ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԼԴ/0203/01/11 |
գործ թիվ ԼԴ/0203/01/11 |
|
Նախագահող դատավոր՝ Ե. Դարբինյան | |
Դատավորներ` Գ. Ավետիսյան |
|
Ս. Չիչոյան |
|
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Դանիելյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Ս. Ավետիսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ |
Մ. Պետրոսյանի | |
մասնակցությամբ | ||
պաշպան |
Ռ. Հակոբյանի | |
դատախազ |
Ռ. Սարուխանյանի |
2012 թվականի օգոստոսի 24-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Թադևոս Ավետիքի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի հունիսի 1-ի որոշման դեմ ամբաստանյալ Թ.Գևորգյանի պաշտպան Ռ.Հակոբյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2011 թվականի հունվարի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 52100211 քրեական գործը:
Նախաքննության մարմնի 2011 թվականի մարտի 11-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանի 2011 թվականի մարտի 25-ի որոշմամբ վերացվել է քրեական գործի վարույթը կասեցնելու մասին նախաքննության մարմնի 2011 թվականի մարտի 11-ի որոշումը, և քրեական գործի վարույթը վերսկսվել է:
2011 թվականի մայիսի 17-ի որոշմամբ Թ.Գևորգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով և 242-րդ հոդվածի 1-ին մասով:
2011 թվականի սեպտեմբերի 28-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի փետրվարի 27-ի դատավճռով ամբաստանյալ Թ.Գևորգյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից` 2 (երկու) տարի ժամկետով: «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման (այսուհետ նաև՝ Համաներման ակտ) 1-ին կետի 3-րդ ենթակետի հիման վրա` Թ.Գևորգյանն ազատվել է նշանակված հիմնական պատժից, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով ճանաչվել և հռչակվել է նրա անմեղությունը:
3. Ամբաստանյալ Թ.Գևորգյանի պաշտպան Ռ.Հակոբյանի և տուժող Վ.Արզումանյանի իրավահաջորդ Ա.Արզումանյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի հունիսի 1-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի փետրվարի 27-ի դատավճիռը:
4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունիսի 1-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Թ.Գևորգյանի պաշտպան Ռ.Հակոբյանը և տուժող Վ.Արզումանյանի իրավահաջորդ Ա.Արզումանյանը:
Վճռաբեկ դատարանի 2012 թվականի օգոստոսի 2-ի որոշումներով Թ.Գևորգյանի պաշտպան Ռ.Հակոբյանի բողոքն ընդունվել է վարույթ, իսկ տուժող Վ.Արզումանյանի իրավահաջորդ Ա.Արզումանյանի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Ամբաստանյալ Թ.Գևորգյանը դատապարտվել է այն բանի համար, որ 2010 թվականի հունիսի 21-ին իր կողմից վարած «ՎԱԶ-2121» մակնիշի 67ՕՕ131 պետհամարանիշի ավտոմեքենայով, ոգելից խմիչք օգտագործած վիճակում քաղաք Սպիտակից Երևան ընթանալիս Սպիտակ-Երևան ճանապարհի 1-ին կիլոմետրում, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնների 65-րդ և 66-րդ կետերի պահանջները, ինչպես նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները, ավտոմեքենան վարելով սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցող արագությամբ և իրականացնելով իր վարած ավտոմեքենայի ընթացքի ոչ պատշաճ և վտանգավոր կառավարում, ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս և ընկել ճանապարհին հարող հանդամասը, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր Վարդան Արամայիսի Արզումանյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 142):
6. Առաջին ատյանի դատարանին ներկայացված ամբաստանյալ Թ.Գևորգյանի պաշտպան Ռ.Հակոբյանի պաշտպանական ճառում առկա է հետևյալ ձևակերպումը. «Եթե դատարանը գտնի, որ ամբաստանյալը կատարել է իրեն վերագրվող արարքը, ապա չի կարող կայացնել մեղադրական դատավճիռ, այլ պետք է կարճի քրեական գործով վարույթը` կիրառելով 2011 թվականի մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի ընդունված` «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» N ԱԺՈ-277-Ն որոշումը» (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 116):
7. Վերաքննիչ բողոքում ամբաստանյալ Թ.Գևորգյանի պաշտպան Ռ.Հակոբյանը փաստարկել է, որ «Դատարանը, ամբաստանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր ճանաչելու դեպքում, պետք է ոչ թե ազատեր նրան պատժից, այլ պետք է կարճեր քրեական գործի վարույթը» (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 208):
8. Ամբաստանյալ Թ.Գևորգյանի` 2012 թվականի հունիսի 1-ին Վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն ունի հետևյալ բովանդակությունը. «Թեև ես ինձ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով վերագրվող արարքում մեղավոր չեմ ճանաչում, սակայն ներկայումս չեմ առարկում, որ իմ նկատմամբ կիրառվի նույն համաներման ակտի 5-րդ կետի 4-րդ ենթակետը և կարճել քրեական գործի վարույթը:
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանին միջնորդում և խնդրում եմ սույն քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվող դրվագով իր նկատմամբ կիրառել հիշյալ համաներման ակտի 5-րդ կետի 4-րդ ենթակետը և կարճել քրեական գործը» (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 290):
9. Վերաքննիչ դատարանի դատական ակտում առկա է հետևյալ ձևակերպումը. «(...) համաներման ակտ ընդունվելու հիմքով քրեական գործի վարույթի կարճումը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ անձն ըստ էության ընդունում է իր կողմից հանցանք կատարելու փաստը` համաձայնվելով համաներման ակտի հիմքով քրեական գործի վարույթի կարճմանը:
Այնինչ, ինչպես երևում է գործի նյութերից, ամբաստանյալ Թ.Գևորգյանն իրեն մեղավոր չի ճանաչել, ավելին, նրա պաշտպանի կողմից ներկայացված բողոքում խնդրվել է նրան արդարացնել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքով:
Հետևաբար, վերաքաննիչ դատարանն անհիմն է համարում վերաքննիչ բողոքի փաստարկն այն մասին, որ առաջին ատյանի դատարանը, չկարճելով քրեական գործի վարույթը սխալ է կիրառել համաներման ակտը:
Միևնույն ժամանակ վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի դատարանը Թ.Գևորգյանին պատժից ազատել է ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011 թվականի որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի հիման վրա: (...) Թ.Գևորգյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից նշանակվել է պատիժ ազատազրկման ձևով` մեկ տարի 6 ամիս ժամկետով: Հետևաբար Թ.Գևորգյանը ենթակա էր պատժից ազատման նշված որոշման 1-ին կետի` ոչ թե 3-րդ, այլ 1-ին ենթակետի հիման վրա» (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 305):
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
10. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական նորմերի խախտումներ:
Մասնավորապես, ըստ բողոքաբերի` սույն գործով կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդավածի 1-ին մասը, ոը չպետք է կիրառվեր:
Ի հիմնավորումն իր վերոհիշյալ փաստարկի` բողոքաբերը նշել է, որ Թ.Գևորգյանին առաջադրված մեղադրանքը հաստատված է համարվել միայն գործի ելքով շահագրգռված, տվյալ գործով տուժողի իրավահաջորդ ճանաչված անձի և նրա ընտանիքի անդամների ցուցմունքների հիման վրա, ինչպես նաև փորձագետի` միմյանց հակասող եզրակացությունների հիման վրա:
11. Բողոքաբերը նշել է նաև, որ խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի պահանջները, այն է` Թ.Գևորգյանի նկատմամբ սխալ է կիրառվել Համաներման ակտը: Ըստ բողոքաբերի` համաներման ակտի կիրառմամբ քրեական գործի վարույթի կարճումը չպետք է պայմանավորվի անձի կողմից հանցանքի կատարման փաստի ընդունման հետ, քանի որ Համաներման ակտով նման սահմանափակում նախատեսված չէ:
12. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բողոք բերած անձը խնդրել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունիսի 1-ի որոշումը և կայացնել արդարացման դատական ակտ` ճանաչելով և հռչակելով Թադևոս Գևորգյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ կամ Համաներման ակտի 6-րդ կետի 4-րդ ենթակետի հիման վրա` քրեական գործի վարույթը կարճել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
13. Նախքան վճռաբեկ բողոքում բարձրացված հարցերին անդրադառնալը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում դիրքորոշում հայտնել բողոքաբերի կողմից բարձրացված հարցերի միջև առկա կապի վերաբերյալ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերն ըստ էության երկու իրավական հարց է բարձրացրել, որոնցից առաջինն առնչվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի սխալ կիրառմանը (նյութական իրավունքի խախտում) (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը), իսկ երկրորդը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի խախտմանը (դատավարական իրավունքի խախտում) (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով դատավարական իրավունքի խախտման առկայությունը հաստատված ճանաչելու պարագայում այն կարող է ազդեցություն ունենալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի կիրառման վրա՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է քննության առնել սույն գործով թույլ տրված դատավարական իրավունքի ենթադրյալ խախտման հարցը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ համաներման ակտի կիրառման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է` օրինական և հիմնավորվա՞ծ է արդյոք Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, այն դեպքում, երբ Համաներման ակտի հիման վրա` քրեական գործի վարույթի կարճումը թույլատրելը պայմանավորվել է Թ.Գևորգյանի կողմից հանցանքի կատարման փաստն ընդունելու հանգամանքով:
15. ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն` «Հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`
(…)
13) ընդունվել է համաներման ակտ»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:
Մ.Էլոյանի և այլոց վերաբերյալ կայացված որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրելով «բոլոր դեպքերում» ձևակերպումը` օրենսդիրը արտահայտել է այդ կանոնն իմպերատիվ դարձնելու կամք` անկախ վերադաս դատարաններում վարույթի սահմանները որոշող իրավանորմերից (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մաս և 415-րդ հոդվածի 1-ին մաս): Այլ կերպ, եթե վերադաս դատարանը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա իրավասու է ուղղել այդ դատական սխալը` կաշկանդված չլինելով դատական վերանայման սահմանների վերաբերյալ կանոններով:
Նույնը վերաբերում է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում ամրագրված հիմքերին, որոնցով «հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման». նշված ձևակերպումը ևս վկայում է նշված հիմքերն իմպերատիվ դարձնելու օրենսդրի կամքի մասին:
(…) [վերոնշյալ] օրենքի մեկնաբանությունները ոչ միայն պայմանավորված են օրենքի իմաստի տառացի ընկալմամբ, այլև արտահայտում են քրեական դատավարությունում իրավաչափ շահերի ողջամիտ հավասարակշռությունը: (…)» (տե՛ս Մխիթար Միհրանի Էլոյանի և այլոց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման 13-14-րդ կետերը):
16. Մ.Էլոյանի և այլոց վերաբերյալ կայացված որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշման լույսի ներքո վերլուծելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համաներման ակտի ընդունումը քրեական դատավարության ցանկացած փուլում բացառում է քրեական գործի վարույթը: Համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու՝ վարույթն իրականացնող մարմնի վերոնշյալ պարտականությունը, սակայն, որոշակի վերապահում ունի, մասնավորապես՝ համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործի վարույթը ենթակա է կարճման այն դեպքում, երբ մեղադրյալը դրա դեմ չի առարկում:
Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իր նկատմամբ համաներման ակտի կիրառման համար անձի համաձայնության՝ որպես իմպերատիվ պահանջի օրենսդրական ամրագրումը նպատակ է հետապնդում վարույթն իրականացնող մարմնին հնարավորություն տալ պարզելու, թե արդյոք անձը համաձայն է, որ համաներման ակտի ընդունման հիմքով իր նկատմամբ քրեական գործ չհարուցվի, քրեական հետապնդում չիրականացվի կամ հարուցված քրեական գործը կարճվի:
17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը քրեական գործի վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման «ոչ արդարացնող» հիմք է, որի դեպքում թեև կատարված արարքն իր մեջ պարունակում է հանցակազմի հատկանիշներ, սակայն համապատասխան համաներման ակտի առկայության պարագայում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Այլ կերպ՝ համաներման ակտի հիման վրա` անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, սակայն ձեռք չի բերում արդարացվածի կարգավիճակ՝ դրանից բխող հետևանքներով:
18. Հիմք ընդունելով սույն որոշման 16-17-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործ չհարուցելու, քրեական հետապնդում չիրականացնելու և հարուցված քրեական գործը կարճելու՝ վարույթն իրականացնող մարմնի լիազորության իրականացման համար անհրաժեշտ իմպերատիվ պահանջ է հանդիսանում անձի համաձայնությունը: Համաներման ակտի կիրառման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու դեպքում անձի համաձայնությունը հանդիսանում է վերջինիս իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիք և կապված է բացառապես իր նկատմամբ համաներման ակտ կիրառելու կամ չկիրառելու վերաբերյալ անձի ցանկության հետ: Հետևաբար, համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականությունն ենթադրում է, որ վերջինս յուրաքանչյուր դեպքում պարտավոր է քննարկման առարկա դարձնել համաներման ակտի կիրառման հարցը, սակայն բոլոր այն դեպքերում, երբ ամբաստանյալը համաձայն չէ համաներման ակտի կիրառման հետ, պարտավոր է բացառել դրա կիրառումը:
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ իր նկատմամբ համաներման ակտի կիրառման դեպքում անձի համաձայնությունը վերաբերում է բացառապես նշված ակտի կիրառմանը, և դրա բացակայության դեպքում գործի վարույթը շարունակվում է ընդհանուր կանոններով՝ հնարավորություն տալով անձին հասնելու ամբողջական «ռեաբիլիտացիայի»: Հետևաբար, Համաներման ակտի կիրառմամբ քրեական գործի վարույթի կարճման հնարավորության դեպքում որևէ այլ, այդ թվում՝ անձի կողմից հանցանք կատարելն ընդունելու կամ չընդունելու հիմքով համաներման ակտի չկիրառումը հանդիսանում է անձի իրավունքների խախտում, որը դրսևորվել է Համաներման ակտի կիրառման ոչ իրավաչափ սահմանափակման ձևով:
19. «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 1-ին կետում սահմանված են պատժից ազատելու դեպքերը, իսկ Համաներման ակտի 6-րդ և 8-րդ կետերում սահմանված են համապատասխանաբար՝ քրեական հետապնդում չհարուցելու և քրեական հետապնդում չիրականացնելու, ինչպես նաև պատժաչափի չկրած մասը կրճատելու դեպքերը:
Համաներման ակտի 6-րդ կետի 2-րդ ենթակետն ամրագրում է, որ քրեական հետապնդում չի հարուցվում և չի իրականացվում, ինչպես նաև կարճվում են մինչև 2011 թվականի մայիսի 1-ը կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննության և նախաքննության մարմինների կամ դատարանի վարույթում գտնվող քրեական այն գործերը, որոնցով անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազատազրկում:
Համաներման ակտի 8-րդ կետի 3-րդ ենթակետն ամրագրում է, որ դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ պատժաչափի չկրած մասը կրճատվում է մեկ երրորդով:
Վերոշարադրյալ դրույթների ուսումնասիրությունից երևում է, որ Համաներման ակտի կիրառման արդյունքում անձը կարող է ազատվել պատժից, նրա նկատմամբ քրեական հետապնդումը կարող է դադարացվել, նրա նկատմամբ քրեական հետապնդում կարող է չիրականացվել, ինչպես նաև կարող է կարճվել քրեական գործի վարույթը և կրճատվել պատժի չկրած մասը:
Այսինքն, Համաներման ակտի կիրառման արդյունքում անձին քրեական պատասխանատվությունից ազատելը ենթադրում է քրեական գործի կարճման միջոցով անձին դատապարտելուց հրաժարում, իսկ պատժից ազատելը ենթադրում է մեղադրական դատավճռով դատապարտված անձին իր նկատմամբ նշանակված պատժից կամ դրա մի մասից ազատում: Համաներման ակտի կիրառման վերոնշյալ դեպքերից երկրորդի պարագայում մեղադրական դատավճռի առկայությունը պարտադիր է: Հետևաբար, Համաներման ակտի կիրառմամբ անձին քրեական պատասխանատվությունից ազատելը վերջինիս համար ավելի բարենպաստ հետևանքներ է առաջացնում, քան պատժից ազատելը, քանի որ առաջին դեպքում անձը մեղադրական դատավճռով չի դատապարտվում, և նրա նկատմամբ պատիժ չի նշանակվում: Հետևաբար, համաներման ակտի կիրառմամբ քրեական գործի կարճման պահանջի դեպքում անձին իր նկատմամբ նշանակված պատժից կամ դրա մի մասից ազատելը հանդիսանում է անձի իրավունքների խախտում, որը դրսևորվել է համաներման ակտի ոչ ճիշտ կիրառման ձևով:
20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Թ.Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել 34-138-րդ հոդվածի 1-ին մասով և 242-րդ հոդվածի 1-ին մասով (տե՛ս սույն որոշման 1-ին կետը):
Առաջին ատյանի դատարանում ամբաստանյալ Թ.Գևորգյանի պաշտպան Ռ.Հակոբյանը խնդրել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման հիման վրա` քրեական գործի վարույթը կարճել (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Թ.Գևորգյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից` 2 (երկու) տարի ժամկետով, ինչպես նաև Համաներման ակտի 1-ին կետի 3-րդ ենթակետի հիման վրա` ազատել է նշանակած հիմնական պատժից, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով ճանաչել և հռչակել է նրա անմեղությունը (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):
Մեջբերված փաստական հանգամանքների ուսումնասիրությունից երևում է, որ Համաներման ակտի 6-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը ենթակա էր կարճման, և ամբաստանյալ Թ.Գևորգյանը չի առարկել իր նկատմամբ Համաներման ակտի կիրառման դեմ:
Վերաքննիչ դատարանում գործի դատաքննության ընթացքում ամբաստանյալ Թ.Գևորգյանը դիմում է ներկայացրել` նշելով, որ թեև մեղավոր չի ճանաչում իրեն վերագրվող արարքի կատարման մեջ, սակայն չի առարկում իր նկատմամբ համաներման ակտի կիրառման հիման վրա քրեական գործի վարույթի կարճմանը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):
Վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, այն թողել է օրինական ուժի մեջ` պատճառաբանելով, որ համաներման ակտ ընդունվելու հիմքով քրեական գործի վարույթի կարճումը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ անձն ըստ էության ընդունում է իր կողմից հանցանք կատարելու փաստը` համաձայնվելով համաներման ակտի հիմքով քրեական գործի վարույթի կարճմանը (տե՛ս սույն որոշման 3-րդ և 9-րդ կետերը):
Մեջբերված փաստական հանգամանքների ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը Թ.Գևորգյանի նկատմամբ Համաներման ակտը չի կիրառել և դրա հիման վրա՝ քրեական գործի վարույթը չի կարճել՝ ելնելով այն հանգամանքից, որ վերջինս չի ընդունել իր կողմից հանցանք կատարելու փաստը:
21. Սույն որոշման 14-18-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 20-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով ոչ թե պետք է կայացներ մեղադրական դատավճիռ, Թ.Գևորգյանին դատապարտեր ազատակման և, Համաներման ակտի հիման վրա, նրան ազատեր պատժի կրումից, այլ պարտավոր էր կարճել Թ.Գևորգյանի նկատմամբ քրեական գործի վարույթը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս առումով առկա է Համաներման ակտի ոչ ճիշտ կիրառում, որը հանգեցրել է անձի իրավունքների ոչ իրավաչափ սահմանափակման: Հետևաբար, օրինական և հիմնավորված չէ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը օրինական և հիմնավորված չէ նաև այն պատճառով, որ դրանում հաստատված է համարվել, որ համաներման ակտ ընդունվելու հիմքով քրեական գործի վարույթի կարճումը թույլատրելի է, եթե անձն ընդունում է իր կողմից հանցանք կատարելու փաստը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս առումով ևս առկա է Համաներման ակտի ոչ ճիշտ կիրառում, որը հանգեցրել է անձի իրավունքների ոչ իրավաչափ սահմանափակման:
22. Հիմք ընդունելով սույն որոշման 14-21-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի պահանջների խախտումներ: Ստորադաս դատարանների կողմից թույլ տված խախտումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա` հիմք են հանդիսանում կայացված դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան` նոր քննության ուղարկելու համար:
23. Ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից բարձրացված՝ նյութական իրավունքի ենթադրյալ խախտման հարցին (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ հարցին հնարավոր կլինի անդրադառնալ սույն գործով արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վերաքննիչ դատարանի կողմից համապատասխան որոշում կայացնելուց հետո:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Թադևոս Ավետիքի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի փետրվարի 27-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հունիսի 1-ի դատական ակտերը բեկանել և գործն ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Ե. Դանիելյան | |
Հ. Ասատրյան | ||
Ս. Ավետիսյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |