Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձաբար պաշտպանության մասին
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Բելառուսի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և փոխշահավետ համագործակցության զարգացման շահերից ելնելով,
Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև արտաքին քաղաքական, ռազմական, տնտեսական, գիտատեխնիկական և այլ տեսակի համագործակցության ընթացքում օգտագործվող` Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիքների և (կամ) Բելառուսի Հանրապետության պետական գաղտնիքների պաշտպանության ապահովման նպատակով`
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվում են հետևյալ սահմանումները.
«գաղտնի տեղեկատվություն»` Կողմերի պետությունների օրենսդրության համապատասխան պաշտպանվող` Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիքներ և (կամ) Բելառուսի Հանրապետության պետական գաղտնիքներ կազմող տեղեկություններ, որոնք փոխանցվել են, ստացվել են, ինչպես նաև առաջացել են երկկողմ համագործակցության ընթացքում,
«գաղտնի տեղեկատվության կրիչներ»` նյութական օբյեկտներ, այդ թվում` ֆիզիկական դաշտեր, որոնցում գաղտնի տեղեկատվությունն արտացոլված է խորհրդանիշերի, պատկերների, ազդանշանների, տեխնիկական լուծումների և գործընթացների տեսքով, որոնց միջոցով հնարավոր է դրանք ճանաչել և նույնականացնել,
«գաղտնի տեղեկատվության պաշտպանություն»` Կողմերի պետությունների օրենսդրության և սույն Համաձայնագրի համաձայն իրավական, կազմակերպչական, տեխնիկական, ծրագրային և այլ միջոցների ձեռնարկում` գաղտնի տեղեկատվության չարտոնված տարածումը բացառելու նպատակով,
«գաղտնիության դրոշմագիր»` գաղտնի տեղեկատվության գաղտնիության աստիճանի մասին վկայող վավերապայման, որը պարունակվում է գաղտնի տեղեկատվության կրիչի վրա, դրվում է հենց գաղտնի տեղեկատվության կրիչի վրա և (կամ) դրան ուղեկցող փաստաթղթերի վրա,
«իրավասու մարմիններ»` սույն Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու` Կողմերի պետությունների պետական մարմիններ,
«լիազորված մարմիններ»` Կողմերի պետությունների օրենսդրության համապատասխան` գաղտնի տեղեկատվություն փոխանցելու, ստանալու, պահելու, օգտագործելու, պաշտպանելու լիազորված` Կողմերի պետությունների պետական մարմիններ և այլ կազմակերպություններ,
«գաղտնի տեղեկատվության չարտոնված տարածում»` գաղտնի տեղեկատվության հրապարակում կամ նման տեղեկատվության պահպանման կամ տարածման` Կողմերի պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգի խախտում, ինչի արդյունքում այն հայտնի է դառնում դրանից օգտվելու թույլտվություն չունեցող անձանց,
«գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն»` ֆիզիկական անձի գաղտնի տեղեկատվությանն իրազեկ լինելու իրավունք կամ Կողմերի պետությունների օրենսդրությամբ նախատեսված կարգով տրամադրված գաղտնի տեղեկատվության օգտագործմամբ գործունեություն իրականացնելու լիազորված մարմնի իրավունք,
«գաղտնի տեղեկատվությանն իրազեկ լինելու իրավունք»` Կողմերի պետությունների օրենսդրության համապատասխան ձևակերպված` գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն ունեցող ֆիզիկական անձի կողմից գաղտնի տեղեկատվությանը ծանոթանալը և (կամ) դրա հետ աշխատելը,
«գաղտնի աշխատանքներ»` գաղտնի տեղեկատվության օգտագործման հետ կապված աշխատանքներ, այդ թվում` ուսուցում:
Հոդված 2
Սույն Համաձայնագրի առարկան է հանդիսանում երկկողմ համագործակցության ընթացքում փոխանցված, ստացված, ինչպես նաև առաջացած գաղտնի տեղեկատվության պաշտպանության` Կողմերի կողմից փոխադարձ ապահովումը:
Հոդված 3
Կողմերի պետությունների գաղտնի տեղեկատվության գաղտնիության աստիճանը և այդ աստիճանին համապատասխանող` դրա կրիչների համար գաղտնիության դրոշմագիրը համադրվում են հետևյալ կերպ.
Հայաստանի Հանրապետություն |
Բելառուսի Հանրապետություն |
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ |
ОСОБОЙ ВАЖНОСТИ |
ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ |
СОВЕРШЕНННО СЕКРЕТНО |
ԳԱՂՏՆԻ |
СЕКРЕТНО |
Հոդված 4
Սույն Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու` իրավասու մարմիններն են հանդիսանում.
Հայաստանի Հանրապետությունում` Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն,
Բելառուսի Հանրապետությունում` Բելառուսի Հանրապետության Պետական անվտանգության կոմիտե:
Իրավասու մարմիններն իրենց իրավասության սահմաններում փոխգործակցում են ուղղակիորեն:
Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերի պետությունների լիազորված մարմինների փոխգործակցության կազմակերպումն իրականացվում է իրավասու մարմինների հետ համաձայնեցմամբ:
Գաղտնի աշխատանքների կատարման ընթացքում լիազորված մարմինների փոխգործակցությունն իրականացվում է նրանց կողմից ուղղակիորեն` Կողմերի պետությունների օրենսդրությամբ և նրանց միջև կնքված համապատասխան պայմանագրով (կոնտրակտով) նախատեսված կարգով:
Հոդված 5
Մի Կողմի պետության լիազորված մարմնի` մյուս Կողմի պետության լիազորված մարմնին գաղտնի տեղեկատվություն փոխանցելու մտադրության դեպքում, այն իր Կողմի պետության իրավասու մարմնին նախապես հարցում է ուղարկում, որ իրեն տրամադրվի գրավոր հաստատում, թե արդյոք այն իրավասու մարմինը, որին նախատեսվում է փոխանցել գաղտնի տեղեկատվությունը, ունի դրա հետ աշխատելու իրավունք:
Գաղտնի տեղեկատվության փոխանցման մասին որոշումն ընդունվում է Կողմերի պետությունների օրենսդրության համապատասխան:
Գաղտնի տեղեկատվության փոխանցումն իրականացվում է Կողմերի պետությունների օրենսդրության և լիազորված մարմինների միջև` գաղտնի աշխատանքներ կատարելու մասին կնքված պայմանագրի (կոնտրակտի) հիման վրա և դրանցով նախատեսված կարգով: Գաղտնի աշխատանքների կատարման մասին պայմանագրում (կոնտրակտում) պարտադիր կարգով նախատեսվում են`
- գաղտնի տեղեկատվության պաշտպանության համար պարտավորությունները,
- գաղտնի տեղեկատվության օգտագործման և մշակման պայմանները,
- երրորդ կողմին ստացված գաղտնի տեղեկատվության փոխանցման պարտավորությունները միայն այն տրամադրած լիազորված մարմնի գրավոր համաձայնությամբ,
- վիճահարույց հարցերի լուծման և հնարավոր վնասի փոխհատուցման կարգը:
Գաղտնի տեղեկատվության կրիչների փոխանակումն իրականացվում է դիվանագիտական ուղիներով, սուրհանդակային ծառայության օգտագործմամբ կամ Կողմերի պետությունների օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցով:
Գաղտնի տեղեկատվության խոշոր ծավալաչափի կրիչների յուրաքանչյուր փոխանցման դեպքում լիազորված մարմինները պայմանավորվում են ժամանակի, միջոցի, տեղափոխման ճանապարհի և ուղեկցման կարգի մասին, ինչի մասին տեղեկացնում են իրենց պետության իրավասու մարմիններին:
Գաղտնի տեղեկատվության փոխանցումը չի հանգեցնում դրա նկատմամբ բացառիկ իրավունքների և դրա կրիչների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում, եթե այլ բան համաձայնեցված չէ Կողմերի միջև:
Հոդված 6
Մի Կողմի պետության ներկայացուցիչների այցելությունները, որոնք նախատեսում են մյուս Կողմի պետության գաղտնի տեղեկատվությունից օգտվելու թույլտվություն, իրականացվում են ընդունող Կողմի հետ համաձայնեցված դիմումի հիման վրա:
Նման այցելությունների հնարավորության մասին դիմումը ուղղվում է նախատեսվող այցելությունից 1 ամսից ոչ ուշ և պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները,
այցելության նպատակը,
ներկայացուցչի ազգանունը և անունը (հայրանունը), ծննդյան ամսաթիվը և վայրը, քաղաքացիությունը և անձնագրի համարը,
ներկայացուցչի մոտ գաղտնիության համապատասխան մակարդակի գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու թույլտվության առկայության մասին տեղեկատվություն,
այցելության նախատեսվող ամսաթիվը և տևողությունը,
լիազորված մարմինների անվանումները, որոնց այցելությունը նախատեսվում է:
Գաղտնի տեղեկատվությունից օգտվելու թույլտվությունը ներկայացուցչին տրվում է ընդունող Կողմի պետության օրեսնդրությամբ նախատեսված կարգով` ուղարկող Կողմի պետության օրենսդրության համաձայն իրեն տրված պետական գաղտնիքների հետ աշխատելու թույլտվության և լիազորված մարմնի կողմից տրված գաղտնի աշխատանքներ կատարելու կարգադրության առկայության դեպքում:
Այցելությունների ժամանակ ներկայացուցիչները ծանոթանում են ընդունող Կողմի պետության կողմից սահմանված գաղտնի տեղեկատվության հետ աշխատանքի կանոնների հետ և պահպանում են այդ կանոնները այցի ընթացքում:
Կողմերից յուրաքանչյուրը իրավունք ունի մերժել մյուս Կողմի պետության ներկայացուցիչներին ընդունելու հարցում` նշելով մերժման պատճառները:
Հոդված 7
Գաղտնի տեղեկատվության ստացված կրիչների վրա ստացող պետության լիազորված մարմինը լրացուցիչ դնում է գաղտնիության դրոշմագիրը, որը համադրելի է սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն:
Գաղտնի տեղեկատվության գաղտնիության աստիճանը և դրա կրիչների համապատասխան գաղտնիության դրոշմագիրը չեն կարող փոփոխվել առանց այն փոխանցած Կողմի պետության լիազորված մարմնի գրավոր համաձայնության:
Այն դեպքում, երբ գաղտնի տեղեկատվությունը տեղափոխվում կամ պատճենահանվում է մեկ այլ կրիչի վրա` դրա վրա դրվում է բնօրինակի գաղտնիության դրոշմագրին համապատասխան գաղտնիության դրոշմագիր:
Գաղտնի տեղեկատվություն պարունակող փոխանցված կրիչները Կողմերի պետությունների լիազորված մարմինների համաձայնությամբ վերադարձվում կամ ոչնչացվում են Կողմերի պետությունների օրենսդրությունների պահպանմամբ, որոնց տարածքում գտնվում են այդ կրիչները, և այն միջոցով, որը երաշխավորում է գաղտնի տեղեկատվության վերարտադրման անհնարինությունը: Գաղտնի տեղեկատվության կրիչների ոչնչացման փաստը արձանագրվում է փաստաթղթերով: Ոչնչացման մասին փաստաթղթի պատճենը փոխանցվում է գաղտնի տեղեկատվությունը փոխանցած լիազորված մարմնին:
Գաղտնի տեղեկատվությունը փոխանցած մի Կողմի պետության լիազորված մարմինը գրավոր կերպով տեղեկացնում է այն ստացած մյուս Կողմի պետության լիազորված մարմնին գաղտնի տեղեկատվության գաղտնիության աստիճանի փոփոխման կամ դրա գաղտնազերծման մասին:
Համագործակցության ընթացքում Կողմերի միջև առաջացած գաղտնի տեղեկատվության գաղտնիության աստիճանի սահմանումը կամ փոփոխումը, ինչպես նաև դրա գաղտնազերծումը իրականացվում են լիազորված կամ իրավասու մարմինների համաձայնությամբ:
Հոդված 8
Գաղտնի տեղեկատվության պաշտպանության ապահովման նպատակով Կողմերը պարտավորվում են`
կիրառել երկկողմ համագործակցության ընթացքում ստացված կամ առաջացած գաղտնի տեղեկատվության նկատմամբ պաշտպանության այնպիսի միջոցներ, որոնք նրանք իրականացնում են սեփական գաղտնի տեղեկատվության նկատմամբ,
օգտագործել մյուս Կողմի պետության լիազորված մարմնից ստացված գաղտնի տեղեկատվությունը բացառապես դրա փոխանցման ժամանակ նախատեսված նպատակներով,
իրականացնել երկկողմ համագործակցության ընթացքում ստացված կամ առաջացած գաղտնի տեղեկատվության կրիչների հաշվառումը, պահպանումը, դրա մշակումը Կողմերի պետությունների օրենսդրություններով նախատեսված կարգով,
չփոխանցել երրորդ կողմին ստացված գաղտնի տեղեկատվությունը առանց այն փոխանցած լիազորված մարմնի նախնական գրավոր համաձայնության,
գրավոր կերպով տեղեկացնել գաղտնի տեղեկատվությունը փոխանցած լիազորված մարմնին դրա չթույլատրված տարածման փաստերի մասին:
Անհրաժեշտության դեպքում գաղտնի տեղեկատվության պաշտպանության վերաբերյալ լրացուցիչ պահանջները (գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու պարտավորությունների մանրամասն շարադրումով և դրա պաշտպանության միջոցների նշումով) կարող են քննարկվել գաղտնի տեղեկատվություն փոխանցող պետության լիազորված մարմնի կողմից:
Հոդված 9
Գաղտնի տեղեկատվության պաշտպանության պահանջների խախտման դեպքում Կողմի պետության իրավասու մարմնի կողմից, որի տարածքում տեղի է ունեցել խախտումը, կատարվում է հետաքննություն:
Գաղտնի տեղեկատվության առանց թույլտվության տարածման հաստատված փաստի վերաբերյալ անհապաղ տեղեկացվում է մյուս Կողմի պետության իրավասու մարմինը:
Իրավասու մարմինները միմյանց օգնություն են ցույց տալիս գաղտնի տեղեկատվության առանց թույլտվության տարածման փաստով հետաքննությունը անցկացնելիս` անհրաժեշտության դեպքում ուղարկելով իրենց ներկայացուցիչներին: Նման անձանց գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է ուղարկող Կողմը, եթե Կողմերը այլ բան չեն պայմանավորվել:
Գաղտնի տեղեկատվության չթույլատրված տարածման փաստով հետաքննության արդյունքների մասին Կողմերը հայտնում են իրար:
Գաղտնի տեղեկատվության չթույլատրված տարածման հետևանքով գաղտնի տեղեկատվության նկատմամբ բացառիկ իրավունքներ ունեցողին պատճառված վնասի հատուցման չափը և կարգը որոշվում են համաձայն Կողմերի պետությունների օրենսդրությունների, իրենց միջև կնքված միջազգային պայմանագրերի, գաղտնի տեղեկատվության փոխանցման մասին համապատասխան պայմանագրի (կոնտրակտի), ինչպես նաև խորհրդատվությունների ընթացքում:
Հոդված 10
Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են իրավասու մարմինների միջև խորհրդատվությունների և բանակցությունների միջոցով: Նման խորհրդատվությունների և բանակցությունների ժամանակ Կողմերը շարունակում են կատարել իրենց պարտավորությունները համաձայն սույն Համաձայնագրի:
Հոդված 11
Սույն Համաձայնագիրը իրականացնելիս արդյունավետ համագործակցություն ապահովելու համար Կողմերի պետությունների իրավասու մարմինները կարող են խորհրդատվություններ անցկացնել:
Կողմերի պետությունների իրավասու մարմինները փոխանակում են գաղտնի տեղեկատվության պաշտպանության բնագավառում օրենսդրական կամ այլ նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ տեղեկատվություն` սույն Համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ չափով:
Հոդված 12
Սույն Համաձայնագրում փոփոխությունները և (կամ) լրացումները կատարվում են Կողմերի փոխադարձ համաձայնությամբ և ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք հանդիսանում են դրա անբաժանելի մասը: Արձանագրությունները ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Հոդված 13
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից:
Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` մյուս Կողմին գրավոր տեղեկացնելով այն դադարեցնելու իր մտադրության մասին: Այդ դեպքում սույն Համաձայնագրի գործողությունը դադարում է նման ծանուցում ստանալուց 6 ամիս հետո:
Սույն Համաձայնագրի գործողության դադարման դեպքում Կողմերի պետությունները շարունակում են ապահովել գաղտնի տեղեկատվության և դրա կրիչների պաշտպանությունը սույն Համաձայնագրով նախատեսված կարգով, մինչ դրա գաղտնազերծումը:
Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցնում է 2006 թվականի հոկտեմբերի 23-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին» Համաձայնագիրը:
Կատարված է Մինսկում, 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, երկու բնօրինակով` հայերեն և ռուսերեն, որոնցից յուրաքանչյուրն ունի նույն իրավաբանական ուժը:
Տարաձայնությունների առաջացման դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015 թ. հունիսի 13-ին:
