ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
18 դեկտեմբերի 2012 թ. |
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՍԱՄՎԵԼ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԵՎ ԳԵՎՈՐԳ ԳՅՈԶԱԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 111-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ, 155-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 158-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ`
դիմող Ս. Մնացականյանի ներկայացուցիչներ Ա. Զեյնալյանի, Ա. Ղազարյանի և դիմող Գ. Գյոզալյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Ա. Մխիթարյանի, նույն բաժնի առաջատար մասնագետ Հ. Սարդարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացիներ Սամվել Մնացականյանի և Գևորգ Գյոզալյանի դիմումների հիման վրա` ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածի 6-րդ մասի, 155-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի և 158-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը քաղաքացիներ Ս. Մնացականյանի` 06.06.2012թ. և Գ. Գյոզալյանի` 20.08.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներն են:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի հիմքով` սահմանադրական դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 7-ի ՍԴԱՈ-56 որոշմամբ վերոհիշյալ գործերը միավորվել են դատական նույն նիստում քննելու համար:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ դատական օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. ՀՀ դատական օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2007 թվականի փետրվարի 21-ին, Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2007 թվականի ապրիլի 7-ին և ուժի մեջ է մտել 2007 թվականի մայիսի 18-ին:
ՀՀ դատական օրենսգրքի` «Արդարադատության խորհրդի ակտերը և դրանց ընդունման կարգը» վերտառությամբ 111-րդ հոդվածի` սույն գործով վիճարկվող 6-րդ մասը սահմանում է.
«6. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության խորհրդի որոշումները, ինչպես նաև դատավորին կալանավորելու, նրա լիազորությունները դադարեցնելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկ ներկայացնելու վերաբերյալ Արդարադատության խորհրդի որոշումները վերջնական են, ուժի մեջ են մտնում Արդարադատության խորհրդի նիստում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չեն: Այդ որոշումները ենթակա են հրապարակման «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» և դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում»:
Հարկ է նշել, որ ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածի 6-րդ մասը վերոհիշյալ նոր խմբագրությամբ շարադրվել է 08.04.2008թ. ՀՕ-21-Ն ՀՀ օրենքով` հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետի սահմանումները, սակայն արդարադատության խորհրդի որոշումների վերջնական և բողոքարկման ոչ ենթակա լինելու վերաբերյալ դրույթները փոփոխության չեն ենթարկվել:
ՀՀ դատական օրենսգրքի` «Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը» վերտառությամբ 155-րդ հոդվածի` սույն գործով վիճարկվող 5-րդ մասի 2-րդ կետը կարգապահական վարույթ հարուցելու առիթների շարքում նախատեսում է.
«2) անձի դիմումը.»:
ՀՀ դատական օրենսգրքի` «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ առաջարկի քննությունը» վերտառությամբ 158-րդ հոդվածի` սույն գործով վիճարկվող 1-ին մասը սահմանում է.
«1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերը քննելիս Արդարադատության խորհուրդը գործում է որպես դատարան: Որպես դատարան գործելիս Արդարադատության խորհրդում գործերի քննության կարգի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարական օրենսգրքի նորմերն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են Արդարադատության խորհրդում գործի քննության նկատմամբ և չեն հակասում սույն օրենսգրքի նորմերին»:
ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը և 158-րդ հոդվածի 1-ին մասը որևէ փոփոխության չեն ենթարկվել:
2. Սույն գործի դատավարական նախապատմությունն ըստ դիմող սուբյեկտների հանգում է հետևյալին.
Դիմող Սամվել Մնացականյանը, զբաղեցնելով դատավորի պաշտոն, իր` 30.05.2011թ. որոշմամբ մեղադրյալի նկատմամբ 30.04.2011թ. ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել է այլընտրանքային խափանման միջոց գրավով: Տվյալ որոշման կայացումից երկու օր անց` 01.06.2011թ., ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը Ե-2966 գրությամբ դիմել է ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին Ս. Մնացականյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ` վերջինիս 30.05.2011թ. որոշումը պատճառաբանված չլինելու հիմքով: Կարգապահական հանձնաժողովը 16.06.2011թ. կայացրել է «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Մնացականյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ արդարադատության խորհրդին դիմելու վերաբերյալ» Կ-2-10/2011 որոշումը: Արդարադատության խորհուրդը, քննարկելով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Մնացականյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը` իր 24.06.2011թ. ԱԽ-13-Ո-17 որոշմամբ որոշել է. «Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: Դիմել Հանրապետության Նախագահին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ»: ՀՀ Նախագահն իր` 11.07.2011թ. հրամանագրով որոշել է դադարեցնել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Մնացականյանի լիազորությունները:
Ս. Մնացականյանը 24.08.2011թ. հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` ՀՀ արդարադատության խորհրդի` վերը նշված որոշման առոչինչ լինելը հաստատելու կամ այն անվավեր ճանաչելու և ՀՀ Նախագահի` վերը նշված հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով: ՀՀ վարչական դատարանը «Հայցադիմումի ընդունումը մասով մերժելու, մասով հայցադիմումը վերադարձնելու մասին» իր` 31.08.2011թ. ՎԴ/4264/05/11 որոշմամբ մերժել է Ս. Մնացականյանի հայցադիմումի ընդունումը` ՀՀ արդարադատության խորհրդի 24.06.2011թ. ԱԽ-13-Ո-17 որոշման առոչինչ լինելը հաստատելու կամ այն անվավեր ճանաչելու պահանջների մասով, իսկ ՀՀ Նախագահի` 11.07.2011թ. հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասով հայցադիմումը վերադարձրել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը, քննության առնելով ՀՀ վարչական դատարանի` վերը նշված որոշման դեմ Ս. Մնացականյանի ներկայացուցիչների բերած վերաքննիչ բողոքը, իր` «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» 12.10.2011թ. ՎԴ/4264/05/11 որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը` ՀՀ վարչական դատարանի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, քննության առնելով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի` վերը նշված որոշման դեմ Ս. Մնացականյանի ներկայացուցիչների բերած վճռաբեկ բողոքը, իր` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» 23.11.2011թ. որոշմամբ վերադարձրել է վճռաբեկ բողոքը:
Դիմող Գևորգ Գյոզալյանը 19.01.2012թ. դիմում է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհրդին` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Է. Ավետիսյանին` գործում առկա ապացույցները չհետազոտելու և անօրինական վճիռ կայացնելու պատճառաբանությամբ, կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով: 03.02.2012թ. ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավարը, ի պատասխան Գ. Գյոզալյանի դիմումի, նշել է. «... Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով Ձեր կողմից ներկայացված դիմումը, գտել է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Է. Ավետիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը բավարար չեն»:
08.02.2012թ. Գ. Գյոզալյանը կրկին դիմել է ՀՀ արդարադատության խորհրդին` խնդրանքով, որ իրեն տրամադրվի ՀՀ արդարադատության խորհրդի որոշումը, արձանագրությունը կամ այլ նյութեր, որով ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը գտել է, որ առկա չեն բավարար հիմքեր դատավորին պատասխանատվության կանչելու համար: 23.02.2012թ. ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավարը, ի պատասխան Գ. Գյոզալյանի դիմումի, նշել է. «... ՀՀ դատական օրենսգրքի 106-րդ և 156-րդ հոդվածների համաձայն` Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացնում միայն դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, հարուցված կարգապահական վարույթը կարճելու և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Արդարադատության խորհրդին դիմելու դեպքերում: Հետևաբար, Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը կարգապահական վարույթ չհարուցելու դեպքում որոշում կայացնելու իրավասությամբ օժտված չէ»:
Գ. Գյոզալյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` ՀՀ արդարադատության խորհրդին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջով, այն է` պատշաճ կերպով, պատճառաբանված պատասխանել իր` 19.01.2012թ. դիմումին: ՀՀ վարչական դատարանը «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» իր` 06.03.2012թ. ՎԴ/1375/05/12 որոշմամբ մերժել է Գ. Գյոզալյանի հայցադիմումի ընդունումը:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը, քննության առնելով ՀՀ վարչական դատարանի` վերը նշված որոշման դեմ Գ. Գյոզալյանի բերած վերաքննիչ բողոքը, իր` «Բողոքը մերժելու մասին» 06.04.2012թ. որոշմամբ մերժել է Գ. Գյոզալյանի վերաքննիչ բողոքը` ՀՀ վարչական դատարանի 06.03.2012թ. ՎԴ/1375/05/12 որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, քննության առնելով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի` վերը նշված որոշման դեմ Գ. Գյոզալյանի բերած վճռաբեկ բողոքը, իր` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» 16.05.2012թ. որոշմամբ վերադարձրել է վճռաբեկ բողոքը:
3. Վիճարկելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածի 6-րդ մասի և 158-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների սահմանադրականությունը` դիմող Ս. Մնացականյանը գտնում է, որ դրանք հակասում են ՀՀ Սահմանադրության 3, 5, 18, 19, 43, 91, 92, 93, 94 և 97-րդ հոդվածներին:
Հղում կատարելով ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներին, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք որոշումների` Ս. Մնացականյանը պնդում է, որ ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածների և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի դրույթների միասնականությունը կազմում է դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների բովանդակությունը: Ըստ Ս. Մնացականյանի` դատարանի մատչելիության, դատական պաշտպանության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքների բաղադրատարրերից է դատական ակտը բողոքարկելու իրավունքը, իսկ պետությունն օրենսդրի միջոցով պարտավոր է ապահովել սահմանադրական այդ իրավունքի իրացումը: Մինչդեռ, ըստ դիմողի, ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառման հետևանքով վարչական դատարանը մերժել է վարույթ ընդունել հայցը` դրանով իսկ մերժելով արդարադատության իրականացումը:
Անդրադառնալով ՀՀ դատական օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի ենթադրյալ հակասահմանադրականության հիմնավորմանը` Ս. Մնացականյանը, վերլուծելով ՀՀ Սահմանադրության 91, 92 և 93-րդ հոդվածների բովանդակությունը, գտնում է, որ ՀՀ արդարադատության խորհուրդը ներառված չէ ՀՀ դատական համակարգում և չի կարող իրականացնել արդարադատություն: Ս. Մնացականյանը գտնում է նաև, որ արդարադատություն իրականացնելու և որպես դատարան գործելու գործառույթ ՀՀ արդարադատության խորհրդի վրա դրված չէ նաև ՀՀ Սահմանադրության 94.1 և 95-րդ հոդվածներով:
Վիճարկելով ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի և 158-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների սահմանադրականությունը` դիմող Գ. Գյոզալյանը գտնում է` դրանք հակասում են ՀՀ Սահմանադրության 27.1, 18 և 19-րդ հոդվածներին:
Մասնավորապես, վերլուծելով ՀՀ Սահմանադրության 27.1-րդ հոդվածը` Գ. Գյոզալյանը գտնում է, որ Սահմանադրության նշված հոդվածի տրամաբանությամբ դիմում կամ առաջարկություն ներկայացնողի իրավունքը երաշխավորված է եռակի, որը դրսևորվում է նրանում, որ, առաջին` դիմում կամ առաջարկություն ներկայացնողի իրավունքին համապատասխանում է հասցեատեր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց պարտականությունը` պատասխանել դրան, երկրորդ` պատասխանը պետք է տրվի ողջամիտ ժամկետում, երրորդ` դիմումի կամ առաջարկության հասցեատեր պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց պատասխանը պետք է լինի պատշաճ, այսինքն` օրինական և հիմնավորված: Ըստ Գ. Գյոզալյանի` ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածը ՀՀ Սահմանադրության 27.1-րդ հոդվածի ուժով պետք է սահմաներ, որ ՀՀ արդարադատության խորհրդի կողմից դիմումների պատասխանները պետք է լինեն պատճառաբանված, այլապես դատական վերահսկողության ոլորտից դուրս կմնան ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակցի կողմից դիմումը միտումնավոր չընդունելու կամ այդ աշխատակցի կողմից դիմումը վերադարձնելու վերաբերյալ միանձնյա որոշում կայացնելու դեպքերը:
Անդրադառնալով ՀՀ դատական օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի ենթադրյալ հակասահմանադրականության հիմնավորմանը` Գ. Գյոզալյանը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածները, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք որոշումներ, գտնում է, որ վիճարկվող նորմերի հիման վրա դատարանը ոչ միայն մերժում է իր խախտված իրավունքների պաշտպանությունը, այլ նաև դատարանն է կրկնակի անգամ խախտում Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված իր իրավունքը` հայտնելով, որ ՀՀ արդարադատության խորհրդի գործողությունները ենթակա չեն դատական վերահսկողության:
4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողների փաստարկներին, գտնում է, որ ՀՀ դատական օրենսգրքի` նրանց կողմից վիճարկվող դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Որպես իր դիրքորոշման հիմնավորում` պատասխանող կողմը, հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք որոշումների, գտնում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերը քննելիս ՀՀ արդարադատության խորհուրդը հանդես է գալիս որպես դատական գործառույթ իրականացնող մարմին և, որպես այդպիսին, լիովին բավարարում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սահմանած բոլոր չափանիշները, այն է` ստեղծված է օրենքի ուժով, նրա իրավասության շրջանակը սահմանված է օրենքով, իր գործունեության ընթացքում անկախ է և անկողմնակալ, ընթացակարգերի իմաստով իրականացնում է արդար, հրապարակային և ողջամիտ ժամկետներում քննություն, ունի պարտադիր կատարման ենթակա որոշումներ կայացնելու իրավասություն:
Անդրադառնալով ՀՀ արդարադատության խորհրդի որոշումների վերջնական և բողոքարկման ոչ ենթակա լինելու հանգամանքի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքներին առնչակցությանը` պատասխանող կողմը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների վերլուծության հիման վրա գտնում է, որ արդար դատաքննության իրավունքը վերաբերում է առաջին հերթին առաջին ատյանի դատարանին, իսկ մյուս դատարաններում այն կիրառվում է միայն բողոքարկման իրավունքի իրացումից հետո, եթե տվյալ կատեգորիայի գործերով նախատեսված է բողոքարկման իրավունք: Պատասխանող կողմը միաժամանակ, որպես անձի իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիք, նշում է նոր երևան եկած հանգամանքներով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության խորհրդի որոշումների վերանայման իրավական հնարավորությունը:
Ի հակադրումն Ս. Մնացականյանի այն փաստարկների, որ արդարադատության խորհուրդն ընդգրկված չէ դատական համակարգում, պատասխանող կողմը նշում է, որ ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածը հնարավոր է համարում մասնագիտացված դատարանների ստեղծումը:
Դիմող Գ. Գյոզալյանի փաստարկների առնչությամբ` կապված պատճառաբանված պատասխան ստանալու հետ, պատասխանող կողմը գտնում է, որ բարձրացված հիմնախնդիրն առնչվում է ոչ թե ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետին, այլ նույն հոդվածի 6-րդ մասին:
5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործով դիմող Գ. Գյոզալյանը նախ բարձրացնում է արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից կարգապահական վարույթ հարուցելը մերժելիս այդպիսի մերժումը պատճառաբանելու պարտականություն օրենսդրորեն չնախատեսելու խնդիրը:
Անդրադառնալով այդ հիմնահարցին` ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ առաջ քաշված խնդիրն ուղղակիորեն չի վերաբերում ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի դրույթին, քանի որ վերջինս, և ընդհանրապես նշված հոդվածի ողջ 5-րդ մասը, սահմանում է կարգապահական վարույթ հարուցելու առիթները, այլ ոչ թե այդ վարույթի հարուցումը մերժելու կարգը կամ հնարավորությունը: Այսուամենայնիվ, իրավունք վերապահելով անձին իր դիմումով կարգապահական վարույթ հարուցելու առիթ տալ` օրենսդիրը նույնիսկ նույն հոդվածի 7-րդ մասի հիմքով (որում առանձին առիթների դեպքում նախատեսվում է պատասխանը չհիմնավորելու հնարավորություն) չի նախատեսել անձի դիմումի առիթով վարույթ չհարուցելու դեպքում նրան պատճառաբանված պատասխան չտալու իրավունք: Հակառակը, տվյալ հոդվածի իրավական տրամաբանությունից բխում է անձի դիմումով վարույթ հարուցելը մերժելիս այդպիսի մերժումը պատճառաբանելու պարտականությունը: Հակառակ դեպքում այդ առիթը նույնպես կներառվեր հոդվածի 7-րդ մասում: Դատական պրակտիկայում է փորձ արվել ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի դրույթներին տալ այնպիսի մեկնաբանություն, որից բխեցվել է դիմողի հարցադրումը` վարույթ հարուցելը մերժելիս այդպիսի մերժումը պատճառաբանելու պարտականություն չնախատեսելու առնչությամբ:
ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ, նախ` ինքնին խնդրահարույց է ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 7-րդ մասը: Այն չունի պատշաճ իրավական հիմնավորվածություն` այդ մասի համատեքստում վարույթի հարուցումը մերժելիս դրա պատճառների մասին հիմնավորումներ չտալու դրույթ նախատեսելու առումով: Երկրորդ` երբ օրենսգիրքը նախատեսել է, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթը նաև անձի դիմումն է, և այս առիթն ընդհուպ չի ներառել հիշյալ հոդվածի 7-րդ մասում, ապա այդ դիմումը չի կարող մնալ անպատասխան կամ այն մերժելու դեպքում չտրվի մերժման համապատասխան հիմնավորում: Հակառակ դեպքում խախտվում է անձի` ՀՀ Սահմանադրության 27.1-րդ հոդվածով նախատեսված իրավունքը, որը սահմանում է, որ «Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք»: Իրավական պրակտիկան պետք է անվերապահորեն հիմք ընդունի անձի` ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու սահմանադրական իրավունքի ապահովման անհրաժեշտությունը` որպես անմիջականորեն գործող իրավունք: Սահմանադրական դատարանը գտնում է, որ սահմանադրորեն ամրագրված «պատշաճ պատասխան» եզրույթը չի ենթադրում միայն պատասխանի ձևը կամ առկայությունն ընդհանրապես: Այն բովանդակային առումով նշանակում է, որ պատասխանը պետք է լինի իրավաչափ ու անհրաժեշտ հիմնավորումներով: Իրավական պետությունում այս պահանջը չի կարող շրջանցել որևէ իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմին կամ պաշտոնատար անձ, այդ թվում` արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը: Սահմանադրական հիշյալ պահանջը չկատարելն արդարացնող ցանկացած պատճառաբանություն, այդ թվում` օրենքին կատարվող հղում, անհիմն է, քանի որ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք»:
6. Դիմողների կողմից բարձրացված մյուս հիմնահարցերի առնչությամբ սույն գործի փաստարկների շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում բացահայտել.
- արդարադատության խորհրդի սահմանադրաիրավական կարգավիճակը,
- ՀՀ դատական օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված` «գործում է որպես դատարան» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը.
- որպես դատարան գործելիս արդարադատության խորհրդի որոշումների վերջնական, բողոքարկման ոչ ենթակա լինելու իրավաչափությունը` դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների իրացումն ապահովելու համատեքստում:
ՀՀ սահմանադրական դատարանը նախ արձանագրում է, որ թե՛ դիմողների և թե՛ պատասխանողի մոտ քննության առարկա հիմնահարցին առնչվող որոշ անհստակություններ պայմանավորված են իշխանությունների տարանջատման սկզբունքի սահմանադրական մակարդակում իրացման խնդիրներով, ՀՀ Սահմանադրության կառուցվածքը միասնական մոտեցում չի դրսևորել իշխանությունների գործառնական կամ կառուցակարգային տարանջատման հարցում: Այն դեպքում, երբ օրենսդիր և գործադիր իշխանությունները ներկայացված են որպես կառուցակարգային ինստիտուտներ, ապա դատական իշխանությունն առանձնացվել է իր գործառնական դերով: Այսուհանդերձ, սահմանադրորեն դատական իշխանության համակարգում ՀՀ արդարադատության խորհուրդը դիտվում է որպես այդ համակարգի գործառնական արդյունավետությունն ապահովելու հարցում իր սահմանադրական հստակ գործառույթներն ունեցող ու անկախ գործող ենթահամակարգ:
ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ 2005թ. սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանում զգալի չափով ամրապնդվել են արդարադատության խորհրդի անկախության գործառնական ու կառուցակարգային երաշխիքները, չնայած այս հարցում որոշ հիմնախնդիրներ սահմանադրական մակարդակում հետագա լուծումների անհրաժեշտություն ունեն, որոնք սույն գործի շրջանակներում քննության առարկա չեն:
Սահմանադրական ներկա իրավակարգավորումները լրացվել են նաև արդարադատության խորհրդի գործունեության ընթացակարգային օրենսդրական լուծումներով, ինչի հիմքում դրվել են հարցերի քննարկման դատավարական մոտեցումները, մասնավորապես, վարչական դատավարության կանոնակարգերը` այնքանով, որքանով դրանք կիրառելի են արդարադատության խորհրդի սահմանադրական գործառույթների արդյունավետ իրականացման համար:
Էական է նաև այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրությունն արդարադատության խորհրդի գործառույթները դասակարգում է երկու խմբի` միջանկյալ և վերջնական լուծում տվող գործառույթների: Համաձայն ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի` վերջնական լուծում բովանդակող գործառույթը միայն դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելն է: Մյուս բոլոր դեպքերում արդարադատության խորհուրդը ՀՀ Նախագահի լուծման ենթակա հարցերի վերաբերյալ տալիս է առաջարկություններ կամ ներկայացնում է եզրակացություն: Ինչ վերաբերում է դատավորի լիազորությունների դադարեցման մասին ՀՀ Նախագահին առաջարկ ներկայացնելուն, ապա իր բնույթով պաշտոնանկության այս ընթացակարգը ենթադրում է հարցի քննարկման երեք փուլ` վարույթ հարուցող սուբյեկտ, արդարադատության խորհուրդ, Հանրապետության Նախագահ: Նրանցից յուրաքանչյուրը կոչված է բացահայտելու իրավական ճշմարտությունը և արդարադատության համակարգի արդյունավետ գործունեության շահերից ելնելով` օրենքով նախատեսված առիթի ու հիմքերի շրջանակներում, սահմանված կարգով վերաբերմունք արտահայտել դատավորի կողմից իր պաշտոնական պարտականությունների պատշաճ կատարման վերաբերյալ: Մեթոդաբանական նշանակության կարևոր հանգամանքն այն է, որ առավելապես գործող դատավորներից ու նաև գիտնական իրավաբաններից կազմված այդ մարմինը սահմանադրական իր իրավասության շրջանակներում ու օրենքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում գնահատում է, թե իր իսկ կողմից դատավորի պարտականությունների համար լիազորված պաշտոնատար անձը որքանով է հավատարիմ իր երդմանը և ինչպես է կատարում պաշտոնական պարտականությունները:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ այս համակարգն ամբողջական է` իր գործառույթների կատարումը ներհամակարգային կայունության ու արդյունավետության ապահովման տեսանկյունից երաշխավորելու հարցում: Այն դուրս չի գալիս դատավորի պաշտոնական պարտականությունների կատարումը, նրա ծառայողական պիտանելիությունը գնահատելու սահմանադրական գործառույթի իրականացման շրջանակներից, ինչն այս մարմնի բացառիկ իրավասությունն է: Այս հարցում դատարաններին վերահսկողական լիազորություն վերապահելը կիմաստազրկեր արդարադատության խորհրդի գոյությունն ընդհանրապես` որպես դատական իշխանության համակարգում ինքնուրույն ու սահմանադրորեն բացառապես իրեն վերապահված իրավասություն իրականացնող անկախ մարմնի:
Ինչ վերաբերում է ՀՀ դատական օրենսգրքի 158-րդ հոդվածի` սույն գործով վիճարկվող 1-ին մասի այն սահմանմանը, համաձայն որի` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերը քննելիս արդարադատության խորհուրդը գործում է որպես դատարան, ապա սահմանադրական դատարանը գտնում է, որ «գործում է որպես դատարան» եզրույթի առնչությամբ նկատի պետք է ունենալ արդարադատության խորհրդի գործունեության կարգը, այլ ոչ թե նրա` որպես արդարադատություն իրականացնող դատարանի գործառնական դերը: Վերջինս փաստվում է նաև ՀՀ դատական օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասում անմիջապես հաջորդող այն կանոնակարգմամբ, համաձայն որի` «Որպես դատարան գործելիս Արդարադատության խորհրդում գործերի քննության կարգի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարական օրենսգրքի նորմերն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են Արդարադատության խորհրդում գործի քննության նկատմամբ և չեն հակասում սույն օրենսգրքի նորմերին»:
Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդրական զարգացումները, ելնելով նաև սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներից, կարող են առավել հստակ դարձնել «գործում է որպես դատարան» եզրույթը` նկատի ունենալով, որ որպես անկախ մարմին, որի գործառույթները կանխորոշված են սահմանադրական մակարդակով, դատավորի պաշտոնական պարտականության կատարմանն առնչվող հարցերը քննության առնելիս նրա իսկ իրավունքների պաշտպանության երաշխիքներից ելնելով արդարադատության խորհուրդը գործում է հարցի քննարկման դատարանին բնորոշ ընթացակարգով: Օրենսդիրը կարող է նաև քննության առարկա դարձնել այդ մարմնի գործունեության առանձին կանոնակարգման խնդիրը` ուշադրություն դարձնելով վերջինիս սահմանադրական գործառույթներին ներդաշնակ հարցերի քննարկման կանոնակարգային լուծումներին` նկատի ունենալով, որ արդարադատության խորհրդի որոշումները դատական կարգով բողոքարկելի չեն: Էական է նաև կարգապահական հանձնաժողովի և արդարադատության խորհրդի հայեցողության սահմանների օրենսդրական առավել հստակեցումը:
7. Հաշվի առնելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված` արդարադատության խորհրդի որոշումների բողոքարկման արգելքը, բացի վերոնշյալ սկզբունքային մոտեցումներից, ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարում պարզել նաև, թե արդյո՞ք օրենսդրորեն նախատեսված են բավարար երաշխիքներ, որոնց պայմաններում կարող է իրավաչափ համարվել ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված` վեճի առարկա դրույթը: Ընդ որում, հարկ է, որպեսզի վերը նշված երաշխիքներն առկա լինեն թե՛ արդարադատության խորհրդի ձևավորման, լիազորությունների և թե՛ նրա գործունեության սկզբունքների և ընթացակարգերի տեսանկյունից:
ՀՀ Սահմանադրության և ՀՀ դատական օրենսգրքի վերլուծության հիման վրա սահմանադրական դատարանը գտնում է, որ վերոհիշյալ օրենսդրական երաշխիքներն առկա են: Մասնավորապես, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ.
ա) արդարադատության խորհուրդն ունի ձևավորման սահմանադրաիրավական հիմք: ՀՀ Սահմանադրության 94.1-րդ հոդվածի համաձայն` Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով ձևավորվում և գործում է արդարադատության խորհուրդ,
բ) արդարադատության խորհրդի գործառույթների կոնկրետ շրջանակը հստակ սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ: ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի վերլուծությունը ցույց է տալիս, որ արդարադատության խորհրդի առջև սահմանադիրը դրել է նպատակ` իր գործունեությամբ և բացառիկ լիազորությունների պատշաճ իրականացմամբ արդյունավետորեն կազմակերպել ՀՀ դատարանների, բացի սահմանադրական դատարանից, բնականոն գործունեությունը, որի տարրերից է նաև արդարադատություն իրականացնողների գործառնական պարտականությունների պատշաճ կատարումը,
գ) արդարադատության խորհրդի գործունեության սկզբունքներից են անկախությունը և անկողմնակալությունը: ՀՀ Սահմանադրության 94.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով օրենքով սահմանված կարգով ընտրված ինը դատավորներ, Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականներ: Արդարադատության խորհրդի` որպես անկախ մարմին լինելն ուղղակի սահմանված է նաև ՀՀ դատական օրենսգրքի 97-րդ հոդվածով: Դրա հետ մեկտեղ, ՀՀ դատական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «Արդարադատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորն անկախ է»: Վերը նշված դրույթում «օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս» եզրույթը վերաբերում է նաև այն դատավորներին, որոնք արդարադատության խորհրդի կազմում իրականացնում են կոնկրետ լիազորություններ, ինչը ներառում է նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննությանը մասնակցելը:
Ինչ վերաբերում է արդարադատության խորհրդի կազմում գործող դատավորի անկողմնակալությանը, ապա այդ հանգամանքն առավելապես առնչվում է գործի քննության ընթացակարգերին, որպիսիք, ինչպես արդեն վերը նշվել է, հանդիսանում են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարական օրենսգրքի նորմերն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են արդարադատության խորհրդում գործի քննության նկատմամբ և չեն հակասում ՀՀ դատական օրենսգրքի նորմերին: Բացի դրանից, որպես անկողմնակալության երաշխիք է հանդիսանում ՀՀ դատական օրենսգրքի 104-րդ հոդվածը, որը սահմանում է արդարադատության խորհրդի անդամների` որոշումների կայացմանը մասնակցության դեպքերը: Մասնավորապես, արդարադատության խորհրդի անդամը չի մասնակցում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման կայացմանը, եթե արդարադատության խորհրդի անդամը հանդիսանում է այն կարգապահական հանձնաժողովի անդամ, որի կողմից հարուցված կարգապահական վարույթի հիման վրա է արդարադատության խորհուրդը քննարկում հարցը: Ինչ վերաբերում է արդարադատության խորհրդի կազմում Հանրապետության Նախագահի և ՀՀ Ազգային ժողովի կողմից նշանակվող իրավաբան-գիտնականներին, ապա նրանց թվաքանակն զգալիորեն զիջում է արդարադատության խորհրդի կազմում դատավորների թվաքանակին, ինչը ոչ միայն չի կարող ազդեցություն ունենալ արդարադատության խորհրդի անկախության և անկողմնակալության վրա, այլև հանդես է գալիս որպես վերջիններիս համար հակակշռող նշանակություն ունեցող լրացուցիչ երաշխիք,
դ) ընթացակարգերի իմաստով արդարադատության խորհուրդն իրականացնում է գործի արդար, հրապարակային և ողջամիտ ժամկետներում քննություն: Ինչպես արդեն վերը նշվեց` ՀՀ դատական օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն արդարադատության խորհրդում գործերի քննության կարգի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարական օրենսգրքի նորմերն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են արդարադատության խորհրդում գործի քննության նկատմամբ և չեն հակասում ՀՀ դատական օրենսգրքի նորմերին: Նման կանոնակարգմամբ, ըստ էության, օրենսդիրն արդարադատության խորհրդի գործունեության հիմքում դնում է արդար քննության համար անհրաժեշտ երաշխիքներ` ուղղված ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների իրացման ապահովմանը: Արդար քննության շրջանակներում, մրցակցային գործընթացի արդյունավետության ապահովման նպատակով, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննելիս տվյալ դատավորը, ՀՀ դատական օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, իրավունք ունի` ծանոթանալու արդարադատության խորհրդում հարցի քննության համար հիմք հանդիսացող նյութերին, քաղվածքներ անելու, ստանալու դրանց պատճենները, հարցեր տալու ելույթ ունեցողին, առարկություններ ներկայացնելու, բացատրություններ տալու և միջնորդություններ անելու, ապացույցներ ներկայացնելու և մասնակցելու դրանց հետազոտմանը, մասնակցելու նիստին` հանդես գալով անձամբ կամ փաստաբանի միջոցով: Օրենսդիրը նախատեսել է մեկ կարևոր երաշխիք ևս. ՀՀ դատական օրենսգրքի 160-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Արդարադատության խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը քննելիս դատավորն օգտվում է Սահմանադրության 19-րդ հոդվածով և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված երաշխիքներից»: Արդար քննության շրջանակներում հիշյալ օրենսգրքով ամրագրված է նաև, որ արդարադատության խորհրդի որոշումները պետք է պատճառաբանված լինեն: ՀՀ դատական օրենսգրքի 163-րդ հոդվածի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով արդարադատության խորհրդի որոշումը պետք է պարունակի նաև արդարադատության խորհրդի պատճառաբանված եզրակացությունը` առկա ապացույցների վկայակոչմամբ: Հրապարակային քննության շրջանակներում ևս օրենսդիրն ամրագրել է մի շարք պահանջներ: Մասնավորապես, ՀՀ դատական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավորի, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, պահանջով իր գործի քննությունն անցկացվում է հրապարակային: Նույն օրենսգրքի 111-րդ և 163-րդ հոդվածների համաձայն` արդարադատության խորհրդի որոշումները հրապարակվում են «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» և դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում: Ինչ վերաբերում է ողջամիտ քննությանը, ապա ՀՀ դատական օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի ուժով կարգապահական վարույթի տևողությունը չի կարող 6 շաբաթից ավելի լինել, բացառությամբ դատավորի բացակայության դեպքերի, իսկ նույն օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով արդարադատության խորհուրդը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը քննում է ողջամիտ ժամկետում:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերը նշված երաշխիքների առկայության պայմաններում և արդարադատության խորհրդի սահմանադրաիրավական կարգավիճակի վերաբերյալ վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների շրջանակներում ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված` արդարադատության խորհրդի որոշումների դատական կարգով բողոքարկման արգելքն իրավաչափ է:
Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև իր` 28.11.2007թ. ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշմանը, երբ վկայակոչելով արդարադատության մատչելիության և արդյունավետության խնդիրների վերաբերյալ իր մի շարք որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները` կապված Եվրոպայի խորհրդի առջև ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտության հետ, միաժամանակ կարևորել է այդ պարտավորություններից բխող ներպետական հայեցողական որոշակի ազատությունն արդարադատության մատչելիության և, հատկապես` դատական բողոքարկման իրավունքի օրենսդրական սահմանափակումների հարցում: Հարկ է նկատել, որ ներպետական հայեցողության վերաբերյալ դիրքորոշում է արտահայտել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր` CASE OF OLUJIC v. CROATIA գործով (Application ոօ. 22330/05, JUDGMENT 5 February 2009, FINAL 05/05/2009), ըստ որի` «Դատարանը ճանաչում է պետության շահը վերահսկելու դատարանի մատչելիությունը, երբ հարցը վերաբերում է որոշակի խմբի հարցերի: Այնուամենայնիվ, Պայմանավորվող Պետությունների, մասնավորապես` իրավասու ազգային օրենսդրի, այլ ոչ թե Դատարանի խնդիրն է հստակ սահմանել հանրային ծառայության այն ոլորտները` ներառելով պետական ինքնիշխանությանն բնորոշ հայեցողական լիազորությունների իրականացումը, որտեղ անհատի շահերը պետք է ստորադասվեն: …Եթե ազգային համակարգն արգելափակում է դատարանի մատչելիությունը, Դատարանը կհաստատի, որ վեճն իրականում այնպիսին է, որ արդարացվում է Հոդված 6-ով նախատեսված երաշխիքների նկատմամբ բացառության կիրառումը: Եթե վեճն այդպիսին չէ, որևէ խնդիր չկա և 6-րդ հոդվածի 1-ին պարագրաֆը կկիրառվի»:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ բարձրացված հիմնահարցին հարկ է անդրադառնալ նաև ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված` դատական համակարգի աստիճանակարգության տեսանկյունից: Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ներկա դատական համակարգի պայմաններում նման որոշումների դատական կարգով բողոքարկումն օրենսդրորեն ամրագրված առկա շրջանակներից դուրս կարող է աղերսներ ունենալ ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների հետ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ արդարադատության խորհրդի կազմի մեջ ներառված են հիմնականում գործող դատավորներ ՀՀ դատական համակարգի տարբեր օղակներից, ներառյալ` ՀՀ վճռաբեկ դատարանը: Նման պայմաններում ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների համակարգում նախատեսված չէ այնպիսի դատական ատյան, որի դատավորներն իրենց կարգավիճակով ավելի բարձր կլինեն ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներից: Այս կապակցությամբ սույն գործով սահմանադրական դատարանը հարկ է համարում վկայակոչել նաև իր` 28.11.2007թ. ՍԴՈ-719 որոշման 5-րդ կետը, որտեղ սահմանադրական դատարանն անընդունելի է համարել հավասար կամ ցածր պետաիշխանական մակարդակի վրա գտնվող դատավորի կողմից նույն դատարանի նախագահի կամ վերադաս ատյանի դատարանների դատավորների գործողությունների (անգործության) վիճարկման վերաբերյալ դիմումները քննության առնելու հնարավորությունը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման դիրքորոշումը հավասարապես կիրառելի է նաև արդարադատության խորհրդի խնդրո առարկա որոշումների նկատմամբ:
ՀՀ սահմանադրական դատարանը հանգում է այն հետևությանը, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արդարադատության խորհրդի որոշումների դատական կարգով բողոքարկման հնարավորություն չնախատեսելը բխում է առկա սահմանադրական իրավակարգավորումների տրամաբանությունից: Այն չի խախտում իր կամքի ազատ արտահայտմամբ ու հատուկ երդմամբ պաշտոնական պարտականություններ իրականացնող դատավորի իրավունքները` այդ պարտականությունների կատարման համար նրան երաշխավորած մարմնի կողմից դրանց պատշաճ կատարումը գնահատելու առումով` հաշվի առնելով արդարադատության խորհրդի ձևավորման, նրա բացառիկ սահմանադրական լիազորությունների, գործունեության սկզբունքների և աստիճանակարգված ընթացակարգերի արդյունավետ իրացման համար նախատեսված օրենսդրական երաշխիքների առկայությունը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածի 6-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը` սույն որոշման մեջ ներկայացված սահմանադրաիրավական բովանդակության շրջանակներում, համաձայն որի` ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը պարտավոր է անձի դիմումը մերժելու դեպքում ողջամիտ ժամկետում իր պատասխանում հիմնավորել վարույթ չհարուցելու պատճառները:
3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 9.1-րդ կետի և 69-րդ հոդվածի 12-րդ մասի հիմքերով դիմող Գ. Գյոզալյանի գործով վերջնական դատական ակտը նոր հանգամանքների հիմքով օրենքով սահմանված կարգով ենթակա է վերանայման:
4. ՀՀ դատական օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
5. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
18 դեկտեմբերի 2012 թ. ՍԴՈ-1063 |
|