ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 նոյեմբերի 2012 թվականի N 1431-Ն
ԸՆԴԵՐՔԸ ՆԱՎԹԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 81-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ընդերքը նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշումն ուժի մեջ է մինչև նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների և արդյունահանման առանձնահատկությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվելը և ուժի մեջ մտնելը.
2) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրված նավթի և բնական գազի պաշարների հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման լիցենզիաները, կնքված պայմանագրերը պահպանում են իրենց ուժը՝ մինչև նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման առանձնահատկության մասին Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվելը և ուժի մեջ մտնելը, եթե այդ օրենքով այլ բան նախատեսված չէ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. նոյեմբերի 21 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի N 1431-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԸՆԴԵՐՔԸ ՆԱՎԹԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են նավթի և բնական գազի հայտնաբերման նպատակով ընդերքը երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով տրամադրելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:
II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
1) պայմանական տարածք՝ որոշակի աշխարհագրական սահմանանշում պարունակող տարածք, որտեղ պետք է իրականացվեն նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների աշխատանքներ.
2) նավթի և բնական գազի պաշարների հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության արտոնագիր՝ պայմանական տարածքներում նավթի և բնական գազի հայտնաբերման նպատակով երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու թույլտվություն.
3) նավթային գործունեություն` նավթի և բնական գազի պաշարների հայտնաբերման ու գնահատման, արդյունահանման և մշակման գործողություններ, այդ թվում՝ կորզում, վերամշակում, փոխադրում, շուկայավարում, ուսուցում, ինչպես նաև նավթի և գազի հետ կապված ցանկացած այլ գործողություններ.
4) նավթային գործունեության իրավունք՝ նավթի և բնական գազի պաշարների հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության արտոնագրով, աշխատանքային ծրագրով, երկրաբանական ուսումնասիրության և արտադրանքի բաժանման պայմանագրերով հավաստվող երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու բացառիկ իրավունք.
5) նավթի ու բնական գազի պաշարների հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ՝ պայմանական տարածքներում իրականացվող ընդերքի ուսումնասիրություն.
6) նավթային գործունեության իրավունք կրող (այսուհետ՝ իրավունք կրող)՝ իրավաբանական անձ (այդ թվում՝ օտարերկրյա պետության), որն ստացել է նավթային գործունեության իրավունք.
7) օպերատոր` օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից ստեղծված կամ նշանակված, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող իրավաբանական անձ, որն իրականացնում է նավթային գործունեություն և հաշվարկահաշվետվային գործարքներ՝ կապված նավթային գործունեության իրավունքի իրականացման հետ, և որի գործողությունների նկատմամբ օտարերկրյա պետությունը կամ միջազգային կազմակերպությունը կրում է նյութական պատասխանատվություն պետության առջև.
8) նավթ՝ ցանկացած ածխաջրածիններ՝ անկախ նրանց տեսակարար կշռից, որոնք արդյունահանվում են հեղուկ վիճակում, նորմալ մթնոլորտային ճնշման և ջերմաստիճանի պայմաններում.
9) բնական գազ՝ ածխաջրածիններ, որոնք նորմալ մթնոլորտային ճնշման և ջերմաստիճանի պայմաններում գտնվում են գազային վիճակում՝ ներառյալ չոր գազը, ուղեկցող գազը, ոչ ածխաջրածնային գազը, որոնք արդյունահանվում են հեղուկ կամ գազային վիճակում.
10) աշխատանքային ծրագիր` լիազոր մարմնի հետ համաձայնեցված, բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման դրական եզրակացություն ստացած փաստաթուղթ նավթի և բնական գազի պաշարների հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման վերաբերյալ.
11) արտադրանքի բաժանման պայմանագիր՝ պայմանագիր, որով սահմանվում են նավթային գործունեության հետ կապված ծախսերի հատուցման և նավթի ու բնական գազի արտադրանքի բաժանման պայմանները.
12) հրաժարման հավաստագիր՝ լիազոր մարմնի կողմից տրվող՝ իրավունք կրողի նավթային գործունեության իրավունքից հրաժարումը հավաստող փաստաթուղթ:
3. Սույն կարգում կիրառված այլ հասկացությունների բացատրությունները տրված են Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ` օրենսգիրք):
III. ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԳՈՒՅՔԻ, ՆԱՎԹԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
4. Հայաստանի Հանրապետության ընդերքում գտնվող նավթը և բնական գազը Հայաստանի Հանրապետության բացառիկ սեփականությունն են, որոնք կարող են տրամադրվել միայն ուսումնասիրությունների և արդյունահանման նպատակով:
5. Արդյունահանված նավթի և բնական գազի պաշարների բաժնեմասերի չափաքանակների նկատմամբ իրավունքները որոշվում են արտադրանքի բաժանման պայմանագրի օրինակելի ձևով հաստատված տոկոսադրույքներին համապատասխան:
6. Նավթային գործունեության իրավունքի սահմաններում ձեռք բերված անշարժ և շարժական գույքը, որի արժեքը կողմերի համաձայնությամբ հաշվարկվում է արդյունահանվելիք նավթի և բնական գազի ինքնարժեքում, պետության կողմից նավթով և բնական գազով փոխհատուցվելուց հետո անցնում է պետության տնօրինմանը: Եթե կողմերի միջև չի կնքվում նավթային գործունեության իրավունքի սահմաններում ձեռք բերված անշարժ և շարժական գույքի արժեքի փոխհատուցման համաձայնություն, ապա պետությունը չի փոխհատուցում նշված գույքի դիմաց, և իրավունք կրողն ինքն է տնօրինում այդ գույքը:
7. Սարքավորումները պայմանական տարածքից ապամոնտաժում և հեռացնում է իրավունք կրողը՝ սեփական միջոցների հաշվին՝ ապահովելով մարդկանց կյանքի և առողջության անվտանգությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությունը:
IV. ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
8. Երկրաբանական տեղեկության նկատմամբ սեփականության իրավունքի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են օրենսգրքով:
V. ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
9. Նավթային գործունեությունը պետք է իրականացվի`
1) ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում ընդունված ստանդարտներին, նորմերին ու կանոններին համապատասխան.
2) նավթի և բնական գազի պաշարների հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացմամբ՝ միջազգային լավագույն փորձի կիրառմամբ.
3) ընդերքօգտագործման բնագավառում ընդունված բնության և շրջակա միջավայրի պահպանության նորմերին, ստանդարտներին, կանոններին և պահանջներին համապատասխան:
VI. ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
10. Նավթային գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (այսուհետ` լիազոր մարմին) իրավասություններն են՝
1) նավթի և բնական գազի պաշարների հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման համար ընդունված ստանդարտների, նորմերի ու կանոնների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
2) նավթային գործունեության իրավունքի տրամադրումը.
3) նավթային գործունեության ոլորտում ընդերքաբանական փորձաքննության իրականացումը.
4) նավթի և բնական գազի պաշարների հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արտադրանքի բաժանման մասին պայմանագրերի կնքումը.
5) նավթային գործունեության իրավունքի տրամադրման ժամանակ օրենսգրքով սահմանված` ընդերքօգտագործման համար արգելված ընդերքի առանձին տեղամասերի ճշգրտումը.
6) օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով երկրաբանական տեղեկության տրամադրումը.
7) նավթային գործունեության իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյանի ձևի հաստատումը:
11. Նավթային գործունեության հետ կապված՝ բնության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի իրավասություններն են`
1) նավթային գործունեության բնագավառում բնության և շրջակա միջավայրի պահպանության նորմերի, պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.
2) նավթի և բնական գազի պաշարների հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրերի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման եզրակացության տրամադրումը.
3) նավթային գործունեության հետ կապված՝ բնության և շրջակա միջավայրի պահպանության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների կիրառումը.
4) նավթի և բնական գազի պաշարների արդյունահանման և մշակման ժամանակ բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման, հատկացումների չափերի հաշվարկման, ռեկուլտիվացիոն աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ որոշումների ընդունումը.
5) նավթի և բնական գազի պաշարների արդյունահանման և մշակման ժամանակ բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փուլում բնության և շրջակա միջավայրի նկատմամբ մշտադիտարկումների պլանի կամ ծրագրի հաստատումը և վերահսկումը։
VII. ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
12. Իրավունք կրողի և տեղական ինքնակառավարման մարմինների միջև իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
VIII. ԻՐԱՎՈՒՆՔ ԿՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
13. Իրավունք կրող անձն իրավունք ունի`
1) տրամադրված պայմանական տարածքում նավթի և բնական գազի հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարելու (բացառիկ իրավունք).
2) նավթի և բնական գազի հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման համար ներգրավելու երրորդ անձանց` քաղաքացիաիրավական պայմանագրի կնքմամբ.
3) հայտնաբերված արդյունաբերական նշանակություն ունեցող նավթի և բնական գազի պաշարների գնահատումից հետո դիմելու լիազոր մարմին` արդյունահանման իրավունք ստանալու համար:
14. Իրավունք կրող անձը պարտավոր է`
1) նավթի և բնական գազի պաշարների հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներն իրականացնել ստանդարտներին, նորմերին ու կանոններին համապատասխան.
2) նավթի և բնական գազի հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներն իրականացնել լիազոր մարմնի հետ համաձայնեցված՝ նավթի և բնական գազի հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրին (այսուհետ` ծրագիր) համապատասխան.
3) յուրաքանչյուր տարվա ավարտից հետո 60 օրվա ընթացքում լիազոր մարմին ներկայացնել կատարված աշխատանքների մասին միջանկյալ հաշվետվություն.
4) այլ օգտակար հանածոների հայտնաբերման դեպքում 14 օրվա ընթացքում տեղեկացնել լիազոր մարմնին.
5) նավթի և բնական գազի հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում ստացված երկրաբանական տեղեկությունն օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով հանձնել լիազոր մարմնին.
6) նավթի և բնական գազի հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներն իրականացնել բնության և շրջակա միջավայրի պահպանության նորմերին, ստանդարտներին, կանոններին ու պահանջներին համապատասխան:
IX. ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ
15. Նավթային գործունեություն իրականացնելու համար կնքվում են`
1) նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության մասին պայմանագիր` համաձայն N 2 ձևի.
2) արտադրանքի բաժանման մասին պայմանագիր:
16. Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության մասին պայմանագիրը պետք է նախատեսի`
1) երկրաբանական ուսումնասիրության նպատակը.
2) աշխատանքների կատարման ժամանակացույց (ժամկետներն ըստ փուլերի), այդ թվում՝ նաև ստացված երկրաբանական տեղեկություններն ընդերքաբանական փորձաքննության ներկայացնելու ենթադրվող ժամկետները.
3) պայմանական տարածքը.
4) պայմանագրի գործողության ժամկետը` ըստ ծրագրի.
5) բնապահպանական միջոցառումները` Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրությանը համապատասխան.
6) կատարված աշխատանքների մասին միջանկյալ երկրաբանական հաշվետվությունները լիազոր մարմին ներկայացնելու ժամկետները։
17. Արտադրանքի բաժանման մասին պայմանագրի օրինակելի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
X. ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԸ
18. Ելնելով երկրաբանական, երկրաչափական և տնտեսական խնդիրներից՝ Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է ուղղանկյուն տարածքների՝ բացառությամբ, երբ դրանց սահմանը համընկնում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հետ:
19. Նավթային գործունեության իրականացման համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է վեց պայմանական տարածքների, որոնց սահմանների կոորդինատները սահմանված են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի կողմից:
XI. ԸՆԴԵՐՔԻ, ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
20. Նավթային գործունեության ընթացքում ընդերքի, բնության և շրջակա միջավայրի պահպանության միջոցառումներն իրականացվում են օրենսգրքին և Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրությանը համապատասխան:
XII. ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ
21. Պայմանական տարածքում ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է՝ օրենսգրքով սահմանված կարգով:
XIII. ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ
22. Նավթի և բնական գազի հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման գործընթացում իրավունք կրողի կատարած ծախսերը փոխհատուցվում են արտադրանքի բաժանման մասին պայմանագրում նախատեսված պայմաններով՝ կազմված հաշվետվության համաձայն:
23. Ծախսերի փոխհատուցումն սկսվում է միայն արտադրանքի արդյունահանումից հետո՝ ի հաշիվ արտադրանքի բաժանման պայմանագրով ամրագրվող իրավունք կրողի նավթի բաժնեմասի՝ կատարված ծախսերի փոխհատուցման համար:
24. Եթե արտադրանքի բաժանման մասին պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա իրավունք կրողը չի կարող պահանջել ավելին, քան՝ ընթացիկ տարում արդյունահանված նավթի արժեքի 50 տոկոսը: Ընթացիկ տարում չփոխհատուցված ծախսերը փոխհատուցման համար տեղափոխվում են հաջորդ տարի:
XIV. ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
25. Նավթային գործունեության իրավունքը տրամադրվում է 5 տարին չգերազանցող ժամկետով։ Իրավունք կրողի ներկայացրած դիմումի հիման վրա այն կարող է երկարաձգվել միմյանց հաջորդող 2 ժամանակահատվածի համար, յուրաքանչյուր անգամ՝ 2 տարվանից ոչ ավելի ժամկետով:
26. Նավթային գործունեության ժամկետներն ամրագրվում են նավթային գործունեության իրավունքը հավաստող փաստաթղթերում:
XV. ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՎԸ
27. Նավթային գործունեության իրավունքը կարող է լինել գրավի առարկա:
28. Նավթային գործունեության իրավունքի գրավի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենսգրքով և սույն կարգի XVII գլխում սահմանված կարգով:
XVI. ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
29. Նավթային գործունեության իրավունքը փոխանցվում է նոր իրավունք կրողին, եթե այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է նախկին իրավունք կրողի իրավահաջորդ: Այս դեպքում նավթային գործունեության մասին պայմանագիրն անվերապահորեն կնքվում է առանց դրա բովանդակության փոփոխության:
30. Նավթային գործունեության իրավունքը կարող է փոխանցվել իրավունք կրողի նախաձեռնությամբ, լիազորված մարմնի համաձայնությամբ` սույն կարգի XVII գլխում սահմանված կարգով:
XVII. ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ
31. Այն անձը, որը մտադիր է օտարել իրեն պատկանող նավթային գործունեության իրավունքը, լիազոր մարմին է ներկայացնում նավթային գործունեության իրավունքի փոխանցման համար համաձայնություն տալու մասին դիմում:
32. Դիմումը պետք է ներառի`
1) իրավաբանական անձի (այդ թվում՝ օտարերկրյա պետության) լրիվ անվանումը, որին պատկանում է նավթային գործունեության իրավունքը.
2) նշում փոխանցվող նավթային գործունեության իրավունքի մասին.
3) սույն կարգով նավթային գործունեության իրավունք հայցելու համար նախատեսված տեղեկությունները.
4) հաշվետվություն ծրագրով նախատեսված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման, այդ թվում՝ նաև բնապահպանական միջոցառումների մասին:
33. Դիմումին կցվող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ վավերացված պատճենով:
34. Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում ընդունում է որոշում նավթային գործունեության իրավունքի փոխանցման վերաբերյալ համաձայնություն տալու կամ համաձայնություն տալը մերժելու մասին: Սույն կետում նշված ժամկետում լիազոր մարմնի կողմից որոշում չընդունվելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:
35. Նավթային գործունեության իրավունքի փոխանցման վերաբերյալ համաձայնություն տալը լիազոր մարմնի կողմից մերժվում է՝ սույն կարգով սահմանված` նավթային գործունեության իրավունքի հայցը մերժելու մասին դրույթներին համապատասխան:
XVIII. ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
36. Լիազոր մարմինը վարում է նավթային գործունեության իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյան, որում հաշվառվում են այդ իրավունքներին առնչվող տեղեկությունները, ինչպես նաև իրավունքների փոփոխությունները, փոխանցումները, գրավը, զգուշացումը և դադարեցումը:
XIX. ԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ ԵՎ ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
37. Նավթային գործունեության իրավունքը դադարեցվում է միայն սույն կարգով սահմանված հիմքերով և կարգով:
38. Լիազոր մարմինն իրավունք կրողին կարող է տալ գրավոր զգուշացում, եթե նա՝
1) չի կատարում սույն կարգով նախատեսված պարտավորությունները.
2) չի կատարում նավթային գործունեության իրավունքի պայմանները, այդ թվում՝ պայմանագրերով և ծրագրով նախատեսված իր պարտավորությունների իրականացմանն առնչվող պայմանները՝ բացառությամբ գործադուլների, տնտեսավարողից անկախ պատճառներով ծառայությունների ընդհատումների` էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և այլ դեպքերի, անհաղթահարելի ուժի` հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաև պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, զանգվածային անկարգությունների, ապստամբության, ազգայնացման և այլն, որոնք 90 օրվա ընթացքում անհնար են դարձնում աշխատանքների կատարումը, և լիազոր մարմին են ներկայացվել համապատասխան փաստերը վկայող փաստաթղթեր:
39. Լիազոր մարմինն իրավունք չունի որոշում ընդունելու նավթային գործունեության իրավունքի դադարեցման մասին, եթե իրավունք կրողն զգուշացման մասին ծանուցումն ստանալուց հետո` ոչ ավելի, քան 90 օրվա ընթացքում, վերացրել է նշված հիմքերը:
40. Նավթային գործունեության իրավունքի դադարեցումն ուժի մեջ է մտնում իրավունք կրողի նկատմամբ նրա նավթային գործունեության իրավունքի հետ կապված դատական գործընթացների ավարտից հետո:
41. Նավթային գործունեության իրավունքը դադարում է, եթե`
1) լրացել է նավթային գործունեության իրավունքի գործողության ժամկետը.
2) լուծարվել է իրավունք կրող իրավաբանական անձը.
3) լիազոր մարմնի սահմանած ժամկետում (90 օր) իրավունք կրողը չի վերացրել զգուշացման հիմքերը.
4) ընդերքն օգտագործվել է ոչ այն նպատակով, որի համար տրամադրվել է:
42. Սույն գլխի 41-րդ կետով նախատեսված դեպքերում լիազոր մարմինն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու նավթային գործունեության պայմանագրերը:
43. Նավթային գործունեության իրավունքը կարող է դադարեցվել նաև հասարակության և պետության կարիքների համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
XX. ՆԱՎԹԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
44. Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության արտոնագիրը (այսուհետ` արտոնագիր) մասնավորապես ներառում է՝
1) արտոնագրի հերթական համարը, տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և գործողության ժամկետը.
2) պայմանական տարածքի ծայրակետերի կոորդինատները` միասնական կոորդինատային համակարգով:
45. Արտոնագրին՝ համաձայն N 1 ձևի, կցվում են ծրագիրը և երկրաբանական ուսումնասիրության ու արտադրանքի բաժանման պայմանագրերը, որոնք արտոնագրի անքակտելի մասերն են:
XXI. ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՅՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ
46. Նավթային գործունեության իրավունք հայցելու մասին դիմումը ներկայացվում է լիազոր մարմին:
47. Դիմումում նշվում և դրան կից ներկայացվում են`
1) դիմումատուի պետական գրանցման վկայականի պատճենը (պետական գրանցման համարը).
2) նավթի և բնական գազի հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար ծրագրով պահանջվող ժամկետը.
3) պայմանական տարածքի ընդհանուր և երկրաբանական նկարագրությունները` երկրաբանական քարտեզով, և հատակագիծը` ծայրակետային կոորդինատներով.
4) ծրագիրը` համաձայն սույն կարգի XXII գլխում սահմանված պահանջների.
5) տվյալներ դիմումատուի՝ նախկինում ունեցած նավթային գործունեության իրավունքի մասին.
6) դիմումատու իրավաբանական անձի 10 կամ ավելի տոկոս բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող անձանց անունները (անվանումները), քաղաքացիությունը (իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման վկայականի պատճենը կամ պետական գրանցման համարը).
7) տեղեկություններ ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին՝
ա. նավթային գործունեության ոլորտում ունեցած մասնագիտական փորձի մասին տեղեկանք,
բ. ծրագրով պահանջվող ինժեներատեխնիկական կազմի առկայության մասին տեղեկանք, իսկ ինժեներատեխնիկական կազմի բացակայության դեպքում՝ համապատասխան մասնագետների հետ կնքված համապատասխան պայմանագրերի պատճենները,
գ. ծրագրի իրականացման համար անհրաժեշտ՝
տեխնիկական միջոցների առկայության մասին տեղեկանք, իսկ օրենքով սահմանված կարգով օգտագործման իրավունքով պատկանող տեխնիկական միջոցի համար՝ նաև համապատասխան պայմանագրի պատճենը,
ֆինանսական միջոցների մասին տեղեկանք, իսկ տրամադրված վարկային գծի կամ բանկային երաշխիքի, կամ ֆինանսական միջոցների փոխառության առկայության դեպքում՝ նաև համապատասխան ֆինանսական կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը,
Հայաստանի Հանրապետության հարկային մարմինների կողմից տրված՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ չունենալու մասին տեղեկանք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.
8) ֆինանսական առաջարկներ և երաշխիքներ, որոնք պետք է ներառեն մանրամասներ ուսումնասիրության աշխատանքի, կապիտալ և գործառնական ծախսերի վերաբերյալ:
XXII. ՆԱՎԹԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
48. Նավթային գործունեության իրավունք հայցելու մասին դիմումին կից լիազոր մարմին է ներկայացվում ծրագիրը` համաձայնեցման նպատակով:
49. Ծրագիրը պետք է ներառի`
1) կատարվելիք աշխատանքների նպատակներն ու ենթադրվող ժամկետները.
2) աշխատանքների կատարման նախանշված մեթոդները, եղանակները, միջոցները` միջազգային լավագույն փորձին համապատասխան, և մոտավոր ծավալները:
50. Ծրագրին կցվում են՝
1) անհրաժեշտ քարտեզագրական նյութերը.
2) բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատականը, այդ թվում` բնապահպանական ծրագիրը:
XXIII. ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՅՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
51. Նավթային գործունեության իրավունք հայցելու մասին դիմումի ստացման օրվանից հետո 5-օրյա ժամկետում լիազոր մարմինը դիմումատուին ծանուցում է դիմումին կից ներկայացված փաստաթղթերի փաթեթի ամբողջականության և դիմումի գրանցման մասին:
52. Դիմումի գրանցման օրվանից հետո 10-օրյա ժամկետում լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, ծրագիրը և վերջինս ներկայացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման՝ բնության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին: Ծրագիրն ստանալուց հետո բնության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտի լիազոր մարմինը 15-օրյա ժամկետում տրամադրում է ծրագրի մասին եզրակացություն:
53. Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, կամ ներկայացված ծրագիրը չի համապատասխանում սույն կարգի XXII գլխում ներկայացված պահանջներին, ապա լիազոր մարմինը դիմումի գրանցման օրվանից հետո 15-օրյա ժամկետում դիմումատուին տեղեկացնում է դրա մասին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:
54. Բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման մասին համապատասխան եզրակացությունը 15-օրյա ժամկետում չտրամադրվելու դեպքում այն համարվում է դրական, իսկ լիազոր մարմնի իրավասու անձն օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:
55. Բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման դրական եզրակացությունն ստանալուց հետո լիազոր մարմինը դիմումի գրանցման օրվանից հետո 60-օրյա ժամկետում դիմումի վերաբերյալ ընդունում է որոշում, որի մասին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե սույն մասով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձն օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:
56. Եթե երկու կամ ավելի անձ դիմում են ներկայացրել միևնույն պայմանական տարածքի համար, ապա նախապատվությունը տրվում է այն դիմումատուին, որի դիմումն առաջինն է գրանցվել:
57. Լիազոր մարմինը մերժում է դիմումը, եթե`
1) ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում նշված տեղեկությունները կեղծ են.
2) դիմումատուի առկա ֆինանսական և տեխնիկական կարողություններն ու միջոցները բավարար չեն լինի ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացնելու համար.
3) նավթային գործունեության ոլորտում դիմումատուն չունի առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ, իսկ մասնագիտական փորձի բացակայության դեպքում՝ 5 տարվա մասնագիտական փորձ ունեցող ինժեներատեխնիկական կազմ.
4) եթե դիմումատուն ունի ժամկետանց պարտավորություններ.
5) սույն կարգի XIX գլխի 41-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված հիմքով դադարեցվել է դիմումատուի` նախկինում ունեցած նավթային գործունեության որևէ իրավունք:
58. Դիմումի մերժման վերաբերյալ որոշման մեջ նշվում են մերժման բոլոր հիմքերը:
XXIV. ՆԱՎԹԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ
59. Լիազոր մարմնի կողմից նավթային գործունեության իրավունք հայցելու մասին դիմումը բավարարելու վերաբերյալ ծանուցումն ստանալուց հետո դիմումատուն 10-օրյա ժամկետում հրավիրվում է նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության ու արտադրանքի բաժանման մասին պայմանագրերն իր կողմից վավերացնելու համար:
60. Պայմանագրերի վավերացումից հետո 10-օրյա ժամկետում դիմումատուին տրվում է նավթային գործունեության իրավունքը հավաստող փաստաթղթերի փաթեթը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում նավթային գործունեության իրավունք հայցելու մասին դիմումը բավարարելու վերաբերյալ ընդունված որոշումը համարվում է ուժը կորցրած:
61. Արտոնագիրը, նավթի և բնական գազի հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արտադրանքի բաժանման մասին պայմանագրերը և լիազոր մարմնի հետ համաձայնեցված ծրագիրը համատեղ՝ նավթային գործունեության իրավունքը հավաստող փաստաթղթերի փաթեթն են:
62. Նավթային գործունեության իրավունքը հավաստող փաստաթղթերը տրվում են նավթային գործունեության իրավունքի տրամադրման պետական տուրքի անդորրագիրը ներկայացնելուց անմիջապես հետո:
63. Նավթային գործունեության իրավունք հայցելու մասին դիմումը, ծրագիրը, արտոնագիրը և երկրաբանական ուսումնասիրության ու արտադրանքի բաժանման մասին պայմանագրերը հիմք են օրենսգրքով սահմանված կարգով երկրաբանական ուսումնասիրությունների աշխատանքների հաշվառման համար:
XXV. ՆԱՎԹԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ
64. Արտոնագրի գործողության ժամկետը չի կարող երկարաձգվել, եթե նավթային գործունեության իրավունքի երկարաձգումը պայմանավորված է իրավունք կրողի կողմից պայմանագրային պարտականությունների կատարման խախտմամբ:
65. Արտոնագրի գործողության ժամկետը չի կարող երկարաձգվել, եթե իրավունք կրողն ուսումնասիրության արդյունքների հիման վրա առանձնացված՝ նավթի և բնական գազի հնարավոր կուտակումների համար ոչ հեռանկարային տեղամասերից հրաժարում չի նախատեսում, ինչը չի կարող լինել պակաս, քան սկզբնական տարածքի 25 տոկոսը:
66. Ժամկետի երկարաձգման մասին դիմումում պետք է նշվեն`
1) երկարաձգման խնդրարկվող ժամանակահատվածը.
2) հանգամանքները, որոնք հիմք են նավթի և բնական գազի հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները երկարաձգելու համար.
3) հաշվետվություն ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման, այդ թվում` բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման մասին.
4) փոփոխված աշխատանքային ծրագիրը.
5) երկրաբանական ուսումնասիրությունները շարունակելու հիմնավորումները:
67. Արտոնագրի գործողության ժամկետը երկարաձգելու նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո 10 օրվա ընթացքում լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված փոփոխված ծրագիրը և այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման: Բնության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը ծրագիրն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում տրամադրում է ծրագրի մասին եզրակացություն:
68. Բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման դրական եզրակացությունն ստանալուց հետո լիազոր մարմինը 15-օրյա ժամկետում ընդունում է որոշում դիմումի վերաբերյալ, որի մասին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե սույն կետում սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձն օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:
69. Եթե արտոնագրի գործողության ժամկետը երկարաձգելու համար ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ ներկայացված փոփոխված ծրագիրը չի համապատասխանում սույն կարգի XXII գլխում ներկայացված պահանջներին, ապա լիազոր մարմինը դիմումի գրանցման օրվանից հետո 15-օրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում է դիմումատուին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:
70. Լիազոր մարմնից ծանուցումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում դիմումատուն ներկայանում է նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության մասին պայմանագրում կատարվող համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացնելու համար, որից հետո 10-օրյա ժամկետում տրվում է նավթային գործունեության իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում նավթային գործունեության իրավունքի ժամկետի երկարաձգում հայցելու մասին դիմումը բավարարելու վերաբերյալ ընդունված որոշումը համարվում է ուժը կորցրած:
XXVI. ՆԱՎԹԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
71. Նավթային գործունեության իրավունք ունեցող կամ հայցող անձը կարող է փոփոխություններ կատարել ծրագրում:
72. Ծրագրում կատարվող յուրաքանչյուր փոփոխություն ուժի մեջ է մտնում լիազոր մարմնի հետ համաձայնեցվելուց և բնապահպանական ծրագրում փոփոխություն կատարվելուց հետո:
73. Փոփոխված ծրագիրը լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու համար ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո 30 օրվա ընթացքում լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված փոփոխված ծրագիրը և դիմումի վերաբերյալ ընդունում որոշում, որի մասին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե սույն մասով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձն օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:
74. Լիազոր մարմնից ծանուցումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում դիմումատուն ներկայանում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ծրագրում կատարվող համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացնելու համար, որից հետո 10-օրյա ժամկետում տրվում է նավթային գործունեության իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում ծրագրում կատարվելիք փոփոխության մասին դիմումը բավարարելու վերաբերյալ ընդունված որոշումը համարվում է ուժը կորցրած:
XXVII. ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄԸ
75. Նավթային գործունեության իրավունք ունեցող անձը, որը ցանկանում է հրաժարվել պայմանական տարածքի նկատմամբ երկրաբանական ուսումնասիրության իրավունքից, հրաժարումն ուժի մեջ մտնելու համար պետք է դիմի լիազոր մարմին՝ իր համար ցանկալի օրվանից առնվազն 3 ամիս առաջ:
76. Դիմումում և դրան կից ներկայացվում են`
1) նշում հրաժարումն ուժի մեջ մտնելու ցանկալի օրվա մասին.
2) պայմանական տարածքի վրա կատարված աշխատանքների մանրամասն նկարագրությունը, որի նկատմամբ երկրաբանական ուսումնասիրության իրավունքից դիմումատուն ցանկանում է հրաժարվել.
3) նշված աշխատանքների կատարումը հավաստող փաստաթղթերը:
77. Լիազոր մարմինը հրաժարման հավաստագիր չի տրամադրում այն դիմումատուին, որը չի ներկայացրել սույն կարգի 76-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերը:
78. Հրաժարման հավաստագիրն ուժի մեջ է մտնում սույն կարգի 76-րդ կետով նախատեսված դիմումում նշված օրվանից կամ այն օրվանից, որը նշանակում է լիազոր մարմինը՝ ելնելով հրաժարման պայմաններից: Նավթի և բնական գազի արտոնագիրն ուժը կորցրած է ճանաչվում, և երկրաբանական ուսումնասիրության ու արտադրանքի բաժանման մասին պայմանագիրը ենթակա է լուծման՝ պայմանական տարածքի վերաբերյալ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում ստացված տեղեկատվությունն օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով լիազոր մարմին հանձնելուց հետո:
79. Պայմանական տարածքի նկատմամբ երկրաբանական ուսումնասիրության իրավունքից հրաժարումը չի ազատում պայմանական տարածքի նկատմամբ մինչև հրաժարումն ուժի մեջ մտնելու պահն առաջացած պարտավորություններից և պատասխանատվությունից:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև N 1
|
Ձև N 2
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N _______
ՆԱՎԹԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(օրինակելի ձև)
քաղ. Երևան |
_____ _______________ 20 թ. |
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին)՝ ի դեմս նախարար ______________________________-ի, որը գործում է Հայաստանի Հանրապետության անունից, իր լիազորությունների սահմաններում, մի կողմից, և ______________________________________ տնտեսավարող սուբյեկտը (այսուհետ` նավթային գործունեության իրավունք կրող), ի դեմս ___________________________-ի, որը գործում է _________ հիման վրա, մյուս կողմից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ ու տնտեսավարող սուբյեկտի կանոնադրությամբ և հիմք ընդունելով նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության արտոնագիրն ու ծրագիրը՝ կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր):
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Պայմանագիրը նախատեսում է պայմանական տարածքն ուսումնասիրության տրամադրելու պայմանները և ժամկետները, աշխատանքների կատարման ժամկետն ըստ փուլերի` երկրաբանական ուսումնասիրությունների կատարման ժամանակացույցը, ստացված տեղեկություններն ընդերքաբանական փորձաքննության ներկայացնելու ենթադրվող ժամկետները, ինչպես նաև նրանց փոխհարաբերությունները կարգավորող այլ պայմաններ:
1.2. Պայմանագիրը բաղկացած է հիմնական տեքստից և հավելվածից, որոնք կազմում են պայմանագրի անբաժանելի մասը:
1.3. Պայմանագրով չկարգավորված հարաբերությունները, այդ թվում` կողմերի այլ իրավունքները, կարգավորվում են օրենքով, ինչպես նաև ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով:
2. Պայմանագրի առարկան
Պայմանագրով սահմանվում են պայմանական տարածքը, նավթի և բնական գազի հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման պայմանները, ինչպես նաև կողմերի իրավունքներն ու պարտականությունները:
3. Պայմանագրի ժամկետը
Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև __________ թվականի _______________-ը:
4. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
4.1. Լիազոր մարմինն իրավունք ունի`
4.1.1. նավթային գործունեության իրավունք կրողից պահանջելու նավթի և բնական գազի պաշարների հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները կատարել դրանց համար ընդունված ստանդարտներին, նորմերին ու կանոններին համապատասխան.
4.1.2. գրավոր զգուշացնելու և վաղաժամկետ լուծելու պայմանագիրը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
4.1.3. ստուգելու կատարված աշխատանքների մասին միջանկյալ երկրաբանական հաշվետվությունները ներկայացնելու վերաբերյալ սահմանված պահանջների կատարումը.
4.1.4. ստուգելու իրականացվող աշխատանքների համապատասխանությունը նավթի և բնական գազի հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքների հետ.
4.1.5. ստուգելու նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության մասին պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը.
4.1.6. նավթային գործունեության իրավունք կրողից պահանջելու՝ իրավունքի ժամկետը լրանալուց հետո կամ դրանից հրաժարվելու դեպքում նրանց տնօրինման տակ գտնվող երկրաբանական տեղեկությունը հանձնել լիազոր մարմին.
4.1.7. ստուգելու հաշվապահական հաշվարկները և հաշվետվությունները ներկայացնելու վերաբերյալ սահմանված պահանջների կատարումը:
4.2. Լիազոր մարմինը պարտավոր է`
4.2.1. նավթային գործունեության իրավունք կրողի դիմումի հիման վրա իրականացնել ստուգումներ պայմանական տարածքի երկրաբանական ուսումնասիրության յուրաքանչյուր փուլում:
4.3. Նավթային գործունեության իրավունք կրողն իրավունք ունի`
4.3.1. բացառիկ իրավունքով կատարելու տրամադրված տարածքում նավթի և բնական գազի հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ.
4.3.2. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման համար ներգրավելու երրորդ անձանց` քաղաքացիաիրավական պայմանագրի կնքմամբ.
4.3.3. դիմելու լիազոր մարմին՝ նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության ու արտադրանքի բաժանման մասին պայմանագրերի պայմանները փոփոխելու նպատակով.
4.3.4. դիմելու լիազոր մարմին` ստուգումներ իրականացնելու պայմանական տարածքում նավթի և բնական գազի հայտնաբերման նպատակով իրականացվող երկրաբանական ուսումնասիրության յուրաքանչյուր փուլում։
4.4. Նավթային գործունեության իրավունք կրողը պարտավոր է`
4.4.1. նավթի և բնական գազի պաշարների հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներն իրականացնել դրանց համար ընդունված ստանդարտներին, նորմերին ու կանոններին համապատասխան.
4.4.2. աշխատանքներն իրականացնել` համաձայն լիազոր մարմնի հետ համաձայնեցված ծրագրի.
4.4.3. լիազոր մարմնին տեղեկացնել արդյունաբերական նշանակություն ունեցող նավթի և բնական գազի հայտնաբերման մասին՝ դրանց հայտնաբերումից հետո 14 օրվա ընթացքում.
4.4.4. յուրաքանչյուր տարվա ավարտից հետո 60 օրվա ընթացքում լիազոր մարմին ներկայացնել միջանկյալ հաշվետվություն` մանրամասնելով կատարված երկրաբանական աշխատանքները.
4.4.5. մինչև յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտին հաջորդող ամսվա 30-ը լիազոր մարմին ներկայացնել հաշվապահական հաշվարկները և հաշվետվությունները.
4.4.6. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում ստացված տեղեկատվությունը հանձնել լիազոր մարմին` օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով.
4.4.7. ապահովել բնապահպանական միջոցառումների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
4.4.8. կատարել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված բոլոր պարտականությունները.
4.4.9. լիազոր մարմնին տրամադրել ստուգման ընթացքում պահանջվող փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին.
4.4.10. աշխատանքներն իրականացնել բնության և շրջակա միջավայրի պահպանության նորմերին, ստանդարտներին, կանոններին և պահանջներին համապատասխան:
5. Զգուշացումը
5.1. Լիազոր մարմինը կարող է նավթային գործունեության իրավունք կրողին տալ զգուշացում, եթե նա`
5.1.1. չի կատարում սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունները.
5.1.2. չի կատարում նավթային գործունեության իրավունքի պայմանները, այդ թվում՝ երկրաբանական ուսումնասիրության պայմանագրով և ծրագրով նախատեսված իր պարտավորությունների իրականացմանն առնչվող պայմանները:
6. Պայմանագիրն ուժի մեջ մտնելը, գործողության ժամկետը և լուծումը
6.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է արտոնագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում, եթե պայմանագրով սահմանված հիմքերով պայմանագիրը վաղաժամկետ չի լուծվել:
6.2. Եթե նավթային գործունեության իրավունքի ժամկետը երկարաձգվել է արտոնագրի պայմանների փոփոխության հետևանքով, ապա պայմանագիրը շարունակում է գործել` հաշվի առնելով այդ փոփոխությունները:
6.3. Պայմանագիրը կարող է լուծվել`
6.3.1. լիազոր մարմնի նախաձեռնությամբ` նավթային գործունեության իրավունք կրողի կողմից պայմանագրի դրույթների խախտման դեպքում.
6.3.2. նավթային գործունեության իրավունք կրողի նախաձեռնությամբ` նավթային գործունեության իրավունք կրողի կողմից նավթային գործունեության իրավունքի օբյեկտ հանդիսացող տարածքից հրաժարվելու դեպքում դիմում ներկայացվելու և լիազոր մարմնի կողմից հրաժարման հավաստագիրը տրամադրվելու դեպքում.
6.3.3. արտոնագրի ժամկետի ավարտի դեպքում:
6.4. Լիազոր մարմնի կողմից արտոնագրի վաղաժամկետ դադարեցվելու դեպքում պայմանագիրը համարվում է լուծված:
7. Պայմանագրում փոփոխություններ կատարելու հիմքերը
Նավթային գործունեության իրավունք կրողի առաջարկությամբ լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կարող է նավթային գործունեության իրավունքը ձևավորող փաստաթղթերում կատարել համապատասխան փոփոխություններ:
8. Անհաղթահարելի ուժի, ինչպես նաև կողմերի գործունեության հետ չկապված դեպքերը
Պայմանագրային պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաև պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, զանգվածային անկարգությունների, ապստամբության, ազգայնացման և այլ դեպքերը, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը:
9. Վեճերի լուծումը
Պայմանագրի գործողության ընթացքում կողմերի միջև առաջացած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:
10. Ծանուցումը
Պայմանագրի գործողության ընթացքում կողմերի միջև ծանուցումները, հաղորդումները համարվում են պատշաճ, եթե կատարված են գրավոր և տրված են առձեռն կամ ուղարկված են պատվիրված նամակով կամ էլեկտրոնային փոստով, կամ փոխանցվել են ֆաքսի միջոցով՝ կողմի՝ ստորև նշված հասցեով կամ այդ նպատակով կողմի նշած մեկ այլ հասցեով, ընդ որում, յուրաքանչյուր դեպքում պետք է առկա լինի գրավոր ստացական, որը կարող է փոխանցվել էլեկտրոնային փոստի կամ ֆաքսի միջոցով:
11. Այլ դրույթներ
11.1. Սույն պայմանագրի հավելվածը կազմում է նրա անբաժանելի մասը:
11.2. Սույն պայմանագիրը կազմված է 2 օրինակից՝ հայերենով, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ:
11.3. Պայմանագրին կցվում է երկրաբանական ուսումնասիրությունների կատարման և ստացված տեղեկությունները պետական փորձաքննության ներկայացնելու ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի (____ էջ):
12. Կողմերի գտնվելու վայրերը, բանկային վավերապայմանները և ստորագրությունները
Լիազոր մարմին _______________________________________________________________ (փոստային դասիչը, գտնվելու վայրը) ________________________________________________________________________________ (հեռախոսահամարները, հեռագրային դասիչները, հաշվարկային հաշիվը, հարկային հարկ վճարողի հաշվառման համարը)
Նավթային գործունեության իրավունք կրող ____________________________________________ (փոստային դասիչը, գտնվելու վայրը) ________________________________________________________________________________ (հեռախոսահամարները, հեռագրային դասիչները, հաշվարկային հաշիվը) | |
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ
____________________________ (անունը, ազգանունը)
____________________________ (ստորագրությունը)
_____ _______________ 20 թ.
Կ. Տ. |
ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԿՐՈՂ
______________________________ (անունը, ազգանունը)
______________________________ (ստորագրությունը)
_______ _________________ 20 թ.
Կ. Տ. |
Հավելված Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության մասին
20 թ. ________________ ____-ի N _____պայմանագրի |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
N _____պայմանական բլոկում երկրաբանական ուսումնասիրությունների կատարման ԵՎ ստացված տեղեկությունները պետական փորձաքննության ներկայացնելու
NN |
Աշխատանքի անվանումը |
Չափի միավորը |
Ծավալը |
20 թ. |
20 թ. |
20 թ. |
20 թ. |
20 թ. | |||||||||||||||
I |
II |
III |
IV |
I |
II |
III |
IV |
I |
II |
III |
IV |
I |
II |
III |
IV |
I |
II |
III |
IV | ||||
1. |
|||||||||||||||||||||||
2. |
|||||||||||||||||||||||
3. |
|||||||||||||||||||||||
4. |
|||||||||||||||||||||||
5. |
|||||||||||||||||||||||
6. |
|||||||||||||||||||||||
7. |
Ստացված տեղեկություններն ընդերքաբանական փորձա-քննության ներկայացնելը |
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ
____________________________ (անունը, ազգանունը)
____________________________ (ստորագրությունը)
_____ _______________ 20 թ.
Կ. Տ. |
ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԿՐՈՂ
______________________________ (անունը, ազգանունը)
______________________________ (ստորագրությունը)
_______ __________________ 20 թ.
Կ. Տ. |