ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
5 փետրվարի 2013 թ. |
«ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ-Ի ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՌԱՇԻԴ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ`
դիմող «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչներ Ա. Զեյնալյանի, Ա. Ղազարյանի, Հ. Տիգրանյանի,
դիմող Ռ. Մելիքսեթյանի ներկայացուցիչ Լ. Գրիգորյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Ս. Համբարձումյանի, նույն բաժնի առաջատար մասնագետ Հ. Սարդարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի և քաղաքացի Ռաշիդ Մելիքսեթյանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի և քաղաքացի Ռ. Մելիքսեթյանի` 19.09.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 2007 թվականի նոյեմբերի 28-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2007 թվականի դեկտեմբերի 10-ին և ուժի մեջ է մտել 2008 թվականի հունվարի 1-ից:
Օրենսգրքի` «Գործն ըստ էության լուծող դատական ակտ ընդունելիս լուծման ենթակա հարցերը» վերտառությամբ 113-րդ հոդվածը սահմանում է.
«1. Վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս`
1) գնահատում է ապացույցները.
2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել.
3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը.
4) որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
2. Վարչական դատարանը, անհրաժեշտ համարելով լրացուցիչ հետազոտել ապացույցները կամ շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, վերսկսում է գործի քննությունը:
3. Գործի քննությունը վերսկսելու մասին կայացվում է միջանկյալ դատական ակտ»:
2. Գործի դատավարական նախապատմությունը` դիմող «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի առնչությամբ, հանգում է հետևյալին.
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն 18.08.2011թ. վարչական մարմնի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու, դիմողի տեղեկատվության ազատության և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքի խախտման փաստը ճանաչելու և հայցվող տեղեկատվությունը տրամադրելու պահանջների մասին հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան: Դատաքննության ընթացքում պատասխանող կողմն ընդունել է հայցի հիմնական պահանջը` հայցվորի վերը նշված իրավունքների խախտման փաստը, իսկ դատարանը կողմերի վրա ապացուցման բեռ չի դրել: Դատաքննությունն ավարտվել է 04.04.2012թ., դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու, վճռի հրապարակման օր է հայտարարվել 19.04.2012թ.: Սակայն նշանակված օրը դատարանը վճիռ չի կայացրել, փոխարենն ընդունել է «Գործի քննությունը վերսկսելու մասին» որոշում, որում մասնավորապես նշվում է, որ դատարանն անհրաժեշտ է համարում շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, և նման պայմաններում պետք է վերսկսել գործի վարույթը:
Գործով վերսկսված դատաքննությունն ավարտվել է 20.06.2012թ., դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու, վճռի հրապարակման օր է հայտարարվել 04.07.2012թ.: Սակայն այս անգամ ևս նշանակված օրը դատարանը վճիռ չի կայացրել և ընդունել է նույնաբովանդակ որոշում, ինչ վերը նշված որոշումը:
Գործի դատավարական նախապատմությունը` դիմող Ռ. Մելիքսեթյանի առնչությամբ, հանգում է հետևյալին. Ռ. Մելիքսեթյանը ՀՀ ԴԱՀԿ ծառայության` 17.06.2011թ. կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը վերացնելու պահանջով 06.07.2011թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան: Վարչական դատարանը տվյալ գործով անցկացրել է թվով յոթ նախնական դատական նիստեր (վերջինը` 15.06.2012թ.): Գործով դատաքննությունն ավարտվել է 17.07.2012թ., դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու, վճռի հրապարակման օր է հայտարարվել 31.07.2012թ.: Սակայն նշանակված օրը դատարանը վճիռ չի կայացրել, և կայացրել է «Գործի քննությունը վերսկսելու մասին» որոշում, նշելով, թե գործի համար նշանակություն ունեցող կոնկրետ ինչ նոր ապացույցներ պետք է հետազոտի դատարանը:
3. Վիճարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի սահմանադրականությունը` դիմողները գտնում են, որ դրանք հակասում են ՀՀ Սահմանադրության 18, 19-րդ և (կամ) 1-ին, 18, 19-րդ հոդվածներին:
Դիմողների կողմից բերված փաստարկները հիմնականում հանգում են նրան, որ, նախ` օրենսգրքի վիճարկվող դրույթներով դատարանի` լրացուցիչ ապացույցները հետազոտելու կամ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը շարունակելու իրավասությունը կարող է վտանգել մրցակցային դատավարության և կողմերի իրավահավասարության սկզբունքների իրացումը: Երկրորդ` դատարաններին տրված` գործի քննությունը վերսկսելու լայն հնարավորությունը գործնականում հանգեցնում է գործի քննության ողջամիտ ժամկետների խախտմանը: Եվ երրորդ` խնդրո առարկա դրույթները, չնախատեսելով գործի քննությունը վերսկսելու մասին որոշումը պատճառաբանելու ուղղակի պարտականություն, պատճառաբանական մասում որոշակի հարցերի պատասխանելու ենթակա շրջանակ, հակասում են արդար դատաքննության սահմանադրական իրավունքի` «պատճառաբանված դատական ակտի» բաղադրատարրին:
Ի հիմնավորումն այն հանգամանքի, որ բարձրացված հիմնախնդիրը եզակի բնույթ չի կրում, դիմողները ՀՀ սահմանադրական դատարան են ներկայացրել վիճարկվող դրույթների իրավակիրառ պրակտիկայի մի շարք այլ՝ նմանատիպ օրինակներ, որոնցից մեկով ՀՀ վարչական դատարանը յոթ անգամ կայացրել է «Գործի քննությունը վերսկսելու մասին» որոշում:
Վերջապես, դիմողների տեսակետից, իրավակիրառական պրակտիկայում խնդրո առարկա իրավանորմերը դատարանների կողմից մեկնաբանվում և, հետևաբար, կիրառվում են ՀՀ Սահմանադրության 18, 19-րդ հոդվածներին հակասող իմաստով և բովանդակությամբ: Վերջին հանգամանքին էապես նպաստում է նաև այն, որ սահմանադրաիրավական վեճի առարկա նորմերը դատավարության մասնակիցների համար անկանխատեսելի են դարձնում ինչպես դատարանի, այնպես էլ իրենց վարքագիծը, բացառելով դատարանի դատավարական նշված լիազորության իրականացման նկատմամբ որևէ վերահսկողություն` նմանօրինակ միջանկյալ դատական ակտի իրավաչափությունը կողմերի կողմից վիճարկելու գործող ընթացակարգերի իսպառ բացակայության պատճառով:
4. Պատասխանող կողմը, առարկելով դիմողների փաստարկներին, գտնում է, որ օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:
Անդրադառնալով դիմողների այն դիրքորոշմանը, համաձայն որի` դատարանը չպետք է իրավասու լինի մրցակցող կողմերից որևէ մեկի փոխարեն փաստի հաստատմանն ուղղված գործողություններ իրականացնել, պատասխանողը, հղում կատարելով գործի փաստերն ի պաշտոնե պարզելու դատավարական սկզբունքին` ամրագրված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածով, գտնում է, որ վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու, հիմնավորված վճիռ կայացնելու նպատակով, չսահմանափակելով կողմերի հավասարության սկզբունքը, դատարանն իրավասու է նման գործողություններ իրականացնել, և գործի քննությունը վերսկսելու հնարավորության նախատեսումը միանշանակ պայմանավորված է դատարանի հիմնական դերի` արդարադատության պատշաճ իրականացման անհրաժեշտությամբ: Ընդ որում, պատասխանողը տարբեր դատավարական օրենսգրքերի համեմատական ուսումնասիրության արդյունքներով վկայակոչելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ քաղաքացիական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերի համապատասխանաբար` 57, 131 և 363-րդ հոդվածները, փաստում է, որ նմանատիպ իրավակարգավորումներ նախատեսված են նաև սահմանադրական, քաղաքացիական և քրեական դատավարությունների ոլորտներում:
Չհամաձայնելով դիմողների այն տեսակետին, համաձայն որի` օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասում «ապացույցների լրացուցիչ հետազոտում» և «գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզում» հասկացությունները նույնաբովանդակ են, ինչն անորոշություն է ստեղծում, պատասխանողը, վկայակոչելով և մեկնաբանելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածը, գտնում է, որ վերը նշված հասկացությունները տարբեր հասկացություններ են. «ապացույցների լրացուցիչ հետազոտում» հասկացությունը վերաբերում է նույն ապացույցի լրացուցիչ հետազոտմանը, իսկ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար կարող են պահանջվել և հետազոտվել նոր ապացույցներ:
Անդրադառնալով օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ դիմողների դիրքորոշմանը` պատասխանողը, վկայակոչելով օրենսգրքի 112-րդ հոդվածը, որն էլ, իր հերթին, հղում է կատարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածին, գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածը պատճառաբանված որոշում կայացնելու որոշակի իրավական երաշխիք է:
5. Հաշվի առնելով դիմողների փաստարկները` սահմանադրական դատարանը սույն գործով հարկ է համարում նախ բացահայտել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վիճարկվող նորմերով սահմանված իրավակարգավորման նպատակը և տրամաբանությունը` նշված նորմերը դիտարկելով օրենսգրքի 113-րդ հոդվածի մյուս նորմերի հետ համադրության մեջ:
Օրենսգրքի 113-րդ հոդվածը վերաբերում է գործով ըստ էության դատական ակտ կայացնելիս դատարանի գործողություններին: Վերջիններս այն անհրաժեշտ, պարտադիր և բավարար գործողություններն են, որոնք չկատարելու դեպքում կխաթարվեր արդարադատության էությունը` դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Ակնհայտ է, որ արդարության պահանջները բավարարող դատական ակտ կայացնելու համար առնվազն հարկ է որոշել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների և դրանք հիմնավորող վերաբերելի և թույլատրելի ապացույցների շրջանակը` այդ շրջանակից բացառելով ոչ վերաբերելի և ոչ թույլատրելի ապացույցները: Հարկ է նաև մրցակցային դատավարության սկզբունքի հիման վրա հնարավորություն ընձեռել կողմերին դատարանի կողմից հետազոտելու համար ներկայացնելու համապատասխան ապացույցները: Ինքնանպատակ չէ այն, որ մինչև բուն դատաքննության անցկացումը վարչադատավարական օրենսդրությամբ նախատեսված է նախնական դատական նիստեր անցկացնելու հնարավորություն:
Ինչ վերաբերում է դատական ակտի կայացմանը, որին նվիրված է օրենսգրքի 113-րդ հոդվածը, ապա այն ըստ էության հանդիսանում է նախնական դատական նիստերի և դատաքննության ամփոփումը, որի ժամանակ հարկ է ոչ միայն գնահատել գործով ձեռք բերված և հետազոտված ապացույցները և դրանց հիման վրա որոշել կիրառելի իրավունքը, այլ դատական քննության լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու համար մեկ անգամ ևս ստուգել հնարավոր բացթողումների առկայությունը, այն է` որոշել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզված լինելը: Ընդ որում, գործնականում չի բացառվում դատական քննության ընթացքում հնարավոր սխալների, թերությունների առկայությունը: Դրանց բացառմանն են ուղղված հենց օրենսգրքի վիճարկվող նորմերը: Այդ կապակցությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը գտնվում են նույն հոդվածի 1-ին մասի դրույթների հետ տրամաբանական փոխկապվածության մեջ: Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ օրենսդիրը, նախատեսելով գործի քննությունը վերսկսելու ինստիտուտ, հետապնդում է, առաջին հերթին, հնարավոր դատական սխալից խուսափելու, գործի լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, արդարադատությունն ամբողջ ծավալով իրականացնելու նպատակ: Նման իրավակարգավորման բացակայությունն, ընդհակառակը, կարող է հանգեցնել դատական սխալի, արդար և բազմակողմանի դատաքննության պահանջներին չհամապատասխանող դատական ակտ կայացնելուն: Ընդ որում, օրենսգրքի վիճարկվող նորմերով սահմանված իրավակարգավորումը բնորոշ է սահմանադրական, քաղաքացիական և քրեական դատավարություններին և նախատեսված է ոչ միայն ՀՀ օրենսդրությամբ, այլ նաև բազմաթիվ այլ պետությունների օրենսդրություններով (օրինակ` Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական դատավարության և արբիտրաժային դատավարության օրենսգրքեր, Ուկրաինա, Լատվիա և այլն):
6. Սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանը հարկ է համարում օրենսգրքի վիճարկվող նորմերը գնահատել ողջամիտ ժամկետում գործի քննության սահմանադրական սկզբունքի տեսանկյունից: Այդ կապակցությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.
առաջին` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 81, 82, 117.9 և 118.11-րդ հոդվածները, որոնք վերաբերում են առաջին, վերաքննիչ և վճռաբեկ ատյանների դատարաններում գործի քննության ժամկետներին, նույնությամբ օգտագործում են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածում և ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածում ամրագրված` «ողջամիտ ժամկետ» եզրույթը` առանց կոնկրետացնելու այդ եզրույթի բովանդակային ծավալը, այսինքն` առանց մատնանշելու կոնկրետ օրացուցային օրեր, ամիսներ:
Երկրորդ` օրենսդիրը, օգտագործելով «ողջամիտ ժամկետ» եզրույթը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին համահունչ հաշվի է առել տարբեր գործոններով պայմանավորված` գործի դատական քննության ընթացքը դանդաղեցնող հանգամանքների հնարավոր առկայությունը` հնարավորություն ընձեռելով դատական քննության տևողության ողջամտությունը գնահատել` հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքները: Որպես տարբեր գործոններով պայմանավորված` գործի դատական քննության ընթացքը դանդաղեցնող հանգամանքներ կարող են հանդես գալ, ի թիվս այլնի, գործի բարդությունը, հայցվորի և իրավասու մարմինների վարքագիծը, այն հանգամանքը, թե տվյալ պահին ինչ վիճակում է գտնվում գործը և այլն: Այդ է պատճառը, որ օրենսդիրը վարչադատավարական օրենսդրության մեջ նախատեսել է նախնական դատական նիստերի ինստիտուտը, որն ուղղված է գործը դատաքննության նախապատրաստելուն այն հաշվարկով, որպեսզի գործի դատաքննության ավարտից հետո չառաջանա գործի քննությունը վերսկսելու անհրաժեշտություն:
Երրորդ` ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը նախատեսում է փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքը` ամրագրված օրենսգրքի 6-րդ հոդվածում, ինչը պարտավորեցնում է դատարանին, չկաշկանդվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկել համապատասխան միջոցներ, որոնց համար տրամաբանորեն պահանջվում է որոշակի ժամանակահատված:
Չորրորդ` Սահմանադրության 19-րդ հոդվածում ամրագրված` «ողջամիտ ժամկետ» եզրույթը վերաբերում է ոչ միայն օրենսդրին, այլ, նախևառաջ, իրավակիրառողին, որը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին համահունչ, պարտավոր է ապահովել գործի քննության ողջամիտ ժամկետները` հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքները, որոնք չեն բացառում տարբեր գործոններով պայմանավորված`գործի դատական քննության ընթացքը դանդաղեցնող հանգամանքների հնարավոր առկայությունը:
Հինգերորդ` եթե անգամ օրենսդիրը վարչադատավարական օրենսդրության մեջ կոնկրետացնի Սահմանադրության 19-րդ հոդվածում ամրագրված` «ողջամիտ ժամկետ» եզրույթը` մատնանշելով կոնկրետ օրացուցային օրեր կամ ամիսներ, ապա, միևնույն է, առաջանալու է այդ ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան իրավակարգավորում սահմանելու անհրաժեշտություն` հաշվի առնելով տարբեր գործոններով պայմանավորված` գործի դատական քննության ընթացքը դանդաղեցնող օբյեկտիվ հանգամանքների հնարավոր առկայությունը: Այդ հանգամանքներով է պայմանավորված այն, որ օրենսդիրը վարչադատավարական օրենսդրության մեջ նախնական դատական նիստերի և գործի քննությունը վերսկսելու ինստիտուտների հետ մեկտեղ նախատեսել է նաև գործի քննությունը հետաձգելու, գործի վարույթը կասեցնելու ինստիտուտները:
Հաշվի առնելով վերոգրյալը` սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրության 19-րդ հոդվածում ամրագրված` «ողջամիտ ժամկետ» եզրույթը չի բացառում տարբեր գործոններով պայմանավորված` գործի դատական քննության ընթացքը դանդաղեցնող օբյեկտիվ հանգամանքների հնարավոր առկայությունը և դրանով պայմանավորված` նախնական դատական նիստերի, գործի քննությունը վերսկսելու, գործի քննությունը հետաձգելու, գործի վարույթը կասեցնելու ինստիտուտների անհրաժեշտությունը: Դա միաժամանակ ենթադրում է դատարանի կողմից գործի քննությունն անհարկի, կամայականորեն ձգձգելը բացառելու պատվիրան:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ տարաբնույթ օբյեկտիվ գործոններով պայմանավորված` գործի դատական քննության ընթացքն իրավաչափորեն երկարաձգող հնարավոր հանգամանքների առկայությունը և դրանով պայմանավորված` արդարադատության անաչառ ու արդյունավետ իրականացման շահերից ելնելով նախնական դատական նիստերի, գործի քննությունը վերսկսելու, գործի քննությունը հետաձգելու, գործի վարույթը կասեցնելու ինստիտուտների անհրաժեշտությունը հակասության մեջ չի գտնվում Սահմանադրության 19-րդ հոդվածում ամրագրված` դատական քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու սկզբունքի հետ:
7. Գործի քննության «ողջամիտ ժամկետ» հասկացության բովանդակության բացահայտմանն է անդրադարձել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. «Դատարանը իրազեկ է այն դժվարությունների մասին, որոնք երբեմն դանդաղեցնում են ... վեճերի քննությունը, ինչը ծանոթ է ազգային դատարաններին, և որոնք բխում են տարբեր գործոններից: Մնում է միայն, որ 6-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` գործերը պետք է քննվեն ողջամիտ ժամկետում. Կոնվենցիան նշանակություն է տալիս այն հանգամանքին, որ արդարադատությունը չպետք է իրականացվի այնպիսի ընդհատումներով, որոնք կարող են վարկաբեկել դրա արդյունավետությունն ու ճշմարտացիությունը» (H. c. France, 58): «Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված` դատական քննության տևողության ողջամիտ բնույթը պետք է գնահատվի յուրաքանչյուր դեպքում` գործի հանգամանքներին համապատասխան (Konig v. Germany, 99; Buchholz v. Germany, 49)», «և հաշվի առնելով դատարանի պրակտիկայում ամրագրված չափանիշները» (Wiesinger v. Austria, 54), «մասնավորապես, գործի բարդությունը, հայցվորի վարքագիծը, իրավասու մարմինների վարքագիծը: Այս վերջին կետով հաշվի է առնվում նաև հայցվորի համար դատական քննության առարկայի կարևորությունը» (Zimmermann et Steiner v. Switzerland, 24; X. c. France, 32; Karakaya v. France, 30; տես նաև՝ Erkner et Hofauer c. Autriche, 66; Poiss v. Austria, 55; H. c. Royaume-Սni, 71; Allenet de Ribemont v. France, 47; Duclos V. France, 55; Ceteroni v. Italy, 22): «Հայցվորների վարքագիծը հանդիսանում է օբյեկտիվ հանգամանք, որը չի մեղսագրվում Պատասխանող պետությանը, և որը հաշվի է առնվում որոշելու համար, թե արդյոք տեղի է ունեցել 6-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված` ողջամիտ ժամկետի սահմանազանցում» (Wiesinger v. Austria, 57; Erkner et Hofauer c. Autricհe, 68; Poiss v. Austria, 57): «Ստուգելու համար ժամանակահատվածի ողջամիտ բնույթը, պետք է հաշվի առնել այն վիճակը, որում տվյալ պահին գտնվել է գործը» (Raffineries grecques Stran et Stratis Andreadis c. Grèce, 52; Baggetta v. Italy, 20):
Վերոգրյալը դիտարկելով սույն որոշման 6-րդ կետում ամրագրված իրավական դիրքորոշումների համատեքստում` սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարում դիմողների այն տեսակետը, որ օրենսգրքի վիճարկվող դրույթներով դատարաններին տրված` գործի քննությունը վերսկսելու հնարավորությունն իրավական հիմք է գործի քննության ողջամիտ ժամկետների խախտման համար:
8. Անդրադառնալով դիմողների այն պնդումներին, որ լրացուցիչ ապացույցները հետազոտելու կամ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը շարունակելու` դատարանի իրավասությունը կարող է վտանգել մրցակցային դատավարության և կողմերի իրավահավասարության սահմանադրական և կոնվենցիոն դրույթների պահպանումը, և որ նման իրավասությունը չի համապատասխանում դատարանի գործառույթի սահմանադրաիրավական բովանդակությանը, սահմանադրական դատարանը դրանք հիմնավոր չի համարում հետևյալ պատճառաբանությամբ: Սահմանադրական դատարանը վարչադատավարական օրենսդրության ուսումնասիրության հիման վրա արձանագրում է, որ բոլոր դեպքերում, երբ գործի քննությունը վերսկսվում է, դատավարությունն ընթանում է այն նույն կանոններով և սկզբունքներով, ինչ մինչև դրա ավարտը, և վիճարկվող օրենսդրական կարգավորումների առկայությունը որևէ դեպքում չի ենթադրում, որ կողմերը զրկվում են մրցակցային դատավարության կամ իրավահավասարության իրավունքներից:
Բացի դրանից, սահմանադրական դատարանը հարկ է համարում նկատել, որ, ի տարբերություն դատավարության այլ ձևերի (օրինակ՝ քաղաքացիական դատավարության), վարչադատավարական օրենսդրության մեջ կողմերի իրավահավասարության սկզբունքի հետ մեկտեղ գործում է նաև փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքը: Մասնավորապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն.
«1. Գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»):
2. Դատարանը մատնանշում է այն փաստերը, որոնք, իր կարծիքով, էական են վեճի լուծման համար, և անհրաժեշտության դեպքում կողմերից պահանջում է ներկայացնել այդ փաստերի ապացույցներ:
3. Դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես պահանջելու վարչական վարույթի նյութեր, տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի»:
Վերոգրյալի հիման վրա` սահմանադրական դատարանը գտնում է, որ գործի քննությունը վերսկսելու ինստիտուտի անհրաժեշտությունը բխում է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածով ամրագրված` գործի փաստերն ի պաշտոնե («ex officio») պարզելու դատավարական սկզբունքի տրամաբանությունից:
9. Սահմանադրական դատարանը սույն գործի քննության շրջանակներում կարևորում է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթի սահմանադրականության գնահատման հարցը` դատական ակտերի պատճառաբանվածության տեսանկյունից:
Ինչպես նշվեց, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ Վարչական դատարանը, անհրաժեշտ համարելով լրացուցիչ հետազոտել ապացույցները կամ շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, վերսկսում է գործի քննությունը: Իսկ նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ գործի քննությունը վերսկսելու մասին կայացվում է միջանկյալ դատական ակտ: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը գտնվում են տրամաբանական փոխկապվածության մեջ. դրանցից առաջինը սահմանում է գործի քննությունը վերսկսելու հիմքերը, իսկ երկրորդը սահմանում է գործի քննությունը վերսկսելու վերաբերյալ դատական ակտի տեսակը: Ընդ որում, գործի քննությունը վերսկսելու հիմքերը շարադրված են հստակ և ինքնաբերաբար հանդես են գալիս նաև որպես գործի քննությունը վերսկսելու պատճառ կամ առիթ: Օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված` գործի քննությունը վերսկսելու հիմքերը պարտավորեցնում են դատարաններին գործի քննությունը վերսկսելու մասին դատական ակտ կայացնելիս դատական ակտում նշել այդ հիմքերը կամ համապատասխանաբար` դրանցից մեկը: Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ նման պարտականությունը միաժամանակ ապահովում է դատական ակտի պատճառաբանվածությունը, որի վերաբերյալ սահմանադրական դատարանն իր, մասնավորապես, ՍԴՈ-690, ՍԴՈ-691, ՍԴՈ-752, ՍԴՈ-754, ՍԴՈ-765, ՍԴՈ-818, ՍԴՈ-886, ՍԴՈ-919 որոշումներում բազմիցս արտահայտել է համապատասխան իրավական դիրքորոշումներ: Այսինքն` կիրառելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասը` դատարաններն ինքնին կիրառում են նշված մասում ամրագրված հիմքերից որևէ մեկը, այն է` ապացույցները լրացուցիչ հետազոտելու անհրաժեշտությունը կամ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը շարունակելու անհրաժեշտությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված` տվյալ դատական ակտը կայացնելու իրավասությունը ենթադրում է իրավունքով սահմանափակված հայեցողություն և պատճառաբանված դատական ակտ կայացնելու պարտականություն:
Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ գործի քննությունը վերսկսելու մասին պատճառաբանված դատական ակտ կայացնելու որոշակի իրավական երաշխիք է հանդիսանում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածը, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի ուժով, ի թիվս այլնի, միջանկյալ դատական ակտին ներկայացվող պահանջների նկատմամբ տարածվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, մասնավորապես, այդ օրենսգրքի 144-րդ հոդվածը, պարտավորեցնում է դատարաններին դատական ակտ կայացնելիս այդ ակտում նշել նաև այն շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է համապատասխան հետևությունների:
10. Սահմանադրական դատարանը հարկ է համարում նաև դիտարկվող հիմնահարցն ուսումնասիրել կոնկրետ սահմանադրական վերահսկողության առանձնահատկությունների համատեքստում` հաշվի առնելով իրավակիրառական պրակտիկայում ստեղծված իրավիճակը:
Այս առումով սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ինքնին գործի քննությունը վերսկսելու ինստիտուտի նպատակը թեև իրավաչափ է, սակայն անհրաժեշտ է նկատի ունենալ, որ այն կիրառելի է բացառապես միայն այն դեպքերում, երբ առկա են գործով ապացույցները լրացուցիչ հետազոտելու կամ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու` իրապես օբյեկտիվ հիմքեր և պատճառներ: Հակառակ պարագայում, ինչպես վկայում են դիմողները, դատարանների կողմից դիտարկվող ինստիտուտի անհարկի և չհիմնավորված (առանց պատշաճորեն պատճառաբանելու) կիրառումը գործնականում կարող է հանգեցնել գործի դատական քննության ողջամիտ ժամկետների չարդարացված և անթույլատրելի խախտումների և, վերջին հաշվով, արդարադատության բուն նպատակների խաթարմանը:
Սահմանադրական դատարանը չի կարող արդարացված համարել բոլոր այն դեպքերը, երբ, ինչպես վկայում են գործի նյութերը, 5-7 անգամ դատարանն անցկացնում է նախնական դատական նիստեր և ապա դատաքննության արդյունքում կրկին որոշում է կայացնում վերսկսել (ընդ որում` ոչ մեկ անգամ) գործի դատաքննությունը: Սա վկայում է արդարադատության որակի ու դատական վերահսկողական համակարգերի հնարավոր բացերի մասին: Նման պրակտիկայի առկայությունը պայմանավորված է ոչ թե վեճի առարկա ինստիտուտի առկայությամբ, այլ վերջինիս ոչ համարժեք կիրառման, դատաքննության ոչ պատշաճ իրականացման հանգամանքներով, ինչը բողոքարկման ինստիտուտի շրջանակներում պետք է անհրաժեշտ վերաբերմունքի արժանանա` նման դատական ակտերի գնահատման ու նախադեպային պրակտիկայի ձևավորման իրավասությամբ օժտված դատական ատյանների կողմից:
Խնդրո առարկա ինստիտուտի ձևական կիրառումը դատարանների գերծանրաբեռնվածության կամ այլ պատճառաբանությամբ, որոնք որևէ անմիջական առնչություն չունեն օրենսգրքի 113-րդ հոդվածում ամրագրված հիմքերի հետ, սահմանադրաիրավական առումով իրավաչափ չէ:
Սահմանադրական դատարանը հանգում է այն եզրակացությանը, որ դիմողների իրավունքների հնարավոր խախտումները պայմանավորված չեն վեճի առարկա նորմերի սահմանադրաիրավական բովանդակությամբ կամ դրանց տրված որևէ կոնկրետ մեկնաբանությամբ: Վեճի առարկան, ըստ էության, օրենքի նորմի այնպիսի կիրառումն է, երբ խնդիրն առնչվում է դատական հայեցողության սահմանների ոչ համարժեք ընկալմանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
5 փետրվարի 2013 թ. ՍԴՈ-1074 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|