում կայացած հանդիպման ժամանակ նրան ամբողջությամբ վերադարձրել է մայր գումարը և վերջին ամսվա տոկոսը, սակայն Ս.Ղազարյանը հրաժարվել է իր տված ստացականը վերադարձնել կամ նոր ստացական տալ` պատճառաբանելով, որ 2006թ. համեմատությամբ դոլարն արժեզրկվել է, որպես փոխհատուցում նրան պետք է տա ևս 10.000 ԱՄՆ դոլար գումար» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 46):
Վկա Ազատ Արշակյանի ցուցմունքի համաձայն` «(…) Ս.Ղազարյանը զանգահարել է [իրեն] (…), պատճառաբանելով, որ Մ.Գաբրիելյանի հետ համաձայնության չգալու դեպքում դիմելու է Դատարան (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 47):
13. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի համաձայն՝ «(…) ամբաստանյալ Սամսոն Ղազարյանը կատարել է վաշխառություն, ապա, օգտագործելով վաշխառության կատարման ընթացքում կազմված և որպես երաշխիք իրեն ներկայացված, մարված ստացականը, կատարել է առանձնապես խոշոր չափի գույքի խարդախություն, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում.
Ունենալով ազատ դրամական միջոցներ` Սամսոն Ղազարյանը 2006 թվականին ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և ընդլայնելու նպատակով 120.000 ԱՄՆ դոլար գումար է առաջարկել գործարար Մեխակ Գաբրիելյանին` պայմանով, որ նրան տրամադրվեն ամսական տոկոսներ: Ս.Ղազարյանի առաջարկին և ներկայացված պայմաններին Մ.Գաբրիելյանը համաձայնվել և 2006թ. նոյեմբերի 16-ին նրանից ստացել է 45.139.200 ՀՀ դրամին համարժեք 120.000 ԱՄՆ դոլար գումար` պարտավորվելով մինչև մայր գումարի վերջնական մարումը վճարել ՀՀ կենտրոնական բանկի սահմանած տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող ամսական 3.5 տոկոս գումարներ, թեև նույն օրը կազմած գրավոր ստացականում (պարտավորագրում) նշել է միայն Ս.Ղազարյանից 120.000 ԱՄՆ դոլարը պարտքով ստանալու և այն 5 ամիս անց վերադարձնելու վերաբերյալ:
Ի կատարումն ստանձնած պարտավորության` Մ.Գաբրիելյանը 2006թ. դեկտեմբերից մինչև 2011թ. մարտի 18-ն ընկած ժամանակահատվածում ամբաստանյալ Ս.Ղազարյանին յուրաքանչյուր ամիս վճարել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2006-2011թթ. սահմանված տարեկան 11-14% տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող, նախ` ամսական 3.5%, ապա Ս.Ղազարյանի պահանջով բարձրացված ամսական 5% և 10% տոկոսադրույքով, ընդհանուր առմամբ` 67.935.200 ՀՀ դրամին համարժեք 184.425 ԱՄՆ դոլար գումարներ, 2011թ. մարտի 18-ին Երևանի Մաշտոցի պողոտայի վրա կայանած, Ս.Ղազարյանի ավտոմեքենայի մեջ ամբողջությամբ մարել է նաև 120.000 ԱՄՆ դոլարի վերջնամասը` 25.000 ԱՄՆ դոլարը, սակայն Ս.Ղազարյանը, մայր գումարը դոլարով տրամադրելու և նույն արժույթով մարում ստանալու պայմաններում, որպես դոլարի արժեզրկման փոխհատուցում, Մ.Գաբրիելյանից պահանջել է հավելյալ 10.000 ԱՄՆ դոլար գումար և ստանալով վերոհիշյալ հիմնավորմամբ փաստարկված մերժում` այդ պատրվակով չի վերադարձրել մայր գումարի ընթացիկ մարման վերաբերյալ դեռևս 2010թ. օգոստոսի 14-ին կազմված 60.000 ԱՄՆ դոլար պարտքի վերաբերյալ ստացականը (պարտավորագիրը)` փաստացի հրաժարվելով Մ.Գաբրիելյանին տրամադրել նաև 2010թ. օգոստոսի 14-ից մինչև այդ օրը մայր գումարները մարելու փաստը հաստատող այլ գրավոր փաստաթուղթ: Նախկինում ձևավորված ջերմ փոխհարաբերությունների ուժով վստահելով Ս.Ղազարյանին` Մ.Գաբրիելյանը նույնպես մայր գումարն ամբողջությամբ մարելու վերաբերյալ ստացական չստանալու պարագայում այդ օրը նրան հանձնած գումարը հետ չի պահանջել` հեռանալով և համոզված լինելով, որ Ս.Ղազարյանը վերլուծության և/կամ իրենց ընդհանուր ընկերների հետ քննարկելու արդյունքում կհամոզվի 10.000 ԱՄՆ դոլար պահանջն անհիմն ներկայացնելու հանգամանքը:
Մինչդեռ, չվերադարձրած ստացականի շահարկմամբ հետագայում Մ.Գաբրիելյանից լրացուցիչ 10.000 ԱՄՆ դոլարը պահանջելուց, սակայն հրաժարում ստանալուց հետո` ստացականում նշած արդեն 60.000 ԱՄՆ դոլար գումարի պահանջ ներկայացնելու և Մ.Գաբրիելյանի այդ գույքին խարդախությամբ տիրանալու դիտավորությամբ, Ս.Ղազարյանը, 2011թ. հունիսի 6-ին գումարի բռնագանձման հայցապահանջով, քաղաքացիական դատավարության կարգով դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպես փոխառության պայմանագրի կնքման և փոխառու Մ.Գաբրիելյանի պարտավորության չկատարման փաստարկ` հայցադիմումին կից ներկայացրել և դրանով իսկ օգտագործել վերոնշյալ, 2011թ. մարտի 18-ի դրությամբ ըստ էության մարված ստացականը (պարտավորագիրը)` պահանջելով Մ.Գաբրիելյանից հօգուտ նրա բռնագանձել ստացականում նշված, ըստ էության հավելյալ 60.000 ԱՄՆ դոլար գումար:
Ս.Ղազարյանի պահանջը վերոնշյալ ստացականի հիման վրա 2011թ. նոյեմբերի 8-ին կայացված վճռով ամբողջությամբ բավարարվել է (վճիռը ստացել է օրինական ուժ), որով որոշվել է Մեխակ Գաբրիելյանից հօգուտ Սամսոն Ղազարյանի բռնագանձել 60.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես վերջինիս վերադարձման ենթակա փոխառության գումար, որով ավարտվել է Մ.Գաբրիելյանի գույքը հափշտակելուն ուղղված Ս.Ղազարյանի հանցավոր դիտավորությունը, և վերջինս խարդախությամբ իրավունք է ձեռք բերել Մ.Գաբրիելյանի առանձնապես խոշոր չափի գույքի` 22.980.000 ՀՀ դրամին համարժեք 60.000 ԱՄՆ դոլարի նկատմամբ» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 42-43):
14. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «Ամբաստանյալ Ս.Ղազարյանի` վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանություններն անհիմն են, ամբաստասնյալի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքները կատարելը և նրա մեղքը հաստատված է, իսկ ներկայացված պատճառաբանությունները հերքված են` քրեական գործով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ձեռք բերված և Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցներով» (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 90):
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
15. Բողոքաբերը նշել է, որ ստարադաս դատարանները թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես՝ սխալ են կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 213-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 25-րդ, 105-րդ, 106-րդ, 124-րդ, 126-րդ, 358-րդ, 360-րդ հոդվածների պահանջները:
Բողոքի հեղինակը նշել է, որ թե՛ առաջին ատյանի դատարանը, և թե՛ վերաքննիչ դատարանը չեն հիմնավորել իր արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առկայությունը, մասնավորապես` դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել տուժողի ցուցմունքներն ու բացատրությունը, նրա կողմից ներկայացված փաստաթղթերը, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ չեն գնահատել գործում առկա ապացույցները, ինչպես նաև թույլատրելի են համարել քրեադատավարական օրենքի պահանջների խախտմամբ ձեռք բերված ապացույցները:
Ըստ բողոքաբերի՝ քաղաքացիական դատավարության կարգով դատարան դիմելով` ինքն ունեցել է հստակ համոզմունք, որ Մ.Գաբրիելյանը չի մարել իր հանդեպ ունեցած պարտավորությունը:
16. Բողոք բերած անձը նշել է նաև, որ ստորադաս դատարաններն անհիմն կերպով հաստատված են համարել նաև իր արարքում վաշխառության հանցակազմի առկայությունը: Մասնավորապես, քրեական գործում առկա և ստորադաս դատարաններում հետազոտված որևէ ապացույցով չի հասատվել իր արարքում վաշխառության հանցակազմի սուբյեկտիվ կողմի առկայությունը, այն է` պարտք տված գումարի համար իր կողմից ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալը:
17. Ելնելով վերոգրյալից` բողոքաբերը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի ապրիլի 15-ի որոշումը և իր նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ կամ գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
18. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված խարդախության հանցակազմի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ Ս.Ղազարյանի արարքում առկա են առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) և վաշխառության (ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մաս) հանցակազմերի հատկանիշներ:
20. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում խարդախության, այն է՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակության կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու համար:
Խարդախության հանցակազմը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Լ.Ավետիսյանի և Վ.Մաթևոսյանի գործերով կայացված որոշումներում:
Մասնավորապես, Լ.Ավետիսյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) օբյեկտիվ կողմից խարդախությունը կատարվում է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, ինչի արդյունքում մոլորության մեջ ընկած սեփականատերը կամ իրավասու այլ անձը կամավոր կերպով գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները հանձնում է հանցագործին կամ այլ անձի կամ անձանց կամ չի խոչընդոտում վերջիններիս կողմից այդ գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները վերցնելուն:
(…) Սուբյեկտիվ կողմից խարդախությունը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ և շահադիտական նպատակով:
(…) Խարդախությունը կատարվում է միայն ուղղակի դիտավորության մեղքի ձևով. հանցավորը պետք է գիտակցի, որ խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով հափշտակում է ուրիշի գույքը, ինչպես նաև պետք է նախատեսի և ցանկանա դա:
(…) Խարդախության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է նաև շահադիտական նպատակի առկայությամբ, այսինքն` մինչև գույքը վերցնելը կամ գույքին տիրանալը հանցավորն ի սկզբանե նպատակ է ունենում հափշտակելու այն, չվերադարձնելու գույքը, չկատարելու խոստումը կամ պայմանագրային պարտավորությունները:
Հակառակ դեպքում, երբ գույքը չվերադարձնելու, խոստումը կամ պարտավորությունները չկատարելու դիտավորությունն առաջանում է գույքը վերցնելուց հետո (անկախ շարժառիթից), խարդախության հանցակազմը բացակայում է:
(…) Խարդախության միջոցով ուրիշի գույքը հափշտակելու ուղղակի դիտավորության և գույքը հափշտակելու շահադիտական նպատակի առկայության կամ բացակայության մասին դատարանի հետևությունները պետք է հիմնված լինեն գործով ձեռք բերված ապացույցների համակցության վրա:
Նշված ապացույցների գնահատման արդյունքում դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է հաստատված համարի, որ անձն ի սկզբանե նպատակ է ունեցել խարդախության միջոցով հափշտակել ուրիշի գույքը, և եթե ապացուցվի, որ ունեցել է, ապա խարդախության հանցակազմն առկա է:
(…) Ընդ որում, եթե ապացույցների բավարար համակցությամբ և հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով չի հիմնավորվում, որ շահադիտական նպատակը ծագել է համապատասխան գործարքի կնքումից առաջ, ապա նման դեպքերում խարդախության հանցակազմ առկա չէ:
(…)
29. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խարդախությունը քաղաքացիաիրավական պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքերից տարանջատելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հանգամանքները.
ա) խարդախության դեպքում տուժողին խաբելու կամ նրա վստահությունը չարաշահելու մտադրությունն անձի մոտ ծագում է նախքան գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելը,
բ) խարդախության դեպքում անձի մոտ քաղաքացիաիրավական պայմանագրով ստանձնած պարտավորությունները (գույքը փոխանցել, կատարել վարկային պարտավորությունը, պարտքը վերադարձնել և այլն) չկատարելու դիտավորությունը ծագում է նախքան գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելը:
30. Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե քաղաքացիաիրավական հարաբերության հենքը վերաբերում է կարգավորիչ գործառույթ իրականացնող իրավունքի ճյուղին, ապա քրեական իրավունքը և դատավարությունը, մարմնավորելով իրավունքի պահպանիչ գործառույթը, իրենց բնույթով ածանցյալ են իրավունքի տվյալ ճյուղերից, մասնավորապես քաղաքացիական իրավունքից և դատավարությունից: Այլ կերպ` ներգործության քրեաիրավական և քրեադատավարական միջոցները չպետք է այնպիսին լինեն, որ խաթարեն քաղաքացիաիրավական ու քաղաքացիադատավարական հարաբերությունների ներքին տրամաբանությունը, անորոշություն ու անկանխատեսելիություն ստեղծեն քաղաքացիաիրավական շրջանառության մեջ» (տե՛ս Լիա Արտյոմի Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0176/01/09 որոշման 25-26-րդ և 29-30-րդ կետերը):
Վ.Մաթևոսյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) խարդախությունը և քաղաքացիաիրավական պարտավորությունների խախտումն օբյեկտիվ կողմի հատկանիշներով հաճախ համընկնում են: Հետևաբար, այստեղ պետք է նկատի ունենալ, որ խարդախությունը` որպես հանցագործություն, քաղաքացիաիրավական պարտավորությունների խախտման դեպքերից տարբերվում է սուբյեկտիվ կողմով: Մասնավորապես՝ խարդախությունը սուբյեկտիվ կողմից բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ, ինչը ենթադրում է, որ հանցավորը գիտակցում է, որ խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով հափշտակում է ուրիշի գույքը, ինչպես նաև նախատեսում և ցանկանում է դա:
Միևնույն ժամանակ խարդախության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է շահադիտական նպատակի առկայությամբ, այսինքն` մինչև գույքին կամ գույքային իրավունքին տիրանալը հանցավորը նպատակ է ունենում հափշտակել այն, չվերադարձնել գույքը, չկատարել խոստումը կամ պայմանագրային պարտավորությունները: Մինչդեռ քաղաքացիաիրավական պարտավորությունների խախտման դեպքում անձը նման նպատակ չի ունենում:
(…) խարդախության մեղադրանքով անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է ապացույցների բավարար ամբողջությամբ հիմնավորել, որ հանցավորը դիտավորություն է ունեցել խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել ուրիշին պատկանող գույքը:
Այն դեպքում, երբ առկա է մասնավոր-իրավական պայմանագրի կամ այլ տեսակի քաղաքացիաիրավական պարտավորության խախտում, ապա նշվածը որպես խարդախություն որակելու համար անհրաժեշտ է հաստատված համարել, որ անձն ի սկզբանե նպատակ չի ունեցել իրականացնելու գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի փոխանցման հետ կապված իր վրա վերցրած պարտավորությունները:
(…) Անձի կողմից խարդախություն կատարելու դիտավորության առկայության մասին, մասնավորապես, կարող են վկայել պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ ֆինանսական կամ տեխնիկական միջոցների, համապատասխան արտոնագրերի բացակայությունը, հանցավորի կողմից կեղծ փաստաթղթերի, երաշխավորագրերի օգտագործումը, ունեցած ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկությունները թաքցնելը, կեղծ ձեռնարկություն ստեղծելը, որը հանդես է եկել որպես պայմանագրի կողմ և այլն:
(…) վերը նշված փաստական հանգամանքների հետ մեկտեղ յուրաքանչյուր դեպքում, գործով ձեռք բերված ապացույցների ամբողջ զանգվածի գնահատմամբ, պետք է հիմնավորվի, որ անձը նպատակադրված չի եղել իրականացնելու իր վրա վերցված քաղաքացիաիրավական պարտավորությունները և ցանկացել է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել ուրիշին պատկանող գույքը:
Ընդ որում, եթե ապացույցների բավարար համակցությամբ և հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով չի հաստատվում վերոգրյալը, ապա անձի արարքում բացակայում է խարդախության հանցակազմը, հետևաբար նրան պատասխանատվության ենթարկելու հարցը պետք է լուծվի մասնավոր իրավունքի տիրույթում` քաղաքացիաիրավական և քաղաքացիադատավարական միջոցներով» (տե՛ս Վարդան Մարատի Մաթևոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵՇԴ/0037/01/11 որոշման 25-27-րդ կետերը):
21. Սույն գործի նյութերի և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի նոյեմբերի 8-ի վճռի ուսումնասիրությունից երևում է, որ
ա) 2006 թվականի նոյեմբեր ամսին Ս.Ղազարյանը փոխառության կարգով Մ.Գաբրիելյանին տվել է 45.139.200 ՀՀ դրամին համարժեք 120.000 ԱՄՆ դոլար (տե՛ս սույն որոշման 5-րդ և 13-րդ կետերը),
բ) Մ.Գաբրիելյանը 2006 թվականի դեկտեմբերից մինչև 2011 թվականի մարտի 18-ն ընկած ժամանակահատվածում Ս.Ղազարյանին յուրաքանչյուր ամիս վճարել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2006-2011թթ. սահմանված տարեկան 11-14% տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող, նախ` ամսական 3,5%, ապա` Ս.Ղազարյանի պահանջով բարձրացված ամսական 5% և 10% տոկոսադրույքով, ընդհանուր առմամբ` 67.935.200 ՀՀ դրամին համարժեք 184.425 ԱՄՆ դոլար (տե՛ս սույն որոշման 13-րդ կետը),
գ) Ս.Ղազարյանը, մայր գումարը դոլարով տրամադրվելու և նույն արժույթով մարում ստանալու պայմաններում, որպես դոլարի արժեզրկման փոխհատուցում, Մ.Գաբրիելյանից պահանջել է հավելյալ 10.000 ԱՄՆ դոլար գումար և ստանալով մերժում` չի վերադարձրել մայր գումարի ընթացիկ մարման վերաբերյալ դեռևս 2010 թվականի օգոստոսի 14-ին կազմված 60.000 ԱՄՆ դոլար պարտքի վերաբերյալ ստացականը (պարտավորագիրը)` փաստացի հրաժարվելով Մ.Գաբրիելյանին տրամադրել նաև 2010 թվականի օգոստոսի 14-ից մինչև այդ օրը մայր գումարները մարելու փաստը հաստատող այլ գրավոր փաստաթուղթ (տե՛ս սույն որոշման 12-րդ և 13-րդ կետերը),
դ) 2011 թվականի մայիսի 25-ին Ս.Ղազարյանը հիշեցում նախապահանջ է ներկայացրել Մ.Գաբրիելյանին առ այն, որ Մ.Գաբրիելյանը 2010 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ Ս.Ղազարյանին պարտք է 60.000 (վաթսուն հազար) ԱՄՆ դոլար, և մինչև սույն թվականի հունիսի 1-ը այն չմարելու կամ դրա մարման վերաբերյալ համաձայնեցում ձեռք չբերելու դեպքում Ս.Ղազարյանը պարտավորության գումարը բռնագանձելու ուղղությամբ կդիմի օրենքով սահմանված միջոցների, ինչպես նաև Մ.Գաբրիելյանի հետ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում դատարան դիմելու իր մտադրության մասին տեղեկացրել է նաև վկա Ա.Արշակյանին (տե՛ս սույն որոշման 8-րդ և 12-րդ կետերը),
ե) Ս.Ղազարյանի ներկայացուցիչ Յ.Մարտիրոսյանը 2011 թվականի հունիսի 6-ին հայցադիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` խնդրելով պատասխանող Մ.Գաբրիելյանից հօգուտ հայցվոր Ս.Ղազարյանի բռնագանձել պարտավորության գումարը` 60.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսագումարը` սկսած պարտավորության կատարման խախտման պահից (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը),
զ) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի նոյեմբերի 8-ի վճռով Ս.Ղազարյանի ներկայացուցչի հայցն ամբողջությամբ բավարարվել է, պատասխանող Մ.Գաբրիլյանից հօգուտ հայցվոր Ս.Ղազարյանի բռնագանձվել է 60.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` որպես հայցվորին վերադարձման ենթակա փոխառության գումար, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված 60.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի նկատմամբ հաշվարկվող տոկոսների գումարը (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):
22. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 20-րդ կետում շարադրված և համապատասխանաբար, Լ.Ավետիսյանի և Վ.Մաթևոսյանի գործերով կայացված որոշումներում ձևավորված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Ղազարյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցների շարքում առկա չէ որևէ փաստական տվյալ, որով կհիմնավորվեր, որ Ս.Ղազարյանը խաբել կամ մոլորության մեջ է գցել Մ.Գաբրիելյանին, ինչի արդյունքում իրավունք է ձեռք բերել վերջինս 60.000 ԱՄՆ դոլարի նկատմամբ: Այլ կերպ՝ սույն գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորված չէ Ս.Ղազարյանի արարքում խարդախության հանցակազմի օբյեկտիվ կողմի առկայությունը: Բացի այդ, սույն գործով ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվում, որ Ս.Ղազարյանը 60.000 ԱՄՆ դոլար հափշտակելու ուղղակի դիտավորություն և շահադիտական նպատակ է ունեցել: Այսինքն` սույն գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորված չէ Ս.Ղազարյանի արարքում խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմի առկայությունը:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չեն ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ Ս.Ղազարյանի արարքում առկա են առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) հանցակազմի հատկանիշներ:
Ինչ վերաբերում է Մ.Գաբրիելյանի կողմից Ս.Ղազարյանին ստացականով վճարման ենթակա գումարն արդեն իսկ վճարված լինելու փաստին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրա ապացուցման հիմնախնդիրը վերաբերում է մասնավոր իրավունքի ոլորտին, քանի որ գործի նյութերում առկա են նաև մի շարք փաստաթղթեր, որոնք վկայում են Ս.Ղազարյանի և Մ.Գաբրիելյանի միջև պարտավորական հարաբերությունների առկայության մասին: Այսպես` գործի նյութերում առկա է`
ա) ստացական, որի համաձայն` Մ.Գաբրիելյանը Ս.Ղազարյանից ստացել է 70.000 (յոթանասուն հազար) ԱՄՆ դոլար, որը պարտավորվում է վերադարձնել մեկ ամսյա ժամկետում (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը),
բ) գրություն, որի համաձայն` Մ.Գաբրիելյանը 2010 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ Ս.Ղազարյանին պարտք է մնացել 60.000 (վաթսուն հազար) ԱՄՆ դոլար (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը),
գ) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի նոյեմբերի 8-ի վճռով վճռվել է Մ.Գաբրիլյանից հօգուտ Ս.Ղազարյանի բռնագանձվել է 60.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` որպես հայցվորին վերադարձման ենթակա փոխառության գումար (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):
23. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա»:
Ինչպես նշվել է սույն որոշման նախորդ կետում, Ս.Ղազարյանի արարքում բացակայում է խարդախության հանցակազմը, հետևաբար Ս.Ղազարյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը ենթակա է կարճման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, այն է` արարքի մեջ հանցակազմ չլինելու հիմքով: Հետևաբար, Ս.Ղազարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի փետրվարի 13-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի ապրիլի 15-ի որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա անհրաժեշտ է բեկանել և քրեական գործի վարույթը կարճել:
24. Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ նրա արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի՝ վաշխառության, հատկանիշները (տե՛ս սույն որոշման 16-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ առումով ստորադաս դատարանների դատական ակտերը հիմնավորված և պատճառաբանված են (վաշխառության հանցակազմի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները տե՛ս Քնարիկ Նորիկի Պետրոսյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ին կայացված թիվ ԵԿԴ/0102/01/11 որոշման 12-27-րդ կետերը):
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Սամսոն Սերյոժայի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 213-րդ հոդվածի 1-ին մասով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի փետրվարի 13-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի ապրիլի 15-ի որոշումը մասնակիորեն բեկանել, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական գործի վարույթը կարճել և Սամսոն Սերյոժայի Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, իսկ մնացած մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
Ե. Դանիելյան |
Հ. Ասատրյան | |
Ս. Ավետիսյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|