ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մարտի 2013 թվականի N 267-Ն
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի N 1661-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել դիվանագետի ատեստավորման անցկացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 25-ի «Դիվանագետի ատեստավորումն անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 1661-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մարտի 26 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 21-ի N 267-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են դիվանագետի ատեստավորման անցկացման հետ կապված հարաբերությունները:
2. Դիվանագետի ատեստավորումն անցկացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից` «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 34-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ դիվանագետին հերթական դիվանագիտական աստիճան կամ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում՝ ժամկետից շուտ կամ արտահերթ դիվանագիտական աստիճան շնորհելու, ինչպես նաև սույն կարգի 28-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում զբաղեցրած պաշտոնին դիվանագետի համապատասխանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին (այսուհետ՝ նախարար) եզրակացություն ներկայացնելու համար:
II. ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ` ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
3. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ դիվանագետին հերթական դիվանագիտական աստիճան շնորհելու նպատակով դիվանագետի ատեստավորումն անցկացվում է օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետները լրանալուց հետո` ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման համար պատասխանատու ստորաբաժանումը (այսուհետ՝ ստորաբաժանում), յուրաքանչյուր ամսվա 1-ին, այն դիվանագետներին, որոնց հերթական դիվանագիտական աստիճան ստանալու ժամկետը լրացել է նախորդ ամսվա ընթացքում, տեղեկացնում է հերթական դիվանագիտական աստիճան ստանալու համար հանձնաժողովին դիմում ներկայացնելու իրավունքի մասին: Արձակուրդում, գործուղման (բացառությամբ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասում նշված գործուղման) մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ դիվանագետները հերթական դիվանագիտական աստիճան ստանալու համար հանձնաժողովին դիմում ներկայացնելու իրավունքի մասին տեղեկացվում են աշխատանքի ներկայանալուց հետո 15-օրյա ժամկետում:
5. Ստորաբաժանումը եռօրյա ժամկետում կազմում է հերթական դիվանագիտական աստիճան ստանալու համար ատեստավորում անցնելու մասին դիմում ներկայացրած դիվանագետների ցանկը և ներկայացնում հանձնաժողովի նախագահին ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին (այսուհետ՝ գլխավոր քարտուղար):
6. Հանձնաժողովի նախագահը, խորհրդակցելով գլխավոր քարտուղարի հետ, ցանկում ընդգրկված դիվանագետների ատեստավորման հարցն ընդգրկում է հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում, որը նշանակվում է ոչ շուտ, քան մեկ ամիս հետո, կամ առաջիկա նիստին հաջորդող նիստում` բացառությամբ սույն կարգի 9-րդ կետով նախատեսված դեպքի:
7. Ստորաբաժանումը հանձնաժողովի նիստի օրակարգում դիվանագետների ատեստավորման հարցն ընդգրկելու մասին անհապաղ տեղեկացնում է այդ դիվանագետներին և նրանց անմիջական ղեկավարներին:
8. Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում դիվանագետի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:
9. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված ատեստավորումն անցկացնելու դեպքում նախարարը դիմում է հանձնաժողովին՝ հաձնաժողովի առաջիկա նիստում դիվանագետին ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճան կամ արտահերթ դիվանագիտական աստիճան շնորհելու հարցը քննարկման դնելու համար: Հանձնաժողովի նիստի օրակարգում հարցն ընդգրկելու մասին արտահերթ ատեստավորման ենթակա դիվանագետը և նրա անմիջական ղեկավարը տեղեկացվում են անհապաղ:
10. Հանձնաժողովի նիստի վերաբերյալ սույն կարգի 7-րդ կետում նշված կարգով տեղեկանալուց հետո դիվանագետի անմիջական ղեկավարը նիստից առնվազն 10 օր առաջ ներկայացնում է դիվանագետի ծառայողական բնութագիրը` բացառությամբ սույն կարգի 11-րդ կետի:
11. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված դեպքում ծառայողական բնութագիրը կարող է պահանջվել եռօրյա ժամկետում:
12. Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի դիվանագետի մասին տվյալներ և նրա գործնական, մարդկային հատկանիշների ու ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը:
13. Այն դեպքում, երբ դիվանագետը համապատասխան անմիջական ղեկավարի ենթակայության ներքո աշխատել է 6 ամսվանից պակաս ժամկետով, հնարավորության դեպքում, ծառայողական բնութագիրը պահանջվում է նաև դիվանագետի նախկին անմիջական ղեկավարից, որը ծառայողական բնութագիրը ներկայացնում է սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված ժամկետներում և կարգով:
14. Դիվանագետն ատեստավորման անցկացման օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին` բացառությամբ սույն կարգի 11-րդ կետով նախատեսված դեպքի:
15. Ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել դիվանագետի ատեստավորման արդյունքների վրա:
16. Եթե դիվանագետը համաձայն չէ անմիջական ղեկավարի ներկայացրած ծառայողական բնութագրին, ապա նա կարող է իր առարկությունները ներկայացնել հանձնաժողովին:
17. Ատեստավորման ենթակա դիվանագետը ներկայացնում է նաև տեղեկանք վերջին տարվա ընթացքում իր կողմից պատրաստված վերլուծական և տեղեկատվական նյութերի մասին (համապատասխան ստորաբաժանման ղեկավարի գնահատականներով), ինչպես նաև գործուղումների, իր գործունեությունից բխող տարբեր միջոցառումներում ունեցած ելույթների և զեկույցների, տարբեր միջոցառումների կազմակերպմանն ունեցած մասնակցության մասին (համապատասխան ստորաբաժանման ղեկավարի գնահատականներով): Հանձնաժողովը կարող է պահանջել նշված վերլուծական, տեղեկատվական նյութերի, ելույթների, զեկույցների օրինակներ՝ ծանոթանալու նպատակով:
18. Ստորաբաժանումը հանձնաժողովի նիստից առնվազն երեք օր առաջ ապահովում է նիստի փաստաթղթերը հանձնաժողովի անդամներին ներկայացնելը:
19. Ատեստավորումն անցկացվում է փաստաթղթային ուսումնասիրության եղանակով: Փաստաթղթային ուսումնասիրության ընթացքում ուսումնասիրվում են դիվանագետի անձնական գործը, սույն կարգի 17-րդ կետով նախատեսված տեղեկանքը, ինչպես նաև ծառայողական բնութագիրը, ծառայողական բնութագրի վերաբերյալ դիվանագետի առարկությունները (այդպիսիք լինելու դեպքում):
20. Եթե հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների կեսից ավելին գտնում է, որ ներկայացված փաստաթղթերը բավարար չեն համապատասխան եզրակացություն տալու համար, որոշում է կայացվում դիվանագետի ատեստավորումն անցկացնել հարցազրույցի միջոցով՝ դիվանագետի պարտադիր մասնակցությամբ: Այս դեպքում դիվանագետի ատեստավորումն անցկացվում է հանձնաժողովի հաջորդ նիստում, որի մասին դիվանագետը, ինչպես նաև նրա անմիջական ղեկավարը տեղեկացվում են անհապաղ:
21. Հարցազրույցի միջոցով ատեստավորում անցկացնելու որոշումը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես դիվանագետին հերթական աստիճան շնորհելու մասին եզրակացության վրա ազդող բացասական գործոն:
22. Հարցազրույցն անցկացվում է դիվանագիտական ծառայության տվյալ պաշտոնի նկարագրով սահմանված լիազորությունների վերաբերյալ, ինչպես նաև ավելի բարձր դիվանագիտական աստիճան կրելու համար անհրաժեշտ` դիվանագետների մասնագիտական գիտելիքները և գործնական կարողությունները գնահատելու նպատակով, որի ընթացքում հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ատեստավորվող դիվանագետին տալու վերջինիս ծառայողական պարտականություններին, մասնագիտական գիտելիքներին և գործնական կարողություններին վերաբերող` մինչև 3 հարց:
23. Հանձնաժողովը ատեստավորման արդյունքում եզրակացություն ընդունելու համար անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:
24. Հանձնաժողովի որոշումն ընդունվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
25. Հանձնաժողովն ատեստավորման արդյունքների հիման վրա ընդունում է հետևյալ եզրակացություններից մեկը՝
1) շնորհել հերթական դիվանագիտական աստիճան.
2) շնորհել հերթական դիվանագիտական աստիճան` ժամկետից շուտ.
3) շնորհել արտահերթ դիվանագիտական աստիճան.
4) դիվանագիտական աստիճան շնորհելու հարցը քննարկել մեկ տարի հետո.
5) սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքում հերթական դիվանագիտական աստիճան շնորհելու հարցը երկրորդ անգամ քննարկելիս, բացասական եզրակացության դեպքում, որոշել դիվանագետի՝ զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը:
26. Ատեստավորման արդյունքները հրապարակվում են ատեստավորումից անմիջապես հետո:
27. Դիվանագետն իրավունք ունի ատեստավորման արդյունքում ընդունված եզրակացությունը բողոքարկելու` նախքան այդ եզրակացությունը նախարարին ներկայացնելը:
28. Հանձնաժողովն ատեստավորման արդյունքում ընդունված եզրակացությունը (իսկ բողոքարկված լինելու դեպքում` նաև բողոքը և դրա մասին հանձնաժողովի անդամների կարծիքները) ատեստավորումից հետո եռօրյա ժամկետում ներկայացնում է նախարարին, որն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
1) սույն կարգի 25-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված եզրակացությունների դեպքում առաջարկվող դիվանագիտական աստիճանը շնորհելու մասին.
2) սույն կարգի 25-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքում դիվանագետին դիվանագիտական աստիճան շնորհելու հարցը հետաձգել մեկ տարով.
3) սույն կարգի 25-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված եզրակացության դեպքում զբաղեցրած պաշտոնին դիվանագետի համապատասխանությունը որոշելու նպատակով ատեստավորում անցկացնելու մասին:
III. ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ` ԴԻՎԱՆԱԳԵՏԻ` ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
29. Դիվանագետի` զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը որոշելու համար ատեստավորումն անցկացվում է նախարարի կողմից սույն կարգի 28-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված որոշման ընդունման դեպքում:
30. Սույն կարգի 29-րդ կետով նախատեսված դեպքերում դիվանագետի ատեստավորումն անցկացվում է նախարարի հրամանի ընդունմանը հաջորդող հանձնաժողովի նիստում` սույն կարգի 19-22-րդ կետերով նախատեսված կարգով:
31. Հանձնաժողովն ատեստավորման արդյունքների հիման վրա, սույն կարգի 23-րդ և 24-րդ կետերով սահմանված կարգով ընդունում է հետևյալ եզրակացություններից մեկը՝
1) դիվանագետը համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
2) դիվանագետը չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
32. Ատեստավորման արդյունքները հրապարակվում են սույն կարգի 26-րդ կետին համապատասխան:
33. Հանձնաժողովը սույն կարգի 31-րդ կետով նախատեսված եզրակացությունը (սույն կարգի 27-րդ կետի ուժով բողոքարկված լինելու դեպքում` նաև բողոքը և դրա մասին հանձնաժողովի անդամների կարծիքները) ատեստավորումից հետո եռօրյա ժամկետում ներկայացնում է նախարարին՝ համապատասխան որոշում կայացնելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |