«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հունվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 05012011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
6 դեկտեմբերի 2011 թ. |
թիվ 337-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/10-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովել ներդրումային ֆոնդերի ներդրումների արդյունավետ տարատեսականացումը, հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 41-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը, 43-րդ հոդվածի 2-րդ մասը, 44-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ներդրումային ֆոնդերի ներդրումային սահմանափակումները» կանոնակարգ 10/10-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2011 թ. դեկտեմբերի 8 ք. Երևան |
Հավելված Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 337-Ն որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ 10/10
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Բ Ա Ժ Ի Ն 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 1
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն կանոնակարգը սահմանում է հրապարակային ֆոնդերի ներդրումների նկատմամբ սահմանափակումները:
2. Սույն կանոնակարգով սահմանված պահանջները չեն տարածվում որակավորված ներդրողների ֆոնդ համարվող ֆոնդերի, ինչպես նաև կենսաթոշակային ֆոնդերի վրա: Եթե ֆոնդն ունի ենթաֆոնդեր, ապա սույն կանոնակարգով նախատեսված սահմանափակումները կիրառվում են յուրաքանչյուր ենթաֆոնդի նկատմամբ առանձին, եթե այլ բան սահմանված չէ սույն կանոնակարգով:
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
3. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները.
1) ֆոնդ` ներդրումային ֆոնդ` ըստ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) կիրառվող նշանակության.
2) ապահովված պարտատոմսեր` «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան թողարկված ապահովված հիփոթեքային պարտատոմսեր, ինչպես նաև բանկերի կամ վարկային կազմակերպությունների (այդ թվում` օտարերկրյա) թողարկած պարտքային արժեթղթեր, որոնց տեղաբաշխումից ստացված միջոցները ներդրվում են այնպիսի ակտիվներում, որոնք`
ա. այդ պարտքային արժեթղթերի վավերության ողջ ժամանակահատվածի համար հանդիսանում են բավարար ապահովություն (ծածկույթ) դրանց գծով ամրագրված պարտավորությունների կատարման համար, և
բ. թողարկողի անվճարունակության կամ սնանկության դեպքում առաջնահերթորեն օգտագործվում են այդ պարտքային արժեթղթերի գծով դրանց սեփականատերերի հանդեպ պարտավորությունների կատարման (արժեթղթի մայր գումարի (անվանական արժեքի) և հաշվեգրված տոկոսների փոխհատուցման) համար:
4. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն Օրենքում, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակությունները:
5. Ստանդարտ ֆոնդերին վերաբերող դրույթների իմաստով արժեթղթերը ներառում են բացառապես «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «զ» ենթակետերով սահմանված արժեթղթերը:
Գ Լ ՈՒ Խ 3
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ
6. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված կարգավորվող շուկաները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի ««Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ը հաստատելու մասին» թիվ 68-Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ի (այսուհետ` Կանոնակարգ 4/04) Հավելված 3-ով սահմանված կարգավորվող շուկաներն են:
Գ Լ ՈՒ Խ 4
ԴՐԱՄԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
7. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված միջազգային կազմակերպությունը Կանոնակարգ 4/04-ի Հավելված 2-ով սահմանված ցանկում ընդգրկված միջազգային կազմակերպությունն է, իսկ օտարերկրյա պետությունը` Կանոնակարգ 4/04-ի Հավելված 1-ով սահմանված օտարերկրյա պետությունը:
8. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կազմակերպությունն այն կազմակերպությունն է, որը բավարարում է հետևյալ պահանջներից որևէ մեկին.
1) հանդիսանում է բանկ, ապահովագրական ընկերություն, ներդրումային ընկերություն, վարկային կազմակերպություն (բացառությամբ խնայողական և վարկային միությունների) կամ ֆոնդի կառավարիչ, կամ
2) ունի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) կողմից տրամադրված «Գ -» կամ ավելի բարձր վարկանիշ:
Գ Լ ՈՒ Խ 5
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖՈՆԴԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
9. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված օտարերկրյա ֆոնդը Եվրոպական պառլամենտի և Եվրոպական հանձնաժողովի 2009 թվականի հուլիսի 13-ի թիվ 2009/65/ԵՀ դիրեկտիվի համաձայն տվյալ դիրեկտիվի կարգավորման առարկա հանդիսացող` շրջանառելի արժեթղթերում կոլեկտիվ ներդրումների կազմակերպությունն է, ինչպես նաև այն օտարերկրյա ֆոնդը, որը բավարարում է հետևյալ բոլոր չափանիշներին`
1) հանդիսանում է բաց հրապարակային ֆոնդ և վերահսկվում է իր ստեղծման պետության ֆոնդերի (ֆոնդի կառավարիչների) գործունեությունը վերահսկող իրավասու պետական մարմնի կողմից,
2) ֆոնդի ակտիվների ներդրման թույլատրելի գործիքների առումով տվյալ ֆոնդի ներդրումային քաղաքականությունը, համաձայն իր կանոնների (կանոնադրության), համարժեք է ստանդարտ ֆոնդի ներդրումային քաղաքականությանը,
3) օրենքով, օտարերկրյա ֆոնդի գործունեությունը կարգավորող պետական մարմնի իրավական ակտերով կամ օտարերկրյա ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) տվյալ ֆոնդի համար սահմանված մեկ թողարկողի (այդ թվում` ֆոնդի) թողարկած արժեթղթերում ներդրումների կամ մեկ բանկում ներդրված ավանդի սահմանաչափերն ավելի մեղմ չեն, քան սույն կանոնակարգի 11-րդ, 15-րդ, 20-րդ, 24-րդ և 25-րդ կետերով նախատեսված սահմանաչափերը,
4) դրա կանոնների (կանոնադրության) համաձայն ֆոնդի հաշվին փոխառու միջոցների ներգրավման և տրամադրման, կարճ վաճառքի, ֆոնդի ակտիվների գրավադրման հետ կապված սահմանափակումներն ավելի մեղմ չեն, քան Օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով ստանդարտ ֆոնդերի համար նախատեսված սահմանափակումները,
5) դրա վերաբերյալ տեղեկատվությունը հաշվետվությունների միջոցով բացահայտվում է առնվազն կիսամյակային պարբերականությամբ:
Գ Լ ՈՒ Խ 6
ԱՅԼ ԻՐԱՑՎԵԼԻ ԱԿՏԻՎՆԵՐԸ
10. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված այլ իրացվելի ակտիվներն են`
1) կարգավորվող շուկայում առևտրին չթույլատրված օտարերկրյա պետության կամ այդ պետության կենտրոնական բանկի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից թողարկված արժեթղթերը, որոնց վարկանիշը ցածր չէ Ստանդարտ և Փուրզի «ԲԲԲ» խմբի` «ԲԲԲ», Մուդիզի «Բաա» խմբի` «Բաա3» կամ Ֆիթչի «ԲԲԲ» խմբի` «ԲԲԲ-» վարկանիշից,
2) բանկային հաշիվները: Ընդ որում, սույն կանոնակարգի իմաստով բանկում ներդրված ավանդները ներառում են նաև բանկային հաշիվներում ներդրված միջոցները:
Բ Ա Ժ Ի Ն 2
ՍՏԱՆԴԱՐՏ ՖՈՆԴԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 7
ՍՏԱՆԴԱՐՏ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՌԻՍԿԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
11. Ստանդարտ ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 10 տոկոսից ավելին չի կարող ներդրվել մեկ թողարկողի կողմից թողարկված արժեթղթերում, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով:
12. Մեկ թողարկողի կողմից թողարկված արժեթղթերում ներդրումներ կարող են կատարվել ստանդարտ ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի մինչև 25 տոկոսի չափով, եթե դրանք ապահովված պարտատոմսեր են:
13. Մեկ թողարկողի կողմից թողարկված արժեթղթերում ներդրումներ կարող են կատարվել ստանդարտ ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի մինչև 35 տոկոսի չափով, եթե դրանք թողարկված կամ երաշխավորված են Հայաստանի Հանրապետության, Կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության համայնքների, Կանոնակարգ 4/04-ի Հավելված 2-ով սահմանված ցանկում ընդգրկված միջազգային կազմակերպության կամ Կանոնակարգ 4/04-ի Հավելված 1-ով սահմանված օտարերկրյա պետության կամ այդ պետության կենտրոնական բանկի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից:
14. Ստանդարտ ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել մեկ թողարկողի կողմից թողարկված` սույն կանոնակարգի 13-րդ կետով սահմանված արժեթղթերում ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 35 տոկոսից ավելի չափով, եթե
1) ապահովված է ֆոնդի մասնակիցների շահերի բավարար պաշտպանությունը,
2) ֆոնդի կանոնները (կանոնադրությունը) և ազդագիրը նշում են այն թողարկողներին, որոնց թողարկած արժեթղթերում ֆոնդը ներդրումներ է կատարելու ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի
35 տոկոսից ավելի չափով,
3) ֆոնդի ակտիվները ներդրվում են տարբեր թողարկման արժեթղթերում, ընդ որում, դրանցից յուրաքանչյուրում ներդրումների արժեքը չի գերազանցում ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 30 տոկոսը:
15. Ստանդարտ ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 20 տոկոսից ավելին չի կարող ներդրվել որպես ավանդ մեկ բանկում:
16. Ստանդարտ ֆոնդի ակտիվները կարող են որպես ավանդ ներդրվել միայն այնպիսի օտարերկրյա բանկում, որն ունի առնվազն Ստանդարտ և Փուրզի «ԲԲԲ» խմբի` «ԲԲԲ», Մուդիզի «Բաա» խմբի` «Բաա3» կամ Ֆիթչի «ԲԲԲ» խմբի` «ԲԲԲ-» վարկանիշ:
17. Մեկ անձի հետ ածանցյալ գործիքով կնքված գործարքի կողմի հետ կապված ռիսկի ընդհանուր արժեքը չպետք է գերազանցի ստանդարտ ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 10 տոկոսը, եթե գործարքի կողմը բանկ է, և 5 տոկոսը, եթե գործարքի կողմն այլ կազմակերպություն է: Ընդ որում, ածանցյալ գործիքի (ներառյալ` կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված) առարկա կարող է հանդիսանալ միայն այնպիսի ակտիվը, որում ֆոնդը իր կանոնների (կանոնադրության) համաձայն կարող է ներդրում կատարել, ինչպես նաև բորսայական ինդեքսը, տոկոսադրույքը, արտարժույթը կամ արտարժույթի փոխարժեքը, բացառությամբ Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսված դեպքերի:
18. Ստանդարտ ֆոնդի ակտիվների` մեկ այլ ֆոնդի փայերում (բաժնետոմսերում) ներդրումների չափը չի կարող գերազանցել ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 20 տոկոսը: Ընդ որում, ենթաֆոնդերի առկայության դեպքում սույն կետով նախատեսված սահմանաչափը կիրառելիս յուրաքանչյուր ենթաֆոնդ դիտվում է որպես մեկ առանձին ֆոնդ:
19. Միևնույն կառավարչի կամ փոխկապակցված կառավարիչների կողմից կառավարվող ֆոնդերի փայերում (բաժնետոմսերում) ներդրումների չափը չի կարող գերազանցել ստանդարտ ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 30 տոկոսը:
20. Այլ ֆոնդերի փայերում (բաժնետոմսերում) ներդրումների ընդհանուր չափը չի կարող գերազանցել ստանդարտ ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 50 տոկոսը:
21. Միևնույն խմբին պատկանող կամ փոխկապակցված թողարկողների կողմից թողարկված սույն կանոնակարգի 12-րդ և 13-րդ կետերում նշված արժեթղթեր չհանդիսացող արժեթղթերում ներդրումների ընդհանուր արժեքը չպետք է գերազանցի ստանդարտ ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 20 տոկոսը:
22. Ստանդարտ ֆոնդի ակտիվներում ընդգրկված մեկ անձի կողմից թողարկված արժեթղթերի (բացառությամբ ապահովված պարտատոմսերի), տվյալ անձի մոտ ներդրված բանկային ավանդների և տվյալ անձի հետ կնքված ածանցյալ գործիքների հետ կապված ռիսկի ընդհանուր արժեքը չպետք է գերազանցի ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 20 տոկոսը:
23. Ստանդարտ ֆոնդի ակտիվներում ընդգրկված մեկ անձի կողմից թողարկված արժեթղթերի, այդ թվում` ապահովված պարտատոմսերի, տվյալ անձի մոտ ներդրված բանկային ավանդների և տվյալ անձի հետ կնքված ածանցյալ գործիքների հետ կապված ռիսկի ընդհանուր արժեքը չպետք է գերազանցի ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 35 տոկոսը:
24. Ստանդարտ ֆոնդի հաշվին չի կարող ձեռք բերվել որևէ թողարկողի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոսը:
25. Ստանդարտ ֆոնդի ակտիվները չեն կարող ներդրվել`
1) մեկ թողարկողի ձայնի իրավունք չտվող բաժնային արժեթղթերի ավելի քան 10 տոկոսում,
2) մեկ թողարկողի կողմից թողարկված պարտքային արժեթղթերի ավելի քան 60 տոկոսում,
3) այլ ֆոնդի փայերի կամ բաժնետոմսերի ավելի քան 25 տոկոսում:
26. Սույն կանոնակարգի 22-րդ, 23-րդ և 24-րդ կետերում նախատեսված սահմանափակումները չեն տարածվում սույն կանոնակարգի 13-րդ կետով սահմանված արժեթղթերում ներդրումների վրա:
Գ Լ ՈՒ Խ 8
ԴՐԱՄԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՖՈՆԴԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
27. Դրամական շուկայի ֆոնդերը բացի սույն կանոնակարգի 5-րդ գլխով նախատեսված սահմանափակումներից պետք է բավարարեն նաև սույն գլխով սահմանված պահանջներին:
28. Օտարերկրյա թողարկողների արժեթղթերում (բացառությամբ ներդրումային ֆոնդերի) դրամական շուկայի ֆոնդի ներդրումների արժեքը չպետք է գերազանցի դրամական շուկայի ֆոնդի ակտիվների 5 տոկոսը, եթե դրանք չունեն Ստանդարտ և Փուրզի «ԲԲԲ» խմբի` «ԲԲԲ», Մուդիզի «Բաա» խմբի` «Բաա3» կամ Ֆիթչի «ԲԲԲ» խմբի` «ԲԲԲ-» կամ ավելի բարձր վարկանիշ:
Բ Ա Ժ Ի Ն 3
ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՖՈՆԴԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 9
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՌԻՍԿԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
29. Մեկ գույքում ներդրումների արժեքը չպետք է գերազանցի անշարժ գույքի ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 20 տոկոսը: Սույն կետի իմաստով մեկ գույք է համարվում անշարժ գույքը, որի տնտեսական կենսունակությունը կապված է մեկ այլ անշարժ գույքի հետ: Միևնույն շենքում գտնվող բնակարանները (տարածքները) համարվում են մեկ գույք:
30. Օտարերկրյա գույքում ներդրումների արժեքը չպետք է գերազանցի անշարժ գույքի ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 50 տոկոսը:
31. Կիսակառույց գույքում ներդրումների արժեքը չպետք է գերազանցի անշարժ գույքի ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 40 տոկոսը:
32. Արդյունաբերական գույքում ներդրումների արժեքը չպետք է գերազանցի անշարժ գույքի ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 40 տոկոսը:
33. Գյուղատնտեսական նշանակության հողերում ներդրումների արժեքը չպետք է գերազանցի անշարժ գույքի ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 30 տոկոսը:
34. Անշարժ գույքի ֆոնդի հաշվին փոխառություններ կարող են ներգրավվել տվյալ ֆոնդի ակտիվների 20 տոկոսը չգերազանցող չափով, ընդ որում, այդ փոխառությունների ժամկետը չի կարող գերազանցել երկու տարին:
35. Անշարժ գույքի ֆոնդի (բացառությամբ փակ ֆոնդի) ակտիվների ընդհանուր արժեքի առնվազն 5 տոկոսը պետք է լինի բարձր իրացվելի ակտիվների տեսքով: Սույն կետի իմաստով բարձր իրացվելի ակտիվներ են համարվում`
1) դրամական միջոցները,
2) բանկային ցպահանջ ավանդները,
3) Հայաստանի Հանրապետության, Կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության համայնքների կողմից թողարկված կամ երաշխավորված արժեթղթերը, եթե դրանց մինչև մարումը ընկած ժամանակահատվածը չի գերազանցում երեք տարին,
4) Կենտրոնական բանկի կողմից «Գ -» և ավելի բարձր վարկանիշ ստացած կազմակերպությունների թողարկած պարտքային արժեթղթերը, որոնք թույլատրված են կարգավորվող շուկայում առևտրին,
5) օտարերկրյա պետության, այդ պետության կենտրոնական բանկի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ այլ թողարկողի թողարկած պարտքային արժեթղթերը, որոնց վարկանիշը ցածր չէ Ստանդարտ և Փուրզի «ԲԲԲ» խմբի` «ԲԲԲ», Մուդիզի «Բաա» խմբի` «Բաա3» կամ Ֆիթչի «ԲԲԲ» խմբի` «ԲԲԲ-» վարկանիշից:
36. Օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անշարժ գույքի հետ կապված արժեթղթերը պետք է ներառեն այն կազմակերպությունների արժեթղթերը, որոնց հիմնական գործունեությունը անշարժ գույքում ներդրումներն են կամ անշարժ գույքի կառավարումը, ներառյալ` անշարժ գույքի շինարարությունը, առուվաճառքը կամ վարձակալությունը:
37. Կարգավորվող շուկայում առևտրին չթույլատրված արժեթղթերում (բացառությամբ հրապարակային ֆոնդերի փայերի և բաժնետոմսերի) ներդրումների արժեքը չպետք է գերազանցի անշարժ գույքի ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 20 տոկոսը:
38. Սույն կանոնակարգի 11-25-րդ կետերով սահմանված դրույթները տարածվում են նաև անշարժ գույքի ֆոնդերի վրա:
Գ Լ ՈՒ Խ 10
ԱՅԼ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՖՈՆԴԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՌԻՍԿԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
39. Սույն կանոնակարգի 11-19-րդ և 21-25-րդ կետերով սահմանված դրույթները տարածվում են նաև ֆոնդերի ֆոնդի վրա:
40. Սույն կանոնակարգի 11-25-րդ կետերով սահմանված դրույթները տարածվում են նաև անշարժ գույքի ֆոնդ և ֆոնդերի ֆոնդ չհամարվող այլ մասնագիտացված ֆոնդերի վրա:
41. Անշարժ գույքի ֆոնդի հաշվին փոխառությունների ներգրավման նկատմամբ սույն կանոնակարգի 34-րդ կետով նախատեսված սահմանափակումները տարածվում են նաև անշարժ գույքի ֆոնդ չհամարվող այլ մասնագիտացված ֆոնդերի վրա:
Բ Ա Ժ Ի Ն 4
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻՑ ՇԵՂՈՒՄԸ
Գ Լ ՈՒ Խ 11
ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻՑ ՇԵՂՈՒՄՆԵՐԸ
42. Սույն կանոնակարգով նախատեսված սահմանափակումները (բացառությամբ սույն կանոնակարգի 34-րդ և 41-րդ կետերով նախատեսված սահմանափակումների) չեն տարածվում նոր ստեղծված ֆոնդերի վրա` ստեղծման պահից մեկ տարվա ընթացքում:
43. Եթե սույն կանոնակարգով նախատեսված սահմանաչափերից շեղումները առաջացել են ֆոնդի ակտիվներում ներառված արժեթղթերից բխող իրավունքների իրականացման արդյունքում կամ կառավարչի հսկողությունից դուրս գործոնների հետևանք են, ապա կառավարիչը պարտավոր է հնարավոր կարճ ժամկետում վերացնել դրանք` հաշվի առնելով ֆոնդի մասնակիցների լավագույն շահերը: