ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
11 սեպտեմբերի 2012 թ. |
N 504-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետով, «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևան քաղաքում տոնավաճառ կազմակերպելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ
Տ. Մարգարյան
Հավելված Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի սեպտեմբերի 11-ի N 504-Ն որոշման |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏՈՆԱՎԱՃԱՌ (ՎԵՐՆԻՍԱԺ) ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Երևան քաղաքում տոնավաճառ (վերնիսաժ) կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքապետի որոշմամբ՝ շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված տոնական օրերին:
2. Երևանում կազմակերպվում են սեզոնային, տոնական, մասնագիտացված, գյուղատնտեսական, ունիվերսալ և այլ տեսակի տոնավաճառներ:
II. ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
3. Տոնավաճառ կազմակերպելու մասին որոշմամբ սահմանվում են.
ա) տոնավաճառի տեսակը, գտնվելու հասցեն,
բ) սկսելու և ավարտելու օրերը, աշխատանքի ժամերը,
գ) տոնավաճառին մասնակցելու համար դիմելու ժամկետները,
դ) տոնավաճառին մասնակցելու թույլտվության ձևը, հայտերի ներկայացման և թույլտվության ստացման կարգը,
ե) տոնավաճառի կազմակերպման համար անհրաժեշտ միջոցառումներն ու դրանց իրականացման պատասխանատուները:
4. Տոնավաճառ անցկացնելու մասին Երևանի քաղաքապետի որոշման վերաբերյալ հայտարարությունը տեղադրվում է Երևանի քաղաքապետարանի կայքում տոնավաճառ կազմակերպելու օրվանից առնվազն 15 օր առաջ, ինչպես նաև փակցվում վարչական շրջաններում և ուղարկվում ՀՀ մարզպետարաններ:
5. Տոնավաճառ կազմակերպելու մասին Երևանի քաղաքապետի որոշման վերաբերյալ դրա անցկացումից առնվազն մեկ շաբաթ առաջ գրավոր տեղեկացվում են ՀՀ ոստիկանությունը, ՀՀ պետեկամուտների կոմիտեն, ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, իսկ կախված տոնավաճառի բնույթից, նաև այլ պետական կառավարման մարմինները:
6. Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ կազմակերպիչ) կողմից տոնավաճառի մուտքի (մուտքերի) մոտ (բացօթյա տոնավաճառի դեպքում՝ այն մասերում, որտեղից որպես կանոն սպասվում է այցելուների առավելագույն հոսք) փակցվում է ցուցանակ՝ տոնավաճառի անվանման և անցկացման օրերի, ժամերի, կազմակերպչի հեռախոսահամարների վերաբերյալ:
7. Կազմակերպիչը ապահովում է տարածքում աղբամանների առկայությունը, իսկ օրվա ավարտին՝ աղբահանության կազմակերպումը, ինչպես նաև ժամանակավոր զուգարանների տեղադրումն ու աշխատանքը, եթե հարակից տարածքում հանրային զուգարաններ չկան:
8. Կազմակերպիչն ապահովում է իր ներկայացուցչի մասնակցությունը տոնավաճառի գործունեության ամբողջ ընթացքում: Կազմակերպչի ներկայացուցիչը՝
ա) ըստ կազմակերպչի կողմից տրված թույլտվությունների կամ ներկայացված հայտերի հիման վրա կազմված ցուցակների գրանցում է տոնավաճառի մասնակիցներին,
բ) կատարում է մեքենաների, վաճառակետերի բաշխումը մասնակիցների միջև, նրանց կողմից,
գ) հետևում է տարածքի մաքրման աշխատանքներին,
դ) կատարում է օրենքով, սույն կարգով և տոնավաճառ կազմակերպելու մասին Երևանի քաղաքապետի որոշմամբ նախատեսված այլ գործողություններ,
ե) համագործակցում է տարածքի անվտանգությունը և հասարակական կարգը պահպանող մարմինների հետ:
III. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՏՈՆԱՎԱՃԱՌԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ
9. Երևան քաղաքում կազմակերպված տոնավաճառում մասնակցելու համար անհրաժեշտ է առնվազն 3 օր առաջ դիմում ներկայացնել Երևանի քաղաքապետարան:
10. Դիմումին կից ներկայացվում են տվյալներ վաճառվող ապրանքի մասին, ինչպես նաև՝
ա) ֆիզիկական անձանց համար՝ անձնագրի պատճենը,
բ) անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների համար՝ պետական գրանցման վկայականի պատճենը:
11. Դիմումատուին տրամադրվում է տոնավաճառի մասնակցի թույլտվություն, որի ձևը սահմանվում է քաղաքապետի որոշմամբ:
12. Տոնավաճառին մասնակցելու համար անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները Երևանի քաղաքապետարան կարող են դիմել նաև էլ. փոստի միջոցով, իսկ ֆիզիկական անձինք` նաև հեռախոսակապով: Հեռախոսով տոնավաճառին մասնակցելու հայտ ներկայացրած ֆիզիկական անձինք ընդգրկվում են համապատասխան ցուցակներում, որոնք տրամադրվում են կազմակերպչի ներկայացուցչին:
13. Անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու կամ թերի ներկայացնելու դեպքում, ինչպես նաև, եթե դիմումին կից նշված ապրանքի մասին տվյալները չեն համապատասխանում նախատեսված տոնավաճառի տեսակի հետ թույլտվություն չի տրամադրվում:
14. Թույլտվություն ստացած անձինք տոնավաճառին մասնակցելու համար ներկայանում են տոնավաճառը սկսելուց առնվազն 2 ժամ առաջ, գրանցվում և ստանում իրենց վաճառատեղերը:
15. Գրանցվելուց մասնակիցը պետք է իր մոտ ունենա քաղաքապետարանի տրված թույլտվությունը անձնագրի/պետական գրանցման վկայականի պատճենները, իսկ կազմակերպությունների ապրանքը վաճառողները` նաև լիազորագիր:
16. ՀՀ իրավական ակտերի և սույն կարգի խախտման դեպքում մասնակցին կարող է արգելվել մասնակցել տոնավաճառին:
IV. ՄԱՍՆԱԿՑԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
17. Տոնավաճառի մասնակիցը մասնակցության իրավունքը չի կարող փոխանցել այլ անձի:
18. Տոնավաճառի մասնակիցը՝ վաճառքի վայրում՝ չի կարող փոփոխություն կատարել (փոխել սեղանների դասավորվածությունը և այլն) առանց կազմակերպչի թույլտվության:
19. Մասնակիցը պարտավոր է տոնավաճառը ավարտվելուց հետո մաքրել իրեն հատկացված վաճառատեղը, աղբը և մնացած ապրանքը հանել ու տարածքը բերել նախկին տեսքի:
20. Տոնավաճառում առևտուր իրականացնելիս մասնակիցը պետք է ապրանքի վրա փակցնի համապատասխան գնապիտակներ:
21. Վաճառողը առևտուրն իրականացնում է ՀՀ իրավական ակտերի և սույն կարգի հիման վրա:
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |