ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 նոյեմբերի 2012 թվականի N 1413-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2147-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Ոստիկանության ծառայողի ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 2147-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) 2-րդ կետից հանել «և նրա ծառայողական պիտանիության հեռանկարների» բառերը.
2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից կազմավորված ատեստավորման հանձնաժողովները բաղկացած են հանձնաժողովի նախագահից, անդամներից և քարտուղարից: Հանձնաժողովները գործում են մշտական հիմունքներով: Հանձնաժողովների աշխատանքները համակարգչով անցկացնելու նպատակով ներգրավվում են օպերատորներ:».
3) 5-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.
«5.1. Հանձնաժողովների աշխատակարգը հաստատվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:».
4) 8-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.
«8.1. Ատեստավորման արդյունքում ընդունվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված որոշումներից մեկը:».
5) 9-րդ և 10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
6) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Ոստիկանության ծառայողի ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա` որոշումն ընդունվելուց հետո երկամսյա ժամկետում, ոստիկանության համապատասխան ատեստավորման հանձնաժողովի կողմից, բայց ոչ ավելի, քան տարեկան մեկ անգամ:».
7) 13-րդ կետի 1-ին ենթակետում «ատեստավորման ժամանակահատվածում» բառերը փոխարինել «ատեստավորման անցկացման վերաբերյալ որոշման ընդունման պահից վերջին մեկ տարվա ընթացքում» բառերով.
8) 13-րդ կետի 1-ին ենթակետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին ենթակետով.
«1.1) պատճառաբանված որոշման համար հիմք հանդիսացող հանգամանքները.».
9) 13-րդ կետի 10-րդ ենթակետից հանել «(այդպիսիք լինելու դեպքում)» բառերը.
10) 21-րդ կետում «94-106-րդ կետերով» բառերը փոխարինել «94-րդ կետով» բառերով.
11) 22-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
12) 24-րդ կետը «հարցաշարերը:» բառից հետո լրացնել «` պատասխաններով» բառով.
13) 25-րդ կետում «անցկացնելու նպատակով» բառերը փոխարինել «սույն կարգի 29-րդ կետով նախատեսված կարգով անցկացնելու դեպքում» բառերով.
14) 26-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից հաստատված աշխատակարգով սահմանված կարգով,» բառերը.
15) 27-րդ կետի 3-րդ ենթակետը «70 տոկոս» բառերից հետո լրացնել «, որից 20 տոկոս հարցերը ոստիկանության տվյալ կառուցվածքային ստորաբաժանման գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերից են, իսկ 50 տոկոսը` տվյալ ծառայողի գործառութային լիազորությունները սահմանող իրավական ակտերից» բառերով.
16) 28-րդ կետում «հաստատությունները» բառը փոխարինել «հաստատությունը» բառով.
17) 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«34. Հանձնաժողովի քարտուղարը և օպերատորը ոստիկանության ծառայողներին բացատրում են թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը` պատասխանելով ոստիկանության ծառայողների բոլոր հարցերին` հավաստիանալու համար, որ բոլոր ատեստավորվողները հասկացել են առաջադրանքի էությունը:».
18) 35-րդ կետը «Հանձնաժողովի» բառից առաջ լրացնել «Գրավոր թեստավորման ժամանակ» բառերով.
19) 36-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Համակարգչի միջոցով թեստավորման ժամանակ ոստիկանության ծառայողների ազգանունը, անունը, հայրանունը համակարգչում գրանցում է համակարգչով աշխատող օպերատորը:».
20) 42-րդ կետի առաջին նախադասությունից հանել «կտրոնները հանձնելուց հետո» բառերը.
21) 44-րդ կետը «ծառայողը» բառից հետո լրացնել «մոնիթորի վրա նշված» բառերով.
22) 52-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«52. Համակարգչի միջոցով թեստավորման ժամանակ ոստիկանության ծառայողն աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակն սպառվելուց հետո համակարգչով աշխատող օպերատորի օգնությամբ, հանձնաժողովի նախագահի ներկայությամբ տպիչ սարքի միջոցով համակարգչից դուրս է բերում թեստավորման արդյունքները` ամփոփաթերթի տեսքով` երկու օրինակից, որի վրա նշված է նաև համակարգչի կողմից կատարված վերլուծությունը` արտահայտված տոկոսով:».
23) 53-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«53. Համակարգչի միջոցով թեստավորման ժամանակ ոստիկանության ծառայողը, հանձնաժողովի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, ստանում է կնքված ամփոփաթերթի երկրորդ օրինակը և դուրս գալիս սենյակից:».
24) 59-րդ կետում «որն սկաների միջոցով» բառերը փոխարինել «որը տեխնիկական միջոցների կիրառմամբ» բառերով.
25) 60-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«60. Համապատասխան տոկոսներով արտահայտված արդյունքը հանձնաժողովի անդամի կողմից նշվում է ամփոփաթերթի հիմնական մասի վրա, հաստատվում հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ ու կնքվում:».
26) 63-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«63. Յուրաքանչյուր ոստիկանության ծառայողի համար հաշվարկվում են հավաքած միավորների քանակը և տոկոսը, հանձնաժողովի անդամի կողմից նշում է կատարվում ամփոփաթերթի հիմնական մասի վրա, հաստատվում հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ ու կնքվում:».
27) 66-րդ կետի երկրորդ նախադասությունից հանել «, ինչն անմիջապես արձանագրում է հանձնաժողովի քարտուղարը» բառերը.
28) 67-րդ կետի երկրորդ նախադասությունից հանել «ինչն անմիջապես արձանագրվում է,» բառերը.
29) 68-րդ և 75-րդ կետերից հանել «համապատասխան ցուցանակի վրա» բառերը.
30) 73-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«73. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում` բողոքարկման համար սույն կարգի և պայմանների 69-րդ կետով նախատեսված ժամանակի ավարտից հետո հանձնաժողովն ընդունում է որոշում առաջադրանքների 80 տոկոսից պակաս ճիշտ պատասխան տված, այդ թվում` սույն կարգի և պայմանների 38-րդ և 47-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքը զրո միավոր գնահատված ոստիկանության ծառայողի` զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին` համապատասխան գրառում կատարելով ոստիկանության ծառայողի ատեստավորման թերթում (N 3 ձև):».
31) 79-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«79. Յուրաքանչյուր ոստիկանության ծառայողի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ, հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ համակարգչով աշխատող օպերատորը համակարգչային ծրագրի միջոցով համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է հարցեր և կազմում հարցատոմս` հետևյալ չափաբաժիններով`
1) «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներից և դրանցից բխող իրավական ակտերից` 2 հարց.
2) ոստիկանության տվյալ կառուցվածքային ստորաբաժանման գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերից` 3 հարց, որոնցից 1-ը` տվյալ կառուցվածքային ստորաբաժանման իրավասություններին առնչվող, իսկ 2-ը` տվյալ ծառայողի կողմից զբաղեցված պաշտոնին վերաբերող հարցեր:».
32) 80-րդ կետում «Հանձնաժողովին» բառը փոխարինել «Հանձնաժողովի նախագահին և յուրաքանչյուր անդամին» բառերով.
33) 83-րդ կետում «հաստատությունները» բառը փոխարինել «հաստատությունը» բառով.
34) 85-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
35) 86-րդ կետում «79-րդ կետով» բառերը փոխարինել «27-րդ և 79-րդ կետերով» բառերով.
36) 88-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«88. Ատեստավորումն անցկացնելուց մեկ ամիս առաջ ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողները կարող են դիմել համապատասխան ատեստավորող հանձնաժողովին և ստանալ այն իրավական ակտերի ցանկը, որոնցից բխում են սույն կարգի և պայմանների 79-րդ կետով նախատեսված հարցերը:».
37) 91-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«91. Սույն կարգի և պայմանների 89-րդ կետում նշված պահանջների խախտման դեպքում տվյալ ոստիկանության ծառայողի մասնակցությունն ատեստավորմանը դադարեցվում է, և հանձնաժողովն ընդունում է զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշում` համապատասխան գրառում կատարելով ոստիկանության ծառայողի ատեստավորման թերթում (N 3 ձև):».
38) 93-րդ կետից հանել «և գրավոր արձանագրվում» բառերը.
39) 94-րդ կետում «սույն կարգի և պայմանների 22-րդ կետով նախատեսված» բառերը փոխարինել «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված» բառերով.
40) 99-րդ կետը «բողոքարկել» բառից հետո լրացնել «վերադասության կարգով» բառերով, իսկ «սույն կարգի 22-րդ կետով նախատեսված որոշումներից մեկը» բառերը փոխարինել «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված որոշումներից մեկը» բառերով.
41) 103-րդ կետում «սույն կարգի և պայմանների 22-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված որոշումների ընդունման դեպքում» բառերը փոխարինել «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով նախատեսված որոշման ընդունման դեպքում» բառերով, իսկ «15-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ մասերին համապատասխան» բառերը փոխարինել «համաձայն» բառով.
42) 104-րդ, 105-րդ և 106-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
43) հավելվածի NN 1, 2 և 7 ձևերն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. նոյեմբերի 13 Երևան |