ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ 2-3/2004 |
Քաղաքացիական գործ թիվ 2-3/2004 |
Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան |
Դատավորներ՝ | Ն. Տավարացյան |
Դ. Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2012 թվականի հոկտեմբերի 19-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Երանուհի, Հասմիկ և Տիգրան Մարգարյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.06.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հրայր Ագանիկյանի ընդդեմ Ալիսա, Երանուհի և Տիգրան Մարգարյանների, Հասմիկ Աշոտի Մարգարյանի, Հասմիկ Բագրաթի Մարգարյանի` 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Հրայր Ագանիկյանը պահանջել է Ալիսա, Երանուհի, Տիգրան Մարգարյաններից, Հասմիկ Աշոտի Մարգարյանից և Հասմիկ Բագրաթի Մարգարյանից համապարտության կարգով բռնագանձել 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար, ինչպես նաև 20 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի (դատավոր` Գ. Մազմանյան) (այսուհետ` Դատարան) 15.03.2004 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.06.2012 թվականի որոշմամբ Երանուհի, Հասմիկ և Տիգրան Մարգարյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.03.2004 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Երանուհի, Հասմիկ և Տիգրան Մարգարյանները։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հրայր Ագանիկյանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 31.01.2011 թվականի թիվ ԵՔՐԴ/0059/01/08 օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ Հրայր Ագանիկյանը շորթման եղանակով պահանջել և իրավունք է ձեռք բերել Ալիսա Մարգարյանի առանձնապես խոշոր չափերի` 5.742.250 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար գումարի նկատմամբ: Հրայր Ագանիկյանը տվյալ գործով որպես ապացույցներ դատարանում ներկայացրել է կեղծված 04.09.2003 թվականի փոխառության պայմանագիրը, 17.09.2003 թվականի, 18.09.2003 թվականի և 24.12.2003 թվականի պարտավորագրերը, ինչպես նաև Ալիսա Մարգարյանը Հրայր Ագանիկյանի սպառնալիքների ներքո կեղծել է վերոնշյալ գրավոր ապացույցները, իսկ հետագայում պարզվել է, որ Երանուհի և Տիգրան Մարգարյանների, Հասմիկ Աշոտի Մարգարյանի, Հասմիկ Բագրաթի Մարգարյանի անվամբ դատական ծանուցագրերը ստացել է նրանց ընտանիքի անդամ Ալիսա Մարգարյանը ու թաքցրել է այդ փաստը նրանցից: Վերոնշյալ գործողությունները հանգեցրել են ապօրինի և չհիմնավորված դատական ակտ կայացնելուն:
Տվյալ դեպքում թիվ ԵՔՐԴ/0059/01/08 դատավճռով հաստատված փաստերը սույն գործի վերանայման համար նոր երևան եկած հանգամանքներ են:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով բեկանել Վերաքննիչ դատարանի 06.06.2012 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Բողոք բերող անձինք չեն ներկայացրել որևէ ապացույց, որը հիմնավորում է այն հանգամանքը, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 31.01.2011 թվականի թիվ ԵՔՐԴ/0059/01/08 օրինական ուժի մեջ մտած դատավճիռը հանդիսանում է նոր երևան եկած հանգամանք` թիվ 2-3/2004 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի 06.06.2012 թվականի որոշումը վերանայելու համար:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 04.09.2003 թվականին կնքված փոխառության պայմանագրի համաձայն` Հրայր Ագանիկյանն Ալիսա Մարգարյանին տրամադրում է 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից 1.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամն Ալիսա Մարգարյանը պարտավորվել է վերադարձնել մինչև 31.12.2003 թվականը, իսկ մնացած գումարը` մինչև 04.09.2004 թվականը (հատոր 1, գ. թ. 187),
2. 17.09.2003 թվականին կնքված փոխառության պայմանագրի համաձայն` Հրայր Ագանիկյանն Ալիսա Մարգարյանին տրամադրում է 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից 1.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամն Ալիսա Մարգարյանը պարտավորվել է վերադարձնել մինչև 01.11.2003 թվականը, իսկ մնացած գումարը` մինչև 17.03.2004 թվականը (հատոր 1, գ. թ. 188),
3. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31.01.2011 թվականի թիվ ԵՔՐԴ/0059/01/08 դատավճռով հաստատվել է, որ Հրայր Ագանիկյանը շորթման եղանակով պահանջել և իրավունք է ձեռք բերել Ալիսա Մարգարյանի` առանձնապես խոշոր չափերի` 5.742.250 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար գումարի նկատմամբ, Հրայր Ագանիկյանը տվյալ գործով որպես ապացույցներ դատարանում ներկայացրել է կեղծված 04.09.2003 թվականի փոխառության պայմանագիրը, 17.09.2003 թվականի, 18.09.2003 թվականի և 24.12.2003 թվականի պարտավորագրերը, Ալիսա Մարգարյանը Հրայր Ագանիկյանի սպառնալիքների ներքո կեղծել է վերոնշյալ գրավոր ապացույցները, ինչպես նաև վերոնշյալ դատավճռով հաստատվել է, որ Երանուհի և Տիգրան Մարգարյանների, Հասմիկ Աշոտի Մարգարյանի, Հասմիկ Բագրաթի Մարգարյանի անվամբ դատական ծանուցագրերը ստացել է նրանց ընտանիքի անդամ Ալիսա Մարգարյանը ու թաքցրել է այդ փաստը նրանցից (հատոր 1, գ. թ. 58-59, 64-66):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն։
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե`
1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ
2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և
3. այդ հանգամանքները էական նշանակություն ունեն գործի լուծման համար։
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում արտահայտել է այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն` արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե ոչ (տե´ս ըստ Մարինե Մանուկյանի դիմումի` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին գործով Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ ԵԿԴ/2397/02/09 որոշումը)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`
1) բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն.
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` վկայի ակնհայտ կեղծ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, փաստաթղթերի կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն.
3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները կամ դատավորը, գործի քննության հետ կապված, կատարել են հանցավոր արարք:
Սույն գործով բողոք բերած անձը որպես նոր երևան եկած հանգամանքներ է վկայակոչել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 31.01.2011 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված հանգամանքները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:
Վճռաբեկ դատարանն արդեն անդրադարձել է դատավճռի նախադատելիության հարցին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը նախադատելի (պրեյուդիցիալ) նշանակություն ունի միայն հանցագործության քաղաքացիաիրավական հետևանքներին վերաբերող քաղաքացիական գործ քննող դատարանի համար հետևյալ շրջանակներում.
1. կատարվե՞լ են արդյոք որոշակի գործողություններ (հանցագործության օբյեկտիվ կողմը),
2. արդյո՞ք այդ գործողությունները կատարվել են տվյալ անձի կողմից (տե´ս ըստ Կարապետ Գրաչյանի հայցի ընդդեմ Ատոմ Ղազազյանի` գումարի պահանջի մասին և ըստ Ատոմ Ղազազյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Կարապետ Գրաչյանի` գումարի պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի թիվ 3-1091(ՎԴ) որոշումը)։
Սույն գործով դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Հրայր Ագանիկյանի կողմից ներկայացված 04.09.2003 թվականին և 17.09.2003 թվականին կնքված փոխառության պայմանագրերով ու 18.09.2003, 24.12.2003 թվականի պարտավորագրերով հիմնավորվում է Հրայր Ագանիկյանի կողմից Ալիսա Մարգարյանին 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար տրամադրելու փաստը, Ալիսա Մարգարյանը հայցի դեմ չի առարկել, իսկ Երանուհի և Տիգրան Մարգարյանները, Հասմիկ Աշոտի Մարգարյանը, Հասմիկ Բագրաթի Մարգարյանը, դատական նիստի օրվա և վայրի մասին պատշաճ կարգով ծանուցված լինելով, չեն ներկայացել դատական նիստին:
Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, իր որոշման հիմքում դրել է այն հիմնավորումը, որ բողոքաբերները չեն ներկայացրել ապացույցներ այն մասին, որ Ալիսա Մարգարյանն իրենց երբևէ չի հայտնել դատավճռով հաստատված և իրենց կողմից վկայակոչված հանգամանքների մասին, ինչպես նաև բողոքաբերները չեն ներկայացրել բավարար ապացույցներ այն մասին, որ իրենց անվամբ ձևակերպված ծանուցագրերը ստացել է Ալիսա Մարգարյանը և թաքցրել իրենցից:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 31.01.2011 թվականի թիվ ԵՔՐԴ/0059/01/08 դատավճռով հաստատված վերոգրյալ հանգամանքները սույն գործով նոր երևան եկած հանգամանք են, քանի որ նշված դատավճռով հաստատվում է, որ Հրայր Ագանիկյանը շորթման եղանակով պահանջել և իրավունք է ձեռք բերել Ալիսա Մարգարյանի` առանձնապես խոշոր չափերի` 5.742.250 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար գումարի նկատմամբ, Հրայր Ագանիկյանը տվյալ գործով որպես ապացույցներ դատարանում ներկայացրել է կեղծված 04.09.2003 թվականի փոխառության պայմանագիրը, 17.09.2003 թվականի, 18.09.2003 թվականի և 24.12.2003 թվականի պարտավորագրերը, Ալիսա Մարգարյանը Հրայր Ագանիկյանի սպառնալիքների ներքո կեղծել է վերոնշյալ գրավոր ապացույցները, ինչպես նաև վերոնշյալ դատավճռով հաստատվել է, որ Երանուհի և Տիգրան Մարգարյանների, Հասմիկ Աշոտի Մարգարյանի, Հասմիկ Բագրաթի Մարգարյանի անվամբ դատական ծանուցագրերը ստացել է նրանց ընտանիքի անդամ Ալիսա Մարգարյանը ու թաքցրել է այդ փաստը նրանցից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.32-րդ, 204.38-րդ և 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.06.2012 թվականի որոշումը և այն փոփոխել հետևյալ կերպ` բեկանել ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 15.03.2004 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Վ. Ավանեսյան |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Է. Հայրիյան | |
Տ. Պետրոսյան | |
Ե. Սողոմոնյան |