Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.06.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.10.03/48(922).1 Հոդ.1069.10
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.06.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2499/02/10
2012թ.
  

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2499/02/10

Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան

Դատավորներ` Ա. Պետրոսյան

                   Ն. Հովսեփյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե.Սողոմոնյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

2012 թվականի հունիսի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Կարեն և Վազգեն Հարությունյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.11.2011 թվականի որոշման դեմ` ըստ Հովհաննես Շահինյանի, Սաթիկ Սեյրանյանի հայցի ընդդեմ Կարեն և Վազգեն Հարությունյանների` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հովհաննես Շահինյանը, Սաթիկ Սեյրանյանը պահանջել են համապարտության կարգով Կարեն և Վազգեն Հարությունյաններից հօգուտ իրենց բռնագանձել 110.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 31.12.2009 թվականից 10.000 ԱՄՆ դոլարի և 16.05.2010 թվականից 100.000 ԱՄՆ դոլարի մասերով մինչև պարտավորության դադարման օրը տոկոսներ` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 19.08.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.11.2011 թվականի որոշմամբ Կարեն և Վազգեն Հարությունյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.08.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Կարեն և Վազգեն Հարությունյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Հովհաննես Շահինյանը, Սաթիկ Սեյրանյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 11-րդ, 12-րդ, 47-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ, 54-րդ, 78-րդ, 118-րդ, 130-132-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1285-րդ, 1287-րդ հոդվածները, ՌԴ քաղաքացիական օրենսգրքի 308-րդ, 466-րդ, 475-րդ, 480-րդ հոդվածները (կամ համապատասխանաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 346-րդ, 395-րդ, 396-րդ, 447-րդ, 481-491-րդ հոդվածները), որոնք պետք է կիրառեր, սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ, 345-րդ, 347-րդ, 362-րդ, 408-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը 03.12.2009 թվականի ստացականին տվել է առաջնային նշանակություն` որպես իբր բանավոր պայմանավորվածության արդյունքում կազմված պարտավորությունների մասին պատշաճ գրավոր ապացույց և պարտադիր կատարման ենթակա գործարքի ձև, մինչդեռ 09.12.2009 թվականին այլ էական պայմաններով կնքված և նոտարական կարգով վավերացված առուվաճառքի պայմանագրին տվել է երկրորդական նշանակություն` այն ընդամենը դիտելով որպես բանավոր գործարքի կատարմանն ուղղված արդյունք, ինչպես նաև եզրահանգում կատարելով, որ Հովհաննես Շահինյանն իբր դրանով իսկ պատշաճ կատարել է իր բաժնեմասը վաճառելու պարտավորությունը, իսկ բողոք բերած անձինք չեն վճարել բանավոր գործարքով պայմանավորված գումարը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ պարտավորությունը պարտականություններ չի ստեղծում որպես կողմ չմասնակցած անձանց (երրորդ անձանց) համար, իսկ տվյալ դեպքում ապագայում նոտարական կարգով վավերացման ենթակա առուվաճառքի պայմանագիր կնքելու մտադրություն են ունեցել «ԳՐԻԳ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) 51 տոկոսի բաժնետեր Հովհաննես Շահինյանը և Վազգեն Հարությունյանը, հետևաբար ո'չ Կարեն Հարությունյանը և ո'չ էլ Սաթիկ Սեյրանյանը 09.12.2009 թվականին կնքված պայմանագրի կողմեր չեն հանդիսացել:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տվյալ դեպքում Վազգեն Հարությունյանը և Հովհաննես Շահինյանը կնքել են նոտարական կարգով վավերացված առուվաճառքի պայմանագիր` սահմանելով դրա համար Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական օրենսդրությանը (նաև` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը) չհակասող բոլոր էական պայմանները, միաժամանակ նրանք չեղյալ են համարել մինչ նշված պայմանագրի կնքումը նախկին բոլոր այլ բանավոր կամ գրավոր պարտավորությունները և պայմանավորվածությունները:

Վերաքննիչ դատարանը սույն գործի քննությունը նշանակել է 09.11.2011 թվականին` ժամը 12:00-ին, իսկ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցումը Կարեն Հարությունյանը ստացել է միայն 10.11.2011 թվականին, սակայն Վերաքննիչ դատարանը, պարզելով այդ հանգամանքը, գործի քննությունը չի հետաձգել, այլ բավարար համարելով տվյալ պահին միայն Վազգեն Հարությունյանի ներկայությունը` շարունակել և ավարտել է այն:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 24.11.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ այն փոփոխել` հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Վճռաբեկ բողոքում Վազգեն Հարությունյանը նշել է, որ Սաթիկ Սեյրանյանը որպես վաճառող հանդես չի եկել, իր հետ որևէ բանավոր կամ գրավոր պայմանավորվածություն չի ունեցել և որպես ապագա գնորդ` ինքը ստացականի տակ չի ստորագրել, մինչդեռ Վազգեն Հարությունյանը հենց վճռաբեկ բողոքում նշել է նաև, որ ինքն է հանձնարարել որդուն, որպեսզի 40.000 ԱՄՆ դոլարը հանձնի Սաթիկ Սեյրանյանին, ինչն էլ հանդիսացել է Ընկերության բաժնեմասի առուվաճառքի գնի դիմաց նախապես պայմանավորված վճարվելիք գումարի մի մասը:

Ավելին, Ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասը ձեռք բերելու պահին Հովհաննես Շահինյանը և Սաթիկ Սեյրանյանը գտնվել են օրինական ամուսնության մեջ, հետևաբար Ընկերության բաժնեմասը հանդիսացել է վերջիններիս ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը, այսինքն` բաժնեմասն ինչպես ձեռքբերման, այնպես էլ օտարման ժամանակ նրանց է պատկանել համատեղ սեփականության իրավունքով:

Ինչ վերաբերում է Վազգեն Հարությունյանի այն փաստարկին, որ ինքը Կարեն Հարությունյանին չի լիազորել բացի գումարը հանձնելուց և դրա մասին ստացական վերցնելուց որևէ այլ բան պարտավորվելու, ապա գործարքի գինը փոխադարձ համաձայնությամբ սահմանվել էր 150.000 ԱՄՆ դոլար, այսինքն` մնացած 110.000 ԱՄՆ դոլարը ենթակա էր վճարման, հետևաբար Վազգեն Հարությունյանի այն դիրքորոշումը, որ ինքը 40.000 ԱՄՆ դոլարը վճարելուց բացի որևէ այլ բան չի պարտավորվել, անհիմն է:

Բողոք բերած անձանց այն պատճառաբանությունը, որ Դատարանը, 03.12.2009 թվականին կազմված ստացականին առաջնային նշանակություն տալով, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, նույնպես անհիմն է և առարկայազուրկ, քանի որ այդ ստացականը` որպես գրավոր ապացույց, պարունակում է Վազգեն Հարությունյանի կողմից ձեռք բերված Ընկերության բաժնեմասի գնի չափի վերաբերյալ տեղեկություն, որը ստորագրվել է Վազգեն Հարությունյանի հանձնարարությամբ նրա որդու կողմից, հետևաբար սույն վեճի օբյեկտիվ լուծման համար այն ունի էական ապացուցողական նշանակություն:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ նոտարական կարգով վավերացված առուվաճառքի պայմանագրով կողմերը չեղյալ են համարել մինչ դրա կնքումը նախկին բոլոր այլ բանավոր կամ գրավոր պարտավորությունները և ներկայացումները, ապա այդ փաստարկը նույնպես անհիմն և առարկայազուրկ է, քանի որ Վազգեն Հարությունյանը և նրա ներկայացուցիչը հայցադիմումի պատասխանում, ինչպես նաև դատաքննության ողջ ընթացքում ցուցմունքներ են տվել այն մասին, որ 10.000 ԱՄՆ դոլարը 21.12.2009 թվականին փոխանցել են Հովհաննես Շահինյանին` նրա ընտանիքին հավատարիմ մարդու միջոցով, այսինքն` 09.12.2009 թվականի առուվաճառքի պայմանագիրը կնքվելուց հետո նույն գործարքի շրջանակներում Վազգեն Հարությունյանի պնդմամբ դեռ շարունակվել են իր և Հովհաննես Շահինյանի փոխհարաբերությունները` հատկապես գործարքի գնի` 150.000 ԱՄՆ դոլարի մասով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 03.12.2009 թվականի ստացականի համաձայն` Սաթիկ Սեյրանյանը 03.12.2009 թվականին Կարեն Հարությունյանից ստացել է 40.000 ԱՄՆ դոլար:

Ստացականում նշվել է, որ պայմանավորվածության համաձայն` ևս 10.000 ԱՄՆ դոլար պետք է տրվի 30.12.2009 թվականին, իսկ գումարի մնացած մասը` 100.000 ԱՄՆ դոլարը, պետք է տրվի մինչև 15.05.2010 թվականն ընկած ժամանակահատվածում:

Ստացականի համաձայն` Սաթիկ Սեյրանյանը Հովհաննես Շահինյանի կինն է, իսկ Կարեն Հարությունյանը` Վազգեն Հարությունյանի որդին (հատոր 1-ին, գ.թ. 9):

2) 09.12.2009 թվականին ՌԴ Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքում կնքված «Ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասի առուվաճառքի» թիվ 23 АГ 787226 պայմանագրի 1-ին կետի համաձայն` Հովհաննես Շահինյանը, ում անունից գործում է Դոնարա Կասյանը, Վազգեն Հարությունյանին վաճառեց Ընկերության կանոնադրական կապիտալում իրեն պատկանող ամբողջ բաժնեմասը: Ընկերության կանոնադրական կապիտալում Հովհաննես Շահինյանին պատկանող բաժնեմասի չափը կազմում է 51 տոկոս:

Պայմանագրի 3-րդ կետի համաձայն` Ընկերության նշված բաժնեմասի անվանական արժեքը, համաձայն Իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրի 08.12.2009 թվականի քաղվածքի, կազմում է 5.100 ռուբլի:

Պայմանագրի 4-րդ կետի համաձայն` Ընկերության կանոնադրական կապիտալում նշված բաժնեմասը կողմերը գնահատում են 5.100 ռուբլի:

Պայմանագրի 5-րդ կետի համաձայն` Վազգեն Հարությունյանը Հովհաննես Շահինյանից գնեց Ընկերության կանոնադրական կապիտալում նշված բաժնեմասը 5.100 ռուբլով: Կողմերի միջև հաշվարկը կատարված է ամբողջությամբ: Մինչև պայմանագրի ստորագրումը Հովհաննես Շահինյանը, ում անունից գործում է Դոնարա Կասյանը, Վազգեն Հարությունյանից ստացել է 5.100 ռուբլի:

Պայմանագրի 6-րդ կետի համաձայն` նոտարի կողմից կողմերին բացատրվեց, որ գնի մասին համաձայնությունը հանդիսանում է նույն պայմանագրի էական պայման, և որ Ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասի իրական գինն ու իսկական մտադրությունները նրանց կողմից թաքցնելու դեպքում նրանք ինքնուրույն են կրում գործարքն անվավեր ճանաչելու, ինչպես նաև այլ բացասական հետևանքների ի հայտ գալու ռիսկը:

Պայմանագրի 13-րդ կետի համաձայն` պայմանագիրը պարունակում է նույն պայմանագրի առարկայի վերաբերյալ կողմերի միջև համաձայնությունների ողջ ծավալը և չեղյալ է դարձնում բոլոր այլ բանավոր կամ գրավոր պարտավորությունները կամ ներկայացումները, որոնք կողմերը կարող էին ընդունել կամ անել մինչև նույն պայմանագրի կնքումը (հատոր 1-ին, գ.թ. 51-53):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է յուրաքանչյուր ապացույց գնահատել գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ Վազգեն Հարությունյանի որդի Կարեն Հարությունյանի և Հովհաննես Շահինյանի կնոջ` Սաթիկ Սեյրանյանի միջև 03.12.2009 թվականին կազմված ստացականի համաձայն` Սաթիկ Սեյրանյանը 03.12.2009 թվականին Կարեն Հարությունյանից ստացել է 40.000 ԱՄՆ դոլար, ևս 10.000 ԱՄՆ դոլար Սաթիկ Սեյրանյանին պետք է տրվի 30.12.2009 թվականին, իսկ գումարի մյուս մասը` 100.000 ԱՄՆ դոլարը, պետք է տրվի մինչև 15.05.2010 թվականն ընկած ժամանակահատվածում: Այնուհետև Հովհաննես Շահինյանի ներկայացուցիչ Դոնարա Կասյանը և Վազգեն Հարությունյանը 09.12.2011 թվականին կնքել են Ընկերության կանոնադրական կապիտալում Հովհաննես Շահինյանին պատկանող ամբողջ 51 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր: Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Դատարանը պատշաճ գնահատման է արժանացրել գործում առկա բոլոր ապացույցները և դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում իրավացիորեն եկել է այն եզրահանգման, որ Ընկերության բաժնեմասի օտարման արդյունքում Կարեն և Վազգեն Հարությունյանների մոտ Հովհաննես Շահինյանի, Սաթիկ Սեյրանյանի նկատմամբ ծագել է գումար վճարելու պարտավորություն:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործում առկա ապացույցները չի գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Այսպես` սույն գործի փաստերի համաձայն` 03.12.2009 թվականի ստացականով հաստատվում է այն փաստական հանգամանքը, որ Սաթիկ Սեյրանյանը` Հովհաննես Շահինյանի կինը, նույն թվականին Կարեն Հարությունյանից` Վազգեն Հարությունյանի որդուց, ստացել է 40.000 ԱՄՆ դոլար, ևս 10.000 ԱՄՆ դոլար պետք է տրվեր 30.12.2009 թվականին, իսկ գումարի մնացած մասը` 100.000 ԱՄՆ դոլարը, պետք է տրվեր մինչև 15.05.2010 թվականն ընկած ժամանակահատվածում: Միաժամանակ 09.12.2009 թվականի «Ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասի առուվաճառքի» թիվ 23 АГ 787226 պայմանագրի 1-ին և 5-րդ կետերով հաստատվում են այն փաստական հանգամանքները, որ Հովհաննես Շահինյանը Վազգեն Հարությունյանին վաճառել է Ընկերության կանոնադրական կապիտալում իրեն պատկանող ամբողջ բաժնեմասը, Վազգեն Հարությունյանը Հովհաննես Շահինյանից գնել է Ընկերության կանոնադրական կապիտալում նշված բաժնեմասը 5.100 ռուբլով, և կողմերի միջև հաշվարկը կատարվել է ամբողջությամբ, իսկ նույն պայմանագրի 13-րդ կետով հաստատվում է այն փաստական հանգամանքը, որ այդ պայմանագիրը չեղյալ է դարձնում բոլոր այլ բանավոր կամ գրավոր պարտավորությունները կամ ներկայացումները, որոնք կողմերը կարող էին ընդունել կամ անել մինչև նույն պայմանագրի կնքումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 423-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված հիմքերով:

Վերոնշյալ դրույթի բովանդակության վերլուծությունից հետևում է, որ կողմերը, օգտվելով պայմանագրի ազատության սկզբունքից, կարող են չսահմանափակվել օրենքով նշված` պարտավորությունների դադարման հիմքերով և պայմանագրում նախատեսել օրենքով չսահմանված այլ հիմք:

Համադրելով վերոնշյալ դրույթը սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 03.12.2009 թվականի ստացականը կազմելուց հետո 09.12.2009 թվականին կնքված «Ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասի առուվաճառքի» թիվ 23 АГ 787226 պայմանագրի ուժով (13-րդ կետ) կողմերը դադարեցրել են բոլոր այն բանավոր կամ գրավոր պարտավորությունները կամ ներկայացումները, որոնք կողմերը կարող էին ընդունել կամ անել մինչև այդ պայմանագրի կնքումը, որպիսի փաստական հանգամանքն անտեսվել և չի գնահատվել Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առանց 09.12.2009 թվականի «Ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասի առուվաճառքի» թիվ 23 АГ 787226 պայմանագիրը գնահատելու միայն 03.12.2009 թվականի ստացականի հիմքով հայցի բավարարումը չունի որևէ իրավական հիմք, և նման պայմաններում սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 346-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին պարբերության համաձայն` պարտավորությունը պարտականություններ չի ստեղծում որպես կողմ չմասնակցող անձանց (երրորդ անձանց) համար:

Վճռաբեկ դատարանը նշված դրույթի հիման վրա գտնում է, որ 09.12.2009 թվականի «Ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասի առուվաճառքի» թիվ 23 АГ 787226 պայմանագրի կողմերն են հանդիսացել Հովհաննես Շահինյանը և Վազգեն Հարությունյանը, մինչդեռ Դատարանը սույն գործով Ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասի վաճառքի հիմքով գումարի վճարման պարտավորություն է դրել նաև Կարեն Հարությունյանի վրա:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կարեն Հարությունյանը 03.12.2009 թվականի ստացականով ևս վճարման որևէ պարտավորություն չի ստանձնել, սակայն նշված հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից նույնպես անտեսվել են:

 

Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին, ինչպես նաև վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկներին չի անդրադառնում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից վերոգրյալ պայմանագրի անտեսման և չգնահատման պայմաններում այդ փաստարկները սույն գործի լուծման համար չունեն որևէ էական նշանակություն:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.11.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան