ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 նոյեմբերի 2012 թվականի N 1571-Ն
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1490-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի վարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի «Օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի վարման կարգը հաստատելու մասին» N 1490-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. դեկտեմբերի 19 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 1571-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի (այսուհետ` ՀՀ ՕՀՊԿ) վարման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. ՀՀ ՕՀՊԿ-ի վարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):
3. ՀՀ ՕՀՊԿ-ի հիմնական նպատակը տեղեկատվական հենքի ստեղծումն է` օգտակար հանածոների ուսումնասիրության, օգտագործման և պահպանության ոլորտում միասնական պետական ռազմավարության իրականացման համար:
4. ՀՀ ՕՀՊԿ-ից տեղեկությունը տրամադրվում է պետական կառավարման լիազոր, ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին` ըստ պաշտոնական հարցման:
5. ՀՀ ՕՀՊԿ-ից տեղեկությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Հայաստանի Հանրապետության հանքավայրերի պետական կադաստրում հաշվառման ենթակա են`
1) օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում հաշվառված հանքավայրերը (այդ թվում՝ կոնսերվացված և տեխնածին).
2) օգտակար հանածոների երևակումները:
7. ՀՀ ՕՀՊԿ-ն հանքավայրերի և երևակումների վերաբերյալ հակիրճ նկարագրությունն է, որտեղ տեղեկությունը պահպանվում է անձնագրերի (այսուհետ` անձնագիր) միջոցով:
8. Անձնագրերում նշվում են`
1) օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում հաշվառված հանքավայրերի (այդ թվում՝ կոնսերվացված և տեխնածին)`
ա. անվանումը, գտնվելու վայրը,
բ. օգտակար հանածոների պաշարները հաստատող մարմնի անվանումը, հաստատման վերաբերյալ համապատասխան որոշման համարը, տարեթիվը, ամիսը և ամսաթիվը,
գ. ուսումնասիրություն իրականացրած կազմակերպության անվանումը,
դ. աշխարհագրական տեղադիրքը, կոորդինատները,
ե. լեռնաերկրաբանական պայմանները,
զ. հետախուզման մեթոդիկան,
է. երկրաբանական կառուցվածքը (բացառությամբ տեխնածին հանքավայրերի),
ը. չափերը, հողի նպատակային նշանակությունը,
թ. հողի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ համապատասխան որոշման համարը, տարեթիվը, ամիսը և ամսաթիվը,
ժ. օգտակար հանածոն (հանածոները) և ուղեկից բաղադրիչները,
ժա. օգտակար հանածոյի (հանածոների) քանակը և որակը,
ժբ. հանքավայրի մասին տվյալների սկզբնաղբյուրները,
ժգ. կոնսերվացված հանքավայրերի դեպքում՝ հանքավայրի մնացորդային պաշարները և կոնսերվացման պատճառները.
2) երևակումների`
ա. աշխարհագրական տեղադիրքը,
բ. լեռնաերկրաբանական պայմանները,
գ. երկրաբանական կառուցվածքը,
դ. կանխատեսվող չափերը, հողի նպատակային նշանակությունը,
ե. օգտակար հանածոն (հանածոները) և ուղեկից բաղադրիչները,
զ. օգտակար հանածոյի (հանածոների) կանխատեսվող քանակը և որակը,
է. երևակման վերաբերյալ տվյալների սկզբնաղբյուրները:
9. Անձնագրերը կազմվում և անձնագրերի օրինակելի ձևերը սահմանվում են լիազոր մարմնի կողմից:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |