Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.11.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.02.17/3(482).1 Հոդ.16
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.11.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0377/02/12

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0377/02/12

2013 թ.

Նախագահող դատավոր՝  Լ. Գրիգորյան

Դատավորներ՝   

Գ. Մատինյան
 

Ա. Թումանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2013 թվականի նոյեմբերի 29-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով Էռհան Ջենիկլիի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.06.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Էռհան Ջենիկլիի ընդդեմ Ռաֆիկ Ռուշանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Էռհան Ջենիկլին պահանջել է Ռաֆիկ Ռուշանյանից բռնագանձել 39.239 ԱՄՆ դոլարին համարժեք 15.303.210 ՀՀ դրամ:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա.Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 20.02.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.06.2013 թվականի որոշմամբ Էռհան Ջենիկլիի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 20.02.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էռհան Ջենիկլին:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ և 51-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Էռհան Ջենիկլիի կողմից Դատարան է ներկայացվել պարտավորագիր, որը ստորագրված է Էռհան Ջենիկլիի և Ռաֆիկ Ռուշանյանի կողմից, բացի այդ նշված պարտավորագիրը ստորագրվել է նաև որպես թարգմանիչ և վկա հանդես եկած Արթուր Մարկոսյանի կողմից, և վերջինս էլ գործի քննությանը մասնակից չի դարձվել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը մերժել է Արթուր Մարկոսյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունը:

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.06.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ըստ Էռհան Ջենիկլիի և Ռաֆիկ Ռուշանյանի անունից 29.04.2009 թվականին կազմված և ստորագրված գրավոր փաստաթղթի՝ Ռաֆիկ Ռուշանյանի և Էռհան Ջենիկլիի կտորի առուծախի վերջում Ռաֆիկ Ռուշանյանն Էռհան Ջենիկլիին պարտք է մնացել 39.236 ԱՄՆ դոլար: Հաշիվը կատարված է 29.04.2009 թվականի ամսաթվով, նախկին տարեթվերով կատարված հաշիվները զրոյացվել են, Ռաֆիկ Ռուշանյանի ամեն մի մուծած գումար այդ ընդհանուր գումարից պետք է հանվի և վերջնական զրոյացվի: Նշված պարտավորագիրը ստորագրվել է նաև որպես թարգմանիչ և վկա հանդես եկած Արթուր Մարկոսյանի կողմից (հատոր 1, գ.թ. 6)։

2) Ըստ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 11.10.2012 թվականին տրված ձեռագրաբանական փորձաքննության թիվ 21031201 եզրակացության և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 10.12.2012 թվականին տրված կրկնակի ձեռագրաբանական փորձաքննության թիվ 12-4641 եզրակացության՝ կատարված փորձաքննության արդյունքում փորձագետները եկել են այն հետևության, որ Ռաֆիկ Ռուշանյանի անունից որպես պարտավորագիր 29.04.2009 թվականին կազմված փաստաթղթի միջին ձախ մասում՝ «Ռաֆիկ Ռուշանյան կարդացի գրածը ճիշտ է» ձեռագիր գրառումների դիմաց տեղավորված ստորագրությունը Ռաֆիկ Ռուշանյանի, թե մեկ այլ անձի կողմից է կատարվել, պարզել հնարավոր չէ՝ հետազոտելի ստորագրության ինֆորմատիվ գրաֆիկական նյութի սակավության և պարզ կատարման պատճառով (հատոր 2, գ.թ. 30-31 և 56-57)։

3) Գործի դատաքննության նախապատրաստական փուլում Ռաֆիկ Ռուշանյանը, իսկ գործի դատաքննության փուլում Էռհան Ջենիկլիի ներկայացուցիչը միջնորդել են սույն գործին որպես վկա ներգրավել պարտավորագիրը որպես թարգմանիչ և վկա ստորագրած Արթուր Մարկոսյանին, իսկ Դատարանը արձանագրային որոշմամբ մերժել է միջնորդությունը (դատական նիստի արձանագրություն, հատոր 2, գ.թ. 122):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է այն իրավական խնդրին, թե արդյոք պարտքային փաստաթուղթը դրանում նշված անձանց կողմից կազմված` ստորագրված լինելու հանգամանքը կարող է հաստատվել վկայի ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա: Իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար Դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տես՝ Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի հայցն ընդդեմ Սեդա Սարգսյանի` գրավադրված գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Սեդա Սարգսյանի ընդդեմ Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով ապացույցի հասկացությունը, սպառիչ սահմանել է դրանց տեսակները, այն է` գրավոր ապացույցները, փորձագետների եզրակացությունները, վկաների ցուցմունքները և գործին մասնակցող անձանց ցուցմունքները: Ընդ որում, գործի հանգամանքները, որոնք օրենքի և այլ իրավական ակտի հիման վրա կարող են հաստատվել միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե'ս ըստ հայցի Սվետլանա Ժուլիկյանի ընդդեմ Անահիտ Խաչատրյանի` բնակելի տարածության օգտագործման իրավունքը ճանաչելու, գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու և վերանորոգման աշխատանքների դիմաց կատարված ծախսերի փոխհատուցման պահանջների մասին թիվ ԵՄԴ/0232/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից:

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կողմերը զրկված են ի հաստատումն գործարքի` վկայի ցուցմունքներ վկայակոչելու իրավունքից, երբ օրենքով սահմանված դեպքերում գործարքը չի կնքվել գրավոր ձևով: Մինչդեռ այն դեպքում, երբ առկա է գրավոր ձևով կազմված և ստորագրված փաստաթուղթ և վիճարկվում է դրա իսկությունը, ապա որպես ապացույց կարող են ներկայացվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով սահմանված ապացույցները, այդ թվում` վկայի ցուցմունքներ:

Սույն գործով Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ ձեռք բերված ապացույցներով չի հաստատվել այն հանգամանքը, որ Ռաֆիկ Ռուշանյանը հայցվոր Էռհան Ջենիկլիի հանդեպ պարտավորություն է ստանձնել հայցադիմումում նշված չափով նրան գումար վճարելու վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ սույն գործով ձեռք բերված ապացույցներով չի հաստատվել այն հանգամանքը, որ պատասխանողը հայցվորի հանդեպ դրամական պարատվորություն ունի:

Վերաքննիչ դատարանը նաև նշել է, որ որպես վկա պարտավորագիրը կազմած Արթուր Մարկոսյանին հարցաքննելու մասին Էռհան Ջենիկլիի ներկայացուցչի պատճառաբանություններն անհիմն են, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների վկաների ցուցմունքներ վկայակոչելու հնարավորությունից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս։

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը։

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։ Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես` Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը)։

Սույն գործով թե´ Դատարանը և թե´ Վերաքննիչ դատարանն անտեսել են, որ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 11.10.2012 թվականին տրված ձեռագրաբանական փորձաքննության թիվ 21031201 և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 10.12.2012 թվականին տրված կրկնակի ձեռագրաբանական փորձաքննության թիվ 12-4641 եզրակացություններով փորձագետները եկել են այն հետևության, որ Ռաֆիկ Ռուշանյանի անունից որպես պարտավորագիր 29.04.2009 թվականին կազմված փաստաթղթի միջին ձախ մասում՝ «Ռաֆիկ Ռուշանյան կարդացի գրածը ճիշտ է» ձեռագիր գրառումների դիմաց տեղավորված ստորագրությունը Ռաֆիկ Ռուշանյանի, թե մեկ այլ անձի կողմից է կատարվել, պարզել հնարավոր չէ՝ հետազոտելի ստորագրության ինֆորմատիվ գրաֆիկական նյութի սակավության և պարզ կատարման պատճառով, ուստի այդ փորձաքննություններով չի հաստատվում, ինչպես նաև չի հերքվում 29.04.2009 թվականին կազմված պարտավորագիրը Ռաֆիկ Ռուշանյանի կողմից ստորագրված լինելու հանգամանքը: Նման պայմաններում այդ պարտավորագրի արժանահավատության հարցը քննարկելու համար կարող էր նաև էական նշանակություն ունենալ պարտավորագիրը որպես թարգմանիչ և վկա ստորագրած Արթուր Մարկոսյանի` որպես վկայի ցուցմունքները:

Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործում առկա է Էռհան Ջենիկլիի և Ռաֆիկ Ռուշանյանի անունից 29.04.2009 թվականին կազմված պարտավորագիր, որն էլ տվյալ դեպքում դիտարկվում է որպես գործարք, որի հասարակ գրավոր ձևը պահպանված է, իսկ վկա ներգրավելու մասին միջնորդությամբ հայցվում էր ոչ թե գործարքի կամ դրա առանձին պայմանների առկայության հաստատումը, այլ գործում առկա գրավոր պայմանագիրը Ռաֆիկ Ռուշանյանի կողմից ստորագրված լինել կամ չլինելու հարցը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.06.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

 

Ս. Անտոնյան

 

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան