«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 դեկտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 05013523
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
27 դեկտեմբերի 2013 թ. |
թիվ 318-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՆՈՒԻՏԵՏԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովել ապահովագրական ընկերությունների կողմից պարտադիր և կամավոր կուտակային կենսաթոշակային անուիտետի սխեմաների գործողության արդյունավետ գործընթացը և այդ ոլորտում պաշտպանել ապահովադիրների շահերը,
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ կետը, 66-րդ հոդվածի 5-րդ կետը և
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը` որոշում է.
1. Հաստատել «Կուտակային կենսաթոշակային անուիտետի պայմանագրում ներառվող էական պայմանները»` համաձայն Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2013 թ. դեկտեմբերի 27 Երևան |
Հավելված Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 318-Ն որոշմամբ |
ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՆՈՒԻՏԵՏԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Ապահովագրական ընկերության կողմից առաջարկվող պարտադիր կուտակային կենսաթոշակային անուիտետի պայմանագիրն առնվազն պետք է ներառի հետևյալ պայմանները.
1) «կուտակային կենսաթոշակային անուիտետ» անվանումը, ընդ որում, անուիտետի ցանկացած պայմանագիր, որը ներառում է «կենսաթոշակային անուիտետ» բառակապակցությունը, դրա հոլովված ձևերը, օտար լեզվով այդ բառերի հայերեն տառադարձությունները, թարգմանությունները կամ դրանց զուգորդությունները պետք է բավարարեն սույն որոշմամբ սահմանված կուտակային կենսաթոշակային անուիտետի պայմանագրին ներկայացվող պահանջներին,
2) ապահովադիր հասկացությունը` համաձայն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
3) ապահովագրված անձ` ֆիզիկական անձ (անձինք), ում ապահովագրական ընկերությունը վճարում է անուիտետ,
4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 998 հոդվածով նախատեսված պայմանները` ըստ կիրառելության,
5) ամուսինների անուիտետի դեպքում` ամուսնության վկայականի սերիան և համարը,
6) ապահովադրի ժառանգների անձնական տվյալները,
7) անուիտետի վճարների չափը, ժամկետը, հաշվարկման մեթոդը,
8) պայման այն մասին, որ անուիտետի վճարումները կատարվում են ամսական պարբերականությամբ,
9) պայման այն մասին, որ անուիտետի վճարումները սկսվում են պայմանագրի կնքման օրվան հաջորդող ամսվա 1-ից,
10) պայման այն մասին, որ ամսական պարբերականությամբ վճարվող անուիտետի մեծությունը չպետք է պակաս լինի վճարման օրվան նախորդող 12-ամսյա կտրվածքով նվազագույն պարենային զամբյուղի միջին մեծությունից,
11) պայման այն մասին, որ պայմանագրի պայմանների փոփոխությունները կարող են կատարվել միայն ապագա ժամանակահատվածի համար, կողմերի համաձայնությամբ` պահպանելով սույն կարգի 11-րդ և 13-րդ կետերով նախատեսված պայմանները,
12) անուիտետի հաշվին հաշվեգրվող տոկոսադրույքի մեծությունը,
13) անուիտետի պայմանագրի երաշխավորված ժամկետը,
14) անուիտետի պայմանագրով նախատեսված տույժերի և տուգանքների չափերը և կիրառման դեպքերը, կարգն ու պայմանները,
15) պայման այն մասին, որ անուիտետի պայմանագրից բխող պարտավորությունները չեն կարող գրավադրվել որպես մեկ այլ պարտավորության կատարման ապահովման միջոց,
16) անուիտետի ժառանգման կարգը և պայմանները,
17) ապահովագրական (կենսաթոշակային) գաղտնիքը տրամադրելու կարգը և պայմանները,
18) պատասխանատվությունն անուիտետի պայմանագրի պայմանները խախտելու դեպքում,
19) պայմանագրի կողմերի միջև վեճերի լուծման կարգը:
2. Ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող կամավոր կուտակային կենսաթոշակային անուիտետի պայմանագիրը պետք է ներառի սույն կարգի 1-ին կետով սահմանված պայմանները, բացառությամբ 8-րդ և 9-րդ, 10-րդ կետերի, ինչպես նաև
1) ապահովագրական ընկերությանը փոխանցված միանվագ գումարի կամ պարբերական վճարների մեծությունը,
2) մինչև առաջին վճարումն անուիտետի` անուիտետի հաշվի վաղաժամկետ մասնակի նվազեցման հնարավորությունը և պայմանները,
3) ապահովագրավճարի վճարման պայմանները պարբերական վճարման դեպքում,
4) անուիտետի վճարման ձևը (միանվագ վճարի կամ տարաժամկետ վճարների տեսքով) կամ վճարման ձևը և կարգը,
5) պայման այն մասին, որ մասնակիցը կարող է ստանալ անուիտետը, ինչպես նաև դրա վրա հաշվեգրված տոկոսները միայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո կամ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված այլ դեպքերում,
6) Օրենքով սահմանված հիմքերով մինչև կենսաթոշակային տարիքը լրանալը անուիտետի գումարը ստանալու պայմանները, ժամկետները և կարգը,
7) ապահովադրի անուիտետի պայմանագրով ապահովագրողի պարտավորություններն իր կողմից ընտրված ապահովագրական ընկերությանը փոխանցելու իրավունքը և պայմանները,
8) մահվան վճարի մեծությունը, հաշվարկման կարգը: