ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԽ-1-Ո-4
2012 թ. |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԼԵՎՈՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի |
մասնակցությամբ ԱԽ անդամներ` |
Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի, Ռ. Բարսեղյանի, Կ. Բաղդասարյանի, Ա. Թումանյանի, Գ. Խանդանյանի, Ա. Խաչատրյանի, Մ. Մակյանի, Մ. Մարտիրոսյանի, Հ. Փանոսյանի, Ս. Օհանյանի |
մասնակցությամբ դատավոր` |
Լ. Ավետիսյանի |
քարտուղարությամբ` |
Շ. Վարդանյանի |
2012 թվականի փետրվարի 10-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Լ. Ավետիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ նաև` Կարգապահական հանձնաժողով) 28.12.2011թ. թիվ N-Կ-2-12/2011թ. և թիվ N-Կ-2-15/2011թ. որոշումներով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Ավետիսյանի նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու առիթ են հանդիսացել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 27.12.2011թ. թիվ Ե-7626 և թիվ Ե-7632 գրությունները` հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին:
2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.
Ըստ եզրակացության`
1) Թիվ ԵԱՔԴ/0065/01/11 քրեական գործով.
Դատարանի 07.07.2011թ. դատավճռով Արթուր Սարգսի Խուրշուդյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և դատապարտվել է ազատազրկման 3 (երեք) տարի ժամկետով: «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011թ. որոշման (այսուհետ նաև` Համաներման ակտ) 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ Արթուր Խուրշուդյանն ազատվել է նշանակված պատժից:
Դատարանի 07.07.2011թ. դատավճռի դեմ 06.08.2011թ. վերաքննիչ բողոք է բերել գործով մեղադրողը` խնդրելով բեկանել Դատարանի 07.07.2011թ. դատավճիռը և Ա. Խուրշուդյանի նկատմամբ պատիժ նշանակել առանց Համաներման ակտի կիրառման:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 01.09.2011թ. որոշմամբ մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարվել է, բեկանվել և փոփոխվել է Դատարանի 07.07.2011թ. դատավճիռը պատժի մասով:
Համաներման ակտի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովը որոշել է պատժից ազատել առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձանց:
Համաներման ակտի 1-ին կետի համաձայն՝ որպես պատժից ազատելու դեպքերից բացառություններ են նշվում այդ որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերը, իսկ համաձայն հիշյալ 8-րդ կետի 4-րդ ենթակետի` համաներման որոշման 9-րդ կետի 7-րդ ենթակետում նշված հանցագործությունները կատարած անձանց (դրանց թվում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածը) նկատմամբ պատժաչափի չկրած մասը կրճատվում է 1/4-ով, եթե դրանք հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն են:
Դատարանը, կիրառելով Համաներման ակտի 1-ին կետի 1-ին ենթակետը և ազատելով պատժից Արթուր Խուրշուդյանին, ով մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, անտեսել է նույն որոշման 8-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված բացառությունը, այն է` ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածով դատապարտված անձը ոչ թե ազատվում է պատժից, այլ նրա նկատմամբ նշանակված պատժի չկրած մասը կրճատվում է 1/4-ով, եթե դրանք հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն են: Արդյունքում Դատարանի կողմից թույլ է տրվել Համաներման ակտի դրույթների սխալ կիրառում, այն է` նշված որոշման 8-րդ կետի 4-րդ ենթակետի փոխարեն Արթուր Սարգսի Խուրշուդյանի նկատմամբ կիրառվել է նույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը:
Այսպիսով, Դատարանը կիրառելով Համաներման ակտի 1-ին կետի 1-ին ենթակետը, թույլ է տվել նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, որով Դատարանն անտեսել է օրենսդրի կողմից նախատեսված ակնհայտ բացառությունը և դրա արդյունքում ամբաստանյալն ազատվել է պատժի կրումից:
2) Թիվ ԵԱՔԴ/0032/13/11 քրեական գործով.
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 20.07.2010թ. դատավճռով Վահագն Մակիչի Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա՝ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով:
Դատարանի 23.06.2011թ. որոշմամբ բավարարվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժանմունքի պետի միջնորդությունը և դատապարտյալ Վահագն Սարգսյանի նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի 1-ին կետի 2-րդ ենթակետը` նա ազատվել է վերը նշված դատավճռով նշանակված պատժից:
Դատարանի 23.06.2011թ. որոշման դեմ 15.12.2011թ. վերաքննիչ բողոք է բերել դատախազը` խնդրելով բեկանել Դատարանի 23.06.2011թ. որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:
Վերաքննիչ քրեական դատարանի 28.12.2011թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, բեկանվել և փոփոխվել է Դատարանի 23.06.2011թ. որոշումը:
Ինչպես հետևում է վերը շարադրվածից, դատարանի որոշմամբ համաներմամբ պատժից ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտված անձը: Համաներման ակտի 1-ին կետի համաձայն` որպես պատժից ազատելու դեպքերից բացառություններ են նշվում այդ որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերը, իսկ համաձայն հիշյալ 8-րդ կետի 5-րդ ենթակետի` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտված անձը ոչ թե ազատվում է պատժից, այլ նրա նկատմամբ նշանակված պատժի չկրած մասը կրճատվում է 1/4-ով:
Փաստորեն, Դատարանը Համաներման ակտի 8-րդ կետի 5-րդ ենթակետի փոխարեն Վահագն Մակիչի Սարգսյանի նկատմամբ կիրառել է նույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը, որի արդյունքում դատապարտյալն անհիմն կերպով ազատվել է նշանակված ամբողջ պատժից:
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Ավետիսյանի կողմից թիվ ԵԱՔԴ/0065/01/11 և թիվ ԵԱՔԴ/0032/13/11 քրեական գործերով թույլ են տրվել նյութական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք հանգեցրել են նրան, որ հանրորեն վտանգավոր արարք կատարած անձանց նկատմամբ պատշաճ արդարադատություն չի իրականացվել, և վերջիններս արդարացի հատուցում չեն ստացել իրենց կատարած արարքների համար:
Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ դատական ակտը, որը պարունակում է նյութական օրենքի նորմի խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները, և թույլ է տրվել նյութական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ:
3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ. Ավետիսյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.
Թիվ ԵԱՔԴ/0032/13/11 քրեական գործով.
«Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.07.2010թ. դատավճռով Վահագն Մակիչի Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան՝ երկու տարի ժամկետով:
09.06.2011թ. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ստացվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժանմունքի միջնորդությունը «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011թ. որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի կիրառմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.07.2010թ. դատավճռով դատապարտյալ Վահագն Մակիչի Սարգսյանի նկատմամբ սահմանված փորձաշրջանը վերացնելու և նրան պատժի հետագա կրումից ազատելու մասին:
Դատարանը 23.06.2011թ. որոշմամբ բավարարել է ներկայացված միջնորդությունը (նիստին մասնակցող դատախազը նույնպես միջնորդել է կիրառել «Համաներում հայտարարելու մասին» որոշման վերը նշված կետը և դատապարտյալին ազատել պատժի կրումից):
Ներկայացված միջնորդությունը բավարարելիս դատարանը նկատի է ունեցել, որ «Համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն պատժից պետք է ազատել այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել:
Դատական ակտը կայացնելու ժամանակ փորձաշրջանում գտնվող անձանց նկատմամբ համաներում կիրառելու հարցում ինչպես ՀՀ արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների կիրառման մարմինների և դատախազության աշխատանքի, այնպես էլ դատարանների պրակտիկայում, իմ կարծիքով, ձևավորված է եղել այն մոտեցումը, համաձայն որի մինչև երեք տարի ժամկետով ազատազրկման դատապարտված և փորձաշրջանում գտնվող անձանց նկատմամբ կիրառվել է համաներման մասին որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը»:
«Ընդունում եմ, որ իմ նախագահությամբ Վահագն Սարգսյանի նկատմամբ համաներում կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելիս թույլ է տրվել դատական սխալ, որն արդյունք է նաև տվյալ ժամանակահատվածում դատարանի գերբեռնվածության»:
Թիվ ԵԱՔԴ/0065/01/11 քրեական գործով.
«Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 07.07.2011թ. դատավճռով Արթուր Սարգսի Խուրշուդյանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով դատապարտվել է ազատազրկման երեք տարի ժամկետով և «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011թ. որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ ազատվել է պատժի կրումից:
Դատարանը տվյալ դեպքում համաներման որոշման նշված կետը կիրառելիս նկատի է ունեցել, որ նույն որոշման 9-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն համաներման կիրառման սահմանափակումները չեն տարածվում նաև կողոպուտի հանցափորձ կատարած (ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի 2-րդ մաս) անձանց նկատմամբ:
Դատարանի կողմից համաներման մասին որոշումը սխալ ընկալելու հետևանքով Ա. Խուրշուդյանի նկատմամբ նույն որոշման 8-րդ կետի 4-րդ ենթակետը կիրառելու փոխարեն կիրառվել է որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը:
Նշված դատական ակտը օրինական ուժի մեջ չի մտել, և վերաքննության կարգով բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետում այն բողոքարկվել է մասնակցող դատախազի կողմից:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 01.09.2011թ. որոշմամբ դատավճիռը բեկանվել և փոփոխվել է»:
4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.
1) Թիվ ԵԱՔԴ/0065/01/11 քրեական գործով կայացված Դատարանի 07.07.2011թ. դատավճռով Արթուր Սարգսի Խուրշուդյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և դատապարտվել է ազատազրկման 3 (երեք) տարի ժամկետով: Համաներման ակտի 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ Արթուր Խուրշուդյանն ազատվել է նշանակված պատժից:
2) Թիվ ԵԱՔԴ/0032/13/11 քրեական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 20.07.2010թ. դատավճռով Վահագն Մակիչի Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով:
3) Դատարանի 23.06.2011թ. որոշմամբ բավարարվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժանմունքի պետի միջնորդությունը, և դատապարտյալ Վահագն Սարգսյանի նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի 1-ին կետի 2-րդ ենթակետը` նա ազատվել է վերը նշված դատավճռով նշանակված պատժից:
5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննարկելով Դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորի բացատրությունները, ուսումնասիրելով վարույթների նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
Համաներման ակտի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ բացառությամբ նույն որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի՝ պատժից ենթակա են ազատման առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձինք:
Համաներման ակտի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ բացառությամբ նույն որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի՝ պատժից ենթակա են ազատման այն անձինք, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է:
Համաներման ակտի 8-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` համաներման որոշման 9-րդ կետի 7-րդ ենթակետում նշված հանցագործությունները (դրանց թվում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածը) կատարած անձանց նկատմամբ պատժաչափի չկրած մասը կրճատվում է 1/4-ով, եթե դրանք հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն են:
Համաներման ակտի 8-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք, այդ թվում 268-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտված անձանց նկատմամբ պատժաչափի չկրած մասը կրճատվում է 1/4-ով:
Համաներման կիրառման հարցին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վարուժան Գագիկի Ավետիսյանի վերաբերյալ 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 որոշման մեջ, որի 16-րդ կետում դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(...) համաներման կիրառման սահմանափակումները նախատեսված են համաներման ակտով և պետք է պահպանվեն անվերապահորեն: Մասնավորապես, անվերապահորեն պետք է պահպանվեն համաներման ակտում նախատեսված այն կանոնները, որոնք սահմանում են անձանց շրջանակը, որոնց նկատմամբ համաներումը կիրառելի չէ, ինչպես նաև սահմանում են, թե հանցանք կատարած անձինք ինչ չափով պետք է օգտվեն համաներումից` պետք է ազատվեն քրեական պատասխանատվությունից կամ պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը, կամ վերացվել դատվածությունը: Այդ կանոններից շեղումները, այդ թվում` նախատեսված համաներման չկիրառումը կամ նախատեսվածից դուրս համաներման կիրառումը կարող են հանգեցնել օրինականության սկզբունքի խախտման և կամայականության, առաջացնել օրենքի ոչ միատեսակ կիրառություն»:
1. Խորհուրդը, ուսումնասիրելով թիվ ԵԱՔԴ/0065/01/11 քրեական գործի նյութերը, պարզեց, որ Դատարանի 07.07.2011թ. դատավճռով Արթուր Խուրշուդյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և դատապարտվել է ազատազրկման 3 (երեք) տարի ժամկետով: Համաներման ակտի 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ Արթուր Խուրշուդյանն ազատվել է նշանակված պատժից:
Մեջբերված փաստերը վերլուծելով Համաներման ակտի 1-ին կետի լույսի ներքո՝ Խորհուրդն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածով մեղադրվող Արթուր Խուրշուդյանի նկատմամբ ենթակա էր կիրառման ոչ թե Համաներման ակտի 1-ին կետի 1-ին ենթակետը, այլ 8-րդ կետի 4-րդ ենթակետը, որի հիման վրա նրա նկատմամբ նշանակված պատժի չկրած մասը պետք է կրճատվեր 1/4-ով:
2. Խորհուրդը, ուսումնասիրելով թիվ ԵԱՔԴ/0032/13/11 քրեական գործի նյութերը, պարզեց, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 20.07.2010թ. դատավճռով Վահագն Սարգսյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար, և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Դատարանը 23.06.2011թ. որոշմամբ դատապարտյալ Վահագն Սարգսյանի նկատմամբ կիրառել է Համաներման ակտի 1-ին կետի 2-րդ ենթակետը և նրան ազատել վերը նշված դատավճռով նշանակված պատժից:
Մեջբերված փաստերը վերլուծելով Համաներման ակտի 1-ին կետի լույսի ներքո՝ Խորհուրդն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտված Վահագն Սարգսյանի նկատմամբ ենթակա էր կիրառման ոչ թե Համաներման ակտի 1-ին կետի 2-րդ ենթակետը, այլ 8-րդ կետի 5-րդ ենթակետը, որի հիման վրա նրա նկատմամբ նշանակված պատժի չկրած մասը պետք է կրճատվեր 1/4-ով:
Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ դատավոր Լ. Ավետիսյանը Համաներման ակտով նախատեսված սահմանափակումներն անտեսելու հետևանքով խախտել է համաներում կիրառելու կարգը, քանի որ Արթուր Խուրշուդյանի և Վահագն Սարգսյանի նկատմամբ կիրառել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011թ. որոշման համապատասխանաբար 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը, որոնք կիրառելի չէին վերջիններիս նկատմամբ:
Միևնույն ժամանակ Խորհուրդը փաստում է, որ թե՛ Արթուր Խուրշուդյանի, թե՛ Վահագն Սարգսյանի նկատմամբ Համաներման ակտը կիրառելի է եղել:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդը գտնում է, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր
Լ. Ավետիսյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել նյութական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Ավետիսյանին հայտարարել նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ` |
Վ. Աբելյան Ռ. Բարսեղյան Կ. Բաղդասարյան Ա. Թումանյան Ա. Խաչատրյան Մ. Մակյան Հ. Փանոսյան Ս. Օհանյան |