ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ՄԻԿՈԲԱԿՏԵՐԻԱՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂ ԵՎ ԲՈՒԺՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓՈՂ ԹՈՔԱԽՏՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ՄԱՍԻՆ
Բնակչության առողջության պահպանությունն ուժեղացնելու և հանրապետությունում թոքախտի դեմ պայքարի ուղղությամբ կիրառվող միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հայկական ՍՍՀ գերագույն սովետի նախագահությունը որոշում է.
1. Սահմանել, որ միկոբակտերիաներ արտադրող թոքախտով հիվանդ անձինք, որոնք, չնայած բուժհիմնարկների և առողջապահության մարմինների նախազգուշացմանը, խուսափում են կամավոր բուժումից կամ խախտում են հիվանդանոցային ռեժիմը, ենթակա են ուղարկվելու չորս ամսից մինչև մեկ տարի ժամանակով հարկադիր բուժման` այդ նպատակով հայկական ՍՍՀ առողջապահության մինիստրության կողմից հատկացված հատուկ ռեժիմի բուժական հիմնարկներում:
2. Սույն հրամանագրի 1 հոդվածում նշված անձինք հարկադրական բուժման են ուղարկվում առողջապահության մարմնի բժշկական եզրակացության և միջնորդության հիման վրա հիվանդի մշտական կամ ժամանակավոր բնակության վայրի ժողովրդական դատարանի որոշմամբ: ժողովրդական դատարանը գործը քննում է ոչ ավելի քան 7-օրյա ժամկետում` կանչելով այն անձին, որի նկատմամբ միջնորդություն է հարուցվել հարկադրական բուժման ուղարկելու մասին:
Այն անձի դատարան չներկայանալը, որի նկատմամբ միջնորդություն է հարուցվել հարկադրական բուժման ուղարկելու մասին, չի կարող արգելք հանդիսանալ դատարանի կողմից հարցն ըստ էության լուծելուն:
Հարկադրական բուժման ուղարկելու կամ այն մերժելու մասին ժողովրդական դատարանի որոշումը գանգատարկման ենթակա չէ, բայց կարող է բողոքարկվել դատախազական հսկողության կարգով:
3. Այն անձը, որի նկատմամբ ընդունվել է հարկադրական բուժման որոշում, պարտավոր է համապատասխան բուժհիմնարկ ներկայանալ դատարանի որոշումը կայացնելու օրից երեք օրվա ընթացքում:
Նշված ժամկետում չներկայանալու կամ բուժհիմնարկից ինքնակամ հեռանալու դեպքում հարկադրական բուժման ուղարկված անձը բուժհիմնարկ է բերվում միլիցիայի մարմինների կողմից:
Հարկադրական բուժումը դադարեցվում է այն բուժհիմնարկի որոշմամբ, որտեղ հիվանդը բուժվում է:
4. Հիվանդի հարկադրական հոսպիտալացումից հետո նրա գույքի և ընտանիքի անչափահաս, ինչպես նաև այն չափահաս անդամների շահերի պաշտպանության հարցերը, ովքեր առողջական վիճակի պատճառով չեն կարող իրականացնել իրենց իրավունքներն ու պարտականությունները, լուծվում են օրենքով սահմանված կարգով:
5. Թոքախտով հիվանդացած և հակաթոքախտային հարկադրական բուժման մեջ գտնվող անձանց աշխատանքի տեղը, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում է մինչև տասներկու ամիս: հիշյալ ժամկետը լրանալու պատճառով աշխատանքից ազատելու դեպքում այդ անձանց աշխատանքի տեղավորումը, որպես կանոն, կատարվում է նախկին աշխատանքի վայրում կամ նրանց բնակության վայրի աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային սովետի գործադիր կոմիտեի կողմից:
6. Հանձնարարել հայկական ՍՍՀ մինիստրների սովետին` մշակել և իրականացնել սույն հրամանագրի կատարման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ:
7. Սույն հրամանագիրը կիրարկել 1977 թվականի հուլիսի 1-ից:
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի |
Բ. Սարկիսով |
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի |
Մ. Բախչինյան |
30 մարտի 1977 թվականի |