Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.02.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.07.10/36(976) Հոդ.587.45
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
15.02.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
15.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԿԴ/0077/11/12

Գործ թիվ ԵԿԴ/0077/11/12

Նախագահող դատավոր՝  Մ. Ռեհանյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

Հ. Ասատրյանի

 

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

 

 

2013 թվականի փետրվարի 15-ին

 Երևան քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի օգոստոսի 31-ի որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Սուսաննա Անտոնյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2010 թվականի հունիսի 23-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է թիվ 13130610 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Պողոսյանի 2011 թվականի հունվարի 22-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճվել է` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:

Երևան քաղաքի դատախազ Հ.Բադալյանի 2011 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճելու մասին ավագ քննիչ Ա.Պողոսյանի 2011 թվականի հունվարի 22-ի որոշումը վերացվել է, և գործն ուղարկվել է լրացուցիչ նախաքննության:

2. Լրացուցիչ նախաքննության արդյունքում ավագ քննիչ Ա.Պողոսյանը 2012 թվականի մարտի 30-ին որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու և բժիշկ-սեքսոպաթոլոգ Ա.Բաղդասարյանի, «Սեքսոպաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցային համալիրի, Վանաձոր քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոցի, Երևան քաղաքի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմերի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` նրանց արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Վերոգրյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազին բողոք է ներկայացրել տուժողի իրավահաջորդ Ս.Անտոնյանը, որը Երևան քաղաքի դատախազ Հ.Բադալյանի 2012 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ մերժվել է:

3. 2012 թվականի մայիսի 4-ին տուժողի իրավահաջորդ Ս.Անտոնյանը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել քրեական գործի վարույթը կարճելու մասին ավագ քննիչ Ա.Պողոսյանի 2012 թվականի մարտի 30-ի որոշումը:

Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունիսի 27-ի որոշմամբ տուժողի իրավահաջորդ Ս.Անտոնյանի բողոքը մերժվել է:

4. Տուժողի իրավահաջորդի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի օգոստոսի 31-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունիսի 27-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին:

5. Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել տուժողի իրավահաջորդ Ս.Անտոնյանը, որը Վճռաբեկ դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

6. 2010 թվականի մայիսի 31-ին Ս.Անտոնյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն այն մասին, որ «Սեքսապաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոն» ՍՊԸ-ում բժիշկ Ա.Բաղդասարյանի մոտ հետազոտվելուց և բուժում ստանալուց հետո իր որդու՝ Ա.Անտոնյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, և 2010 թվականի ապրիլի 5-ին նա մահացել է (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 2-3):

Ս.Անտոնյանը քրեական գործի ամբողջ քննության ընթացքում պնդել է, որ մահվան պատճառ հանդիսացած հիվանդությունն իր որդին ձեռք է բերել բժիշկ Ա.Բաղդասարյանի մոտ հետազոտվելու և բուժվելու ընթացքում (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 36-38, 41-42, 87-90, հատոր 2-րդ, թերթ 53, 60-61, 134-135, 144, 200-201, հատոր 3-րդ, թերթ 25-26, 53-54, 75-76, 87-88):

7. Քրեական գործում առկա են «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի շտապ օգնության բաժանմունքից առգրավված՝ Ա.Անտոնյանի անվամբ լրացված թվով 3 կանչի թերթիկները, որոնց համաձայն՝ Ա.Անտոնյանին բժշկական օգնություն ցուցաբերելու համար վերջինիս բնակարան մեկնած շտապ օգնության բրիգադը նրա մոտ աշխտորոշել է «ստենոկարդիայի նոպա» և ցուցաբերել համապատասխան օգնություն (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 228-231):

8. Նախաքննության մարմինը 2010 թվականի հուլիսի 6-ին գրությամբ դիմել է «Սեքսապաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոն» ՍՊԸ-ի ղեկավարին՝ խնդրելով «(…) հանձնարարել համապատասխան աշխատակիցներին քննությանը տրամադրել Ձեր կենտրոնում բուժօգնության դիմած հանգուցյալ Արման Սամվելի Անտոնյանի /ծնվ. 1980թ., հաշվառված՝ ք.Վանաձոր Նարեկացի 4/13 տուն/ վերաբերյալ առկա բոլոր փաստաթղթերի լուսապատճենները» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 59):

2010 թվականի հուլիսի 8-ին նախաքննության մարմինը գրությամբ տեղեկացվել է, որ «(…) Արման Սամվելի Անտոնյանը ս/թ հունվարի 25-ից մինչև ս/թ փետրվարի 19-ը ներառյալ բուժվել է «Սեքսապաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոն» ՍՊԸ-ում հետևյալ դիագնոզով. էքսկրետոր տոքսիկ ամլություն, սատալիտային ուռեոպլազմոս, բազմաթիվ անգամ բուժված ուռետրո-վեզիկուլիտ, պարենտիմատոզ պրոստատիտ: Հիվանդության պատմությունը տրվել է հիվանդին առձեռն» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 60):

9. Բժիշկ Ա.Բաղդասարյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Ա.Անտոնյանի հետազոտությունն իրականացվել է 2009 թվականի նոյեմբերին, իսկ բուժման կուրսն իրականացվել է 2010 թվականի հունվարի կեսերից: Այդ ընթացքում 15 օրվա կտրվածքով Ա.Անտոնյանն ամեն օր ընդունել է դեղահաբեր, ստացել մկանային ներարկումներ և մերսումներ: Մկանային ներարկումները կատարել է բուժքույր Սոնյա Շահսուվարյանը: Բուժման ավարտից հետո Ա.Անտոնյանի հիվանդության պատմագիրը հանձնվել է վերջինիս (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 80-82):

Հետագայում Ա.Բաղդասարյանը հայտնել է, որ Ա.Անտոնյանն իրենց կլինիկա է դիմել 9-ամյա առաջնային անպտղության գանգատներով, ինչի կապակցությամբ նա բազմիցս բուժվել է Երևանում, Վանաձորում, ինչպես նաև Վրաստանում, հուշաքննության մեջ հիվանդը նշել է, որ 2009 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին բուժվել է «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնում»: Ա.Բաղդասարյանը նշել է նաև, որ 9-ամյա անպտղությամբ տառապող անձի կյանքում չի կարելի բացառել արտամուսնական սեռական կապերը, հետևաբար հեպատիտ «B»-ի ձեռքբերման սեռական ուղին (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 1-5):

10. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի պետի 2011 թվականի փետրվարի 28-ի գրության համաձայն՝ «(…) քրեական գործի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալների կապակցությամբ հայտնում եմ, որ կենդանության օրոք Արման Սամվելի Անտոնյանը (…) որևէ մեկի հետ արտամուսնական կապեր չի ունեցել: Ոստիկանության Վանաձորի բաժնում Ա.Անտոնյանի վերաբերյալ նյութեր չեն նախապատրաստվել: Ա.Անտոնյանը մտերիմ ընկերներ չի ունեցել, հիմնականում շփվել է միայն իր ընտանիքի անդամների հետ: Թմրանյութեր օգտագործելու հակումներ չի ունեցել, ոստիկանության Վանաձորի բաժնում որպես թմրամոլ հաշվառման մեջ չի գտնվել» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 133):

«Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 2011 թվականի մարտի 22-ի գրության համաձայն՝ Ա.Անտոնյանը նարկոլոգիական կլինիկայում հաշվառման մեջ չի գտնվում (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 141):

«Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն» ՓԲԸ-ի 2011 թվականի հունիսի 23-ի գրության համաձայն՝ Ա.Անտոնյանը նշված կլինիկա բուժօգնության չի դիմել և որևէ հետազոտության չի ենթարկվել (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 196):

Այն հանգամանքը, որ Ա.Անտոնյանը չբերության գանգատներով որևէ այլ կլինիկայում բուժում չի ստացել, թմրանյութ չի օգտագործել և արտամուսնական սեռական կապեր չի ունեցել, իրենց ցուցմունքներում պնդել են Ա.Անտոնյանի մայրը, կինը, ինչպես նաև ընկերները և հարևանները (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 84-85, 87-90, հատոր 2-րդ, թերթ 173-184):

Ա.Անտոնյանի կնոջ՝ Գ.Նիկոլաևայի արյան լաբորատոր հետազոտությամբ պարզվել է, որ վերջինս վիրուսային հեպատիտ հիվանդությամբ չի տառապում (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 38):

11. Նախաքննության մարմնի 2010 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարության փորձագիտական հանձնաժողովի փորձագետներին (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 128-130): Ս.Անտոնյանը փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը չի ծանոթացել:

Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության արդյունքում կազմված եզրակացության համաձայն` Ա.Անտոնյանի մահն առաջացել է սուր լյարդային անբավարարությունից՝ կապված վիրուսային հեպատիտ «B»-ի ֆուլմինատիվ ընթացքով (կայծակնային չարորակ ձև)՝ լյարդի օջախային մեռուկների առաջացումով: Վիրուսային հեպատիտ «B»-ի փոխանցման մեխանիզմը պարենտերալ է, վարակումը կարող է տեղի ունենալ արյան միջոցով, ինչպես նաև սեռական ճանապարհով: Ինկուբացիոն (գաղտնի) շրջանը տևում է 1,5-ից 6 ամիս, կայծակնային ընթացքը, լյարդային կոմայի առաջացումով, կարող էր զարգանալ հիվանդության կլինիկական դրսևորման առաջին իսկ օրվանից: Ըստ շտապ օգնության կանչերի թերթիկների տվյալների՝ այն դրսևորվել է մահվանից 4-5 օր առաջ (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 240-257):

Նախաքննության մարմինը 2010 թվականի դեկտեմբերի 14-ին վերոգրյալ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության պատճենն ուղարկել է Ս.Անտոնյանին (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 26):

12. Նախաքննության մարմնի 2011 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ նշանակվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ ԳԲԳԳԿ փորձագետներին (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 219/1-219/5): Ս.Անտոնյանը կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը նույնպես չի ծանոթացել:

Կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության արդյունքում 2011 թվականի դեկտեմբերի 29-ին կազմված թիվ 127/ՀՁ եզրակացության համաձայն` Ա.Անտոնյանի մահը վրա է հասել սուր լյարդային անբավարարությունից, լյարդային էնցեֆալոպաթիայից, որոնք զարգացել են ֆուլմինանտ (կայծակնային չարորակ ընթացք) վիրուսային հեպատիտ «B»-ի հետևանքով: Փորձագետները նշել են, որ գործնական բժշկության մեջ իրականացվող բժշկական միջոցառումների ժամանակ հիվանդի՝ որևէ վարակիչ հիվանդությամբ, այդ թվում՝ հեպատիտ «B»-ով վարակվելու հնարավորությունը բացառել հնարավոր չէ: Սովորաբար «B» հեպատիտ հիվանդությունը ձեռք է բերվում պարենտերալ (արյան միջոցով) և սեռական ճանապարհով: Տվյալ դեպքում ասել, թե Ա.Անտոնյանն ինչ եղանակով կարող էր ձեռք բերել հիվանդությունը, հնարավոր չէ, հիվանդությամբ վարակումը կարող էր լինել մոտ 1,5-ից մինչև 6 ամիս ընկած ժամանակահատվածում, որը համապատասխանում է հիվանդության գաղտնի շրջանին: Ա.Բաղդասարյանի կողմից իրականացված բուժօգնության ընթացքում ախտորոշման առումով արյան հետազոտություն կատարելը պարտադիր չէր, սակայն մինչ համապատասխան բուժումներ նշանակելը, հատկապես հեպատոտոքսիկ ազդեցություն ունեցող այնպիսի դեղամիջոցի, ինչպիսին հանդիսանում է անտիբիոտիկ ռիֆամպիցինը, նպատակահարմար էր կատարել արյան քննություն հեպատիտ «B»-ի հայտնաբերման առումով, ինչպես նաև լյարդի ֆունկցիոնալ վիճակը պարզելու համար (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 42-47):

Նախաքննության մարմինը 2012 թվականի հունվարի 10-ին վերոգրյալ կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության պատճենն ուղարկել է Ս.Անտոնյանին (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 49):

13. 2011 թվականի փետրվարի 24-ին նախաքննության մարմինը հետևյալ բովանդակությամբ գրություն է ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն. «(…) քրեական գործի օբյեկտիվությունը և լրիվությունը ապահովելու համար խնդրվում է հանձնարարել համապատասխան աշխատակիցներին ստուգել և հնարավորինս սեղմ ժամկետում հայտնել, թե վերջին երեք տարիների ընթացքում ՀՀ-ում հեպատիտ «B» կայծակնային տեսակի հիվանդության դեպքեր գրանցվել են, թե ոչ, եթե այո, ապա անհրաժեշտ է հայտնել հիվանդների կենսագրական տվյալները և նրանցից յուրաքանչյուրին բուժօգնություն ցուցաբերած բուժհաստատությունները:

Հնարավորության դեպքում հայտնել նաև այդ հիվանդության հետևանքով մահացածների տվյալները և կրկին վերջիններիս բուժօգնություն ցուցաբերած բուժհաստատությունները:

Միաժամանակ խնդրվում է հայտնել Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններում հիվանդության պատմագրերը պահպանելու և հաշվառելու ինչ կարգ է գործում, ինչպես նաև հիվանդին բուժող բժիշկը իրավասու է վերջինիս անվամբ լրացված հիվանդության պատմագիրը բուժման կուրսն ավարտելուց հետո հանձնել հիվանդին և չպահպանել այն տվյալ բուժհաստատության արխիվում, եթե այո, ապա որ դեպքերում» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 131):

Քրեական գործի նյութերում բացակայում է նախաքննության մարմնի վերոգրյալ գրության պատասխանը:

14. 2012 թվականի փետրվարի 20-ին նախաքննության մարմինը կրկին նույնաբովանդակ գրություն է ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 126):

Ի պատասխան վերոգրյալ գրության 2012 թվականի մարտի 12-ին ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը հայտնել է. «(…) «Սեքսոպաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոն» ՍՊԸ-ն Կ-XX-000837 լիցենզիայով իրականացնում է բժշկական օգնություն և սպասարկում (…) տեսակները: Ընկերության գործունեությունն իրականացվում է հիմնարկի հաստատված կանոնադրության համաձայն:

Միաժամանակ հայտնում եմ, որ վարչական վիճակագրական հաշվետվությամբ առողջապահության նախարարություն են ներկայացվում վիրուսային հեպատիտ Բ-ի ընդհանուր դեպքերը, իսկ վիրուսային հեպատիտ Բ-ի «կայծակնային» կլինիկական ախտանշաններով դեպքերը հաշվետվական ձևով չեն ներկայացվում:

Ուստի վերոնշյալի վերաբերյալ Ձեզ լիարժեք տեղեկատվություն ներկայացնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ տվյալների հավաքագրում:

Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 136):

15. 2012 թվականի փետրվարի 22-ին Ս.Անտոնյանը դիմում է ներկայացրել քրեական գործի նախաքննության մարմնին՝ խնդրելով որդու մահվան կապակցությամբ իրականացվող քննության շրջանակներում իրեն ճանաչել տուժողի իրավահաջորդ (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 124):

Նախաքննության մարմինը 2012 թվականի մարտի 5-ին գրություն է ուղարկել Ս.Անտոնյանին, որն ունի հետևյալ բովանդակությունը. «Ի պատասխան Ձեր 22.03.2012թ. դիմումի հայտնվում է, որ (…) Կենտրոնականի քննչական բաժնում քննվող թիվ 13130610 քրեական գործի քննությամբ չի հիմնավորվել հանցագործության դեպքի առկայությունը, այն, որ Ա.Անտոնյանի մահը վրա է հասել քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի հետևանքով, որպիսի պայմաններում Դուք չեք կարող ճանաչվել որպես տուժողի իրավահաջորդ, քանի որ միայն հանցագործության հետևանքով մահացած կամ իր կամքն արտահայտելու ունակությունը կորցրած անձի մերձավոր ազգականը կարող է ճանաչվել տուժողի իրավահաջորդ» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 134):

16. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի պետը 2012 թվականի մարտի 15-ին գրությամբ հանձնարարել է քննիչ Ա.Պողոսյանին «հանգուցյալ Արման Անտոնյանի մայր Սուսաննա Անտոնյանին թիվ 13130610 քրեական գործով ճանաչել տուժողի իրավահաջորդ և վերջինիս պարզաբանել ՀՀ քր. դատ. օր-ի 59 հոդվածով սահմանված իրավունքներն ու պարտականությունները» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 137):

Նույն օրը նախաքննության մարմինը որոշում է կայացրել Ս.Անտոնյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին: Ս.Անտոնյանը նշված որոշմանը ծանոթացել է 2012 թվականի մարտի 22-ին (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 138):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

17. Բողոք բերած անձի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 41-րդ և 278-րդ հոդվածների պահանջները:

Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով ամրագրված կյանքի իրավունքի շրջանակներում արդյունավետ քննություն իրականացնելու պարտականությունից բխում է, որ եթե առողջ մարդը մուտք է գործում բժշկական հաստատություն և հետագայում ձեռք է բերում մահացու հիվանդություն (վարակ), որը նա նախկինում չի ունեցել, ապա պետությունը պարտավոր է ներկայացնել անձին մահվան հանգեցրած իրադարձությունների համոզիչ բացատրություն:

Ըստ բողոքաբերի` Ա.Անտոնյանի առողջական վիճակը «Սեքսոպաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոն» ՍՊԸ-ում բուժում ստանալուց հետո կտրուկ վատացել է, որի արդյունքում վրա է հասել նրա մահը: Մինչդեռ իրականացված նախաքննությամբ չի հերքվել այն վարկածը, որ Ա.Անտոնյանի մահվան պատճառ հանդիսացած հիվանդությամբ վերջինս վարակվել է նշված ընկերությունում բուժում ստանալու արդյունքում: Բացի այդ, նախաքննության մարմնի կողմից որպես վկա չեն հարցաքննվել անձինք, ովքեր կարող էին գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ հաղորդել, չեն կատարվել առերեսումներ, ինչպես նաև մի շարք հարցերի պարզաբանման ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել, որպիսի պայմաններում Ա.Անտոնյանի մահվան կապակցությամբ իրականացված քննությունը չի կարող համարվել արդյունավետ:

18. Բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ նախաքննության մարմինը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածների պահանջները:

Ըստ բողոքաբերի՝ Ա.Անտոնյանի մահվան կապակցությամբ իրականացված քննությունը հասանելի չի եղել նրա ընտանիքին: Այս կապակցությամբ բողոք բերած անձը նշել է, որ 2011 թվականին դիմում է ներկայացվել դատախազություն՝ խնդրելով Ս.Անտոնյանին ճանաչել տուժողի իրավահաջորդ: Ներկայացված դիմումը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազը 2011 թվականի սեպտեմբերի 19-ին մերժել է: 2012 թվականի փետրվարի 22-ին նույն խնդրանքով դիմում է ներկայացվել նախաքննության մարմնին, որը նույնպես մերժվել է: Արդյունքում Ս.Անտոնյանը չի կարողացել մասնակցել նախաքննության ընթացքին, ներկայացնել միջնորդություններ, մասնակցել փորձաքննությանը, փորձագետներին ուղղել հարցեր: Ս.Անտոնյանին տուժողի իրավահաջորդ են ճանաչել քրեական գործի վարույթը կարճելուց մի քանի օր առաջ:

19. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի օգոստոսի 31-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

20. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տուժողին (տուժողի իրավահաջորդին) քրեական գործով վարույթին մասնակից դարձնելու, ինչպես նաև կասկած հարուցող մահվան հանգամանքների վերաբերյալ պաշտոնապես արդյունավետ քննություն իրականացնելու վարույթն իրականացնող մարմնի պարտականությունների առումով առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

 

I. Գործի քննության հասանելիությունը տուժողի ընտանիքին

 

21. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Ա.Անտոնյանի մահվան փաստի առթիվ իրականացված քննությունը հասանելի՞ է եղել արդյոք վերջինիս ընտանիքին:

22. ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են:

Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:

Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք (…)»:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու (…) համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ (…) իր գործի հրապարակային քննության իրավունք (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «Քրեական դատավարությունն իրականացվում է՝ ապահովելու համար անձի, հասարակության և պետության պաշտպանությունը հանցագործությունից»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն`

«1. Տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս (...):

2. Տուժող ճանաչելու մասին որոշումն ընդունում է հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատարանը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի համաձայն՝

«1. Տուժողի իրավահաջորդ է ճանաչվում նրա մերձավոր ազգականներից մեկը, որը ցանկություն է հայտնել քրեական գործով վարույթում իրականացնել մահացած կամ իր կամքն արտահայտելու ունակությունը կորցրած տուժողի իրավունքները և պարտականությունները:

2. Տուժողի մերձավոր ազգականին նրա իրավահաջորդ ճանաչելու մասին որոշումն ընդունում է հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատարանը՝ նրա խնդրանքով (…):

4. Տուժողի իրավահաջորդը քրեական գործով վարույթին մասնակցում է տուժողի փոխարեն և ունի վերջինիս իրավունքները և պարտականությունները (…)»:

Հանցագործության արդյունքում տուժած անձի խախտված իրավունքների վերականգնումը որպես պետության պոզիտիվ պարտավորություն սահմանող վերոշարադրյալ դրույթների հիմքում ընկած են միջազգային-իրավական մի շարք փաստաթղթերում ամրագրված պահանջներ:

23. Սույն որոշման նախորդ կետում նշված միջազգային-իրավական փաստաթղթերի թվին է դասվում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից 1985 թվականին ընդունված «Տուժողի դերը քրեական իրավունքի և դատավարության շրջանակներում» N R(85) 11 հանձնարարականը, որի նախաբանում հատուկ ընդգծվել է, որ այն ընդունվել է` ելնելով այն հանգամանքից, որ քրեական արդարադատության նպատակները ավանդաբար ձևակերպվել են պետության և իրավախախտի միջև հարաբերությունների տիրույթում, ինչի արդյունքում այդ համակարգի գործադրումը հաճախ բարդացնում է տուժողի մոտ ծագած խնդիրները, այլ ոչ թե նպաստում դրանց լուծմանը: Մինչդեռ քրեական արդարադատության հիմնական գործառույթը պետք է լինի տուժողի պահանջները բավարարելը և շահերը պաշտպանելը:

Ելնելով վերոշարադրյալից և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ անհրաժեշտ է ամրացնել տուժողի վստահությունը քրեական արդարադատության համակարգի նկատմամբ` Նախարարների կոմիտեն Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններին հանձնարարել է վերանայել իրենց օրենսդրությունը և դատական պրակտիկան` քրեական արդարադատության համակարգում տուժողի դերը բարձրացնելու մի շարք ուղղություններով:

Քրեական արդարադատության համակարգում տուժողի պահանջմունքները բավարարելու և շահերը պաշտպանելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու պետությունների պարտականությունը սահմանված է նաև «Հանցագործության և իշխանության չարաշահման զոհերի արդարադատության հիմնական սկզբունքների մասին» Միացյալ ազգերի կազմակերպության N 40/34 բանաձևում, որի 4-րդ կետի համաձայն` հանցագործությունից տուժողները ներպետական օրենսդրությանը համապատասխան պետք է ունենան արդարադատության մատչելիության և իրենց պատճառված վնասի արագ փոխհատուցման իրավունք: Բանաձևի 6-րդ կետի համաձայն` անհրաժեշտ է օժանդակել այն բանին, որ դատական և վարչական ընթացակարգերը ըստ էության համապատասխանեն հանցագործության զոհերի պահանջներին, այդ թվում`

ա) դատական քննության ընթացքում տուժողների դերի, դատավարության իրականացման կարգի, ժամկետների և արդյունքների մասին տուժողներին տեղեկատվություն տրամադրելու միջոցով,

բ) վարույթի ցանկացած փուլում գործի էության վերաբերյալ տուժողներին կարծիք արտահայտելու հնարավորություն ապահովելու և այդ կարծիքները քննարկելու եղանակով, հատկապես երբ տվյալ հարցը վերաբերում է տուժողին,

գ) ամբողջ դատավարության ընթացքում տուժողին անհրաժեշտ օգնություն տրամադրելու եղանակով (...),

(…)

ե) գործերի քննության անհարկի ձգձգումները կանխելու և փոխհատուցման մասին կայացված որոշումները կատարելու միջոցով:

Հանցագործություններից տուժածների իրավունքների վերականգնման հիմնախնդրին է վերաբերում նաև «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիան:

24. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես անդրադարձել է տուժողի իրավունքների պաշտպանությունն ապահովելու պետության պարտականությանը: Մասնավորապես, Յանկովիցն ընդդեմ Խորվաթիայի գործով վճռի համաձայն` անձնական կյանքի գաղափարը ներառում է նաև անձի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի ներքո պետությունները կրում են անձի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունն այլ անձանց ոտնձգություններից պաշտպանելու պարտականություն: Այդ նպատակով նրանք պետք է հաստատեն ու գործնականում կիրառեն մասնավոր անձանց ոտնձգություններից պաշտպանություն տրամադրող համարժեք իրավական կառուցակարգ:

Խորվաթիայի քրեադատավարական օրենսդրությունը նախատեսում էր տուժողի իրավունքների պաշտպանության մի շարք կառուցակարգեր, այդ թվում` սուբսիդիար մեղադրողի գործառույթ իրականացնելու իրավունքը: Այդուհանդերձ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ պետությունը չի կատարել իր այդ պոզիտիվ պարտականությունը, քանի որ, inter alia, տուժողին իրական հնարավորություն չի տրվել իրականացնելու իր դեմ ոտնձգություն թույլ տված անձի քրեական հետապնդում (տե՛ս Jankovic v. Croatia գործով 2009 թվականի մարտի 5-ի վճիռը, գանգատ թիվ 38478/05, կետեր 25, 45, 57):

25. Հիմք ընդունելով սույն որոշման 22-24-րդ կետերում շարադրված իրավադրույթները և մոտեցումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական դատավարությունն իրականացվում է ոչ միայն հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու, այլև հանցագործության արդյունքում տուժողի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով: Այլ խոսքով՝ տուժողի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովումը հանդիսանում է քրեական դատավարության կարևորագույն խնդիրներից մեկը:

«Տուժող» հասկացությունը, որպես իրավաբանական կատեգորիա, բնութագրվում է ինչպես իրավական, այնպես էլ դատավարական հատկանիշներով: Որպես իրավական հասկացություն` այն արտացոլում է ֆիզիկական կամ իրավաբանական անձին անմիջականորեն հանցագործությամբ վնաս պատճառելու օբյեկտիվ փաստը: Դատավարական իմաստով այն սահմանում է, թե ինչպիսի պայմաններում և կարգով է հանցագործությունից վնաս կրած անձը դառնում քրեական դատավարության մասնակից` ձեռք բերելով որոշակի դատավարական իրավունքեր և պարտականություններ: Քրեադատավարական օրենքը նախատեսում է նաև տուժողի իրավահաջորդի ինստիտուտը, որը մահացած կամ իր կամքն արտահայտելու ունակությունը կորցրած տուժողի իրավունքների և շահերի ներկայացման ինքնուրույն ձև է: Իրավահաջորդության առաջացման համար անհրաժեշտ է, որ տուժողի մերձավոր ազգականներից մեկը ցանկություն հայտնի ներկայացնել նրա իրավունքները և պարտականությունները:

26. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տուժողի իրավաչափ շահերի շրջանակում է նրան հասցված վնասի վերականգնումը, վնաս պատճառած արարքի հանգամանքների ամբողջական բացահայտումը ու դրա ճիշտ քրեաիրավական որակումը, հանցանք կատարած անձի դատապարտումը և նրա նկատմամբ արդարացի պատժի նշանակումը: Հետևաբար, քրեական դատավարության ընթացքին տուժողի (տուժողի իրավահաջորդի) մասնակցությունը մի կողմից անհրաժեշտ նախապայման է վերջինիս իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու համար, մյուս կողմից, նպաստում է քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը: Քրեական վարույթում անհնար է իրականացնել դատավարական իրավունքներ և պարտականություններ՝ առանց դատավարության մասնակից լինելու, իսկ հանցագործության հետևանքով վնաս կրած անձի դեպքում արդյունավետ մասնակցությունը հնարավոր է միայն վարույթն իրականացնող մարմնի կողմից վերջինիս տուժող ճանաչելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո:

Տուժող ճանաչելու քրեադատավարական կարգին վերաբերող դրույթների համադրված վերլուծության արդյունքում կարելի է եզրահանգել, որ օրենսդիրը նշված դատավարական ակտի կայացման համար անհրաժեշտ նախապայման է համարում հանցագործության արդյունքում անձին բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս պատճառված լինելու կամ այդպիսի վնաս պատճառելու հավանականության հաստատումը, ինչը, սակայն, չի կարող մեկնաբանվել այնպես, որ անձին տուժող ճանաչելու համար անհրաժեշտ լինի հանցակազմի բոլոր տարրերի հաստատում կամ վնաս պատճառելու վերաբերյալ սպառիչ տվյալների հավաքագրում:

27. Այսպես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ քրեական գործ հարուցելու առիթի և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելու մասին: Նշված հոդվածի իմաստով՝ քրեական գործ հարուցելու հիմքեր են հանդիսանում այն տվյալները, որոնք վկայում են հանցագործության հատկանիշների առկայության մասին: Այլ խոսքով՝ եթե իրավասու պաշտոնատար անձը որոշում է կայացնում քրեական գործ հարուցելու մասին, ապա նա ձեռք բերված տվյալները բավարար է համարում հանցագործության փաստի (հանցակազմի օբյեկտիվ կողմի և օբյեկտի) առկայությունը հաստատված համարելու համար: Իսկ եթե քրեական գործ հարուցելու փուլում հայտնի է դառնում ենթադրյալ հանցագործությունից տուժած անձը, ապա վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է վերջինիս ճանաչել որպես տուժող և ներգրավել գործի քննությանը: Համանման կերպով, քրեական գործ հարուցելու փուլում վարույթն իրականացնող մարմինը մահացած կամ իր կամքն արտահայտելու ունակությունը կորցրած տուժողի մերձավոր ազգականներից մեկին պետք է ճանաչի տուժողի իրավահաջորդ, եթե նա այդպիսի ցանկություն է հայտնել:

Վճռաբեկ դատարանի վերոգրյալ դիրքորոշումը բխում է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի իմպերատիվ պահանջից առ այն, որ «Եթե [քրեական գործ հարուցելու] պահին հայտնի է հանցագործությունից տուժած անձը, քրեական գործ հարուցելու հետ միաժամանակ այդ անձը ճանաչվում է տուժող (…)»: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տուժող ճանաչելու քրեադատավարական կառուցակարգի միայն այդպիսի մեկնաբանության և կիրառության դեպքում է հնարավոր տուժողի (տուժողի իրավահաջորդի) համար ապահովել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածով նախատեսված իրավունքներից փաստացի օգտվելու հնարավորությունը և հասնել հանցագործության արդյունքում վնաս կրած անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու՝ քրեական դատավարության խնդրի արդյունավետ իրականացմանը:

28. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Անտոնյանի մահվան փաստի առթիվ 2010 թվականի հունիսի 23-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ (տե՛ս սույն որոշման 1-ին կետը):

Բողոքաբերի պնդմամբ դեռևս 2011 թվականին դիմում է ներկայացվել քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ խնդրելով իրեն ճանաչել տուժողի իրավահաջորդ, ինչը սակայն 2011 թվականի սեպտեմբերի 19-ին մերժվել է (տե՛ս սույն որոշման 18-րդ կետը):

Քրեական գործի նյութերից երևում է, որ Ս.Անտոնյանը 2012 թվականի փետրվարի 22-ին կրկին դիմել է վարույթն իրականացնող մարմնին՝ խնդրելով որդու մահվան կապակցությամբ իրականացվող նախաքննության շրջանակներում իրեն ճանաչել տուժողի իրավահաջորդ:

Գործը վարող քննիչը 2012 թվականի մարտի 5-ին գրությամբ մերժել է ներկայացված դիմումը՝ պատճառաբանելով, որ քրեական գործի քննությամբ չի հիմնավորվել հանցագործության դեպքի առկայությունը, այն, որ Ա.Անտոնյանի մահը վրա է հասել քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի հետևանքով, ուստի Ս.Անտոնյանը չի կարող ճանաչվել տուժողի իրավահաջորդ (տե՛ս սույն որոշման 15-րդ կետը):

 2012 թվականի մարտի 15-ին քննչական բաժնի պետի գրավոր հանձնարարությունից հետո միայն նախաքննության մարմինը որոշում է կայացրել Ս.Անտոնյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին: Ս.Անտոնյանը նշված որոշմանը ծանոթացել է 2012 թվականի մարտի 22-ին (տե՛ս սույն որոշման 16-րդ կետը):

2012 թվականի մարտի 30-ին քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):

29. Սույն որոշման 25-27-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որդու մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Ս.Անտոնյանին վերջինիս խնդրանքով չճանաչելով տուժողի իրավահաջորդ՝ նախաքննության մարմինն անհամաչափորեն սահմանափակել է նրա իրավունքներն ու օրինական շահերը, Ս.Անտոնյանը զրկված է եղել քրեադատավարական օրենքով իրեն վերապահված իրավունքներից օգտվելու փաստացի հնարավորությունից:

Ինչ վերաբերում է 2012 թվականի մարտի 15-ին Ս.Անտոնյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին նախաքննության մարմնի որոշմանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն ըստ էության ձևական բնույթ է կրել, քանի որ Ս.Անտոնյանը նշված որոշմանը ծանոթացել է 2012 թվականի մարտի 22-ին, երբ գործի քննությունը փաստացի ավարտված է եղել, և մի քանի օր անց՝ 2012 թվականի մարտի 30-ին, քրեական գործի վարույթը կարճվել է:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Անտոնյանի մահվան փաստի առթիվ իրականացված քննությունը հասանելի չի եղել վերջինիս ընտանիքին:

 

II. Ա.Անտոնյանի մահվան փաստի առթիվ իրականացված քննության արդյունավետությունը

 

30. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցը հետևյալն է. Ա.Անտոնյանի մահվան փաստի առթիվ իրականացվե՞լ է արդյոք արդյունավետ քրեադատավարական քննություն:

31. ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք (…)»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով:

(…)»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` այն դեպքում, երբ անհրաժեշտ է եղել հավաստել, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքները ոչ թե տեսական կամ պատրանքային են, այլ գործնական են և արդյունավետ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի տարբեր հոդվածների համատեքստերում սահմանվել են դատավարական պարտականություններ (տե՛ս B. v. tհe Սnited Kingdom գործով 1987 թվականի հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 9840/82, կետ 63, M.C. v. Bulgaria գործով 2003 թվականի դեկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 39272/98, կետեր 148-153 և Cyprus v. Turkey գործով 2001 թվականի մայիսի 10-ի վճիռը, գանգատ թիվ 25781/94, կետ 147):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածները մեկնաբանել է որպես այդ դրույթների նյութաիրավական կողմերի ենթադրյալ խախտման կապակցությամբ արդյունավետ քննություն իրականացնելու դատավարական պարտականություն սահմանող նորմեր` հաշվի առնելով այս իրավունքների հիմնարար բնույթը (տե՛ս McCann and Օthers v. The Սnited Kingdom գործով 1995 թվականի սեպտեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 18984/91, կետեր 157-164, Ergi v. Tսrkey գործով 1998 թվականի հուլիսի 28-ի վճիռը, գանգատ թիվ 23818/94, կետ 82 և Assenov and Օthers v. Bulgaria գործով 1998 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 24760/94, կետեր 101-106):

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետը պետություններին պարտավորեցնում է ոչ միայն ձեռնպահ մնալ անձանց կյանքի նկատմամբ դիտավորյալ, անօրինական ոտնձգություններից, այլ նաև սահմանում է, որ պետությունները պետք է իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց կյանքի պաշտպանության համար համապատասխան քայլեր ձեռնարկեն (ի թիվս այլոց, տե՛ս Օsman v. the Սnited Kingdom գործով 1998 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 87/1997/871/1083 կետ 115):

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված կյանքի իրավունքի պատշպանությունն անուղղակիորեն պետությունից պահանջում է անձանց մահվան կապակցությամբ պաշտոնապես օբյեկտիվ քննություն իրականացնել: Նման քննություն իրականացնելու պարտականությունը ծագում է բոլոր դեպքերում՝ սպանության կամ կասկած հարուցող մահվան դեպքերում՝ անկախ նրանից, թե հանցանք կատարած անձինք անհատներ են, թե պետական մարմիններ կամ անհայտ անձինք (տե՛ս Nachova and Օthers v. Bulgaria գործով 2005 թվականի հուլիսի 6-ի վճիռը, գանգատներ թիվ 43577/98, 43579/98, կետ 110):

Քննությունն արդյունավետ կարող է համարվել այն դեպքում, երբ հնարավոր կլինի քննությամբ ձեռք բերված փաստերը համադրել և հանցանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկել: Իշխանությունները տեղի ունեցած իրադարձությունը բացահայտելու համար պետք է ձեռնարկեն հասանելի, խելամիտ քայլեր՝ վկաների հարցաքննություն, դատաբժշկական փորձաքննության նշանակում, ինչպես նաև դիահերձում, ինչը թույլ կտա բացահայտել առկա վնասվածքների ամբողջական և իրական պատկերը, ինչպես նաև մահվան պատճառը (տե՛ս Tanrikulu v. Turkey գործով 1999 թվականի հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 23763/94, կետ 109 և Gül v. Turkey գործով 2000 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 22676/93, կետ 89): Քննության եզրակացությունը պետք է հիմնված լինի գործով առկա փաստերի ամբողջական, օբյեկտիվ և անկողմնակալ վերլուծության վրա: Քննության ընթացքում կիրառման ենթակա միջոցները բացարձակ իրավունք չեն սահմանում մեղադրելու կամ դատապարտելու համար և քննության ընթացքում ցանկացած խախտում կամ հանցանք կատարած անձին չհայտնաբերելը դիտվում է որպես արդյունավետության պահանջի խախտում (տե՛ս Esat Bayram v. Turkey գործով 2009 թվականի մայիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 75535/01, կետ 47 և Ramsahai aոd Օthers v. the Netherlands գործով 2007 թվականի մայիսի 15-ի վճիռը, գանգատ թիվ 52391/99, կետ 321):

Քննությունն արդյունավետ համարելու համար այն իրականացնող պատասխանատու մարմիններն օրենքով և գործնականում պետք է անկողմնակալ և անկախ լինեն: Սա նշանակում է, որ ոչ միայն ենթակարգային կապի, այլ պրակտիկ գործունեության մեջ այս մարմինները պետք է անկախ լինեն (տե՛ս Ramsahai aոd Օthers գործով 2007 թվականի մայիսի 15-ի վճիռը, կետեր 325, 333-346, Scavuzzo-Hager and Օthers v. Switzerland գործով 2006 թվականի փետրվարի 7-ի վճիռը, գանգատ թիվ 41773/98, կետեր 78, 80-86): Անհրաժեշտ է նաև հասարակության անդամներին ինչպես քննության, այնպես էլ դրա արդյունքների վերաբերյալ համապատասխան տեղեկություններով ապահովել, հասարակության անդամների մոտ վստահություն առաջացնել օրենքի գերակայության նկատմամբ, ինչպես նաև բացառել հանցավոր համագործակցությունը կամ հանցավոր արարքների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերելը: Բոլոր դեպքերում, տուժողները պետք է ներառվեն քննության մեջ՝ վերջիններիս օրինական շահերն ապահովելու նպատակով (տե՛ս Güleç v. Turkey գործով 1998 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 54/1997/838/1044, կետ 82):

32. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Անտոնյանը 2009 թվականի նոյեմբեր ամսին չբերության գանգատներով դիմել է «Սեքսոպաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բժիշկ-սեքսոպաթոլոգ Ա.Բաղդասարյանին և անցել է համապատասխան հետազոտություններ: 2010 թվականի հունվարի կեսերից Ա.Անտոնյանը բժիշկ Ա.Բաղդասարյանի մոտ բուժման կուրս է անցել, որից հետո՝ 2010 թվականի մարտ ամսվա վերջերին, Ա.Անտոնյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նա տեղափոխվել է Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցային համալիր, ապա ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է «B» հեպատիտ վիրուս դրական: 2010 թվականի ապրիլի 1-ին Ա.Անտոնյանն անգիտակից, կոմային վիճակում տեղափոխվել է Երևան քաղաքի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, 2010 թվականի ապրիլի 5-ին մահացել է:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննություն, ինչպես նաև դրա օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններին Ա.Անտոնյանի մայրը՝ Ս.Անտոնյանը, բազմիցս պնդել է, որ մահվան պատճառ հանդիսացած հիվանդությունը որդին ձեռք է բերել բժիշկ Ա.Բաղդասարյանի մոտ հետազոտվելու և բուժում ստանալու ընթացքում (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Տուժողի իրավահաջորդի այս հայտարարություններն ակնհայտ անհիմն չեն և ենթադրում են, որ Ա.Անտոնյանի մահվան կապակցությամբ իրականացված քննության արդյունավետությունը գնահատելու համար նախևառաջ պետք է պարզել, թե մինչդատական վարույթն իրականացնող մարմինը գործով հավաքված փաստական տվյալների ամբողջական, օբյեկտիվ և անկողմնակալ վերլուծության հիման վրա հերքե՞լ է արդյոք բողոքաբերի վերոնշյալ պնդումը:

33. Սույն գործով իրականացված քննչական գործողությունների և դրանց արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ՝

ա) վարույթն իրականացնող մարմինն անմիջապես չի կատարել անհրաժեշտ անհետաձգելի քննչական գործողություններ, մասնավորապես միջոցներ չի ձեռնարկել «Սեքսոպաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոն» ՍՊԸ-ից Ա.Անտոնյանի վերաբերյալ փաստաթղթերը և գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այլ պարագաները (հիվանդության պատմագրերը, իրականացված հետազոտությունների արդյունքները, բժշկական միջամտության առարկաները և այլն) առգրավելու ուղղությամբ: Դրա փոխարեն նախաքննության մարմինը գրությամբ դիմել է «Սեքսոպաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոն» ՍՊԸ-ի ղեկավարությանը՝ խնդրելով քննությանը տրամադրել Ա.Անտոնյանի վերաբերյալ առկա բոլոր փաստաթղթերը, որին ի պատասխան ընկերության ղեկավարությունը հայտնել է, որ հիվանդության պատմագիրը տրվել է հիվանդին առձեռն (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Գործի հետագա քննության ընթացքում Ա.Անտոնյանի հիվանդության պատմագիրն այդպես էլ չի հայտնաբերվել:

բ) Մինչդատական վարույթն իրականացնող մարմինը չի պարզել «Սեքսոպաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոն» ՍՊԸ-ում Ա.Անտոնյանի հետ նույն ժամանակահատվածում բուժում ստացած անձանց շրջանակը և նրանց ախտորոշումները:

գ) Տվյալներ ունենալով առ այն, որ բժիշկ Ա.Բաղդասարյանի կողմից նշանակված բուժման գործընթացն անմիջականորեն իրականացրել է բուժքույր Ս.Շահսուվարյանը (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը)՝ նախաքննության մարմինը երբևէ չի հարցաքննել նրան:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ՝ (ա), (բ), (գ) ենթակետերում նշված գործողությունների կատարման պարագայում վարույթն իրականացնող մարմինը հնարավորություն կստանար պարզելու, թե մահվան պատճառ հանդիսացած հիվանդությունը Ա.Անտոնյանը ձեռք է բերել մինչև «Սեքսոպաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոն» ՍՊԸ-ում հետազոտվելը և բուժում ստանալը, թե այդ ընթացքում:

34. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատկան մարմինները, չպահպանելով քրեադատավարական օրենքի պահանջները, շահագրգիռ երրորդ կողմին՝ Ս.Անտոնյանին, մասնակից չեն դարձրել որդու մահվան պատճառները բացահայտելու նպատակով նշանակված դատաբժշկական փորձաքննություններին: Նախաքննության մարմինը վերջինիս է ներկայացրել արդեն հաստատված փաստերը, ex post facto մահվան պատճառը բացահայտող փորձաքննությունների արդյունքները (տե՛ս սույն որոշման 11-12-րդ կետերը): Այն, որ բողոքաբերը որպես շահագրգիռ երրորդ կողմ չի մասնակցել գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող վերոնշյալ քննչական գործողություններին, խոչընդոտել է վերջինիս իրավունքների իրացմանը և սահմանափակել քննությանը նրա մասնակցության հնարավորությունը՝ դրանով կասկածի տակ դնելով կատարված քննչական գործողությունների արդյունքները:

Այդուհանդերձ, սույն գործով ստացված երկու դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններն էլ չեն բացառում բողոքաբերի այն պնդումը, թե իր որդին հեպատիտ «B» հիվանդությամբ վարակվել է «Սեքսոպաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոն» ՍՊԸ-ում հետազոտվելու և բուժում ստանալու ընթացքում: Նշված եզրակացությունների համաձայն՝ Ա.Անտոնյանի մահը վրա է հասել սուր լյարդային անբավարարությունից, լյարդային էնցեֆալոպաթիայից, որոնք զարգացել են ֆուլմինանտ (կայծակնային չարորակ ընթացք) վիրուսային հեպատիտ «B»-ի հետևանքով: Հեպատիտ «B» հիվանդությունը ձեռք է բերվում պարենտերալ (արյան միջոցով) և սեռական ճանապարհով:

Փորձագետները, չբացառելով բժշկական միջոցառումների ժամանակ հիվանդի՝ որևէ վարակիչ հիվանդությամբ, այդ թվում՝ հեպատիտ «B»-ով վարակվելու հնարավորությունը, շեշտել են, որ տվյալ հիվանդությամբ Ա.Անտոնյանի վարակումը կարող էր լինել հիվանդության առաջին նշաններն ի հայտ գալուց մոտ 1,5-ից մինչև 6 ամիս առաջ ընկած ժամանակահատվածում, ինչը ժամանակային առումով նույնպես համընկնում է «Սեքսոպաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոն» ՍՊԸ-ում Ա.Անտոնյանի կողմից հետազոտվելու, իսկ այնուհետև նաև բուժում ստանալու ժամանակահատվածին: Փորձագետները շեշտել են նաև, որ թեև Ա.Բաղդասարյանի կողմից իրականացված բուժօգնության ընթացքում ախտորոշման առումով արյան հետազոտություն կատարելը հեպատիտ «B»-ի հայտնաբերման համար պարտադիր չէր, սակայն մինչ համապատասխան բուժումներ նշանակելը, հատկապես հեպատոտոքսիկ ազդեցություն ունեցող այնպիսի դեղամիջոցների, ինչպիսին հանդիսանում է անտիբիոտիկ ռիֆամպիցինը, նպատակահարմար էր կատարել արյան քննություն հեպատիտ «B»-ի հայտնաբերման, ինչպես նաև լյարդի ֆունկցիոնալ վիճակը պարզելու առումով (տե՛ս սույն որոշման 11-12-րդ կետերը):

35. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ բժիշկ Ա.Բաղդասարյանը քննությանը հայտնել է, որ Ա.Անտոնյանը մինչև իրեն դիմելը բազմաթիվ անգամներ չբերության դեմ բուժում է ստացել այլ բժշկական հաստատություններում: Ա.Բաղդասարյանը չի բացառել նաև, որ Ա.Անտոնյանն ունեցել է արտամուսնական կապեր (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը): Մինչդեռ տուժողի մայրը և կինն իրենց ցուցմունքներում հերքել են Ա.Անտոնյանի կողմից այլ բժշկական հաստատություններում բուժում ստանալու հանգամանքը: Ա.Անտոնյանի կինը՝ Գ.Նիկոլաևան, իր ցուցմունքներում նշել է նաև, որ քանի որ իրենք երեխա չեն ունեցել և բուժում ստանալիս են եղել, բժիշկներն իրենց խորհուրդ են տվել ընդհանրապես զերծ մնալ սեռական հարաբերություններից, մինչև վերջնական բուժումը: Վիրուսային հեպատիտ հիվանդություն հայտնաբերելու նպատակով իրականացված՝ Գ.Նիկոլաևայի արյան լաբորատոր հետազոտությունը բացասական արդյունք է տվել (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

Նախաքննության մարմինը մի շարք միջոցառումներ է ձեռնարկել պարզելու, թե արդյոք Ա.Անտոնյանն ունեցել է արտամուսնական կապեր, օգտագործել է թմրանյութ կամ որևէ այլ բժշկական հաստատությունում բժշկական օգնություն ստացել է (այդ թվում՝ չբերության գանգատներով), թե ոչ: Իրականացված բոլոր միջոցառումների արդյունքները եղել են բացասական, քննությամբ ձեռք չի բերվել որևէ փաստական տվյալ, ինչը հիմք կտար կարծելու, որ Ա.Անտոնյանը հեպատիտ «B» հիվանդությունը ձեռք է բերել սեռական ճանապարհով, թմրանյութ օգտագործելու արդյունքում կամ այլ հաստատությունում բժշկական օգնություն ստանալիս (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

36. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ նախաքննության մարմինը դեռևս 2011 թվականի փետրվարի 24-ին գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե վերջին երեք տարիների ընթացքում ՀՀ-ում հեպատիտ «B» կայծակնային տեսակի հիվանդության դեպքեր գրանցվել են, թե ոչ և եթե այո, ապա հայտնել հիվանդների կենսագրական տվյալները և նրանց բուժօգնություն ցուցաբերած հաստատությունների ցանկը: Միաժամանակ խնդրվել է հայտնել ՀՀ բուժհաստատություններում հիվանդության պատմագրերը պահպանելու և հաշվառելու ինչ կարգ է գործում, ինչպես նաև պարզաբանել, թե բուժող բժիշկն իրավասու է արդյոք հիվանդի անվամբ լրացված հիվանդության պատմագիրը բուժման կուրսն ավարտելուց հետո հանձնել վերջինիս և չպահպանել այն տվյալ հաստատության արխիվում (տե՛ս սույն որոշման 13-րդ կետը):

Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող նշված գրությունը մնացել է անպատասխան: Մեկ տարի անց՝ 2012 թվականի փետրվարի 20-ին, նախաքննության մարմինը կրկին նույնաբովանդակ գրություն է ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն, որին ի պատասխան 2012 թվականի մարտի 14-ին ստացվել է գրություն այն մասին, որ «Սեքսոպաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոն» ՍՊԸ-ի գործունեությունն իրականացվում է իր կանոնադրության համաձայն: Բացի այդ, տեղեկացվել է, որ վարչական վիճակագրական հաշվետվությամբ առողջապահության նախարարություն են ներկայացվում վիրուսային հեպատիտ «B»-ի ընդհանուր դեպքերը, իսկ վիրուսային հեպատիտ «B»-ի կայծակնային կլինիկական ախտանիշներով դեպքերը հաշվետվական ձևով չեն ներկայացվում, ուստի վերոնշյալի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն ներկայացնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ տվյալների հավաքագրում, իսկ արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի (տե՛ս սույն որոշման 14-րդ կետը):

Դրանից հետո նախաքննության մարմինը որևէ միջոց չի ձեռնարկել գործի օբյեկտիվ քննության ապահովման համար հանգուցային նշանակություն ունեցող վերոնշյալ երկու հարցերի պարզաբանման ուղղությամբ, մասնավորապես, չի փորձել սպառիչ պատասխան ստանալ այն հարցին, թե ի վերջո ՀՀ բուժհաստատություններում հիվանդության պատմագրերը պահպանելու և հաշվառելու ինչ կարգ է գործում, ինչպես նաև չի պահանջել և ստացել գրանցված վիրուսային հեպատիտ «B»-ի ընդհանուր կամ կայծակնային կլինիկական ախտանիշներով դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը: ՀՀ առողջապահության նախարարության հիշատակված գրությունը ստանալուց մի քանի օր անց՝ 2012 թվականի մարտի 30-ին, քրեական գործի վարույթը կարճվել է:

37. Տուժողի ընտանիքի անդամների պնդմամբ 2010 թվականի մարտի 27-ին, երբ Ա.Անտոնյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, բարձրացել է ջերմությունը և նա չի կարողացել շարժվել, իրենք ահազանգել են Վանաձոր քաղաքի շտապ օգնության անձնակազմին, որոնք ժամանելով՝ ստուգել և հայտնել են, որ կարիք չկա անհանգստանալու, և Ա.Անտոնյանի մոտ ուղղակի գրիպային վիճակ է: 2010 թվականի մարտի 30-ին Ա.Անտոնյանի վիճակն ավելի է վատացել, կրկին շտապ օգնության կանչ են գրանցել և ժամանած անձնակազմը նորից պնդել է, որ նրա մոտ գրիպային վիճակ է: 2010 թվականի մարտի 31-ին, տեսնելով, որ Ա.Անտոնյանի վիճակը գնալով վատանում է, շտապ օգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց:

«Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի շտապ օգնության բաժանմունքից քննությամբ առգրավված կանչի թերթիկները նույնպես վկայում են, որ շտապ օգնության բրիգադը մի քանի անգամ այցելել է վատառողջ Ա.Անտոնյանին, նրա մոտ ախտորոշել ստենոկարդիայի նոպա և համապատասխան օգնություն ցուցաբերել (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմինը որևէ իրավական գնահատական չի տվել Ա.Անտոնյանին առաջին բուժօգնություն ցուցաբերած շտապ օգնության աշխատակիցների կողմից իրենց մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում ցուցաբերած թերացումներին:

38. Վերոգրյալից բացի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ լրացուցիչ նախաքննության արդյունքում կայացված՝ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման մեջ վարույթն իրականացնող մարմինը չի հստակեցրել այն անձանց շրջանակը, ում արարքում հանցակազմի բացակայության պատճառով քրեական հետապնդում չի իրականացվում: Մասնավորապես, քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման մեջ առկա՝ ««Սեքսոպաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցային համալիրի, Վանաձոր քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոցի, Երևան քաղաքի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմերի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել» ձևակերպումից (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը) երևում է, որ վարույթն իրականացնող մարմինը, խախտելով ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածով նախատեսված՝ անձնական պատասխանատվության սկզբունքը, լուծել է վերոնշյալ չորս հաստատությունների ամբողջ բուժանձնակազմերի քրեական պատասխանատվության հարցը:

 39. Սույն որոշման 32-38-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելով կյանքի իրավունքի դատավարական բաղադրիչի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ սույն որոշման 31-րդ կետում մեջբերված դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Անտոնյանի մահվան փաստի առթիվ արդյունավետ քրեադատավարական քննություն չի իրականացվել:

40. Հիմք ընդունելով սույն որոշման 21-39-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի քննության ընթացքում ստորադաս դատարանները սույն որոշման 29-րդ և 39-րդ կետերում շարադրված` մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ տրված խախտումների լույսի ներքո չեն գնահատել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին ավագ քննիչ Ա.Պողոսյանի 2012 թվականի մարտի 30-ի որոշումը, ինչը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների հիման բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունիսի 27-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի օգոստոսի 31-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Ա. Պողոսյան

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

 

Ս. Օհանյան