ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ3/0150/05/10 |
Վարչական գործ թիվ ՎԴ3/0150/05/10 2011 թ. |
Նախագահող դատավոր`
Դատավորներ` |
Ա. Աբովյան Գ. Ղարիբյան Ա. Առաքելյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ |
Վ. Աբելյանի | |
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ | |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ | |
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | |
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | |
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ | |
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | |
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ |
2011 թվականի դեկտեմբերի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Դավիթ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 07.06.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ Դավիթ Խաչատրյանի հայցի ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արտաշատի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` պետական գրանցման մերժումն անիրավաչափ և անվավեր ճանաչելու, անշարժ գույքի սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Դավիթ Խաչատրյանը պահանջել է անիրավաչափ և անվավեր ճանաչել Կադաստրի կողմից նվիրատվության պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման մերժումը, պարտավորեցնել Կադաստրին գրանցելու 23.03.2010 թվականին նոտարական վավերացում ստացած նվիրատվության պայմանագրից ծագող սեփականության իրավունքը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 20.12.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.06.2011 թվականի որոշմամբ Դավիթ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է` Դատարանի 20.12.2010 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դավիթ Խաչատրյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, կիրառել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ և 54-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել նույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը մեկնաբանելիս պարտավոր էր ղեկավարվել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով և իրավական նորմը մեկնաբաներ դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ: Նշված հոդվածում օգտագործվում է «գրանցման համար ներկայացված փաստաթղթերը» բառերը, իսկ գրանցման համար ներկայացվում են անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք, դրա սահմանափակումները, ծագումը, փոփոխումը, դադարումը հաստատող փաստաթղթերը, որոնց շարքում դիմումը, որի միջոցով ներկայացվում են այդ փաստաթղթերը, թվարկված չէ:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ և 54-րդ հոդվածները, սահմանելով գույքի նկատմամբ իրավունքի գրանցման ներկայացնելու 30-օրյա ժամկետ, այդ ժամկետի խախտման համար չեն նախատեսել որևէ հետևանք, իսկ նույն օրենքի 43-րդ հոդվածը 23-րդ և 54-րդ հոդվածներին հղում չի պարունակում:
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը 18.09.2009 թվականի թիվ ՀՅՔԴ4/0002/02/08 քաղաքացիական գործով գտել է, որ անշարժ գույքի վերաբերյալ կնքված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման ներկայացնելու 30-օրյա ժամկետն իրավական հետևանքներ չառաջացնող է, հետևաբար Կադաստրը 30-օրյա ժամկետը բաց թողնված լինելու հիմքով մերժելով անձի սեփականության իրավունքը գրանցելու մասին դիմումը, սխալ է մեկնաբանել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը, ինչի արդյունքում մերժվել է անձի սեփականության իրավունքի պետական գրանցումն այնպիսի հիմքով, որպիսին նախատեսված չէ նույն օրենքի 43-րդ հոդվածով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.06.2011 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 23.03.2010 թվականին Արտաշատ քաղաքում ստորագրված և նոտարական կարգով վավերացված բնակելի տան, կից շինությունների և տնամերձ հողամասի նվիրատվության պայմանագրով հայցվոր Դավիթ Արտակի Խաչատրյանը Կարապետ և Խաչատուր Խաչատրյաններից նվիրատվության կարգով ձեռք է բերել ՀՀ Արարատի մարզի Ոստան գյուղում գտնվող 431,3 քառակուսի մետր մակերեսով բնակելի տուն, 33,2 քառակուսի մետր մակերեսով կից շինություններ և 0,043 հեկտար տնամերձ հողամաս (գ.թ. 48):
2) 30.04.2010 թվականի թիվ 1190 դիմումով Դավիթ Խաչատրյանը դիմել է Կադաստրի ստորաբաժանմանը` նվիրատվության պայմանագրից ծագած իրավունքի պետական գրանցում կատարելու համար: Վերջինս 30.04.2010 թվականի թիվ 723 գրությամբ պատասխանել է, որ «Ձեր կողմից խախտվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի, ինչպես նաև նվիրատվության պայմանագրի 2.12-րդ կետի պահանջները» (գ.թ. 44):
3) Ի պատասխան Դավիթ Խաչատրյանի 11.05.2010 թվականի թիվ 3556-10 դիմումի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի 25.05.2010 թվականի թիվ ԱՄ/7-1/1610-10 գրությամբ նշվել է, որ «... 30.04.2010 թվականի թիվ 723 գրությամբ տրված մերժումը համապատասխանում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջներին, ուստի Ձեր խնդրանքը բավարարել հնարավոր չէ» (գ.թ. 46-47):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Նման գործարքն առոչինչ է: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե գործարքը կնքվել է պատշաճ ձևով, իսկ կողմերից մեկը հրաժարվում է գործարքից ծագող իրավունքների գրանցումից, դատարանն իրավունք ունի մյուս կողմի պահանջով վճիռ կայացնել այդ իրավունքների գրանցման մասին: Այդ դեպքում գործարքից ծագող իրավունքները գրանցվում են դատարանի վճռի հիման վրա:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն պայմանագիրը, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, կնքված է համարվում այդ իրավունքի գրանցման պահից:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները` սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, գրավը, հիփոթեքը, սերվիտուտները, այլ սահմանափակումները, շարժական գույքի նկատմամբ իրավունքները, բացառությամբ տրանսպորտային միջոցների նկատմամբ իրավունքների, ինչպես նաև, օրենքով նախատեսված դեպքերում, այլ իրավունքները ենթակա են (պետք է ներկայացվեն) պետական գրանցման` գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած 30-օրյա ժամկետում` անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներում` ըստ անշարժ գույքի գտնվելու վայրի:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական գրանցումը մերժվում է, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, այսինքն`
ա) չեն համապատասխանում օրենսդրությանը, կամ դրանցով խախտվել են օրենսդրության պահանջները, կազմված են օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան,
բ) բացակայում է պետական գրանցման վճարի անդորրագիրը,
գ) ներկայացվել են մատիտով գրված, ջնջումներով, ուղղումներով, ինչպես նաև ոչ պատշաճ ձևակերպված փաստաթղթեր:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` արգելվում է այլ պատճառներով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մերժումը, այդ թվում` աննպատակահարմարության պատճառաբանությամբ:
ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:
Սույն գործի փաստերի համաձայն` 30.04.2010 թվականի թիվ 1190 դիմումով Դավիթ Խաչատրյանը դիմել է Կադաստրի ստորաբաժանմանը` նվիրատվության պայմանագրից ծագած իրավունքի պետական գրանցում կատարելու համար, սակայն Կադաստրը մերժել է գրանցումը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված 30-օրյա ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:
Վերաքննիչ դատարանը մերժել է Դավիթ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը նույն պատճառաբանությամբ` հավելելով, որ սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի թիվ 3-65(ՎԴ) որոշումը կիրառելի չէ, քանի որ այդ գործի փաստական հանգամանքները սույն գործի փաստական հանգամանքների հետ չի համընկնում: Ավելին, գտել է, որ Դավիթ Խաչատրյանի վկայակոչած Վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի 3-65/ՎԴ/ որոշմամբ մեկնաբանված է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի` տվյալ ժամանակահատվածում գործող խմբագրությունը: Վերջինս, սակայն, փոփոխվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որն ընդունվել է 10.04.2008 թվականին և ուժի մեջ է մտել 31.05.2008 թվականին: Այդ փոփոխության արդյունքում պահանջի նախկին խմբագրության կապակցությամբ տրված մեկնաբանությունն այլևս չի կարող կիրառելի համարվել նոր խմբագրության նկատմամբ, քանի որ նշված մեկնաբանության հիմքում ընկած էր «գործարքների կնքման օրվանից» բառակապակցությունը, որը նոր խմբագրության մեջ փոխարինվել է «գործարքների նոտարական վավերացման օրվանից» բառակապակցությամբ:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման հարցին անդրադարձել է ոչ միայն Արմեն Շահբազյանը և Քրիստինա Տոնոյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման` պետական մարմնի գործողությունը վիճարկելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ 3-65(ՎԴ) քաղաքացիական գործով 02.03.2007 թվականի որոշմամբ, այլ նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընդունված որոշումներով: Մասնավորապես Վճռաբեկ դատարանը մի շարք օրենքների և իրավական ակտերի մեկնաբանման արդյունքում հանգել է այն եզրակացության, որ անշարժ գույքի վերաբերյալ կնքված գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու 30-օրյա ժամկետը իրավական հետևանքներ չառաջացնող է, հետևաբար Կադաստրը, 30-օրյա ժամկետը բաց թողած լինելու հիմքով մերժելով անձի սեփականության իրավունքը գրանցելու մասին դիմումը, սխալ է մեկնաբանել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը, ինչի արդյունքում մերժել է անձի սեփականության իրավունքի պետական գրանցումը այնպիսի հիմքով, որպիսին նախատեսված չէ նույն օրենքի 43-րդ հոդվածով (տե՛ս Աշոտ Սարգսյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի, Լուսինե և Սոնա Մխիթարյանների` բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնելու, ինչպես նաև Վահագն Ղազարյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանման` պետական մարմնի գործողությունը վիճարկելու և անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ ՀՅՔԴ4/0002/02/08):
Ի հավելումն վերոգրյալի` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել նաև հետևյալը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 302-րդ հոդվածը սահմանում է իրավունքների պետական գրանցում պահանջող գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջները չպահպանելու հետևանքները: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 302-րդ հոդվածով նախատեսված իրավական կարգավորումները զարգացվել են նույն օրենսգրքի 449-րդ հոդվածով, որոնց համակարգային վերլուծության և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի բովանդակության համադրման արդյունքում վճռաբեկ դատարանը հանգեց հետևյալ եզրակացության.
Անշարժ գույքի հետ կապված գործարքների համար օրենսդիրը սահմանել է հետևյալ հատուկ պահանջները` նոտարական կարգով վավերացող պայմանագիր և դրանից բխող իրավունքների պետական գրանցում: Բացառապես այս պայմանների կատարման արդյունքում են պայմանագրի կողմերի համար առաջանում քաղաքացիաիրավական իրավունքներ և պարտականություններ:
Ընդ որում, ի տարբերություն այլ պայմանագրերի, այն պայմանագրերի համար, որոնցից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենսդիրը տվել է պայմանագրի կնքման պահը որոշելու այլ կարգավորում, որը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 302-րդ հոդվածի կարգավորումից` այսինքն պայմանագիրը կնքված է համարվում, իսկ գործարքը վավեր` իրավունքի պետական գրանցման պահից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Նման գործարքն առոչինչ է:
Միևնույն ժամանակ նույն հոդվածի 2-րդ կետը կարգավորում է այն դեպքը, երբ գործարքի կողմերից մեկը հրաժարվում է պատշաճ ձևով կնքված գործարքից ծագող իրավունքների պետական գրանցումից: Այս դեպքի համար օրենսդիրը սահմանել է, որ դատարանն իրավունք ունի մյուս կողմի պահանջով վճիռ կայացնել այդ իրավունքների գրանցման մասին: Այդ դեպքում գործարքից ծագող իրավունքները գրանցվում են դատարանի վճռի հիման վրա:
Վերոգրյալից բխում է, որ անշարժ գույքի հետ կապված գործարքները վավեր են, իսկ անշարժ գույքին առնչվող պայմանագրերը կնքված են համարվում իրավունքների պետական գրանցման պահից: Այսինքն մինչև իրավունքների պետական գրանցումը չի կարող լինել վավեր գործարք և կնքված պայմանագիր:
Այս առումով էլ սույն գործով քննարկման առարկա հանդիսացող «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ և 54-րդ հոդվածներում նշված ժամկետների խախտումը չի կարող հանգեցնել գործարքի անվավերության (առոչինչության), և հետևաբար դառնալ գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման մերժման հիմք, քանի որ գործարքն առոչինչ, իսկ պայմանագիրը չկնքված է համարվում մինչև դրանից ծագող իրավունքների պետական գրանցումը, այլ ոչ թե «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով պետական գրանցման համար նախատեսված 30-օրյա ժամկետն անցնելու արդյունքում:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումը կիրառելի է նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածում կատարված փոփոխությունից հետո, քանի որ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման հիմքում ընկած իրավական վերլուծությունները վերաբերում են անշարժ գույքի հետ կատարվող գործարքների` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կարգավորվող առանձնահատկություններին, որի էությունը կայանում է նրանում, որ գործարքը վավեր է, եթե կնքված է պայմանագրի ձևով, իսկ պայամանգիրը կնքված է համարվում դրանից բխող իրավունքների պետական գրացման պահից:
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժել է` հիմք ընդունելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետն այն պատճառաբանությամբ, որ սույն գործով նվիրատվության պայմանագրին կից ներկայացված դիմումը 30-րյա ժամկետի խախտմամբ ներկայացնելու հետևանքով այդ դիմումը չի համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ այդ փաստաթղթերի շարքին դիմումը չի դասվում այն պարզ տրամաբանությամբ, որ նշված հոդվածը վերաբերում է բացառապես այն փաստաթղթերին, որոնցից ծագող իրավունքները ենթակա են գրանցման` տվյալ դեպքում նվիրատվության պայմանագրից ծագող իրավունքներին, իսկ դիմումն ընդամենն այն փաստաթուղթն է, որի միջոցով սկսվում է նշված իրավունքների գրանցման գործընթացը:
Այսպիսով` սույն գործի փաստերի և համապատասխան իրավական նորմերի ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սույն գործով նվիրատվության պայմանագրից ծագող իրավունքների գրանցումը մերժվել է մի հիմքով, որը նախատեսված չէ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասում, քանի որ վերջինս է սպառիչ նշում պետական գրանցումը մերժելու երեք հիմքերը: Ընդ որում, մերժման այս հիմքերը բխում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` անշարժ գույքին առնչվող իրավահարաբերությունների կարգավորումից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 07.06.2011 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել` ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի 25.05.2010 թվականի թիվ ԱՄ/7-1/1610-10 գրությունը և պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արտաշատի տարածքային ստորաբաժանմանը գրանցելու Կարապետ Խաչատրյանի, Խաչատուր Խաչատրյանի, Խաչատուր Կարապետի Խաչատրյանի լիազորությամբ` Կարապետ Խաչատուրի Խաչատրյանի և Դավիթ Արտակի Խաչատրյանի միջև կնքված և 23.03.2010 թվականին նոտարական վավերացում ստացած նվիրատվության պայմանագրից ծագող սեփականության իրավունքը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արտաշատի տարածքային ստորաբաժանումից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա հետաձգված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` | Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ |
Դատավորներ` |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ |
Վ. ԱԲԵԼՅԱՆ | |
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | |
Մ. ԴՐՄԵՅԱՆ | |
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | |
Է. ՀԱՅՐԻՅԱՆ | |
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | |
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |