ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0749/02/10 |
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0749/02/10 |
|
Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան | |
Դատավորներ` Կ. Հակոբյան |
|
Տ. Սահակյան |
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Է. Հայրիյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2012 թվականի ապրիլի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Բորիս Աշրաֆյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վանո Եղիազարյանի ընդդեմ Բորիս Աշրաֆյանի, երրորդ անձ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Վանո Եղիազարյանը պահանջել է պարտավորեցնել Բորիս Աշրաֆյանին վիրավորանք հասցնելու համար հրապարակային ներողություն խնդրել լրատվության նույն միջոցով և բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ, իսկ զրպարտության համար` պարտավորեցնել նույն թերթի միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև բռնագանձել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածով նախատեսված դատական ծախսերը:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (Դատավոր` Վ.Հովնանյան) (այսուհետ` Դատարան) 22.07.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է. «Վանո Եղիազարյանին վիրավորանք հասցնելու համար պարտավորեցնել Բորիս Աշոտի Աշրաֆյանին հրապարակային ներողություն խնդրել Վանո Եղիազարյանից «Ժամանակ» օրաթերթում ներողության տեքստը հրապարակելու միջոցով և Բորիս Աշրաֆյանից հօգուտ Վ. Եղիազարյանի բռնագանձել 100.000 ՀՀ դրամ, զրպարտության համար պարտավորեցնել Բորիս Աշրաֆյանին «Ժամանակ» օրաթերթում զրպարտություն համարվող տվյալները հերքելու մասին տեղեկատվություն հրապարակելու միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները և Բորիս Աշրաֆյանից հօգուտ Վանո Եղիազարյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ, Բորիս Աշրաֆյանից հօգուտ Վանո Եղիազարյանի բռնագանձել 14.000 ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.10.2011 թվականի որոշմամբ Բորիս Աշրաֆյանի և Վանո Եղիազարյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 22.07.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բորիս Աշրաֆյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վանո Եղիազարյանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 10-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 2-րդ կետը, 13-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 51-րդ և 53-րդ հոդվածները.
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Հայցվորը հանդիսանում է Լեռնապատ համայնքի ղեկավարը, և նույն համայնքի բնակչի քննադատությունն ուղղված է եղել բացառապես նրա պաշտոնական լիազորություններից բխող պարտականությունների ոչ պատշաճ կատարմանը: Քննադատությունն էլ հիմնված է եղել նախկինում արդեն իսկ հրապարակայնորեն արտահայտված, ինչպես նաև իրավապահ մարմիններին ներկայացված տեղեկությունների վերարտադրության վրա։
Բողոքաբերը նշել է, որ իր կարծիքը հայտնել է համայնքի ղեկավարի գործունեության վերաբերյալ, որը վիրավորանք չի կարող դիտվել։
Ստորադաս դատարանները զրպարտանք են համարել «Հոռոմսիմյան Նորիկը երեկ անցնում էր, ասում ա` ախպորս անունից 100.000 գրել են` մեռած մարդ ա, բայց իրա ստորագրությունը չի» և «Ասի, ամոթ քեզ, էս գյուղում էլ սոված մարդ չկար բացի հորիցդ, մորիցդ, փեսենոնցիցդ» արտահայտությունները, իսկ նաև վիրավորանք երկրորդ արտահայտությունը, մինչդեռ դրանք զրպարտանք չեն կարող համարվել, քանի որ հիմնված են փաստերի վրա: Բացի այդ, երկրորդ արտահայտությունը վիրավորանք չէ, քանի որ այն կրում է փոխաբերական իմաստ, այսինքն՝ այն, որ բացի նրա հորից, մորից և փեսաներից ավելի կարիքավոր, համայնքի ղեկավարի աջակցության կարիք ունեցող մարդ չկա, որ օգնություն ստանա։
Վիրավորանք է համարվել նաև «Արա» արտահայտությունը, մինչդեռ, «Աճառյանի անվան լեզվի բառարանում» այդ բառի բացատրությունը տրված է որպես դիմելաձև, հոմանիշը ունենալով «այ տղա» արտահայտությունը: Նմանապես չեն կարող վիրավորանք համարվել նաև «Սոված» արտահայտությունը, որը նշանակում է ապրուստի միջոցներից զուրկ, կարիքավոր։
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ «Ժամանակ» օրաթերթին տրված հարցազրույցը տպագրվել է 01.09.2010 թվականին, մինչդեռ հայցվորն իրավունքների պաշտպանության հայցով դատարան է դիմել 11.10.2010 թվականին, այսինքն՝ իր իրավունքների խախտման մասին իմանալուց մեկ ամիս 11 օր անց՝ բաց թողնելով օրենքով սահմանված դատարան դիմելու վաղեմության ժամկետը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.10.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանի կողմից որոշումը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, հետևաբար բերված վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Հայցադիմումը ՀՀ Լոռու մարզի դատարան է մուտքագրվել 22.09.2010 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 2):
2. «Ժամանակ» օրաթերթի 01.09.2010 թվականին տպագրված համարում «Էս թուրքին մեր միջից հանեք» վերնագրով տպագրված հոդվածում նշվել է, որ Լեռնապատ համայնքի բնակիչ Բ. Աշրաֆյանը նշել է, որ «Ես արդարության կողմնակից եմ... Երբ Վանոյին, երիտասարդ տղա, գյուղապետ առաջարկեցին, ես երեք անգամ էլ ձայնս տվել եմ իրեն։ Ասել եմ` երիտասարդ տղա ես, Վանո ջան, չգայթակղվես, մարդավարի կաշխատես։ Ասեց` հա ընկեր Աշրաֆյան..., բայց էս վերջերս, էս 2 տարվա մեջ, իմ բարեկամներից գալիս են, ասում են` սենց բան կլինի` մի ամսվա, երկու ամսվա, երեք ամսվա նպաստս կտրում ա... Հետո եկավ մեր տուն, ասեցի` Վանո, ամոթ քեզ, էս ինչե՞ր եմ լսում։ Բա թե` կարա՞ն ապացուցեն։ Ասի` թող ապացուցեն, բայց քեզ սազական բան չի... ինքն էլ, եթե` ապացուցել տվողը թող երկու տարի նստի, ես էլ իրեք տարի։ Ասի` ամոթ քեզ։ Գազի գործով մարդիկ կային, որ ասեն թե տունը հեռու ա, մի երկու ստոլբա ա տնգել, իրա համար գազ ա քաշել։ Ես էլ որպես վարչական հանձնաժողովի հասարակական կազմակերպության նախագահ, դե էդ ժամանակվա, թե արի` տուգանում ենք. բա ի՞նչ ա եղել։ Հետո ասեց` թե ապօրինի գազ ա քաշել։ Արա, ուրախ չե՞ս, ապօրինին ո՞րն ա... 2 ստոլբա ա տնգել մարդը, պիտի ուրախ լինես, որ ծախս չես անում, էն մարդը գազ ա տարել... Ու հետո, որ էս ցուցակը բացվեց օգնության, ես մնացել էի ապշած... Ասեց` բա դու էլ գրեիր, քեզ էլ կտայի։ Ասի` ամոթ քեզ, էս գյուղում էլ սոված մարդ չկա՞ր, բացի հորիցդ, մորիցդ, փեսենոնցիցդ... Հոռոմսիմյան Նորիկը երեկ անցնում էր, ասում ա` ախպորս անունից 100.000 գրել են` մեռած մարդ ա, բայց իրա ստորագրությունը չի։ Սա գայթակղվեց... Հիմա սա տեսախցիկ ու բանա դրել, չգիտեմ «Առավոտ» թերթում գրել էին, թե ինչի՞ ես տեսախցիկ դրել, ասել էր, թե` գյուղում անասնագողությունը տարածված ա, դրա համար տեսախցիկ եմ դրել։ Խի գյուղապետարանի մոտից անասուն են գողանո՞ւմ... Սա խայտառակություն է։ Ափսոս էդ տղեն, բայց գայթակղվեց» (հատոր 1-ին, գ.թ. 4)։
3. 01.09.2010 թվականի դրությամբ Վանո Եղիազարյանը ՀՀ Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավարն է:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Բողոքի քննությանն անդրադառնալիս Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի կիրառման առումով առկա է օրենքի միատեսակ մեկնաբանման անհրաժեշտություն, ուստի նախ և առաջ անդրադառնում է վերոնշյալ հոդվածի, բովանդակային առումով վերջինիս փոխկապված և պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները կանոնակարգող իրավական դրույթների մեկնաբանմանը:
Ա. ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն` մարդու արժանապատվությունը` որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից։
ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից..., իսկ 2-րդ մասի համաձայն` այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես նաև այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների հայեցողական լիազորության ճիշտ կենսագործման համար անհրաժեշտ է հաշվի առնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից սահմանված չափորոշիչները խոսքի ազատության իրավունքի և դրա սահմանափակումների վերաբերյալ, մասնավորապես.
1. Խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները պետք է նախատեսված լինեն օրենքով,
2. Դրանք պետք է անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում,
3. Դրանք պետք է հետապնդեն իրավաչափ նպատակ,
4. Կիրառված սահմանափակումները պետք է համաչափ լինեն հետապնդվող իրավաչափ նպատակներին:
Նախատեսված է օրենքով
Օրենքով նախատեսված լինելու պահանջն առաջին հերթին հանգում է համապատասխան ներպետական օրենքի առկայության: Միաժամանակ որոշակի պահանջներ պետք է նախատեսվեն նաև այդ օրենքի որակական հատկանիշների համար:
Մասնավորապես այն պետք է լինի ընդհանուր կիրառման ներքին ակտ, պետք է լինի հստակ և յուրաքանչյուրին հասանելի:
Այդ մասին է վկայում նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը: Այսպես` Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայում նշված «նախատեսված է օրենքով» արտահայտությունը պահանջում է ոչ միայն ներպետական օրենքի առկայություն, այլև այն վերաբերում է օրենքի որակին: Օրենքը պետք է հասանելի և կանխատեսելի լինի, այսինքն` ձևակերպված լինի բավականաչափ հստակ, որպեսզի անհատին հնարավորություն ընձեռի անհրաժեշտության դեպքում կարգավորել իր վարքագիծը (տե՛ս Սանդի Թայմսն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 26.04.1979 թվականի վճիռը, կետ 49, Սանոմա Ուիտգեվերս Բ. Վ.-ն ընդդեմ Նիդերլանդների գործով Եվրոպական դատարանի 14.09.2010 թվականի վճիռը, կետ 81):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը քննարկվել է ՀՀ Սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-997 որոշմամբ` ճանաչվելով ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, հետևաբար «նախատեսված է օրենքով» հասկացության որակական պահանջները համապատասխանում են նաև դրանց սահմանադրականության տեսանկյունից:
Հետապնդում է իրավաչափ նպատակ
Արտահայտվելու նկատմամբ կիրառվող սահմանափակումները պետք է հետապնդեն իրավաչափ նպատակ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ գործերով իրավաչափ են այն նպատակները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ կամ միջազգային իրավունքի նորմերով նախատեսված արժեքների` անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության համար:
Խոսքի ազատության սահմանափակումները նախատեսված են թե՛ ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածում, թե՛ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածի 3-րդ կետում, թե՛ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետում:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի մայիսի 18-ի ՀՕ-97-Ն օրենքի ընդունումը, որով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածը շարադրվեց նոր խմբագրությամբ և օրենսգիրքը լրացվեց նոր` 1087.1-րդ հոդվածով, նպատակ ունի ապահովել անձի պատվի և արժանապատվության պաշտպանությունը այլ անձանց ոտնձգություններից, հստակեցնել զրպարտություն և վիրավորանք հասկացությունները, զրպարտության և վիրավորանքի համար պատասխանատու անձանց շրջանակը և համարժեք դարձնել պատասխանատվությունը:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերոնշյալ դրույթները հետապնդում են իրավաչափ նպատակ, այն է` ապահովել անձի սահմանադրական և կոնվենցիոն իրավունքների` պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությունը:
Անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում և համաչափ է հետապնդվող իրավաչափ նպատակներին
Եվրոպական դատարանը, անդրադառնալով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի մեկնաբանմանը, բազմիցս նշել է, որ իրավունքներին միջամտելու անհրաժեշտությունը որոշելու հարցում մասնակից պետություններն օժտված են հայեցողության որոշակի սահմանով, որը, սակայն, ուղեկցվում է եվրոպական կառույցների վերահսկողությամբ, իսկ վերջինիս սահմանները կախված են գործի բնույթից: Բոլոր այն դեպքերում, երբ արձանագրվում է միջամտություն Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով երաշխավորված ազատություններին և իրավունքներին, եվրոպական կառույցները պետք է խիստ վերահսկողություն սահմանեն, ինչը պայմանավորված է այդ իրավունքների կարևորությամբ (տե՛ս «Աուտրոնիկ» բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 22.05.1990 թվականի վճիռը, կետ 61, «Գրոպպերա ռադիո» բաժնետիրական ընկերությունը և մյուսներն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 28.03.1990 թվականի վճիռը, կետ 61):
Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «անհրաժեշտ» հասկացությունը նշանակում է, որ սահմանափակումն առաջացել է հասարակական կամ սոցիալական կարիքներից և առկա է ճնշող հասարակական կարծիք այդ հարցում: Ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ միջոց համարվելու համար միջամտությունը պետք է «բավականաչափ» հիմնավորված լինի, ինչը պարզելու համար հարկավոր է հաշվի առնել տվյալ գործով հանրությանը հուզող յուրաքանչյուր հայեցակետ (տե՛ս Սանդի Թայմսն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 26.04.1979 թվականի վճիռը, կետ 65):
Հետապնդվող իրավաչափ նպատակներին միջամտության համաչափությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև պատասխանատվության միջոցների բնույթն ու խստությունը (տե՛ս Տամմերն ընդդեմ Էստոնիայի գործով Եվրոպական դատարանի 04.04.2001 թվականի վճիռը, կետ 69): Պատասխանատվության համար ընտրված միջոցի բնույթը և խստությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել այն, որ յուրաքանչյուր կոնկրետ գործով դրանք պարզման ենթակա ինքնուրույն հարցեր են:
Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ բոլոր դեպքերում համաչափությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել կիրառված միջոցների պիտանիությունը: Սա ենթադրում է, որ պատասխանատվության միջոցների կիրառման լիազորություն ունեցող սուբյեկտը ընտրում է հնարավոր միջոցներից պիտանին: Պիտանի միջոցների մեկից ավելիի առկայության դեպքում պետք է ընտրվի այն միջոցը, որն անհրաժեշտ է նպատակին հասնելու համար, իսկ պիտանի և անհրաժեշտ միջոցներից միայն նա, որը հնարավորություն է տալիս առավել նվազ ձևով միջամտելով կարծիքն ազատ արտահայտելու իրավունքին ապահովել այլ անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությունը:
Բ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի կանոնակարգումները
Վնաս պատճառողը և տուժողը
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
Վերոնշյալ դրույթից հետևում է, որ վնաս պատճառողն այն անձն է (ֆիզիկական կամ իրավաբանական), ով վիրավորանքի կամ զրպարտության միջոցով արատավորել է այլ ֆիզիկական անձի պատիվը կամ արժանապատվությունը կամ անհատ գործարարի կամ իրավաբանական անձի գործարար համբավը:
Տուժողը (զրպարտության կամ վիրավորանքի ենթարկված անձ) այն ֆիզիկական անձն է, ում պատիվը կամ արժանապատվությունը կամ անհատ գործարարի կամ իրավաբանական անձի գործարար համբավն արատավորել է մեկ այլ անձ (ֆիզիկական կամ իրավաբանական) վիրավորանքի կամ զրպարտության միջոցով:
Վիրավորանքի կամ զրպարտության միջոցով վնաս պատճառելու հետևանքով առաջացող հարաբերության սուբյեկտների շրջանակի սահմանափակում օրենսդիրն արդարացիորեն չի նախատեսել, և այդպիսիք կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Ինչպես վնաս կրողի, այնպես էլ վնաս պատճառողի կողմում կարող են հանդես գալ մեկից ավելի անձինք, և այս դեպքում ծագում է անձանց բազմաթվությամբ պարտավորություն: Ըստ այդմ էլ վնաս պատճառողները հանդես կգան որպես համապարտ պարտապաններ, եթե ծագած պարտավորությունը (վնասի հատուցումը) անբաժանելի է, իսկ տուժողները` որպես համիրավ պարտատերեր: Նշված դիրքորոշման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին կետի և 1073-րդ հոդվածի կանոնակարգումները:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ թեև մեկնաբանվող դրույթը ուղղակիորեն չի ամրագրում անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձանց պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու հնարավորություն, սակայն այն միաժամանակ չի էլ բացառում նման հնարավորությունը, ուստի անկախ լրիվ գործունակության առկայությունից կամ բացակայությունից (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 24-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ հոդվածներ)` անձը պետք է հնարավորություն ունենա պաշտպանելու իր պատիվն ու արժանապատվությունը: Այս դեպքում դատարան համապատասխան հայց կարող են ներկայացնել անգործունակի կամ սահմանափակ գործունակի օրինական ներկայացուցիչները (ծնող, խնամակալ, հոգաբարձու): Ինչ վերաբերում է իրավունակությունը դադարած, այսինքն` մահացած կամ մահացած ճանաչված քաղաքացու պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելուն, ապա վերջինիս իրավական կարգավորումն ամրագրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ կետում, որի համաձայն` քաղաքացու պատվի և արժանապատվության պաշտպանությունը շահագրգիռ անձանց պահանջով թույլատրվում է նաև նրա մահից հետո: Որպես շահագրգիռ անձ կարող են հանդես գալ ինչպես վերջինիս ժառանգները, այնպես էլ յուրաքանչյուր անձ, ով կապացուցի նշված հարցում իր շահագրգիռ անձ լինելը:
Վիրավորանքը և զրպարտությունը
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` սույն օրենսգրքի իմաստով վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է:
Սույն օրենսգրքի իմաստով հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:
Վերոնշյալ դրույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ վիրավորանքը (պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունը) կարող է դրսևորվել խոսքով, ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր, պատկերների միջոցով (նկարներ, տարածական պատկերներ), ձայնի (ինչպես բանավոր խոսքը, այնպես էլ տարբեր հնչերանգների կիրառումը), նշանների միջոցով (ժեստիկուլացիաներ, սիմվոլներ): Օրենսդիրն իրավացիորեն չի սահմանափակել միջոցների շարքը, որոնք կարող են կիրառվել վիրավորանքն արտահայտելիս` հնարավորություն տալով իրավակիրառողին, կոնկրետ գործի հանգամանքներից ելնելով, որոշել` արդյոք տվյալ միջոցի օգտագործմամբ կատարված արտահայտությունը կարող է որակվել որպես վիրավորանք: Հետևաբար վիրավորանքը կարող է արտահայտվել ցանկացած այլ միջոցի օգտագործմամբ, որը ներառված չէ վերոնշյալ թվարկման մեջ:
Անդրադառնալով կոնկրետ արտահայտության` վիրավորանք գնահատելու չափանիշներին` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ`
1. արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, որպիսի փաստը ապացուցելու դատավարական բեռը կրում է հայցվորը,
2. արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա: Մասնավորապես` նման նպատակի առկայության մասին կարող է վկայել այնպիսի իրավիճակը, երբ անձը ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար կամ էլ գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` ստույգ փաստերի վրա հիմնված չլինելու մասին: Այս փաստի ապացուցման բեռը նույնպես կրում է հայցվորը,
3. արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձևով, որպիսի փաստի ապացուցման դատավարական բեռը դարձյալ կրում է հայցվորը: Հրապարակային կարող են համարվել առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ կատարված արտահայտությունները և ներկայացված փաստերը: Վերջիններս երրորդ անձի ներկայությամբ կատարված են համարվում նաև այն դեպքում, երբ երրորդ անձը ևս կատարում է արտահայտություններ և ներկայացնում փաստեր, որոնք բովանդակային առումով կապված են վիրավորողի արած արտահայտությունների կամ ներկայացրած փաստերի հետ (օրինակ` երկու և ավելի անձանց կողմից վիրավորելը): Նման դեպքերում առկա է վնասի համատեղ պատճառում:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հրապարակային արտահայտությունը կամ հրապարակային ներկայացումը կարող է դրսևորվել տպագրության միջոցով, ռադիոյի կամ հեռուստատեսության միջոցով հեռարձակմամբ, զանգվածային լրատվության միջոցներով տարածմամբ, համացանցի միջոցով տարածմամբ, ինչպես նաև հեռահաղորդակցության այլ միջոցների օգտագործմամբ, հրապարակային ելույթներով, կամ որևէ այլ կերպ թեկուզ մեկ երրորդ անձի դրանց հաղորդակից դարձնելով: Այդպիսի արտահայտությունների ներկայացումը հասցեատիրոջը չի կարող համարվել հրապարակային, եթե դրանք ներկայացնող անձը բավականաչափ միջոցներ է ձեռնարկել դրանց գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ, որպեսզի դրանք հասանելի չդառնան այլ անձանց:
Մեկնաբանվող հոդվածի կարգավորումից դուրս են այն դեպքերը, երբ հայտարարությունը կատարվել է ոչ հրապարակային (անձը վիրավորել է տուժողին առանց երրորդ անձանց ներկայության):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված դրույթում ամրագրված վիրավորանքի սահմանումը չի կարող ենթադրել, որ անձի համբավին վնաս պատճառող ցանկացած բացասական կարծիք կամ որոշակի փաստական հիմք ունեցող գնահատող դատողություն պաշտպանված չէ օրենքով: Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի կամ գնահատող դատողության արտահայտումը այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա: Ի տարբերություն փաստերի, որոնք կարող են ներկայացվել և հիմնավորվել, գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել: Գնահատող դատողության ապացուցման պարտականությունն անհնար է իրականացնել և ինքնին խախտում է կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածում ամրագրված իրավունքի հիմնարար մասն է կազմում: Այնուամենայնիվ, երբ հայտարարությունը որակվում է որպես գնահատող դատողություն, անհրաժեշտ է, որ վերջինս հիմնվի բավարար փաստական կազմի վրա (տե՛ս Պեդերսենը և Բաադսգաարդն ընդդեմ Դանիայի գործով Եվրոպական դատարանի 17.12.2004 թվականի վճիռը, կետ 76): Գնահատողական դատողությունը կարող է անընդունելի համարվել, քանի որ այն առանց փաստական հիմքի կարող է չափազանցված համարվել (տե՛ս Ռիզոսը և Դասկասն ընդդեմ Հունաստանի գործով Եվրոպական դատարանի 27.05.2004 թվականի վճիռը, կետ 45):
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ պայմանների առկայությունը պարտադիր է արտահայտությունը վիրավորանք գնահատելու համար: Այդուհանդերձ, օրենսդիրն ամրագրել է որոշակի դեպքեր, երբ արտահայտությունը թեև բավարարում է վերոնշյալ պայմաններին, սակայն կոնկրետ իրավիճակում և իր բովանդակությամբ օրենքի ուժով կարող է չհամարվել վիրավորանք: Այդպիսիք են այն դեպքերը, երբ տեղեկատվությունը հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով: Օրենսդրական նման ձևակերպումը հիմք է արձանագրելու, որ այդ դեպքերը յուրաքանչյուր կոնկրետ գործով ենթակա են առանձին գնահատման` պարզելու, թե արդյոք տվյալ բովանդակությամբ և տվյալ իրավիճակում ներկայացված արտահայտությունը պարունակում է վիրավորանք, թե ոչ:
Անդրադառնալով «Ստույգ փաստեր» եզրույթին` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ այդպիսիք հանդիսանում են այն փաստերը, որոնք հիմնավորվում են ապացույցներով տեղեկատվության հրապարակման հետ միաժամանակ կամ հանդիսանում են հանրահայտ փաստեր (ապացուցման անհրաժեշտություն չունեցող): Անհրաժեշտ է ուշադրության դարձնել փաստերի և գնահատող դատողությունների տարբերակման խնդրին, քանի որ դրանք մեծ կարևորություն են ներկայացնում գործի քննության համար և մեծապես կարող են ազդել գործի ելքի վրա: Եվրոպական դատարանը, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համատեքստում անդրադառնալով նշված խնդրին, հստակ տարանջատում է կատարում փաստերի և գնահատող դատողությունների միջև, որի վերաբերյալ ձևավորել է հետևյալ ընդհանուր սկզբունքը. «Եթե փաստերի առկայությունը կարելի է ապացուցել, ապա գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել. գնահատող դատողությունների ապացուցումն անհնարին խնդիր է, և նման պահանջը խախտում է կարծիքի արտահայտման ազատությունը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի հիմնարար մասերից է:» (տե՛ս Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, կետ 46):
Վերոգրյալից զատ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ գնահատող դատողությունը, դիտարկելով որպես կարծիքի ազատ արտահայտման, այլ ոչ թե տեղեկություններ տարածելու իրավունքի դրսևորում, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատման առարկա դարձնել այն, թե արդյոք տվյալ դատողությունը հիմնված է որոշակի փաստերի վրա: Փաստական հիմքից զուրկ գնահատող դատողությունը պաշտպանված չէ պետական միջամտությունից: Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է նաև նրանով, որ անդրադառնալով նշված հարցին` Եվրոպական դատարանը նշել է, որ անձնական կարծիքը կարող է չափազանցված համարվել` հատկապես փաստացի հիմքի բացակայության պայմաններում (տե՛ս Օբերշլիքն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 01.07.1997 թվականի վճիռը, կետ 33):
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ յուրաքանչյուր դատական գործի քննության շրջանակներում անհրաժեշտ է պարզել` արդյոք ներկայացված փաստացի տվյալները տվյալ իրավիճակում և իրենց բովանդակությամբ բխել են «Գերակա հանրային շահից», որն անմիջականորեն պայմանավորված է հասարակության տեղեկացված լինելու իրավունքի շահով, արդյո՞ք հանրության համար այդ տեղեկատվությունը զգալիորեն անհրաժեշտ է եղել, արդյո՞ք հասարակությունը հետևել է այդ տեղեկությունների տարածման ընթացքին և սպասել է դրանց հետագա հրապարակմանը: «Գերակա հանրային շահը» գնահատելիս վերոնշյալ հարցերին պատասխանելու անհրաժեշտությունը բխում է նրանից, որ զանգվածային լրատվության միջոցների վրա է դրված հասարակական հետաքրքրություն ներկայացնող ոլորտների և հարցերի վերաբերյալ տեղեկատվության, այդ թվում գաղափարների տարածման պարտականություն: Զանգվածային լրատվության միջոցների այդ գործառույթին (պարտականությանը) զուգորդվում (համապատասխանում) է հասարակության կողմից տեղեկատվություն ստանալու իրավունքը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննարկման առարկա հարցի վերաբերյալ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին` պարզելու նպատակով` արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որևէ մեկին, թե՞ օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները` միաժամանակ դրսևորելով բարեխիղճ մոտեցում:
Հետևաբար, հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միանշանակ պահանջն է, որպեսզի վիրավորանքի և զրպարտության գործերով հստակ տարանջատում կատարվի գնահատողական դատողության և փաստերի միջև` Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտումներ թույլ տալը բացառելու նպատակով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքի իմաստով զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման և այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Անդրադառնալով կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ`
1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,
2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,
3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,
4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Որպեսզի միջամտությունը խոսքի և կարծիքի ազատ արտահայտման իրավունքին լինի համաչափ օրինական նպատակներին` այլ մարդկանց հեղինակության պաշտպանությանը, անհրաժեշտ է օբյեկտիվ կապի առկայություն գնահատող դատողությունների և այն անձի միջև, ով դիմել է դատարան: Հրապարակումների զրպարտչական բնույթի մասին միայն ենթադրելը և կասկածելը բավարար չէ հաստատելու այն հանգամանքը, որ որևիցե կոնկրետ անձի հասցվել է վնաս: Գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ էլ որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ (տե՛ս Դյուլդին և Կիսլովը ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 31.10.2007 թվականի վճիռը, կետ 44):
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերն արդեն իսկ անդրադարձ կատարվել է «հրապարակային ներկայացնել», «փաստեր» և «գնահատողական դատողություններ» եզրույթներին և դրանց մեկնաբանությունները հավասարապես կիրառելի են նաև զրպարտության դեպքերի համար` ՀՀ վճռաբեկ դատարանը կրկին չի անդրադառնում դրանց:
Հետևաբար, նշված վավերապայմանների կամ դրանցից որևէ մեկի բացակայության դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի բովանդակության ընկալման տեսանկյունից չի կարող խոսք լինել զրպարտության, հետևաբար նաև` դրանով պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:
Վերը նշված չափանիշների առկայության կամ բացակայության հանգամանքի բացահայտումը կարևոր է դատարանների կողմից արդարադատություն իրականացնելիս, այդ թվում` ներկայացված փաստացի տվյալները որպես զրպարտություն գնահատելիս:
Միաժամանակ հարկ է նկատել, որ օրենսդիրն ամրագրել է պայմաններ, երբ փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն: Նշված պայմաններն ամրագրված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ կետում: Ըստ նշված կետի` նույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե`
1) դրանք տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտությունում կամ ներկայացրած ապացույցներում.
2) դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները.
3) այն բխում է զրպարտության ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից:
Վերոնշյալ դրույթի վերլուծությունից հետևում է, որ անկախ նրանից` անձը հրապարակել է մեկ այլ անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող և իրականությանը չհամապատասխանող տվյալներ, վերջիններիս ներկայացումը չի համարվի զրպարտություն, եթե դրանք `
1. Վերաբերում են դատական կամ մինչդատական վարույթում գտնվող գործի հանգամանքներին կամ տեղ են գտել ապացույցներում: Նշված դրույթում ամրագրված «մինչդատական» և «դատական վարույթե տերմինները հավասարապես պետք է վերաբերեն ինչպես քաղաքացիական և վարչական դատավարության (դատական վարույթներ), այնպես էլ քրեական դատավարության կարգով քննվող գործերին (մինչդատական և դատական վարույթներ):
2. Պայմանավորված են գերակա հանրային շահով: Վճռաբեկ դատարանը վերևում տրված մեկնաբանությամբ արդեն իսկ անդրադարձել է «գերակա հանրային շահ» արտահայտության մեկնաբանմանը, ուստի կրկին չի անդրադառնում դրան: Ի տարբերություն վիրավորանքի, երբ տեղեկատվության` գերակա հանրային շահով պայմանավորված լինելու հանգամանքի առկայությունը բացառում է տվյալ տեղեկատվությունը վիրավորանք համարելը, զրպարտության դեպքում անհրաժեշտ է լրացուցիչ փաստական կազմի առկայություն: Մասնավորապես` փաստացի տվյալներ հրապարակած անձը պետք է ապացուցի, որ մինչ հրապարակելը ձեռնարկել է այնպիսի միջոցներ, որոնք հնարավորություն են ընձեռել վերջինիս հանգելու հետևության այն մասին, որ փաստացի այդ տվյալները պայմանավորված են հանրային գերակա շահով և կարող էին համապատասխանել իրականությանը: Բացի այդ, հրապարակող անձը պետք է նշված տվյալները բացահայտի բարեխիղճ և հավասարակշռված: Այս դեպքում բարեխղճությունը ենթադրում է տեղեկատվության (փաստացի տվյալի (տվյալների)) ամբողջական, առանց էական նշանակություն ունեցող փաստերի փոփոխման շարադրանք: Ինչ վերաբերում է «հավասարակշռված» եզրույթին, ապա Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ հավասարակշռվածություն պետք է լինի ներկայացվող փաստացի տվյալների և գերակա հանրային շահի հարաբերակցության առումով: Փաստացի տվյալների հրապարակումը, պայմանավորված լինելով գերակա հանրային շահով, չպետք է պարունակի զրպարտող այլ տեղեկություններ, որոնք չեն առնչվում տվյալ խնդրին:
3. Զրպարտությունը վերոնշյալ դրույթի ուժով բացակայում է նաև այն դեպքում, երբ հրապարակային տեղեկություններ տարածող անձը նշված տեղեկությունները տարածում է` հիմք ընդունելով զրպարտության ենթարկվողի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթում կամ պատասխանում կամ նրանցից ելնող փաստաթղթում արված եզրահանգումները կամ փաստերը:
Տեղեկատվության տարածումը այս դեպքում ևս ենթադրում է հրապարակային ելույթում կամ պատասխանում կամ փաստաթղթում տեղ գտած եզրահանգումների կամ փաստերի բարեխիղճ շարադրանք: Ելույթ պետք է դիտարկել անձի կողմից հնչեցրած բանավոր խոսքը, որը նպատակ ունի որոշակի տեղեկատվություն հասու դարձնել անորոշ թվով անձանց և արվում է որոշակի ձևաչափին համապատասխան կազմակերպված միջոցառումների ժամանակ (օրինակ` կոնֆերանսներ, համաժողովներ, հավաքներ, հանրահավաքներ և այլն ):
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ սույն հոդվածի իմաստով «փաստաթուղթե տերմինի մեկնաբանությունն անհրաժեշտ է կատարել` հաշվի առնելով նաև երկրում գործող փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային կարգավորումը: Ուստի «փաստաթուղթե տերմինը սույն հոդվածի իմաստով չպետք է նույնացվի բացառապես թղթային կրիչի օգտագործմամբ կազմված գրավոր արտահայտված տեղեկության հետ: Դրանում կարող են ներառվել կրիչի ցանկացած տեսակի (էլեկտրոնային (ֆաքս, լուսապատճեն և այլն), նյութական այլ կրիչներ) օգտագործմամբ կատարված գրառումները: Վճռաբեկ դատարանի վերոնշյալ եզրահանգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «փաստաթուղթե տերմինի նեղ մեկնաբանումն անհարկի սահմանափակում է և չի ներառում դեպքերի այն շրջանակը, որոնց պարագայում փաստաթղթերը կազմվում և տարածվում են էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ:
Պատասխանատվությունից ազատվելը
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին):
Նույն հոդվածի 9-րդ կետի համաձայն` եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը, իսկ եթե այն ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվական գործունեություն իրականացնողը:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ վերոնշյալ դրույթները մեկնաբանելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև համակարգային մեկնաբանության սկզբունքը: Այսպես` սույն հոդվածը, ներառված լինելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վնաս պատճառելու հետևանքով ծագող հարաբերությունները կանոնակարգող գլխում, վերաբերում է քաղաքացու պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին վնաս պատճառելու հետևանքով ծագող հարաբերությունների կարգավորմանը: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի կանոնակարգումները վերաբերում են բացառապես վիրավորանքի և զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին վնաս պատճառելու հետևանքով առաջացող հարաբերություններին:
Վերոնշյալ մեկնաբանությունները հիմք ընդունելով և համադրելով դրանք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ կետում ամրագրված պարտավորությունների ծագման հիմքերի հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձին վիրավորելը կամ զրպարտելը առաջացնում են պարտավորական հարաբերություն (պարտավորություն): Պարտավորական հարաբերության դադարման հիմքերին վերաբերող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 423-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված հիմքերով: Վիրավորանքի կամ զրպարտության հիմքով ծագած պարտավորությունը ևս դադարում է պարտավորությունների դադարման համար ընդհանուր հիմքերի առկայության դեպքում` հաշվի առնելով այդ հարաբերությունները կարգավորող նորմերի առանձնահատկությունները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին:
Համադրելով վերոնշյալ դրույթը նույն հոդվածի 3-րդ կետում ամրագրված «զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը» դրույթի հետ` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը. զրպարտության վերաբերյալ գործերի քննության ընթացքում գործում է այն կանխավարկածը, որ փաստերի` իրականությանը համապատասխանելու ապացուցման բեռը կրում է պատասխանողը: Այս ընդհանուր կանոնից բացառություն է հանդիսանում միայն այն դեպքը, երբ ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր: Այս պարագայում ապացուցման պարտականությունը կրում է հայցվորը, սակայն միայն այն դեպքում, երբ պատասխանողը կհիմնավորի իրենից պահանջվող գործողությունների և ջանքերի ոչ ողջամիտ լինելը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին: Եթե նույնիսկ պատասխանողից պահանջվող գործողությունները կամ ջանքերը ոչ ողջամիտ են, սակայն անհրաժեշտ ապացույցներին հայցվորը չի տիրապետում, ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը:
Վիճարկվող փաստերի` իրականությանը համապատասխանելու հանգամանքի հաստատումը պատասխանողին (ենթադրյալ վնաս պատճառողին) ազատում է պատասխանատվությունից, հետևաբար հանգեցնում է ենթադրյալ պարտավորության դադարման:
Զրպարտության կամ վիրավորելու հետևանքով ծագող հարաբերությունը դադարում է նաև այն դեպքում, երբ լրատվական գործունեություն իրականացնողը տուժողի պահանջով հրապարակել է հերքում կամ տուժողի պատասխանը: Վճռաբեկ դատարանի նշված եզրահանգումը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 10-րդ կետի կանոնակարգումից, որի համաձայն` անձը չի կարող օգտվել սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պաշտպանության միջոցներից, եթե նա մինչև դատարան դիմելը «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պահանջել է հերքում և (կամ) իր պատասխանի հրապարակում, և լրատվական գործունեություն իրականացնողը կատարել է այդ պահանջը:
Վերոնշյալ ընդհանուր և հատուկ հիմքերից բացի օրենսդիրը վիրավորանքի կամ զրպարտության միջոցով վնաս պատճառելու հետևանքով առաջացող հարաբերության դադարման որևէ այլ հիմք չի նախատեսել:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ կետերից հետևում է, որ անձն ազատվում է պատասխանատվությունից երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
● արտահայտված կամ ներկայացված փաստացի տվյալներն անձի հրապարակային ելույթների, պաշտոնական փաստաթղթերի, հեղինակային ստեղծագործությունների, լրատվական գործունեություն իրականացնող ընկերությունների հրապարակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են,
● տեղեկատվությունը տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին:
Տեղեկատվությունը բառացի կամ բարեխիղճ ներկայացնելու օրենսդրի պահանջը նպատակ է հետապնդում ապահովել բացահայտված աղբյուրում տեղ գտած տեղեկատվության բառացի շարադրանքը կամ հրապարակել այն այնպես, որ չփոխվի ինչպես ամբողջական իմաստը, այնպես էլ կոնկրետ փաստերի վերաբերյալ առկա տեղեկատվությունը:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ կետերում ամրագրված «տեղեկատվության աղբյուր» եզրույթին: Նշված դրույթների վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իմաստով տեղեկատվության աղբյուրներն անձինք են (ֆիզիկական և իրավաբանական), որոնք տարբեր միջոցներով հրապարակում են տեղեկատվությունը: Տեղեկատվության աղբյուր են հանդիսանում հեղինակները և լրատվական գործակալությունները: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հիշատակված դրույթներում ամրագրված անձի հրապարակային ելույթները, պաշտոնական փաստաթղթերը, հեղինակային ստեղծագործությունները տեղեկատվության աղբյուրների կողմից օգտագործվող միջոցներ են:
«Տեղեկատվության միջոց» հասկացությունը մեկնաբանելիս Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադարձ կատարել Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին: Վերջինիս համաձայն` Կոնվենցիայի 10-րդ հոդվածի գործողության ոլորտում են գտնվում ոչ միայն այն տեղեկությունները և գաղափարները, որոնք արտահայտվում են գրավոր կամ բանավոր խոսքի միջոցով, այլ նաև տարաբնույթ միջոցներով արտահայտված և տարածվող տեղեկություններն ու գաղափարները: Մասնավորապես` Կոնվենցիայի 10-րդ հոդվածը կիրառելի է գեղարվեստական ինքնարտահայտման միջոցների` նկարների, ֆիլմերի և արվեստի այլ ստեղծագործությունների նկատմամբ, ինչպես նաև հեռարձակման բոլոր միջոցների և էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի նկատմամբ (տեղեկությունների և գաղափարների արտահայտման միջոցների հարցին Եվրոպական դատարանն ի թիվս այլոց անդրադարձել է Մյուլերը և մյուսներն ընդդեմ Շվեյցարիայի գործով 24.05.1988 թվականի որոշմամբ, կետ 34, Աութրոնիկ ԷյՋի-ն ընդդեմ Շվեյցարիայի գործով 22.05.1990 թվականի որոշմամբ, կետ 47):
Վերոնշյալ հետևությունը հիմք ընդունելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ հղում է կատարված տեղեկատվության աղբյուրին, սակայն նույն աղբյուրում տեղ գտած տեղեկատվությունը հրապարակված չէ բառացի կամ բարեխիղճ, այլ կերպ` հրապարակողը փոփոխություններ է մտցրել տեղեկատվության մեջ, ավելացրել է, հանել կամ փոփոխել փաստերը (շարադրանքը կամ դրա առանձին մասերը), ապա հրապարակող անձը չի ազատվում պատասխանատվությունից: Նույն կանոնը գործում է նաև այն դեպքում, երբ տարածողը թեև վերարտադրում է տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ շարադրանքը, այդուհանդերձ հղում է կատարում մի աղբյուրի, որը չի համարվում «տեղեկատվության աղբյուր» ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իմաստով, այն է` չի հանդիսանում հեղինակ կամ լրատվական գործակալություն:
Վերը նշված երկու դեպքերում էլ տեղեկատվություն հրապարակողն ինքն է համարվում զրպարտող կամ վիրավորող:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ տեղեկատվություն հրապարակողը, եթե նույնիսկ հրապարակել է տեղեկատվության բովանդակությունը բառացի կամ բարեխիղճ և հղում է կատարել աղբյուրին, չի ազատվում պատասխանատվությունից, եթե դատավարության ընթացքում կապացուցվի, որ նա գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` զրպարտություն լինելու մասին, քանի որ նման դեպքում անձի մոտ առկա է զրպարտելու դիտավորությունը: Այս դեպքում ինչպես տեղեկատվությունը կրող աղբյուրը, այնպես էլ այդ տեղեկատվությունը հրապարակողը կրում են համապարտ պատասխանատվություն որպես համատեղ վնաս պատճառողներ:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև նշել, որ բովանդակային առումով տեղեկատվության աղբյուրի բացահայտումը պետք է կատարվի տեղեկատվությունը տարածելու հետ միաժամանակ: Տեղեկատվությունը տարածելիս և ոչ թե դրանից հետո աղբյուրի բացահայտումը նպատակ է հետապնդում այդ տեղեկատվության հասցեատերերի մոտ ապահովել տեղեկացվածություն այն մասին, որ զրպարտությունը կամ վիրավորանքը դուրս է գալիս կոնկրետ սուբյեկտից, այլ ոչ թե անմիջական հրապարակողից կամ անորոշ թվով սուբյեկտներից: Աղբյուրի բացահայտումը, կախված աղբյուրի տեսակից, կարող է ազդել հասարակական կարծիքի ձևավորման վրա: Մինչդեռ տեղեկատվության աղբյուրը դատական վարույթի ընթացքում բացահայտելը լիարժեք չի ապահովում զրպարտող կամ վիրավորող սուբյեկտի վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը:
Վնասի փոխհատուցումը վիրավորանքի և զրպարտության դեպքում
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը.
2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը.
3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:
Նույն հոդվածի 8-րդ կետի համաձայն` զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:
Նույն հոդվածի 11-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ գործի առանձնահատկությունները, ներառյալ`
1) վիրավորանքի կամ զրպարտության եղանակը և տարածման շրջանակը.
2) վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը:
Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը չպետք է հաշվի առնի վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով պատճառված գույքային վնասը:
Վճռաբեկ դատարանը, արձանագրելով, որ քննարկման առարկա հարցի շրջանակներում գործ ունենք մի կողմից տեղեկատվություն տարածելու և խոսքի ազատության, մյուս կողմից անձի` իր պատվի, արժանապատվության, գործարար համբավի նկատմամբ հարգանք պահանջելու Կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված և երաշխավորված իրավունքների հետ, անհրաժեշտ է համարում նշել, որ փոխհատուցման չափ սահմանելու յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնվի վիրավորանք և զրպարտանք կատարած անձի ֆինանսական վիճակը և բացառվի փոխհատուցման այնպիսի չափերի և ձևերի սահմանումը, որոնք կարող են վճռորոշ նշանակություն ունենալ պատասխանող կողմի համար, առավել ևս, եթե պատասխանող կողմը զանգվածային լրատվության միջոց է` նրա հետագա գործունեությունը շարունակելու առումով:
Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վիրավորանքի և զրպարտության համար սահմանվող փոխհատուցման ողջամտության հարցին, որը պետք է համաչափ լինի անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասին, և, միաժամանակ, անհարկի ֆինանսական պարտավորություններ չառաջացնի պատասխանողի համար:
Նախ, անհրաժեշտ է արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերը հնարավորություն են տալիս անձին նախատեսված մեկ կամ մի քանի միջոցների կիրառմամբ զրպարտող կամ վիրավորող սուբյեկտին պատասխանատվության ենթարկելու պահանջ ներկայացնել: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ դատարանները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է անհրաժեշտ գնահատական տան այն հանգամանքին, թե արդյոք կողմերը որևէ փորձ արել են վեճը լուծել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված արտադատական կարգով, այն է` արդյոք անձը մինչև դատարան հայց ներկայացնելը դիմել է համապատասխան լրատվամիջոցին հերքում հրապարակելու պահանջով, և այդ պահանջին զանգվածային լրատվության միջոցը որևէ ընթացք տվել է, թե ոչ: Բացի այդ, դատարանները քննարկվող հարցի վերաբերյալ գործեր քննելիս նախ պետք է ջանքեր գործադրեն գործը հաշտությամբ լուծելու ուղղությամբ, այնուհետև գործում առկա բոլոր ապացույցների գնահատմամբ անհրաժեշտ է պարզել` արդյո՞ք հնարավոր չէ վերականգնել անձի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը ոչ նյութական փոխհատուցում նշանակելու միջոցով, քանի որ օրենսդիրը մինչև նյութական փոխհատուցում սահմանելը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով սահմանել է նաև պատճառված վնասի վերականգնման այլ միջոցների ընտրության և կիրառման հնարավորություն (վիրավորանքի դեպքում` հրապարակային ներողություն խնդրել, եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը, զրպարտության դեպքում` եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը):
Նյութական փոխհատուցում նշանակելու դեպքում անհրաժեշտ է, որ դատարանները մեծ ուշադրություն դարձնեն փոխհատուցվող գումարի չափի սահմանմանը, պատասխանողներից պահանջեն նրանց եկամուտների վերաբերյալ պետական իրավասու մարմիններին ներկայացված ֆինանսական և այլ փաստաթղթեր (օրինակ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին ներկայացված հարկային հաշվետվությունները), հակառակ դեպքում մեծ չափով փոխհատուցումները կարող են ծանր հետևանքներ ունենալ վերջիններիս բնականոն գործունեությունը շարունակելու առումով: Ընդ որում, այս հարցի քննարկման ժամանակ դատարանները պետք է ուշադրություն դարձնեն հայցվոր կողմի` նյութական փոխհատուցման պահանջի վերաբերյալ պատասխանող կողմի ներկայացրած փաստարկներին, որոնք, ըստ էության, պետք է պարունակեն նաև տեղեկություններ իրենց բնականոն գործունեության նկատմամբ պահանջվող փոխհատուցման չափի ֆինանսական ազդեցության վերաբերյալ:
Դրամական փոխհատուցման չափ սահմանելիս դատարանները նախ և առաջ պետք է հաշվի առնեն, թե ինչ միջոցով կամ եղանակով է կատարվել զրպարտությունը կամ վիրավորանքը և ապա վերջիններիս տարածման շրջանակը: Գնահատման առարկա պետք է դառնա օգտագործված միջոցի կամ եղանակի` տեղեկատվության արագ և համընդհանուր տարածման հարցը: Այսպես` զանգվածային լրատվության միջոցներով կատարված հրապարակումների տարածումը շատ ավելի արագ է, քան եթե հրապարակումն արվեր անձանց փոքրաթիվ խմբի շրջանակում: Միաժամանակ պետք է հաշվի առնել նաև տեղեկատվությունը տարածելու շրջանակը: Զանգվածային լրատվության միջոցները, որոնք գործում են տեղական մակարդակում (մարզ, քաղաք), ունեն ավելի փոքր տարածման շրջանակ, քան հանրապետության ամբողջ տարածքով հեռարձակվող և տարածվող լրատվամիջոցները:
Դրամական փոխհատուցման չափ սահմանելիս դատարանների կողմից հաշվի առնվող վերոնշյալ հանգամանքները սպառիչ չեն, քանի որ օրենսդիրը սահմանել է դատարանի պարտականությունը` հաշվի առնել կոնկրետ գործի առանձնահատկությունները: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ի թիվս վերոգրյալ հանգամանքների, այն դեպքերում, երբ վիրավորանքը կամ զրպարտությունը շարունակվում են նաև գործի քննության ընթացքում (գործի` դատարանում քննության գտնվելու ողջ ժամանակահատվածում), այդ հանգամանքը դատարանները կարող են հաշվի առնել դրամական փոխհատուցման չափ նշանակելու հարցը լուծելիս:
Ամփոփելով նշվածը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանները պետք է փորձեն գործում առկա ապացույցների գնահատմամբ և վերը նշված միջազգային փաստաթղթերի լույսի ներքո մինչև նյութական փոխհատուցում սահմանելը քննարկման առարկա դարձնել խախտված իրավունքների վերականգնման օրենքով նախատեսված այլ միջոցների կիրառման հնարավորությունը, որը զանգվածային լրատվության միջոցների դեպքում չի խոչընդոտի նրանց հետագա բնականոն գործունեությանը` միաժամանակ բացառելով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտումը:
Վերը հիշատակված դրույթով սահմանվում է նաև դատարանների պարտականությունը` հաշվի չառնել վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով պատճառված գույքային վնասը, եթե այդպիսին առկա է կամ դրա չափը: Նման կանոնի նախատեսումը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դրամական հատուցումներն իրենցից ներկայացնում են ոչ նյութական վնասի հատուցում և պայմանավորված չեն իրական վնասի կամ բաց թողնված օգուտի առկայությամբ կամ բացակայությամբ: Նշված վնասները, եթե այդպիսիք կան, հատուցման ենթակա են առանձին կարգով` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 12-րդ կետի հիման վրա: Այսպես` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 12-րդ կետի` նույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պաշտպանության միջոցներն իրականացնելու հետ անձն իրավունք ունի իրեն վիրավորանք հասցրած կամ զրպարտած անձից դատական կարգով պահանջելու վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով իրեն պատճառված գույքային վնասները, ներառյալ` ողջամիտ դատական ծախսերը և խախտված իրավունքների վերականգնման համար իր կատարած ողջամիտ ծախսերը:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ի տարբերություն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերում ամրագրված դրամական փոխհատուցման, երբ դատարանը կարող է մերժել դրամական փոխհատուցումը` հիմք ընդունելով պատասխանողի գույքային դրությունը, նույն հոդվածի 12-րդ կետում ամրագրված գույքային վնասը ենթակա է փոխհատուցման ամբողջ ծավալով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` վնասի ինստիտուտը կանոնակարգող նորմերին համապատասխան: Հաշվի առնելով այն, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը «վնաս» եզրույթն օգտագործում է իրական վնաս և բաց թողնված օգուտ իմաստներով և օրենսգրքում որևէ այլ տեղ, բացի 1087.1-րդ հոդվածից, չի կիրառվում «գույքային վնաս» եզրույթը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «գույքային վնաս»-ը պետք է մեկնաբանվի որպես անձին պատճառված իրական վնաս և/կամ բաց թողնված օգուտ: Վնասում ներառվում են նաև ողջամիտ դատական ծախսերը, որոնք անձը կատարել է կամ կատարելու է իրավունքները վերականգնելու համար, ինչպես նաև ցանկացած այլ ծախս, որն ուղղակիորեն կատարվել է խախտված իրավունքների վերականգնման համար:
Պաշտոնատար անձանց քննադատությունը
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ևս մեկ իրավական խնդրի` քաղաքական խոսքին կամ հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ բանավեճին և պաշտոնատար անձանց քննադատությանը:
Եվրոպական դատարանն ընդգծել է, որ քաղաքական խոսքը կամ հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ բանավեճը սահմանափակելու առումով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառման նեղ ոլորտ ունի (տե՛ս Ուինգրովն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 25.11.1996 թվականի վճիռը, կետ 58): Բացի այդ, թույլատրելի քննադատության սահմաններն ավելի լայն են կառավարության, քան թե մասնավոր քաղաքացու կամ նույնիսկ քաղաքական գործչի նկատմամբ: Ժողովրդավարական հասարակարգում պետության գործողությունները կամ բացթողումները պետք է ենթարկվեն խիստ վերահսկողության ոչ միայն օրենսդիր և դատական մարմինների, այլև մամուլի և հանրային կարծիքի կողմից (տե՛ս Ինկալն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանի 09.06.1999 թվականի վճիռը, կետ 54): Քաղաքական գործիչների նկատմամբ ընդունելի քննադատության սահմանները, հետևաբար, ավելի լայն են, քան մասնավոր անձանց պարագայում: Ի տարբերություն վերջիններիս` քաղաքական գործիչներն անխուսափելիորեն և գիտակցաբար իրենց հասանելի են դարձնում արված յուրաքանչյուր խոսքի և գործի նկատմամբ լրագրողների և հանրության լայն խավերի սրված ուշադրության համար, և նրանք այդ կապակցությամբ պարտավոր են հանդուրժողականության ավելի մեծ աստիճան դրսևորել: Անկասկած, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը թույլ է տալիս պաշտպանել այլոց, այսինքն` բոլոր անհատների հեղինակությունը, և այս պաշտպանությունը տարածվում է քաղաքական գործիչների նկատմամբ ևս, եթե նույնիսկ նրանք հանդես չեն գալիս իրենց մասնավոր կարգավիճակում, սակայն նման դեպքերում այդպիսի պաշտպանության պահանջները պետք է կշեռքի նժարին դնել` մյուս նժարին դնելով քաղաքական հարցերը բաց կերպով քննարկելու շահերը (տե՛ս Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, կետ 42):
Անդրադառնալով քաղաքացիական ծառայողների նկատմամբ քննադատության սահմանների հարցին` Եվրոպական դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական ծառայողների նկատմամբ ևս, ինչպես որ քաղաքական գործիչների դեպքում է, ընդունելի են քննադատության ավելի լայն սահմաններ: Այնուամենայնիվ, քաղաքացիական ծառայողները լիազորությունների պատշաճ կատարումն ապահովելու առումով պետք է վայելեն հասարակական վստահություն, զերծ լինեն անընդմեջ քննադատությունից, և այդ պատճառով է, որ անհրաժեշտ է նրանց տրամադրել պաշտպանություն իրենց պարտականությունների կատարման առնչությամբ վիրավորական և զրպարտչական հարձակումներից (տե՛ս Յանովսկին ընդդեմ Լեհաստանի 21.01.1999 թվականի վճիռը, կետ 33):
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դատարանները պետք է հաշվի առնեն տարբերությունը քաղաքական գործիչների և հանրային ծառայողների միջև, և այն, որ հանրային ծառայողները` ներառյալ դատավորները, դատախազները, ոստիկանները, իրականացնում են հատուկ լիազորություններ և պետք է ունենան հանրային վստահություն, հետևաբար նրանք պետք է պաշտպանված լինեն վիրավորական և զրպարտչական հարձակումներից:
Վերոնշյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառման, հետևաբար և կարծիքի ազատ արտահայտման և տեղեկություններ տարածելու իրավունքի միջամտության ժամանակ դատարանները պետք է հաշվի առնեն, որ քաղաքական գործիչների, հանրային ծառայողների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ քննադատության սահմաններն ավելի լայն են, քան մասնավոր անձանց դեպքում: Այդուհանդերձ նման քննադատությունն ընդունելի կարող է համարվել, եթե այն արտահայտվել է վերջիններիս գործունեության առնչությամբ և չի գերազանցում Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով հաստատված վերոնշյալ սահմանափակումները: Հակառակ դեպքում քաղաքական գործչի` որպես մասնավոր անձի վերաբերյալ քննադատության նկատմամբ ամբողջ ծավալով կիրառելի են Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի սահմանափակումները, և հնչեցրած կարծիքը կամ տարածած տեղեկությունը որպես զրպարտություն գնահատելիս չպետք է հաշվի առնել անձի` պաշտոնատար անձ լինելու հանգամանքը:
Հայցային վաղեմության ժամկետները
Կապված քննարկման առարկա հոդվածով դատարաններ հայցեր ներկայացնելու ժամկետների հետ` հարկ է նշել, որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը: Հերքման պահանջը կարող է ներկայացվել մեկամսյա ժամկետում` հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է հերքումը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն` նույն հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում:
Վերլուծելով վերը նշված իրավական դրույթների բովանդակությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավունքի պաշտպանության միջոցի ընտրությունը բոլոր դեպքերում կատարում է տուժողը: Վերջինս էլ կարող է մի դեպքում նախապատվություն տալ անմիջապես զանգվածային լրատվության միջոցին հերքման պահանջ ներկայացնելուն, մյուս դեպքում` իրավունքի պաշտպանության հայց ներկայացնելուն: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արտադատական կարգով խախտված իրավունքի վերականգնման համար զանգվածային լրատվամիջոցին դիմելը թեև պարտադիր պայման չէ իրավունքի պաշտպանության հայց ներկայացնելու համար, այդուհանդերձ դատարանները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատման առարկա դարձնեն այն, թե արդյոք անձը մինչև դատարան հայց ներկայացնելը դիմել է համապատասխան լրատվամիջոցին հերքում հրապարակելու պահանջով, և այդ պահանջին զանգվածային լրատվության միջոցը որևէ ընթացք տվել է, թե ոչ:
Օրենսդիրը հնարավորություն է տվել շահագրգիռ անձին դատարան դիմել բոլոր դեպքերում ոչ ուշ, քան մինչև վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամիսը լրանալը` դրանում ներառելով նաև զանգվածային լրատվամիջոցին հերքման պահանջ ներկայացնելու համար նախատեսված մեկամսյա ժամկետը: Անհրաժեշտ է նաև նշել, որ հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվում է այն պահից, երբ անձին հայտնի է դարձել վիրավորանքը կամ զրպարտությունը: Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ անձը տեղեկանում է զրպարտության կամ վիրավորանքի մասին վեց ամիսը լրանալուց հետո, բաց է թողնվում հայցային վաղեմության ժամկետը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ ժամկետները այնպիսի ժամկետներ են, որոնց ընթացքում հայցվորը կարող է հայց ներկայացնելու միջոցով ակնկալել խախտված իրավունքների պաշտպանություն։ Հետևաբար, այդ ժամկետներն իրենց բնույթով համապատասխանում են հայցային վաղեմության ժամկետին, և դրանց նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` հայցային վաղեմության վերաբերյալ կանոնակարգումները:
Գ. Սույն վեճի նկատմամբ վերոնշյալ մեկնաբանությունների կիրառումը
Վերոնշյալ վերլուծություններից հետո Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սույն գործի առանձնահատկություններին և նշված սկզբունքների կիրառությանը սույն գործի նկատմամբ:
Սույն գործի փաստերի համաձայն` «Ժամանակ» օրաթերթի 01.09.2010 թվականին տպագրված համարում «Էս թուրքին մեր միջից հանեք» վերնագրով տպագրված հոդվածում նշվել է, որ Լեռնապատ համայնքի բնակիչ Բ. Աշրաֆյանը նշել է, որ «Ես արդարության կողմնակից եմ... Երբ Վանոյին, երիտասարդ տղա, գյուղապետ առաջարկեցին, ես երեք անգամ էլ ձայնս տվել եմ իրեն։ Ասել եմ` երիտասարդ տղա ես, Վանո ջան, չգայթակղվես, մարդավարի կաշխատես։ Ասեց` հա ընկեր Աշրաֆյան..., բայց էս վերջերս, էս 2 տարվա մեջ, իմ բարեկամներից գալիս են, ասում են` սենց բան կլինի` մի ամսվա, երկու ամսվա, երեք ամսվա նպաստս կտրում ա... Հետո եկավ մեր տուն, ասեցի` Վանո, ամոթ քեզ, էս ինչե՞ր եմ լսում։ Բա թե` կարա՞ն ապացուցեն։ Ասի` թող ապացուցեն, բայց քեզ սազական բան չի... ինքն էլ, եթե` ապացուցել տվողը թող երկու տարի նստի, ես էլ իրեք տարի։ Ասի` ամոթ քեզ։ Գազի գործով մարդիկ կային, որ ասեն թե տունը հեռու ա, մի երկու ստոլբա ա տնգել, իրա համար գազ ա քաշել։ Ես էլ որպես վարչական հանձնաժողովի հասարակական կազմակերպության նախագահ, դե էդ ժամանակվա, թե արի` տուգանում ենք. բա ի՞նչ ա եղել։ Հետո ասեց` թե ապօրինի գազ ա քաշել։ Արա, ուրախ չե՞ս, ապօրինին ո՞րն ա... 2 ստոլբա ա տնգել մարդը, պիտի ուրախ լինես, որ ծախս չես անում, էն մարդը գազ ա տարել... Ու հետո, որ էս ցուցակը բացվեց օգնության, ես մնացել էի ապշած... Ասեց` բա դու էլ գրեիր, քեզ էլ կտայի։ Ասի` ամոթ քեզ, էս գյուղում էլ սոված մարդ չկա՞ր, բացի հորիցդ, մորիցդ, փեսենոնցիցդ... Հոռոմսիմյան Նորիկը երեկ անցնում էր, ասում ա` ախպորս անունից 100.000 գրել են` մեռած մարդ ա, բայց իրա ստորագրությունը չի։ Սա գայթակղվեց... Հիմա սա տեսախցիկ ու բանա դրել, չգիտեմ «Առավոտ» թերթում գրել էին, թե ինչի՞ ես տեսախցիկ դրել, ասել էր, թե` գյուղում անասնագողությունը տարածված ա, դրա համար տեսախցիկ եմ դրել։ Խի գյուղապետարանի մոտից անասուն են գողանո՞ւմ... Սա խայտառակություն է։ Ափսոս էդ տղեն, բայց գայթակղվեց»։
Դատարանը և Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի շրջանակներում զրպարտություն են դիտել հետևյալ արտահայտությունները` «Հոռոմսիմյան Նորիկը երեկ անցնում էր, ասում ա` ախպորս անունից 100.000 գրել են` մեռած մարդա, բայց իրա ստորագրությունը չի», «Ասի` ամոթ քեզ, էս գյուղում էլ սոված մարդ չկար, բացի հորիցդ, մորիցդ, փեսենոնցիցդ...», «Արա», «Սա» արտահայտությունները դիտել են որպես վիրավորանք:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ստորադաս դատարանների վիրավորանք որակված արտահայտություններին և այդ արտահայտությունները դիտարկելով արտահայտված ամբողջական մտքի համատեքստում, գտնում է, որ Բորիս Աշրաֆյանն իր հարցազրույցում չի կատարել վիրավորական, կտրուկ կամ անզուսպ արտահայտություններ, թեպետ կարելի է արձանագրել, որ նրանում բովանդակել է մի շարք զգացմունքային արտահայտություններ կատարված չափազանցությամբ կամ հրահրող ենթատեքստով: Վիճարկվող տեքստը գնահատելով արտահայտված մտքերի ամբողջության մեջ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի գերազանցում քննադատության ընդունելի սահմանը, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այդ շրջանակն ավելի լայն է պաշտոնատար անձանց համար, ի տարբերություն ֆիզիկական անձանց: Մասնավորապես` «Հետո ասեց` թե ապօրինի գազ ա քաշել։ Արա, ուրախ չե՞ս, ապօրինին ո՞րն ա...» արտահայտությունում «արա» բառը սույն հրապարակման մեջ բովանդակային առումով չի կրում այն բեռը, որն ուղղված կլիներ Վանո Եղիազարյանի պատիվը կամ արժանապատվությունն արատավորելուն: Տվյալ դեպքում այն ունի օժանդակ բնույթ և արտահայտությունում չունի էական դերակատարում:
«Սա» արտահայտությունն օգտագործվել է հետևյալ համատեքստում՝ «Սա գայթակղվեց... Հիմա սա տեսախցիկ ու բանա դրել»:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նորից անդրադառնալ տվյալ բառի լեզվաբանական իմաստին: «Սա» արտահայտությունը ցույց է տալիս խոսողին մոտ կանգնած կամ խոսքի մեջ նոր նշված առարկա, անձ, երևույթ: Հետևաբար, լեզվաբանական իմաստով «սա» արտահայտությունը կարող է վերաբերել նաև անձին:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գյուղապետի գործունեության քննադատության համատեքստում «Սա գայթակղվեց... Հիմա սա տեսախցիկ ու բանա դրել» արտահայտությունը չի կարող համարվել վիրավորանք, քանի որ այն ուղղված չէ անձի պատիվը կամ արժանապատվությունն արատավորելուն:
Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ Վանո Եղիազարյանի վկայակոչած` «Հոռոմսիմյան Նորիկը երեկ անցնում էր, ասում ա` ախպորս անունից 100.000 գրել են` մեռած մարդա, բայց իրա ստորագրությունը չի», «Ասի` ամոթ քեզ, էս գյուղում էլ սոված մարդ չկար, բացի հորիցդ, մորիցդ, փեսենոնցիցդ...» արտահայտությունները զրպարտություն չեն կարող համարվել հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ կետից հետևում է, որ «զրպարտությունն» անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։ Նշվածից բխում է, որ զրպարտության բնորոշ հատկանիշներն են` խոսքը վերաբերում է փաստացի տվյալներին, դրանք չեն համապատասխանում իրականությանը, ներկայացվել են հրապարակայնորեն, արատավորում են անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը, դրանք չեն վերաբերում միայն լրատվամիջոցներով ներկայացված փաստացի տվյալներին։
Ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է փաստի, որոշակի կոնկրետ տվյալների, որոնք չեն կարող լինել վերացական, ենթադրական, այլ ունեն կոնկրետ առարկայական դրսևորում։ Նման փաստացի տվյալների բացակայության դեպքում քննության առարկա հոդվածի իմաստով «զրպարտությունըե` որպես այդպիսին, գոյություն չունի։
Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանը, սույն գործի փաստերի լույսի ներքո զրպարտություն որակված արտահայտությունները դիտարկելով արտահայտված ամբողջական մտքի համատեքստում, գտնում է, որ դրանք չունեն վերոնշյալ թվարկված հատկանիշներից առնվազն երկուսը: Առաջինը` խոսքը չի վերաբերում փաստացի տվյալներին, քանի որ դրանք վերացական ու ենթադրական են, չունեն կոնկրետ առարկայական դրսևորում, երկրորդը` դրանցով որևէ կերպ չեն արատավորվում անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Բացի այդ, պետք է արձանագրել, որ Բորիս Աշրաֆյանի օգտագործած` «Ասի` ամոթ քեզ, էս գյուղում էլ սոված մարդ չկար, բացի հորիցդ, մորիցդ, փեսենոնցիցդ...» արտահայտությունը հանդիսանում է գնահատողական դատողություն, որն իրենից ներկայացնում է պատասխանողի սուբյեկտիվ գնահատականը ուղղված համայնքի ղեկավարի գործունեության բարոյական կողմին: Իսկ ամբողջ մտքի համատեքստում գնահատելու պայմաններում պարզ է դառնում, որ նման արտահայտությամբ Բորիս Աշրաֆյանը Վանո Եղիազարյանի պատիվը կամ արժանապատվությունն արատավորելու նպատակ չի ունեցել, քանի որ այն ոչ թե վերաբերում է Վանո Եղիազարյանի հորը, մորը կամ փեսաներին «սոված» անվանելուն, այլ ուղղված է գյուղապետի գործունեության քննադատությանը, իրավիճակի վերաբերյալ Բորիս Աշրաֆյանի գնահատականին` սոցիալապես առավել անապահով անձանց օժանդակելու առումով, որոնք առավել վատ (օգտագործված «սոված») վիճակում են, քան Վանո Եղիազարյանի հայրը, մայրը կամ փեսաները:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ արտահայտության հավաստիության ապացուցումն ակնհայտորեն անհնարին է:
Ինչ վերաբերում է հայցային վաղեմության ժամկետը բաց թողնելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետը հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի սկիզբը պայմանավորում է անձի` վիրավորանքի կամ զրպարտության մասին տեղեկացված լինելու հետ: Հետևաբար, հայցային վաղեմության մասին վկայակոչած անձը պարտավոր է ապացուցել նաև այդ ժամկետի սկիզբը հաշվարկելու համար անհրաժեշտ փաստի, այն է` վիրավորանքի կամ զրպարտության մասին տեղեկացված լինելու առկայությունը:
Սույն գործով բողոքաբերը որպես հայցային վաղեմության ժամկետի սկիզբ վկայակոչել է 01.09.2010 թվականը` «Ժամանակ» օրաթերթում վիճարկվող հոդվածի հրապարակվելու օրը: Մինչդեռ բողոքաբերը չի հիմնավորել, թե կոնկրետ երբ է Վանո Եղիազարյանը տեղեկացել ենթադրյալ վիրավորանքի կամ զրպարտության մասին:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Վանո Եղիազարյանի կարծիքով իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող արտահայտությունները կատարվել են «Ժամանակ» օրաթերթում հրապարակվելու եղանակով` 01.09.2010 թվականին, այսինքն` ենթադրյալ վիրավորանքի կամ զրպարտության պահը 01.09.2010 թվականն է: Իրավունքի պաշտպանության վերաբերյալ Վանո Եղիազարյանը հայցը դատարան է ներկայացրել 22.09.2010 թվականին: Դատարանի` 27.09.2010 թվականի որոշմամբ նշված հայցադիմումը վերադարձվել է թերություները շտկելու և ստանալու պահից եռօրյա ժամկետում կրկին ներկայացնելու համար: Վանո Եղիազարյանի` 01.10.2010 թվականին ներկայացրած հայցադիմումը Դատարանը վերադարձրել է 05.10.2010 թվականին` դարձյալ տրամարդելով եռօրյա ժամկետ թերությունները վերացնելու և կրկին ներկայացնելու համար: Միաժամանակ, Դատարանը նշել է, որ թերությունները վերացնելուց և եռօրյա ժամկետում` ներկայացնելուց հետո հայցադիմումը կհամարվի վարույթ ընդունված սկզբնական ներկայացնելու օրը: Վանո Եղիազարյանը դարձյալ 11.10.2010 թվականին ներկայացրել է հայցադիմում, որը Դատարանի 14.10.2010 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ, որպիսի պարագայում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով հայցադիմումը վարույթ ընդունված է համարվել սկզբնական ներկայացնելու օրը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավունքի պաշտպանության վերաբերյալ հայցադիմումը դատարան է ներկայացվել տվյալ պահանջի նկատմամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետի` մեկամսյա ժամկետի պահպանմամբ, և այդ մասով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը հիմնավոր է, իսկ վճռաբեկ բողոքն այդ հիմքով` անհիմն և մերժման ենթակա:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ պատասխանողը հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացրել Դատարանում գործի քննության ընթացքում, մինչդեռ, զրկված չի եղել Դատարանում նման միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից, այլ հայցային վաղեմության ժամկետի խախտման մասին դիրքորոշում հայտնել է վերաքննիչ և վճռաբեկ բողոքներում:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Բորիս Աշրաֆյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2011 թվականի որոշման` Բորիս Աշրաֆյանի վերաքննիչ բողոքը մերժելու, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 22.07.2011 թվականի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով կայացրած վճիռը օրինական ուժի մեջ թողնելու, ինչպես նաև Բորիս Աշրաֆյանի մասով պետական տուրքի հարցը լուծված համարելու մասերը և այդ մասերով այն փոփոխել.
Վանո Եղիազարյանի հայցը մերժել։
Վանո Եղիազարյանից հօգուտ Բորիս Աշրաֆյանի բռնագանձել 19.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:
2. Վանո Եղիազարյանից հօգուտ Բորիս Աշրաֆյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Է. ՀԱՅՐԻՅԱՆ | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |