ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԽ-1-Ո-7
2012 թ. |
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԼԵՌՆԻԿ ԱԹԱՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի |
մասնակցությամբ ԱԽ անդամներ` |
Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի, Ռ. Բարսեղյանի, Կ. Բաղդասարյանի, Ա. Թումանյանի, Գ. Խանդանյանի, Ա. Խաչատրյանի, Մ. Մակյանի, Մ. Մարտիրոսյանի, Հ. Փանոսյանի, Ս. Օհանյանի |
մասնակցությամբ դատավոր` |
Լ. Աթանյանի |
քարտուղարությամբ` |
Շ. Վարդանյանի |
2012 թվականի փետրվարի 10-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Լ. Աթանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ նաև` Կարգապահական հանձնաժողով) 28.12.2011թ. թիվ N-Կ-2-17/2011թ. որոշմամբ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լ.Աթանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 27.12.2011թ. թիվ Ե-7629 գրությունը` հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին:
2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.
Ըստ եզրակացության`
Երևանի քրեական դատարանի 08.07.2008թ. դատավճռով Տարոն Գեորգիի Գալուստովը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան 2 (երեք) տարի ժամկետով:
Դատարանը, 27.06.2011թ. որոշմամբ բավարարելով ՀՀ ՊՆ թիվ 60913 զորամասի հրամանատարի միջնորդությունը, դատապարտյալ Տարոն Գալուստովի նկատմամբ կիրառել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011թ. որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը և նրան ազատել վերը նշված դատավճռով նշանակված պատժի կրումից:
Դատարանի 27.06.2011թ. որոշման դեմ 19.08.2011թ. վերաքննիչ բողոք է բերել ՀՀ զինվորական դատախազը` խնդրելով բեկանել Դատարանի 27.06.2011թ. որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 19.09.2011թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է, որի արդյունքում բեկանվել է Դատարանի 27.06.2011թ. որոշումը:
Ինչպես հետևում է վերը շարադրվածից, դատարանի որոշմամբ համաներումը կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով դատապարտված անձի նկատմամբ: «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011թ. որոշման 9-րդ կետի 7-րդ ենթակետով արգելվում է համաներման կիրառումը ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածով դատապարտված անձանց նկատմամբ:
Այսպիսով, Դատարանի կողմից թույլ է տրվել «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011թ. որոշման 9-րդ կետի 7-րդ ենթակետի խախտում, որի արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով նախատեսված հանցագործության համար դատապարտված անձն անհիմն կերպով ազատվել է նշանակված պատժից:
Դատարանը, կիրառելով ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» 26.05.2011թ. որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը, թույլ է տվել նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, որով դատարանն անտեսել է օրենսդրի կողմից նախատեսված ակնհայտ բացառությունը, և դրա արդյունքում դատապարտյալն ազատվել է պատժի կրումից:
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լ.Աթանյանի կողմից թույլ տրված խախտումը հանգեցրել է նրան, որ հանրորեն վտանգավոր արարք կատարած անձի նկատմամբ պատշաճ արդարադատություն չի իրականացվել, և վերջինս արդարացի հատուցում չի ստացել իր կատարած արարքի համար:
Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ դատական ակտը, որը պարունակում է նյութական օրենքի նորմի խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները, և թույլ է տրվել նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում:
3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ. Աթանյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.
«16.06.2011թ. ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել ՀՀ ՊՆ 60913 զորամասի հրամանատարի միջնորդությունը` դատապարտյալ Տարոն Գեորգիի Գալուստովի նկատմամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից 26.05.2011թ. ընդունված «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը կիրառելու մասին:
27.06.2011թ. նշանակվել է միջնորդության քննարկումը:
Դատաքննությանը ներկայացել էին դատապարտյալը, որը համարվում էր ժամկետային զինծառայող, ՀՀ ՊՆ թիվ 60913 զորամասի սպա իրավաբանը և Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Ա.Գաբրիելյանը:
Դատաքննության ժամանակ դատապարտյալ Գալուստովը կատարած հանցագործության վերաբերյալ հայտնել է, որ կատարել է գողություն:
Դատական նիստի ընթացքում սպա իրավաբանը պնդեց միջնորդությունն այն մասին, որ Տարոն Գեորգիի Գալուստովի նկատմամբ կիրառվի ՀՀ Ազգային ժողովի կողմից 26.05.2011թ. ընդունված «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը, և վերջինս ազատվի պատժի կրումից:
Ծանրաբեռնվածությունից և ՀՀ Ազգային ժողովի կողմից 26.05.2011թ. ընդունված «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը կիրառելու կապակցությամբ ներկայացված միջնորդությունների քանակից ելնելով` օրենքով նախատեսված ժամկետները չխախտելու համար, շտապողականության պատճառով տեղի է ունեցել սխալ, համաձայն ՀՀ Ազգային ժողովի կողմից 26.05.2011թ. ընդունված «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 9-րդ հոդվածի 7-րդ կետի համաներում չէր կարող կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածով կատարված հանցագործության համար, սակայն վերը նշված պատճառաբանությամբ Տարոն Գեորգիի Գալուստովի նկատմամբ կիրառվել է Համաներման ակտը:
ՀՀ զինվորական դատախազի կողմից որոշման դեմ բերվել է վերաքննիչ բողոք»:
4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.
1) Երևանի քրեական դատարանի 08.07.2008թ. դատավճռով Տարոն Գեորգիի Գալուստովը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ հաշվակցելով կալանքի տակ գտնվելու 1 (մեկ) ամիս 28 (քսանութ) օրը` Տարոն Գալուստովի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 2 (երկու) տարի 10 (տասը) ամիս 2 (երկու) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան 3 (երեք) տարի ժամկետով:
2) Դատարանը, 27.06.2011թ. որոշմամբ բավարարելով ՀՀ ՊՆ թիվ 60913 զորամասի հրամանատարի միջնորդությունը, դատապարտյալ Տարոն Գալուստովի նկատմամբ կիրառել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011թ. որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը և նրան ազատել վերը նշված դատավճռով նշանակված պատժի կրումից:
5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննարկելով Դատարանի դատավոր Լեռնիկ Աթանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
Համաներման ակտի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ պատժից ենթակա են ազատման այն անձինք, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել:
Համաներման ակտի 9-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն` համաներումը չի կիրառվում մի շարք, այդ թվում` ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ:
Համաներման կիրառման հարցին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վարուժան Գագիկի Ավետիսյանի վերաբերյալ 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 որոշման մեջ, որի 16-րդ կետում դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(...) համաներման կիրառման սահմանափակումները նախատեսված են համաներման ակտով և պետք է պահպանվեն անվերապահորեն: Մասնավորապես, անվերապահորեն պետք է պահպանվեն համաներման ակտում նախատեսված այն կանոնները, որոնք սահմանում են անձանց շրջանակը, որոնց նկատմամբ համաներումը կիրառելի չէ, ինչպես նաև սահմանում են, թե հանցանք կատարած անձինք ինչ չափով պետք է օգտվեն համաներումից` պետք է ազատվեն քրեական պատասխանատվությունից կամ պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը, կամ վերացվել դատվածությունը: Այդ կանոններից շեղումները, այդ թվում` նախատեսված համաներման չկիրառումը կամ նախատեսվածից դուրս համաներման կիրառումը կարող են հանգեցնել օրինականության սկզբունքի խախտման և կամայականության, առաջացնել օրենքի ոչ միատեսակ կիրառություն»:
Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Երևանի քրեական դատարանի 08.07.2008թ. դատավճռով Տարոն Գալուստովը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով նախատեսված հանցագործություն կատարելու համար, և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Դատարանը 27.06.2011թ. որոշմամբ դատապարտյալ Տարոն Գալուստովի նկատմամբ կիրառել է Համաներման ակտի 1-ին կետի 2-րդ ենթակետը և նրան ազատել վերը նշված դատավճռով նշանակված պատժից:
Մեջբերված փաստերը վերլուծելով Համաներման ակտի 9-րդ կետի լույսի ներքո՝ Խորհուրդն արձանագրում է, որ դատավոր Լ.Աթանյանը Համաներման ակտով նախատեսված սահմանափակումն անտեսելու հետևանքով, մասնավորապես այն, որ Տարոն Գալուստովը դատապարտված է եղել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածով, որի նկատմամբ համաներումը կիրառելի չէր, Համաներման ակտի կիրառմամբ դատապարտյալին ազատել է Երևանի քրեական դատարանի 08.07.2008թ. դատավճռով նշանակված պատժի կրումից:
Վերոգրյալի հիման վրա Խորհուրդը գտնում է, որ դատավոր Լ. Աթանյանի կողմից թույլ տրված օրինականության սկզբունքի խախտման արդյունքում, Համաներման ակտով նախատեսված ուղղակի արգելքի պայմաններում Դատարանը դատապարտյալ Տարոն Գալուստովի նկատմամբ կիրառել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011թ. որոշումը, որը կիրառելի չէր:
Հետևաբար, Խորհուրդը գտնում է, որ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Աթանյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է հանդիսանում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ Խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Աթանյանին հայտարարել խիստ նկատողություն` զուգորդված մեկ տարի ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ` Վ. Աբելյան Ռ. Բարսեղյան Կ. Բաղդասարյան Ա. Թումանյան Ա. Խաչատրյան Մ. Մակյան Հ. Փանոսյան Ս. Օհանյան