ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2012 թվականի N 816-Ա
ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ` 30-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` ԱՊՀ մասնակից պետությունների միջկառավարական սուրհանդակային կապի համակարգող խորհրդի համատեղ ծրագրի շրջանակներում ԱՊՀ մասնակից պետությունների միջկառավարական սուրհանդակային կապի համակարգող խորհրդի հերթական` 30-րդ նիստը 2012 թվականի սեպտեմբերի 16-20-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝
1) նախապատրաստել աշխատանքային հանդիպման անցկացումը և ապահովել միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.
2) ապահովել հյուրերի դիմավորումը և ճանապարհումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահում:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝
1) հյուրերին տեղավորել հյուրանոցում և ապահովել նրանց սնունդը.
2) հյուրերի սպասարկման համար հատկացնել անհրաժեշտ թվով փոխադրամիջոցներ.
3) ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում, ինչպես նաև տրամադրել ուղեկցող անձնակազմեր:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել հյուրերի բժշկական սպասարկումը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ տրամադրել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին՝ ապահովել հյուրերին դիմավորող և նրանց սպասարկող ավտոմեքենաների մուտքն օդանավակայանի տարածք (սրահի կողմից):
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, փոխադրամիջոցների, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, մշակութային ծրագրերի անցկացման հետ կապված ծախսերը, ինչպես նաև ներկայացուցչական և աշխատանքային հանդիպման անցկացման հետ կապված ծախսերը՝ 6804000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ներկայացրած հաշվետվությունների:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. օգոստոսի 24 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|