ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունվարի 2013 թվականի N 20-Ն
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԴՐԱՆՑ ԳՆԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N 948-Ն որոշման 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) եվրոպական արտադրության լսողական սարքերի ձեռքբերման համար պետական հավաստագրերի տրամադրման և դրանց գնային արժեքի որոշման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) եվրոպական արտադրության լսողական սարքերի ձեռքբերման պետական հավաստագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ 2013 թվականին լսողական սարքերի ձեռքբերման պետական հավաստագրի գնային արժեքը կազմում է 80.0 հազ. դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունվարի 17 |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 20-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են եվրոպական արտադրության լսողական սարքերի ձեռքբերման համար պետական հավաստագրերի (այսուհետ` հավաստագիր) տրամադրման, գնային արժեքի որոշման և հավաստագիրը կիրառելու հետ կապված հարաբերությունները:
2. Հավաստագրի հիման վրա լսողական սարքերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշմամբ սահմանված կարգով:
3. Հավաստագիրը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում:
4. Հավաստագիրը տրամադրում է նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը (այսուհետ` ստորաբաժանում):
5. Հավաստագիրը տրամադրվում է լսողության խնդիրներ ունեցող 12-18 տարեկան երեխաներին և 18-30 տարեկան՝ հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձանց (այսուհետ` շահառու):
6. Յուրաքանչյուր լսողական սարքի համար տրամադրվում է մեկ հավաստագիր:
7. Հավաստագրի հիման վրա լսողական սարքեր տրամադրում են մրցութային կարգով ընտրված և նախարարության հետ պայմանագիր կնքած, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա և քիթ-կոկորդ-ականջաբանի որակավորում ունեցող մասնագետներով ապահովված բժշկական կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն):
8. Հավաստագիրը կազմակերպության կողմից մատուցված ծառայությունների դիմաց պետության կողմից ֆինանսական փոխհատուցման հիմք է:
II. ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
9. Շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը (ծնող, որդեգրող, խնամակալ (այսուհետ` դիմող) հավաստագիր ստանալու համար գրավոր դիմում է նախարարություն կամ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին (այսուհետ` ՍԾՏՄ)` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
1) շահառուի անձնագրի պատճենը` 16 տարեկանը լրացած անձանց դեպքում.
2) ծննդյան վկայականի պատճենը` մինչև 16 տարեկան անձանց դեպքում.
3) օրինական ներկայացուցչի դիմելու դեպքում` վերջինիս անձնագրի պատճենը.
4) հաշմանդամի կարգավիճակ ունեցող անձի հաշմանդամությունը հավաստող փաստաթուղթ և վերականգնողական անհատական ծրագիր.
5) եզրակացություն քիթ-կոկորդ-ականջաբանից` լսողության կորստի աստիճանի և լսողական սարքի անհրաժեշտության վերաբերյալ.
6) աուդիոմետրիայի տվյալները:
10. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո ՍԾՏՄ-ն հինգ աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է նախարարություն` դրա մասին գրավոր տեղեկացնելով դիմողին:
11. Հավաստագիրն ստանալու ժամանակ դիմողն ստորաբաժանում է ներկայացնում սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերի բնօրինակները:
12. Ստորաբաժանումը հավաստագիր տրամադրում է սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ու բնօրինակները համադրելուց հետո:
13. Ներկայացված փաստաթղթերում անճշտություններ կամ անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում ստորաբաժանումը նույն օրը տեղեկացնում է դիմողին:
14. Ճշտված և (կամ) լրացված փաստաթղթերն ստանալուց հետո ստորաբաժանումը հավաստագիր տրամադրում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
15. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերի կրկնօրինակները պահվում են ստորաբաժանումում:
16. Հավաստագրի հետ միասին դիմողին է տրամադրվում նաև այն կազմակերպությունների ցանկը, որտեղից նա կարող է ընտրել իր լսողությանը համապատասխան լսողական սարք:
III. ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
17. Հավաստագիրը լրացվում է ստորաբաժանման կողմից:
18. Հավաստագիրը կազմված է երկու մասից` հիմնական մաս, որը տրամադրվում է դիմողին և կտրոն, որը մնում է ստորաբաժանումում:
19. Հավաստագիրը համարակալվում և հաշվառվում է:
20. Հավաստագիրը տրամադրելիս` ստորաբաժանումը համապատասխան գրանցում է կատարում հավաստագրի տրամադրման գրանցամատյանում, որի դիմաց ստորագրում է դիմողը: Գրանցամատյանի ձևը և վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
21. Վնասված, սխալ կամ ջնջումներով լրացված հավաստագիրը համարվում է անվավեր և պահվում ստորաբաժանումում:
IV. ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԳՆԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ
22. Հավաստագրի գնային արժեքը սահմանվում է յուրաքանչյուր տարի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով եվրոպական արտադրության լսողական սարքերի ձեռքբերման համար նախատեսված միջոցների շրջանակներում:
23. Կազմակերպությունից շահառուն իր լսողության կորստին համապատասխան լսողական սարքն ստանում է անվճար, եթե այն համարժեք է նրան տրամադրված հավաստագրի գնին:
24. Եթե շահառուի լսողության կորստի աստիճանին համապատասխան լսողական սարքի արժեքը բարձր է հավաստագրի համար սահմանված գնից, ապա շահառուն իր ցանկությամբ կարող է ձեռք բերել նշված լսողական սարքը` արժեքի տարբերության վճարմամբ:
25. Կազմակերպության կողմից ներկրված լսողական սարքի արժեքը որոշվում է՝ ելնելով ներկրման պահին մաքսային մարմիններում գրանցված արժեքի, կազմակերպության կողմից կատարվող ծախսերի ինքնարժեքի և ոչ ավելի, քան 10 տոկոս շահույթ նախատեսելու հաշվարկից: Եթե լսողական սարքի արժեքն ավելի ցածր է հավաստագրով սահմանված գնային արժեքից, ապա տրամադրված լսողական սարքի համար կազմակերպությանը փոխհատուցվում է փաստացի գնային արժեքի չափով:
26. Եթե դիմողը ձեռք է բերել լսողական սարք, սակայն կարիք ունի օժանդակ պարագաների (ստրիմեր, հեռախոսի և հեռուստացույցի հարմարեցուցիչ, FM համակարգ (բարձրախոս և ընդունիչ), անհատական ներդիր, մարտկոց), որոնց միջոցով հնարավոր է բարձրացնել այդ սարքի տեխնիկական հնարավորությունները, ապա հավաստագրի արժեքի սահմաններում կազմակերպությունը կարող է դիմողին տրամադրել օժանդակ պարագաներ` սույն կարգի 25-րդ կետի պահանջներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 20-Ն որոշման |
Պ Ե Տ Ա Կ Ա Ն Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր
ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ
Ձև
Կտրոն 1. Հավաստագրի համարը _________________ 2. Շահառուի անունը, ազգանունը, հայրանունը ________________________________ 3. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը ______________________________________
4. Անձնագիր (ծննդյան վկայական) _____________________________________
5. Դիմողի անունը, ազգանունը, հայրանունը ____________________________________
6. Շահառուի կարգավիճակը____________ 7. Տալու ամսաթիվը________________ 8. Հավաստագիրը տրամադրողի անունը, ազգանունը, հայրանունը ______________________ ________________________________ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N _____________ 1. Շահառուի անունը, ազգանունը, հայրանունը _____________________________ 2. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը __________________________________ 3. Անձնագիր (ծննդյան վկայական) ____________________________________________
4. Կարգավիճակը ___________________________________________
5. Ու՞մ կողմից է տրվել հավաստագիրը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (ընդգծել) 6. Տալու ամսաթիվը ________ _________________ 20________թ 7. Հավաստագիրը տրամադրողի անունը, ազգանունը, ստորագրությունը _________ Կ.Տ. Սույն հավաստագիրը շահառուին տրամադրվում է անվճար։ Սույն հավաստագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 20-ը։ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.09.2017, N 1151-Ն | 05.10.2017, N 20-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|